1. Ո՞ւմ և ինչո՞ւ է պետք այս «ուղեցույցը»
2024թ. Հայաստանի Հանրապետությանը Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 մլն եվրոյի աջակցության տրամադրման և Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ Եվրոպական միության որոշումներից, «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության և Ֆրանսիայից ռազմական տեխնիկայի ձեռքբերման վերաբերյալ հայտարարություններից հետո Ադրբեջանը պաշտպանության նախարարության հայտարարությամբ[1] նախազգուշացում է տարածել՝ սպառնալով նմանօրինակ գործընթացը շարունակելու դեպքում «ունեցած բոլոր միջոցներով դիմել ինքնապաշտպանության»: Առաջին հայացքից «հասկանալի» թվացող ձևակերպմանը նախորդել է Ռուսաստանի Դաշնության պաշտոնական արձագանքը նույն գործընթացներին՝ կրկին զգուշացնելով արևմտյան աջակցության պատճառով Հայաստանին սպառնացող հնարավոր հետևանքների մասին:
Այս սպառնալիքներում, սակայն, թիրախավորված է ոչ թե Հայաստանի իշխանությունների վարած «արևմտամետ» քաղաքականությունը, այլ՝ ամերիկյան և եվրոպական աջակցությունը: Տվյալ դեպքում արևմտյան կառույցները ներկայացվում են որպես «հայ ժողովրդին սպառնացող» սուբյեկտներ, և ակնհայտ է, որ նման հայտարարությունները նպատակ ունեն ոչ միայն նսեմացնել արևմտյան՝ իրապես դեռ ոչ հիմնավոր օժանդակությունը հայկական զինված ուժերի կարողությունների բարձրացման գործում, այլև հայ հասարակությանը տրամադրել ամերիկացիների ու եվրոպացիների դեմ: Վերջիններիս Հայաստանի քաղաքացիները հատկապես սահմանամերձ համայնքներում հաճախակի են հանդիպում՝ տրամաբանորեն նրանց համարելով իրենց անվտանգության կարևոր երաշխավորներ և, ըստ այդմ, արժանացնելով ջերմ ու հյուրընկալ վերաբերմունքի:
Եվրոպական ինտեգրման և արևմտյան ռազմական աջակցության ընդլայնման շուրջ քննարկումների համատեքստում ահա հենց այս տրամադրությունների վրա էլ փորձում են ազդել ադրբեջանական հայտարարությունները՝ աջակցություն ստանալով հյուսիսային դաշնակցից: Ուստի անհրաժեշտություն է առաջացել մի կողմից՝ դիմակայել եվրոպացիների ու ամերիկացիների հանդեպ հայ հասարակության վերաբերմունքի վրա ազդող գործոններին՝ հետևողականորեն խորացնելով Արևմուտքի հետ պաշտպանական ոլորտի համագործակցությունը, և մյուս կողմից՝ այլընտրանքային միջոցներ ձեռնարկել «խոստացված հնարավոր հետևանքները» կանխարգելելու ուղղությամբ: Խոսքն, իհարկե, Հայաստանի դեմ ադրբեջանական ռազմական հնարավոր նոր հարձակման սպառնալիքի չեզոքացման այնպիսի միջոցների մասին է, որոնք հնարավոր է իրականացնել առկա, ոչ թանկարժեք տեղեկատվական մեթոդներով, փորձագիտական ու հասարակական ուժերով՝ ադրբեջանական հասարակությանը ցույց տալով իրենց իրական վիճակը, որում գտնվում են և որից ինչպես կարելի է դուրս գալ՝ ժողովրդավարական ճանապարհով, հասարակ ադրբեջանցիների (հատկապես՝ գյուղաբնակ) սոսկալի կացության իրական մեղավորներին, դրդելով գործողությունների՝ իրենց բնակավայրերում առանց ճնշումների ու կեղեքումների ապրելու նպաստավոր պայմանների ստեղծմանը:
Թեև նախորդ տասնամյակում Բաքվի փողոցներում և մի շարք հեռավոր գյուղերում տարբեր պատճառներով սկիզբ առած դժգոհություններն ու բողոքի ցույցերը խստագույնս պատժվել են Ալիևների ընտանեկան շահերի սպասարկողների վերածված ուժայինների կողմից[2], սակայն ադրբեջանաբնակ նոր սերունդը ժամանակակից տեխնոլոգիաների, կապի ու հետաքրքրությունների պայմաններում իրապես ունի այն կարողությունները, որոնցով հնարավոր կլինի ոչ միայն չհավաքագրվել՝ նոր պատերազմի ուղարկվելու, այլև՝ Ադրեջանում իրավիճակ փոխելու:
Ըստ այդմ՝ այս «ուղեցույցը» կարող է կիրառվել ի լրումն այն գործիքակազմի, որոնք կոչված են զսպելու ադրբեջանական ղեկավարության զուտ անձնական շահերի սպասարկմանը ծառայող ագրեսիվ գործողությունները, որոնք իրականացվում են հայ հասարակության դեմ՝ ադրբեջանցի հասարակության հաշվին: Սա ենթադրում է ոչ թե պետական քաղաքականություն՝ հաշվի առնելով նաև իշխանության մարմինների ներգրավվածությունը բանակցային տարբեր գործընթացներում, այլ փորձագիտական հանրության, տեղեկատվական տիրույթում որոշակի կարողություններ ունեցող անհատների ու խմբերի անջատ, համատեղ կամ ներդաշնակ գործողություններ՝ պետական շահի սպասարկմամբ:
2. Թիրախային ուղղությունները
Կանայք
Ինչպես հայտնի է, Ադրբեջանում ընտանեկան բռնության դեպքերը լավագույնս թաքցվում են արտաքին լսարանից, սակայն երբեմն իրավիճակն այն աստիճան է սրվում, որ բողոքի ցույցեր են կազմակերպում հենց կանայք, ովքեր այդ երկրում ամենախոցելի պայմաններում են: Ուժայինները, սակայն, նրանց նույնպես չեն խնայում՝ ամենաբիրտ մեթոդներով ցույցերը ցրելիս, ինչի հետևանքով բազմաթիվ կանայք, որ անտանելի պայմաններում են ապրում ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ՝ գյուղերում, խուսափում են բարձրաձայնել խնդիրների մասին: Վերջին այդպիսի դեպքն Ադրբեջանում գրանցվել է 2019թ., երբ ընտանեկան բռնության դեմ բողոքող կանայք ոստիկանական բռնությունների զոհ դարձան[3] և լռեցվեցին:
Ուրեմն՝ անհրաժեշտ է նրանց «օգնել»՝ ի լուր ամբողջ Ադրբեջանի ու աշխարհի՝ հայտնելու կանանց նկատմամբ բռնությունների իրական պատկերի, դրանում իշխանության մարմինների անմիջական մասնակցության ու մեղավորության մասին: Տարբեր տվյալներով՝ Ադրբեջանում տարեկան ավելի քան 100 կին ընտանեկան բռնության հետևանքով մահանում է: Սրան կարող ենք ավելացնել վաղ ամուսնությունները, գյուղական բնակավայրերում առողջապահական մի շարք խնդիրներ, որոնք ադրբեջանցի օլիգարխների «թղթերով վաղուց լուծված են»:
Ծնողները
Պատերազմի կանխման գործում էական դերակատարներ կարող են դառնալ ադրբեջանցի ծնողները (հատկապես՝ ազգային փոքրամասնությունների դեպքում), որոնք նույնպես խոցելի խմբում են, և սույն հոդվածի տրամաբանությամբ նրանց կարող ենք ներառել թիրախների ցանկում՝ այն իմաստով, որ զինծառայող ունեցող ծնողները բազմիցս են դժգոհություններ հայտնել իրենց զավակների մասին լուր չստանալու[4], իշխանավորների որդիների փոխարեն գյուղաբնակների ու աղքատների երեխաներին առաջնագիծ ուղարկելու, դիակները չստանալու, ոչ մարտական կորուստների, փոխհատուցում չստանալու, «հերոսներ տալու» համար նույնիսկ շնորհակալության չարժանանալու, անտեսվելու և բանակում տիրող բազմաթիվ այլ խնդիրների մասին:
Թեև այս տեղեկատվությունը նույնպես խլացվում է Ադրբեջանում կամ, առնվազն, դրանց բովանդակությունն է նենգափոխվում, ինչպես դա տեղի ունեցավ 2020թ. ամռանը[5], սակայն սոցցանցերում հաճախակի են հանդիպում կառավարական շենքերի դիմաց ադրբեջանցի ծնողների ու պատերազմների մասնակիցների ինքնահրկիզման կադրերը:
Ուսանողները
Սա այն թիրախային խումբն է, որը լավագույնս է տիրապետում արդի տեխնիկական ու կապի միջոցներին և Ադրբեջանի կրթական համակարգում առկա բազմաթիվ խնդիրների ու դժվարությունների համատեքստում հեշտությամբ կարող է «պատահաբար» ծանոթ դառնալ Հայաստանի ու ժողովրդավարական այլ երկրների ուսանողների ազատություններին, հնարավորություններին, նախաձեռնողականությանն ու պահանջների բավարարմանը հասնելու նրանց գործիքներին:
Նույնիսկ ադրբեջանցի պատգամավորն է համարում, որ այդ երկրում «պետք է լավ կրթություն ստանան միայն հարուստ ընտանիքների երեխաները»[6], ուստի կա հնարավորություն ներկա և ապագա ուսանողներին «հուշելու» կրթության իրավունքի համար պայքարելու անհրաժեշտության մասին:
Ազգային փոքրամասնությունները
Այս խումբն ու դրա խնդիրներն Ադրբեջանում մեծ շրջանակ են ընդգրկում՝ իր մեջ ներառելով ոչ միայն նախորդ թիրախներում արված շեշտադրումները, այդ թվում՝ բռնի ուժով առաջնագիծ ուղարկվող թալիշների ու մյուս ազգերի ներկայացուցիչների մեծ թիվը, այլև էթնիկ առանձնահատկություններից բխող այլ հանգամանքներ[7]:
Հասկանալիորեն՝ այդ երկրում բնակվող փոքրամասնությունների հետ կենտրոնական իշխանությունները տասնամյակներ շարունակ լռեցնող ու ադրբեջանականացնող հատուկ քաղաքականություն են վարել, սակայն նրանց պահանջներն ու խտրականությունից ձերբազատվելու ջանքերը լիովին չեն մարել՝ հաճախ դրսևորվելով արտասահմանում ապաստան գտած ներկայացուցիչների գործունեությունում: Թեև այս խմբի հետ աշխատանքն առավել գիտական հենք է պահանջում, սակայն տեղեկատվական տիրույթում նրանց ինքնարտահայտման միջոցներ հնարավոր է ապահովել:
Ընդդիմադիրները
Թեև Ադրբեջանում ընդդիմությունն ինստիտուցիոնալ առումով անջատ չէ կենտրոնական մարմիններից, սակայն պարբերաբար առանձին ուժեր ու նրանց ղեկավարներ փորձում են սեփական քաղաքական հետագիծն ունենալ՝ վերջնարդյունքում սպանվելով, բանտերում հայտնվելով կամ, լավագույն դեպքում, այլ երկրներում ապաստան գտնելով[8]:
Արտասահմանում գործում են մի քանի ընդդիմադիր կառույցներ ու լրատվամիջոցներ, սակայն ակնհայտ է, որ նրանք նույնպես շատ առումներով ադրբեջանական՝ արհեստականորեն ներդրված մտածողության կրողներն են և միշտ չէ, որ նրանց տեսակետները համադրելի են Հայաստանի շահերի հետ: Ուստի խնդիրն այստեղ Բաքվի ազդեցությունից դուրս գտնվող և Բաքվի դեմ գործող ընդդիմադիրներին «հայտնաբերելն» ու նրանց հետ աշխատելն է՝ հարթակ տրամադրելով կամ նրանց համար նոր հարթակներ ստեղծելով:
Իշխող էլիտաներից դժգոհ ընտանիքները
Հայտնի է, որ Ադրբեջանում դեռևս ավատատիրական հասարակարգին բնորոշ հարաբերություններ են պահպանվում, և կլանային տարբեր խմբեր որոշակի դիրք են զբաղեցնում այդ երկրի հանրային կյանքում: Իշխող ընտանիքը, օրինակ, Ալիևների և Փաշաևների գերդաստաններն է միավորել նախագահական իշխանությունում, մի շարք այլ ընտանիքներ տնօրինում են ենթակառուցվածքային տարբեր ճյուղեր, ռեսուրսներ ու նույնիսկ տարածքներ: Սակայն քաղաքական կամ տնտեսական իրավիճակից կախված՝ որոշ ընտանիքներ շինծու մեղադրանքներով իշխանական պատեհապաշտական նկրտումների զոհ են դառնում՝ զրկվելով պաշտոններից ու ռեսուրսներից: Այլ կերպ ասած՝ իշխող ընտանիքը ցանկացած պահի կարող է խլել որևէ ընտանիքին պատկանող հարստությունը, իսկ մյուսներին՝ սպառնալ ունեզրկմամբ: Տվյալ դեպքում Ադրբեջանում կամ արտասահմանում բնակվող՝ նախկին դիրքերը կորցրածների վրեժխնդրության տրամադրվածությունը պարարտ հող կարող է դառնալ իշխող ընտանիքների դեմ քարոզչական պայքարում:
Արդարադատության զոհերը
Այս խումբը բավականին ընդարձակ է՝ հաշվի առնելով, որ ադրբեջանական «արդարադատությանն ու օրենքներին» տասնամյակներ շարունակ զոհ են դառնում ինչպես ընդդիմադիրներ, այլախոհներ, սեփականատերեր, տեղական և էթնիկ առաջնորդներ, այնպես էլ հենց ադրբեջանցի գյուղացիները, ովքեր կամայական որոշումների կամ օրենքի անտեսման հետևանքով զրկվում են իրենց գյուղատնտեսական տարածքներից ու ապրուստի միջոցներից, բախվում սոցիալական բազում խնդիրների, իսկ դրանց դեմ բողոքի ձայն բարձրացնելու պարագայում ենթարկվում են ծեծի կամ բանտարկության՝ անկախ տարիքից ու սեռից[9]:
Ակնհայտ են դեպքերը, երբ ադրբեջանցի քաղաքացիները պարզապես տեղեկացված չեն ներքին իրավակարգավորումներից ու այն կոնվենցիաներից, որոնք վավերացված են Ադրբեջանի կողմից և որոնց կատարման վերահսկողության շրջանակներում միջազգային կառույցները բավականին ուշադիր են: Խնդիրը, պարզապես, քաղաքացիների իրազեկումն է, նրանց ձայնի և տեղի ունեցածի մասին բարձրաձայնումը:
3. Գործիքները
Լեզու
Ադրբեջանական հասարակության հետ աշխատանքի առանձնահատկություններից ամենակարևորը, անկասկած, լեզուն է: Միայն ադրբեջաներենով և ազգային փոքրամասնությունների լեզվով հնարավոր կլինի այդ երկրի հասարակության հետ երկխոսությունը՝ հաշվի առնելով նրանց կրթական խնդիրները և կարծրացած լեզվամտածողությունը: Այս հոդվածի նպատակի համատեքստում կարող ենք արձանագրել, որ հայերենով Ադրբեջանում մարդու իրավունքների իրական վիճակի մասին, Հայաստանում ժողովրդավարական վիճակի շնորհիվ քաղաքացիների պաշտպանվածության կամ դրան ի հակադրություն՝ Ադրբեջանի գյուղերում տեղի իշխանավորների կեղեքումներից պաշտպանվելու ժողովրդավարական գործիքների դիմելու անհրաժեշտության մասին հրապարակումներին այդ երկրի հասարակությունը պարզապես անտեղյակ կմնա: Պետք է հաշվի առնել նաև, որ խոցելի խմբերը գրեթե չեն տիրապետում նաև ռուսերեն և անգլերեն լեզուներին, իսկ բազմաթիվ գյուղական բնակավայրեր ունեն արտաքին կապի այնպիսի խնդիրներ, ինչպիսին է ինտերնետի բացակայությունը «զարգացած ու հարուստ Ադրբեջանում»: Այս պարագայում անհրաժեշտ է ձևավորել Ադրբեջանում կիրառվող լեզուների իմացությամբ փորձագիտական հասարակական խմբեր, որոնք կտիրապետեն ադրբեջանական հասարակության ինչպես ազգային առանձնահատկություններին ու խնդիրներին, այնպես էլ դրանց հետ աշխատանքի միջոցներին ու հարթակներին:
Քարոզչական հարթակներ
Սովորաբար առաջին հերթին դիտարկվում է և արդյունավետ է համարվում ինտերնետում աշխատանքը՝ որպես անխոչընդոտ տարածման հարթակ, և սա ենթադրում է, որ սոցցանցերը կամ որոշակի կայքերն ամենակիրառականը պետք է լինեն ադրբեջանական հասարակությանը տեղեկատվություն հասցնելու, նրանց խնդիրները բարձրաձայնելու, ինչու չէ՝ դժգոհներին միավորելու և իրականությունը մատուցելու գործում: Այստեղ կարևոր է կատարել ճիշտ ընտրություն՝ կրկին առանձնահատկությունները հաշվի առնելով: Օրինակ՝ դիտարկել, թե որ հարթակներն են թիրախային խմբերի համար առավել մատչելի, վստահելի և արդյունավետ: Այս համատեքստում կարևոր է օգտագործել ոչ միայն տեղական նշանակության, այլև միջազգային լրատվականների սյունակները, տեսանյութերի ձևաչափերը: Վստահելիության առումով կարող են գործի դրվել նաև թուրքալեզու, ռուսալեզու և եբրայալեզու հարթակները՝ հասկանալի պատճառներով: Սակայն ինտերնետը բավարար չէ անհրաժեշտ գործառույթների իրականացման համար. կարևոր է գտնել, ստեղծել նաև այլընտրանքային աղբյուրներ (տպագիր մամուլ, գրքեր և այլն):
Մատուցվող նյութի մատչելիություն
Անկախ բովանդակության մատուցման լեզվից և հարթակից՝ էական սկզբունք է դրանց ընկալելիությունը. Անհրաժեշտ է, որպեսզի ադրբեջանական հասարակությունն այն ընկալի որպես գործընկերային, աջակցող և անվնաս: Օրինակ, պարտադիր չէ, որ նյութում ներկայացվեն Հայաստանում տիրող ժողովրդավարական վիճակի հնարավորությունները հասարակ գյուղացիների համար, կարելի է բերել պարզապես թուրքական կամ այլ հասարակություններից օրինակներ՝ առաջացնելով համապատասխան «խանդ»: Թեև մատուցվող նյութերը պետք է իրազեկեն օրենսդրական կարգավորումների, պատասխանատու մարմինների, տեղական կամ արտասահմանյան ատյաններին դիմելու միջոցների և այլնի մասին, սակայն կարևոր է, որ դրանք մատչելի և կիրառական լինեն ադրբեջանցի գյուղացու կամ տուժած այլ խմբի ներկայացուցչի համար և ճշգրտման ու լրացուցիչ տեղեկատվության ստացման համար ունենան հետադարձ կապի հնարավորություն:
4. Ակնկալիքներ և հնարավոր արդյունքներ
Ադրբեջանական հասարակության հետ այսօրինակ աշխատանքը բնավ չի նշանակում քարոզչական այնպիսի գործողություններ, որոնք կթիրախավորեն Հայաստանի Հանրապետությունը և կհարուցեն հակադարձում: Ավելին, որքան էլ տարօրինակ թվա, ադրբեջանական հատուկ ծառայությունները տասնամյակներ շարունակ են առավել բիրտ մեթոդաբանությամբ աշխատում հայկական տեղեկատվական դաշտում՝ ապատեղեկատվության և տրամադրությունների ստեղծման քողարկված գործունեությամբ: Ուստի մեր կողմից առաջարկվողը պարզապես համեմատական աշխատանք է ենթադրում, իրականության ներկայացմանը, հասարակությունների երկխոսությանը նպաստող միջոցառում: Ի վերջո՝ ալիևյան բռնաճնշումների առաջին զոհերը հենց Ադրբեջանի քաղաքացիներն են, իսկ սահմանների փակմամբ, ոստիկանական մահակներով, լռեցմամբ, արտաքսմամբ ու հարստահարմամբ ուղեկցվող այդ բռնաճնշումներն արտահայտվում են ոչ միայն սոցիալական ու քաղաքական մակարդակներում, այլև՝ բարոյական ու ժողովրդագրական[10]:
Հաշվի առնելով այսօրինակ գործողությունների վերջնանպատակը, այն է՝ հասարակության ձեռքով պատերազմի կանխումը՝ ադրբեջանական իշխանական ընտանիքի հակահայկական նպատակների զսպմամբ, կարևոր է տարանջատել միջանկյալ ակնկալիքները, որոնց պետք է ձգտել հասնել հնարավոր կարճ ժամանակում: Այս համատեքստում առանցքայինը ներիշխանական խնդիրների հարուցումն է՝ իշխանափոխության արդյունքով: Ցանկալի է, որ Ալիևների և Փաշաևների ընտանիքների հեռացումը տեղի ունենա տեղի այլ էլիտաների ուժերով՝ հասարակական ճնշման արդյունքում: Այստեղ պետք է համադրվեն նաև օտարերկրյա դժգոհությունները՝ հաշվի առնելով արդեն իսկ առկա որոշակի վերաբերմունքը հատկապես նախագահի պաշտոնը ժառանգաբար ստացած և կեղծ ընտրություններով շարունակաբար բռնազավթող Իլհամ Ալիևի հանդեպ: Մասնավորապես, ըստ որոշ պնդումների, այդպիսի դժգոհությունների տեղիքը ոչ միայն ռազմական հնարավոր գործողություններին զինվորականներին մղելու Ալիևի հերթական ցանկությունն է, այլև որդուն հնարավոր փոխարինող կարգելու մասին մտավախությունը և այդ ուղղությամբ գործնական քայլերը[11]:
Հնարավոր կարճաժամկետ արդյունք կարող է համարվել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների մոտ ինքնության պահպանման համար կազմակերպչական աշխատանքների խթանումը, իսկ առավել ցանկալի արդյունքը՝ ըմբոստությունը, ինքնիշխանության շարժումների սկզբնավորումը: Թուրքական հասարակությունը նույնպես «իր ներդրումը» կարող է ունենալ ադրբեջանական հասարակությանը որոշակի գործողությունների դրդելու հարցում՝ հաշվի առնելով, որ դրանք բնավ նույնը չեն և էական հակասություններ ունեն, իսկ տարիներ շարունակ մատուցվող «Մեկ ազգ, երկու պետություն» ձևակերպումը ծառայում է միայն իշխանական շահերին, բայց ոչ՝ հասարակ բնակիչներին:
Նշված հնարավոր արդյունքներին իրապես կարելի է հասնել վերը բերված թիրախային ուղղություններում համապատասխան գործիքակազմով հետևողական աշխատանքի շնորհիվ, ընդ որում՝ առանց պետական քաղաքականության ու աջակցության (չնայած դրանց կարևորությանը): Անհրաժեշտ է որոշակի մասնագիտական կարողությունների համախմբում, հնարավորության դեպքում՝ այդ կարողությունների զարգացում և նպատակադրում: Մեկ այլ կարևոր հանգամանք է գիտակցումը, որ ադրբեջանական հասարակությունն ունի այս՝ արտաքին աջակցության կարիքը, և որ միայն հասարակությունների համատեղ ջանքերով հնարավոր կլինի ոչ միայն թույլ չտալ պատերազմ, այլև չեզոքացնել թշնամանքն ու ապահովել համագործակցային մթնոլորտ:
Հղումներ
[3] Մարտի 8-ին կայանք նաև բողոքի ցույցեր են անցկացրել, 08.03.2019, Ազատություն
[4] Բաքվում հակակառավարական ցույցեր են հասունանում ռազմաՃակատում մեծ կորուստների պատճառով, 13.10.2020, 1in.am
[5] Բաքվում բողոքի ցույցեր են. ցույցը ցրելու համար կիրառվել է արցունքաբեր գազ, մահակներ, ջրցաններ, 15.07.2020, Հայկական ժամանակ
[6] Для меня учеба в Азербайджане — пустая трата времени. Если финансовые ресурсы студентов или их семей невелики, им не следует подавать заявки, 18.09.2019, OC Media
[7] Ադրբեջանում ազգային փոքրամասնություններն անհանգստացած են իրենց ճակատագրով. իրանական լրատվամիջոցներ, 23.10.2020, 1in.am
[8] Ադրբեջանի արտաքսված քաղաքացիական կոալիցիան Իլհամ Ալիևին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր իր քննադատներին, 16.01.2024, Iravaban.net
[9] Police prevent coverage of protests about environmental scandal in Azerbaijan, 19.09.2023, Reporters Without Borders (RSF)
[11] Could there be a Coup in Azerbaijan?, 27.07.2024, MirrorSpectator
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)