Միջազգային ԵՎ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
21 հնվ 2026 653

 

Մեդիամաքս գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը անդրադարձել է հունվարի 20-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում Ռուսաստանի մեր հայրենակիցների փոխանցած ահազանգի և մտահոգությունների հետքերով իմ կատարած գրառմանը։

Համառոտ հիշեցնեմ, որ այն վերաբերել է 1973 թվականի հոկտեմբերին ԽՍՀՄ գավաթը առաջին ու վերջին անգամ նվաճած Երևանի «Արարատ» լեգենդար ֆուտբոլային հավաքականի ու նրա ռմբարկու Նիկիտա Սիմոնյանին նվիրված խաղարկային ֆիլմին, որը նկարահանվել է Ռուսաստանում, պետական կարգավիճակ ունեցող հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Նախագծի հեղինակն ու իրականացնողը «Արմենիա պրոդակշն» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն, ծագումով հայ Վալերի Սահարյանն է։ Ֆիլմի ցուցադրությունը Ռուսաստանի կինոթատրոններում ծրագրված է հունվարի 29-ից, իսկ Հայաստանի կինոթատրոններում՝ փետրվարի 5-ից։ 

Մինչ ասելիքս շարադրելը, կանխավ ասեմ, որ ինքս ծնվել եմ 1973թնոյեմբերի 6-ին, «Արարատ»-ի կողմից նույն տարվա հոկտեմբերին ԽՍՀՄ գավաթը նվաճելուց փոքր ինչ անց ու այդ համահայկական տոնախմբությունների մթնոլորտում։ Մինչ իրենց մահկանացուն կնքելը ծնողներս ու հատկապես  մինչև կյանքի վերջին օրերը ֆուտբոլի ու այդ հաղթանակի աներևակայելի ֆանատ հայրս հպարտությամբ էր հիշում այդ տարին ոչ միայն իր 5-րդ՝ սպասված որդու ծննդյան, այլ նաև համազգային պաշտամունքի առարկա մեր հավաքականի մեծագույն հաղթանակի պատճառով։ Եվ իմ համար անասելի թանկ են ոչ միայն հորս հիշողություններն ու հիացմունքը, նույնքան և մեծ է իմ հպարտությունը այդ հաղթանակի կապակցությամբ։ Ավելին, թե՛ անցյալում, թե՛ այժմ համարել ու համարել եմ, որ կյանքի ամենատարբեր ոլորտներում՝ սպորտից մինչև ռազմաճակատ, սխրանք ու հերոսություն գործած հայորդիների ու հայուհիների մասին բազում-բազում կինոնկարներ ու անդրադարձեր պետք է լինեն։

Սրանով կանխեմ թեմայի հնարավոր մանիպուլյացիները, թե իբր ես և իմ նման մտածող մարդիկ դեմ ենք ֆուտբոլային լեգենդների մասին կինոնկարի արտադրությանը և ցուցադրությանը։ Անգամ որևէ խոսք էլ չէր լինի դրա արտադրության երկրի՝ Ռուսաստանի մասով, եթե օրեր առաջ դրա հետ կապված մեզ մտահոգություններ փոխանցած չլինեին այդ երկրում մեր հայության ներկայացուցիչները։ Եթե այդ ամենը ուղեկցված չլիներ Հայաստանի հանդեպ Ռուսաստանից պաշտոնապես հնչող սպառնալից հայտարարություններով, տարատեսակ անթաքույց մտահոգություններով առ այն, թե ինչո՞ւ է Հայաստանը դիմադրում հիբրիդային սպառնալիքներին ու դրա համար օգնություն խնդրում Եվրոպական միությունից։   

Անկեղծ՝ շնորհակալ եմ Արա Թադևոսյանին թեման հանրային բանավեճի դաշտ բերելու համար։ Դա ստացվել է պարոն Թադևոսյանի մոտ, իսկ, ա՛յ, “խոցել” Ռուսաստանի մեր հայրենակիցների մտահոգությունները կամ իմ գնահատողական դատողությունները՝ ոչ նրա մոտ դա չի ստացվել։ Եվ չէր էլ կարող։ Ոչ թե այն պատճառով, որ դրանք կամ մենք ճշմարտության վերին ատյանն ենք, այլ որովհետև պարոն Թադևոսյանի գնահատականներն ու հետևությունները զարմանալիորեն հիբրիդայնորեն համեմված են ճշմարտանման ստերով, կեղծիքով ու մանիպուլյացիայով։   

Իմ կատարած գրառումը չեմ վերլուծի ու վերստին հիմնավորի, քանի որ այն լայն տարածում է գտել ավելի քան 60,000 հետևորդների ու ընկերների շրջանում, ինչպես նաև՝ արտատպվել է մի շարք լրատվամիջոցների կողմից։ Ուղղակի դրա հղումը կտեղադրեմ ստորև։

Կարևոր ահազանգ եմ ստացել Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներից

Սակայն կանդրադառնամ պարոն Թադևոսյանի գնահատականներին։

Եվ այսպես, Արա Թադևոսյանը գրում է«Բայց խոսքն այսօր ոչ թե ֆիլմի, այլ այն մասին է, թե ինչպես են «հիբրիդային պատերազմում» «դիմադրության առաջամարտիկները» փոխարինում փաստերը ենթադրություններով (դրանք անանուն «աղբյուրներով» քողարկելով) հասարակության մեջ ահագնացող վտանգի տպավորություն ստեղծելու համար»:

Ուշադրություն դարձնենք, որ պարոն Թադևոսյանը չակերտների մեջ վերցնելով «հիբրիդային պատերազմ» բառակապակցությունը, ինքն էլ մեր որոշ հայտնի հայրենակիցների կամ նույն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նման կասկածում է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարվում։ Նման պնդում չէի անի և կհամարեի, որ պարոն Թադևոսյանը ուղղակի այն չակերտների մեջ է վերցրել սոսկ որպես հասկացություն, եթե նույն նախադասության մեջ հեգնական իմաստային ծանրաբեռնվածությամբ նույն կերպ չակերտների մեջ առած չլիներ «դիմադրության առաջամարտիկներ»-ին՝ ինձ և այլոց անուղղակի դասելով իբրև թե հողմաղացների դեմ կռիվ տվող այդ բանակին, և կասկածի տակ դրած չլիներ իմ գրառման համար հիմք հանդիսացած «աղբյուրները»՝ իմ «քողարկած» ռուսաստանահայ հայրենակիցներին։

Եթե պարոն Թադևոսյանը բանավեճ ունի այն թեմայով՝ թե արդյո՞ք Հայաստանի դեմ վարվում է հիբրիդային պատերազմ, թե՞ ոչ, լավագույն առաջարկս է “ձեռնոց նետել” առաջին հերթին ՀՀ Արտաքին հետախուզության ծառայությանը, որն արդեն երկրորդ տարին է հրապարակում է հանգամանալից ու մանրակրկիտ զեկույց հիբրիդային վտանգների, դրանց թիրախների մասին։ Ի դեպ, ճակատագրի հեգնանքով, 2-րդ փայլուն զեկույցը հրապարակվել է հենց երեկ՝ հունվարի 20-ին, ասել է թե՝ իմ կատարած գրառման օրն, ու մեր իշխանության այդ լիազոր մարմինն էլ զուգադիպությամբ խոսել է դրանց մասին։ 

Ահավասիկ, հենց հրապարակված զեկույցի 6-րդ էջում՝ «Զեկույցի հիմնական հետևությունները» վերտառությամբ 2-րդ մասի «Հայաստանի հիբրիդային սպառնալիքները 2026 թվականին» խորագրի ներքո, բառացիորեն ամփոփված է հետևյալը

● «2026 թվականի ընտրություններով պայմանավորված՝ Հայաստանի դեմ արտաքին տարբեր դերակատարների կողմից իրականացվող ազդեցության գործողությունները, մեծ հավանականությամբ, կդառնան ավելի ընդգրկուն, բարդ և մասշտաբային։ 

Հավանական է կեղծ, խեղաթյուրված կամ համատեքստից կտրված տեղեկատվության օգտագործմամբ տեղեկատվական վնասարար գործողությունների, վնասակար կիբեռ գործողությունների իրականացումը, ինչպես նաև «գետնի վրա» գործակալական ցանցի ակտիվացումը, իբրև թե «տեղական» քաղաքական ակտիվության գեներացումը, երիտասարդության և ակտիվիստական խմբերին թիրախավորող, վերջիններիս քաղաքական հայացքներն ու հայրենասիրական զգացմունքները շահագործող և մանիպուլացնող ծրագրերի կազմակերպումը։»

Մինչ ես, Ռուսաստանում իմ կողմից «թաքցվող աղբյուրները» և այլոք միայն այսօր կընթերցեինք զեկույցի այդ հայտնաբերումները, որոնք վերաբերում են հանրության ակտիվ խմբերի մոտ «հայրենասիրական զգացմունքները շահագործելուն և մանիպուլացնելուն», դրանից անկախ ռուսաստանահայ մեր հայրենակիցներն էլ օրեր առաջ էին ինձ փոխանցել իրենց մտահոգությունները՝ ֆիլմը, կարծես թե, նպատակ ունի ոչ միայն կարոտաբաղձություն առաջացնել ու արթնացնել ԽՍՀՄ հանդեպ ու դրա օրոք ինտերնացիոնալ կացութաձևի պայմաններում մեր լեգենդար հավաքականի՝ Արարատ 73-ի տարած հաղթանակների միջոցով, այլ նաև ապագայում Ռուսաստանի հետ ու նրա կազմում մի նոր միութենական պետություն ստեղծելու հանդեպ․․․

Դեռ լավ է, որ, կարծեք թե պարոն Թադևոսյանը տեղյակ չի եղել իմ գրառման մեջ «թաքցվող աղբյուրների»՝ մեր հայրենակիցների մտահոգությունների ու Արտաքին հետախուզության ծառայության հրապարակած զեկույցի հետևությունների համընկնման մասին, այլապես ոչ միայն ինձ կմեղադրեր «Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանի թելը թելելու մեջ», այլ մեր հայրենակիցներին էլ կմեղադրեր Արտաքին հետախուզության ծառայության զեկույցի «թելը թելելու» մեջ»։

Այն, որ հարգարժան Արա Թադևոսյանը կասկածում է, ըստ Զեկույցի, Հայաստանի Հանրապետության դեմ 2026թ «ավելի ընդգրկուն, բարդ և մասշտաբային» գնահատված հիբրիդային սպառնալիքների և Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմի գոյությանը, ինչպես որ դրան կասկածում է նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ սրտնեղելով այդ վտանգներին դիմակայելու հարցում Եվրոպական Միության սպասվող աջակցությունից, վկայում է հեղինակի կողմից հաջորդիվ գրված մեկ այլ միտք։ Արա Թադևոսյանը շարունակում է

«Սպասվող «Հիբրիդային նոր հարձակումը» ներկայացվում է որպես անխուսափելի փաստ, սակայն հեղինակը որեւէ ապացույց չի բերում»։

Կրկին նկատում ենք, որ «անապացույց» «Հիբրիդային նոր հարձակումը» վերցված է չակերտների մեջ, ավելին՝ հռչակվել է մերկապարանոց ու հորինված։

Ավելին՝ Արա Թադևոսյանը ցավով արձանագրել է՝ «Ցավոք, պարոն Սաֆարյանի ստույգ աղբյուրներն իրեն անստույգ տեղեկություն են փոխանցել՝ ֆիլմն իրականում խաղարկային է», և ապա հեգնել՝ «Ցավալի է, իհարկե, որ նման տեղեկացվածության մակարդակ ունեցող «աղբյուրները» չեն հստակեցրել՝ «Արարատ-73»-ի միջոցով Հայաստանը «գրոհելու» հրամանը նախագահ Վլադիմիր Պուտինն է տվել, թե՞ վարչապետ Միխայիլ Միշուստինը»։

Թերևս այստեղ միակ ճշմարտությունը այն է, որ ֆիլմը խաղարկային է, ոչ թե վավերագրական, ինչը, խոստովանեմ՝ իմ տպավորությունն ու վրիպումն է եղել։ Բայց, միևնույնն է, ֆիլմի ձևաչափը  ոչինչ չի փոխում այն մտահոգություններում, որոնք ունեցել կամ ունեն մեր հայրենակիցները և ես։

Լրագրության դաշտում տասնամյակներ գործած և մեծ լսարան վաստակած Մեդիամաքսի տնօրենը հրաշալի գիտի, որ այդ բնագավառում ինչ-ինչ հանգամանքներից դրդված իրենք էլ չեն բացահայտվում տեղեկատվության իրենց աղբյուրները, ինչպես որ ես չեմ արել ու չեմ պատրաստվում անել, անկախ պարոն Թադևոսյանի հետաքրքրասիրությանը։ Այդ հետաքրքրասիրությունը մասամբ կարող եմ բավարարել նրանով, որ իմ աղբյուրները այնքան տեղեկացվածության մակարդակ են ունեցել, որ տիրապետում են խաղարկային ֆիմի սյուժեի որոշ նրբությունների, որոնք անհնար էր իմանալ ֆիլմի թրեյլերից (գովազդային հոլովակից)։ Իմ աղբյուրների մակարդակը, ցավոք թե բարեբախտաբար, «չի ձգում» նաև մինչև նախագահ Վլադիմիր Պուտինի կամ վարչապետ Միխայիլ Միշուստինի մակարդակը։ Բայց մեր աղբյուրների մակարդակը բավարար է եղել պարզելու և տեղեկություն ստանալու համար, որ այն ֆինանսավորվել է ռուսական պետական հիմնադրամից։ 

Պարոն Թադևոսյանը, իր տեսանկյունից» երկրորդ «վրիպումն է» բռնացրել գրության մեջ ու հավելյալ պարզաբանել, որ ««Ռուսաստանի Դաշնության պետական ֆոնդ» կառույց գոյություն չունի: ՌԴ-ում կա «Պետական ոչ բյուջետային հիմնադրամ» կոչվող կառույց: Դրա միջոցները ձեւավորվում են դաշնային բյուջեից եւ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների բյուջեներից դուրս, իսկ նպատակը քաղաքացիների կենսաթոշակային ապահովության, սոցիալական ապահովագրության, առողջության պահպանության եւ բժշկական օգնության իրավունքների ապահովումն է»: 

Թե ի՞նչ է փոխում այդ փոքրիկ հստակեցումը իմ գրածում, տակավին անհայտ է, քանի որ պարոն Արա Թադևոսյանն ինքն էլ հաստատում է, որ այն «պետական ոչ բյուջետային հիմնադրամ» է, այսինքն՝ այդ հիմնադրամի միջոցները չեն գոյանում պետական բյուջեից ու դրա հատկացումներից, բայց, միևնույնն է, այն ՊԵՏԱԿԱՆ է, այսինքն, խաղարկային կինոնկարի սյուժետային գիծը և բուն կինոնկարը պետական քարոզչական քաղաքականության գծի ծիրին մեջ են։ Մնում է հասկանալ, որ եթե կինոնկարն իսկապես ֆինանսավորվել է Արա Թադևոսյանի ասած հիմնադրամից (դրա մասին կարող է վկայել նախագծի հեղինակը), ինչպես հասկանում ենք պարոն Թադևոսյանի ակնարկից ու պարզաբանումից, ապա ինչպե՞ս է այն տեղավորվել «ՌԴ քաղաքացիների կենսաթոշակային ապահովության, սոցիալական ապահովագրության, առողջության պահպանության և բժշկական օգնության իրավունքների ապահովման» նպատակների մեջ։

Արա Թադևոսյանը ինձ խորհուրդ է տվել«Պարոն Սաֆարյանին առաջարկում եմ հաջորդ անգամ ավելի ընդհանրական ձեւակերպումներ օգտագործել՝ անհարմար վիճակում չհայտնվելու համար: Օրինակ, կարելի է գրել, «գաղտնի ֆոնդերից», «սեւ դրամարկղից» եւ այլն»:

Հակիրճ պատասխանեմհարգարժան պարոն Թադևոսյան, իրականում դուք ավելի շատ հստակեցրեցիք այն պետական հիմնադրամի մասին տեղեկատվությունը, որից կարծեք թե ֆինանսավորվել է հեղինակը, ինչի համար շնորհակալ եմ։ Բայց հավելեմ՝ ի հակառակ ձեր կանխատեսման և ի հակառակ Ձեզ՝ հայտնվել եմ նախանձելի հարմար վիճակում, որովհետև նախ Դուք ինքներդ եք հաստատել գրության մեջ մեր հայրենակիցների հայտնած տեղեկությունը, այն է՝ ֆիլմի՝ պետական հիմնադրամից ֆինանսավորվելու մասին, ապա՝ այդ հիմնադրամի այնպիսի արտառոց կանոնադրական նպատակներ եք թվարկել, որ նախագծի հեղինակը՝ Վալերի Սահարյանը հարկադրված է նաև պատասխանել դրանից բխող մյուս հարցերին։ 

 

«Ничего не знаю, но не верю Стёпе Сафаряну, а Сергею Лаврову верю?»

Միայն այն, որ նման կինոնկար ստեղծվել է Ռուսաստանում պետական կարգավիճակ ունեցող որևէ հիմնադրամի ֆինանսավորմամբ, ինքնին տրամաբանական հարցեր է առաջացնումԽորհրդային Հայաստանի լեգենդար հավաքականը հաղթել է միայն մեկ անգամ՝ 1973թ։ Դրանից հետո ու առաջ բազում այլ հավաքականներ են դարձել ԽՍՀՄ առաջնության չեմպիոն։ Ահավասիկ՝ «հայկական թիմից առաջ միայն հինգ ակումբի էր հաջողվել նման մեծ հաջողության հասնել՝ Մոսկվայի «Սպարտակին», «Դինամոյին», «Տորպեդոյին», ԲԿՄԱ-ին և Կիևի «Դինամոյին»։ Այդ դեպքում՝ արդյո՞ք Ռուսաստանի պետական ոչ բյուջետային ու բյուջետային հիմնադրամները անցյալում հետաքրքրված են եղել այդ բոլոր հավաքականների հաղթանակի ու դրա ռմբարկուների փառաբանմամբ, դրա մասին կինոնկարներ ֆինանսավորելով։ Ի վերջո, 2026թ․-ը անգամ այդ լեգենդար հաղթանակի հոբելյանական տարին էլ չէ՝ ընդամենը 53-րդ տարին է, բայց ոչ 55, 50 կամ 60։ Հետևաբար, միանգամայն տրամաբանական են դառնում հայության ու ընթերցողների շրջանում ծագող հարցադրումները խաղարկային ֆիլմի արտադրության հետապնդած ազնվագույն նպատակների առնչությամբ։

Ինչպես հունվարի 20-ի գրառման ներքո բազմաթիվ մեկնաբանություններ անակնկալ փաստեցին, նման քարոզչական ուղղվածություններ ու ընկալումներ մեր հայրենակիցները, ցավոք, տեսել, արձանագրել ու ստացել են 1988թՍպիտակի երկրաշարժին նվիրված մեկ այլ կինոնկարից։ Ինչպես նաև՝ բոլորս ենք հիշում Ղրիմի կամուրջի ու զարգացումների մասին կրկին պետական ֆինանսավորմամբ ռուսաստանահայ մեկ այլ ռեժիսյոր-քարոզիչի՝ Տիգրան Քեոսայանի, անուղղակիորեն նաև նրա տիկնոջ՝ Մարգարիտա Սիմոնյանի ներդրմամբ արտադրված մեկ այլ գերքարոզչական խաղարկային կինոնկարից։ Եվ այսպես շարունակ՝ բազում մարդիկ գրառման ներքո հիշեցնում ու հիշեցնում էին տարբեր դեպքեր։

Այնպես որ՝ պարոն Թադևոսյանը ստիպված է ընդունել մեր հայրենակիցների մտահոգությունները առնվազն «աչքը տեսածից է վախենում ու զգուշանում» տրամաբանությամբ, և առնվազն ի գիտություն ընդունել նրանց մտահոգությունները, ինչպես որ ես եմ ի գիտություն ընդունել, ու ավելին ասեմ՝ մի փոքր էլ հավատ ընծայել, որի պատճառով էլ որոշում եմ կայացրել իմ գրառամբ հանրայնացրել նրանց փոխանցած տեղեկությունները։ Պարոն Թադևոսյանը ստիպված է հաշտվել այդ ամենի հետ, եթե անգամ ես, իրեն հասկանալի պատճառներով ու կանոններով, չեմ բացահայտել ու չեմ բացահայտելու նրանց ինքնությունը։ Մնացածն իր խնդիրն է մտածել, թե «քողարկում» եմ, «թաքցնում» կամ «հորինում» եմ «քաջատեղյակ աղբյուրներին»։ Այս մասով ամեն մեկս մեր ասելիքն ասել ենք, և ընթերցողինն է վճիռը՝ ո՞ւմ և ինչի՞ն հավատալ։

Պարոն Թադևոսյանը նաև շարունակում է«Մի հարց է բաց մնում: Պարոն Սաֆարյանի «քաջատեղյակ աղբյուրները» ֆիլմը դիտե՞լ են: Եթե նման հնարավորություն են ունեցել, ապա ինչո՞ւ բուն ֆիլմը իրեն էլ ցույց չեն տվել: Այլապես զավեշտալի է, որ պարոն Սաֆարյանն առաջնորդվում է ԽՍՀՄ տարիներից թևավոր դարձավ խոսքով. «Не читал, но осуждаю!»»

Իսկապես, ոչ թե մեկ, այլ բազում հարցեր բաց են մնում ես նույնպես ֆիլմը չեմ դիտել, իմ քաջատեղյակ աղբյուրներն այն ինձ ցույց չեն տվել, բայց ես, կրկնում եմ, ի գիտություն եմ ընդունում և հակադրվել չեմ կարող նրանց մտահոգություններին, ակնհայտ հասկանալով, որ ինչ-որ տեղից կամ եղանակով նրանք ավելին գիտեն, քան մենք։ Պարոն Արա Թադևոսյանն էլ արձագանքի ամենասկզբում խոստովանում է, որ « Ֆիլմը չի դիտել և, բնականաբար, որեւէ կարծիք հայտնել չի կարող: Տեսել  է ֆիլմի թրեյլերը (գովազդային հոլովակը), որը, անկեղծ ասած, չի տպավորել»։ Հիմա անպատասխան հարցը ինքս էլ լրացնեմ իմ կողմից ես գոնե կասկածի տակ չեմ դնում Հայաստանի դեմ հիբրիդային վտանգները, վարվող պատերազմը, ինչպես Արա Թադևոսյանը։ Ես չեմ դիտել ֆիլմը, բայց հայտարարում եմ, որ ի գիտություն եմ ընդունում մեր հայրենակիցների մտահոգությունը ու որոշակի հավատ ընծայում դրանց։ Այդ դեպքում ինչի՞ վրա են հենվում ֆիլմը չդիտած ու քաջատեղյակ աղբյուրների, հիբրիդային պատերազմի գոյությանը և դրանցից իմ արած հետևություններին չհավատացող Արա Թադևոսյանի դիտարկումները և արձագանքը։

Անհարմար բան է ստացվում՝ «Ничего не знаю, но не верю Стёпе Сафаряну, а Сергею Лаврову верю?»

Այ, այ, այ, այ, այ․․․․

Մինչ պարոն Թադևոսյանն իր անդրադարձում խոսում է «անհարմար վիճակի» մեջ ընկնելու, ասել է թե՝ իմ ռեպուտացիոն ռիսկերի մասին, դրանք այնքան վտանգավոր չեմ իմ համար՝ որպես հանրային գործիչ, որքան հանրությանը տեղեկություններ փոխանցող պարոն Թադևոսյանի ու յուր լրատվամիջոցի համար։ Ի վերջո՝ մենք՝ փորձագետներս կամ հանրային գործիչներս չենք հանրության շրջանում տեղեկությունների փոխանցման ավանդական գործիքը կամ դրա առաջնային լեգիտիմ ինստիտուտը, այլ՝ լրատվամիջոցները, խմբագիրներն ու լրագրողներն են։ Ասվածն, իհարկե, մեզ չի ազատում հանրությանը բարեխիղճ ու ստուգված տեղեկություններ փոխանցելու պատասխանատվությունից։ Քավ լիցի։ Բայց ռեպուտացիոն ռիսկերն ավելի մեծ են հենց չորրորդ իշխանության ներկայացուցիչների, քան մեր համար։    

Ափսոսում եմ, որ Արա Թադևոսյանի հետ այս հեռահար բավաճեւոմ մերկանում է նաև Հայաստանի լրատվական դաշտում «հիբրիդային պատերազմին» չհավատացող դերակատարների ողջ պատկերը։ Ի վերջո, Հայաստանը առաջին ու միակ երկիրը չէ, որի դեմ կիրառվում են հիբրիդային պատերազմներ, կամ միայն այժմ են դրանք կիրառվում։ 

Հատկապես 2012-ից ինքս Հայաստանի այն հետազոտողներից եմ, որն այդ կապակցությամբ մի քանի տասնյակ ծավալուն հետազոտություններ եմ հրապարակել՝ փաստերով ու դրսևորումներով ցույց տալով, թե

● ինչպե՞ս Հայաստանը ետ պահվեց ԵՄ հետ ասոցացման ու Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումից ու փոխարենը մտցվեց Եվրասիական տնտեսական միություն․ 

Ռուսական գահի բանագնացները Երեւանում-1, 27072012, «Հետք»

Ռուսական գահի բանագնացները Երեւանում -2, 30072012, «Հետք»

Ռուսական գահի բանագնացները Երեւանում-3, 02082012, «Հետք»

Ռուսական գահի բանագնացները Երևանում-4, 04082012, «Հետք»

Ռուսական գահի բանագնացները Երևանում-5, 07082012, «Հետք»

Յո՞ երթաս Երեւան «ճանապարհային քարտեզով», 09082012, «Հետք»

Վերապահումները հրամայական էին ԱՊՀ պայմանագրի ու ՀԱՊԿ արձանագրության համար, 14092012, «Հետք»

● ինչպես Բելառուսը հիբրիդային սպառնալիքներով ու շանտաժով դարձվեց ԵԱՏՄ անդամ․

ԲելառուսՄոսկվան որոշումներ է կորզում շանտաժով ու կոմպրոմատներով-1, 18112013, «Հետք»

Բելառուս. Մոսկվան որոշումներ է կորզում շանտաժով ու կոմպրոմատներով-2, 20112013, «Հետք»

● ինչպե՞ս Ռուսաստանին չհաջողվեց հիբրիդային պատերազմներով ու սպառնալիքներով ետ պահել Ուկրաինային Եվրաասոցացումից

Ուկրաինա. Մոսկվան որոշումներ է կորզում շանտաժով ու կոմպրոմատներով-3, 23112013, «Հետք»

Ուկրաինա. Մոսկվան որոշումներ է կորզում շանտաժով ու կոմպրոմատներով-4, 25112013, «Հետք»

Ուկրաինա. Մոսկվան որոշումներ է կորզում շանտաժով ու կոմպրոմատներով-5, 02122013, Հետք

Սա «Հետք» պարբերականի հետ մեր համագործակցության շրջանակներում իրականացված հետազոտությունների ընդամենը մի մասն է, երբ դեռևս չէի հիմնադրել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը։ Այդ ինստիտուտի հիմնադրումից հետո իմ գործընկերներ Ռուբեն Մեհրաբյանի, Դավիդ Ստեփանյանի կամ կրկին իմ կատարած հետազոտություններն այս թեմաներով, որ հրապարակել ենք 2015թ․-ից ի վեր, չեմ թվարկի վերոբերյալ շարքում․ դրանք մեր կայքում ու այն տպած ԶԼՄ-ներում տեղադրված են։ 

Պարոն Թադևոսյանին անգամ չեմ հիշեցնի 2025թսեպտեմբերի 22-23-ին Երևանում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Ռոզ Ռոթ սեմինարում այդ կառույցի գլխավոր քարտուղարի խնդրանքով իմ ներկայացրած ծավալուն հետազոտությունը Հայաստանի հանդեպ հիբրիդային սպառնալիքների թեմայով։ Այդ հետազոտությունը տարեվերջին հնարավորինս մանրակրկիտ ներկայացվեց նաև մեր հանրությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում, Պետրոս Ղազարյանի հեղինակային հաղորդման շրջանակներում։ Տեղադրեմ նաև այդ խիստ մասնագիտական հաղորդման հղումը։

Վերջապես, բառացիորեն 2 օր առաջ Առաջին լրատվականի տաղավարում Դավիթ Ստեփանյանի հեղինակային հաղորդման ընթացքում ենք երկուսով խոսել 2012թ-ից ի վեր Հայաստանի դեմ հարուցված հիբրիդային վտանգների ու պատերազմների մասին՝ վկայակոչելով վերոբերյալ հետազոտություններից շատերի հայտնաբերումները։

Պարոն Արա Թադևոսյանի իրավունք է եղել և մնում անցած ավելի քան տասնամյակում չկարդալ իմ հեղինակած հետազոտությունները, տված հարցազրույցները։ Բայց չէի ցանկանա, որ Արա Թադևոսյանը ոչ միայն իմ, այլ նաև դաշտում գործող իմ գործընկերների հարյուրավոր աշխատանքներից, Արտաքին հետախուզության ծառայության երկու համապարփակ զեկույցներից հետո հայտնվի ամոթալի վիճակում՝ կասկածի տակ դնելով մեր հանդեպ «հիբրիդային հարձակումների» գոյությունը։ Այն աստիճան, որ անդրադարձի վերջում գրի

««Զգուշության», իսկ իրականում գրաքննության կոչ անող պարոն Սաֆարյանը ֆիլմը չի դիտել, բայց իր 55 հազարանոց լսարանին փաստացի կոչ է անում բոյկոտել այն: Իսկ միգուցե՞ հենց դա է «հիբրիդային պատերազմ»-ի դրսեւորում: Վստահաբար, Ստյոպա Սաֆարյանն ասելու է (կամ արդեն ասել է), որ «Արարատ-73»-ի դեմ ոչինչ չունի: Բայց Հանրային խորհրդի նախկին նախագահը միտումնավոր կամ «անզգուշությամբ» իր ներդրումն է բերում դեսակրալիզացիայի այն արշավում, որը տարվում է «Իրական Հայաստան»-ի խարխուլ հիմքերը պահելու համար»:

Ի դեպ եթե ինձ և հանրության լայն շերտերին հայտնի է, թե գործող իշխանության Իրական Հայաստան հայեցակարգի որ բաղադրիչներին եմ համաձայն (շատ բաների համաձայն եմ), և որոնց՝ ոչ (եթե ոչ հենասյուների, ապա գոնե խնդիրների լուծման մասով), այդպես էլ հասկանալի չէ դառնում իմ գրառումը Արա Թադևոսյանի հիշատակած «արշավին» կապելու փաստական հիմքերը։ Նաև՝ եթե նա նույնիսկ չի արձանագրել որոշ հարցերում տարբերությունները իմ և իշխանությունների պատկերացումների միջև, խորհուրդ կտամ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից հետաքրվել տարբեր հանդիպումների ժամանակ իմ և պարոն Վարչապետի բանավեճերի, երբեմն սուր մտաքափոխանակության մասին, որոնց ականատես է եղել նա՝ լինելով Վարչապետ Փաշինյանի հատուկ հանձանարություններով դեսպանը։ Օրինակ, ես տեսնում եմ, որ գործող իշխանությունը որոշ տաբուներ է կոտրում, կարծրատիպեր ու պարադիգմաներ է փոխում, որի շուրջ բանավիճել ենք ՀՀ վարչապետի հետ, բայց, հանուն արդարության, Ձեզանից եմ լսում, որ իշխանությունը  ինչ-որ սրբությունների «դեսակրալիզացիայի» արշավ է տանում, և որ դրան նաև ես էլ մասնակից եմ․․․

Փաստորեն, պարոն Թադևոսյանը նույնիսկ չի հասկացել, թե մենք ինչն ենք քննարկում։ Մենք ոչ թե քննարկում են լեգենդար «Արարատ» ակումբի ու նրա ֆուտբոլիստների հաղթանակը, դրանք ազգին ու հանրությանը ներկայացնելու անհրաժեշտությունը, այլ թե ո՞վ և ինչպե՞ս է դա անում, ո՞վ և ինչպե՞ս է նրանց փառքի քողածածկույթի ու ինչ քարոզչական սոուսով է «փափուկ ուժ կիրառում» Հայաստանի դեմ՝ հասարակության մեջ ԽՍՀՄ նկատմամբ կարոտաբաղձություն, հանուն հաղթանակների մի նոր միութենական պետության մեջ մտնելու ու սեփական ինքնիշխանությունից գիտակցություն ձևավորելու նպատակով։

Հարգարժան պարոն Թադևոսյան։ Մի շեղեք հարցըոչ մեկ կասկածի տակ չի դրել ու դնում մեր լեգենդների մասին ֆիլմեր արտադրելու, ցուցադրելու կարևորությունը։ Ոչ մեկ չի փախչում մեր անցյալից ու դրանում մեր ազգի զավակների հաջողություններից ու հաղթանակներից։ Ավելին՝ ոչ մեկ չի դեսակրալիզացնում այդ ամենն ու մեր հաղթանակներն ու լեգենդները, որի մեջ հանիրավի մեղադրել եք ինձ կամ մտահոգություն փոխանցած իմ աղբյուրներին։

Ինչո՞ւ եք այդ դաշտ տարել, եթե ոչ մեկ դա չի քննարկել։ Ինչո՞ւ է ձեր նման իրազեկ ու քաջատեղյակ լրագրողը գիտակցված այդ դաշտ տարել քննարկումն ու հետևությունները․․․ Ի՞նչ շահ ունեք, մանավանդ որ ֆիլմը չեք դիտել և չեք կարող մեկնաբանել իմ բազում հետևությունները, նաև՝ հավատ չընծայելով քաջատեղյակներին, բայց ինձ կամ այլոց վերագրելով ոչ ռելեվանտ հետևություններ։

Ճի՞շտ ենք հասկանում, որ անցած տասնամյակներում ու այս ամենից միակ ոչ նեգատիվ,  համենայն դեպս մխիթարող Ձեր եզրակացությունն այն է (որով կարող եմ ես էլ ավարտել սույն արձագանքը) դա այն է, որ չհավատալով Ռուսաստանի կամ այլ երկրների կողմից մեր դեմ վարվող հիբրիդային պատերազմին, իմ գրառումից հասկացել եք, որ այդ հիբրիդային պատերազմը Հայաստանի դեմ վարում է Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ լրացնելով օրվա իշխանությունների սանձազերծած արշավը․․․

Այ, սա, հիրավի, ամոթալի ու խայտառակ եզրահանգում է։     

 

Հետգրության փոխարեն

Եվ քանի որ երեկ իմ գրառմանը արձագանքել էր նաև նախագծի բուն հեղինակը՝ Վալերի Սահարյանը, առանց մեկնաբանության տեղադրում եմ թե՛ նրա մեկնաբանությունը, թե՛ դրան իմ պատասխանը։

Valeriy Saharyan

Во-первых, сразу обозначу принципиальный момент: я сознательно пишу этот текст на русском языке. И делаю это не из привычки и не из лени, а из уважения к эпохе, о которой снят наш фильм. Русский язык был языком наших отцов и дедов — людей советского поколения, которые при всей любви и почитании великого Месропа Маштоца не считали постыдным говорить по-русски, читать русскую литературу и слушать русскую музыку.

И это напрямую связано с темой картины. Наш фильм — о 70-х годах, о той самой эпохе, когда Никита Симонян, приехавший в Армению и не владевший армянским языком, общался с командой на русском. В той команде было множество армян со всего мира, были ребята из Баку, России, Греции и русский язык был для них общим. И никто не видел в этом ничего зазорного. Как не вижу в этом ничего зазорного и я. Точка.

Во-вторых, хочу искренне поблагодарить господина Сафаряна за неожиданную и, что особенно приятно, бесплатную рекламную кампанию нашего фильма. Он не просто написал пост — он опубликовал постер с подсвеченной датой премьеры. Отдельное спасибо. Обычно за такую рекламу платят деньги, а тут — подарок судьбы. Уверен, что значительная часть его аудитории узнала о дате релиза именно благодаря этому посту.

А теперь — главное.

Господин Сафарян, предлагаю вам пари. Я готов лично купить вам билет в кинотеатр на сеанс «Арарата-73». Подчеркну: приглашать вас я бы не стал — лжецов и негодяев я, как правило, никуда не зову. Но потратить полторы тысячи драмов на билет — могу себе позволить.

Вы приходите в кинотеатр и смотрите фильм.

А после выхода я предлагаю вам сделать следующее:

опубликовать пост, в котором вы чётко укажете, на какой минуте — на восьмой, пятнадцатой, двадцатой — вы увидели ту самую пропаганду, о которой вы так уверенно пишете. Умение высасывать сенсации из пальца у вас, судя по содержимому вашей страницы, отработано хорошо. В обычной жизни вам это удаётся.

Но в случае с нашим фильмом — не получится.

Потому что всё, что вы написали, — это откровенная и сознательная ложь. Наша картина посвящена легендарной команде «Арарат» и её исторической победе в 1973 году — и только этому.

Более того, к вашему, возможно, удивлению (а возможно, вы это знали, но сознательно солгали):

за 105 минут экранного времени — а хронометраж фильма именно 105 минут — вы не увидите ни одного «плохого украинца».

Вы утверждали, что у вас есть «достоверные источники», говорящие об обратном. Так вот — источники вас подвели. В фильме нет плохих украинцев. Нет плохих грузин. Нет плохих армян. Нет плохих русских.

Это фильм о времени, когда во главе угла стояли человеческие отношения, порядочность, слово и честь. О том, что сегодня, к сожалению, растворяется с пугающей скоростью.

Итак, я бросаю вам вызов.

Я покупаю билет. Вы смотрите фильм.

Если после просмотра у вас хватит смелости быть честным и публично признать правду о том, что вы увидели, — я готов извиниться за слова, сказанные в начале этого текста.

Если же вы предпочтёте молчание — что ж, это тоже будет ответом. И ответом весьма красноречивым.

На этом заканчиваю.

А всех читателей страницы господина Сафаряна и всех, кому небезразлична история армянского спорта, пользуясь случаем, приглашаю в кинотеатры посмотреть фильм, посвящённый легендарному Никите Симоняну и легендарной команде «Арарат», которая в 1973 году подарила невероятные эмоции всему армянскому народу — независимо от того, где люди жили: в Армении, России, на Западе, в или где бы то ни было ещё.

С прошедшими праздниками.

Спасибо.

 

Styopa Safaryan

1 Պարոն Սահարյան, ձեր ոգով ես պատասխանը կգրեմ միայն հայերեն՝ հերքելով ձեր իսկ կեղծ պնդումը, թե մեր պապերը խոսել են ռուսերեն, և կանխելու համար ձեր հնարավոր հակադարձումը, թե ռուսերեն խոսել են ԽՍՀՄ օրոք, կրկնեմ՝ իմ պապերից ոչ մեկ չի խոսել ռուսերեն, ինչպես և խորհրդային շրջանի ծնունդ իմ ծնողները։ Եվ ոչ միայն նրանք։ Իմ մեծ գերդաստանում ոչ մեկ չի խոսել ռուսերեն կամ այլ լեզվով ոչ խորհրդային, ոչ նախախորհրդային շրջանում։ Միայն ՀԱՅԵՐԵՆ։

2 Հայաստանում ու նրանից դուրս իմ արժեքը գնահատողները շատ լավ գիտեն, որ դա ոչ թե իմ հասակն է, գեղեցիկ աչքերը, այլ ռենտգենի նման գործընթացները խորազննող հայացքն ու վերլուծական կարողությունները, որոնց կիրառումը ձեր արձագանքի հանդեպ ինձ միանշանակ բերեց այն եզրակացության, որ դուք հաղորդակցական տեխնոլոգիաներին արտակարգ տիրապետող անձ եք, որ կարող եք նախադասությունն այնպես գրեք, որ այն վիրավորանք լինի, բայց նաև կռուտիտի տեղ լինի, որ դա այդպես չեք ասել բռավո, իսկապես օժտված մարդ եք, և ուրախ եմ ու չենք քննարկելու ձեր այս նախադասությունը՝ "приглашать вас я бы не стал — лжецов и негодяев я, как правило, никуда не зову. Но потратить полторы тысячи драмов на билет — могу себе позволить." Համարենք, որ այն վիրավորելու համար չեք գրել և ինձ հնարամտորեն "դուրս եք դրել ստախոսների ու անպետքների" շրջանակից, քանի որ պատրաստ եք "ձեզ թույլ տալ իմ համար գնել 1500 դրաանոց տոմս կինոդիտման համար"։ Շնորհակալություն հայտեմ ձեր ռուսական մեխահոգության (ենթադրում եմ՝ որ ձեր միջավայրից ձեզ է փոխանցվել ռուսական շեդրայա դուշան) ու առատաձեռնության համար։ Ես կասկածներ հարուցած ֆիլմերը նախընտրում եմ դիտել այլ ֆորմատով ու դրա հնարավորությունը կունենամ։ Չկասկածեք։

3 Ես վճարովի կամ անվճար գովազդային ծառայություններ չեմ մատուցել երբեք ու դժվար թե մատուցեմ։ Ուրախ եմ, որ գրառումը ձեր սրտով է, որ այն ուշադրություն է հրավիրել ծրագրված կինոդիտման վրա։

4 Ձեր հաղորդակցական նուրբ հմտությունների ճանաչումն ինձ ավելի է հարկադրում շատ ավելի ուշադիր դիտել կինոնակարը ու հասկանալ դրա բոլոր ուղիղ և անուղղակի ուղերձները։ Մեկի մասին անգամ դուք մատնեցիք մեր լեգենդ Նիկիտա Սիմոնյանի ռուսախոսության մեծագույն նշանակությունը, երբ նա եկել է հավաքական ու բոլորի հետ շփվել ռուսերենով, ասել է թե՝ տարածել "լուսավորչության ու հաղթանակի լեզուն"։ Շնորհակալություն, որ դա մատնեցիք, այլապես ուզում էի հասկանալ՝ եթե ֆիլմը նկարահանվել է հայերի ու նրա ֆուտբոլային լեգենդների փառաբանման նպատակով, ինչո՞ւ է նաև ֆիլմի լեզուն ռուսերեն ու այն ո՞ր լսարանի համար է՝ Ռուսաստանում ապրող հայերի՞, որոնց մեջ են նաև տարբեր քաղաքներում ապրող իմ ոչ հարազատ քույրերն ու եղբայրները, որոնք հրաշալի տիրապետում են հայերն լեզվին, թե՞ Հայաստանի հասարակության համար, որոնց պետական լեզուն հայերենն է։ Փորձենք այդ հարցի պատասանը ստանալ կինոդիտումից։

5 Ես գրազ չեմ գալիս, բայց իմացեք մի բան վստահաբար այն ինչին հանդիպի իմ աչքը կինոդիտումից՝ դրա մասին գրելու եմ, անկախ նրանից՝ դրանք հաստատո՞ւմ են Ռուսաստանից ստացված մտահոգությունները, թե՞ փարատում են դրանք Սա իմ սկզբունք է եղել մշտապես։

6 Կսպասեմ նաև այլ փաստերի, թե ինչո՞վ է այս ֆիլմը արժանացել Ռուսաստանում պետական ֆոնդի մակարդակով ֆինանսավորման։ Կդիտենք ամենայն մանրամասնությամբ, ու ինչպես որ ես չեմ կասկածում Ձեր օժտվածության վրա, որը գնահատվել է նաև Ռուսաստանի իշխանությունների կողմից, այնպես էլ չկասկածեք իմ դիտարկման, ենթատեքստեր, դիսկուրսներ, նառատիվներ վերլուծելու կարողությունների վրա։

Մինչ հաջորդ հանդիպում համացանցում

Ստյոպա Սաֆարյան

Փորձագետ (ներ)

Ստյոպա Սաֆարյան