ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Համաշխարհային տնտեսության զարգացման գործում վերջին մի քանի տասնամյակում էական դերակատարում ունեցավ և շարունակում է ունենալ Փոքր և միջին ձեռնարկատիրությունը (այսուհետ՝ ՓՄՁ): Այն նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը, եկամուտների անհամաչափ բաշխման հիմնախնդրի մասնակի լուծմանը, ավելին, իր ճկունությամբ՝ նաև նորարարական մտքի արագ տարածմանը: Ժամանակակից պայմաններում ոչ պակաս կարևոր է ՓՄՁ-ի դերակատարումը գլոբալ արժեստեղծման շղթաներում և ամենակարևորը՝ տնտեսության ներառականության ապահովման տիրույթում: ՓՄՁ-ը տեղական արտադրության մեջ հիմնական ներդրողն է, առկա ռեսուրսների անմիջական օգտագործողը և զբաղվածություն ապահովողը:
Սակայն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում COVID-19 համավարակի ազդեցությամբ արգելափակման միջոցառումները խաթարեցին հատկապես տնտեսական գործունեությունը, ինչն առաջին հերթին անդրադարձավ ՓՄՁ-ի գործունեության վրա: Մեր կողմից կատարված հետազոտության հիմնական նպատակը ՀՀ մակրոտնտեսական միջավայրի ցուցանիշների վերլուծության միջոցով համավարակի ազդեցությամբ պայմանավորված առկա ռիսկերի բացահայտումն է ՓՄՁ ոլորտում և տնտեսության վերականգնմանն ու սոցիալական արդարության ապահովմանը միտված առաջարկությունների փաթեթի ներկայացումը:
Հետազոտությունը նպատակ է հետապնդում.
ü Ուսումնասիրել ՀՀ ՓՄՁ ոլորտը COVID-19 համավարակի տնտեսական ազդեցությունների տիրույթում,
ü Բացահայտել ՓՄՁ ոլորտում առկա հիմնախնդիրները,
ü Ներկայացնել ՓՄՁ ոլորտի հետագա զարգացումներին միտված հնարավորությունները:
Հետազոտության շրջանակներում անդրադարձել ենք նաև համաշխարհային տնտեսության մեջ համավարակի ազդեցություններին, մասնավորապես գործարար միջավայրի ներկա իրավիճակին և սպասումներին: Համակողմանիորեն ուսումնասիրել ենք նաև նախակորոնավիրուսային և հետկորոնավիրուսային հայաստանյան տնտեսական իրողություններում ձեռնարկատիրական գործունեության վարքագիծը, ներկայացրել առկա իրավիճակը և սպասումները, բացահայտել նաև առկա հիմնախնդիրները: Հետազոտությունն ամփոփվում է ՓՄՁ ոլորտի վերականգնման և հետագա զարգացման առաջարկությունների ներկայացմամբ:
Խնդրի լուծման արդիականությունն այն է, որ աշխարհում դեռևս մոլեգնում է համավարակը, կանխատեսվում են լավատեսական և վատատեսական բազմաթիվ դիպաշարեր, դեռևս իշխում են անորոշությունն ու ռիսկերը՝ պայմանավորված նաև ռուս-ուկրաինական պատերազմով: Նման իրողություններում ներգրավված է նաև Հայաստանը, ուստի խնդրի ուսումնասիրումը և համապարփակ տեղեկատվության, նաև առաջարկությունների ներկայացումը խիստ կառուցողական և արդյունավետ կարող է լինել Կառավարության կողմից իրականացվող հետագա քաղաքականության մշակման գործընթացներում: Հետազոտության խնդրի լուծման արդյունքում նպատակադրվում է ոլորտում առկա տեղեկատվության մշակում, ինչը կարող է օգտակար լինել նաև քաղաքացիական հասարակությանը, մասնավոր հատվածին՝ ՓՄՁ ոլորտում COVID-19 համավարակի ազդեցությունների հետագա չեզոքացման և հետհամավարակային ժամանակահատվածում տնտեսական առաջընթացի, տնտեսական և սոցիալական արդարության փոխառնչություններում ներդաշնակ զարգացումներ ապահովելուն միտված միջոցառումներ մշակելիս: Այս տեսանկյունից անվիճելի է հետազոտության խնդրի և՛ արդիականությունը, և՛ հրատապությունը:
Ինչ վերաբերում է խնդրի լուծման նորույթին, ապա գաղտնիք չէ, որ համավարակի յուրահատկությունն արդեն իսկ նորույթ է հաղորդում ցանկացած հետազոտությանն այն տեսանկյունից, որ միաձուլվեցին առողջապահական, տնտեսական և սոցիալական խնդիրները, որոնք փոխկապակցված են և շղթայաբար առաջացնում են թե՛ տնտեսական և թե՛ սոցիալական արդարության խզումներ: Այս տիրույթում խնդրի լուծման նորույթը պայմանավորված է ՓՄՁ-ի ոլորտում առկա իրավիճակի և հետագա զարգացումների ճանապարհային քարտեզի ներկայացմամբ՝ շեշտադրելով կարժաժամկետ և երկարաժամկետ նպատակներ, չշրջանցելով ոլորտային հիմնախնդիրների և առաջնահերթությունների բացահայտումն ու հիմնավորումը: Անվիճելի է, որ գործարար դաշտի հիմնախնդիրների բացահայտումն ու դրանց լուծմանն ուղղված միջոցառումների փաթեթը ոչ միայն կնպաստեն երկրի տնտեսական աճին, այլ նաև սոցիալական ոլորտի հետ կապված որոշ խնդիրների լուծմանը, մասնավորապես գործազրկության մեղմում, աղքատության նվազեցում, նոր աշխատատեղերի առաջարկ և այլն:
Հետազոտության համար տեսական և մեթոդաբանական հիմք են ծառայել հայ և արտասահմանցի տնտեսագետների՝ հետազոտվող թեմային նվիրված գիտական հրապարակումներն ու աշխատությունները, ինչպես նաև փորձագիտական հանրույթի կարծիքները: Հետազոտության համար որպես տեղեկատվական հիմք օգտագործվել են ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի ամսական և եռամսյակային, տարեկան տեղեկատվական զեկույցների, վիճակագրական ժողովածուների և տեղեկագրերի, միջազգային կազմակերպությունների (Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, Եվրոստատ և այլն) պաշտոնական վիճակագրական հրապարակումները, ինչպես նաև ՀՀ օրենքներն ու այլ իրավական ակտեր: Հետազոտության մեջ կիրառվել են վիճակագրական վերլուծության համալիր մեթոդներ, այն է` գրաֆիկական և աղյուսակային, բացարձակ, հարաբերական ցուցանիշների, փոխկախվածությունների վերլուծության և կանխատեսման տարբեր մեթոդներ:
ՓՄՁ-ի վերաբերյալ ՀՀ-ում առկա են մի շարք օրենսդրական ակտեր, մասնավորապես ՀՀ Հարկային օրենսգիրքը[1], ՀՀ Մաքսային օրենսգիրքը[2], ՀՀ օրենքը Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին[3] և այլ իրավական փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս և համակարգում են ոլորտին առնչվող տեղեկատվությունը: Մասնավորապես նշենք վերջին «Ռազմավարություն. Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ.»[4] փաստաթուղթը, որը սահմանում է հատկապես COVID-19 համավարակի ազդեցություններով պայմանավորված ՓՄՁ զարգացմանն ուղղված ՀՀ Կառավարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության շրջանակը, նպատակները, ակնկալվող արդյունքները և առաջիկա տարիներին նախատեսվող միջոցառումները: Ոչ պակաս կարևոր փաստաթուղթ է նաև Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցը[5] (Global Entrepreneurship Monitor, այսուհետ՝ GEM), որի շրջանակներում 2019թ. ընդգրկվել է նաև Հայսատանը:
Հայաստանում ՓՄՁ դասակարգման չափանիշներն ամրագրված են եղել 2000թ․ ընդունված «ՓՄՁ պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում, համաձայն որի՝ ՓՄՁ սուբյեկտների դասակարգումը հիմնվում էր աշխատողների թվաքանակի, նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթի և նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքի չափորոշիչների վրա: 2010թ․ հոկտեմբերի 5-ին ընդունվեց «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին ՀՀ օրենքի փոփոխությունները և լրացումները», որով սկսեց կիրառվել ՓՄՁ սուբյեկտի մեկ միասնական սահմանում: 2011թ․ Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ սահմանումն աշխատողների միջին ցուցակային թվաքանակի մասով համապատասխանեցվել է Եվրամիության անդամ երկրներում գործող ՓՄՁ սահմանման հետ: Համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ ՎԿ-ի հրապարակման՝ «Փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանի Հանրապետությունում» վիճակագրական տեղեկագրի[6] ՓՄՁ կազմակերպությունները դասակարգվում են վերոնշյալ չափորոշիչների համաձայն, այսպես, գերփոքր, (վարձու աշխատողների միջին տարեկան թվաքանակը մինչև 9 մարդ), համապատասխանաբար փոքր՝ մինչև 10-49 մարդ և միջին՝ 50-249 մարդ, ընդ որում, նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը գերփոքր կազմակերպություններում չպետք է գերազանցի 100 մլն ՀՀ դրամը, իսկ փոքր և միջին կազմակերպություններում՝ համապատասխանաբար՝ 500 միլիոն ՀՀ դրամը և 1,5 մլրդ ՀՀ դրամը, կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերփոքր կազմակերպություններում պետք է փոքր լինի 100 միլիոն ՀՀ դրամից, փոքր կազմակերպություններում՝ 500 միլիոն ՀՀ դրամից, իսկ միջին կազմակերպություններում՝ 1,0 մլրդ ՀՀ դրամից[7]:
Եվրահանձնաժողովի կողմից ՓՄՁ սահմանվում է «…ձեռնարկություն, որտեղ զբաղված են 250-ից ոչ պակաս մարդիկ[8]»: Որպես չափանիշներ ավելացվում են ևս երկուսը՝ ակտիվների հաշվեկշռային արժեքը և տարեկան շրջանառության ծավալը: Միկրոձեռնարկություններ են համարվում 10 աշխատողից պակաս և տարեկան ոչ ավել, քան 2 մլն եվրո տարեկան շրջանառությամբ կամ ակտիվների հաշվեկշռային արժեքով կազմակերպությունները: Ֆրանսիայի Տնտեսագիտական հետազոտությունների և վիճակագրության ազգային ինստիտուտի մեթոդաբանությամբ (INSEE) նույնպես սահմանվում է, որ ՓՄՁ-ում ներառվում են նաև միկրոձեռնարկությունները, որոնցում զբաղվածների թիվը չի գերազանցում 10-ը[9]:
Նույնկերպ այն մեկնաբանվում է նաև Տնտեսագիտական և ֆինանսական բառարանում[10]:
ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ. ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ
Մինչև Հայաստանում ՓՄՁ ոլորտում իրավիճակի ուսումնասիրումը մինչհամավարակային, անշուշտ նաև մինչպատերազմական և, բնականաբար, հետպատերազմյան ու շարունակվող համավարակային անորոշությունների տիրույթում ներկայացնենք համաշխարհային տնտեսության մեջ գործարար միջավայրի վրա համավարկի ազդեցությունների հակիրճ նկարագրությունը:
Համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ՝ ՏՀԶԿ) «ՓՄՁ և ձեռնարկատիրության հեռանկարներ 2021» զեկույցի՝[11] ՓՄՁ-ում համավարակի ազդեցությունները ոչ միայն խաթարեցին, այլ նաև դադարեցրեցին այդ ոլորտի կազմակերպությունների մոտ 40%-ի[12] գործունեությունը: Ինչպես նշվում է 2022թ. «Համաշխարհային զարգացման զեկույցում[13]», COVID-19 համավարակի պտտվող զսպանակը հանգեցրեց միլիոնավոր մարդկանց մահվան, աշխատատեղերի կորստի, կազմակերպությունների սնանկացման, դպրոցների փակման՝ դրանով իսկ հրահրելով վերջին հարյուր տարում ամենաընդգրկուն տնտեսական ճգնաժամի: Արդյունքում առավել խորացավ աղքատության մակարդակը և անհավասարությունը երկրների ներսում ու երկրների միջև:
Աշխարհի ավելի քան 90% երկրներում[14] 2020թ․ նկատվեց տնտեսական ակտիվության անկում, ինչն ավելին էր, քան այն երկրների թիվը, որոնք բախվեցին նման իրավիճակի հետ երկու համաշխարհային պատերազմների, Մեծ դեպրեսիայի, 1980-ական թվականներին զարգացող երկրներում պարտքային ճգնաժամի, 2007-2009թթ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի տարիներին: Համավարակի առաջին տարում ՝ 2020թ., համաշխարհային տնտեսության անկումը կազմեց մոտ 3%, իսկ աղքատության մակարդակն աշխարհում ավելացավ առաջին անգամ՝ 21-րդ դարի այս սերնդի կյանքի ընթացքում[15]:
Չնայած ստեղծված իրավիճակում պետական աջակցության տարբեր գործիքների կիրառմանը՝ աշխարհի գրեթե բոլոր երկրներում կուտակվեցին նոր պարտքեր, հետևաբար նաև սնանկացման նոր ռիսկեր:
Այսուհանդերձ, մակրոտնտեսական նման անկայուն իրավիճակներում և խիստ անբարենպաստ գործարար միջավայրում ՓՄՁ առավել ճկուն կազմակերպությունները հաղթահարեցին դժվարությունները և նույնիսկ ճգնաժամային իրավիճակում ձեռքբերեցին զարգացման նոր հնարավորություններ, մասնավորապես նորարարական ձեռնարկատիրական այնպիսի կարողությունների սկսեցին տիրապետել, որոնք բավարարում էին համավարակով պայմանավորված նոր կարիքները: Այսպես, ՓՄՁ գրեթե 50%-ը համավարակի ժամանակ ավելացրեցին իրենց կողմից օգտագործվող թվային գործիքների կիրառումը, յուրացրեցին գլոբալ արժեշղթաներին ինտեգրվելու նոր հնարավորություններ[16]:
Համաշխարհային տնտեսության մեջ առանձին երկրներում տնտեսական և սոցիալական միջավայրի վրա COVID-19 համավարակի բացասական հետևանքների չեզոքացմանն ուղղված երկրների կառավարությունների բազմաթիվ և բազմաբնույթ միջոցառումները, ինչպես արդեն նշեցինք, ունեցան դրական ազդեցություններ: Սակայն առավել անհանգստացնողն աշխարհում ֆինանսական անկայունությունն է՝ իր բոլոր ռիսկերով հանդերձ: 2020թ. ցածր և միջին եկամտով երկրներում միջին համախառն պարտքային բեռը ՀՆԱ-ի նկատմամբ ավելացել է մոտ 9 տոկոսային կետով, այն դեպքում, երբ նախորդ տասնամյակի ընթացքում դրա միջին տարեկան հավելաճը կազմել է 1,9 տոկոսային կետ: Ավելի քան 44 զարգացող երկրներում իջեցվել է սուվերեն վարկային ռեյտինգը: Խնդրի լուծման հիմնական գործիքը զարգացող երկրներում Կենտրոնական բանկերի դրամավարկային գործիքակազմն է, մասնավորապես վերաֆինանսավորման տոկոսադրույքը, արտաքին պարտքի վերաձևակերպումը, թվային ֆինանսների ներդրումը: Անշուշտ կարևորվում է նաև իրավիճակային քաղաքականությունների կոնսոլիդացման հրատապությունը: Համաշխարհային զարգացման վերջին զեկույցում[17] ձևակերպվել է այն «ճանապարհային քարտեզ»-ը, որը կարող է մեղմել ֆինանսական շուկաներում համավարակի ազդեցությամբ առաջացած անկայուն իրավիճակները և դրանով իսկ ֆինանսավորման էական հնարավորություններ ստեղծել ՓՄՁ-ի համար:
COVID-19 համավարակի ազդեցությամբ աշխարհի նույնիսկ խոշորագույն երկրները հայտնվեցին և չի բացառվում, որ հայտնվեն ռեցեսիայի փուլում: Ճգնաժամն աննախադեպ էր նրանով, որ դրա հիմքում առողջապահական համակարգն էր, և վիրուսի բացասական հետևանքները տնտեսության վրա շարունակվեցին ու այսօր էլ շարունակվում են այնպիսի խորությամբ, ինչպիսին թելադրում է համավարակի գրեթե 3 տարի տևողությունը և պատվաստումների դանդաղ գործընթացը: Այսուհանդերձ, աշխարհի ավելի քան 50 երկրներում գործող 30․000 ՓՄՁ շրջանակներում Համաշխարհային բանկի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջև համագործակցության արդյունքում ներկայացվել է զեկույց՝ «Փոքր բիզնեսի գլոբալ վիճակի մասին»[18]: Կատարվել է հարցում և գրանցվել, որ 2020թ. հունվար-մայիս ժամանակահատվածում ուսումնասիրվող երկրներում ՓՄՁ-ի 26%-ը փակվել է, որոշ երկրներում այդ ցուցանիշը նույնիսկ գերազանցում է 50%-ը: Ավելին, գործող ՓՄՁ-ի մեկ երրորդը հաղորդում է, որ իրենք կրճատել են իրենց աշխատողներին, ինչը սպասվող գործազրկության մակարդակի բարձրացում է կանխատեսում, ավելին, հարցվողների երկու երրորդն ահազանգում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ վաճառքի ծավալների էական կրճատման մասին: Ավելին, համավարակով պայմանավորված՝ արգելափակումների հետևանքով խաթարվել է հատկապես ՓՄՁ գործունեությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մանրածախ առևտուրը, կացարանային, հյուրընկալության և այլ անհատական ծառայությունները: Ընդ որում, ՓՄՁ ոլորտը ներկայացնում է զբաղվածության 75%-ը, և ինչ խոսք, ակնհայտ են համավարակի ազդեցություններով պայմանավորված ՓՄՁ գործունեության ոլորտի վնասները թե՛ համաշխարհային տնտեսության մեջ և թե՛ առանձին երկրներում: Ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությամբ աշխարհն ընկղմվեց մի նոր, գործարար միջավայրի համար անբարենպաստ մարտահրավերների տիրույթում: Համաձայն «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» վերջին զեկույցի`[19] ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունն ապրանքային շուկաների, մատակարարման շղթաների, ինֆլյացիայի և վարկավորման մակարդակի վրա էապես կնվազեցնեն համաշխահային տնտեսական աճի տեմպերը: Վերջինս հիշեցնում է նախորդ դարի 70-ական թվականների ստագֆլյացիան, ինչն անխուսափելիորեն խիստ բացասաբար կանդրադառնա երկրների գործարար միջավայրի վրա:
ՀՀ-ն անմասն չէ վերոնշյալ զարգացումներից:
COVID-19 ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՓՄՁ ՈԼՈՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Հարցադրումների այս շրջանակում մեր կողմից կատարված մեկ այլ ուսումնասիրության մեջ[20] ներկայացրել ենք 2018-2021թթ. ընթացքում ՀՀ մակրոտնտեսական միջավայրը բնութագրող ցուցանիշները, կատարել որոշ համեմատական վերլուծություններ: Այս հետազոտության շրջանակներում անդրադառնանք 2018-2020թթ. ՀՀ մակրոտնտեսական միջավայրը բնութագրող ցուցանիշների փոփոխություններին COVID-19 համավարակի ժամանակ և դրան հաջորդող տարում: Ինչպես վկայում են գծապատկեր 1-ում 2020թ. ներկայացնող ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշները, COVID-19 համավարակի պայմաններում ՀՀ-ում գրանցվեցին բացասական, հետընթաց զարգացումներ: 2020թ. մակրոտնտեսական միջավայրը բնութագրվեց նեգատիվ ցուցանիշներով, մասնավորապես 2020թ. հունվար-դեկտեմբերին 2019թ. հունվար-դեկտեմբերի նկատմամբ ՏԱՑ-ը նվազեց 7,5%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալները կրճատվեցին 0,9%-ով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 14,7%-ով, շինարարության ծավալը՝ 9,5%-ով, առևտրի շրջանառությունը՝ 14%-ով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 13,2%-ով: Ավելին, սպառողական գների համաթիվը նույն ժամանակահատվածում գրանցեց 1,2% աճ[21]: Նման մակրոտնտեսական նեգատիվ ցուցանիշները չէին կարող էապես չազդել ձեռնարկատիրական գործունեության վրա, մասնավորապես ՓՄՁ-ի, որն աչքի է ընկնում ակնհայտ խոցելիությամբ[22]: Սակայն համավարակին հաջորդող տարում տնտեսությունը սկսեց աշխուժանալ:
Գծապատկեր 1. ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը բնութագրող հիմնական ցուցանիշները 2020[23]-2021թթ․ (հունվար-հունիս)[24]
ՏԱՑ, 2. Արդյունաբերական արտադրանքի ծավալի փոփոխությունը, 3. Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալի փոփոխությունը, 4. գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի փոփոխությունը, 5. շինարարության ծավալի փոփոխությունը, 6. առևտրի շրջանառության ծավալի փոփոխությունը, 7. ծառայությունների ծավալի փոփոխությունը (առանց առևտրի), 8. Սպառողական գների ինդեքսի փոփոխությունը, 9. Միջին ամսական անվանական աշխատավարձի փոփոխությունը, 10. Արտաքին առևտրաշրջանառության ծավալի փոփոխությունը, 11. Արտահանման ծավալի փոփոխությունը, 12. Ներմուծման ծավալի փոփոխությունը
Այսպես, ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2021թ․ հունիս ամսվա (2021թ. հուլիսի 26-ի դրությամբ) թիվ 6 հրապարակման տվյալները փաստում են[25], որ 2021թ. հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5%-ով, աճ է գրանցվել արդյունաբերական արտադրանքի ծավալում՝ 2,1%, շինարարության, առևտրի շրջանառության, ծառայությունների ոլորտներում ևս, համապատասխանաբար՝ 10,8%, 8%, 2,7%: Ավելին, աճեցին նաև արտաքին առևտրաշրջանառության ծավալները մոտ 13,4%-ով, ընդ որում, արտահանման ծավալները հետազոտվող ժամանակահատվածում գրանցեցին 23,3% աճ, իսկ ներմուծումն ավելացավ ընդամենը 7,9%-ով: Ուսումնասիրվող ժամանակահատվածը թույլ է տալիս համեմատել նաև գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների աճը. այսպես, 2021թ. հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գյուղատնտեսության համախառն արտադրության ծավալներն աճեցին 6,8 տոկոսով, ինչը պայմանավորված էր, կարծում ենք, ոչ միայն եղանակային բարենպաստ պայմաններով, այլ նաև համավարակի բացասական հետևանքների չեզոքացմանն ուղղված՝ ՀՀ կառավարության ակտիվ աջակցությամբ[26]: Ինչ վերաբերում է մակրոտնտեսական այնպիսի կարևորագույն ցուցանիշին, ինչպիսին սպառողական գների համաթիվն է, ապա այն շարունակեց գրանցել աճի միտումներ՝ այն պարզ պատճառով, որ հետքովիդյան առաջին-երկու ալիքներն էապես ազդեցին մարդկանց սպառման վարքագծի վրա: Նկատենք, որ այդ տարում դեռևս չվերականգնվեցին արտաքին առևտրաշրջանառության մինչհամավարակային ցուցանիշները, ավելին, բոլոր տնտեսական գործակալների մոտ սպասումները շարունակեցին դրսևորվել բացասական հետագծով: Դեռևս խաթարված վիճակում էին գլոբալ մատակարարման շղթաները:
Սակայն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում տնտեսությունը սկսեց աշխուժանալ: Նկատենք, որ 2021թ. հունվար-դեկտեմբերին[27] 2020թ. համեմատությամբ ՏԱՑ-ը կազմեց 5,8%, արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճեցին 3,3%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում գրանցվեց անկում՝ -1,1%, ծառայությունների ծավալն աճեց 7,8%-ով, շինարարության ծավալը՝ 7,4%-ով, արտաքին առևտրաշրջանառոջթյան ծավալը՝ 17,7%-ով, որից արտահանումը՝ 19,1%-ով, իսկ ներմուծունը՝ 16,9%-ով: Հետքովիդյան հայաստանյան մակրոտնտեսական միջավայրը փաստորեն դրական ազդակներ հաղորդեց գործարար միջավայրին, ինչն ակհայտորեն դրսևորվեց նաև ՓՄՁ գործունեության տիրույթում:
Այսպիսով, վերջին մի քանի տարիների ՀՀ մակրոտնտեսական միջավայրը բնութագրող հիմնական ցուցանիշների փոփոխությունները, այդուհանդերձ, վկայում են, որ համավարակին հաջորդող տարում տնտեսության վարքագիծը, չնայած որոշակի ակտիվացմանը, դեռևս խոստումնալից չէ, ուստի և վաղ է խոսել տնտեսության ակտիվ վերականգնման և հնարավոր վերընթաց զարգացումների մասին: Նման եզրահանգման հիմնական պատճառն այն է, որ ցուցանիշների համադրումն իրականացվում է նախ համավարակով, հարկադրված պարապուրդներով պայմանավորված բազային ցուցանիշների անհամեմատ ցածր մակարդակի հետ:
Իրավիճակն առավել խնդրահարույց է դառնում հատկապես ռուս-ուկրաինական ներկա պատերազմի հետ կապված: Վերջինիս ազդեցությունը տնտեսության վրա կարճաժամկետում գերազանցապես դրսևորում է դրական միտումներ՝ ամբողջական առաջարկի և ամբողջական պահանջարկի աճ, զբոսաշրջային ոլորտի ծառայությունների արտահանման նշանակալի ակտիվացում, դրամական փոխանցումների աճ՝ իր դրական ազդեցություններով և այլն: Ինչ վերաբերում է պատերազմի տնտեսական ազդեցություններին երկարաժամկետում, ապա այն կարող է խիստ աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության վրա: Այս համատեքստում արձանագրենք, որ Համաշխարհային բանկի կողմից հրապարակված նոր կանխատեսումների համաձայն՝[28] 2022թ. Հայաստանում տնտեսական աճը կնվազի և կկազմի 1,2%, նախկինում ակնկալվող 4,8%-ի փոխարեն: Մասնավոր սպառումը կնվազի 1,3%-ով, ներդրումները կկրճատվեն 0,9%-ով, արտահանումը կկրճատվի 8,5%-ով, իսկ ներմուծումը՝ 12%-ով: Գնաճը կկազմի 9,8%: Պետական պարտքի կշիռը ՀՆԱ-ում կկազմի 66,9%, իսկ աղքատության մակարդակը կմոտենա 39,6%-ի մակարդակին: Սակայն կանխատեսումներն անընդհատ վերանայվում են, և դրական միտումներ են արձանագրվում թե՛ միջազգային կառույցների և թե՛ ՀՀ պաշտոնական հրապարակումներում[29]:
Այսպես, ՀՀ ՎԿ հրապարակեց «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2022թ. հունիսի ամսին (2022թ. հուլիսի 25-ի դրությամբ), որի համաձայն՝ 2022թ. առաջին կիսամյակի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11,8%[30]-ով, 2021թ. առաջին կիսամյակի համեմատ: Տնտեսության կառուցվածքում առանձնապես նկատելի աճ է գրանցվել ծառայությունների ոլորտում (26,9%), ինչը պայմանավորված է օտարերկրյա այցելուների շարունակական աճով, իհարկե նաև ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ռուս, ուկրաինացի թե՛ գործարարների և թե՛ պարզապես քաղաքացիների այցելություններով ու տնտեսական գործունեությամբ: Բնականաբար վերջինս չի կարող չազդել սպասարկման և հարակից ոլորտներում տնտեսական ակտիվության և պահանջարկի բարձրացման վրա: Այս ժամանակահատվածում շինարարությունն աճել է 12,7%-ով, առևտրի շրջանառությունը՝ 10,7%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 5,8%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 5,5%-ով: Գնաճը շարունակում է դրսևորել աճի միտումներ՝ 10,3%: Խիստ մտահոգիչ երանգներով է դրսևորվում նաև հայկական դրամի աժևորման գործընթացը: Այս իրողությունների տիրույթում ավելորդ չենք համարում նշել, որ ՏԱՑ-ի կիսամյակային աճին նպաստող գործոնները կարճաժամկետ են, և հետագայում կարող ենք բախվել բազային բարձր ցուցանիշների համեմատությունից բխող ոչ ցանկալի իրավիճակների հետ:
Այսուհանդերձ, աշխարհը դեռևս փնտրտուքների, սպասումների մեջ է, և անսահման է անորոշությունը: Նման իրավիճակը, բնականաբար, չի կարող կայուն բարենպաստ պայմաններ ապահովել գործարար դաշտի համար:
Ինչևէ, մեր կողմից կատարված հետազոտության հարցադրումները հիմնականում պայմանավորված են 2020թ. համավարակի շրջանակներով, ուստի և ներկայացնենք այն հնարավորություններն ու խոչընդոտները, որոնք տվյալ ժամանակահատվածում կարող էին նպաստել կամ կասեցնել ՓՄՁ զարգացման ներուժը՝ նախահամավարակային (2019թ). և համավարակային իրավիճակներում (2020թ):
ՓՄՁ-ը Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման, ներառականության և կայուն զարգացման ապահովման կարևորագույն գործոններից է: ՀՀ Կառավարության 2019թ․ ծրագրում մեծապես կարևորվեց ՓՄՁ զարգացումը, որը համարվում է ներառական տնտեսական աճի նախադրյալ[31]։ Ներկայացվել է Հայաստանի ազգային զեկույց 2019/2020[32]-ը՝ Հայաստանի գործարար միջավայրը ձեռնարկատիրության համաշխարհային մոնիտորինգի (GEM) դիտակետից: Վերջին ավելի քան 20 տարիների ընթացքում GEM-ը գնահատում է ձեռնարկատիրական գործունեության մակարդակն աշխարհի տարբեր երկրներում: 2019թ. Հայաստանը նույնպես ներառվել է այդ ուսումնասիրությունների մեջ:
Զեկույցում[33] մասնավորապես նշվում է, որ 2019թ. Հայաստանը գրանցել է ձեռներեցության բարձր մակարդակ: Ավելին, Հայաստանի բնակչության 28%-ը ներգրավված է որևէ բիզնես գործունեության մեջ, ինչը 6-րդ ամենաբարձր ցուցանիշն է ուսումնասիրվող 50 երկրների շարքում[34]։ Ձեռներեցության ոլորտում գրանցված ոգևորիչ ցուցանիշները պայմանավորված են հատկապես երկրում ձևավորված սոցիալական և մշակութային միջավայրով ու հատկապես եկամուտներ ձեռքբերելու հնարավորությունների սակավությամբ: Զեկույցի համաձայն՝ ձեռներեցությունը հատկապես տարածված է գյուղատնտեսության ու առևտրի ոլորտներում[35]: Իհարկե, արձանագրվել է նաև այն փաստը, որ ոլորտային սահմանափակումներով պայմանավորված՝ GEM 50 երկրների շարքում Հայաստանում գրանցվել է արտադրողականության ամենացածր մակարդակը: Ձեռնարկատիրության հետևյալ բաղադրիչներով Հայաստանը զիջում է Զեկույցի միջին ցուցանիշին՝ 1) ձեռնարկատիրական կրթություն, 2) հետազոտությունների և մշակումների ներդրում, 3) պետական ծրագրեր և 4) ֆինանսավորում[36]: Չնայած վաղ փուլում գտնվող ձեռնարկատիրությունը բարձր մակարդակի է Հայաստանում, սակայն կայացած բիզնեսի մակարդակը միջին դիրքերում է: Հիմնական խոչընդոտը պայմանավորված է ֆինանսական ռեսուրսների սղությամբ, այն գերազանցապես կատարվում է ոչ ֆորմալ ներդրումների միջոցով: Ընդհանուր առմամբ, Հայաստանը փոքր բիզնեսի ցուցանիշով հետազոտվող երկրների ցանկում[37] զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:
Բավականաչափ հետաքրքիր վերլուծություն է իրականացրել նաև ՀՀ Վիճակագրական կոմիտեն, հրապարակել է վիճակագրական տեղեկագիր՝ Փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանի Հանրապետությունում 2020թ. հունվարի 1-ի դրությամբ[38]:
Նախորդ ուսումնասիրությունների տիրույթում եզրահանգումների կրկնողություններից խուսափելու նպատակով փորձենք ներկայացնել ՀՀ ՎԿ 2018թ., 2019թ. և 2020թ. ՓՄՁ-ին վերաբերող որոշ համեմատական վերլուծություններ:
Ակնհայտ է, որ ՓՄՁ-ն էական դերկատարում ունի ՀՀ տնտեսության մեջ: 2020թ. ՓՄՁ ոլորտի Համախառն ավելացված արժեքի մասնաբաժինը ՀՀ ՀՆԱ-ում կազմել է 27,7%՝[39] 2019թ[40]. նույն ցուցանիշը գերազանցելով 1,7%-ով, ընդ որում, առաջին հորիզոնականում մեծածախ և մանրածախ առևտուրն է, երկրորդում՝ մշակող արդյունաբերությունը, 2020թ.՝ 9,0% և 6,3% մասնաբաժիններով և 2019թ. համապատասխանաբար՝ 9% և 5,4%: ՓՄՁ ոլորտում վարձու աշխատողների թվաքանակը 2019թ. կազմել է 248․069 մարդ, 2020թ.՝ 232․955 մարդ, բնականաբար համավարակի ազդեցությամբ նրանց թիվը նվազել է 15․114 մարդով: Այս խորապատկերին դիտարկենք ՓՄՁ տնտեսվարողների տնտեսական գործունեությունն արտացոլող մի շարք ցուցանիշների փոփոխությունները՝ 2018-2020թթ. և արձանագրենք որոշ միտումներ:
2020թ. ընթացքում ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացրած տնտեսվարողների ընդհանուր քանակից[41] (83․164 միավոր) 83․032 միավորը կազմել են ՓՄՁ տնտեսվարողները, կամ 2020թ. ընթացքում ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացրած տնտեսվարողների ավելի քան 99,8 %-ը:
Գծապատկեր 2. ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացրած ընդամենը և գերփոքր տնտեսվարողների քանակական նկարագիրը (2018-2020թթ.[42])
2019թ. համեմատությամբ 2020թ. դրանց թվաքանակն աճել է մոտ 11%-ով, իսկ 2018թ. նկատմամբ՝ մոտ 21%-ով: Իհարկե, ավելորդ չենք համարում նշել, որ 2019թ. համեմատությամբ 2020թ. տնտեսվարողների քանակն ավելացել է ՓՄՁ ոլորտում 7984 միավորով: Նշենք նաև, որ ՓՄՁ ընդամենը տնտեսվարողների մոտավորապես 95%-ը կազմել են գերփոքր կազմակերպությունները (Տե՛ս Գծապատկեր 2): Ավելին, 2020թ. գերփոքր տնտեսվարողների թիվն ավելացել է 8500 միավորով՝ բնականաբար ի հաշիվ փոքր, միջին և խոշոր տնտեսվարողների ընդհանուր քանակի նվազման (Տե՛ս Գծապատկեր 3):
Գծապատկեր 3. ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացրած փոքր, միջին և խոշոր տնտեսվարողների քանակական նկարագիրը (2018-2020թթ.)
Գծապատկեր 3-ում տեսնում ենք, որ 2020թ. փոքր կազմակերպությունների թվաքանակը 2019թ. նկատմամբ նվազել է 465 միավորով, իսկ միջին կազմակերպությունների թվաքանակը նվազել է 148 միավորով: Նախորդ տարվա համեմատությամբ խոշոր տնտեսվարողների թիվը 2020թ. կրճատվել է 3 միավորով՝ բնականաբար պայմանավորված համավարկի ազդեցությամբ, գլոբալ պահանջարկի նվազմամբ, գլոբալ մատակարարման շղթաների փլուզմամբ: 2018թ. նկատմամբ, ինչպես արդեն նշեցինք, խոշոր տնտեսվարողների թվաքանակը կրճատվել է 32 միավորով: Երբ դիտարկում ենք 2021թ. վիճակագրությունը, ապա նկատում ենք ՓՄՁ տնտեսվարողների ընդհանուր թվաքանակի շարունակվող նվազում նախորդ տարվա համեմատությամբ՝ մոտ 68%-ով: Համավարակին հաջորդող տարում կազմակերպությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 26․311 միավորով: Բնականաբար նվազել է ՓՄՁ-ում զգալի մասնաբաժին կազմող գերփոքր կազմակերպությունների թիվը՝ մոտ 31․671 միավորով կամ 60%-ով[43]: Անշուշտ, գործող կազմակերպությունների թվի նման նվազումը պայմանավորված է համավարակի դեռևս շարունակվող ազդեցություններով, Կառավարության կողմից համավարակի ազդեցությունների չեզոքացմանն ուղղված միջոցառումների թիրախային պասիվությամբ, հատկապես գերփոքր տնտեսվարողների նկատմամբ:
Գծապատկեր 4. Տնտեսավարողների քանակն ըստ ՀՀ մարզերի, Երևան քաղաքի ու տնտեսավարողների չափերի (միավոր), 2018-2020թթ.[44]
Դիտարկենք ՓՄՁ տնտեսվարողների քանակի՝ ըստ մարզերի և Երևան քաղաքի բաշխվածությունը (Տե՛ս Գծապատկեր 4):
Անկասկած, ուրբանիզացիայի (քաղաքաբնակեցման)[45] գործընթացների հետ կապված՝ դրանք գերազանցապես զետեղված են Երևան քաղաքում, ուստի և դրանց նվազագույն թվաքանակ է գործում մարզերում, մասնավորապես Վայոց Ձորում: Նման բաշխվածության հիմնական պատճառը Երևան քաղաքում կենտրոնացած մասնագիտական, ռեսուրսային, ենթակառուցվածքային ներուժի առկայությունն է և անշուշտ, դրանց բացակայությունը Վայոց Ձորում ու մյուս մարզերում[46]:
Սակայն ընդգծենք այն հանգամանքը, որ չնայած վերոնշյալ իրավիճակին՝ 2018-2020թթ. ընթացքում գործարար դաշտն ակտիվացել է ընդհանուր տնտեսվարողների քանակով (14384 միավոր), որից գերփոքր կազմակերպությունների քանակը նույն ժամանակահատվածում ավելացել է 14․186 միավորով, կամ ավելի քան 99%-ով: 2018թ. համեմատությամբ 2020թ. 121 միավորով ավելացել են փոքր և 71 միավորով՝ միջին կազմակերպությունները, մինչդեռ նույն ժամանակահատվածում, ինչպես արդեն նշեցինք, 32 միավորով նվազել է խոշոր կազմակերպությունների քանակը:
Այսպիսով, մեր կողմից ուսումնասիրվող ժամանակահատվածում նկատելի է տնտեսվարողների թվաքանակի աճ գործարար դաշտում, ինչը վկայում է բիզնեսի նկատմամբ հետաքրքրության և վստահության ակտիվացման մասին: Ընդ որում, դա հիմնականում տեղի է ունեցել ՓՄՁ-ի հաշվին: Գործարար միջավայրի աշխուժացման տիրույթում չենք բացառում նաև ՀՀ Կառավարության կողմից իրականացված իրավիճակային տնտեսական քաղաքականության ազդեցությունները, ստվերի կրճատմանը միտված գործողությունները, կոռուպցիոն սխեմաների նվազումը: Սակայն համավարակի ազդեցությամբ ՓՄՁ ոլորտում տնտեսվարողները դրսևորեցին խիստ բացասական վարքագիծ, ինչն արտահայտվեց համավարակին անմիջապես հաջորդող տարում գերփոքր տնտեսվարողների թվի զգալի նվազման մեջ:
Հետաքրքիր են նաև ուսումնասիրվող ժամանակահատվածում տնտեսվարողների տարբեր խմբերի կողմից թողարկված արտադրանքի և մատուցված ծառայությունների ծավալների փոփոխութունները (Տե՛ս Գծապատկեր 5): Այսպես, Գծապատկեր 5-ից պարզ է, որ ուսումնասիրվող ժամանակահատվածում թողարկված արտադրանքի ծավալներն աճել են 2019թ.՝ 5486.2 մլն դրամով, 2018թ. նկատմամբ դրանց ծավալները նվազել են, 2020թ.՝ նախորդ, 2019թ. համեմատությամբ՝ 6002.7 մլն դրամով:
Գծապատկեր 5. Տնտեսվարողների կողմից արտադրված ապրանքների ու մատուցված ծառայությունների ծավալն (շրջանառությունը) ըստ տնտեսվարողների չափերի, 2018-2020թթ.[47]
Ընդ որում, փաստենք, որ 2018թ. համեմատությամբ 516․473.9մլն դրամով տնտեսվարողների կողմից թողարկված ապրանքների և մատուցված ծառայությունների ծավալներն աճել են 2020թ.:
Ուումնասիրությունն ավելորդ չծանրաբեռնելու նպատակով արձանագրենք, որ հետազոտվող ժամանակահատվածում տնտեսվարողների տարբեր խմբերում (գերփոքր, փոքր, միջին, խոշոր) նկատելի են նույն միտումները, հատկապես նշենք այն փաստը, որ երեք տարիների ընթացքում գերփոքր տնտեսվարողների կողմից իրականացված շրջանառության ծավալներում նկատելի է շարունակական աճ:
ՓՄՁ մասնաբաժինն արտադրված ապրանքների և մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալում 2018-2020թթ. համապատասխանաբար կազմել է՝ 63,3%, 62,3%, 64,9% (Տե՛ս Գծապատկեր 6): Ավելորդ չենք համարում նշել, որ այս ժամանակահատվածում խոշոր տնտեսվարողների մասնաբաժինն արտադրված ապրանքների և մատուցված ծառայությունների շրջանառության մեջ համապատասխանաբար կազմել է 36,7%, 37.7%, 35,1%:
Գծապատկեր 6. ՓՄՁ և խոշոր տնտեսվարողների մասնաբաժնում ստեղծված ինը 2018-2020թթ. ընթացքում արտադրված ապրանքների և մատուցված ծավալների ընդամենը շրջանառության մեջ[48]:
Խոշոր կազմակերպությունների տնտեսական գործունեության բացասական միտումը համավարակի ժամանակահատվածում պայմանավորված է հիմնականում հանքահումքային արտադրանքի նկատմամբ համաշխարհային տնտեսության մեջ պահանջարկի նվազմամբ, գլոբալ մատակարարման շղթաների խափանմամբ:
Ուսումնասիրվող տարիներին ՀՀ մակրոտնտեսական իրավիճակն ու ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունն իրենց ազդեցությունը չէին կարող չունենալ ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացրած տնտեսվարողների վարձու աշխատողների թվաքանակի դինամիկայի վրա (Տե՛ս գծապատկեր 7): ՀՀ ՎԿ-ի հրապարակման մեջ ներկայացված վիճակագրությունը փաստում է, որ հետազոտվող տարիներին ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացրած տնտեսվարողների ընդամենը վարձու աշխատողների թվաքանակը 2019թ. աճել է 286․649 մարդով կամ 5 անգամ՝ 2018թ. համեմատությամբ: Ինչ խոսք, երևույթը կապված է բազմաթիվ հիմնարար միջոցառումների հետ, մասնավորապես ձեռնարկատիրական արժեհամակարգի տիրույթում այնպիսի դրական ազդակների ներարկման հետ, ինչպիսիք են վստահությունը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նկատմամբ, շուկայական ազատությունները, օրենսդրական բարեփոխումները, ստվերի կրճատումը և այլն: Սակայն կորոնավիրուսի ազդեցությամբ մակրոտնտեսական իրավիճակի վատթարացման արդյունքում 2020թ. ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացրած տնտեսվարողների վարձու աշխատողների քանակը կրճատվել է 16․431 մարդով 2019թ. նկատմամբ: Ինչ վերաբերում է նույն տարիներին ՓՄՁ տնտեսվարողների ընդամենը վարձու աշխատողների թվաքանակին, ապա փաստենք, որ 2019թ. նրանց քանակը 2018թ. նկատմամբ նույնպես ավելացել է 179․415 մարդով կամ 4 անգամ, մինչդեռ 2020թ. ՓՄՁ տնտեսվարողների ընդամենը վարձու աշխատողների թվաքանակը 2019թ. նկատմամբ կրճատվել է 15․114 մարդով: Համավարակն իր գործն արել է, պատճառների մասին արդեն նշեցինք:
Այսուհանդերձ, ՀՀ տնտեսության մեջ 2018-2020թթ. գործարար դաշտը պահպանել է իր վերընթաց դրսևորումները, հիմնականում տնտեսվարողների ընդհանուր թվաքանակը ցուցաբերել է աճի միտումներ: Արձանագրված է մեկ հետաքրքիր իրողություն ևս: Այն է, որ նույն ժամանակահատվածում ՓՄՁ տնտեսվարողների վարձու աշխատողների թվաքանակում տարեցտարի նվազել է գերփոքր տնտեսվարողների վարձու աշխատողների թվաքանակը, ընդ որում, «Մեծածախ և մանրածախ առևտուր, մեքենաների և մոտոցիկլների նորոգում» բաժնում: 2018թ. 42․940 մարդ է աշխատել գերփոքր կազմակերպություններում, 2019թ. նրանց թվաքանակը կրճատվել է 269 մարդով, և 2020թ. շարունակվել են կրճատումներն ու կազմել 3732 մարդ: Երևույթը վկայում է գերփոքր տնտեսվարողների մրցունակության ցածր մակարդակի կամ դրա իսպառ բացակայության մասին, ոչ նորարարական ձեռնարկատիրության կարողություններին տիրապետելու հմտությունների և վերջապես առևտրի խոշոր ցանցերի ստեղծման մասին: Կարևոր ենք համարում ընդգծել, որ համաձայն ՀՀ-ում վարձու աշխատողների թվաքանակն ըստ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի (ՏԳՏԴ) բաժինների և տնտեսվարողների չափերի ՀՀ ՎԿ ներկայացված վիճակագրության՝ հիմնականում վարձու աշխատողների քանակն ավելացել է փոքր և միջին կազմակերպություններում՝ «Տեղեկատվություն և կապ» բաժնում, իսկ «Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» բաժնում[49] նրանց թվաքանակն ավելացել է խոշոր կազմակերպություններում: Նորարարական ձեռնարկատիրության, բիզնես ծառայություններին ներկայացվող ժամանակակից պահանջները, բնականաբար, կարող են «պարտադրել» նման զարգացումներ:
|
|||||||||
Գծապատկեր 7. ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացրած տնտեսվարողների վարձու աշխատողների թվաքանակը (մարդ)[50]
ՓՄՁ գործունեության արդյունավետության և զարգացման ռազմավարության վերաբերյալ առավել իրատեսական պատկերացում ենք ստանում, երբ վերլուծում ենք նոր տնտեսվարողների քանակային և ոլորտային պատկանելությանը վերաբերող այնպիսի տեղեկատվություն, որը ներկայացնում է համապատասխան տարիներին ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացրած տնտեսվարողների բիզնես-դեմոգրաֆիական նկարագիրը (Տե՛ս Գծապատկեր 8): Ինչպես տեսնում ենք, ՓՄՁ-ն այս հարթության մեջ դրսևորել է նույն վարքագիծը: COVID-19 համավարակին նախորդող տարում նոր ստեղծված տնտեսվարողների քանակն ավելացել է 866 միավորով: Սակայն 2020թ. նախորդ տարվա նկատմամբ ցուցաբերել է նվազման միտում․ դրանց թիվը պակասել է 179 միավորով: Սակայն ընդհանուր առմամբ ուսումնասիրվող ժամանակահատվածում ՓՄՁ-ը դրսևորել է վերընթաց զարգացումներ և 2018թ. համեմատությամբ 2020թ. նոր ստեղծված կազմակերպությունների քանակն աճել է 687 միավորով: Այս դեպքում ևս միայն 2020թ. դրանց գերակշիռ մասը ստեղծվել է որպես գերփոքր կազմակերպություններ՝ 11402 միավոր և գերազանցապես Երևան քաղաքում: Նոր ձևավորված տնտեսվարողների ընդհանուր քանակի մոտ 52%-ն է ներկայացված մայրաքաղաքում, որի 99%-ը գերփոքր կազմակերպություններ են:
Գծապատկեր 8. Նոր ստեղծված տնտեսվարողների քանակը (միավոր) 2018-2020թթ.[51]
2020թ. ըստ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի (ՏԳՏԴ, խմբ. 2)՝ նոր ստեղծված տնտեսվարողների քանակով առաջին հորիզոնականում «Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում» բաժինն է՝ 6133 միավոր, որը կազմում է ընդամենը նոր ստեղծվածների 53%-ը: Երկրորդ հորիզոնականում «Մշակող արդյունաբերություն»-ն է՝ 1592 միավոր կամ ընդհանուրի 14%-ը: Երրորդ հորիզոնականում «Կացության և հանրային սննդի կազմակերպում» բաժինն է՝ 871 միավոր կամ ընդհանուր նոր ստեղծվածների 7,6%-ը: 2019թ. նոր ստեղծված կազմակերպությունները գրանցել են աճի միտում, Թվաքանակը 2019թ. 2018թ. համեմատությամբ ավելացել է 866 միավորով: 2019թ․ ըստ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի (ՏԳՏԴ խմբ. 2)՝ նոր ստեղծված տնտեսվարողների քանակով առաջին հորիզոնականում «Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում» բաժինն է՝ 6939 միավոր, որը կազմում է ընդամենը նոր ստեղծվածների 60%-ը: Երկրորդ հորիզոնականում «Կացության և հանրային սննդի կազմակերպում» բաժինն է՝ 1120 միավոր կամ ընդհանուրի 9,7%-ը: Երրորդ հորիզոնականում «Մշակող արդյունաբերություն»-ն է՝ 1027 միավոր կամ ընդհանուր նոր ստեղծվածների 8,8%-ը: Փաստորեն համավարակի ազդեցություններն առավել ցցուն ներկայացվում են այս երեք բաժիններում (Տե՛ս Գծապատկեր 9), որտեղ նկատելի են 2019թ. նկատմամբ 2020թ. ցուցանիշների էական նվազում՝ բացառությամբ «Մշակող արդյունաբերություն» բաժնի, այստեղ գրանցվել է 5,2% աճ: Մասնավորապես էական անկում է գրանցվել՝ մոտ 7%՝ «Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում» բաժնում և 2,1% անկում՝ «Կացության և հանրային սննդի կազմակերպում» բաժնում: Փոփոխությունների դինամիկան 2020թ. նույնն է 2018թ. համեմատությամբ:
Գծապատկեր 9. ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացրած նոր ստեղծված տնտեսավարողների բիզնես-դեմոգրաֆիական նկարագիրը 2018-2020թթ.:
ՓՄՁ զարգացման որակական ցուցանիշ է նաև դրանց լուծարմանը վերաբերող վիճակագրությունը (Տե՛ս գծապատկեր 10 )։
Գծապատկեր 10. Գործունեությունը դադարեցրած/լուծարված (մահացած) տնտեսավարողների քանակն ըստ տնտեսավարողների չափերի (միավոր), 2018-2020թթ.[52] Կարծում ենք՝ համավարակի ազդեցության ամենացայտուն վարքագծի մասին է վկայում այս ցուցանիշը: Այսպես, ուսումնասիրվող ժամանակահատվածում նկատում ենք գործունեությունը դադարեցրած տնտեսվարողների ամենամեծ քանակը 2020թ․, ընդ որում, գերփոքր կազմակերպությունների շրջանակում: Գործունեությունը դադարեցրել են 8836 գերփոքր տնտեսվարողներ, որոնց մասնաբաժինը գործունեությունը դադարեցրած տնտեսվարողների ընդհանուր քանակում կազմել է 99%: Վերջիններիս կազմում հիմնականում լուծարվել են վարձու աշխատող չունեցող տնտեսվարողները (գերփոքր տնտեսվարողների ընդհանուր քանակի 59%-ը): Գերփոքր տնտեսվարողներն առավել կայուն գործունեություն են իրականացրել 2019թ., ընդհանուր «մահացած» կազմակերպությունների ընդամենը 10%-ն են կազմել գերփոքրները: |
|||||||||
2020թ. ըստ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի (ՏԳՏԴ խմբ. 2)՝ առաջին հորիզոնականում «Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում» բաժինն է՝ 6123 միավոր, որը կազմում է ընդամենը լուծարվածների 68%-ը: Թվաքանակը 2019թ. համեմատությամբ ավելացել է 1369 միավորով: Նույն բաժնում 2018թ. ըստ տնտեսական գործունեության տեսակների՝ լուծարվածների 69%-ն են կազմել գերփոքր կազմակերպությունները, իսկ 2019թ. ընդհանուրի մեջ դրանց մասնաբաժինը կազմել է 70%: Կարծում ենք՝ ուսումնասիրվող ժամանակահատվածում անչափ մտահոգիչ է և՛ նոր ստեղծված, և՛ լուծարված տնտեսվարողների քանակների համեմատությունը: Բանն այն է, որ երևույթը նույնիսկ զավեշտալի է այն առումով, որ ինչ արագությամբ ստեղծվում են ՓՄՁ կազմակերպություններ, գրեթե նույն արագությամբ էլ «մահանում» են (Տե՛ս Գծապատկեր 11): Անշուշտ սա վկայում է ՓՄՁ զարգացման ոչ կայուն, միայն կարճաժամկետ սոցիալական խնդիրների լուծմանը միտված տնտեսական գործունեության մասին: Այսպես, երբ համեմատում ենք տարբեր տարիներին նոր ստեղծված տնտեսվարողների քանակը, ապա դրական պետք է գնահատել գործարար դաշտի ակտիվացումը, իհարկե գերփոքր կազմակերպությունների հաշվին: Միայն 2020թ. նախորդ տարվա համեմատությամբ լուծարված կազմակերպությունների քանակն ավելացել է 2173 միավորով: Դրանց կրճատման միտումը պահպանվել է նաև 2018թ. նկատմամբ, այն 2020թ. ավելացել է 987 միավորով: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, տնտեսության երկարաժամկետ զարգացումների առումով ՀՀ տնտեսվարողների նման ծավալային սնանկացումները կարող են պարունակել լուրջ ռիսկեր՝ տնտեսական աճի ապահովման, երկրի մրցունակության, աղքատության մակարդակի խորացման և այլ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների տիրույթում:
Գծապատկեր 11. Նոր ստեղծված և գործունեությունը դադարեցրած/լուծարված (մահացած) տնտեսավարողների ընդհանուր քանակը (միավոր), 2018-2020թթ.[53] Այն հանգամանքը, որ ՓՄՁ ոլորտում ընդգրկված կազմակերպությունների ընդհանուր թվում մեծ մասնաբաժին ունեն առևտրի ոլորտի ձեռնարկությունները, այսինքն մեծածախ և մանրածախ ոլորտում ընդգրկված գերփոքր կազմակերպությունները, կնշանակի՝ ակնհայտ են այն կորուստները, որոնք կրեցին նշյալ տնտեսվարողները հարկադիր պարապուրդների և մեկուսացման պայմաններում: Ավելին, եթե արձանագրենք նաև այն փաստը, որ նման տնտեսվարողների գործունեությունը հիմնականում միտված է սոցիալական խնդիրների լուծմանը, գործարարությամբ զբաղվելու մարդկանց շարժառիթն ընտանիքի սոցիալական կարիքների բավարարումն է, ուստի և ակնհայտ է համակարգի չգեներացման փաստը: Ուստի և երևույթի սոսկ հպանցիկ դիտարկումն արդեն իսկ բավականաչափ խոսուն է բացասական ազդեցությունների տեսանկյունից: Այս ուսումնասիրությունների շրջանակում առանձնակի ուշադրություն ենք հատկացրել ըստ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի (ՏԳՏԴ խմբ. 2) բիզնես ծառայությունների հետ կապված բաժիններում տնտեսվարողների քանակակական փոփոխություններին: Բանն այն է, որ համավարակն իր բացասական ազդեցություններից զատ նպաստեց համաշխարհային տնտեսության մեջ արդեն իսկ հաջողություններ գրանցած մի երևույթի, այն է՝ արդյունաբերական չորրորդ հեղափոխությամբ պայմանավորված նոր մասնագիտությունների նկատմամբ օրեցօր աճող պահանջարկին: Ուսումնասիրել ենք «Տեղեկատվություն և կապ», «Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն», «Սպասարկման ծառայություններ՝ Տ95 համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում» բաժիններում տնտեսվարողների քանակի փոփոխությունները (Տե՛ս գծապատկեր 12) և հանգել այն եզրակացության, որ ուսումնասիրվող տարիներին տնտեսվարողների ընդհանուր քանակում վերոնշյալ երեք բաժիններն ունեցել են ներքոնշյալ պատկերը: Նկատում ենք, որ «Տեղեկատվություն և կապ» բաժնում 2020թ. գրանցվել է տնտեսվարողների քանակի աճ 2018թ. նկատմամբ՝ 0,2%-ով, «Սպասարկման ծառայություններ՝ Տ95 համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում» բաժնում՝ 5,7% աճ, իսկ «Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» բաժնում՝ 0,3%աճ: Կնշանակի՝ բիզնես ծառայությունների ոլորտում վերջին երեք տարիներին տնտեսվարողների քանակն ավելացել է 12,2%-ով:
Գծապատկեր 12. 2018-2020թթ. ընթացքում ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացրած տնտեսվարողների բիզնես-դեմոգրաֆիական նկարագիրը (միավոր)[54]
Ընդհանուր առմամբ նշված երեք բաժիններում 2018թ. նկատմամբ տնտեսվարողների քանակը 2020թ. ավելացել է 7503 միավորով, իսկ 2019թ. նկատմամբ՝ 1302 միավորով, այսինքն մոտ 6 անգամ ավելի պակաս: 2018թ.-ից հետո ոլորտային այս բուռն աճը հիմնականում պայմանավորված է համամասնական եկամտային հարկի դրույքաչափերի փոփոխությամբ, դրանց աստիճանաբար նվազեցմամբ, ստվերի կրճատմամբ և ամենակարևորը՝ նմանատիպ ծառայությունների մատուցման նկատմամբ պահանջարկի աշխուժացմամբ: Գաղտնիք չէ, որ կազմակերպությունների տնտեսական գործունեության արդյունավետությունն արտահայտվում է մի այնպիսի ամփոփ ցուցանիշում, ինչպիսին Համախառն ավելացված արժեքի մասնաբաժինն է ՀՆԱ-ում ըստ ՏԳՏԴ խմբ. 2-ի առավել խոշոր խմբերի ու տնտեսվարողների չափերի: Այս տիրույթում, փաստենք, որ ընդամենը (Տե՛ս Գծապատկեր 13) 2020թ. նշյալ տնտեսվարողների մասնաբաժինը տոկոսներով ՀՆԱ-ի նկատմամբ առավել բարձր ցուցանիշ է գրանցել Արդյունաբերություն, ներառյալ էներգետիկա խմբում (B,C,D,E` 18,6%): Երկրորդ հորիզոնականում Առևտուրն է (G)` 9,8%, երրորդում Ծառայություններն են (H,I,J,L,M,N,Տ95)՝ 9.1%: 2019թ. նկատմամբ այս ցուցանիշները դրսևորել են էական փոփոխություններ, մասնավորապես նվազել է Ծառայությունների մասնաբաժինը՝ 2%-ով, և 3,1%-ով ավելացել է Արդյունաբերություն, ներառյալ էներգետիկա խմբի մասնաբաժինը: Վերջինս նշանավորվում է համավարակով պայմանավորված հոմքային ռեսուրսների համաշխարհային գների կտրուկ անկմամբ, սակայն տարեվերջին արդեն դրանց նկատմամբ պահանաջարկի մասնակի վերականգնմամբ և բնականաբար գների աճով: 0,2%-ով նվազել է Առևտրի մասնաբաժինը: Ավելացել է նաև Շինարարության մասնաբաժինը՝ 0,8%-ով: Հատկապես Ծառայությունների խմբում նշյալ վիճակագրությունը խիստ ակնհայտորեն փաստում է համավարակով պայմանավորված տնտեսության մեջ տեղի ունեցած փոփոխությունները՝ Փոխադրումների և պահեստային տնտեսությունների, Անշարժ գույքի, Կացության և հանրային սննդի, Վարչարարական և օժանդակ գործունեության հետ կապված գործունեություններում (-2%), ինչն էլ իր արտահայտությունն է գտել մակրոտնտեսական այնպիսի ցուցանիշում, ինչպիսին ՀՆԱ-ն է:
Գծապատկեր 13. Համախառն ավելացված արժեքի մասնաբաժինը ՀՆԱ-ում ըստ ՏԳՍԴ խմբ. 2-ի առավել խոշոր խմբերի ու տնտեսվարողների չափերի, 2019-2020թթ., %-ով ՀՆԱ-ի նկատմամբ[55]
Այս նույն ուսումնասիրության շրջանակներում, արձանագրենք, որ ՓՄՁ ոլորտում ևս (Տե՛ս Գծապատկեր 14) 2020թ. տեղի են ունեցել փոփոխություններ, մասնավորապես Համախառն ավելացված արժեքի մասնաբաժինն ամենաշատն ունեցել է Առևտուր խումբը՝ 9,0%, որը նույնն է եղել նաև 2019թ.: ՓՄՁ ոլորտի Համախառն ավելացված արժեքի մասնաբաժինը ՀՆԱ-ում ավելացել է Արդյունաբերություն, ներառյալ էներգետիկա խմբում 0,9%-ով, ավելացել է Շինարարության մասնաբաժինը՝ 0,5%-ով և Ծառայությունների խմբում օրինաչափորեն գրանցվել է անկում՝ -1,1%:
Գծապատկեր 14. Համախառն ավելացված արժեքի մասնաբաժինը ՀՆԱ-ում ըստ ՍԳՍԴ խմբ. 2-ում, ընդամենն ըստ ՓՄՁ տնտեսվարողների 2019-2020թթ., %-ով ՀՆԱ-ի նկատմամբ[56]
Ընդամենը ՓՄՁ Համախառն ավելացված արժեքի մասնաբաժինը ՀՆԱ-ում ըստ ՏԳՍԴ խմբ․ 2-ի՝ 2020թ. ավելացել է 0,3%-ով, ինչը, կարծում ենք, պայմանավորված է «Տեղեկատվություն և կապ» խմբում, մասամբ նաև Առևտրում որոշակի արժեք ստեղծելու հնարավորությամբ: Այսպիսով, ՓՄՁ տնտեսվարողների կողմից արտադրված Համախառն ավելացված արժեքի նվազ մասնաբաժնի պատճառը ՀՆԱ-ում այն է, որ ՀՀ-ում չեն իրականացվում երկարաժամկետ բիզնես նախագծեր ՓՄՁ տիրույթում: ՓՄՁ-ը հիմնականում միտված է կարճաժամկետ և բացառապես սոցիալական խնդիրների լուծմանը, գրագետ չէ բիզնես վարքագիծը, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ձևախեղված է ձեռնարկատիրության արժեհամակարգը: COVID-19 համավարակի ազդեցությունները դեռևս երկար ժամանակ իրենց զգացնել կտան: Բավական է նշել, որ որ 2021թ. ՓՄՁ տնտեսվարողների քանակը կրճատվել է 68%-ով, իսկ գերփոքր տնտեսվարողներինը՝ 60%-ով: Ուստիև ՓՄՁ վերականգնման և հետագա զարգացման հնարավորություննրի բացահայտումը և խնդրի լուծման առաջարկությունների ներկայացումը խիստ այժմեական են: |
|||||||||
ՓՄՁ ՈԼՈՐՏԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց, Հայաստան 2019/2020թ.»-ում[57] մասնավորապես նշվում է, որ Հայաստանն աշխարհին վաղուց է հայտնի իր ձեռնարկատիրական կարողություններով… «»Յուրաքանչյուր հինգերորդ չափահաս անձն ընդգրկված է ձեռնարկատիրական որևէ սկսնակ գործունեությունում, որը 7-րդ ցուցանիշն է ուսումնասիրությանը մասնակցած 50 երկրի շարքում: Ավելին, Հայաստանի բնակչության 28%-ը զբաղվում է որևէ բիզնեսով… , և այս ցուցանիշով Հայաստանը 6-րդն է 50-ից[58]»: Այս թեզն իր արձանագրումն է գտել նաև մեր կողմից կատարված ուսումնասիրության շրջանակներում՝ այն տրամաբանությամբ, որ, ինչպես տեսանք, վերջին տարիներին ձեռնարկատիրության արժեհամակարգը, չնայած որոշ ազդեցություններին, շարունակում է ի դեմս ՓՄՁ-ի լուրջ դերակատարում ունենալ երկրի տնտեսական կյանքում, ընդ որում, այն ձեռնարկատիրությունը, որտեղ զբաղված է ընդամենը 0-9 մարդ: Սակայն մտահոգիչն այն է, որ գերփոքր կազմակերպությունները չեն վերածվում փոքրերի, փոքրերը՝ միջինի, միջինն էլ՝ խոշորի: Այս իրողության շրջանակներում, կարծում ենք, անչափ կարևորվում է պետության աջակցությամբ երկարաժամկետ ծրագրերի իրականացումը: Համավարակի հետ կապված, թերևս, հիմնարար տնտեսական իրողությունն այն է, որ այն արագացրեց փլուզման ու անկայությունների շղթան ոչ միայն համաշխարհային տնտեսության մեջ, այլ նաև Հայաստանում: COVID-19 համավարակը խորացրեց խրոնիկ տնտեսական բևեռացումը, և հասարակությունն առավել ցցուն զգաց այդ հիմնախնդիրը[59]: Կորոնավիրուսն առաջացրեց աննախադեպ տնտեսական իրավիճակ և գլոբալ տնտեսական աճի դանդաղում՝ իր բոլոր բացասական հետևանքներով՝ մատակարարման շղթաների խափանումներ, աղքատության աճ, գործազրկութան աճ, գնաճ, և՛ պահանջարկի, և՛ առաջարկի անկում: Այլ կերպ կարող ենք արձանագրել և՛ սպառողների, և՛ արտադրողների վարքագծային էական փոփոխությունները: Ճգնաժամը հատկապես էապես հարվածեց ՓՄՁ ոլորտին, մասնավորապես մանրածախ և մեծածախ առևտրի, կացության և հանրային սննդի կազմակերպման, շինարարության, զբոսաշրջության, տրանսպորտի ոլորտներին: Ի հայտ եկան ՓՄՁ ոլորտում ֆինանսների սղության, մասնագիտական կարողությունների անբավարարության, նոր մասնագիտություններին արագ արձագանքելու, ձեռնարկատիրական ժամանակակից մշակույթի տարրերին անհաղորդ կեցվածքի, բիզնես գիտելիքների և տեղեկատվության բացակայության դրսևորումներ: Վերջիններս ՓՄՁ ոլորտում ձևավորեցին գործունեության բարենպաստ միջավայրի ոչ լիարժեքության հետ կապված հիմնախնդիրներ: Ձեռնարկատիրական արժեհամակարգը ենթարկվեց էական ցնցումների, հատկապես ՓՄՁ տնտեսվարողների տիրույթում: Հայաստանում 2018-2020թթ. ՓՄՁ-ի ճյուղային կառուցվածքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն կենտրոնացած է 3 հիմնական ոլորտներում՝ Մեծածախ և մանրածախ առևտուր, Մշակովի արդյունաբերություն, Կացության և հանգստի կազմակերպում: Եզրահանգումն այս պարագայում մեկն է՝ ձեռնարկատիրական գործունեության հիմնական ոլորտները Հայաստանի մրցակցային ներուժի գեներացման տեսանկյունից գրեթե խոստումնալից չեն՝ թերևս բացառելով մշակող արդյունաբերությունը, սակայն վերջինիս մասնաբաժինը ՓՄՁ տիրույթում էական չէ, ավելին, եթե նկատի ունենանք այն փաստը, որ ընդհանրապես ՀՀ-ում խիստ ցածր է աշխատանքի արտադրողականությունը: Ըստ ձեռնարկատիրության արտադրողականության՝ Հայաստանը վերջին դիրքերում է: Ինչպես նշվում է «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց. Հայաստան 2019/2020» զեկույցում, «Հայաստանում ձեռնարկատիրության ճյուղային կառուցվածքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ըստ ձեռնարկատիրության արտադրողականության՝ Հայաստանը վերջին դիրքերում է: Ի տարբերություն 2019թ. հարցմանը մասնակցած երկրների մեծամասնության՝ Հայաստանում ձեռնարկատիրությունը կենտրոնացած է 2 հիմնական ճյուղում՝ գյուղատնտեսությունում և առևտրում, ընդ որում, ամենացածր արտադրողականությունն ունեցող ճյուղի՝ գյուղատնտեսության մասնաբաժնով Հայաստանն առաջին տեղում է, իսկ ամենաբարձր արտադրողականությունն ունեցող ճյուղի՝ բիզնես ծառայությունների մասնաբաժնով՝ վերջին տասնյակում»[60]: Ուստի և ոչ պատահականորեն «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․ ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ․ գործողությունների ծրագիրը հաստատելու մասին»[61] ՀՀ Կառավարության 2020թ․ օգոստոսի 27-ի թիվ 1443-Լ որոշման մեջ նշվեց, որ ՓՄՁ զարգացման ռազմավարության առաքելությունն է նորարարական և մրցունակ ՓՄՁ-ների ձևավորման և աճի համար ստեղծել բարենպաստ միջավայր: Վերջինս ենթադրում է ՓՄՁ-ների արտադրողականության բարձրացում, նորագույն տեխնոլոգիաների հասանելիություն, ոլորտում զբաղվածների աճ, ֆինանսների հասանելիություն՝ վենչուրային հիմնադրամների, բիզնես-հրեշտակների, ֆինանսավորման այլընտրանքային տարբերակների կիրառման միջոցով: Կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջ եկած մարտահրավերներին դիմակայելու նպատակով ՀՀ կառավարության կողմից 26․03․2020թ․ ընդունվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված համալիր միջոցառումների փաթեթը, որով նախատեսվում էր ՀՀ տնտեսվարողներին օժանդակության տրամադրման մի քանի գործիք, 10 միջոցառումներ[62], մասնավորապես դրանցում նախատեսվում էր աջակցել ՓՄՁ-ին՝ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու նպատակով, կամ աջակցություն միկրոբիզնեսին՝ ձեռնարկատիրական մշակույթը զարգացնելու և համապատասխան գիտելիքներ փոխանցելու նպատակով, միջոցառումներ՝ թվային տեխնոլոգիաներին տիրապետելու և նոր մասնագիտական հմտություններ ձեռքբերելու շրջանակներում: Վերջինս նոր հնարավորություն է ոլորտի զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման և եկամտաբեր ու երկարաժամկետ ծրագրերի ներդրման առումով: Համավարակի և մեկուսացման պայմաններում ոչ միայն երկրի բնակչության, այլ նաև գործարար միջավայրի փրկօղակներից մեկը կարելի է համարել ինտերնետ հասանելիությունը: Ինչպես վկայում են «Ինտերնետի օգտագործումը Հայաստանում․ Ինչպե՞ս են անհատներն ու բիզնեսներն ինտերնետն օգտագործում հնարավորություններից օգտվելու համար» հետազոտողները[63], «Հայաստանաբնակներն ինտերնետից օգտվում են հիմնականում ժամանցի և բազային հաղորդակցության նպատակով[64]», ավելին, ՓՄՁ ոլորտը համացանցն օգտագործում է գերազանցապես վաճառքը խթանելու, հասարակայնության հետ կապն ապահովելու, հաշվապահական հաշվառման գործընթացներն օպտիմալացնելու նպատակով: Ընդ որում, նմանատիպ կազմակերպությունների մասնաբաժինն ընդհանուրի մեջ չի գերազանցում 50 տոկոսը: Հետազոտողները վկայում են նաև, որ ՓՄՁ կազմակերպությունները թվային հարթակից օգտվում են հիմնականում հարկային վճարումներ կատարելու նպատակով, իսկ ինչ վերաբերում է էլեկտրոնային պայմանագրերի կնքմանն ու էլեկտրոնային վճարումներ կատարելու ՓՄՁ գործառույթներին, ապա այս հատվածում ակտիվ է ընդամենը ՓՄՁ-ի 20 տոկոսը: Կարծում ենք՝ ցուցանիշներն իսկապես խոսուն են, և արդյունաբերական չորրորդ հեղափոխության շեմին ՓՄՁ-ի նման վարքագիծը կարող է ձախողումների և հետընթացի լուրջ խոչընդոտներից մեկը լինել: Այսպիսով, մեր կողմից կատարված հետազոտության շրջանակներում հանգում ենք այն եզրակացության, որ ՓՄՁ ոլորտը հայաստանյան տնտեսական իրականության մեջ կատարում է որոշիչ դեր: Այդ են վկայում. ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացրած ՓՄՁ տնտեսվարողների քանակական աճող փոփոխությունները, Երևանում ՓՄՁ կենտրոնացվածության բարձր մակարդակը, ՀՀ տնտեսության մեջ տնտեսվարողների տարբեր խմբերի կողմից թողարկված արտադրանքի և մատուցված ծառայությունների ծավալների փոփոխությունների դրական դինամիկան՝ ՓՄՁ ակտիվ դերակատարմամբ, ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացրած տնտեսվարողների բիզնես-դեմոգրաֆիական տիրույթում նոր ստեղծված տնտեսվարողների քանակի աճող փոփոխությունները, Ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի (ՏԳՏԴ խմբ. 2) բիզնես ծառայությունների հետ կապված «Մշակող արդյունաբերություն» բաժնում ՓՄՁ տնտեսվարողների զգալի մասնաբաժինը, ՀՀ ՀՆԱ-ում Համախառն ավելացված արժեքի գրեթե 1/3 մասնաբաժինն ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի (ՏԳՏԴ խմբ. 2) ՓՄՁ-նն է: Այս առումով մասնավորապես նշենք, որ ՀՀ-ում ըստ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի (ՏԳՏԴ խմբ. 2) բիզնես ծառայությունների հետ կապված տնտեսվարողների քանակի և արտադրված ապրանքների ու մատուցված ծառայությունների ծավալների էական ավելացումը հատկապես ներքոնշյալ ոլորտներում. Ø «Տեղեկատվություն և կապ», Ø «Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն», Ø «Սպասարկման ծառայություններ՝ Տ95 համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում», Ø «Մշակող արդյունաբերություն»: Իհարկե, ՓՄՁ տնտեսվարողների քանակի ավելացումը և դրանց կողմից արտադրված ապրանքների և մատուցված ծառայությունների ծավալների ավելացումը հակված չենք համարել տնտեսական առաջինթացի կայուն և երկարաժամկետ գրավական, սակայն, վերոնշյալ և մեր ուսումնասիրությունից դուրս այլ հետազոտողների կողմից բարձրաձայնված հիմնախնդիրների լուծմանը միտված ՀՀ Կառավարության կողմից տնտեսական քաղաքականությունը կարող է իրականություն դարձնել և գեներացնել այն հնարավորությունները, որոնք առկա են ՓՄՁ ոլորտում: Այսուհանդերձ, ՓՄՁ ոլորտում առկա են որոշակի հիմնախնդիրներ, որոնցից նշենք ուսումնասիրության արդյունքում մեր կողմից բացահայտված առավել էականները. o ՓՄՁ ոլորտում գերփոքր տնտեսվարողների խիստ զգալի մասնաբաժինը՝ ՓՄՁ տնտեսական գործունեությունը բնութագրող գրեթե բոլոր ցուցանիշների շրջանակում և հատկապես փոքր ու միջին տնտեսվարողների անհամեմատ պասիվ վարքագիծը, o ՓՄՁ տնտեսական գործունեության արդյունքների գեներացման դանդաղ ընթացքը, o ՓՄՁ ոլորտում տնտեսվարողների կենսապարբերաշրջանի կարճատև տևողությունը, o նոր ստեղծված և գործունեությունը դադարեցրած/լուծարված (մահացած) տնտեսավարողների ընդհանուր քանակների միջև աննշան տարբերությունը, ինչը վկայում է ՓՄՁ տնտեսվարողների իրավիճակային բիզնես մտածողության, գործարար դաշտի արդյունավետ և հեռանկարային զարգացման վերաբերյալ գիտելիքների պակասի մասին, o ՓՄՁ գործունեությունն այնպիսի ոլորտներում, որոնք աշխատատար են, ոչ գիտատար, հետևաբար նաև արտադրված ապրանքներն ու մատուցված ծառայությունները մրցունակ չեն: Վերոնշյալ եզրահանգումները վկայում են, որ ՓՄՁ ոլորտը, չնայած առկա հիմնախնդիրներին, կենսունակ է, ավելին, COVID-19 համավարակի բացասական ազդեցություններին կարողացավ դիմակայել, օժտված է վերականգնողական լուրջ վարքագծով և հետքովիդյան ժամանակահատվածում ցուցաբերում է վերադասավորումների ճկուն վարքագիծ: Տեսնո՞ւմ ենք, արդյոք, հնարավորություններ, ՓՄՁ ոլորտը վերականգնելու և հետագա զարգացում ապահովելու տեսանկյունից: Այո՛, հետազոտության սեղմ ծավալում ակնհայտ են ՓՄՁ զարգացմանը նպաստող հնարավորությունները: Հայաստանում սերնդեսերունդ ձևավորված ձեռնարկատիրության արժեհամակարգը՝ հայ մարդու պայքարելու, արարելու ջիղը, գործարար մտածողությունն ու ռիսկին դիմելու հատկանիշը, նաև այսօր ՀՀ կառավարության կողմից իրականացված հարկային, օրենսդրական բարեփոխումները, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը ձևավորում են նոր հնարավորություններ՝ հայաստանյան գործարար դաշտի, հատկապես ՓՄՁ ոլորտի հետագա և առաջընթաց զարգացման համար:
Հնարավորություններն իրականություն դարձնելու համար առաջարկում ենք. v Հարկային, վարկային, օրենսդրական նախաձեռնությունների միջոցով բարենպաստ միջավայր ստեղծել հատկապես փոքր և միջին ձեռնարկատիրության հետագա զարգացման համար, v ՓՄՁ տնտեսվարողներին աջակցել դիվերսիֆիկացնել բիզնես-դեմոգրաֆիական միջավայրում իրենց գործունեությունը՝ ելնելով ՀՀ կառավարության կողմից սահմանված տնտեսական առաջնահերթություններից, v Աջակցել մարզերում ՓՄՁ երկարաժամկետ գործունեությանը՝ հենվելով պետություն-մասնավոր հատված համագործակցության ակտիվացման վրա։ Աշխարհը, մասնավորապես միջազգային տնտեսական կառույցները, պարտավոր են համատեղ մշակել գլոբալ ծրագրեր՝ նման անկանխատեսելի իրավիճակներում արագ արձագանքման և հնարավոր ռիսկերի մեղմման նպատակով: Փոխվեցին մարդկանց վարքագիծը, նրանց միջև հաղորդակցության ձևերը, եղանակները, ավանդական փոխառնչություններին փոխարինելու եկան նոր սովորույթներ, նոր գործելաոճ և ինչու չէ նաև նոր մտածելակերպ: Հետայսու կազմակերպությունները պարտավոր են դրսևորվել ավելի մեծ ճկունությամբ և մշտապես պատրաստ լինել «Սև կարապներ»-ի այցելությանը: Իրավիճակային որոշումների կայացման ժամանակներն արդեն անցել են, կենսական անհրաժեշտություն են երկարաժամկետ, գիտականորեն հիմնավորված, համակարգային լուծումներով տնտեսական քաղաքականության մշակումը և դրանց իրագործմանն ուղղված միջոցառումների առաջնահերթությունների կենսագործումը՝ անկախ երկրում ձևավորված ինստիտուցիոնալ կառույցների տարընկալումների:
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED) Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)
|
[1] ՀՀ Հարկային օրենսգիրք, http://www.irtek.am/views/act.aspx?aid=150068
[3] ՀՀ օրենքը Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին, https://www.arlis.am/documentview.aspx?docID=64617
[4] ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ , Ո Ր Ո Շ ՈՒ Մ, 27 օգոստոսի, 2020թ․ թիվ 1443-Լ, ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020-2024թթ․ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2020-2022թթ․ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=145707
[5] «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց, Հայաստան 2019/2020», GEM Հայսատանի ազգային զեկույց, Ամերիա ՓԲԸ, 2020թ.
[6] «Փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանի Հանրապետությունում» վիճակագրական տեղեկագիր, հունվարի 1-ի դրությամբ, 2020թ., Երևան, 2020թ.,էջ 5։
[8] Եվրոստատ, https://ec.europa.eu/eurostat/fr/web/structural-business-statistics/small-and-medium-sized-enterprises
[9] Տնտեսագիտական հետազոտությունների և վիճակագրության ազգային ինստիտուտ, INSEE, https://www.insee.fr/fr/metadonnees/definition/c1962, ՓՄՁ բնորոշում, հրապարակված է 06.11.2019թ.
[10] Տնտեսագիտական և ֆինանսական բառարան (Dictionnaire économique et financier), https://www.journaldunet.fr/business/dictionnaire-economique-et-financier/1199245-pme-definition-traduction-et-synonymes/
[11] ՏԶՀԿ, ՓՄՁ և ձեռնարկատիրության հեռանկարներ 2021, զեկույց, https://www.oecd.org/industry/smes/SME-Outlook-2021-Country-profiles.pdf
[12] Տե՛ս նույն տեղում։
[13] Համաշխարհային բանկ, Ակնարկ, Ֆինանսավորում՝ արդար վերականգնման համար, https://openknowledge.worldbank.org/bitstream/handle/10986/36883/9781464817304.pdf
[14] Տե՛ս նույն տեղում։
[15] Տե՛ս նույն տեղում։
[16] ՏԶՀԿ, ՓՄՁ և ձեռնարկատիրության հեռանկարներ 2021, զեկույց, https://www.oecd.org/industry/smes/SME-Outlook-2021-Country-profiles.pdf
[17] Համաշխարհային բանկ, «Գլոբալ տնտեսական հեռանկարներ», զեկույց, հունիս, 2022, https://www.banquemondiale.org/fr/publication/global-economic-prospects
[18] Global State of Small Business Report, https://about.fb.com/wp-content/uploads/2020/12/Final-Global-State-of-Small-Business-Report.pdf, էջ 14:
[19] Համաշխարհային բանկ, «Գլոբալ տնտեսական հեռանկարներ», զեկույց, հունիս, 2022, https://www.banquemondiale.org/fr/publication/global-economic-prospects
[20] Ջուլիետա Թադևոսյան, «Հայաստանյան այս աշունն այնքան էլ խոստումնալից չէ», https://regst.wordpress.com/2021/12/02/khostumnalic_che/
[21] ՀՀ ՎԿ (ԱՐՄՍՏԱՏ), Հրապարակումներ, Մակրոտնտեսական ցուցանիշներ, 2020թ. հունվար-դեկտեմբերի արդյունքները բնութագրող հիմնական ցուցանիշները, https://www.armstat.am/file/article/sv_12_20a_03.pdf
[22] Մեր կողմից կատարված սույն հետազոտության շւջանակներում հաջորդիվ կներկայացնենք ՀՀ կորոնավիրուսային մակրոտնտեսական իրավիճակով պայմանավորված ՓՄՁ ոլորտի ցուցանիշների փոփոխությունները:
[23] ՀՀ ՎԿ (ԱՐՄՍՏԱՏ), Հրապարակումներ, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ․ հունվար-հունիսին, https://www.armstat.am/file/article/sv_06_20a_03.pdf
[24] ՀՀ ՎԿ (ԱՐՄՍՏԱՏ), ՀՀ սոցիալ- տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2021թ․ հունիս (2021թ. հուլիսի 26-ի դրությամբ), թիվ 6, Երևան, 2021:
[25] ՀՀ ՎԿ (ԱՐՄՍՏԱՏ), Հրապարակումներ, Մակրոտնտեսական ցուցանիշներ, 2021թ. հունվար-հունիսի արդյունքները բնութագրող հիմնական ցուցանիշները, https://www.armstat.am/file/article/sv_06_21a_03.pdf
[26] ՀՀ Կառավարություն, Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրեր, https://www.gov.am/am/covid19./
[27] ՀՀ ՎԿ (ԱՐՄՍՏԱՏ), Հրապարակումներ, ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը հունվար-դեկտեմբերին, Մակրոտնտեսական ցուցանիշներ, https://www.armstat.am/file/article/sv_12_21a_03.pdf
[28] ՀԲ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսությունների ակնարկ, Պատերազմ տարածաշրջանում, գարունլ, 2022,
[29] Համաշխարհային բանկ, Զեկույց, Գլոբալ տնտեսական հեռանկարներ, 2022թ․ հունիս, https://www.worldbank.org/en/publication/global-economic-prospects
ՀՀ ԿԲ, Գնաճի հաշվետվություն, https://www.cba.am/AM/pperiodicals/Monetary%20overview_II_2022.pdf
[30] ՀՀ ՎԿ, ԱՐՄՍՏԱՏ, Հրապարակումներ, ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2022թ. հունիսին (2022թ. հուլիսի 25-ի դրությամբ), https://www.armstat.am/am/?nid=157&id=860
[31] ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, Փոքր և միջին ձեռնարկատիրություն, https://www.mineconomy.am/page/86?fbclid=IwAR21C9cXaa-4BBOKI7DvRFAo2Cp59Owo0cWn4rjrq7zTX_0AW3cvZI2lcfA
[33] «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց, Հայաստան 2019/2020», Ամերիա ՓԲԸ, 2020, էջ 6։
[34] Տե՛ս նույն տեղում, էջ 18։
[35] Տե՛ս նույն տեղում, էջ 14։
[36] Տե՛ս նույն տեղում, էջ 22։
[37] Ուսումնասիրության շրջանակներում ընդգրկված են երկրներ Արևելյան Եվրոպայից, Արևմտյան Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից, Արևելյան Ասիայից և Օվկիանիայից, Լատինական Ամերիկայից և Կարիբյան ավազանից, Հյուսիսային Ամերիկայից, ՁՀՁ 2019/2020, էջ 151։
[38] ՀՀ ՎԿ (ԱՐՄՍՏԱՏ), ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ, 2020թ. հունվարի 1-ի դրությամբ, Երևան 2020,
[39] ՀՀ ՎԿ (ԱՐՄՍՏԱՏ), Հրապարակումներ, Փոքր և միջին ձեռնարկատիրությունը ՀՀ-ում, 2021թ., https://armstat.am/file/article/sme__bul_2021_arm.pdf
[40] ՀՀ ՎԿ (ԱՐՄՍՏԱՏ), Հրապարակումներ, Փոքր և միջին ձեռնարկատիրությունը ՀՀ-ում, 2020թ., https://armstat.am/file/article/sme__bul_2020_arm.pdf
[41] ՀՀ ՎԿ (ԱՐՄՍՏԱՏ), Հրապարակումներ, Փոքր և միջին ձեռնարկատիրությունը ՀՀ-ում, 2021թ., https://armstat.am/file/article/sme__bul_2021_arm.pdf, ՀՀ ՎԿ, (ԱՐՄՍՏԱՏ), Փոքր և միջին ձեռնարկատիրությունը ՀՀ-ում, Վիճակագրական տեղեկագիր, 1 հունվարի, 2019թ., Երևան 2019, https://armstat.am/file/article/sme__bul_2019_arm_2019.pdf, ՀՀ ՎԿ (ԱՐՄՍՏԱՏ), Փոքր և միջին ձեռնարկատիրությունը ՀՀ-ում, Վիճակագրական տեղեկագիր, 1 հունվարի, 2019թ., Երևան, 2020թ․
[42] ՀՀ ՎԿ (ԱՐՄՍՏԱՏ), Հրապարակումներ, Փոքր և միջին ձեռնարկատիրությունը ՀՀ-ում Վիճակագրական տեղեկատուներ 2018թ․, 2019թ․, 2020թ.
[43] ՀՀ ՎԿ (ԱՐՄՍՏԱՏ), Հրապարակումներ, Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը 2021թ. հունվար-նոյեմբերին, https://www.armstat.am/file/article/sv_11_21a_142.pdf
[44] ՀՀ ՎԿ (ԱՐՄՍՏԱՏ), Հրապարակումներ, Փոքր և միջին ձեռնարկատիրությունը ՀՀ-ում, 2021թ., https://armstat.am/file/article/sme__bul_2021_arm.pdf
[45] Ջուլիետա Թադևոսյան, «Մրցունա՞կ է արդյոք Երևանը», https://orbeli.am/hy/post/94/2019-01-08/%D5%84%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%9E%D5%AF+%D5%A7+%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D6%84+%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%A8
[46] Առավել մանրամասն տե՛ս Փոքր և միջին ձեռնարակատիրությունը ՀՀ-ում, Վիճակագրական տարեգիրք, 2020թ. և 2021թ., https://www.armstat.am/file/article/sme__bul_2020_arm.pdf, https://www.armstat.am/file/article/sme__bul_2020_arm.pdf
[47] Տե՛ս ՀՀ ՎԿ (ԱՐՄՍՏԱՏ), Հրապարակումներ, Փոքր և միջին ձեռնարկատիրությունը ՀՀ-ում Վիճակագրական տեղեկատուները 2018թ․, 2019թ․, 2020թ.
[48] Տե՛ս ՀՀ ՎԿ (ԱՐՄՍՏԱՏ), Հրապարակումներ, Փոքր և միջին ձեռնարկատիրությունը ՀՀ-ում Վիճակագրական տեղեկատուները 2018թ․, 2019թ․, 2020թ.
[49] Ավելի մանրամասն տե՛ս ՀՀ ՎԿ (ԱՐՄՍՏԱՏ), Հրապարակումներ, Փոքր և միջին ձեռնարկատիրությունը ՀՀ-ում Վիճակագրական տեղեկատուները 2018թ․, 2019թ․, 2020թ.
[51] Նույն տեղում։
[52] Նույն տեղում։
[53] Նույն տեղում։
[54] Նույն տեղում։
[55] Նույն տեղում։
[56] Տե՛ս ՀՀ ՎԿ (ԱՐՄՍՏԱՏ), Հրապարակումներ, Փոքր և միջին ձեռնարկատիրությունը ՀՀ-ում Վիճակագրական տեղեկատուները 2019թ․, 2020թ.
[57] «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց, Հայաստան 2019/2020», GEM Հայաստանի ազգային զեկույց, Ամերիա ՓԲԸ, 2020թ.
[58] Տե՛ս նույն տեղում, էջ 14։
[59] Ջուլիետա Թադևոսյան, «Նոր աղքատնե՞ր 21-րդ դարում… ի՞նչ է սպասվում», https://regst.wordpress.com/2022/03/31/inch_e_spasvum/
[60] «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց․ Հայաստան 2019/2020», GEM Հայաստանի ազգային զեկույց, Ամերիա ՓԲԸ, 2020թ., էջ 14, https://ameriaadvisory.am/wp-content/uploads/2020/08/GEM-ArmenianFinal.pdf
[61] ՀՀ Կառավարության 2020թ․ օգոստոսի 27-ի թիվ 1443-Լ որոշումը «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․ ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ․ գործողությունների ծրագիրը հաստատելու մասին», էջ 31, https://mineconomy.am/media/12718/SMI%20-razm.pdf
[62] ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքները ՓՄՁ ոլորտի սուբյեկտների համար և դրանց հաղթահարման գործիքները, https://www.mineconomy.am/page/1713
[63] Համաշխարհային բանկ, բլոգ, Ս. Ռաջա և Գ. Մալումյան, «Ինտերնետի օգտագործումը Հայաստանում․ ինչպե՞ս են անհատներն ու բիզնեսներն ինտերնետն օգտագործում հնարավորություններից օգտվելու համար», 01.05.2020թ., https://blogs.worldbank.org/hy/europeandcentralasia/interneti-ogtagorcowme-hayastanowm-inchpes-en-anhatnern-ow-biznesnern
[64] Տե՛ս նույն տեղում։