1. «Ազատ Քրդստանի» քարտեզը
Դեռևս 2021թ. օգոստոսին մեր հեղինակած «Քրդստանը՝ պետության ճանապարհին. տարածաշրջանը պատրա՞ստ է դրան» հոդվածում ներկայացրել էինք Մերձավոր Արևելքում քրդական պետության ստեղծման հեռանկարների, դրանում շահագրգռված կողմերի, այդօրինակ կանխատեսվող ծրագրի հնարավոր ազդեցությունը՝ եզրակացնելով, որ տարածաշրջանը դեռևս պատրաստ չէ այդ նշանակալի իրադարձությանը, քանի որ այդ գործընթացը պետք է ենթադրի ինչպես ռազմական գործողություններ, այդ թվում՝ Հայաստանի սահմանների անմիջական հարևանությամբ և նրա գործընկերների տարածքներում, այնպես էլ՝ ժողովրդագրական էական տեղաշարժեր՝ ածանցյալ մարտահրավերներով[1]: Սակայն եթե 2021թ. տարածաշրջանում քրդական միացյալ պետության ստեղծման վերաբերյալ առկա էին մի շարք անորոշություններ, իսկ կանխատեսումները զուտ տվյալ պահի համար իրավիճակային կամ «հաշվարկային» գնահատական էին, ապա 2024թ. արդեն իսկ նշանավորվում է այդ ուղղությամբ հստակ ծրագրերով, շահառուների անթաքույց միտումներով և գործարկված քայլերով:
Իրաքի հյուսիսում քրդական ինքնավարության ստեղծման ամենակարկառուն ջատագովը, ինչպես հայտնի է, Իսրայելն է: 2017թ. քրդական անկախության հանրաքվեն առաջինը ողջունելուց բացի, այդ պետությունը ոչ միայն հրեա փորձագետների, այլև իշխանության բարձրագույն ներկայացուցիչների խոսքում է բազմիցս բացահայտ արտահայտվել տարածաշրջանում քրդական միացյալ պետության ստեղծման նպատակահարմարության մասին:
Եվ չնայած 2023թ. հոկտեմբերի 7-ից հետո հրեական պետության շուրջ փորձագիտական կարծիքները շեշտակի աճել են՝ պայմանավորված Գազայի հատվածում իսրայելական զինված ուժերի ռազմական գործողություններով, սակայն սույն հոդվածի շրջանակներում մեր կողմից կարևորվեց իսրայելապաղեստինյան պատերազմի համատեքստում իսրայելաքրդական հարաբերություններին ու դրանց հնարավոր ընթացքին ուշադրություն դարձնելու, նախորդ կանխատեսումները գնահատելու և նոր, հավանական դիպաշարեր դիտարկելու անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային այդ ծանրաքաշ զամբյուղում ունենալով նաև Հայաստանի շուրջն առկա իրավիճակը, սպառնալիքները, գուցեև՝ հնարավորությունները:
Այսպես, 2024թ. մայիսի 29-ին Իսրայելի վարչապետի որդին՝ Յաիր Նեթանյահուն, ով հայտնի է նաև որպես իսրայելական պետական քաղաքականության առանցքային դրույթներն ու դիրքորոշումն «անմեղ» շուրթերով առաջ մղող օգտատեր, Քրդական պետությունը պատկերող մի ուշագրավ քարտեզ է հրապարակել՝ հետևյալ գրառմամբ. «Բոլոր հայացքները դեպի Քրդստա´ն են. Դադարեցրե´ք Թուրքիայի կողմից քուրդ ժողովրդի ցեղասպանությունը. Դադարեցրե´ք Թուրքիայի, Իրանի, Իրաքի և Սիրիայի կողմից Քրդստանի օկուպացիան և ճնշումը: Ազա´տ, ազա´տ Քրդստան»[2]: Իսկ քարտեզից երևում է, որ «ապագա Քրդստանը» ներառելու է Թուրքիայի տարածքի մի զգալի հատվածը: Ի թիվս Իրանի, Իրաքի ու Սիրիայի որոշ տարածքների, քրդական պետության կազմում են նաև Վրաստանի սահմաններում գտնվող մի հատված և, որ ամենազարմանալին է, Իսրայելի գործընկեր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող, երբեմնի հայկական Արցախի Քարվաճառի շրջանը (խորհրդային տարիներին հայտնի «Կարմիր Քրդստանը»):
Սա, անշուշտ, առաջին դեպքը չէ, որ Իսրայելի վարչապետի որդին, հաճախ կրկնելով հորը, հակաթուրքական հայտարարություններ է անում (մյուս երկրների առումով առավել հասկանալի է), սակայն վստահաբար կարող ենք ասել, որ սա Գազայի ժողովրդի դեմ իսրայելական բանակի գործողությունների վերաբերյալ թուրքական կողմի մեղադրանքներին զուտ պատասխան չէ, այլ՝ առաջիկա տարիներին սպասվող զարգացում: Ավելին, ուսումնասիրելով իսրայելական ռազմավարական որոշակի ծրագրեր, գոյության իրավունք է ստանում նաև հակառակ պնդումը՝ Թուրքիա՛ն է փորձում պաշտպանվել իր տարածքի մասնատման և տարածաշրջանում 50-60 մլն բնակչություն ունեցող նոր պետություն-գլխացավանք ստեղծելու այս ազդեցիկ շահառուի մտադրություններից՝ փորձելով այդ հարցում գտնել դաշնակիցներ, այդ թվում՝ Իրանում ու Ռուսաստանում:
2. Իսրայելի ռազմավարական ծրագիրը. մասնատված հակառակորդներ, «Անկախ Քրդստան»
Նախկինում արված գիտահետազոտական աշխատանքները, պատմագիտական վկայությունները և նորագույն պատմության մի շարք դրվագներ հաստատում են, որ մերձավորարևելյան տարածաշրջանում քրդական պետության ստեղծման իսրայելական ծրագիրը շատ ավելի խորը արմատներ ունի, քան՝ պարզապես Թուրքիայի և Իրանի դեմ զսպող և սպառնացող հռետորաբանության տպավորությունն է: Առավել ուշագրավ են ներկայիս Քրդական ինքնավարության՝ Իրաքի հյուսիսում գտնվող տարածքում նրանց երկարատև համատեղ կենսագործունեության, ընդհանրությունների և միմյանց հանդեպ շարունակվող վերաբերմունքի մասին տեղեկությունները, օրինակ՝ քրդական հրեաների կամ հրեաների ու քրդերի միջև էթնիկ ազգակցական կապի մասին:
Այսպես, գիտնականների խմբի կարծիքով՝ հրեաները և քրդերն ունեցել են ընդհանուր նախնիներ, որոնք ապրել են ներկայիս Իրաքի և Թուրքիայի սահմանային շրջաններում։ Պատմական տարբեր ժամանակներում հրեաները բազմիցս վերաբնակեցվել են Հայկական լեռնաշխարհի հարավում, Մարաստանում, Բաբելոնում և Հյուսիսային Միջագետքում (Սալմանասար 3-րդ, Նաբուգոդոնոսոր 2-րդ, Տիգրան 2-րդ Մեծ): Պարթևների և պարսիկների օրոք Բաբելոնի հրեաները ներքին ինքնավարություն են ունեցել, իսկ հրեա ռաբբիները միսիոներական գործունեություն են ծավալել տեղի բնակչությանը հրեական կրոնին բերելու նպատակով: Արդյունքում՝ ժամանակի ընթացքում հրեականությունն ամրապնդվել է ներկայումս քրդերով բնակեցված շրջաններում: Քրդական և հրեական մշակույթներն այստեղ միահյուսվել են այն աստիճան, որ հրեական ժողովրդական լեգենդներում քրդերը հրեաներ են համարվում։
1948-1949թթ. այսպես կոչված «Պաղեստինյան պատերազմի» կամ «Հանուն անկախության Իսրայելի պատերազմի» (արաբաիսրայելական պատերազմ) տարիներից սկսած քրդական հրեաների զգալի մասը լքել է Իրաքը և 1948-1952թթ. հաստատվել նորաստեղծ Իսրայելի պետությունում՝ այստեղ շարունակելով ապրել առանձնացած համայնքով, նշել քրդական տոները, կրել քրդական մշակույթն ու լեզուն։
1950-60-ական թթ. Իրաքի հյուսիսում կառավարության դեմ քրդերի զինված ելույթները և սկզբնական հաջողություններն իրենց վրա են հրավիրել իսրայելական հատուկ ծառայությունների ուշադրությունը՝ նրանց դիտարկելով որպես արդյունավետ դաշնակիցներ Սիրիայի և Իրաքի դեմ պայքարում։ 1950-ական թթ. վերջերից արաբական երկրների քուրդ փոքրամասնության հանդեպ Իսրայելը սկսել է վարել «ծայրամասային ռազմավարության» քաղաքականություն՝ համագործակցություն տարածաշրջանի ոչ արաբական երկրների հետ՝ թուլացնելու Սիրիան, Սուդանը, Լիբանանը և Եգիպտոսը: Սակայն գլխավոր խնդիրն Իրաքն էր, և հենց այդ պատճառով էլ Իսրայելը գաղտնի կապեր է հաստատել քրդական շարժման առաջնորդների հետ՝ սպառազինություն մատակարարելով քրդերին և վարժանքներ կազմակերպելով: Կան գնահատականներ, որ «Մոսադի» հազարավոր գործակալներ և իսրայելական բանակի հրահանգիչներ այդ տարիներին գործել են Իրաքի քրդաբնակ շրջաններում՝ գաղտնի հանձնարարություններով:
1960-ականների վերջերին «Մոսադի» օգնությամբ ստեղծվել է Քրդական ժողովրդավարական կուսակցության «Պարաստին» հետախուզական հատուկ ծառայությունը։ Այս և այլ միջոցառումների արդյունքում սիրիական զորքերի մի զգալի մասը հեռացվել է Իսրայելի սահմաններից, իսկ իրաքյան զորքերը 1973թ. զբաղված լինելով հյուսիսում քրդերի ապստամբությունները ճնշելով՝ չեն մասնակցել Իսրայելի դեմ «Դատաստանի օրվա պատերազմին»: Իսրայելի հատուկ ծառայությունները նաև համագործակցել են ԿՀՎ-ի հետ իրանական հետախուզական SAVAK ծառայության կազմավորման և Իրաքի ապստամբ քրդերին աջակցելու գործում։ Կան նաև վկայություններ, որ Իսրայելը, ԱՄՆ-ի մասնակցությամբ, իր զինվորական խորհրդականներն է ունեցել քրդական ապստամբության ղեկավար մոլլա Մուստաֆա Բարզանիի կենտրոնակայանում՝ 1963-1975թթ. վարժեցնելով քրդական ջոկատներին և ապահովելով նրանց հրաձգային զենքով, դաշտային և զենիթային հրետանիով, տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսելով՝ քրդերից արժեքավոր հետախուզական տեղեկություններ ստանալով: Իսրայելի աջակցությունն Իրաքի քրդերին դադարեցվել է 1979թ. իրանական հեղափոխությունից հետո, և «Մոսադը» և ԿՀՎ-ն սկսել են աշխատել հակառակ ուղղությամբ՝ Իրաքի և Թուրքիայի քրդաբնակ վայրերից գործելով նաև Իրանի դեմ։
Իսրայելի և քրդերի հարաբերությունները վերստին դրսևորվել են 1991թ.-ից: «Փոթորիկ անապատում» գործողության ընթացքում Իրաքի՝ ծանր պայմաններում հայտնված քրդերին օգնության են շտապել հրեական կազմակերպությունները՝ քարոզչական ու լոբբիստական միջոցառումներով, թուրք-իրաքյան սահմանով դեղամիջոցներ և առաջին անհրաժեշտության մթերքներ մատակարարելով: Իսրայելի վերաբերմունքը քրդերի հանդեպ, սակայն, 1990-ականներին արդեն պայմանավորված էր իսրայելաթուրքական հարաբերություններով։ 1997թ. մայիսին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, թե «Քրդական բանվորական կուսակցությունից (ՔԲԿ, PKK) եկող ահաբեկության սպառնալիքը միավորում է Թուրքիային և Իսրայելին»: Արդյունքում, ելնելով այդ տարիներին Իսրայելի անվտանգության քաղաքականության առաջնահերթություններից, իսրայելական օդուժը Քրդական բանվորական կուսակցության դեմ Լիբանանում, Բեքաայի հովտի հյուսիսում իրականացրեց «Ցասման ողկույզներ» գործողությունը: Բացի այդ, իսրայելական հետախուզությունն աջակցեց թուրքական քրդերի առաջնորդ Ա.Օջալանին գտնելու և բռնելու գործում:
Սակայն իրավիճակը կրկին փոխվեց 2003թ. Իրաքի դեմ ԱՄՆ-ի նոր ռազմական գործողության ավարտից հետո, երբ իսրայելաքրդական հարաբերությունների մասին տեղեկություններին ի պատասխան՝ թուրքական մամուլը հայտարարեց Մասուդ Բարզանիի իբր հրեական ծագման մասին, Իսրայելը մեղադրվեց «քրդական խաղաքարտն» օգտագործելու և հրեական նոր պետություն ստեղծելու ծրագրերի մեջ: Թուրքիան մասնատելու ծրագրերի առնչությամբ թուրքերի ունեցած տագնապները սրեցին հարաբերությունները Թուրքիայի և Իսրայելի միջև[3]: 2017թ. հանրաքվեով Իրաքյան Քրդստանն ինքնահռչակվեց որպես անկախ պետություն, սակայն Իրաքի կենտրոնական իշխանությունները մերժեցին երկրի հյուսիսային շրջանների անկախացումը` թույլ տալով միայն ինքնավարություն: Ոչ պատահականորեն՝ Իսրայելն առաջիններից էր, որ ողջունեց հանրաքվեի կազմակերպումն ու արդյունքները:
Տարածաշրջանում առկա պետությունների մասնատման արդյունքոմ քրդական պետության ստեղծման ծրագիրը նոր չէ. դեռևս 1982թ. Իսրայելի ԱԳՆ նախկին կցորդ Օդեդ Յինոնը Համաշխարհային սիոնիստական կազմակերպության տեղեկատվության վարչության Kivunim պարբերականում հրապարակեց «1980-ական թթ. ռազմավարություն Իսրայելի համար» հոդվածը[4], որի հիմնական գաղափարը ներսից, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների օգնությամբ արաբական պետությունների քայքայումն էր: «Յինոնի պլանը» ենթադրում էր Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, ապա՝ Թուրքիայի, Իրանի և Պակիստանի տրոհում: Ավելի ուշ տպագրված ամերիկացի գեներալ Ուելսի Քլարկի «Ինչպես հաղթել ժամանակակից պատերազմում» գրքում «դատապարտված երկրների» շարքին դասվեցին Իրաքը, Իրանը, Սիրիան, Լիբանանը, Լիբիան և Սոմալին: Իսկ արդեն 2003թ. Armed Forces Journal–ում հրապարակվեց պաշտոնաթող գնդապետ Ռալֆ Պետերսի «Մեծ Մերձավոր Արևելքի» քարտեզը, որով Իրաքի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի որոշ տարածքներ պետք է անցնեին «Ազատ Քրդստանին», Սիրիայի ծովափնյա տարածքները՝ Լիբանանին[5]:
Իրաքյան պատերազմից հետո քրդական անկախ պետության գաղափարն Իսրայելում վերստին օրակարգ բերվեց 2014թ., երբ վարչապետ Նեթանյահուն հայտարարեց այդպիսի ինքնիշխանությանը սատարելու մասին: Շարունակելով ահաբեկչական համարել ՔԲԿ-ն (PKK)՝ 2017թ. սեպտեմբերի 25-ի անկախության հանրաքվեն իսրայելական իշխանությունները որակեցին «օրինական»՝ կրկին աջակցություն հայտնելով անկախ պետության ստեղծմանը[6]:
Հանրաքվեի արդյունքները ճանաչելուց հետո Իսրայելը շարունակում է ակտիվ գործողություններ ձեռնարկել քրդական պետության ստեղծման ուղղությամբ՝ մարզելով փեշմերգայի մարտիկներին, սպառազինություն մատակարարելով, ֆինանսական (այդ թվում՝ աշխատավարձերի տեսքով) և քարոզչական օժանդակություն ցուցաբերելով: Փոխարենը, մեր դիտարկմամբ, հրեական պետությունն այս հարցում մի շարք նպատակներ է հետապնդում, և առաջին հերթին՝ աշխարհաքաղաքական.
Նպատակ 1. Թշնամիների տրոհում և թուլացում. Քրդական անկախ պետությունը, բնականաբար, պետք է ստեղծվի Իրաքի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի տարածքների հաշվին, ինչը կնշանակի տվյալ պետությունների կազմաքանդում կամ, առնվազն, էական թուլացում: Սրանք այն երկրներն են, որոնք, տարբեր ուժգնությամբ, սպառնալիք են Իսրայել պետության գոյության և աշխարհաքաղաքական դիրքի համար, ինչպես նախանշված է նախորդ դարաշրջանում մշակված ռազմավարություններում:
Նպատակ 2. Ազդեցության գոտու էական ընդլայնում. «Երկրորդ Իսրայելի» ստեղծման մտադրությունների մասին կարծիքները գոյության իրավունք ունեն այն իմաստով, որ քրդական պետության միջոցով Իսրայելի ձեռքերը նշանակալի կերկարեն՝ բարձրացնելով նրա աշխարհաքաղաքական դիրքն ու ինքնուրույն (առանց դաշնակիցների հայեցողության) քաղաքականություն վարելու կարողությունները, արտաքին աշխարհից մեկուսացնելով արաբական աշխարհի զգալի հատվածը և այլն[7]:
Նպատակ 3. Օգտվել էներգետիկ ռեսուրսներից. Ըստ տարբեր աղբյուրների՝ էներգակիրներով հարուստ քրդաբնակ տարածքները (հատկապես՝ Քիրքուք) բավարարում են Իսրայելի նավթի պահանջարկի շուրջ 77%-ը[8]:
Նպատակ 4. Վերահսկել տարանցիկ ուղիները. Քրդական ենթադրյալ պետության կենտրոնական դիրքը խոչընդոտ կամ տնտեսական ու ռազմաքաղաքական առումներով շահավետ է Պարսից ծոցի ավազանից և հատկապես Իրանից դեպի Թուրքիա, Եվրոպա օդային ու ցամաքային ճանապարհների և խողովակների համար՝ աջակցելով առաջնահերթ նպատակների ապահովմանը:
Նպատակ 5. Միլիոնավոր դաշնակիցների ձեռքբերում. Շուրջ 50-60 մլն քրդերի մեկ պետության մեջ միավորելով՝ Իսրայելը կունենա ռազմական փորձառություն ունեցող դաշնակիցների մի ստվար զանգված, ովքեր անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինեն կռվել հանուն իսրայելական նպատակների:
Ամենայն հավանականությամբ կան մի շարք այլ ռազմավարական նպատակներ, և դրանց իրականացմանը 2023թ. հոկտեմբերի 7-ից հետո (Գազայի հատվածում պատերազմ) և հատկապես 2024թ. սկզբներից (հակաիրանական գործողություններ բուն Իրանի, Սիրիայի, Իրաքի և Լիբանանի տարածքներում, տարածաշրջանային մեծ պատերազմի սպառնալիք ստեղծելով) նոր թափ է կարծես հաղորդվել: Չնայած որոշակի քողարկմանը՝ այդ նպատակների մասին իսրայելական կողմը շարունակում է բարձրաձայնել, այդ թվում՝ քարտեզի հրապարակմամբ՝ անտեսելով նույնիսկ դաշնակիցների կողմից Իսրայելին զսպելու փորձերը:
3. Թուրքիան անհանգստացած է
Անկախ Քրդստանի քարտեզի հրապարակումից հետո թուրքական մամուլն անմիջապես ողողվեց հակաիսրայելական հրապարակումներով, ղեկավարությունը ցեղասպանության, ահաբեկչության[9] ու ծանրագույն այլ հանցանքների մեջ մեղադրեց իսրայելական վարչախմբին, տնտեսական պատժամիջոցներ ձեռնարկեց (թեև՝ կասկածելի)[10], իսկ Թուրքիայի նախագահը Նեթանյահուի որդուն անվանեց «արնախում վամպիր»[11]: Տարածաշրջանին վերաբերող լրատվական նյութերի դիտարկումը վկայում է, որ հատկապես 2023թ. հոկտեմբերի 7-ից հետո են կտրուկ աշխուժացել թուրք-իրանական անջատ և համատեղ միջոցառումները, Իրաքյան Քրդստանի դեմ ռազմական գործողությունները[12], քրդական հարցի վերաբերյալ խիստ հռետորաբանությունը և այլն:
Ուշագրավ է, որ դեռևս 2017թ. քրդական պետության հարցում որոշակի վստահություն ունեցող Էրդողանը ներկայումս փորձում է պաշտպանվել. եթե հանրաքվեից հետո Թուրքիայի նախագահը համարում էր, թե «դրան աջակցում է միայն Իսրայելը, իսկ քրդական պետությունն առանց հարևանների համաձայնության չի կարող գոյատևել»[13], ապա 2024թ. թուրքական կառավարության վարքագիծն այս հարցում կարելի է բնութագրել որպես «տվայտանք»: Այս համատեքստում են Իրանի հետ կնքված համաձայնագրերը, որոնց անդրադարձել ենք այլ հոդվածում[14], պարբերաբար ակտիվացող ռազմական գործողությունները Սիրիայի և Իրաքի քրդերի դեմ, ճնշումները թուրքաբնակ քրդերի և քրդական կազմակերպությունների հանդեպ, հակաիսրայելական թեմայով ու հաջակցություն Պաղեստինի ու Լիբանանի շփումները տարածաշրջանի երկրների հետ, ամենօրյա ռեժիմով Պաղեստինին ու Լիբանանին սատարելու մասին թուրքական բարձրաձայնումները, նույնիսկ՝ Միացյալ Նահանգներին ուղղված մեղադրանքները[15]: Հիշելով, որ դեռևս 2021թ. Թուրքիան ձեռնարկել է Իրանի հետ սահմանին բետոնե պատնեշների կառուցումը և այսօր արդեն ավարտել է դրա զգալի մասի կահավորումը[16], կարող ենք համարել, որ սա ևս միջոց է՝ Թուրքիայի և Իրանի քրդական տարրերին մեկուսացնելու և նրանց միավորումն ու շփումը թույլ չտալու ուղղությամբ:
Հաշվի առնելով, որ ՀԱՄԱՍ խմբավորման հրամանատարական կետը Թուրքիայում է գտնվում, և, ըստ իսրայելական աղբյուրների, հենց այնտեղից է կառավարվում[17] (չնայած այս հարցում երբեմն մեղադրվում է նաև Իրանը, իսկ վերջինը պնդում է, թե առնչություն չունի խմբավորման գործողությունների հետ), իսկ Թուրքիան այսօր կարծես Գազայի ու ընդհանրապես Պաղեստինի ու Լիբանանի թիվ մեկ պաշտպանի դիրքերից է հանդես գալիս, նույնիսկ կարող ենք պնդել, որ 2024թ. հոկտեմբերի 7-ին խմբավորման հարձակումն իսրայելական բնակավայրերի վրա հենց Թուրքիայից էր հրահանգված՝ կասեցնելու իսրայելական ծրագրերի իրականացումը կամ, առնվազն, այժմ է փորձում պաղեստինյան հարցի միջոցով զսպել Իսրայելին: Միանշանակ է, որ Թուրքիայի տարածքի հաշվին քրդական պետության ստեղծման հարց Անկարան երբևէ չի քննարկելու, փոխարենը՝ արդեն իսկ ցույց է տալիս զենքին դիմելու պատրաստականություն[18], ուստի զինված ուժերը ոչ միայն դուրս չի բերի Սիրիայի և Իրաքի տարածքներից, այլև ստիպված է ամրապնդել ռազմական ներկայությունը՝ մտադրություն ունենալով հարավային սահմանների երկայնքով տեղակայել նաև Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 ՀՕՊ համակարգերը[19]:
Ուշագրավ է, որ Իրաքյան Քրդստանի ղեկավարության հետ բազմիցս հանդիպումներ ունեցած Էրդողանի լրատվամիջոցները վերջին շրջանում սկսել են կիրառել «քրդական անջատողական ահաբեկչական կազմակերպություններ» ձևակերպումը, որտեղ նորությունն «անջատողականն» է: Դրան զուգահեռ՝ ակտիվացել են տեղի քրդական բնակչության մասին «հոգատարության» դրսևորումները և, օրինակ, անհանգստությունը, ըստ որի՝ Իրաքի հյուսիսում PKK-ի կազմակերպած անտառային հրդեհները սպառնում են խաղաղ բնակչությանը[20]:
Թուրքական անհանգստության մասին վկայող մեկ այլ ձևակերպում Էրդողանը հնչեցրել է հունիսի 26-ին՝ Լիբանանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ: Նաջիբ Միքաթին Անկարա էր մեկնել Լիբանանի դեմ իսրայելական ցամաքային հնարավոր գործողությունը զսպելու հարցում թուրքական աջակցությունը ստանալու ակնկալիքով: Հանդիպման ժամանակ արձանագրվել է, որ տարածաշրջանում լարվածությունն ուժգնանում է, իսկ Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Իսրայելը ձգտում է ընդլայնել հակամարտությունը, ինչը խիստ վտանգավոր է, այդ պատճառով Թուրքիան աջակցում է Լիբանանին՝ ընդդեմ իսրայելական ագրեսիվ քաղաքականության: Էրդողանն իսլամական աշխարհին և միջազգային հանրությանը կոչ է արել՝ «քանի դեռ ուշ չէ՝ կասեցնել իսրայելական գործողությունները, որոնք սպառնում են տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանը»[21]:
Այս հանդիպումը և հատկապես աշխարհին ու իսլամական երկրներին դիմելը փաստորեն, ի ցույց դրեցին թուրքական անհանգստությունը, իսկ դրա ուղիղ կապը քրդական հարցի հետ բացահայտվեց Իսրայելի արտգործնախարարի արձագանքում. Իսրայել Կացը Թուրքիայի նախագահին պատասխանեց X-ի (Twitter) իր սոցհաշվում՝ նշելով. «Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Իսրայելի սպառնալիքների տակ գտնվող Հեզբոլլահին։ Էրդողանը պատերազմական հանցագործ է, ով Սիրիայի սահմանի երկայնքով կոտորում է անմեղ քրդերին և փորձում մերժել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքն ահաբեկչական կազմակերպության դեմ, որն Իրանի հրամանով հարձակվում է Լիբանանից: Ամո՛թ քեզ, լռիր»[22]:
Թեև թուրքական կողմն իր հերթին է արձագանքել այդ գրառմանը, սակայն ակնհայտ է, որ Էրդողանի անհանգստությունը տեղին է, և արևմտյան գերտերությունների կողմից Իսրայելին զսպելու անհաջող փորձերի հետևանքով իրավիճակն իսկապես կարող է վերաճել տարածաշրջանային պատերազմի, որտեղ Ռուսաստանի ու Չինաստանի կարևորագույն գործընկեր դարձած Թուրքիան կհայտնվի նատոյական դաշնակիցների, հակառակորդների և բնական թշնամիների ընդարձակ թիրախում:
4. «Փոքրիկ Իսրայել», «երկրորդ Իսրայել», «երկրորդ Ադրբեջան». ի՞նչ կապ ունի Ադրբեջանը
Թեև իսրայելապաղեստինյան հարցում Ադրբեջանի դիրքորոշման առանձնահատկություններն առանձին ուսումնասիրության առարկա են, սակայն այստեղ նպատակահարմար գտանք անդրադառնալ քրդական պետության ստեղծման իսրայելական ծրագրի՝ Ադրբեջանին վերապահված հավանական դերակատարմանը: Բանն այն է, որ Յաիր Նեթանյահուի հրապարակած քարտեզում «Անկախ Քրդստանի» գույնով է նշված նաև ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի Քարվաճառի շրջանը: Հիշենք, որ դեռևս խորհրդային տարիներին՝ 1923թ., Ստալինի նախաձեռնությամբ այստեղ ստեղծվել է Մռավից մինչև Արաքս ձգվող «Կարմիր Քուրդստան» գավառը: Թեև 1930թ. վարչական այս միավորը վերացվել է, սակայն ավելի քան 50 հազար քուրդ բնակչություն ունեցող տարածքը շարունակել է կրել Քուրդստան անունը[23]:
Աչքի առաջ ունենալով իսրայելաադրբեջանական ռազմական համագործակցությունը (տեղեկություններ կան նաև այլ ոլորտներում գաղտնի գործարքների վերաբերյալ, օրինակ՝ Կասպից ծովի ջրի վերամշակման համատեղ գործարանի կառուցում, որը հայտարարվել է «պետական գաղտնիք»[24]), ինչի հետևանքները պարբերաբար անդրադառնում են Հայաստանի, Արցախի ու Իրանի վրա, կարող ենք պնդել, որ քրդական պետության ստեղծման ծրագրում Ադրբեջանն Իսրայելի համար կարևոր հարթակ ու միջոց է մի քանի ուղղությամբ, նախ՝ ընդդեմ Իրանի. Թեհրանը բազմիցս է անհանգստություն հայտնել Ադրբեջանում սիոնիստական բազաների տեղակայման վերաբերյալ, և անհերքելի է, որ իսրայելական ռազմական ու հետախուզական ենթակառուցվածքներ Ադրբեջանում արդեն հիմնված են՝ վստահաբար՝ անհրաժեշտության դեպքում Իրանին հյուսիսից հարվածելու հանձնարարությամբ:
Բացի այդ, որքան էլ հայկական տիրույթում գերակշռում է «թուրք-ադրբեջանական» խոսույթը, սակայն համոզված ենք, որ հակասություններն այդ երկու միավորների միջև ավելի շատ են, քան՝ ընդհանրությունները: Թեև Ադրբեջանը ևս հայտարարել է անկախ Պաղեստինի ստեղծման անհրաժեշտության մասին[25], սակայն դա տեղի է ունեցել բավականին ուշացումով և, գուցե, հարկադրմամբ՝ հաշվի առնելով, որ այս մասին Ալիևի խոսքը հնչել է Եգիպտոսում: Սակայն քիչ հավանական է, թե այդ ձևակերպումն անկեղծ է, քանի որ նույն Ալիևը նաև Իսրայելի առաջ է պարտական իր հաղթանակների համար: Միայն այն, որ Ադրբեջանի տարածքում իսրայելական բազաներն են (թեև՝ չհրապարակված), և ոչ՝ թուրքականը, վկայում է, որ Թուրքիայի տրոհման ծրագրերին Բաքուն ոչ միայն ստիպված կլինի աջակցել, այլև չի ցանկանա ընդդիմանալ: Կարող ենք ենթադրել, որ թուրք-ադրբեջանական հակասությունների պատճառներին նախորդ ամիսների ընթացքում գումարվածը՝ Իսրայելին Ադրբեջանի աջակցության մասով (մասնավորապես՝ էներգակիրներով և բազաների համար տարածքի տրամադրմամբ), ի ցույց է դնում, որ Անկարայում ևս գիտակցում են Բաքվի կողմնորոշման հնարավոր հետևանքները:
Ադրբեջանին, փաստորեն, ձեռնտու կլինի ոչ միայն Իրանի մասնատումն ու թուլացումը՝ դրա հյուսիսի նկատմամբ ադրբեջանական հավակնությունների առումով, այլև «նորաստեղծ» քրդական պետության հետ անմիջական սահման ունենալը, ինչպես կրտսեր Նեթանյահուի քարտեզում է: Սա կնշանակի ադրբեջանական անմիջական սահմանակցություն Մերձավոր Արևելքին և ելք դեպի այնտեղից բացվող աշխարհը՝ առանց Թուրքիայի: Իսկ «Կարմիր Քուրդստանն» այս հարցում կարևոր հաղթաթուղթ կարող է դառնալ Բաքվի ձեռքում՝ իրենց պատմական բնօրրան հայերի վերադարձը թույլ չտալու, իբր քրդերի վերադարձի համար Սյունիք-Արցախ հատվածն «առանձնացնելու», և, հավանաբար, քրդական պետության հետ փոխհարաբերությունների համար:
Ամենայն հավանականությամբ՝ Ադրբեջանի քաղաքական կշռի բարձրացումը վերջին տասնամյակում հենց այս հանգամանքով է պայմանավորված, և Բաքուն դեռ պետք է վերադարձնի «պարտքերը»: Եվ չնայած քրդական պետությունը տարբեր անվանումներով է տարածաշրջանում հայտնի, ինչպես՝ «փոքրիկ Իսրայել»[26], «երկրորդ Իսրայել» (նշանակությունն ակնհայտ է), ոչ պատահականորեն՝ քրդական ապագա պետությունն այսօր նույնիսկ Իսրայելում են համարում «երկրորդ Ադրբեջան»՝ նկատի ունենալով, որ Ադրբեջանն արդեն իսրայելական հպատակ է կամ գավառ, որը ծառայում է Իսրայելի շահերին[27]: Իսկ քանի որ քրդական պետությունը պետք է դառնա Իսրայելի «դեսպանն» իսլամական աշխարհում, այսինքն՝ դիվանագետը, ապա Ադրբեջանը, փաստորեն, կարող է սկզբնական շրջանում դիտվել որպես «զինվոր»՝ իր առաքելությամբ ու, անշուշտ, զոհվելու պատրաստակամությամբ. ի վերջո՝ 50-60 մլն-անոց քուրդ բնակչությունն է առանցքային գործոն, մինչդեռ 9-10 մլն-անոց Ադրբեջանի պարագայում կարևոր է բացառապես նավթով հարուստ և աշխարհագրորեն հարմար տարածքը:
5. Անկախ Քրդստանը կստեղծվի առաջիկա տարիներին՝ ի հեճուկս թուրքական դիմադրության
Չհամաձայնելով այն տեսակետի հետ, թե իսրայելապաղեստինյան հակամարտության այս փուլը հետին պլան է մղել անկախ Քրդստանի հարցը[28], կարծում ենք, որ իրականում այդ հակամարտության թեժացումն ու ընդլայնումը պայմանավորված են քրդական պետության ստեղծման իրատեսական նպատակներով կամ, առնվազն, ծառայում են քրդական պետության ստեղծման և տարածաշրջանի «ձևման» նպատակներին, ինչից զգուշանում են ոչ միայն թիրախները, այլև՝ Իսրայելի դաշնակիցները:
Դատելով իսրայելաքրդական հաճախակի դարձած շփումներից, գաղտնի և հայտնի փոխայցելություններից, թիրախային երկրների, հատկապես Թուրքիայի, Իրանի և արտատարածաշրջանային որոշ դերակատարների վարքագծի ու հայտարարությունների բազմաթիվ դրսևորումներից[29]՝ ակնհայտ է դառնում, որ իսրայելական ծրագիրը, ի հեճուկս դիմադրությանը, կյանքի կկոչվի, ընդ որում՝ ոչ հեռու ապագայում: Կարող ենք նույնիսկ պայմանական ժամկետ նշել՝ մինչև 2030թ.: Այս հարցում ծանրակշիռ կարող է լինել ԱՄՆ-ի դիրքորոշումը, ինչի մասին է վկայում Իսրայելի արդարադատության նախարարի հետևյալ հայտարարությունը. «Առնվազն Իրաքում պետք է ստեղծվի ազատ Քրդստան: ԱՄՆ-ի և Իսրայելի շահերից է բխում, որ դա տեղի ունենա։ Ժամանակն է, որ ԱՄՆ-ն աջակցի գործընթացին»[30]։ Եվ դառնալով մեր 2021թ. հոդվածի[31] վերնագրում ձևակերպված հարցին՝ պատասխանենք. տարածաշրջանը պատրաստ չէ, բայց գործընթացը մեկնարկել է:
Հղումներ
[1] Քրդստանը՝ պետության ճանապարհին. տարածաշրջանը պատրա՞ստ է դրան. Վահրամ Հովհաննիսյան, 24.08.2021, REGST
[2] “All eyes on Kurdistan! Stop the genocide of the Kurdish people by Turkey! Stop the occupation and repression of Kurdistan by Turkey, Iran, Iraq and Syria! Free free Kurdistan!”, Yair Netanyahu, 29.05.2024
[3] Իսրայելա-քրդական հարաբերությունները, Սերգեյ Մինասյան, «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (16), 2007թ.
[4] A Strategy for Israel in Nineteen Eighties by Oded Yinon, 1982, Internet Archive
[6] Израиль выступил за создание курдского государства, 13.09.2017, BBC Russian
[7] Why is Israel supporting Kurdish secession from Iraq?, 07.10.2017, Al Jazeera
[8] The precarious Kurdish-Israeli relationship, post-Kirkuk, 30.11.2017, Atlantic Council
[12] Iran says Revolutionary Guards attack Israel's 'spy HQ' in Iraq, vow more revenge, 16.01.2024, Reuters
[14] Իրան-Թուրքիա արդի հարաբերությունները նոր շահերի ու հին հակասությունների համատեքստում. Վահրամ Հովհաննիսյան, 09.02.2024, REGST
[17] Отношения Израиля и Турции на современном этапе и исламский фактор, 2016, The International Affairs
[18] Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է Սիրիայից զորքերը դուրս բերելու պայմանները, 01.06.2024, Operativ.am
[19] Bahar temizliği için son günler! Erdoğan’ın Irak ziyareti sonrası düğmeye basılacak, 10.04.2024, TurkiyeGazetesi
[22] Իսրայելի ԱԳ նախարարը՝ Էրդողանին. «Ամո՛թ քեզ, լռիր», 27.06.2024, ErmeniHaber
[24] Куда исчезает питьевая вода, или Как спасти Азербайджан от опустынивания? – РЕШЕНИЕ НАЙДЕНО, 18.10.2022, 1News.az
[27] Kurdistan can be Israel's ambassador to the Muslim world, 13.02.2024, The Jerusalem Post
[28] With Global Focus on Israel and Palestine, the Kurdistan Case has been Forgotten, Australian Outlook