Միջազգային ԵՎ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
01 մրտ 2023 548

 

ՆԱԽԱԲԱՆ

Չինաստան-Իրան փոխհարաբերություններն ավելի քան երկուհազարամյա պատմություն ունեն։ Դրանք պաշտոնապես սկիզբ են առել Իրանում՝ Արշակունիների, իսկ Չինաստանում՝ Հան հարստության իշխանության օրոք, երբ այդ երկրները փոխադարձաբար դեսպաններ ուղարկեցին միմյանց արքունիքներ։ Մետաքսի ճանապարհը, որն անցնում էր Իրանի տարածքով, նպաստում էր Իրան-Չինաստան առևտրային կապերի զարգացմանը, անգամ չինացի ճանապարհորդներ էին այցելում Իրան։ Չինական ապրանքները, առաջին հերթին՝ մետաքսը, Եվրոպա էր տեղափոխվում հենց այդ ճանապարհով։ Սասանյան հարստության օրոք առավել ընդլայնվեց ու բանուկ դարձավ Մետաքսի ճանապարհը, ինչի շնորհիվ ավելի սերտացան երկու երկրների կապերը տարբեր ոլորտներում։ Ավելին, Չինաստանում որոշ չափով տարածվեց նախ զրադաշտականությունը, ապա մանիքեությունը, որի հետ նաև մանրանկարչությունը, նեստորականությունը: Այն զգալի տարածում ուներ Իրանում։

Հետիսլամական շրջանում երկու երկրների միջև փոխհարաբերությունները, տարբեր ժամանակաշրջանների զարգացումներով պայմանավորված, ելևէջներով են ընթացել, բայց պահպանվել են։

Ինչ վերաբերում է Իսլամական հեղափոխության հաղթանակից առաջ Իրանում իշխող միապետական վերջին հարստությանը՝ Պահլավիներին, ապա նրանց օրոք ևս շարունակվել են Իրան-Չինաստան փոխհարաբերությունները մինչև 1949թ, երբ այդ երկրում հաստատվել են համայնավարական համակարգեր։ Այդ իսկ պատճառով Իրանի ու Պահլավիների վերջին թագավոր Մոհամեդ Ռզա շահն առկախեց այդ երկրի հետ փոխհարաբերությունները։ Այս քայլը պայմանավորված էր երկու հանգամանքով. նախ նա մտահոգություն ուներ համայնավարական գաղափարախոսության տարածման նկատմամբ, ըստ երևույթին ԽՍՀՄ-ի փորձով, որն Իրանում անջատողականության առաջին սերմերն էր ցանել Երկրորդ աշխարհամարտի ընթացքում՝ փորձելով երկիրը մասնատել Քուրդստանի ու Ադրբեջանի նահանգներում (Օստաներում) ադրբեջանական ու քրդական «հանրապետություններ» ստեղծելով, ապա Իրանի հակահամայնավարական ճամբարում լինելով ու ԱՄՆ-ի հետ սերտ հարաբերություններով։

Անցյալ դարի 60-ականների վերջին տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող զարգացումներով պայմանավորված՝ Թեհրանը Չինաստանի հետ փոխհարաբերությունները բարելավելու դրսևորումներ ցուցաբերեց։ Թեև շահը խուսափում էր դրանք իրականացնել լուրջ քայլերով, սակայն դրա համար նպաստավոր հող ստեղծվեց 1971թ, երբ հայտնի դարձավ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի՝ Չինաստան կատարվելիք այցի մասին[1]։ Հետևաբար Թեհրանը հարցին ավելի լուրջ վերաբերվեց, ինչի արդյունքում 1971թ հուլիսի 15-ին Չինաստանի ու Իրանի դեսպաններն Իսլամաբադում ստորագրեցին փաստաթուղթ, որով երկու երկրների միջև դիվանագիտական փոխհարաբերություններ հաստատվեցին, Իրանը պաշտոնապես ճանաչեց Չինաստանի ժողովրդական Հանրապետությունը։

Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, թեև Թեհրանը հայտարարել էր, թե արտաքին քաղաքականությունում ԻԻՀ-ը որդեգրել է «ո՛չ Արևելյան, ո՛չ Արևմտյան» սկզբունքը, սակայն ի սկզբանե նկատելի էր հակվածությունը դեպի Արևելք՝ տվյալ դեպքում Չինաստան։ Թերևս հաշվի առնենք, որ վերջինս Իրան-Իրաք 8-ամյա պատերազմի ժամանակ Թեհրանին զենք վաճառած միակ երկիրն էր[2]։ Նշենք, որ ելնելով 80-ականներին իր որդեգրած արտաքին քաղաքականությունից և երկրի շահերից՝ Չինաստանը պատերազմի վերաբերյալ չեզոքություն էր դրսևորում ու հավասարապես զենք վաճառում պատերազմող երկու կողմերին:

Ինչպես նշում են իրանցի որոշ վերլուծաբաններ, ԻԻՀ-ը 40 տարի ջանքեր է գործադրել փոխհարաբերությունները Չինաստանի հետ սերտացնելու ուղղությամբ։ Այս առումով շատ խոսուն է Ջահանգիր Ռաֆաթիի «Չինաստանի դերը հարկադրված պատերազմի ընթացքում» հոդվածի համար ընտրված դիպուկ ենթավերնագիրը «Ավանդազրույց՝ 4 տասնյակ ջանք ու եռանդ հանուն դեղին աժդահակի հետ փոխհարաբերություններն ամրապնդելու»[3]։ Թերևս հենց դա է վկայում Իրանի գրեթե բոլոր նախագահների այցի մասին Չինաստան՝ չհաշված առաջին և երկրորդ նախագահներին, որոնք պաշտոնավարել են շատ կարճ ժամանակ[4]։ Փաստորեն, կարելի է նշել, որ ԻԻՀ պատմության ընթացքում այդ երկրի գործադիր իշխանության բոլոր ղեկավարներն էլ այցելել են Չինաստան։

Իրանյան ԶՄՆ-ները ևս շեշտում են, թե այցերի նպատակը եղել է երկու երկրների քաղաքական ու տնտեսական փոխառնչություններն ընդլայնելը։ 1989թ՝ պատերազմից ամիսներ անց, Չինաստան է այցելել ԻԻՀ-ի երկրորդ նախագահը՝ ներկայիս ռազմաքաղաքական ու կրոնական առաջին դեմք, հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին։

1992թ Չինաստանի նախագահի հրավերով պաշտոնական այցով այդ երկրում հյուրընկալվել է Իրանի նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին, որտեղ պաշտոնակցից զատ հանդիպումներ է ունեցել նաև երկրի վարչապետի ու Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի հետ։ Նշենք, որ ըստ երևույթին, նա հակված էր երկիրը զարգացնել չինական տարբերակով։ Ավելին, ոմանք Ռաֆսանջանիին համեմատում էին Չինաստանի Համայնավարական կուսակցության բարենորոգիչ, գլխավոր քարտուղար Դեն Սյաոպինի հետ։ Սակայն նրան քննադատողները շեշտում  են, որ Ռաֆսանջանին բարենորոգչական լուրջ քայլեր կատարելու համար չուներ Դեն Սյոապինի քաջությունը[5]։

Հատկանշական է նաև, որ Ռաֆսանջանին Չինաստան այցելել է նաև 1985թ., երբ խորհրդարանի խոսնակ էր, որի ընթացքում զենք, զինամթերք, այդ թվում՝ հրթիռներ գնելու համաձայնություն էր կնքել, ինչը մեծ անհրաժեշտություն էր պատերազմի մեջ գտնվող Իրանի համար։ Ըստ ժամանակի ԶԼՄ-ների՝ հանդիպումների գլխավոր թեման Իրան-իրաքյան պատերազմն է եղել[6]։ Պեկինը Իրաքին երբեք չհամարեց պատերազմը մեկնարկող՝ հաշվի առնելով սեփական շահերը, երբ ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքը, ինչպեսև ԽՍՀՄ-ը, աջակցում էին Բաղդադին։

2000թ հուլիսին Չինաստանի նախագահ Ջիանգ Զեմինի հրավերով այդ երկիր է այցելել նախագահ Մոհամեդ Խաթամին, ում ուղեկցում էին 70 հոգուց կազմված մասնավոր հատվածի ղեկավար գործարարներ։ Իրանյան ԶԼՄ-ներն այցը բնութագրում են մշակութային։ Նա  դասախոսություն է ունեցել Պեկինի համալսարանում։

Իրանի 5-րդ նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր 8-ամյա իշխանության ընթացքում 3 անգամ է այց կատարել Չինաստան: Նա այցելել է 2006թ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, որին Իրանն անդամակցում էր դիտորդի կարգավիճակով։ Գագաթնաժողովի շրջանակներում նա հանդիպել է նաև այդ երկրի ղեկավարության հետ ու բանակցել երկկողմ փոխհարաբերությունների հարցերի շուրջ։ 2008թ նա հրավիրվել է մասնակցելու պարաօլիմպիկի խաղերի բացման արարողությանը։ Այցի ընթացքում չինական կողմի հետ ստորագրվել է պայմանագիր, ինչը լուրջ քննադատությունների է երթարկվել։ Համաձայն դրա՝ Իրանը վաճառված նաթվից գումարը հատկացնում էր չինական կողմին՝ որպես ապրանքներ գնելու հավաստագրերի երաշխիք։ Նրա ղեկավարության օրոք Իրանի նկատմամբ սահմանափակումներ էին կիրառել ԱՄՆ-ը, ՄԱԿ-ը և ԵՄ-ը։ Ուստի կարելի է ենթադրել, որ այդ քայլը պայմանավորված էր նաև Ահմադինեժադի որդեգրած «հայացք դեպի Արևելք» արտաքին քաղաքականությամբ։ Նրա գործադրած ջանքերը ՇՀԿ-ին անդամակցելու ուղղությամբ պետք է մեկնաբանել հենց այդ համատեքստում։ 

Երրորդ անգամ Ահմադինեժադը ժամանել է Չինաստան՝ դարձյալ ՇՀԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, որի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Չինաստանի, Ռուսաստանի, Աֆղանստանի, Պակիստանի և Ղրղզստանի նախագահների հետ: Նա ելույթ է ունեցել Պեկինի համալսարանում։

2018թ մայիսին նախագահ Հասան Ռոհանին Սի Ծինփինի հրավերով ՇՀԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով մեկնել է Չինաստան, որի շրջանակներում երկկողմ հանդիպումներ է ունեցել անդամ երկրների նախագահների հետ։ Ռոհանի-Սի Ծինփին հանդիպմանը շեշտվել է, որ կողմերը հաստատակամ են բոլոր բնագավառներում համատեղ ռազմավարական համագործակցությունը շարունակել և ընդլայնել։ Նրանց ներկայությամբ կողմերի միջև Գոտի-ճանապարհ նախագծի (Belt and Road Initiative, BRI) շրջանակներում ստորագրվել է համագործակցության 4 համաձայնագիր՝ համատեղ հետազոտությունների, թմրանյութերի տարածման կանխարգելման, դրա դեմ պայքարի, բիրժայի ու արժեթղթերի ոլորտներում[7]:

Հավելենք, որ ՇՀԿ-ը ձևավորվել է 1996թ Ռուսաստանի, Չինաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի մասնակցությամբ։ Ավելի ուշ դրան անդամակցել է նաև Ուզբեկստանը, իսկ 2004թ՝ Մոնղոլիան։ 2005թ Հնդկաստանը, Պակիստանը և Իրանը ստացան ՇՀԿ-ի դիտորդի կարգավիճակ, 2017թ Հնդկաստանն ու Պակիստանը դարձան լիարժեք անդամ, մինչդեռ Իրանը, թեև ի սկզբանե ձգտել  էր անդամակցել ՇՀԿ-ին, սակայն կազմակերպությունն անդամակցության համաձայնությունը տվել էր 2021թ սեպտեմբերի 17-ին։ Միայն ուղիղ մեկ տարի անց է այդ երկիրը դարձել ՇՀԿ-ի լիարժեք անդամ, և նույն թվականի նոյեմբերի 25-ին դա հաստատվել է նաև Իրանի խորհրդարանում։ Սա այն դեպքում, երբ Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք ՇՀԿ-ի գլխավոր դերակատարներ են, մեղմ ասած, չէին ընդառաջում Իրանի անդամակցությանը, և փաստորեն դա տեղի ունեցավ Իրան-Չինաստան 25-ամյա ռազմավարական համապարփակ համաձայնության ստորագրումից ամիսներ անց և ԱՄՆ-Ռուսաստան փոխհարաբերություններում լարվածության մեծացման պայմաններում։

 

ՌԱՅԻՍԻԻ ԱՅՑԸ, ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐՆ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով փետրվարի 14-17-ին եռօրյա պաշտոնական այցով բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ Չինաստանում էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին ԱԳ, Էկոնոմիկայի, Քաղաքաշինության ու ճանապարհաշինության, Նավթարդյունաբերության, Գյուղատնտեսության, Արդյունաբերության և հանքերի ու Առևտրի նախարարները, համապատասխանաբար՝ Ամիրաբդոլահյանը, Խանդուզին, Բազրփաշը, Օուջին, Սադաթինեժադը, Ֆաթեմի Ամինը, ինչպեսև Կենտրոնական բանկի տնօրեն Ֆարզին և ավագ բանակցող, ԱԳ քաղաքական հարցերով փոխնախարար Ալի Բաղերին։ Պատվիրակության այդօրինակ կազմն ինքնին խոսում է այցի կարևորության մասին, առնվազն իրանական կողմի համար։

Չինական ԶԼՄ-ներն ու չինացի փորձագետները Ռայիսիի այցը գնահատել են հույժ կարևոր քայլ երկու երկրների փոխհարաբերությունների ընդլայնման ուղղությամբ։ Չինական China Daily օրաթերթը խմբագրականում նշանավորել է Ռայիսիի այցը, գրել, որ պաշտոնատարների ու փորձագետների կարծիքով՝ այն առավել ցայտուն է դարձնելու հանուն Միջին Արևելքի խաղաղության ու բարօրության երկու կողմի լուրջ հովանավորությունը, ինչպես նաև Չինաստանի աննահանջ ջանքերն ու պարտավորվածությունը[8]: Բացի այդ Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակը ևս, անդրադառնալով երկու երկրների փոխհարաբերություններին, շեշտել է, որ դրանք հիմնված են ավանդական բարեկամության, փոխհարաբերությունների զարգացման ու ամրապնդման վրա, ինչը նրանց ռազմավարական ընտրությունն է։

Այցը մեծ արձագանք ունեցավ նաև միջազգային ԶԼՄ-ներում, քաղաքական գործիչների ու վերլուծաբանների շրջանակներում, ինչը պայմանավորված է 2022թ դեկտեմբերին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կողմից Պարսից Ծոցի ավազանի երկրներ կատարած շրջայցով, որից հետո Պեկին-Թեհրան փոխհարաբերություններում լարվածությունն ակնհայտ էր. Իրանի ԱԳ նախարարություն էր հրավիրվել նաև Իրանում Չինաստանի դեսպանը։ Ռայիսիի այցին անդրադարձել են ոչ միայն գրեթե հարյուրավոր օտարերկրյա պարսկալեզու ԶԼՄ-ներ, այլև տարբեր երկրների անգլալեզու օրաթերթեր, շաբաթաթերթեր ու հանդեսներ, որոնք այս կապակցությամբ հրապարակել են վերլուծականներ ու մեկնաբանություններ, այդ թվում՝ «Ջերուսալեմ պոստ» (Իսրայել), «Արաբ նյուս» (Սաուդյան Արաբիա), «Ֆայնեյշլ թայմս» (Լոնդոն), «Գլոբալ թայմս» (Չինաստան), ամերիկյան «Թայմ» հանդեսը, «Նյուս ուիք» շաբաթաթերթն ու «Փոլիթիկո» պարբերականը, «Դաուն» օրաթերթը (Պակիստան) այլն։ Այցի վերաբերյալ տեսակետներ են հայտնել նաև շատ քաղաքական գործիչներ։ 

Ահավասիկ, փետրվարի 14-ին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, արձագանքելով Ռայիսիի պեկինյան այցին, ընդգծել է, որ յուրաքանչյուր երկիր Չինաստանի հետ իր փոխհարաբերությունների բովանդակությունն անձամբ է որոշում։ Սակայն, երբ խոսքը վերաբերում է Իրանին, Վաշինգտոնի կարծիքով շատ կարևոր է, որ աշխարհի մյուս երկրները հայտարարեն, թե այդ երկրի միջուկային ծրագրերի զարգացումը, ջանքերը՝ ուղղված «ահաբեկչություն արտահանելուն», ազդեցությունը տարածաշրջանում ու դրանից դուրս, ընդունելի չեն որևէ երկրի համար, և աշխարհը դա չի հովանավորում[9]։ Փրայսը նշել է, թե որոշ ժամանակ առաջ ձգտել են ընդհանուր հայտարարի գալ Չինաստանի հետ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ, ապա հավելել, թե 5+1-ի շրջանակներում ԱՄՆ-Չինաստան համագործակցությունը ճշգրտորեն վկայում է, որ երկու երկրների համար էլ Թեհրանի միջուկային ծրագրերը լուրջ մարտահրավեր են[10]։

Փետրվարի 13-ին Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Նասեր Քյանանին, հերթական մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ռայիսիի այցին, շեշտել է, թե այցի բուն նպատակը 25-ամյա ռազմավարական համաձայնության կյանքի կոչումն է՝ տնտեսական խնդիրների առանցքով: Ռայիսին ևս, մեկնելուց առաջ խոսելով այցի նպատակների մասին, շեշտել է, որ գլխավորը 25-ամյա համաձայնագրի իրականացման հարցերի շուրջ բանակցելն է։

Պաշտոնական բավական ճոխ ու ջերմ հյուրընկալության արարողությունից անմիջապես հետո Պեկինում տեղի է ունեցել Սի Ծինփին-Ռայիսի առաջին հանդիպումը, որտեղ վերջինս նշել է, թե Չինաստանն ու Իրանը դժվարին օրերի բարեկամներ են, ինչը հին ժամանակների կապերը դյուրացնում ու արագացնում է։ Նա հավելել է, որ երկու երկրների փոխհարաբերությունների ամրապնդումն ազդեցություն կունենա նաև տարածաշրջանի ու աշխարհի անվտանգության վրա։ Սի Ծինփինը կարևորել է հարգանքն Իրանի տարածքային ամբողջականության հանդեպ, ինչն իրանական կողմը ողջունել է՝ հաշվի առնելով Չինաստան-Պարսից Ծոց համագործակցության կազմակերպության համատեղ հայտարարությունը։ Նա նշել է, որ 25-ամյա ռազմավարական համաձայնությունը լուրջ դերակատարություն ունի երկու երկրների փոխհարաբերությունների խորացման ու ընդլայնման հարցում՝ ընդգծելով՝ դրանում խորապես համոզված է։

Այնուհետև երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները ստորագրել են համագործակցության 20 համաձայնագիր ու հուշագիր։ Ստորագրված փաստաթղթերը վերաբերում են ճգնաժամերի կառավարման, զբոսաշրջության, կապի և տեղեկատվության տեխնոլոգիաների, բնապահպանության, միջազգային առևտրի, գյուղատնտեսության, արտահանության, առողջապահության, ԶԼՄ-ների, մշակութային ժառանգության բնագավառներին[11]։ Ռայիսին հանդիպումներ է ունեցել նաև Չինաստանի վարչապետի և ազգային կոնգրեսի (խորհրդարան) նախագահի հետ։ Վարչապետ Լի Կե Չիանգն այցի կապակցությամբ շեշտել է, թե երկկողմ կառուցողական բանակցությունների նպատակը երկու երկրների փոխգործակցությունն ընդլայնելն ու խորացնելն է տարբեր ոլորտներում, և դրանք ուղղված չեն որևէ երկրի դեմ։

Տնտեսագետների կարծիքով՝ ակնկալվող այցի ձեռքբերում է տնտեսական բարձր աճը, սակայն դրա համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել՝ ուղիներ գտնելով Չինաստան նավթի արտահանման ծավալների մեծացման, բանկային հարցում առկա խնդիրների լուծման, սահմանափակումները կրճատելու համար ջանքեր գործադրելու ուղղությամբ[12]։

Ի տարբերություն իրատեսական նման մոտեցումների՝ կան փորձագետներ, ովքեր խիստ արդյունավետ են գնահատում այցը։ Նախկին դիվանագետ, միջազգայնագետ Հասան Հադիզադեհն Իրան այցի առնչությամբ շեշտել է, որ տարբեր ոլորտներում համագործակցության 20 փաստաթղթի ստորագրումը, Չինաստանի պատրաստակամությունն Իրանի տնտեսական, այդ թվում՝ նավթի ու գազի, արագընթաց գնացքների երկաթգծերի ու այլ ոլորտներում 500 միլիարդ դոլարի ներդրում կատարելու ուղղությամբ շատ լավ հնարավորություն է, դա նաև երկու երկրների միջև տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրեր մշակելու քայլ է։ Նա հավելել է, որ վերջին ամիսներին Չինաստանը շրջվել էր տարածաշրջանում ԱՄՆ դաշնակից երկրների կողմը, ինչը դժգոհություն էր առաջացրել Իրանի պաշտոնյաների շրջանում, ուստի Ռայիսիի այցն իրականում ինչ-որ տեղ Թեհրանին սիրաշահել է համարվում։ Այցի ընթացքում դիվանագիտական հաճոյախոսություններն ու ստորագրված փաստաթղթերը լոկ խոստում են (քանի դեռ նպաստավոր պայմաններ չեն ստեղծվել լավ օրերի սպասումով։

Հադիզադեհը Չինաստանի արտաքին քաղաքականությունը բնութագրել է «կայուն սողացող», որը հանգիստ սահում է՝ դառնալու աշխարհի առաջատար տնտեսությունը, ինչի համար կարիք ունի Իրանի նման դաշնակցի։ Նա խիստ կարևորել է նաև ՇՀԿ-ի դերը։

Միջազգայնագետը, նշելով, որ այն ընդգրկում է աշխարհի բնակչության 50 տոկոսը, ընդգծել է, թե Իրանի աշխարհաքաղաքական խիստ կարևոր դիրքը կարող է ՇՀԿ-ի շրջանակներում էլ լրջորեն աջակցել Չինաստանի տնտեսական ծաղկմանը։ Նրա կարծիքով՝ Ռայիսիի այցը Պեկին տնտեսական, անվտանգության ոլորտներում և համագործակցության 25-ամյա համաձայնության իրականացման ուղղությամբ լուրջ ձեռքբերումներ է արձանագրել[13]։

Նախագահ Ռայիսին էլ այցը գնահատել է հաջողված և խիստ արդյունավետ ու հույս հայտնել, որ ականատես են լինելու համագործակցության զգալի աճի տարբեր ոլորտներում։

 

25-ԱՄՅԱ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՄՇՈՒՇԱՊԱՏ Է

Աշխարհի երկրորդ տնտեսությունն ունեցող Չինաստանն իր ռազմավարական նախագծերով ու հստակ հաշվարկներով ձգտում է անաղմուկ առաջ ընթանալ։ Այդ համատեքստում նախագահ, Համայնավարական կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ծինփինն իր տնտեսական ու քաղաքական նպատակները կյանքի կոչելու համար արտաքին քաղաքականության գլխավոր ուղեգիծն է դարձրել BRI նախագծի իրականացումը։ Դրա համաձայն՝ Պեկինը 70 երկրի ու միջազգային կազմակերպության ենթակառուցվածքներում ներդրումներ է կատարելու առևտրական երկու ուղղությունների՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի և Ծովային մետաքսի ճանապարհի զարգացման նպատակով։ Բնականաբար այս ուղղությամբ տարածաշրջաններում մեծանալու է Չինաստանի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ազդեցությունը։

Ներկա դրությամբ Չինաստանի կարևոր թիրախներից է միջինարևելյան տարածաշրջանը, որտեղ մրցակցելու է ԱՄՆ-ի հետ, թերևս լոկ տնտեսական բնագավառում՝ հաշվի առնելով այդտեղ վերջինիս ռազմական ու քաղաքական մրցույթից դուրս լուրջ ազդեցությունը։

Պեկինը, ելնելով իր շահերից, գերադասում է կապերը սերտացնել առաջին հերթին այն երկրների հետ, որոնք ներդրումների համար ունեն նպաստավոր պայմաններ, տվյալ դեպքում առավել շահավետ են Պարսից Ծոցի ավազանի երկրները։ Իրանի հետ փոխհարաբերությունները ևս կառուցվում են այդ նկատառումներով, սակայն այժմ, երբ սահմանափակումների օղակն Իրանի շուրջ ավելի է սեղմվում, և նա ռիսկային է խոշոր ներդրումների համար, Պեկինը դեռևս ձեռնպահ կմնա։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ այդ երկիրը տարածաշրջանի գերտերություններից է և զարգացումների վրա լուրջ ազդեցություն ունի, մի կողմից չի ցանկանում տարաձայնություններ ունենալ, մյուս կողմից պատրաստ չէ վտանգել Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի հետ ունեցած տնտեսական լուրջ կապերը՝ հանուն ավելի փոքր շահերի։ 

2016թ հունվարին կյանքի կոչվեց Իրանի միջուկային ծրագրերի շուրջ  համաձայնությունը (Համատեղ համապարփակ համաձայնության ծրագիր, Joint Comprehensive Plan of Action, JCPOA), որով աստիճանաբար վերացվում էին Իրանի դեմ  ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի բազմաբնույթ սահմանափակումները և ստեղծվում տնտեսական համագործակցության բարենպաստ պայմաններ։ Սրա շնորհիվ էներգետիկ և այլ ոլորտներում արևմտյան, ինչպեսև հեռավոր արևելքի երկրների ընկերություններն Իրանի հետ համագործակցության համաձայնություններ կնքելու նպատակով միմյանց հերթ չէին տալիս:

Ստեղծված իրավիճակում 2016թ. հունվարի 22-23-ին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը երկօրյա այցով ժամանեց Թեհրան։ Նա հանդիպում ունեցավ նաև Իրանի հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի հետ, ինչից անմիջապես հետո քննարկման առարկա դարձավ Իրան-Չինաստան 25-ամյա ռազմավարական համապարփակ համաձայնության հարցը[14]:

Այցի ավարտին այդ առնչությամբ Թեհրանում ու Պեկինում հրապարակված համատեղ հայտարարության մեջ նշվել էր, թե Թեհրան-Պեկին փոխհարաբերությունների ընդլայնման ու խորացման նպատակ է հետապնդում Իրան-Չինաստան ռազմավարական համապարփակ համագործակցության համաձայնագիրը, որը համարվում է ճանապարհային քարտեզ: Դրա շրջանակներում համաձայնություն է ձեռքբերվել 20 կետի շուրջ՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային, դատական, ռազմա-անվտանգային ոլորտներում, միջազգային ու տարածաշրջանային հարցերում:

Երբ 2018թ. ԱՄՆ-ը հեռացավ JCPOA-ից և վերականգնվեցին Իրանի դեմ այդ երկրի սահմանափակումները, չեղարկվեցին կամ առկախվեցին Իրանի հետ ստորագրված գրեթե բոլոր համաձայնությունները, չինացիները ևս լուրջ նահանջի քայլերով թուլացրեցին ակտիվությունը: Թեև Պեկինը շարունակեց Իրանից նավթի ներմուծումը, սակայն ծավալները զգալիորեն կրճատվեցին, ավելին, ստեղծված պայմաններում Իրան-Չինաստան համաձայնությունը վերջինս «մոռացության» մատնեց, կամ ավելի շուտ այդ հարցում էլ նվազագույնի հասցրեց հետաքրքրությունը։ Մինչդեռ, ըստ երևույթին, իրանական կողմը սահմանափակումների պայմաններում հույսեր էր կապել դրա հետ և լուրջ էր վերաբերվում պայմանավորվածությանը։

2020թ. հունիսին Իրանի նախկին նախագահ Ռոհանիի գլխավորած կառավարությունում Իրան-Չինաստան համապարփակ ռազմավարական 25-ամյա համագործակցության ծրագրի վերջնական տարբերակը հաստատվեց: Չինական կողմի հետ քննարկելուց հետո ԱԳ նախարարին հանձնարարվեց ստորագրել այն փոխադարձ շահերի հիման վրա: Իրանի կառավարության որոշումը լայն արձագանք գտավ թե՛ երկրի ներսում, թե՛ դրա սահմաններից դուրս, արևմտյան ԶԼՄ-ները հիմնականում ներկայացրեցին բացասական երանգներով:

Նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ով ջանք չէր խնայում Չինաստանի հետ փոխհարաբերություններն ընդլայնելու ու սերտացնելու ուղղությամբ, անմիջապես արձագանքեց՝ շեշտելով, թե այն հակասում է երկրի շահերին ու Սահմանադրությանը: Քննադատություններ հրապարակվեցին նաև իրանյան ԶԼՄ-ներում ու սոցցանցերում։ Այն, որ առ այսօր համաձայնության բովանդակությունն ամբողջությամբ հրապարակված չէ, ևս ենթադրությունների ու ասեկոսեների տեղիք է տալիս։ Նշվում էր, թե «Չինաստանը 5000 զինուժ է տեղակայելու Իրանում, ինչը պատճառաբանվում էր կառուցվելիք խողովակաշարերը պաշտպանելու նպատակով», «Քիշի կղզին տրվելու է Չինաստանին», «Նավթն էժան գնով է վաճառվելու» և այլն:

Սակայն  համաձայնության ստորագրումը ձգձգվեց, քանի որ Պեկինին ձեռնտու չէր սահմանափակումներով համաձայնագիրը։ Ահա թե ինչու այն ստորագրվեց ուշացումով՝ շուրջ մեկ տարի անց, ավելի հստակ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի JCPOA-ին վերադառնալու և Իրանի դեմ սահմանափակումների վերացման հավանականությունը մեծացել էր։ Իրականում պայմանավորվածություն կար, որ հարցի շուրջ Եվրամիության ջանքերով ապրիլի 6-ին Վիեննայում Իրան-4+1 ձևաչափով բանակցությունները սկսվելու են, որոնց անուղղակիորեն մասնակցելու էր Վիեննայում գտնվող Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ հանձնակատար Ռոբերտ Մալին։ Բայց, քանի որ Իրանը չէր համաձայնել ԱՄՆ-ի հետ անմիջական բանակցություններ վարել, Վաշինգտոնի մասնակցությունը միջնորդավորված էր, միջնորդի դերը գլխավորապես իրականացնում էր բանակցությունները համակարգող ԵՄ-ը։

2021թ մարտի 27-ին՝ բանակցություններից շուրջ 10 օր առաջ, Թեհրանում Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարներ Մոհամեդ Ջավադ Զարիֆն ու Վանգ Ին ստորագրեցին Իրան-Չինաստան 25-ամյա ռազմավարական համապարփակ համագործակցության համաձայնություն, ինչի շրջանակներում Չինաստանն Իրանի ենթակառուցվածքներում 400 միլիարդ դոլարի ներդրում էր կատարելու։

Ըստ երևույթին Թեհրանի ակտիվությունը համաձայնության ստորագրման կապակցությամբ և «հայացք դեպի Արևելք» արտաքին քաղաքականության որդեգրումն ընկալվեցին որպես զիջողականություն։ Այս հանգամանքի պատճառով արձագանքներն ու քննադատություններն անհամեմատ բուռն էին թե՛ իրանյան և թե՛ միջազգային քաղաքական շրջանակներում ու ԶԼՄ-ներում, մասնավորապես արևմտյան, որոնք նախազգուշացնում էին Իրանին դրա բացասական հետևանքների մասին՝ երբեմն էլ շեշտելով, թե այն ավելի վատ ու ստորացուցիչ է Թուրքմենչայի պայմանագրից: Արևմուտքը մտահոգություն էր հայտնում նաև առ այն, որ համաձայնությունը Չինաստանին հնարավորություն է տալիս ամրապնդել ներկայությունը Միջին Արևելքում։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես մտահոգություն էր հայտնել այս կապակցությամբ: Վերջինս Չինաստանին մրցակից էր համարել, իսկ Ռուսաստանին՝ հակառակորդ։ Նա Իրանին ներկայացնում էր տարբեր մեղադրանքներ՝ միջինարևելյան քաղաքականության, մարդու իրավունքների ոտնահարման և այլնի համար, միևնույն ժամանակ չցանկանալով Իրանին տեսնել նշյալ երկրների կողքին:

Իրանում ևս խիստ տարաձայնություններ կային այս հարցում։ Կողմնակիցները շեշտում էին, թե Թավրիզը, որտեղ կենտրոնացված է Իրանի էներգակիրների ու նավթաքիմիական արդյունաբերությունը, շրջադարձային դեր կստանա 2300 կմ երկարությամբ Մետաքսի նոր ճանապարհում, որը Չինաստանի ու Կենտրոնական Ասիայի հանրապետությունները միացնում է Իրանին, որտեղից էլ՝ Թուրքիա, Եվրոպա և Ռուսաստան: Էներգակիրների արդյունահանումն անշեղորեն կզարգանա, Իրանը կդառնա Չինաստանին նավթի գլխավոր մատակարարը և այլն: Հակառակորդները չէին վստահում չինական տեխնոլոգիաներին, պահանջում էին թափանցիկություն՝ վկայակոչելով Սահմանադրության 77-րդ դրույթը, ինչին ի պատասխան կողմնակիցներն ընդգծում էին, որ այն ընդամենը ճանապարհային քարտեզ է, պայմանագիր չէ, որպեսզի բովանդակությունը հրապարակվի ու ներկայացվի խորհրդարանի հաստատմանը:

Այդուհանդերձ, ապրիլի 4-ին խորհրդարանի Անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովը հարցը քննարկեց և հայտնեց դրական կարծիք։ Ավելին, նշյալ հանձնաժողովի նախագահ, Իրան-Չինաստան բարեկամության խմբի ղեկավար Ալաըդդին Բորուջերդին, քննադատելով կառավարությանը խնդրի հանդեպ անլրջության համար, հայտարարեց, թե երկրի դժբախտությունը նրանում է, որ կառավարության հայացքը դեպի Արևմուտք է։ Նա  հավելել էր, որ Արևմուտքի աղմուկ-աղաղակն Իրան-Չինաստան ռազմավարական փաստաթղթի վերաբերյալ դրա կարևորության խոսուն վկան է։ Մինչդեռ կառավարությունը ձգտում է այն ներկայացնել անկարևոր[15]։

Խորհրդարանի խոսնակ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը,  ողջունելով համաձայնագրի ստորագրումը, շեշտել էր, որ եթե փաստաթղթի իմաստն այն է, թե աշխարհը չի սահմանափակվում Արևմուտքով, և այժմ Ասիայի դարն է, ապա դրա ստորագրումը ռազմավարական կարևոր քայլ է: Նա կառավարությանը մեղադրեց այն ուշացումով ստորագրելու մեջ: Ավելին, այդ հարցը շահարկվում էր նաև նախագահական ընտրությունների համատեքստում: Պահպանողականները բարենորոգիչներին մեղադրում էին արևմտամետության մեջ՝ նշելով, որ այդ պատճառով էլ հարցը պատշաճ ուշադրության չեն արժանացրել։ Պահպանողական խորհրդարանն այն հաստատեց շատ արագ՝ օրերի ընթացքում։

2022թ, երբ ակնհայտորեն մեծացել էր ԱՄՆ-ի վերադարձի հավանականությունն Իրան-5+1-ի համաձայնությանը, հունվարի 16-ին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլահյանը Պեկինում ազդարարեց հիշյալ համաձայնագրի իրականացման մեկնարկը, որի համաձայն՝ 25 տարվա ընթացքում Չինաստանը ներդրումներ էր կատարելու Իրանի ենթակառուցվածքներում՝ արդյունաբերության և հանքարդյունաբերության ոլորտներում։ Բացի այդ համագործակցելու էին նաև ապահովագրության և բանկային ոլորտներում։ Այս հանգամանքն առիթ դարձավ, որ համաձայնագիրը կրկին մտնի իրանյան և միջազգային ԶԼՄ-ների, վերլուծաբանների ու քաղաքական գործիչների օրակարգ:

Ամերիկյան  հեղինակավոր Foreign Policy պարբերականն իր 2022թ հունվարի 13-ի համարում ԱՄՆ Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի (Foundation for Defense of Democracies, FDD) Իրանի ու արտաքին փոխհարաբերությունների հարցերով երկու հայտնի փորձագետների համահեղինակությամբ հրապարակել է «Իրան-Չինաստան փոխհարաբերությունների ընդլայնումը Միջին Արևելքում սպառնալիք է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար[16]» վերնագրով բավական ծավալուն վերլուծականը,  որտեղ շեշտվել է, թե այդ համագործակցությունը, մասնավորապես անվտանգության ոլորտում, լուրջ սպառնալիք է ԱՄՆ-ի, Իսրայելի և Պարսից Ծոցի արաբական երկրների անվտանգության համար։ Նրանք նախագահ Բայդենին հորդորել էին խնդրի լուծումը դարձնել օրակարգային։

Ըստ հոդվածի հեղինակների՝ Իրան-Չինաստան «Համապարփակ ռազմավարական համագործակցությունը» երեք բանի մասին է վկայում ա) Պեկին-Թեհրան համընթացության աճ, բ) Պեկինի ազդեցության աճը Միջին Արևելքում, գ) երկու հզոր գերտերությունների՝ Չինաստանի ու ԱՄՆ-ի մրցակցությունը չի սահմանափակվում Հնդկական ու Խաղաղ օվկիանոսների ավազաններում։ FDD-ի փորձագետները հոդվածը եզրափակել են հետևյալով. «Գուցե ԱՄՆ-ը հոգնել է Միջին Արևելքից, բայց Չինաստանը նոր է սկսել»:

Թեև 2022թ հունվար-փետրվարին խոսվում էր JCPOA-ի վերականգնման շուրջ բանակցությունների լուրջ հաջողությունների մասին, սակայն ռուս-ուկրաինական պատերազմի և այլ գործոնների ազդեցությամբ մարտին արդեն դրանք փակուղի մտան։ Իսկ ավելի ուշ՝ աշնանը, Վաշինգտոնը դրանք գնահատեց «մահացած»:

Այս փաստը ոչ միայն պատճառ դարձավ, որ Չինաստանը համաձայնության իրականացման շուրջ գրեթե կորցնի հետաքրքրությունը, այլև Պեկինը Միջին Արևելքում դիրքերն ամրապնդելու համար աստիճանաբար շուռ եկավ դեպի Պարսից Ծոցի երկրներ, այժմ լուրջ քայլեր է կատարում դրանց հետ տնտեսական ոլորտում փոխհարաբերություններն ավելի զարգացնելու համար, խոշոր ներդրումներ է կատարում, օրինակ Կատարում գազի ոլորտում ներդրում է կատարել 60 միլիարդ դոլարի չափով։

Ավելին, 2022թ դեկտեմբերին Սի Ծինփինն այցելել է Սաուդյան Արաբիա, որտեղ  կողմերը տնտեսական ոլորտում 50 միլիարդ դոլար արժողությամբ մի քանի տասնյակ համաձայնություններ են ստորագրել։ Հատկանշական է, որ Էր Ռիյադը, ապահովելով Չինաստանի նավթի պահանջարկի 18 տոկոսը, այդ առումով խոշորագույնն է, ինչը խոսում է Չինաստանի համար այդ երկրի նշանակության մասին[17]։ Բացի այդ Պարսից Ծոցի ավազանի համագործակցության խորհրդի (Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Բահրեյն, Կատար, Քուվեյթ և Օման) անդամ այլ երկրների հետ ևս կնքվել են տնտեսական 10-յակ միլիարդ դոլար արժողությամբ ներդրումների համաձայնագրեր։

Դեկտեմբերի 9-ին Էր Ռիյադում Սի Ծինփինը մասնակցել է Պարսից Ծոցի համագործակցության խորհրդի անդամ արաբական երկրների առաջնորդների նիստին, որի ավարտին հրապարակվել է համատեղ հայտարարություն, ինչն ավելի բուռն վրդովմունքի ալիք է բարձրացրել Իրանում։ Այստեղ Չինաստանը  հավանություն է տալիս ԱՄԷ-ի նախաձեռնությանը Պարսից Ծոցի երեք՝ Մեծ ու Փոքր թոնբյան և Աբու Մուսա կղզիների առնչությամբ Իրան-ԱՄԷ տարաձայնությունները խաղաղասիրությամբ կարգավորելուն։ Մինչ այդ հրապարակվել էր Չինաստան-Սաուդյան Արաբիա համատեղ հայտարարությունը, որտեղ Իրանից պահանջվում է հավաստիացնել, որ իր միջուկային ծրագրերը խաղաղասիրական նպատակ են հետապնդում, ինչպեսև չմիջամտել տարածաշրջանի երկրների ներքին գործերին։

Չինաստանի նման քայլերը զայրութի ալիք էին բարձրացրել թե՛ քաղաքական գործիչների ու փորձագետների շրջանակում, թե՛ ԶԼՄ-ներում։ Միջազգային ԶԼՄ-ներում էլ այդ կապակցությամբ մեկնաբանությունների ու վերլուծականների պակաս չզգացվեց։ Վերլուծաբանները հիշյալ հայտարարությունները գնահատել են լուրջ փոփոխություն Պեկինի դիրքորոշման մեջ՝ դեպի Պարսից Ծոցի արաբական երկրներ հակվածություն և Չինաստանի համար վերջիններիս դերի բարձրացում։

Ատլանտյան խորհրդի միջինարևելյան հարցերով ավագ փորձագետ Ջոնաթան Ֆուլթոնը նշել է, թե միշտ էլ կասկածանքով է վերաբերվել Չինաստան-Իրան փոխհարաբերությունների կարգավորման այն տարբերակին, որը ներկայացվում էր, քանի որ Չինաստանի համար կարևոր բոլոր բնագավառներում՝ ֆինանսական, տնտեսական, էնեգետիկայի և քաղաքական ներդրումների, Պարսից Ծոցի ավազանի երկրների հետ համագործակցությունն առավել շահավետ է Իրանի համեմատությամբ[18]։

Բարենորոգչական կողմնորոշմամբ «Շարղ» օրաթերթը դեկտեմբերի 9-ի համարի «Չինաստանի մյուս կողմը» վերնագրով վերլուծականում խիստ քննադատել էր Չինաստանին, միաժամանակ նաև պահպանողականներին, շեշտել, որ վերջին տարիներին նրանք համառորեն որպես բանալի կապակցություն պնդում էին՝ «Չինաստան անունով դաշնակիցը», բայց չէին պատկերացնում, որ Պեկինը նման անհավատարմություն կդրսևորի։ Ավելին, երկրի մակարդակով բոլոր օրաթերթերը, շատ քիչ բացառություններով, դեկտեմբերի 10-ին միահամուռ ու խստորեն քննադատել էին Չինաստանին ու Սաուդյան Արաբիային, բացի այդ մեղադրել էին նաև ԱԳ նախարարությանը մեղմ դիրքորոշման համար: ԱԳ խոսնակը հայտնել էր, թե նախարարության Ասիայի ու Օվկիանիայի վարչության պետը Չինաստանի դեսպանի հետ «հանդիպմանը» դժգոհություն է հայտնել Իրանի տարածքային ամբողջականության վերաբերյալ նման տեսակետ հայտնելու կապակցությամբ։ Խոսքը վերաբերում է «նախարարություն հրավիրելու» փոխարեն «հանդիպում» բառի կիրառմանը։

Բացի այդ դեկտեմբերի 10-ին հարցը քննարկվել է նաև խորհրդարանի Ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի հատուկ նիստում, որտեղ շատ կոշտ քննադատություններ են հնչել Չինաստանի ու Պարսից Ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների հասցեին։ Հանձնաժողովի նախագահության անդամ Ալի Ռեզա Սալիմին Չինաստանի նախագահին «միամիտ» է անվանել՝ ընդգծելով, թե այցի ընթացքում նա ապացուցեց, որ շատ ավելի «միամիտ» է, քան կարելի էր կարծել։ Հանձնաժողովի անդամ Մոհամեդ Ռեզա Ահմադին էլ, նախազգուշացնելով Չինաստանին, շեշտել է, որ Իրանի նման հզոր երկրի տարածքային ամբողջականության մասին խոսելիս զգույշ լինի[19]։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, անդրադառնալով Ռայիսիի այցին, հայտնել էր, թե ԱՄՆ-Չինաստան փոխհարաբերությունները բոլոր երկրների հետ ունեցածից ամենաբարդն են, դրանք խիստ բազմաշերտ են, առաջին հերթին՝ մրցակցային, նաև բնութագրվում են պոտենցիալ հակառակորդներ, ուստի Վաշինգտոնը ձգտում է պահպանել շփման ուղիներ։ Չինաստանը ևս շահագրգիռ է դրանում, ինչը նկատելի է նաև այդ երկրի վարած արտաքին քաղաքականությունից, որը հաշվի է առնում Իրանի դեմ ԱՄՆ սահմանափակումները վերջինիս հետ հարաբերություններում։

Ինչպես նշվել է, անգամ 25-ամյա համաձայնությունն օրակարգ բերելու, ստորագրելու և կյանքի կոչելու համար Պեկինն ընտրել է համագործակցության նպաստավոր շրջան, այն է՝ ԱՄՆ-ի JCPOA-ին վերադառնալու ու սահմանափակումների վերացման մեծ հավանականության շրջանը։ Բացի այդ սահմանափակումները չեն արգելում երկարաժամկետ համաձայնագրի ստորագրումը։ Հետևաբար Պեկինը, թերևս, ձգտում է չկորցնել Իրանին՝ որպես ռազմավարական դաշնակցի Մետաքսի նոր ճանապարհների նախագծում։ Իսկ երբ հնարավորություն ստեղծվի, նա կակտիվացնի 25-ամյա համաձայնագիրը, մանավանդ դրանում ավելի շատ Չինաստանի շահերն են արտահայտված։ Ըստ ամենայնի, Չինաստանի կողմից Իրանի նախագահին հրավիրելը և ճոխ ու ջերմ ընդունելություն կազմակերպելը գլխավորապես նման նպատակ են հետապնդել։

Այլ խոսքով՝ միջազգայնագետ Հադիզադեհն իրավացի է, երբ նշում է, թե իրականում Ռայիսիի այցն ինչ-որ տեղ համարվում է Թեհրանին սիրաշահել։ Բայց և այնպես պետք է նկատի ունենալ, որ սահմանափակումների վերացմամբ Իրանը ևս համագործակցության ավելի լայն հնարավորություններ է ստանալու, հետևաբար բացառված չէ, որ առնվազն համաձայնության իրականացման հարցում առաջարկի նոր փոփոխություններ կլինեն։ 

Այլ կերպ ասած՝ այսօր Պեկին-Թեհրան փոխհարաբերությունների զարգացման դեմ արգելքները շարունակվում են, դրանք գլխավորապես ԱՄՆ սահմանափակումներն են Իրանի միջուկային ծրագրերի դեմ։ Ուստի հնարավոր է, որ Ռայիսիի այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերն արխիվացվեն։ Պատահական չէ, որ Ռայիսի-Սի Ծինփին հանդիպմանը վերջինս կարևորել է JCPOA-ի հնարավորինս արագ կյանքի կոչումը[20]։ Սա նշանակում է նաև, որ ներկայումս Պեկինի ուշադրության կենտրոնում Միջին Արևելքի այլ երկրներն են։

25-ամյա համաձայնագիրը, որի կյանքի կոչումն Իրանի նախագահի այցի բուն նպատակն էր, դեռևս մնալու է թղթի վրա՝ հաշվի առնելով դրա ռազմավարական բնույթը: Սա վկայում է, որ դրա իրագործումը կողմերի համար պարտադիր չէ։ Ավելին, Չինաստանում Իրանի նախկին դեսպան Հոսեյն Մալայեքը, «Շարղ» գործակալությանը տված հարցազրույցում համաձայնությունը համարելով «մահամերձ», շեշտել է, որ դրա առանցքը նավթն է, քանի որ պայմանավորվածության համաձայն՝ իրականացվող նախագծերի երաշխիքը, ինչի դիմաց Չինաստանն Իրանում ներդրումներ պետք է կատարեր, նավթն էր։ Սակայն նավթի համար կիրառվող սահմանափակումներն արտահանումը խնդրահարույց դարձրեցին, մյուս կողմից էլ վերջին զարգացումների պատճառով Ռուսաստանն այստեղ դարձել է առաջատար։ Նա հավելում է, որ իրականում Չինաստանը ներդրում չի կատարում, պարզապես երաշխավորված առքն (Usance finance) անվանվում է ներդրում[21]։ Կարճ ասած՝ Ռայիսիի այցը հաջողված է՝ լարվածության թուլացմամբ, խոստումներով, բայց ոչ 25-ամյա համապարփակ ռազմավարական համաձայնությունը կյանքի կոչելու առումով, ինչն այցի բուն նպատակն էր։

 

ՀՂՈՒՄՆԵՐ ԵՎ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


[1] Այցը տեղի է ունեցել 1972թ փետրվարի 21-28-ին, ինչը գնահատվեց շրջադարձային։

[4] Հեղափոխությունից անմիջապես հետո առաջին նախագահ Աբոլհոսեյն Բանիսադրը շուրջ 1,5 տարի մնաց կառավարության ղեկին, ապա փախուստի դիմելով ապաստան գտավ Ֆրանսիայում, իսկ Մոհամեդ Ալի Ռաջային նախագահեց ընդամենը 28 օր,  նա դարձավ ահաբեկչության զոհ։

[10] ԱՄՆ-ի արձագանքը Ռայիսիի՝ Չինաստան կատարած այցին. Վաշինգտոնն ինչո՞ւ է մտահոգ

[13] Չինաստանը պատրաստ է Իրանում 500 միլիարդ դոլարի ներդրում կատարել, 

[18]  Նույն տեղում։

[21] Չինաստանի հետ 25-ամյա համաձայնությունը հոգեվարքի մեջ է  

 

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Փորձագետ (ներ)

Էմմա Բեգիջանյան