Ս.թ. հոկտեմբերի 25-ին Երեւանի «Անի Գրանդ Հոթել» հյուրանոցում տեղի ունեցավ «Հայաստան-ԵՄ։ Ռազմավարական գործընկերության խթանում Վիշեգրադյան քառյակի փորձի հաշվառումով» միջազգային խորհրդաժողովը, որին մասնակցում էին ՀՀ կառավարության տարբեր գերատեսչություններից աշխատակիցներ, հայաստանյան մտակենտրոնների ներկայացուցիչներ:
Այն «Վիշեգրադյան քառյակի փորձի ուսումնասիրությունը Հայաստան-ԵՄ համագործակցության համար» ծրագրի անդրանիկ միջոցառումն էր, որը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտն իրականացնում է Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի աջակցությամբ և Չեխիայի Քաղաքականության և հասարակության ինստիտուտի, Սլովակիայի Ռազմավարական վերլուծություն մտակենտրոնի, Լեհաստանի Ռես Պուբլիկա հիմնադրամի ու Հունգարիայի Եվրաատլանտյան ինտեգրման և ժողովրդավարության կենտրոնի գործընկերությամբ։
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ ՄԱՀՀԻ հիմնադիր և ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ ներկայացնելով ծրագրի հետապնդած նպատակները, առաջիկա ամիսներին նախատեսված գործողությունները, ընդգծելով Վիշեգրադյան քառյակի չորս երկրների եվրաինտեգրման փորձի ուսումնասիրությունն ու ծրագրի ավարտին մշակվելիք ամփոփոփիչ քաղաքականության հայեցագրի կարևորությունն ընթացող ԵՄ-Հայաստան Նոր գործընկերության օրակարգին սպասարկելու առումով:
Քաղաքականության ուսունասիրության ինստիտուտի ղեկավար Արմեն Գրիգորյանի մոդերատորությամբ ընթացած առաջին՝ «Դասեր Հունգարիայի փորձից և Հայաստանի նոր հավակնությունները» պլենար նիստի բանախոսներն էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և առցանց միացումով՝ Հունգարիայի նախկին ԵՄ հանձնակատար և արտաքին գործերի նախարար պրոֆ․ Պետեր Բալաժը։
Մինչ Պրոֆ․ Պետեր Բալաժն իր խոսքում մանրամասն ներկայացրեց Հունգարիայի ԵՄ ինտեգրման ճանապարհը, անդամակցության բանակցությունները, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի եվրաինտեգրմանն հեռանկարները ինտենսիվ բանակցությունների փուլում գտնվող նոր գործընկերության օրակարգի բոլոր հարթություններում ու ուրվագծեց ավելի հավակնոտ առաջնահերթությունները։
ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի զեկույցն էլ նվիրված էր Հայաստանի եվրաինտեգրման /անդամակցության թե՛ հեռանկարներին, թե՛ մարտահրավերներին։
Երկրորդ՝ «Դասեր Չեխիայի Հանրապետության փորձից» նիստում չեխական Քաղաքականության և հասարակության ինստիտուտի տնօրեն Շարկա Շուփը ներկայացրեց Չեխիայի ԵՄ ինտեգրման տարածաշրջանային համագործացկության փորձը և մոտեցումները։ Այնուհետև ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Անի Եղիազարյանն իր ելույթի ընթացքում խոսեց Հայաստան-Կենտրոնական/Արևելյան Եվրոպա փորձի և ընդհանուր հեռանկարների նմանությունների, տարբերությունների շուրջ։
Հանդիպման երրորդ՝ «Դասեր Սլովակիայի Հանրապետության և Լեհաստանի փորձից» նիստում քննարկման առարկա դարձան այդ երկու երկրների ԵՄ ինտեգրման փորձը, որոնք համապատասխանաբար ներկայացվեցին Սլովակիայի Ռազմավարական վերլուծությունների մտակենտրոնի ղեկավար Յան Ցինգելը և Լեհաստանի Ռես Պուբլիկա հիմնադրամի ղեկավար էվա Մոնկյուրը առցանց միացմամբ։ Նույն նիստում ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի համանախագահ, Իրավունիք Եվրոպա Միույթյան նախագահ Լուսինե Հակոբյանը խոսեց Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման մասին։
Խորհրդաժողովի բոլորն նիստերն ընթացան ակտիվ հարցուպատասխանով և մտքերի փոխանակությամբ։
Ծրագրի շրջանակներում տարբեր ոլորտային ուղղություններով նոյեմբերին տեղի կունենան նույնատիպ 12 առցանց քննարկումներ, որոնց կմասնակցեն լեհ, սլովակ, հունգար, չեխ, հայ փորձագետներ, գործիչներ, ինչպես նար ՀՀ կառավարության՝ այդ ոլորտներին առնչվող տարբեր գերատեսչությունների ու ստորաբաժանումների ավելի քան 30 մասնակիցներ։