ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում հրապարակում է արել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարին Հայաստան և Ադրբեջան այցի վերաբերյալ, մասնավորապես Հայաստանի մասով տեղեկացնելով, որ "Մենք կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր՝ մեր մեծ կիսահաղորդչային արտադրողների համար"։
.jpg)
Ադրբեջանի մասով էլ գրել է, որ Բաքվին կվաճառվեն ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ՝ զրահաբաճկոններ, նավակներ և այլն։
2025թ․ Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Վաշինգտոնյան եռակողմ հռչակագիրը ստորագրած Ալիևը ոչ միայն ջանք չէր խնայում իսպառ կասեցնելու Բաքվին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը սահմանափակող 907-րդ բանաձևը, որը Ադրբեջանի հանդեպ ընդունվել էր ղարաբաղյան հակամարտության պատճառով, այլ նաև Վաշինգտոնի ու Բաքվի միջև նույնպես սկսել ռազմավարական ու ռազմա-տեխնիկական համագործակցությունը, որը Երևանի հետ միանգամայն տեսանելի է դառնում հայ-ամերիկյան խորացող հարաբերությունների համատեքստում։

Այսինքն, ԱՄՆ փոխնախագահի այցը չափազանց հագեցած է լինելու անցած տարի օգոստոսի 8-ին ստորագրված 3 հայ-ամերիկյան համագործակցության հուշագրերով ամրագրված գործողությունների վերաբերյալ պայմանագրեր ստորագրելով։
Մեծ հավանականությամբ էներգետիկ ոլորտին վերաբերող պայմանագիրը ճանապարհ է բացելու Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու ու այդ նպատակով ներդրումներ ներգրավելու համար, քանի որ դա ուղղակի ամրագրված է համապատասխան հուշագրով։ Այս մասին շատ է խոսվել նախկինում, սակայն ոչինչ չի հաստատվել կամ որոշակիացվել ոչ ժամկետների, ոչ անգամ ԱՄՆ կողմից միջուկային ռեակտորների տրամադրման կամ ապահովման մասով։
Նույնը վերաբերում է նաև կիսահաղորդիչների, միկրոչիփերի արտադրությանն ու արհեստական բանականությանը վերաբերող հուշագրին, որի ուղղությամբ արդեն իսկ նախապատրաստական քայլեր կատարվել են։
Երրորդ հուշագրի՝ այլևս հայ-ամերիկյան ռազմավարական նախաձեռնության վերածված Խաղաղության խաչմերուկի, վերաբերյալ Թրամփի գրառումը սոսկ ակնարկում է TRIPP-ը շարունակելու ու առաջ մղելու մասին, որը կապված է նաև Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի հետ, և ԱՄՆ փոխնախագահի այցը Բաքու թե՛ այդ խնդրին է վերաբերելու, թե՛ նաև Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրին։
Մեծ հավանականությամբ Երևանում ԱՄՆ փոխնախագահը և Հայաստանի Հանրապետության վարչապետը կազդարարեն նաև Միջազգային խաղաղության և բարեկեցությամբ Թրամփի երթուղին զարգացնող հայ-ամերիկյան ընկերության մասին։ Նախագահ Թրամփը նշել է, որ «Վենսը կայցելի՝ խաղաղության ջանքերը շարունակելու և առաջ մղելու «Թրամփի ուղին»։

Ավելորդ չէ հիշեցնելը, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 13-ին Վաշինգտոնում ստորագրեցին ու հրապարակեցին «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։
Սա նաև ինչ-որ տեղ բացատրելու է գալիս Հայաստանում ԱՄՆ դեսպանին դիվանագիտական ծառայության իր ժամկետի ավարտից 1 ամիս շուտ ետ կանչելու ԱՄՆ պետքարտուղարության շտապողականությունը։ Թե Վաշինգտոնում ինչո՞ւ չէին ցանկանում, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցն ու միջպետական պայմանագրերի ստորագրումը տեղի չունենան այլևս նախկին դեսպան Քվինի մասնակցությամբ, մանավանդ որ մինչև փոխնախագահի փետրվարյան այցը տեխնիկապես ու ընթացակարգերի պատճառով չեն ունենա նաև իրենց նախըտրելի նոր դեսպանին ԱՄՆ փոխնախագահի կողքին, թերևս միայն ԱՄՆ վարչակազմը կիմանա։
Ի դեպ, դեռևս 2025թ․ օգոստոսի 8-ից՝ Վաշինգտոնյան համաձայնագրերի ողջ փաթեթի հրապարակայանացումից հետո էի ծավալուն անդրադարձել հայ-ամերիկյան 3 հուշագրերի ու ամերիկա-ադրբեջանական 1 հուշագրի մի էական տարբերության, որը ուշադրությունից դուրս էր մնացել Հայաստանում և Ադրբեջանում։

Ի տարբերություն հայ-ամերիկյան հուշագրերի, որոնք կնքվել են 4 տարի ժամկետով, Ադրբեջան-ԱՄՆ հուշագիրը ստորագրվել էր մեկ տարի ժամանակով այն տրամաբանությամբ ու պայմանականությամբ, որ այդ ընթացքում կա՛մ Բաքուն ստանում է ռազմավարական գործընկերության կարգավիճակ և Կանոնադրություն, եթե իրեն "խելոք և կառուցողական" է պահում ու շարժվում է ձեռք բերված պայմանավորվածություններով, կա՛մ մեկ տարի անց ուղղակի ամեն ինչ Վաշինգտոն-Բաքու հարաբերություններում ավարտվում է այնքանով, որքան կարվի այդ մեկ տարվա ընթացքում (գրեթե բառացի սա էր գրված հուշագրի վերջում)։
Շատերի համար էր տարօրինակ, թե ինչու էր Ադրբեջանի նախագահ ռազմատենչ Ալիևը անցած աշնանը այնքան բարիացել, որ միակողմանի հանում էր դեպի Հայաստան տարանցվող բեռների արգելքը, իր տարածքով Հայաստան էր տեղափոխում ռուսական ու ղազախական ցորենը, ապացուցում եռակողմ հռչակագրով ամրագրված փոխադարձության սկզբունքը իր կողմից կատարելը, ընդհուպ՝ դիզելային վառելիքի ու բենզինի հարցում Երևանի հետ մտնում առևտրային հարաբերությունների մեջ, իսկ օրերս էլ հաշվետվություն տալիս, որ Հայաստան եկող բեռները հատուկ պարեկությամբ են ուղեկցվում՝ դրանց անվտանգության նկատառումներով։
Վարքագծային այդպիսի փոփոխության պատճառները երկուսն էին․
1․ Բաքուն քաջատեղյակ և տեսնում էր, որ ամերիկյան ճնշումների, Թուրքիայի ռազմավարական հետաքրությունների արդյունքում, այդուհանդերձ, հայ-թուրքական սահմանը բացվելու է, և ինքը ունակ չէ այդպիսի մեծ շահերին հակադրվել ու ադրբեջանական գործոնով կանխել Հայաստանի ապաշրջափակումը՝ հավելյալ նախապայմաններ առաջ քաշելու միջոցով, ինչպես դա արեց 2009-10թթ․ հայ-թուրքական ֆուտբոլայաին դիվանագիտության ժամանակ։ Հետևաբար, Բաքվի տեսանկյունից ու հաշվարկով ավելի լավ է գոնե ցույց տալ կառուցողականություն, այլ ոչ թե ավագ եղբորից խռոված "արձագանքել" անկասելի հետևանքին։
2․ Բաքվի համար չափազանց կարևոր է ԱՄՆ-ից ստանալ ռազմավարական գործընկերության Կանոնադրությունը, որը Երևանն ստացել է անցած տարվա հունվարին, ու Ալիևն այլևս գիտի, որ Հայաստանը ոչ միայն ԱՄՆ հանրապետական, այլ նաև դեմոկրատական վարչակարգերի, ասել է թե՝ ԱՄՆ ողջ քաղաքական սպեկտրի, համար է ռազմավարական նշանակության երկիր գնահատված, և այլևս մեծ հույսեր չի կարող փայփայել, թե երբևէ Երևանը կկորցնի Վաշինգտոնի համար իր այդ կարևորությունը այս կամ այն վարչակարգի դեպքում։ Հետևաբար, կրկին Բաքվի տեսանկյունից, ավելի լավ է հարմարվել ոչ այնքան բաղձալի իրողություններին, փոխել վարքագիծը և Վաշինգտոնից ստանալ այն, ինչը Երևանն արդեն ստացել է ու ժամանակի մեջ առաջ ընկել․ մինչ Բաքուն ու Վաշինգտոնը այժմ են կնքում ռազմավարական համագործակցության համաձանագիրը, Երևանն ու Վաշինգտոնը դա արել են մեկ տարի առաջ, իսկ այժմ քայլ առ քայլ, գործողություն առ գործողություն իրականացնում են այն։
Ահա, թե որո՞նք էին Ալիևի "բարեհամբյուր, կառուցողական, մեծահոգի" դառնալու խթանները, որ նա նույնիսկ տարեսկզբին 4 հայ ռազմագերի վերադարձրեց Հայաստանին՝ ԱՄՆ-ին ապացուցելու համար իր "կառուցողականությունը" և արժանանալու ԱՄՆ փոխանախագահին հյուրընկալելու պատվին։ Բավական է հիշել, որ 2025-ի տարեվերջին ԶԼՄ-ներ սպրդեց ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան այցելելու լուրը, որը Հայաստանի ԱԳՆ հաստատեց իր չհերքելով, իսկ Ադրբեջան այցի մասին խոսք էլ չկար։ Իսկ դա չէր կարող չգրգռել Բաքվին․․․

Թերևս վերը նշված իրավիճակն էր պատճառը, որ Դավոսում Խաղաղության խորհրդի հիմնարկեքի արարողության շրջանակներում վարչապետ Փաշինյանի հետ նախագահ Թրամփի առանձին հանդիպման անհրաժեշտություն չկար, քանի որ պայմանավորվածություններն այլևս ձեռք են բերված, քայլերն իրենց ժամանակացույցով հաստատված են, մինչդեռ Բաքվի հետ անորոշություններն ավարտված չեն։
Եվ, հանուն արդարության, զարմանալի էր տեսնելը, թե այս ամենի ու նախապատմության, այլևս տեսանելի նկարագրված դինամիկան պայմանավորած գործոնների անտեսմամբ Հայաստանում ինչպես են փորձում տարատեսակ բացատրություններ գտնել Թրամփ-Ալիևի կարճ հանդիպման ու Փաշինյան-Թրամփ հանդիպման բացակայության համար, ավելին՝ հասկանալ, թե ինչո՞ւ են նախագահ Թրամփի աջ և ձախ կողմերում նստած Փաշինյանն ու Ալիևը ու դրա համար գնալ մինչև այբբուբենի խորքերը։

Մինչդեռ բացատրությունը շատ պարզ է․ Հայաստանը ԱՄՆ-ի հետ ունի առնվազն 4 տարվա հաստատված ռազմավարական գործընկերության ճանապարհային քարտեզ՝ համաձայնեցված գործողություններով։ Ադրբեջանը խանդով է վերաբերում դրան ու փորձում է հասնել։ Իսկ ԱՄՆ նախագահն էլ այդ մեխանիզմն օգտագործում է Ալիևի վարքագիծը իրեն ցանկալի ուղղությամբ փոխելու ու հունավորելու համար։
Ավելին, թերևս աշխարհում 8 հակամարտություն ու պատերազմ ավարտած Թրամփի կարճաժամկետ հաջողության համար Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը այս պահի դրությամբ ամենաշոշափելին ու տեսանելին է իր արագ զարգացման դինամիկայի առումով, հետևաբար դրա "շահառունները" պետք է ցուցափեղկի մոտ լինեն որպես տեսանելի ապացույց նրանց համար, ովքեր դա չեն գնահատել Խաղաղության նոբելյան մրցանակի որոշման ժամանակ կամ, ընդհանրապես, կասկածի տակ են դնում 8 պատերազմ ավարտելու Թրամփի չդադարող պնդումներն ու հայտարարությունները։
ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան աննախադեպ է, քանի որ մինչ այդ բարձրագույն մակարդակը եղել է ԱՄՆ պետքարտուղարը։ Հիրավի, չափազանց խորը և համապարփակ է նաև այցի օրակարգը՝ սպասվող որոշումների առումով։ Դրանք կրկին գալու են ընդգծելու ԱՄՆ գլոբալ ռազմավարության մեջ Հայաստանին վերապահված կարևոր դերը մեր ընդարձակ տարածաշրջանում։


