Միջազգային ԵՎ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
01 սպտ 2025 110

Հայաստանյան իրականության մեջ Հայաստան-Իրան հարաբերություններն առաջին հերթին ասոցացվում են «փոխադարձ հարգանքի և ըմբռնման վրա խարսխված» հարաբերությունների, «երկու ժողովուրդների դարավոր բարեկամության» հետ, դրանց ներքո պատկերացվում պատմական և մշակութային սերտ առնչությունները, երկու քաղաքակրթությունների միջև երկխոսությունը, առևտրատնտեսական կապերը, ամռան շոգին Իրանից ժամանած զբոսաշրջիկին և այլն։

Ամենևին չթերագնահատելով պատմական շերտը, որը տարիներ շարունակ շեշտադրվում է և որի մասին կարելի է հաստափոր գրքեր գրել, այնուամենայնիվ, հարց է առաջանում, թե այս առնչակցություններից անդին ինչպիսի՞ն է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական քաղաքականությունը Հայաստանում վերջին տարիների կտրվածքով, ինչ ձևափոխություններ է այն կրել Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո։ Հարցի դիտարկումը իրանական քաղաքականության և շահերի դիտակետից թույլ կտա ոչ միայն հասկանալ Իրանի դրդապատճառներն ու խուսափել ենթադրություններից, այլև ճանաչել ընդհանուր շահերն ու աշխատել խոչընդոտների կամ խոցելի կողմերի ուղղությամբ։ Սա նշանակում է լինել լավ պատրաստված ոչ թե քո սեփական տարբերակով, այլ իրականության հետ առնչվելու իմաստով։                  

ԻՐԱՆԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Հարևանության քաղաքականությունը Իրանի Իսլամական Հանրապետության համար մշտապես կարևորվել է, բայց ժամանակի ընթացքում աճել է դրա դերը, փոխվել է երանգավորումը, և տարիների ընթացքում այն մշակվել է որպես համակարգված տարածաշրջանային քաղաքականություն և հայեցակարգ։

Հայաստանի անկախացումից մինչև Հասան Ռոհանի նախագահության շրջան Հայաստանի և Իրանի միջև հաստատված են եղել երկկողմ դիվանագիտական հարաբերություններ, և կարևորվել են հարևանների հետ Իրանի հարաբերությունները, բայց դեռևս չէր մշակվել համակարգված տարածաշրջանային քաղաքականություն և մոտեցում։

Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի կառավարման տարիներին, երբ Իրանը ճանաչեց Հայաստանի անկախությունը և հաստատեց դիվանագիտական հարաբերություններ, դրանից հետո հարաբերություններում շեշտը դրվել է ավելի շատ տնտեսական հարաբերությունների վրա, իսկ Իրանի կողմից էլ եղել են միջնորդական որոշակի ջանքեր ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում։  

Մոհամմադ Խաթամիի քաղաքական հայացքների առանցքն է եղել «քաղաքակրթությունների երկխոսության» գաղափարը, որի շրջանակներում էլ զարգացել են Հայաստանի հետ «բարիդրացիական» հարաբերությունները։

Մահմուդ Ահմադինեժադի արտաքին քաղաքականությունը կենտրոնացած էր «դիմադրության առանցքի» գաղափարի շուրջ, այսինքն՝ մերձավորարևելյան երկրների ուղղությամբ, և նրա կառավարման շրջանում շարունակվում է խորանալ Հայաստան-Իրան կայուն տնտեսական համագործակցությունը, մասնավորապես սկսել է գործել Իրան-Հայաստան գազատարը, որի շինարարական աշխատանքները սկսել էին դեռ Խաթամիի ժամանակաշրջանից։ Նրանց կառավարման շրջանը հող է նախապատրաստել հարևանության քաղաքականության համապարփակ ձևավորման և մշակման համար։

2003թ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական նպատակահարմարության խորհրդի կողմից կազմված «Իրանի քսանամյա տեսլականի փաստաթղթում» նշվում է «Քսանամյա հեռանկարում Իրանը զարգացած երկիր է, որը տարածաշրջանում տնտեսական, գիտական և տեխնոլոգիական ոլորտներում առաջին տեղն է գրավում՝ իսլամական և հեղափոխական ինքնությամբ, իսլամական աշխարհի համար ոգեշնչող դերով, միջազգային հարաբերություններում կառուցողական և արդյունավետ շփումներով․․․ Աշխարհի հետ կառուցողական և արդյունավետ շփումները հիմնված են արժանապատվության, իմաստության և նպատակահարմարության սկզբունքների վրա»[[1]]։ Որոշ վերլուծաբանների կարծիքով նշված արտահայտությունները մեկնաբանվում են որպես կառուցողական և արդյունավետ հարաբերությունների կառուցում հարևանության և տարածաշրջանային մակարդակում[[2]]։

Հասան Ռոհանիի նախագահության շրջանում՝ միջուկային համաձայնագրի բանակցություններից, համաձայնագրի կնքումից և դրանից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, հարևանության քաղաքականությունը սկսել է այլ երանգավորում ստանալ և ձևավորվել որպես համապարփակ տարածաշրջանային քաղաքականություն։

Էբրահիմ Ռայիսիի կառավարման տարիներին այն վերածվել է Իրանի արտաքին քաղաքականության հիմնական ռազմավարության և շարունակում է արդիական լինել Իրանի ներկայիս նախագահ Մասուդ Փեզեշքիանի ղեկավարման շրջանում։

Հայաստանի անկախությունից հետո ընկած սկզբնական տարիներին հարաբերությունները հիմնականում զարգացել են բարիդրացիության հիմքի վրա, որի սկզբունքներն իրանական ընկալման մեջ հետևյալն են՝

⇒ Հարգանք հարևանների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ,

⇒ Փոխադարձ հարգանք բարի կամքի վրա հիմնված գործելակերպով,

⇒ Անվտանգության ձեռքբերում համագործակցության և տարաձայնությունների խաղաղ կարգավորման միջոցով,

⇒ Ընդհանուր սպառնալիքների դիմակայման համար համագործակցություն (ահաբեկչություն, կլիմայական փոփոխություններ, համավարակ և այլն),

⇒Համապարփակ տնտեսական համագործակցություն և տարածաշրջանային տնտեսական ինտեգրման մեխանիզմների ստեղծում,

⇒Տարածաշրջանային վստահության ձևավորման միջոցների նախագծում և պատասխանատու մասնակցություն,

 Դեպի համապարփակ տարածաշրջանային համագործագցության շրջանակ շարժվելը,

⇒ Մշակութային և կրթական շփումների ընդլայնում և բնիկ մշակույթների հետ ծանոթություն,

⇒ Տարածաշրջանային տարաձայնությունները լուծելու համար համատեղ մեխանիզմների ստեղծում,

⇒ Աջակցություն կայուն և հավասարակշռված զարգացմանը առևտրատնտեսական համագործակցության միջոցով[3]։

 

Եթե 2004թ ձևավորված Եվրամիության հարևանության քաղաքականությունն ուղղված էր իր արևելյան և հարավային հարևան երկրների հետ քաղաքական, տնտեսական, անվտանգային հարաբերությունների ընդլայնմամբ և նպաստելու էր կայունությանը, զարգացմանը և փափուկ ուժի տարածմանը, ապա Իրանում ձևավորված հարևանության քաղաքականությունը ունի այլ երանգավորում և նպատակներ։ Չի բացառվում, որ այս քաղաքականությունը ինչ-որ իմաստով ձևավորված լինի նաև որպես պատասխան ԵՄ հարևանության քաղաքականության։ Այս առումով հիշենք Մոհամմադ Խաթամի «քաղաքակրթությունների երկխոսությունը», որը հաճախ ընկալվում է որպես իրանցիների պատսախան Սամուել Հանթինգտոնի «քաղաքակրթությունների բախումը» տեսությանը։  

This may contain: a large map of the middle east with countries and major cities on it's borders

Տասնհինգ ցամաքային և ծովային հարևաններով Իրանը համարվում է բազմաթիվ հարևաններ ունեցող երկիր: Բազմաթիվ հարևաններ ունենալը, հնարավորություն լինելով հանդերձ, կարող է լինել նաև մարտահրավերային։ Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ տեղի են ունենում բազմաթիվ զարգացումներ, որոնք ոչ միշտ են բխում այս երկրի շահերից ինչպիսիք են, օրինակ, սահմանային տարաձայնությունները և համատեղ օգտագործվող ռեսուրսները, էթնոմշակութային հանրույթների մարտահրավերը, գաղափարական և քաղաքական տարաձայնությունները տարածաշրջանի մրցակիցների հետ, տարածաշրջանի խաղացողների միջև տարաձայնությունները։ Չնայած այս մարտահրավերներին՝ կա մեծ ներուժ հարևանների հետ համագործակցության և հարաբերությունների զարգացման համար ինչպիսիք են, օրինակ, տարածաշրջանային մեծ շուկաները, աշխարհաքաղաքական հասանելիությունը և ոչ ծախսատար տնտեսական հաղորդակցությունը, բարձր մրցակցելիության հնարավորությունը, միջազգային պատժամիջոցների վտանգի վնասի կրճատումը։ Այս պատճառով հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը հեշտ գործ չէ բազմաթիվ հարևաններ ունեցող երկրների համար և պահանջում է հետևողական և նպատակային ռազմավարություն, ու այս անհրաժեշտությունից էլ ծագել է պատշաճ կերպով առանձին քաղաքականություն մշակելու գաղափարը։  

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի նախագահության տարիների երկու շրջանում Իրանի շուրջ ստեղծված էր աշխարհաքաղաքական և տնտեսական յուրահատուկ միջավայր՝ կապված միջուկային բանակցությունների, միջուկային համաձայնագրի ստորագրման և 2018թ համաձայնագրից ԱՄՆ դուրս գալու հետ։ Ռոհանիի արտաքին քաղաքականությունն ուղղված է եղել դրա հետ կապված ռիսկերի նվազեցմանը, իսկ համաձայնագրի ստորագրումից հետո՝ դրա հնարավորությունների օգտագործմանը։ Ահա այս միջավայրում է սկսվել ավելի մեծ կարևորություն տրվել հարևաններին և նրանց հետ հարաբերությունների ընդլայնմանը, իսկ եթե ավելի ստույգ, այս հարաբերությունները սկսել են այլ երանգավորում ստանալ։

Հաշվի առնելով Իրանի հանդեպ կիրառված պատժամիջոցների հանգամանքը՝ Հասան Ռոհանին դեռևս 2014թ ռուսական երկրորդ հեռուստաալիքին տված իր հարցազրույցում ասել է «Պատժամիջոցներին դիմակայման համար հարևանների հետ համագործակցությունը անհրաժեշտություն է։ Պատժամիջոցները վնասում են բոլոր երկրներին, սակայն երկրները, որոնք պատժամիջոցների տակ են պետք է դիմադրեն, և ուրիշներն էլ այս հարցում պետք է օգնեն նրանց»[[4]]։

Հասան Ռոհանիի կառավարման տարիներին հարևան երկրների հետ հարաբերությունները սկսվում են դիտարկվել որպես ԻԻՀ արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը։ 2019թ Ասիայում շփումների և վստահություն ստեղծելու համաժողովի ղեկավարների հինգերորդ նիստի շրջանակներում Կատարի էմիրի հետ հանդիպման ժամանակ նա նշել է «Հարևան երկրների հետ համագործակցությունը Իրանի արտաքին քաղաքականության հաստատուն սկզբունքներից է»[[5]]։

Այս շրջանում է Իրանը սկսում հետաքրքրություն ցուցաբերել ռեգիոնալ կառույցների նկատմամբ, և ռեգիոնալիզմը սկսում է Իրանի տարածաշրջանային քաղաքականության մի մասը կազմել։

2020թՇանհայի համագործակցության կազմակերպության ղեկավարների նիստին Ռոհանին հայտարարել է «Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես վերահաստատել է բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման, հարևանների հետ վստահության և երկխոսության ստեղծման հարցերում իր սկզբունքային քաղաքականությունը այնպիսի շրջաններում, ինչպիսին է Եվրասիան, Պարսից ծոցը, Ասիայի հարավ-արևմուտքը և կայուն անվտանգության ստեղծման համար, բացի համագործակցությունից, գործընկերությունից և խաղաղությունից, այլ ճանապարհ չգիտի»[[6]]։

Hassan Rouhani arrived in Armenia on official visit (photos)

Հասան Ռոհանիի արտաքին քաղաքականությունն ուղղված էր նաև տարածաշրջանում Իրանի դերի բարձրացմանը և բացասական ընկալումների մեղմացմանը։ 2019թ Հայաստան մեկնելուց առաջ նա հայտարարել է «Համաշխարհային մակարդակում մրցակցելու համար պետք է տարածաշրջանային մակարդակին պատրաստ ու սովոր լինենք»[7]։

Ավելի մեծ կարևորություն ստացող հարևանության քաղաքականությունը բնականաբար տարածվում էր նաև Իրանի հարևան Հայաստանի վրա, և ինչպես 2019թ Հայաստան այցի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Հասան Ռոհանին է հաստատել «Հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքներից է»[8]։

Իրանի այս նախագահի արտաքին քաղաքականությունը Հայաստանում սկզբում կապված էր միջուկային համաձայնագրի ստեղծած հնարավորությունները օգտագործելուն և տնտեսական մեկուսացումից դուրս գալուն, իսկ հետագայում՝ համաձայնագրից ԱՄՆ դուրս գալուց հետո՝ տնտեսական ռիսկերը և պատժամիջոցները մեղմելուն։ Այս առումով Ռոհանին ցուցաբերել է ճկունություն՝ իր քայլերում առաջնորդվելով ավելի շուտ պրագմատիկ տրամաբանությամբ և հարմարվելով աշխարհաքաղաքական կոնյուկտուրային։ Ուստի պատահական չէ, որ 2016թ Հայաստան այցի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նա մտադրություն է ունեցել օգտվել տրանսպորտային ուղիների բացման և առևտրի ընդլայնման նոր հնարավորություններից՝ ընդգծելով «Իրանն ու Հայաստանը երկաթուղային ոլորտում միմյանց հետ համագործակցությունով կարող են Իրանի երկաթգիծը Պարսից ծոցից մինչև Սև ծով միացնել և Հյուսիս-հարավ միջանցքի ուղղությամբ իրար հետ և ամբողջ տարածաշրջանի օգտին տարանցիկ դրական համագործակցություն ունենալ»[[9]]։

Իսկ հետագայում՝ 2019թ Մհեր Գրիգորյանի Թեհրան այցի ժամանակ, երբ ԱՄՆ-ն արդեն դուրս էր եկել միջուկային համաձայնագրից և պատժամիջոցների ազդեցությունը առավել զգալի էր ֆինանսական ոլորտում, մասնավորապես բանկային համակարգում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նշել է «Իրանի Իսլամական Հանրապետության կամքն է Հայաստանի՝ որպես բարեկամ և հարևան երկրի հետ օրեցօր ամրապնդվող հարաբերությունները․․․ Տնտեսական հարաբերությունների զարգացումը հնարավոր է բանկային կապերի հովանու ներքո, և կարող ենք ազգային արժույթի կիրառումով երկու երկրների առևտրային հաղորդակցության ճանապարհը հեշտացնել և արագացնել»[[10]]։

Հասան Ռոհանիի այս տարածաշրջանային արտաքին քաղաքականությունն, ըստ էության, շարունակել է նաև ԻԻՀ հաջորդ նախագահ Էբրահիմ Ռայիսին, բայց մի փոքր ավելի կոշտ շեշտադրումներով՝ հարևանության քաղաքականությունը վերածելով Իրանի արտաքին քաղաքականության հիմնական ռազմավարության։

Իրանական ընկալման մեջ հարևանության քաղաքականության առաջարկվող հայեցակարգը վերաբերում է այն փաստին, որ իրանցիները նախ պետք է զարգացնեն իրենց արտաքին քաղաքականությունը և հարաբերությունները այն խաղացողների հետ, որոնք իրենց հետ ունեն ընկալման, մշակութային և կառուցվածքային համեմատաբար ընդհանուր կաղապարներ, կամ որոնց տնտեսական և քաղաքական կազմավորումները կարող են լրացնել իրենցը: Հետևաբար, Իրանի արտաքին քաղաքականությունը հիմնված է եղել հարևանության և ռեգիոնալիզմի հիման վրա։ Իրանի անդամակցությունը ռեգիոնալ կառույցներին քաղաքական, քարոզչական, ինչպես նաև տնտեսական նշանակություն է ունեցել։

Իրանցի քաղաքագետ Էբրահիմ Մոթաղիի կարծիքով ներկայիս դարաշրջանի տնտեսությունը բնույթով միահյուսված է, այսինքն՝ եվրոպական տնտեսությունը անբաժանելի է Ամերիկայից և Ասիայից, հետևաբար գոյություն ունեցող հիմնական խնդիրն այն է, որ իրանցիները կարողանան բարելավել հարաբերությունների մակարդակը, իսկ հարաբերությունների մակարդակը բարելավելու համար առաջին քայլը հարևանության տարածքն է, որն ուղղակիորեն կապված է ասիական տարածքի հետ, այսինքն՝ Իրանը ասիական երկիր է, և ասիական երկրները կարող են բավարարել Իրանի հետ փոխադարձ կարիքները: Քաղաքագետի խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է կառուցողական տնտեսական համագործակցության բոլոր երկրների, նույնիսկ եվրոպական երկրների հետ, սակայն գոյություն ունեցող հիմնական խնդիրն այն է, որ տնտեսական համագործակցությունը պահանջում է քաղաքական ենթակառուցվածքներ և հիմքեր[[11]]:

Էբրահիմ Ռայիսիի նախագահության շրջանում հարևան երկրների հետ հարաբերությունները սահմանվել են որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություն, և սկսվել է շրջանառվել հարևանության քաղաքականություն տերմինը։ 2021թ ԻԻՀ նորանշանակ նախագահ Էբրահիմ Ռայիսին իր երդմնակալության ժամանակ ասել է «Իրանի Իսլամական Հանրապետությունը հարևան երկրներին և ժողովուրդներին իր բարեկամն է համարում և իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունը հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումն է հայտարարում»[12]։ 2022թ Իրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Էբրահիմ Ռայիսին հայտարարել է «Կառավարությունը վերահաստատում է հարևանության իր քաղաքականությունը»[[13]]։

Իրանի այս նախագահի կառավարման շրջանում հարևանության քաղաքականության մեջ ավելի շատ է շեշտադրվում անվտանգային բաղադրիչը և ռեգիոնալիզմը։ 2021թ իր երդմնակալության ժամանակ Ռայիսին ասել է «Օտարների միջամտությունը տարածաշրջանում ոչ միայն ոչ մի խնդիր չի լուծում, այլև ինքնին խնդիր է։ Տարածաշրջանի երկրների, հատկապես հարևանների ուղղությամբ բարեկամության և եղբայրության ձեռք ենք մեկնում և ջերմորեն սեղմում նրանց ձեռքը»[[14]]։

2022թ սիրիական ճգնաժամի առիթով ստեղծված Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների հետ հանդիպումից հետո Էբրահիմ Ռայիսին կառավարության նիստի ժամանակ ընդգծել է «Տասներեքերորդ կառավարության հարևանության քաղաքականությունը արդյունք տալու ընթացքում է»[[15]]։ 2022թ Ուզբեկստանում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում նա ասել է «Իրանը ջանում է հարևանության, մերձեցման և համերաշխության քաղաքականության լավացմանը և մուլտիլատերալիզմի խորացմանը»[[16]]։

Tajikistan - Iranian President Ebrahim Raisi (R) and Armenian Prime Minister Nikol Pashinian meet in Dushanbe, September 17, 2021.

Քանի որ Ռայիսիի կառավարման շրջանում շարունակում էին Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների կիրառումը, իսկ երկխոսությունը արևմտյան երկրների հետ պակասել էր, Իրանը շարունակել է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը դիտարկել պատժամիջոցների ազդեցությունը մեղմելու ճանապարհներից մեկը, որի համատեքստում Իրանը հետաքրքրված էր առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմամբ, իսկ անվտանգային հարցերում այն դառնում է ավելի զգուշավոր և զգոն։

2022թ Իրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Էբրահիմ Ռայիսին հայտարարել է «Այս այցի բանակցությունների առանցքը երկու երկրների միջև առևտրային, տնտեսական և անվտանգային հարաբերություններն են․․․ Իրանի և Հայաստանի միջև երեք միլիարդ դոլարի առևտրի ձեռքբերումը երկու երկրների կամքի առկայության դեպքում ամբողջովին հնարավոր է»[[17]]։ Նույն թվականին Իրանում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը նշել է «Տարածաշրջանային երկրների միջև երկխոսությունը հարցի լուծման միակ ճանապարհն է, և օտարերկրյա միջամտությունը ավելացնում է բարդությունները»[[18]]։

Իրանի ներկայիս նախագահ Մասուդ Փեզեշքիանի նախագահության շրջանում հարևանության քաղաքականությունը ունի հետևյալ շեշտադրումները Իրանը հույս ունի նպաստել արտասահմանյան կապիտալի ներգրավմանը՝ միանալով տարածաշրջանային կազմակերպություններին, Իրանը տարածաշրջանային և համաշխարհային համակարգերի ձևավորմանը մասնակցությունը կարևոր է համարում պատժամիջոցները հաղթահարելու համար (այս տեսանկյունից Իրանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից է Արևմտյան Ասիայի և արաբական երկրների հետ հարաբերությունների լավացումը), Իրանը նպատակ ունի նվազեցնել արաբական երկրների հետ երկարատև լարվածությունը և ամրապնդել երկրի անվտանգությունը և ի վերջո, Իրանը նպատակ ունի բարելավել երկրի հեղինակությունը և վստահության մթնոլորտ ստեղծել տարածաշրջանում[[19]]։

ԻԻՀ ներկայիս արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին իր հոդվածներից մեկում բարիդրացիության քաղաքականության առաջմղման համար լուծումներից է համարում հարևանների հետ հարաբերությունների լավացումը որպես արտաքին քաղաքականության կայուն սկզբունք, հաղորդակցության ընդլայնումը երկկողմ հարաբերությունների բոլոր մակարդակներում և բազմազանության ստեղծում հարաբերություններում, երկարաժամկետ տեսլականը, փոխըմբռնման և փոխվստահության բարձրացումը, հարևանների հետ շահերի համադրումը, տեխնիկական ոլորտում համագործակցությունը, հաղորդակցության և տրանսպորտային ենթակառուցվածքների լավարկումը, տարաձայնությունների լուծման համար խաղաղ մեթոդների ստեղծումը, բազմակողմ ձևաչափերի կիրառումը, սահմանների հետ կապված տարաձայնությունների լուծումը, հանրային և լրատվական դիվանագիտության հնարավորությունների կիրառումը, կառավարությունների և մարդկանց երկկողմանի հաղորդակցությունը, արտատարածաշրջանային գործոնների բացառումը[[20]]։

Փեզեշքիանի կառավարման շրջանում հարևանների հետ հարաբերությունները դիտարկվում են որպես առաջնահերթություն և պատժամիջոցները շրջանցելու ճանապարհ։ Ընտրվելուց հետո գրված «Իմ ուղերձը նոր աշխարհին» վերնագրով հոդվածում նա գրում է «Իմ կառավարությունում հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումը առաջնահերթություն է լինելու։ Մենք հետամուտ ենք լինելու ուժեղ տարածաշրջանի ձևավորմանը, ոչ թե հարաբերություններով, որտեղ մի երկիր միայնակ ուրիշներին զավթի և տիրապետի»[[21]]։  2025թ տնտեսական ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ Փեզեշքիանն ասել է «Մի՞թե կարելի է Իրանին պատժամիջոցների ենթարկել։ Մենք 400կմ ընդհանուր սահման ունենք։ Եթե դոլարով գործարքներ չանեն, կարող են ապրանք ապրանքի դիմաց գործարքներ անել»[[22]]։ Իսկ 2025թ-ի հուլիսին Իրանի արտգործնախարարություն այցի ժամանակ Փեզեշքիանը նշել է «Հարևանների հետ հարաբերություններ լավացումը կարող է վերածվել մեծ ձեռքբերման, հետևաբար երկրի բոլոր դիվանագետներից սպասվում է ավելի ակտիվ ձևով այս նպատակի իրականացման ուղղությամբ քայլեր անեն»[[23]]։

Հայաստանի հետ հարաբերություններում ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարևորել է հաղորդակցության ուղիների բացումը, որը ձեռնտու է պատժամիջոցների տակ գտնվող Իրանին, իսկ Ադրբեջանի հետ հարաբերություններում՝ հարևան մահմեդական երկրների հետ հարաբերությունների զարգացումը։ 2024թ հուլիսին Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է «Հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է․․․ Մենք հաղորդակցության ուղիները, այդ թվում՝ Հյուսիս-հարավ միջանցքը տեսնում ենք որպես տարածաշրջանի բոլոր երկրների զարգացման և առաջընթացի հնարավորություն, հետևաբար դրա նախագծի ավարտը նոր շրջանի առաջնահերթություններից է լինելու»[[24]]։ 2025թ-ի փետրվարին Թեհրանում Ադրբեջանի նախագահի օգնականի հետ հանդիպմանը նա նշել է «Ցանկանում ենք զարգացնել հարևան և մահմեդական երկրների հետ հարաբերությունները»[[25]]։

Nikol Pashinyan meets with Masoud Pezeshkian - Press releases - Updates -  The Prime Minister of the Republic of Armenia

Այսպիսով՝ ամփոփելով վերջին տարիներին Իրանի արտաքին քաղաքակնությունը տարածաշրջանում և հարևանության քաղաքականության հայեցակարգը՝ ներկայացնենք դրա հիմնական դրույթները ստորև՝

⇒ Սահմանների անվտանգության պահպանումը հարևանների հետ ակտիվ շփման միջոցով,  

⇒ Օտարերկրյա ճնշումների, մասնավորապես պատժամիջոցների ազդեցության նվազեցումը տարածաշրջանային համագործակցության միջոցով,

⇒ Միջազգային մեկուսացման պայմաններում տնտեսական կարիքների բավարարում, 

⇒ Ռեգիոնալիզմի ընդլայնում,  

⇒ Տարածաշրջանային առևտրի և տրանսպորտային ուղիների ընդլայնում,

⇒ Իրանի տարածաշրջանային դերի բարձրացում, հիմնականում փափուկ ուժի միջոցով։

 

ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 

2016թԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստան առաջին այցի ժամանակ շարունակվել է նախանշվել տարածաշրջանում հարատև խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման ու դրա հետագա ամրապնդման անհրաժեշտությունը, իսկ Հարավային Կովկասում Իրանի անվտանգային քաղաքականությունը որպես հարևանության քաղաքականության մի մաս սկսել է ձևավորվել նրա նախագահության երկրորդ շրջանում, մասնավորապես 2020թղարաբաղյան պատերազմից հետո (Իրանը սկզբնական շրջանում պաշտոնապես ողջունել է 2020թնոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հայտարարությունը հրադադարի հաստատման մասին)։

Ղարաբաղյան պատերազմից հետո՝ 2021թ հունվարին, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի կառավարությունում գործող արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը տարածաշրջանային այցի շրջանակներում այցելել է Ադրբեջան, Ռուսաստան, Վրաստան, Հայաստան և Թուրքիա, որի համատեքստը հենց անվտանգային հարցերն էին։ Ադրբեջան կատարած այցից հետո ԻԻՀ արտգործնախարարը հստակեցրել է տարածաշրջանային այցի նպատակներն առ այն, որ Ադրբեջանի Հանրապետություն կատարած այցը Կովկաս տարածաշրջանային այցի սկիզբն է՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիները քննարկելու համար[26]։ Իրանցի վերլուծաբանների կարծիքով ղարաբաղյան 2020թ պատերազմից հետո Իրանը տարածաշրջանային կայունության և զարգացման ուղղությամբ որդեգրել էր հավասարակշռված քաղաքականություն։ Այս այցը ընկալվում էր որպես մի քայլ Իրանի արտաքին քաղաքականության հին գործելակերպի վերականգնման համար[[27]]։

Վերլուծաբան Ալի Սալամին Զարիֆի տարածաշրջանային այցի մասին նշել է «Իրանը փորձում է դիրքավորվել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ աշխարհաքաղաքական զարգացումներում, հատկապես, երբ բոլոր երկրների անվտանգությանը սպառնացող լուրջ գործոններ կան տարածաշրջանում, գլխավորապես ահաբեկչությունը: Եթե Իրանը չմասնակցի և չփորձի ներքաշվել այս քննարկումներում, Իրանը կորցնելու է բոլոր որոշումների նկատմամբ ազդեցության և սեփական շահերը այդ հաղորդակցությունների հարցում առաջ մղելու հնարավորությունը»[[28]]։ Հայաստան իր հաջորդ այցի և ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ Զարիֆն ասել է «Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և ձգտում է նրան, որ բոլոր ժողովուրդների կրոններն ու իրավունքները միշտ պաշտպանված լինեն։ Մեր կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է, և մենք դա հստակորեն հայտարարել ենք»[29]։   

Մոհամմադ Ջավադ Զարիֆի այս այցերի ընթացքում սկսվում են սահմանվել Իրանի անվտանգային քաղաքականության կարմիր գծերը, տարածքային ամբողջականության սկզբունքը սկսվում է հայտարարվել տարածաշրջանային խնդիրները լուծելու նախընտրելի սկզբունք, իսկ ազգերի ինքնորոշման սկզբունքը անտեսվում էր։ Տարածքային ամբողջականության սկզբունքը մի կողմից կարևոր էր ՀՀ համար, բայց մյուս կողմից անտեսվում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքորոշման իրավունքը։ Հատկանշական է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, երկու հարևան երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ դիվանագիտական գործունեություն ծավալելով, Լեռնային Ղարաբաղը համարում էր Ադրբեջանի Հանրապետության մաս և ընդգծում էր հայկական ուժերի դուրսբերման անհրաժեշտությունը երկրի տարածքներից։

Իսկ ինչո՞վ էր պայմանավորված Իրանի այսպիսի դիրքորոշումը։ Այս հարցում Իրանի այս մոտեցումը կապված է մի  շարք հանգամանքների հետմի կողմից մտահոգություն կա իրանական սուբէթնիկ մշակութային խմբերի և էթնիկ փոքրամասնությունների ներքին անհանգստություններով, մյուս կողմից էլ սահմանային խնդիրներ կան Միացյալ Արաբական Էմիրությունների հետ Մեծ և Փոքր Թոմբ և Աբու Մուսա կղզիների հարցով, լարվածություն կա նաև Իրաքի, Աֆղանստանի հետ ջրային իրավունքների հարցերով, զգայուն է Ադրբեջանի հետ սահմանը։ Տարածքային ամբողջականության սկզբունքը նշվում է նաև ԻԻՀ սահմանադրությունում։ Մասնավորապես 9-րդ դրույթում ասվում է «Իրանի Իսլամական Հանրապետությունում երկրի ազատությունը, սուվերենությունը, միասնությունը և տարածքային ամբողջականությունը անբաժանելի են․․․»[[30]]։ Բացի դրանից՝ անհրաժեշտ է հաշվի առնել հարևան Ադրբեջանի հետ պահպանվող Իրանի հարաբերություններն ու համագործակցությունը, ինչպես նաև այս երկիրը իր ծիրում պահելու Իրանի շարունակական ձգտումը։ Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ տարածքը լքելուց և այն Ադրբեջանին անցնելուց հետո ՀՀ-ում Իրանի դեսպանի մակարդակով հնչել են հայտարարություններ Լեռնային Ղարաբաղից Հայաստան գաղթած ժողովրդի իրավունքների մասին[[31]]։

2022թ ադրբեջանական քարոզչությունը ակտիվացրել էր «Զանգեզուրի միջանցքի» մասին նարատիվների տարածումը, հոկտեմբերի 6-ին, կայացել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև քառակողմ հանդիպումը և ԵՄ-ն որոշում էր կայացրել 40 հոգանոց դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղակայելու համար, իսկ Իրանը Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում զորավարժություններ էր իրականացրել։ Ահա այսպիսին էին տարածաշրջանային զարգացումները հոկտեմբերին ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի կառավարման տարիներին գործող արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի Հայաստան այցից առաջ։ Իրանի արտգործնախարարը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է «Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանում և Ադրբեջանում օտարերկրյա ներկայացուցիչների ներկայությանը․․․ Մեզ համար շատ կարևոր է ներքին ներկայացուցիչների գործունեությունը տարածաշրջանում, ինչպիսին է «3+3» պլատֆորմը»[[32]]։ Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությունը՝ հայտարարելով. «դա մեր կարմիր գիծն է»: Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նա ասել է «Այսօր ես և իմ գործընկերները Հայաստան ենք այցելել, որպեսզի պարոն Արարատ Միրզոյանի հետ երկարաժամկետ կտրվածքով երկու երկրների համագործակցության համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը»[[33]]։ Ամիր Աբդոլլահիանի այցի շրջանակներում Սյունիքի մարզկենտրոն Կապանում բացվել է Իրանի գլխավոր հյուպատոսությունը։

FM Regards Security of Iran, Armenia as Interconnected - Politics news -  Tasnim News Agency

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայինը հյուպատոսության բացման մասին գրում է, որ մի երկրի գլխավոր հյուպատոսություն մյուսում հիմնելու պատճառը նրա քաղաքացիներին օգնելն ու աջակցելն է, անձնագրեր կամ ճանապարհորդական փաստաթղթեր տրամադրելը և նրանց խնդիրները լուծելը: Հյուպատոսական գործունեությունից բացի՝ գլխավոր հյուպատոսությունների հիմնական դերը առևտրի խթանումն ու տրանսպորտի հեշտացումն է՝ տնտեսական ընկերությունների հետ հարաբերություններ հաստատելով: Կապանում գլխավոր հյուպատոսության հիմնումը փորձ է տարածաշրջանային անվտանգության ամրապնդման և տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացման ուղղությամբ[[34]]։

Մազիար Մոթամեդին իր վերլուծական հոդվածում նկատում է, որ Ադրբեջանը և իր դաշնակից Թուրքիան ցանկանում են Ադրբեջանը իր էքսկլավ Նախիջևանին միացնող «Զանգեզուրի միջանցք» անունով նոր տրանսպորտային ճանապարհ ստեղծել, և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը, կարծես, ուղղակի ուղերձ է Ադրբեջանին և Թուրքիային[[35]]։    

Այս ընթացքում է ձևավորվում Հարավային Կովկասում Իրանի անվտանգային ռազմավարությունը որպես հարևանության քաղաքականության ռազմավարության մի մաս։ Անվտանգային հարցերը ստանում են աշխարհաքաղաքական երանգավորում, շեշտվում է ռեգիոնալիզմի դերը։ Սա մի կողմից պայմանավորված է Իրանի Իսլամական Հանրապետության ներքին քաղաքականությամբ, և ինչպես ԻԻՀ սահմանադրության մեջ է ասվում «Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը․․․ պարտավոր է օգտագործել իր բոլոր ռեսուրսները՝... գաղութատիրությունն ամբողջությամբ մերժելու և օտարերկրյացիների ազդեցությունը կանխելու համար»[[36]]։ Մյուս կողմից սա պայմանավորված է Իրանի վրա ռուսական ազդեցությամբ։ Սակայն հետաքրքրական է, որ Իրանը ոչ միայն հակադրվում է 2020թ նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հայտարարության 9-րդ կետին և «Զանգեզուրի միջանցքի» գոյությանը, այլև հաշտվում ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայության հետ, որն իր բնույթով ռազմական չէր։ Բանն այն է, որ այստեղ համադրվում են Իրանի և Արևմուտքի շահերն այն առումով, որ առաքելության տեղադրմամբ սահմանների փոփոխություն թույլ չէր տրվում և Իրանն ազատվում էր իր սահմանների մոտ ավելորդ լարվածության առկայությունից։ Իսկ Իրանը մտահոգված էր իր հյուսիսային սահմանների մերձակայքում պանթյուրքական ծրագրերի հնարավոր իրականացման կապակցությամբ՝ այն դիտարկելով որպես տարածաշրջանային ուժերի հարաբերակցության փոփոխություն, որը կարող էր խորացնել Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունը։ Իրանը նաև ինքն էր ցանկանում շարունակել մնալ Ադրբեջանը Նախիջևանին կապող օղակը Իրանով գնացող ճանապարհի միջոցով, որը Իրան-Ադրբեջան հարաբերություններում իր լծակը չկորցնելու հնարավորություն էր ընձեռում նրան։

Այսպիսով՝ այս շրջանում Հայաստանի առջև դժվարին խնդիր էր դրված լուծել երկրի առջև ծառացած անվտանգային խնդիրներն ու բարելավել երկրի անվտանգային միջավայրը։ Ուստի մի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղակայվում է ԵՄ քաղաքացիական առաքելությունը, իսկ մյուս կողմից Սյունիքի մարզում բացվում է Իրանի գլխավոր հյուպատոսարանը։

Էբրահիմ Ռայիսիի կառավարության շրջանում պաշտոնական Թեհրանը, ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային և հետևողական քաղաքականությունը, որն ուղղված է միջազգային սահմանների և երկրների տարածքային ամբողջականության պահպանմանը, շարունակաբար շեշտել է տարածաշրջանային հարցերը տարածաշրջանի երկրների կողմից լուծելու և «3+3» հարթակի հնարավորություններն օգտագործելու անհրաժեշտության մասին, որի նիստը 2023թ հոկտեմբերին տեղի էր ունեցել հենց Թեհրանում։ Սակայն այս հարթակն իր բնույթով պրոբլեմատիկ է և ոչ արդյունավետ նախ այն առումով, որ տարածաշրջանի երկրներից մեկը՝ Վրաստանը, հրաժարվում է մասնակցել դրա նիստերին։ Ուստի լինելով տարածաշրջանային խնդիրները լուծելու հարթակ՝ այն չի ապահովվում տարածաշրջանի բոլոր երկրների ներկայությունը ու արդեն վիճելի հարց է դառնում՝ հարթակը «3+3» է, թե «3+2»։ Հայաստանը վերապահումով է մասնակցում այս հարթակի նիստերին և դրանց մասնակցությունը դիտարկում է իր ներկայությունը ապահովելու և մարտավարական առումով իր դիրքորոշումները օրակարգից դուրս չմնալու տեսանկյունից։ Բացի այդ՝ դժվար է գնահատել, թե ինչ առարկայական և տեսանելի արդյունքներ է հարթակն արձանագրել մի քանի տարվա գործունեության ընթացքում։    

Iran hosts Armenia-Azerbaijan talks, Russia says main issue resolved in  Nagorno-Karabakh | Reuters

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի կառավարությունում գործող Սեյեդ Աբբաս Արաղչին, ըստ էության, շարունակում է իր նախկինների վարած անվտանգության քաղաքականության գիծը, սակայն ավելի մեղմ շեշտադրումներով։ Այս շրջանում՝ 2025թ սկզբից է, երբ ռուս սահմանապահները հեռանում են Հայաստան-Իրան սահմանի հսկիչ կետից, և նրանց փոխարինում են հայ սահմանապահները։ Այս քայլը համընկնում էր ավելի անկախ հարևաններ ունենալու Իրանի դիրքորոշման հետ, ուստի այն կողմ էր անվտանգային այս նոր իրողություններին։

2025թ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացել էր Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման արարողությունը, որն անվտանգային և աշխարհաքաղաքական մտահոգություններ էր առաջացրել Իրանի մոտ։ Իրանի արձագանքը այս համաձայնագրին սկզբում եղել էր կոշտ և զգայական ֆոնի վրա։ Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ընդգծելով, որ Թրամփի ճանապարհը («Զանգեզուրի միջանցք») փոխելու է սահմանները և սահմանափակելու է Իրանի դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք հաղորդակցության ուղին, հայտարարել էր, որ Իրանը թե՛ Ռուսաստանի հետ, թե՛ առանց նրա դիմադրելու է այս քայլին[[37]]։ ԻԻՀ քաղաքական նպատակահարմարության խորհրդի անդամ Մոհսեն Ռեզային, հստակեցնելով նրա տեսակետը իրանական շահի տեսանկյունից, X-ի իր էջում գրառում էր կատարել «Զանգեզուրի անցուղու միջոցով Իրանի դեպի Ռուսաստան և Եվրոպա առևտրային ճանապարհների արգելափակման համար յուրաքանչյուր փորձ դատապարտված է պարտության»[[38]]։

Ի դեպ, եթե հիշենք նաև ԱՄՆ կոնգրեսական Նենսի Փելոսիի՝ Հայաստան այցից և Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումից հետո իրանական կողմի արձագանքը, ապա կտեսնենք, որ նմանատիպ հայտարարությունները օրինաչափություն են կազմում։

Հետագայում եղել են ավելի կշռադատված հայտարարություններ։ Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին իր հայտարարությունում ողջունել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղություն։ Մենք ցանկանում ենք, որպեսզի պահպանվի տարածաշրջանի բոլոր երկրների ամբողջական ինքնիշխանությունը իրենց տարածքների նկատմամբ և պաշտպանում ենք տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը։ Չենք ընդունում միջազգային սահմաններում յուրաքանչյուր փոփոխություն․․․ Միջանցքի հարցն ամբողջովին վերացել է, և այժմ խոսքը Հայաստանի ինքնիշխանության տակ գտնվող տարանցիկ ճանապարհի մասին է»[[39]]։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ընդգծելով, որ իրադարձությունը ուռճացվում է լրատվականների կողմից, հայտարարել էր «Իսլամական Հանրապետության ցանկությունները հաշվի են առնվել։ Տարածքային ամբողջականության սկզբունքը, հաղորդակցության ստեղծումը, դեպի Եվրոպա ճանապարհի փակումը և մեր քաղաքական համակարգի հայացքներն այնտեղ հաշվի են առնվել։ Միակ անհանգստությունն այն է, որ մի ամերիկահայկական ընկերություն է ճանապարհը կառուցում»[[40]]։ Ահա իրանական կողմի այս անվտանգային, աշխարհաքաղաքական և տնտեսական մտահոգությունների փարատմանն էր ուղղված երկկողմ բարձր մակարդակով շփումները երկու երկրների միջև, իսկ հետո նաև իրանական բարձրաստիճան պատվիրակության այցը Հայաստան։    

Օգոստոսի 19-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Մասուդ Փեզեշքիանն իր ելույթի ժամանակ հայտարարել է «Մենք միշտ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պաշտպանել ենք, և դա մեր քաղաքականությունն է: Եվ դեմ ենք տարածաշրջանում ցանկացած ուժի կիրառմանը: Գտնում ենք, որ տարածաշրջանում ղեկավարումը պետք է լինի կովկասյան, և խնդիրների արտահանձնումը տարածաշրջանից դուրս արտատարածաշրջանային տերություններին՝ տարածաշրջանի իրավիճակը ավելի կբարդացնի:

Խաղաղությունը Կովկասում՝ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները:

Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը եղել է տարածաշրջանում, Կովկասում սահմանների անփոփոխության մասին, և գտնում ենք, որ այդ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ մրցակցության պատճառ դառնալ»[[41]]:

Փեզեշքիանը նաև ավելացրել է«Վերահաստատվել է սահմանների անվտանգության պահպանման, քաղաքացիների հանգստության և զբոսաշրջության զարգացման համար երկկողմ համագործակցության ավելացումը[[42]]»։

Հանդիպումից հետո պատվիրակության հետ Հայաստան ժամանած ԻԻՀ արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, ընդգծելով, որ լուրջ բանակցություններ և քննարկումներ են ունեցել, հայտարարել է «Տարանցման, տարանցիկ ճանապարհների և Վաշինգտոնում տեղի ունեցած վերջին քննարկման մասին հայկական կողմը շատ հանգամանալից բացատրություններ տվեց և անհրաժեշտ վստահեցումները տվեց, որ ծանոթ է Իրանի կարմիր գծերին և դրան ուշադրություն է դարձրել ու ուշադրություն է դարձնելու, և Հայաստանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքից Իրանին որևէ սպառնալիք լինի»[[43]]։ Ուստի իրանական կողմի մտահոգությունները կարելի էր փարատված համարել և արձանագրել կողմերի միջև զգայուն հարցերի փոխըմբռնման մասին։

Վերլուծելով ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի պատվիրակության այցի սիմվոլիկան՝ կարելի է եզրակացնել, որ Իրանը պատասխանում է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական դինամիկային օգոստոսի 8-ին Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ միջև «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումից հետո՝ փորձելով դիրքավորելով իրեն որպես տարածաշրջանային գործոն։ Հայաստանն էլ իր հերթին, հաշվի առնելով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ռիսկերը փորձում է իրեն դիրքավորել այնպես, որ խուսափի լարվածություններից, կանխարգելի դրանք, ինչպես նաև պահպանի հավասարակշռված մոտեցումը՝ նպաստելով տարածաշրջանում անվտանգ և խաղաղ միջավայրի ձևավորմանը՝ առաջին հերթին հենց տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համար։ 

Այսպիսով՝ Իրանը տարածաշրջանային զարգացումների պայմաններում վարում է նպատակաուղղված, բայց զգուշավոր անվտանգային քաղաքականություն։ Այն, դանդաղ և աստիճանաբար ձևավորելով իր դիրքորոշումը Հայաստանում, հետևողական քայլերով և դիվանագիտական ներկայությամբ ժամանակ առ ժամանակ հիշեցնում է իր ներկայության մասին։ Իրանի քաղաքական վերնախավը բազմիցս հստակեցրել է սահմանների անփոփոխելիության իր սկզբունքի մասին տեսակետը։ Այս համատեքստում անվտանգային հարցերի կարգավորումը ընթանում է հստակ սահմանված կարմիր գծերի, փոխադարձ ըմբռնման և ռեգիոնալ հավասարակշռության պահպանման տրամաբանության շրջանակներում։  

2015թ հետո, երբ Իրանի նկատմամբ պատժամիջոցները կասեցվել էին, այն ջանում էր միջուկային համաձայնագրի տնտեսական օգուտներն օգտագործել (օտարերկրյա ներդրումներ, նավթի վաճառք, բանկային հարաբերություններ), բայց դեպի համաշխարհային բանկային համակարգ հասանելիության հարցում բախվել էր մարտահրավերների։ Այս շրջանում Ռոհանիի օտարեկրյա այցերը (ինչպես Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան) մասն են կազմել միջուկային համաձայնագրի միջավայրից օգտվելու համար վարվող ակտիվ տնտեսական դիվանագիտության։ 2016թ դեկտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում Հասան Ռոհանին իր ելույթի ընթացքում, ընդգծելով հարաբերությունների առևտրատնտեսական շերտը, նշել է «Մենք լավ հարաբերություններ ունենք էներգետիկայի բնագավառում և բանակցությունների ընթացքում պայմանավորվեցինք էլ ավելի զարգացնել այդ հարաբերությունները, մասնավորապես՝ գազի արտահանման ծավալների մեծացման, Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի տարանցման, էլեկտրաէներգիայի մատակարարման ուղղություններով: Մենք պետք է շարունակենք և ավարտին հասցնենք Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը։

Պայմանավորվեցինք ընդլայնել առևտրատնտեսական հարաբերությունները, նպաստավոր պայմաններ ստեղծել երկու երկրների գործարարների և ներդրողների համար: Այս կապակցությամբ նշվեց նաև ՀՀ-ԻԻՀ սահմանային գոտում գտնվող «Արաս» տնտեսական գոտում համատեղ ներդրումների իրականացման հնարավորությունը, իսկ այդտեղ արտադրված ապրանքները հնարավոր կլինի արտահանել Հայաստան և Իրան, ինչպես նաև այլ երկրներ:

Aras Free Zone | Visit iran

Քննարկեցինք նաև Իրանի և ԵԱՏՄ միջև արտոնյալ առևտրի ռեժիմի հաստատմանը վերաբերող հարցեր, ինչը ճանապարհ կբացի հետագայում ազատ առևտրի համաձայնագրի կնքման համար»։ 

Նա նաև հավելել է «Այսօր Իրանի և Հայաստանի Կենտրոնական բանկերի նախագահների միջև տեղի ունեցած բանակցությունները լայն հնարավորություններ կստեղծեն մեր երկրների բանկային համակարգերի միջև կապերի զարգացման համար, ինչը կդյուրացնի առևտրատնտեսական ոլորտում առկա հնարավորությունների լիարժեք օգտագործումը»[[44]]: Հանդիպման ժամանակ երկու պետությունների նախագահները վստահություն են հայտնել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած բանակցությունների դրական ավարտի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կծառայեն ի շահ տարածաշրջանային և միջազգային անվտանգության և կայուն զարգացման:

Հասան Ռոհանիի այս այցից հետո երկու երկրների միջև ուժեղանում են տնտեսական և քաղաքական կապերը, տնտեսական փոխկախվածությունը, սկսում են ձևավորվել բազմակողմ ձևաչափերը, բարձրացվում է Հայաստանի նշանակությունը Իրանի տարածաշրջանային քաղաքականության մեջ որպես հյուսիս և հյուսիս-արևմուտք դարպաս։ Հայաստանին հնարավորություն էր տրվում նվազեցնել էներգետիկ կախվածությունը, իսկ Իրանին՝ մեծացնել էներգետիկայի արտահանման շուկան։ Դիտարկվում են ներդրումների և առևտրի հեշտացման ճանապարհները։ Սակայն հարկ է նշել, որ միջուկային համաձայնագրից հետո ընկած ժամանակահատվածը և դրա ընձեռած հնարավորությունները ամբողջովին չեն օգտագործվում, տնտեսական համագործակցությունը դանդաղ է ընթանում, և նախատեսված ծրագրերն ու պայմանավորվածությունները կոնկրետ արդյունքներ են տալիս Ռոհանիին հաջորդող Ռայիսիի նախագահության շրջանում։ Այս շրջանում է, երբ Հայաստանի կողմից փորձ է կատարվում դիվերսիֆիկացնել տնտեսական հարաբերությունները Ռուսաստան-Թուրքիա առանցքից։ 2022-ի նոյեմբերին ստորագրվում է «Բնական գազի բնագավառում համագործակցության» փոխըմբռնման հուշագիրը, 2023-ի օգոստոսին ստորագրվում է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման և ծավալների ավելացման փաստաթուղթը (ծրագիրը երկարաձգվել է մինչև 2030)։

2019թ հոկտեմբերին Երևանում տեղի է ունեցել ԵԱՏՄ ղեկավարների նիստ, որին մասնակցություն է ունեցել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին։  Հասան Ռոհանիի՝ Հայաստան այս այցի ժամանակ Թրամփի կառավարությունը պաշտոնապես դուրս էր եկել միջուկային համաձայնագրից և լայնածավալ պատժամիջոցներ գործարկել Իրանի նկատմամբ, Իրանը սկսել էր ավելացնել շփումները ռեգիոնալ կառույցների հետ ինչպիսին է ԵԱՏՄ-ն և ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների՝ ամրապնդել տնտեսական հարաբերությունները ԵԱՏՄ անդամ երկրների հետ։

Իրանցի վերլուծաբանները դեպի Հայաստան Հասան Ռոհանիի այս այցի մասին գրել են, որ երկու երկրների հարաբերություններում նոր էջ է բացվում, որի ուշադրության ամենաարժանի մասը կապված է Իրանի և ԵԱՏՄ միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման հետ[[45]]։ 

ԵԱՏՄ ղեկավարների նիստը և Իրանի՝ դրան մասնակցությունը թույլ է տալիս Հայաստանին բարձրացնել երկրի տարածաշրջանային տեսանելիությունը և դեր խաղալ նաև Իրան-ԵԱՏՄ առևտրում, բայց այստեղ էլ ինչպես տնտեսական մյուս ծրագրերի դեպքում ծրագրերի իրականացումը շատ դանդաղ է ընթանում, և ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը վավերացվում և ուժի մեջ է մտնում միայն 2025թ.-ին։  

Տրանսպորտային ուղիների գործարկման անհրաժեշտության և դրանց միջոցով առևտրի պոտենցիալ հանգույցներին հասանելիության մասին գաղափարները սկսվել են նոր թափ ստանալ Հասան Ռոհանիի նախագահության առաջին շրջանում՝ միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո։ 2016թ․, երբ նա պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան, իր ելույթում նշել է«Հայաստանը և Իրանը կարող են մաս կազմել Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքին: Հնարավոր է ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղու միջոցով միմյանց կապել Սև ծովը և Պարսից ծոցը, ինչը մեր տարածաշրջանի, ինչպես նաև այլ երկրների միջև առևտրատնտեսական գործունեության համար նպաստավոր պայմաններ կստեղծի»: Հասան Ռոհանիի՝ Հայաստան երկրորդ այցի ժամանակ արձանագրվել է Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում առևտրաշրջանառության ծավալների աճի մասին, մտքեր են փոխանակվել նաև Պարսից ծոցը Սև ծովին միացնելու տրանզիտային ուղիներին վերաբերող հարցերի շուրջ[[46]]:   

Արդեն 2025թ Հայաստանը և Իրանը վերահաստատել են նպատակադրումը՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասցնելու 1 մլրդ և ապա՝ 3 մլրդ ԱՄՆ դոլարի։ Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանը իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է «Հաշվի առնելով Հայաստանի ռազմավարական դիրքը և արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացիան՝ Հայաստանը կարող է իրանցիների համար դարպաս հանդիսանալ ինչպես դեպի ԵԱՏՄ, այնպես էլ դեպի Եվրամիության անդամ երկրներ»[[47]]։

Iran targets $1 bn of trade with Armenia

Հարկ է նշել, որ եթե Իրանից ներմուծումն աճել է, ապա նույնը չի կարելի ասել արտահանման մասին, որը ներառում է ոլորտներ ինչպիսիք են էլեկտրաէներգիան, պղնձի խտանյութը, գյուղմթերքը։ Այսպես, առևտրատնտեսական հարաբերություններում գրեթե չեն օգտագործվում Իրանի շուրջ 80 միլիոնանոց շուկայի հնարավորությունները։

2023 թվականի հոկտեմբերի 26-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակներում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հազոևդակցության և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին։ Նախագիծը ողջունել են ԻԻՀ արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը[[48]], իսկ հետագայում Սեյեդ Աբբաս Արաղչին։ 2025թՀայաստան կատարած այցի ժամանակ Արաղչին նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկրների ազգային օրենքների պահպանմամբ հաղորդակցության և տրանսպորտային ուղիների բացմանը, ինչպես նաև ավելացրել. «Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է Հայաստանի վարչապետի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, և մենք կարծում ենք, որ այս ծրագիրը մեծ ներուժ է ստեղծում երկու երկրների միջև հարաբերությունների համար»[[49]]։ Այսպես, այս շրջանում ավելի շատ է սկսվում կարևորվել և առաջին պլան է մղվում հաղորդակցության և տրանսպորտային ուղիների բացման և դրա համար համապատասխան ավտանգ միջավայր ստեղծելու հարցը։

2025թ օգոստոսի 19-ին ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կա երկուստեք համաձայնություն, որ հասունացել է ժամանակը երկու երկրների հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի։

Թեև չի կարելի ստույգ ասել, թե ինչ նկատի ունեն կողմերը ռազմավարական գործընկերություն ասելով և ինչ է այն իրենից ենթադրելու, բայց, ըստ էության, խոսքը վերաբերում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին կամ ինչպես իրանական խոսույթում է ընդունված անվանել, Պարսից ծոց-Սև ծով միջանցքին։ Այն դեռևս Հասան Ռոհանիի նախագահության շրջանից սկսած համարվում էր իրանական հեռահար ռազմավարական ծրագրերից մեկը և Իրանի այլընտրանքային ճանապարհը դեպի եվրոպական երկրներ, իսկ Փեզեշքիանի կառավարությունն այն հայտարարել է իր առաջնահերթություններից մեկը։ Այն ռազմավարական նշանակություն ունի նաև Հայաստանի համար և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մի մաս է կազմում։ Այս ուղղությամբ վերջին շրջանում ակտիվ շարունակվում են երկկողմ ակտիվ ջանքերն ու աշխատանքները։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4 շրջանակներում Ագարակից Վարդանիձոր (մոտ 21 կմ) ճանապարհի հիմնանորոգման և Վարդանիձորից մինչև թունելի ելք (մոտ 11 կմ) ճանապարհի կառուցման պայմանագիրը ստորագրվել է 2023 -ի հոկտեմբերին։ Ագարակ - Քաջարան ճանապարհի շինարարության պայմանագիրը, որը նախատեսում էր կառուցել 32կմ ճանապարհ, 17 կամուրջ, 2 թունել և 5 խաչմերուկ, ստորագրվել է 2023 թվականի հոկտեմբերի 23-ին: Ճանապարհահատվածի շինարարությունն իրականացնում է իրանական ընկերություն։ 2025թ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան այցի շրջանակներում Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են Արաքսի վրա երկրորդ կամրջի կառուցման մասին[[50]]։ Բացի այդ՝ դեռ 2024թԻրանի և Հնդկաստանի միջև կնքվել էր պայմանագիր, որով Հնդկաստանը հնարավորություն էր ստանում տասը տարով վերազինել և գործարկել Պարսից ծոցի Չաբահար նավահանգստի Շահիդ Բեհեշթի վերջնակետը՝ ներդնելով շուրջ 370 միլիոն դոլար։  

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վարում է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, և ռազմավարական գործընկերության մասին այս խոսակցությունները թերևս բխում են այդ տրամաբանությունից։ Մյուս կողմից էլ հնարավոր է, որ հայկական կառավարությունը սպասում է՝ տեսնելու, թե ինչ արձագանքներ կլինեն այս մասով ամերիկյան կողմից։

Այս ճանապարհի կարևորության նվազման մասին հայտարարություն էր արել Իրանի արտգործնախարարը, թեմային անդրադարձել էին նաև իրանցի վերլուծաբանները։ «Իրան և Եվրասիա ուսումնասիրությունների ինստիտուտ» ուղեղային կենտրոնի փորձագետ Մաջիդ Ռուհին Թրամփի ճանապարհի մասին իր վերլուծության մեջ գրում է «Իրանի Իսլամական Հանրապետությանն ուղղված ամենամեծ սպառնալիքն այն է, որ երկիրը Արևմուտքի համապարփակ պատժամիջոցների, ենթակառուցվածքների բացակայության և Հյուսիս-հարավ միջանցքի անավարտ լինելու պատճառով բախվում է ամենամեծ կորուստների և վնասների»[[51]]։

«Իրանական դիվանագիտություն» վերլուծական պորտալի վերլուծաբան Մալեք Մոսադեղը գրում է «Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ համաձայնագիրը, որով Սյունիքի միջանցքի 43 կիլոմետրը 99 տարով հանձնվեց Միացյալ Նահանգներին, ոչ միայն նվազեցրեց Ռուսաստանի դերը որպես ավանդական միջնորդ, այլև հեռացրեց Իրանին տարածաշրջանի տարանցիկ հավասարումներից․․․ Անվտանգության տեսանկյունից, ԱՄՆ ներկայությունը Սյունիքի միջանցքում՝ Իրանի հյուսիսային սահմանների մոտ, լուրջ սպառնալիք է Թեհրանի ազգային անվտանգության համար»։[[52]]

Հատկանշական է նաև, որ Իրան-Նախիջևան-Հայաստան երկաթգծի նշանակության մասին ընդգծվել է 2020թղարաբաղյան պատերազմից հետո։ Մասնավորապես, երբ արտգործնախարար Զարիֆը այցելել է Հայաստան,  հայտարարել է, որ Իրան-Նախիջևան-Հայաստան երկաթգիծը Իրան-Հայաստան տնտեսական գործակցությունը կբարձրացնի նոր մակարդակի, շեշտել ազատ տնտեսական գոտու առկայությունն ու դրա ընձեռած հնարավորությունները և պնդել, որ առաջիկայում Իրանը կմեծացնի Սյունիքում իր տնտեսական ներկայությունը[[53]]:

Թրամփի ճանապարհի մասով պատկերը այլ կարող է լինել, երբ հնարավոր ռիսկերից մեր ուշադրությունը կենտրոնացնենք այն հնարավորություններին, որ կստեղծի Թրամփի ճանապարհը։ Գործնականում այն նոր հնարավորություն կստեղծի Նախիջևան-Ջուլֆա երկաթուղային գծի միջոցով Հայաստանի և Իրանի միջև համագործակցության համար, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը և հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից և նպաստելու է տարածաշրջանի տնտեսական բարգավաճմանը։

Armenia to be part of major global trade route – Economy Minister -  ARMENPRESS Armenian News Agency

Այս ճանապարհի գործարկումով պահպանվելու են Թուրքիայի շահերը, սակայն տարածաշրջանում նվազելու է նրա ազդեցությունը և մեծանալու է ԱՄՆ դերը։ Ռուսաստանը նույնպես կարող է իր օգուտներն ունենալ այս ճանապարհից և օգտագործել ի շահ իրեն, բայց սա կախված է արդեն այն հանգամանքից, թե ինչպիսին կլինեն ռուս-ուկրաինական զարգացումները։ Եթե Դոնալդ Թրամփին հաջողվի կառուցողական առաջընթաց արձանագրել ԱՄՆ-ՌԴ երկխոսության շրջանակում, ապա Ռուսաստանը կունենա հնարավորություն՝ օգտագործելու այս ուղու ընձեռած հնարավորությունները և հասանելիություն ունենալ դեպի եվրոպական երկրներ։ Մյուս կողմից հակամարտության հնարավոր երկարաձգման պարագայում Ռուսաստանը կարող է կանգնել ավելի լուրջ մարտահրավերների առաջ, ինչը կարող է հանգեցնել նրա ազդեցության նվազմանը Հարավային Կովկասում։

Իրանի փափուկ ուժի տարածմանն առավել տեսանելի ուշադրություն է դարձվում այն ժամանակահատվածներում, երբ երկրի ղեկավարությունը վարում են բարեփոխական քաղաքական գործիչները, ինչն արտահայտվում է նաև մշակութային համագործակցության խթանման և երկխոսության ձևաչափերի ընդլայնման մեջ։ Հասան Ռոհանին իր նախագահությունների երկու շրջաններից յուրաքանչյուրում մեկ անգամ այցելել է Հայաստան, որը կարելի է համարել նպաստել է հարաբերությունների դրական դինամիկային և Իրանի փափուկ ուժի ներկայության ուժեղացմանը Հայաստանում։ Էբրահիմ Ռայիսին իր նախագահության շրջանում այդպես էլ չի այցելել Հայաստան։ Չնայած որ այցը կազմակերպվում էր մինչև նրա և արտգործնախարարի մահը, բայց այցը այսպես, թե այնպես կհամարվեր ուշացած՝ հաշվի առնելով նրա նախագահության շրջանում Հարավային Կովկասում տեղի ունեցող բուռն զարգացումները:

Փեզեշքիանի կառավարությունը, ինչպես Ռոհանին, հետաքրքրված է և ձգտում է ընդլայնել իրանական փափուկ ուժի գործիքակազմը Հայաստանում։  2025թօգոստոսի 19-ի հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի ներկայությամբ տեղի է ունեցել մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողությունը, որոնք ներառում էին արտաքին հարաբերությունների, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, էկոնոմիկայի, քաղաքաշինության և շինարարության, առողջապահության ոլորտները[[54]]։

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի պաշտոնավարման շրջանում նկատվում է Սյունիքի մարզի նկատմամբ հետաքրքրության խորացման միտում։ Այդ ուղղությունը շարունակվում է նաև Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի պաշտոնավարման ընթացքում, որի ընթացքում Կապան քաղաքում բացվում է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսարանը, իսկ Սիսիանում ձևավորվում է հայ-իրանական մշակութային փոխգործակցության նոր հարթակ՝ «Նավասարդ» մշակութային-խոհանոցային փառատոնի ձևով։

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրանի անվտանգային քաղաքականության, մասնավորապես սահմանների անվտանգության պահպանման հարցերում հարկավոր է ուշադրություն դարձնել մի նրբության, որը կօգնի դյուրացնել փոխըմբռնումը և մշակել համակարգված մոտեցում այս հարցերում։ Հայաստանը և Իրանն ունեն միևնույն անվտանգային շահեր և նպատակներ, բայց տարբեր անվտանգային քաղաքականություններ։ Տարածաշրջանային և աշխարհաքաղաքական մարտահրավերները կառավարելու նպատակով դեռևս կարիք կա Իրանի անվտանգային քաղաքական գծի ուղղությամբ աշխատանքներ տանել։ Այս ուղղությամբ հարկավոր է աշխատանքներն ուղղել վստահության մակարդակը բարձրացնելուն, որի համար անհրաժեշտ է խթանել ուղիղ և թափանցիկ հաղորդակցության ձևաչափերի ամրապնդումը։ Նպատակահարմար է նաև օգտագործել հանրային դիվանագիտության գործիքակազմը՝ տարածաշրջանային ըմբռնում ձևավորելու և տարածաշրջանային նարատիվները կառավարելու համար։ Հարկ է նաև զարգացնել համագործակցությունը սահմանային կարգավորումների մեխանիզմների կատարելագործման և աղետներին համատեղ արձագանքելու մեխանիզմներում, ինչպիսին է, օրինակ, Արաքսի աղտոտվածության հարցը, ինչպես նաև կիբեռանվտանգության բնագավառում։ Ընդհանուր անվտանգային շահերի և նպատակների առումով ամեն ինչ ավելի պարզ է։ Այս համատեքստում գերակա է խաղաղության և կայունության ապահովումը տարածաշրջանում, որը կնպաստի փոխշահավետ համագործակցությանը և առևտրատնտեսական կապերի զարգացմանը՝ ի նպաստ բոլոր ներգրավված կողմերի։   

Պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելու և միջազգային մեկուսացման պայմաններում տնտեսական կարիքները բավարարելու համար Իրանը զգալի քայլեր է ձեռնարկել տեղական արտադրության կարողությունների զարգացման ուղղությամբ։ Թեև այս նախաձեռնությունները որոշակի դիմակայունություն են ապահովել, սակայն ֆինանսաբանկային ոլորտում և ինֆլյացիայի վերահսկման շրջանակներում շարունակում են պահպանվել էական մարտահրավերներ։ Այս համատեքստում կարևոր նախաձեռնություններից է նաև արտահանման և ներկրման դիվերսիֆիկացիայի ուղղությամբ տարվող քաղաքականությունը, որի շրջանակներում Իրանը որոշակի քայլեր է ձեռնարկում։ Հաշվի առնելով, որ տնտեսական ուղղությամբ Իրանը վարում է ավելի ճկուն քաղաքականություն, քան անվտանգայինն է՝ հարկավոր է նախաձեռնել և մշակել այնպիսի ծրագրեր կամ մեխանիզմներ, որոնք հայաստանյան տնտեսվարողին թույլ կտան օգտագործել իրանական 80 միլիոնանոց շուկայի հնարավորությունները։ Հարկ է նշել, սակայն, որ տնտեսական նախաձեռնությունները աչքի են ընկնում աշխատանքների երկուստեք դանդաղ իրականացմամբ, իսկ երբեմն էլ արդյունավետության բացակայությամբ։ Օրինակներից ամենատեսանելին կարելի է բերել էներգետիկ ոլորտից։ Գազի արտահանման և էլեկտրաէներգիայի ներմուծման ծավալների մեծացման մասին պայմանավորվածությունը կար դեռևս 2016թ․, բայց օրինական ուժի մեջ է մտնում 2023թ․, իսկ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր գծի աշխատանքները 2025թսկսում են հասնել ավարտական փուլին։ Բացի այդ՝ տնտեսական հարաբերություններում նպատակահարմար է բարձրացնել մարդակենտրոն դիվանագիտության դերը՝ նախաձեռնությունները ձևավորելով այնպես, որ դրանց արդյունքները լինեն շոշափելի և փոխշահավետ երկու ժողովուրդների համար՝ մասնավորապես ուղղված լինելով սոցիալ-տնտեսական բարելավմանը և քաղաքացիների բարեկեցությանը։

Բազմակողմ ձևաչափերի հարցում Իրանի կողմից փորձ է արվում պրագմատիզմ դրսևորել։ Այս ուղղությամբ նպատակահարմար է ակտիվացնել խորհրդարանական դիվանագիտության դերը՝ նման հարցերում քաղաքական երկխոսությունը խթանելու և հասարակական կայուն ներգրավվածությունն ապահովելու համար։ Տեղին կլինի նաև արձանագրել, որ երկկողմ հարաբերությունները շատ ավելի բալանսավորված են ու փոխշահավետ, իսկ երկկողմ համագործակցության արդյունավետությունը՝ ավելի բարձր։

Այսպես, վերջին տարիների հաջողված ծրագրերից է իրանական ընկերությունների ներգրավվածությունը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի որոշակի հատվածների շինարարական աշխատանքներում, որը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մաս է կազմում, որն էլ իր հերթին տարբեր մակարդակներով ողջունվել է Իրանի կողմից։

Ռաֆսանջանիի կառավարման տարիներից ի վեր Հայաստան-Իրան հարաբերությունների համատեքստում առանձնահատուկ կարևորություն է տրվել պատմամշակութային փոխհարաբերություններին, ինչը ծառայել է որպես խթան  Հայաստանում իրանական փափուկ ուժի կիրառման և մշակութային ներկայության ընդլայնման համար։ Այս առումով երկու երկրների բազմադարյա հարաբերությունները 21-րդ դարի պահանջներին համապատասխանեցնելու և փոխադարձ ճանաչողությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է խրախուսել երիտասարդական համատեղ նախաձեռնությունների և փոխանակման ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն երկկողմ հարաբերություններում նոր հեռանկարների բացմանը։  

Արաքսի հովիտը

Երկկողմ հարաբերություններում հարմար հարթակ է նաև 2025թ Մասուդ Փեզեշքիանի այցի շրջանակներում ստորագրված «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2025-2027թթ. (համապատասխանաբար՝ 1404-1406 արեգակնային տարեթիվ) քաղաքական խորհրդակցությունների մասին» հուշագիրը: Հայաստան-Իրան բազմաշերտ հարաբերությունների համատեքստում, որտեղ բոլոր մակարդակներում կարևոր է հետևողականությունը և հետևողական հաղորդակցությունն ու շփումը վաղուց էր ձևավորվել անհրաժեշտություն՝ ստեղծելու մշտական ու նպատակային հարթակ՝ համակարգված խորհրդակցությունների համար։ Այս հարթակը կարող է դառնալ արդյունավետ գործիք՝ հնարավորություն ընձեռելով կողմերին ոչ միայն աստիճանականորեն և փուլ առ փուլ քննարկել երկուստեք զգայուն կամ բարդ հարցերը, այլև խթանել և ապահովել շարունակական խորհրդակցությունները հարցերի փոխշահավետ լուծումների ուղղությամբ։

 

ՀՂՈւՄՆԵՐ

[21] Մասուդ Փեզեշքիան, Իմ ուղերձը նոր աշխարհին, Իրանական դիվանագիտություն, 13.07.2024

[27] Զարիֆի համաժամանակյա այցերը Ադրբեջան և Հայաստան մի տաբուի վերացում, Իրան և Եվրասիա ուսումնասիրությունների ինստիտուտ, 30.05.2021

[34] Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնադրման ուղերձը, Իրան և Եվրասիա ուսումնասիրությունների ինստիտուտ, 28.08.2022

[53] Երբ գալիս է Զարիֆը, Առաջին լրատվական, 29.05.2021

[54] Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը ստորագրել են համատեղ հայտարարություն. երկու երկրների միջև ստորագրվել են այլ փաստաթղթեր ևս, ՀՀ վարչապետի կայք, 19.08.2025

 

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Փորձագետ (ներ)

Շուշան Ազատյան