Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը իր հետազոտական ծրագրերի շրջանակներում բազմամյա փորձառություն է ձեռք բերել կազմակերպելու միջոցառումներ հետևյալ ձևաչափերով․
Հետազոտության ներկայացում և սեմինար ձևաչափն իրենից ներկայացնում է փորձագիտական կլոր սեղան կամ քաղաքականության սեմինար, որի ընթացքում ՀՀ փորձագիտական հանրությանը, իշխանության պատկան մարմինների ներկայացուցիչներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին, լրատվամիջոցներին են ներկայացվում որևէ ոլորտում կամ բնագավառում իրականացված հետազոտության արդյունքները և քաղաքականության հանձնարարականները, կամ տվյալ բնագավառի քաղաքականություն մշակող ու իրականացնող պետական մարմնի ներկայացուցիչի ծրագրային ելույթը, դրանց շուրջ ծավալում համակողմանի ու խորքային քննարկում։
Ճեպազրույց-քննարկում ձևաչափը օրվա հրատապ զարգացումների կապակցությամբ փորձագիտական ճեպազրույց է, որն ընթանում է առանց գլխավոր բանախոսի կամ բանախոսների, և քննարկման բոլոր մասնակիցները հանդես են գալիս խնդրո առարկա թեմայի կամ զարգացման վերաբերյալ համապարփակ դիտարկումներով։
Ֆորում և գիտաժողով ձևաչափը 50-100 և ավելի մասնակիցներով, պլենար և աշխատանքային նիստերով քննարկումներ են՝ մոդերացված փորձառու վերլուծաբանների, փորձագետների ու մեկնաբանների կողմից, անդրադառնալով ֆորւմի կամ կոնֆերանսի գլխավոր թեմայի տարբեր դիտանկյուններին։