Միջազգային ԵՎ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
23 մրտ 2025 976


Մի ժամկետ կա, որը ինքս պարբերաբար հիշեցնում եմ տարբեր ժամանակների իմ գրառումներում ու հարցազրույցներումդա 2025թ մայիսի 9-ն է, որը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ այն վերջնաժամկետն է, երբ կողմերը կարող են միմյանց ու Ռուսաստանին ծանուցել կամ հայտարարել Արցախում "ռուս խաղաղապահների" ժամկետը չերկարաձգելու մասին։ Եթե կողմերից մեկը դա անում է նոյեմբերի 10-ից 6 ամիս առաջ՝ մինչև մայիսի 9-ը, ապա ռուս խաղաղապահները պետք է դուրս բերվեին տարածաշրջանից։ Իսկ եթե որևէ նման ծանուցում կամ հայտարարութուն չկա այդ կապակցությամբ, ապա "ռուս խաղաղապահների" տեղակայման ժամկետը ավտոմատ երկարաձգվում էր ևս 5 տարով։

Հայտարարության 3-րդ և 4-րդ կետերում բառացիորեն գրված է

3. Արցախի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը (1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա)։

4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը ծավալվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հերթական 5-ամյա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին։


Ինչո՞ւ է կարևոր այս դետալը, մանավանդ որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից ոչ մի կետ չի գործում։ Եթե Հայաստանը կամ Ադրբեջանը մինչև մայիսի 9-ը դա չանեն, ստացվում է, որ ավտոմատ երկարաձգված է "ռուս խաղաղապահների" մանդատը Արցախի տարածքում, որքան էլ նրանք գործարքով ու հայերի հանդեպ վերջին դավաճանությամբ տարածաշրջանը լքեցին, իսկ արցախահայությունն էլ հայրենազրկման ենթարկվեց նրանց "աչքի առաջ"․․․

Ադրբեջանը նաև սրա պատճառով է հասկանում, որ մի կողմից օդում առկախված է Մինսկի խմբի հարցը, որը կոնֆլիկտի միջազգայնացվածությունը թողնում է ԵԱՀԿգործող” որոշումներում, մյուս կողմից էլ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունն է "օդում" կախված, քանի որ հայկական շահերի դեմ ուղղված Պուտին-Էրդողան-Ալիև գաղտնի գործարքը "թղթով" չէ ու այն չի չեղարկում նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Դրա համար էլ ապշերոնյան բռնապետը մերթ Ռուսաստանի հետ, մերթ Արևմուտքի հետ փորձում է սակարկման առարկա դարձնել Մինսկի խմբի լուծարման հարցը։

Ռուսաստանը անցած տարեվերջին՝ ադրբեջանական ինքաթիռի խոցման նախօրեին դրականորեն արձագանքեց Մինսկի խումբը փակելուն, երբ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, թե քանի որ արևմտյան համանախագահները խմբի շրջանակներում չեն համագործակցում Ռուսաստանի հետ, ապա իրենք գտնում են, որ խումբը պետք է փակվի՝ եթե Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ դիմեն այդ խնդրով։

Նրանց վերջին համագործակցությունը եղել էր 2023թսեպտեմբերի սկզբին, երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ հրատապ հավաք էր նախաձեռնվել Ստամբուլում, որտեղ ներկա էին գտնվել և ԱՄՆ բանակցորդ Բոնոն, և ԵՄ խորհրդի նախագահի Հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչ ՏԿլարը, և Ռուսաստանի բանակցորդ Խովաևը։ Ու այդ հանդիպմանը “հավաստիացում էր տրվել”, թե Ադրբեջանը ուժ չի կիրառի Արցախի դեմ․․․

Բայց դա Բայդենի վարչակազմի օրոք էր, երբ ԱՄՆ կատեգորիկ մերժում էր Ռուսաստանի ներգրավումը որևէ գլոբալ խնդրի լուծման գործում, հակառակը՝ նրան լուսանցք էին մղում։ Թրամփի վարչակազմի դեպքում կարծես թե հնարավոր է սպասել Ռուսաստանի դիրքորոշման մեջ փոփոխություն՝ չնայած Ադրբեջանի հետ իրականացվող տերածաշրջանային մեգածրագրերին և ռազմավարական բնույթի բազում համատեղ շահերին։

Չենք կարող միարժեք պնդել, բայց մի նրբերանգային փոփոխություն է նկատվում Ռուսաստանի դիրքորոշումներում։ 2023թ սեպտեմբերյան աղետից հետո Ռուսաստանը շեշտված խոսում էր Նոյեմբերի 9-ի հայտարարության միայն 9-րդ կետի գործելու մասին, իսկ օրեր առաջ Մարիա Զախարովան հայտարարեց Ռուսաստանի գլխավորությամբ ստորագրված երեք փաստաթղթերի (2020թ հրադադար, 2021թ ապաշրջափակում և 2022թ դեմարկացիա-դելիմիտացիա) բոլոր պայմանավորվածությունների գործելու ու դրան վերադառնալու մասին․․․

Արդյո՞ք երեք հայտարարությունների "բոլոր պայմանավորվածությունները" հիշելը արտացոլում է Թրամփի վարչակազմի հետհամատեղ ու գլոբալ խաղալու" ռկրեմլյան հույսերը, թե՞ ենթադրում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին "փաթեթային" մասնակցելու դիրքավորում, մանավանդ որ արևմտյան ու ամերիկյան ներգրավվածությունը դրանում աչքի է զարնում, թե՞ այլ բան, ինքս այս հարցի պատասխանը չունեմ։

Փաստ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միջազգային խաղացողների վրա Մինսկի խմբի լուծարումն ուզում են վաճառել հարմար գնով։ Ադրբեջանը ցանկանում է իսպառ ազատվել "հակամարտությունը լուծված չէ" ձևակերպումից, որը նրան ցանկացած երկիր կարող է հիշեցնել, եթե ցանկանան տրորել Ալիևի քիթն ու կոշտուկը, ու այդ դրա համար էլ վերջինս խաղաղության պայմանագրի ստորագրման գին է պահանջում։ Հայաստանն էլ ցանկանում է՝ որքան հնարավոր է արագ ստանալ "խաղաղության պայմանագրի" տակ Ալիևի ստորագրությունը ու "պատրաստակամություն" է հայտնում համաձայնել դրան, եթե միջազգային խաղացողները մեծացնեն ճնշումները Ալիևի վրա։

Բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ հարցազրույցում արված մի ձևակերպում մեկ այլ բան մտածելու տեղիք նույնպես տալիս է։ Նա խոսում է Մինկսի խմբի լուծարման քննարկումը բացելու մասին, ինչը դեռևս համաձայնություն չէ։ Վարչապետի խոսքում շանտաժի էլեմենտ էլ կա, որ Մինսկի խմբի համանախագահները, ըստ էության, քցել են հայկական կողմին, երբ 2020թ-ից հորդորել են Արցախի "խնդրով իջեցնել նշաձողն" ու հետո "դունչները սրբել ու մի կողմ են կանգնել"։ Ի վերջո, չմոռանանք, որ 2020թ անգամ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո երեք համանախագահությունները համատեղ հայտարարություն տարածեցին "այն ի գիտություն ընդունելու մասին", հետագայում ընդհուպ որոշակի համագործակցում էին, մինչև Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը․․․ ԱՄՆ վարչակազմը հենց այդ ժամանակ Ռուսաստանին գլոբալ հարցերից մեկուսացնելու համար ինքն առանձնացավ, ապա դրան հետևեց Ֆրանսիան, իսկ հետո նաև՝ Ռուսաստանը։ Ու ամերիկյան այս մոտեցումը ոչ ռուսական պատասխանատվության չափ, բայց իր չափաբաժնով ողբերգական հետևանք ունեցավ Արցախի համար, քանի որ Հայաստանի մշակած ռազմավարությունը հետապնդում էր գոնե Արցախի "իջեցված նշաձողով" այնտեղ խաղաղապահ մանդատի միջազգայնացման ու առկա "ստատուս քվոյի" ինստիտուցիոնալիզացիայի նպատակներ, որը չաշխատեց ոչ միայն ստեփանակերտյան դավադիր իշխանազավթման ու պրոռուսական դիրքավորման, այլ նաև ԵԱՀԿ արևմտյան համանախագահների թուլության ու անշահագրգռության պատճառով։

Ու հիմա Հայաստանը փորձում է, ավելի ստույգ՝ շարունակում է փորձել խոսեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ նրանք կա՞ն, գործո՞ւմ են, համաձա՞յն են "ինքնալուծարվել", քանի որ համանախագահության դե ֆակտո լուծարումը կամ պառակտումը տեղի է ունեցել ավելի վաղ՝ ճակատագրական հետևանք ունենալով Արցախի համար․․․ Չէ որ մինչ այդ նրանք էլ հորդորում ու ակնրակում էին, թե Հայաստանը Արցախի անկախության հարցում միջազգային աջակիցներ չի ունենա, այդ թվում Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման ճգնաժամի պատճառովմ բայց, այ, դե ֆակտո անկախություն-ինքնավարության դեպքում այդպիսի աջակցություն կունենա․․․

Չմոռանանք, որ Հայաստանում դեռ անցած տարեվերջից անընդմեջ "սադրվում է" բանավեճ Մինսկի խմբի ու անցած 30 տարիներին բանակցված տարբերակների գաղտնազերծման թեմայով, որը միամիտ է կարծել, թե ուներ կամ ունի միայն ներքին նշանակություն ու թիրախավորում։ Այս հարցը ինքս բարձրացրել եմ ՀՀ վարչապետ Փաշինյանի առջև 2020թ․ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո․․․

ՀՀ նախկին նախագահներից միայն Սերժ Սարգսյանը բացեց խաղաքարտեր, երբ մերժեց Արցախյան խնդրով բանավիճելու Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ Միայն նա էր, որ հորդորեց բանավեճի հրավիրել Մինսկի խմբի համանախագահներին, չթաքցնելով, որ նրանց պատասխանատվության դաշտում խնդիր ու մութ կետեր կան։ Ու թերևս, այստեղ նա անեևրկբա ճիշտ է՝ իր ժամանակներից սկսած մինչև Փաշինյանի պաշտոնավարման շրջանի համար։

Այն հաշվարկները, որ Հայաստանը կառուցել է Արցախյան քաղաքականության մեջ, ի թիվս այլոց, հենման կետ ունեցել են նաև Մինսկի խմբի դիրքորոշումները, բանավոր ու գրավոր համաձայնությունները։ Բայց հետո հանկարծ Հայաստանը հայտնաբերել է, որ դրանք այլևս չկան ու դրանք հիշող չկան․․․Այդպիսին էր Սերժ Սարգսյանի այն հաշվարկը, որ ինքը կարող է դեմ արտահայտվել ռուսական պլանին, որով միայն ռուս խաղաղապահ էր տեղակայվում Արցախում, ու նման հաշվարկի հիմքը համանախագահների միջև այն բազմամյա համաձայնությունն էր, որ իրենցից ոչ մեկ խաղաղապահ կոնտինգենտում զինվորական չի ունենալու՝ ոչ ԱՄՆ-ը, ոչ Ֆրանսիան, ոչ Ռուսաստանը։ 2016-ին Սերժ Սարգսյանի համար պարզ դարձավ, որ անգամ ամերիկյան համանախագահութունը այդքան հավատարիմ չէ իրենց այդ դիրքորոշմանը կամ լծակ ու շահագրգռություն չունի ազդել Ռուսաստանի վրա, որ նա չխախտի համաձայնեցված սկզբունքը, թեպետ 2016-ին ԱՄՆ իր հերթին (բացի Ռուսաստանը, որն իհարկե այլ հաշվարկներով կանգնեցրեց) ակտիվ միջամտեցին ու կանգնեցրեցին քառօրյա պատերազմը։ Նիկոլ Փաշինյանի հուսախաբության մասին վերը գրվեց նրա հաշվարկն այն էր, որ քանի որ Արցախի անկախության հարցում Հայաստանը ոչ մի դաշնակի չունի, հետևաբար Արցախի մնացած մասը հնարավոր է գոնե պահել "նշաձողն իջեցնելու" ու դրա հաշվին համախոհ երկրներ ստանալու միջոցով․․․

Եվ, ահա, բանավեճի սադրումը շարունակվում է Երևանն ու Բաքուն տարբեր նպատակներով ու շարժառիթներով, բայց ցանկանում են խոսեցնել համանախագահներին, բայց նրանք լռում են։ Արդեն քանի ամիս․․․

Հարկ համարեմ ավելացնել, որ մեկ տարի առաջ իմ անձնական խորհուրդը և հորդորը վարչապետ Փաշինյանին եղել և մնում է այս թեմային չխառնվելը։ Ու վստահ չեմ, որ այս ձևով նա հասնելու է այն խնդրի լուծմանը, որը միգուցե արժե լուծել, առավել ևս՝ այս ձևով։ Ես համարում եմ, որ այս թեման խոշոր խաղացողների թեման է, իհարկե, չպետք է թողնել, որ նրանք առանց Հայասանի կամ մեր բացակայությամբ խոսեն Ադրբեջանի հետ ու "սակարկեն ու բարիշեն", դեռ մի բան էլ՝ սեփական մեղքերի սրբագրման գործընթացում պատասխանատվությունը բարդեն Հայաստանի վրա, ինչպես պատերազմից հետո արեց Մոսկվան՝ թե իբր Հայաստանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, դրա համար էլ ամեն ինչ ավարտվեց աղետով․․․ Այո, Հայաստանը կարող է սադրել քննարկում՝ խոսեցնելու համար Մինսկի խմբի համանախագահներին, բայց "համաձայնության" հարցում առաջինը լինել պետք չէ։ Այլապես մյուսները անընդհատ հղում են անելու դրա վրա, ինչպես Ռուսաստանը․․․

Առավել ևս երբ Մինսկի խումբը կամ գործընթացը երեք երկրի մասին չէ։ Խմբի ձևավորման մասին որոշումը ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտի 24-ին և խումբը սկզբնապես բաղկացած էր 9 երկրներից, հավելած՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները։ Հետագայում, անկախ խմբի "հիմնադիրներից", այն դարձավ ԵԱՀԿ խումբ, այսինքն փաստացի դրա անդամ են ԵԱՀԿ բոլոր անդամ պետությունները․․․ Այսինքն, խումբը լուծարվել չի կարող 1994թ դեկտեմբերի 6-ին Բուդապեշտում ստեղծված համանախագահության՝ երեք համանախագահ երկրների որոշմամբ, որքան էլ նրանք ազդեցիկ լինեն․․․

Կարևոր է խմբի գործառույթների մի փոքր մանրամասն վերլուծությունը։

Մինսկի գործընթացի հիմնական նպատակներն են

1) Հակամարտության կարգավորման համար համապատասխան շրջանակի ապահովում՝ Մինսկի խմբի կողմից աջակցվող բանակցային գործընթացի միջոցով,

2) Կողմերի կողմից զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնագրի կնքման հասնելը՝ Մինսկի համաժողովի կազմակերպման հնարավորություն տալու նպատակով,

3) Խաղաղության գործընթացի առաջմղում՝ ԵԱՀԿ բազմազգ խաղաղապահ ուժերի տեղակայման միջոցով։

Հիմա միջազգայնորեն ի՞նչ է հայտարարվելու որ Մինսկի խմբի կողմից աջակցվող բանակցային գործընթացի միջոցո՞վ Արցախյան հակամարտության կարգավորման համար համապատասխան շրջանակի է ապահովվե՞լ։ Անգամ Իլհամ Ալիևն է պատերազմից առաջ ու հետո համանախագահների երեսին շրխացրել, որ նրանք դա չեն արել, շուրջ 30 տարի ժամավաճառությամբ են զբաղվել ու թերացել են իրենց առաքելությունը կատարելու հարցում։ Հայաստանից էլ Մինկսի խմբի հասցեից ակնարկվում է լսել, թե արդյո՞ք ուժը իսպառ կորցրել են ոչ պաշտոնապես գաղտնազերծվող կարգավորման տարբերակները, որոնք բանակցվել են նախկինում։ Կամ՝ արդյուք ԵԱՀԿ հայտարարելո՞ւ է որ իրենք հասել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնագրի կնքմանն ու Մինսկի համաժողով են կազմակերպել։ Չի եղել։ Ու անգամ Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի ստորագրումը մեծագույն ցանկության դեպքում չի փակում Արցախյան հակամարտության կարգավորման հարցը, քանի որ այն դուրս է թողել Արցախի հարցը Ադրբեջանի ցանկությամբ․․․ Կամ էլ՝ հայտարարելո՞ւ են, որ առաջ են մղել խաղաղության գործընթաց ԵԱՀԿ բազմազգ խաղաղապահ ուժերի տեղակայման միջոցով․․. Դա ոչ միայն տեղի չունեցավ, այլ ռուս "խաղաղպահները", որոնք տեղակայվել էին ի խախտումը համանախագահ երկրների միջև ավանդական համաձայնության, և որոնց տեղակայումն "ի գիտություն ընդունվեց" համանախպագահության կողմից, լքեցին ոչ միայն արցախահայությանն ու իրենց պատասխանատվությունը, այլ առաքելությունը և մանդատը․․․

Ավելին, այս ամենի նպատակով ժամանակին ստեղծվել են ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչի ինտիտուտ, բարձր պլանավորման խումբ, որը, օրինակ, 1997թ պատրաստված փուլային տարբերակի կենսագործման նպատակով հաստափոր հավելված էր մշակել ու պատրաստել, ըստ որի՝ կիլոմետր առ կիլոմետր, տարածք առ տարածք նկարագվում էին ԵԱՀԿ միջազգային խաղաղապահների տեղակայումը, մանդատը, գործառույթները, ի տարբերություն ռուսականխաղաղպահների խուժան "տեղակայման" (անցած տարիներին ինքս որքան աղմկեցի, ահազնգեցի ու հարց բարձրացրեցի, թե ինչո՞ւ են նրանք տեղակայված Ադրբեջան-Արցախ նոր շփման գծի հայկական դիրքերի թիկունքում, ցավոք, ոչ Հայաստանում, ոչ էլ առավել ևս Արցախում դա ոչ մեկին չհետաքրքրեց ու դրա վտանգը չնկատեցին)․․․

Այսինքն, Մինսկի խմբի լուծարում նշանակում է այս ամբողջի լուծարում, որը իրականացման առումով չափազանց մեծաթիվ դժվարությունների է բախվելու։ Չեմ կարող ասել՝ միգուցե ՀՀ իշխանությունները սա հաշվարկել են, դրա համար են մի փոքր վախեցնող համարձակությամբ պնդում լուծարմանը համաձայնելու մասին՝ իմանալով, որ դա միայն մեր համաձայնությունից կախված չէ ու հեշտ չի լինելու, կամ Ադրբեջանին դա հեշտ չի տրվելու։ Միայն իշխանությունները կարող են ասել, թե ինչպես են իրենք հաշվարկել այս ամենի ռիսկերը։

Բայց մայիսի 9-ին քիչ է մնացել, ու Ադրբեջանը մի կողմից ոտքերը դեմ է տվել ու ցանկանում է ուշ ստորագրել պայմանագիրը՝ հույս փայփայելով, որ Ռուսաստանի օգնությամբ Հայաստանից ուժով կամ այլ եղանակով կստանա 9-րդ կետը՝ իր մեկնաբանությամբ “Զանգեզուրի միջանցքը”, սակարկել խաղաղության պայմանագիրն ու դրա դիմաց ստանալ նաև Մինսկի խմբի լուծարում, մյուս կողմից եթե մայիսի 9-ը անցնի առանց կողմերիօց մեկի հայտարարության, Ադրբեջանը շարունակելու է մնալ նաև ռուսական թակարդում, երբ Պուտինը կարող է ցանկացած պահի հիշել, որ "բոլոր պայմանավորվածությունները գործում են", այդ թվում՝ Արցախում ռուս խաղաղպահների ևս 5 տարով տեղակայման դրույթը․․․ Ու նա դա կարող է հիշել, եթե Ադրբեջանի վարքագծում ինչ-որ բան սկսի դուր չգալ․․․

Իսկ մայիսի 9-ին Մոսկվայում հանդիսավոր շքերթ է՝ նվիրված երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ հանրապետությունների տարած հաղթանակին։  Հայաստանի վարչապետը հաստատել է իր մասնակցությունը դրան։ Ադրբեջանի նախագահի մասնակցության մասին ոչինչ հայտնի չէ։ Արդյո՞ք այդ օրը Մոսկվայում կքննարկվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ավելի ստույգ՝ դրանում "ռուսական խաղաղապահ մանդատի" "կյանքի ժամկետը" երկարացնելու հարցը․․․

Իսկ սա տակավին բաց է․․․․

 

Հետգրություն․ 

-այն մարդիկ, որոնք ցանկանում են գրվածում տեսնել բացառապես իրենց տեսակետը, այլ ոչ թե կարդալ այլ տեսակետ, հորդորում եմ չկարդալ,

-այն մարդիկ, ովքեր ուզում են տեքստում տեսնել հայհոյանք ու սուր քննադատություն իշխանության հասցեին, հորդորում եմ չկարդալ՝ սա փորձագիտական նյութ է, ոչ թե քաղաքական ընդդիմախոսություն կամ քաղաքացիական ընդվզում,

-այն մարդիկ, ովքեր շարունակելու են չտեսնել, թե որ հարցերում համաձայն չենք իշխանությունների հետ, հորդորում եմ չկարդալ՝ ժամանակ մի վատնեք, քանի որ այդ տարբերությունը, դրա չափը կամ արտահայտման ձևը կարող է ձեր սրտով և ճաշակով չլինել։

Փորձագետ (ներ)

Ստյոպա Սաֆարյան