Միջազգային ԵՎ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
22 մյս 2024 273

ՆԱԽԱԲԱՆ

 

Վերջին տարիներին աշխարհում նկատվող տնտեսական երևույթները` պարենային անապահովություն, կլիմայական փոփոխություններ, պոստկովիդյան խաթարումներ, որոնք ուղեկցվում են մեծ անորոշություններով, 2023թ. առավել ցցուն դարձրեցին տնտեսական մի այնպիսի երևույթ, ինչպիսին անհավասարությունն է[1]: Հասարակության անդամների միջև անհավասարության դրսևորման անմիջական ցուցիչը աղքատության մակարդակն է: Այն շարունակում է մտահոգել առաջադեմ մարդկությանը, կառավարություններին և հանրույթներին: Դա 21-րդ դարի ամենախոցելի տնտեսական երևույթն է ու լի է բազում վտանգներով:

Բազմաճգնաժամային իրավիճակներից բխող այս մարտահրավերներին գումարվում են աշխարհաքաղաքական անհամաձայնություններն աշխարհի տարբեր անկյուններում, փախստականների չդադարող հոսքերը, գրեթե բոլոր երկրներում տնտեսական աճի դանդաղումը, ժողովրդագրական,  գործազրկության, բնակչության կրթության, առողջության մակարդակի և այլ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ: Ավելին, աղքատության երևույթն իր ամենածանր  հետևանքներով լի ազդեցությունն է   գործում հասարակության անդամների արժեհամակարգի խաթարումների ու նրանց կյանքի որակի վրա:

Բնականաբար, այս խորապատկերին, միջազգային կառույցների, առաջադեմ երկրների կողմից աղքատության նվազման դեմ իրականացվող բազմաշերտ ու բազմաբնույթ միջոցառումներին զուգահեռ, բնակչության կենամակարդակը բնութագրող ցուցանիշների համակարգում աղքատության մակարդակը շարունակում է պահպանել որոշ անհանգստացնող հորիզոնականներ: Այսպես, ԱՄՆ-ում 2022թ.  37,9 մլն մարդ՝ բնակչության մոտ 11,7%-ը[2], գտնվել է աղքատության շեմից՝ $29,678 (չորս հոգանոց ընտանիքի համար) ցածր: Ֆրանսիայում բնակչության 14,5%-ն ապրում է աղքատության շեմից ցածր[3]: Եվրամիությունում՝ 2022թ. 95,3 միլիոն մարդ (բնակչության 22%-ը) գտնվում է աղքատության կամ սոցիալական մեկուսացման վտանգի ներքո, այսինքն նրանք ապրում են տնային տնտեսություններում, որոնք բախվում են աղքատության և սոցիալական մեկուսացման երեք ռիսկերից առնվազն մեկին[4]: Ընդ որում նշենք, որ Covid-19 համավարակից հետո գրեթե ամբողջ համաշխարհային տնտեսության մեջ, նաև վերոնշյալ երկրներում աղքատության մակարդակի նվազման էական փոփոխություններ գրեթե չեն արձանագրվել[5]:

Այսուհանդերձ, կարելի է արձանագրել, որ մասամբ վերջին տարիներին աշխարհում աղքատության նվազեցմանն ուղղված դանդաղ ջանքերը ցուցաբերել են որոշ դրական միտումներ: Այսպես, 2010-2023թ.թ. ընթացքում, աշխարհում աղքատների թիվը 2010թ. արձանագրված 1200 մլն մարդուց կրճատվել է 509,24 մլն մարդով և 2023թ. կազմել 690,76 մլն աղքատ մարդիկ[6] (օրական 2,15 դոլարի շեմին համապատասխան): Նման միտումներ դրսևորվել են նաև օրական 3,65 դոլարից պակաս սպառողների շրջանում: Սակայն, օրական 6,85 դոլարի շեմից ցածր սպառման մակարդակով մարդկանց թիվը նշյալ ժամանակահատվածում փոքր ինչ աճել է[7]: Ավելորդ չենք համարում այս համատեքստում հիշատակել մեր՝ ավելի վաղ հնչեցրած գնահատականը, որ «եթե 2017թ. աշխարհի բնակչության 9.2%-ը կամ 689 միլիոն մարդ աղքատության մեջ էր ապրում, ապա համավարակի (COVID-19, հեղ) ազդեցությամբ 2020թ. 71-ից մինչև 100 մլն մարդ ևս կհայտնվի ծայրահեղ աղքատության մեջ[8]»: 21-րդ դարում ձևավորվել է աղքատ մարդկանց մի ստվար խումբ, որոնց անվանում են «նոր աղքատներ»: «Նոր աղքատներ»-ն այն մարդիկ են, ովքեր աղքատության տիրույթում հայտնվեցին համավարակի ազդեցությամբ, մինչդեռ մինչհամավարակային զարգացումների տրամաբանությամբ նրանք գտնվելու էին աղքատության շրջանակներից դուրս»[9]: Ավելին, Համաշխարհային բանկի հրապարակումներում[10] նշվում է, որ հետկովիդյան ժամանակահատվածում «…աղքատության դեմ պայքարը կանգ է առել»[11]:

Կնշանակի` ծայրահեղ աղքատության հիմնախնդիրն աշխարհում դեռևս համաշխարհային տնտեսության գլոբալ հիմնախնդիրներից ամենաանհանգստացնողն է ու հրատապ լուծումներ պահանջողը: Հավելենք, որ հետկովիդյան ժամանակահատվածում համաշխարհային տնտեսության մեջ դանդաղել են նաև տնտեսական աճի տեմպերը: Այսպես, 2023թ. համաշխարհային տնտեսական աճը կազմել է 2,6%՝ 2022թ.  3,0%-ի համեմատ[12], իսկ 2024թ. համաշխարհային տնտեսական աճը ցուցաբերելու է է՛լ ավելի նվազման միտում, կանխատեսվում է 2,4%[13]:

Վերոնշյալ հարցադրումների շրջանակներում հետազոտության թեման խիստ արդիական է և պահանջում է հրատապ լուծումներ այն պարզ պատճառով, որ աղքատության հիմնախնդիրն իր սոցիալական աղետալի հետևանքներով հատկապես բազմաշերտ շղթայական դրսևորումնով է ներկայանում հատկապես զարգացող երկրներում:

Հայաստանի Հանրապետությունն անմասն չէ նման զարգացումներից:

Մեր կողմից կատարված հետազոտության հիմնական նպատակը ՀՀ–ում աղքատության մակարդակը բնութագրող ցուցանիշների և երկրում տնտեսական աճի միջև փոխառնչությունների վիճակագրական համալիր վերլուծությունն է[14] ու առկա հիմնախնդիրների բացահայտումը:

Հետազոտության նպատակից բխում եմ մի շարք խնդիրներ.

♦Հետազոտել վերջին մի քանի տարիների ընթացքում (2019-2022թ.թ.) ՀՀ-ում աղքատության մակարդակը բնութագրող ցուցանիշների շարժընթացը: (Տարիների ընտրությունը պայմանավորված է հետազոտվող ժամանակաշրջանում ցուցանիշների համադրելիությամբ):

♦Հետազոտել նույն ժամանակահատվածում ՀՀ տնտեսական աճի շարժընթացը և ներկայացնել տնտեսական աճի կառուցվածքային փոփոխությունների վրա ազդող հիմնական գործոնները,

♦Բացահայտել աղքատության մակարդակի և տնտեսական աճի միջև կորելացիոն կախվածությունները,

♦Բացահայտել աղքատության և տնտեսական աճի միջև փոխառնչություններում առկա հիմնախնդիրները և ներկայացնել դրանց լուծման հնարավորությունները:

Խնդրի լուծման նորույթը նրանում է, որ Հայաստանի Հանրապետությունում նշյալ տարիներին արձանագրվող տնտեսական աճի (բացառությամբ 2020թ.) և աղքատության ցուցանիշների միջև դրսևորվում են ո՛չ էական, ո՛չ ներառական կախվածություններ: Ուստիև, այս շրջանակներում իրականացվող հետազոտությունները կարող են այս կամ չափով իրատեսական դարձնել նման գլոբալ խնդրի լուծման թե՛ անհրաժեշտությունը, և թե՛ հնարավորությունները:

Հետազոտության տեսական և մեթոդաբանական հիմք են ծառայել հետազոտվող թեմայի շրջանակներում միջազգային կազմակերպությունների՝ Համաշխարհային բանկի[15], Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակումները[16], արտերկրի տնտեսագետների գիտական հրապարակումները[17]: Որպես տեղեկատվական հիմք օգտագործվել են ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տեղեկատվական զեկույցների, վիճակագրական ժողովածուների և տեղեկագրերի, միջազգային կազմակերպությունների պաշտոնական վիճակագրական հրապարակումները, ինչպես նաև ՀՀ օրենքներն ու այլ իրավական ակտեր: Հետազոտության  մեջ կիրառվել են վիճակագրական վերլուծության համալիր մեթոդներ, այն է` գրաֆիկական և աղյուսակային, բացարձակ, հարաբերական  ցուցանիշների, փոխկախվածությունների վերլուծության և կանխատեսման տարբեր մեթոդներ: ՀՀ-ում աղքատության վերաբերյալ որոշակի տվյալներ հրապարակում է ՀՀ  Վիճակագրական կոմիտեն իր՝ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը», ինչպես նաև «Պարենային ապահովությունը և աղքատությունը» զեկույցներում:

 

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՇԱՐԺԸՆԹԱՑԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ  2019-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

 

Տնտեսական աճը երկրի տնտեսական զարգացման, առաջընթացի կարևորագույն հենասյունն է: Այն միտված է երկրի բնակչության կենսամակարդակի  բարձրացմանը: Օրինաչափ է, որ վերջին տարիներին երկրի տնտեսական աճի տեմպերի դրական միտումները պայմանավորված են տնտեսական աճին նպաստող գործոնների կառուցվածքով: Այս խորապատկերին մեր կողմից ուսումնասիրվող ժամանակահատվածում (2019-2022թթ..) գերազանցապես ՀՀ տնտեսական աճը պայմանավորված է ներքին պահանջարկի ակտիվացմամբ, ինչի շնորհիվ էլ այն գեներացվում է երկրի տնտեսության ոչ արտահանելի ճյուղերում՝ շինարարություն, առևտուր, ծառայություններ: Ավելորդ չենք համարում նշել, որ նույն ժամանակահատվածում տնտեսական աճին գրեթե չեն նպաստել արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտները: Վերջիններս երկրի տնտեսության և ազգային տնտեսական անվտանգության երկարաժամկետ զարգացման տեսանկյունից հղի են բազում ռիսկերով, որոնցից թերևս ամենաանհանգստացնողը համարում ենք երկրի դիմակայունության նվազումը՝ պայմանավորված աղքատության դեռևս բարձր մակարդակի պահպանմամբ, տնտեսական աճի ո՛չ ներառականությամբ :

Հետկովիդյան ժամանակահատվածում ՀՀ տնտեսական աճը դրսևորել է աճի միտումներ, ավելին, 2022թ. նույնիսկ աննախադեպ տնտեսական աճ՝ համախառն ներքին արդյունքի ծավալի ինդեքսը նախորդ տարվա նկատմամբ աճել է 12,6%[18] -ով: Նշյալ  ժամանակահատվածի տնտեսական աճի առանձնահատկություններին և այն պայմանավորող գործոնների վերլուծությանը[19] բազմիցս ենք անդրադարձել մեր կողմից կատարված տարբեր հետազոտություններում[20]: Ներքոնշյալ գծապատկեր 1-ում առավել ընդգծված նկատելի է մեր կողմից ուսումնասիրվող ժամանակահատվածում ՀՆԱ-ի դինամիկան, բացառությամբ 2020թ.: Վերջինիս բացասական դրսևորումը գերազանցապես  օբյեկտիվ պատճառներով նկատվեց գրեթե ամբողջ համաշխարհային տնտեսության մեջ: Եվ այն հանգամանքը, որ հետկովիդյան ժամանակահատվածում ՀՆԱ ծավալներն աճել են, նույնիսկ 2022թ. կրկնակի աճ է գրանցվել նախորդ տարվա համեմատ, հարկ էր որ էական փոփոխություններ նկատվեին բնակչության կենսամակարդակում: Սակայն հաջորդիվ կնկատենք, որ այդ աճը ներառական չէ, ինչի մասին բազմիցս ենք նշել և հիմնավորել այն իրողությամբ, որ այն հիմնականում պայմանավորված էր արտաքին գործոններով` ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ռելոկանտների ակտիվ ներհոսքով, նաև առևտրի, ծառայությունների, դրամական փոխանցումների ծավալների էական աճով:

Գծապատկեր 1.  ՀՀ ՀՆԱ ծավալի ինդեքսը 2019-2022թ.թ.[21]

 

Ինչպես նկատում ենք գծապատկեր 1-ից` ուսումնասիրվող տարիներին ՀՀ ՀՆԱ ծավալի ինդեքսը ցուցաբերել է վերընթաց աճի միտում` բացառությամբ 2020թ.։ Նույնիսկ 2022թ. այն 2019թ. համեմատ աճել է գրեթե երկու անգամ, ինչն, իրո՛ք աննախադեպ էր և պարտավորեցնող: Ըստ տնտեսական գործունեության տեսակների խոշոր խմբավորումների (ՏԳՏԴ խմբ. 2)՝ 2022թ. տոկոսային արտահայտությամբ ՀՆԱ-ի նկատմամբ առաջատարը «Առևտուր և ծառայություններ»-ն են՝ 55,2%, որին հաջորդում է «Արդյունաբերություն, ներառյալ էներգետիկան» բաժինը՝ 18,8% մասնաբաժնով: Վերջինիս, ինչպես նշեցինք, նպաստել են «Տեղեկատվություն և կապ», «Ֆինանսական և ապահովագրական գործունեություն», «Առևտուր» ենթաոլորտները[22]:

2022թ. արձանագրված երկնիշ տնտեսական աճին նպաստել են նաև արտաքին տնտեսական կապերը: Արտառոց աճ է գրանցվել արտաքին առևտրաշրջանառության ոլորտում այն 2022թ. նախորդ ժամանակահատվածը գերազանցել է գրեթե 4 անգամ, ընդ որում, արտահանումն աճել է 77,7%-ով, իսկ ներմուծումը՝ 63,5%-ով, կամ կարող ենք արձանագրել, որ 2021թ. համեմատ 2022թ. արտահանումն աճել է 4 անգամ, գրեթե նույնքան էլ՝ ներմուծումը: Ընդ որում, արտաքին առևտրի աշխարհագրական և ապրանքային կառուցվածքի նույնիսկ հպանցիկ դիտարկումը փաստում է, որ 2022թ. հունվար-դեկտեմբերին նախորդ  տարվա  նույն ժամանակահատվածի համեմատ դեպի Ռուսաստանի Դաշնություն այն աճել է 45,0%-ով՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով գրեթե երկու անգամ, իսկ դեպի Եվրամիություն արտահանումն աճել է 14,4%-ով՝ նախորդ տարվա համեմատ գրանցելով գրեթե 1,5 անգամ նվազում: Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա ներմուծումն անհամեմատ կրճատվել է Ռուսաստանի Դաշնությունից 4,5 տոկոսային կետով և ավելացել Եվրամիությունից՝ 1 տոկոսային կետով: Անվերապահորեն կարող ենք արձանագրել, որ արտաքին առևտրի ապրանքային կառուցվածքը տևական ժամանակ է, ինչ  էական փոփոխությունների չի ենթարկվում[23]: Հիմնականում արտահանվում և ներմուծվում են սպառողական նշանակության ապրանքներ և ծառայություններ:

Ավելորդ չենք համարում նաև նշել, որ 2022թ. սպառողական գների համաթիվն ավելացել է 1,4 տոկոսային կետով՝ 2022թ. կազմելով 8,6%, գրեթե 1,5 անգամ գերազանցելով սահմանված սանդղակը: Սպառողական գների աճին նպաստել է պարենային ապրանքների (ներառյալ՝ ալկոհոլային խմիչք և ծխախոտ), ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գնաճը, համապատասխանաբար՝ 112,5%, 107,0% և 105,2%[24]: Այս հարթության մեջ միջին ամսական անվանական աշխատավարձի գրեթե կրկնակի աճն ամենևին չի վկայում բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացման մասին:

2023թ.  շարունակվում է ՀՀ 2022թ. տնտեսական աճի «հաղթարշավը[25]: Ինչպես վկայում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի (ՎԿ) հրապարակումները, 2023թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9,4%-ով[26]: Մեր կողմից ուսումնասիրվող ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4,1%-ով[27]: Անշուշտ, գոհացուցիչ ցուցանիշ չէ, երբ այն համեմատում ենք 2022թ. ցուցանիշի հետ: 2022թ. հունվար-դեկտեմբերին 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 7,9%-ով: Գրեթե երկու անգամ նկատելի է տնտեսության հենասյունը համարվող ոլորտն արտացոլող ցուցանիշի անկում: Ավելին, արդյունաբերության ոլորտում աճ են գրանցել վերամշակող արդյունաբերության այնպիսի ենթաոլորտներ, ինչպիսիք են սննդի, խմիչքներ և ծխախոտի արտադրությունները: Տնտեսական ակտիվության ապահովման հիմնական գործոնները ո՛չ միայն նշյալ ենթաոլորտներն են, այլ նաև  առևտրի շրջանառությունը (25,7%), շինարարության ոլորտը (14,8%): Գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 0,3% անկում[28], ինչը կարծում ենք դառնում է ՀՀ տնտեսական անվտանգության ապահովման ամենաթիրախային, ռիսկերով լեցուն ոլորտը: Նույն ժամանակահատվածում արտաքին առևտրաշրջանառության ծավալներն աճել են 46,0%-ով, ընդ որում արտահանումը՝ 55,3%-ով, իսկ ներմուծումը՝ 40,2%-ով:

Ինչ խոսք, 2022թ. արձանագրված ցուցանիշների համեմատ[29] 2023թ. «խելահեղ» ցուցանիշներ չեն արձանագրվել, այդուհնդերձ նման ծավալները հիմնականում շարունակում են պայմանավորված լինել վերաարտահանման գործարքներով: Այս համատեքստում արձանագրենք, որ 2023թ. հունվար-դեկտեմբերին «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքների արտահանումը 2022թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3,2 անգամ, իսկ ներմուծումը՝ 3,3 անգամ[30]:  Ավելին, ո՛չ իրատեսական են 2023թ. նոյեմբերին 2022թ. համեմատ ՀՀ-ում ոսկու և ադամանդի արտադրության և  արտահանման անսպասելի և ոչ իրատեսական ծավալները: Բանն այն է, որ այդ ծավալներն ավելացել են գրեթե 13,7 անգամ[31]: Հպանցիկ ուսումնասիրություններն անգամ վկայում են, որ ՀՀ-ում ոսկու և ադամանդի նման ծավալներ անհնար էր ապահովել թե՛ ներքին պահանջարկի և թե՛ տվյալ ոլորտի արտադրության ծավալների մեծացման հաշվին: Հայաստանը 2023 թվականի առաջին կիսամյակում ոսկու արտահանումն ավելացրել է գրեթե 2 անգամ՝ ապահովելով 4 966,7 կգ ծավալ, մաքսային արժեքի 2.9 անգամ աճով ՝ մինչև 280.7 մլն դոլար։ Ինչպես վկայում են ՀՀ մաքսային ծառայության տվյալները, արտահանման հիմնական ծավալը բաժին է ընկել ԱՄԷ-ի շուկային (84,2%): Մնացած մասնաբաժինը բաշխվել է Հնդկաստանի (9%), Հոնկոնգի (6,3%), ինչպես նաև Ռուսաստանի, Իտալիայի և Չեխիայի միջև ։ Ներմուծված ոսկու ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 5.8 անգամ' կազմելով 4 026,7 կգ, մաքսային արժեքի 6.4 անգամ ավելացման դեպքում' մինչև 245.3 մլն դոլար: Հայաստան ոսկի ներկրվում է հիմնականում Ռուսաստանից (95,9%), որին մեծ տարբերությամբ հաջորդում են ԱՄԷ-ն (2,7%): Շատ փոքր ծավալներ են մատակարարվել Շվեյցարիայից, Ավստրիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Թաիլանդից, Իտալիայից, Չինաստանից, Գերմանիայից[32] ։

Եզրահանգումն աներկբա է մակրոտնտեսական ցուցանիշների նման պատկերն իրականում իրատեսական և հուսադրող չէ այն պարզ պատճառով, որ նախորդ տարվա նման շարունակվում է արտաքին գործոնների հաշվին առաջընթացը, և ակնհայտորեն կարելի է եզրահանգել, որ այն ներառական չէ, ու չեն բացառվում «Սև կարապները[33]»:

Այսպիսով, տնտեսական աճը երկրի մակրոտնտեսական զարգացման,  տնտեսական առաջընթացի կարևորագույն հիմքն է: Այն միտված է նպաստելու երկրի բնակչության կենսամակարդակի  բարձրացմանը: Սակայն, այս տեսանկյունից  մեր կողմից ուսումնասիրվող ժամանակահատվածում ՀՀ տնտեսական աճը  գեներացվում է երկրի տնտեսության ոչ արտահանելի ճյուղերում՝ շինարարություն, առևտուր, ծառայություններ, ավելին՝ ռազմավարական զարգացման տեսանկյունից հետընթաց կամ աննշմար շարժընթաց են գրանցվում  արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում, ինչը զգալիորեն «սպառնում է» Հայաստանի դիմակայունության բարձրացմանը: Հատկապես երկարաժամկետ զարգացման տեսանկյունից արդյունաբերության ոլորտի դանդաղ, ո՛չ տեխնոլոգիատար  զարգացումները կարող են խարխլել ՀՀ ազգային մրցակցային առավելությունները պայմանավորող գործոնների համակարգը և զգալիորեն դանդաղեցնել  երկրի՝ համաշխարհային տեխնոլոգիական սահմանին մոտենալու հնարավորությունները[34]:

Այս տիրույթում բավական է միայն նշել այն իրողությունը, որ Հայաստանն աշխարհի 132 երկրների շարքում գլոբալ նորարարական համաթվով 72-րդ տեղում է՝ զիջելով Վրաստանին (62), Թուրքիային՝ (39), Ռուսաստանի Դաշնությանը՝ (51), և թերևս առաջ է Ադրբեջանից (89)[35], ինչը դեռևս չի արտացոլում մեր առավելությունների իրական պատկերը: Տնտեսական բարդության համաթվով (ECI), այսինքն՝ երկրի արտահանման կառուցվածում բարձր տեխնոլոգիական արտադրատեսակների մասնաբաժնով անչափ ցածր ցուցանիշ է գրանցվել[36]: 2021թ. Հայաստանն զբաղեցրել է 91-րդ հորիզոնականը, 2000թ. 35-րդ տեղի համեմատ, իսկ վերջին 5 տարիների ընթացքում 21 կետով ցուցանիշն անկում է գրանցել: Նման վիճակագրությունը փաստում է երկրի արտահանման կառուցվածքում բարդ ապրանքների արտահանման անչափ ցածր մասնաբաժնի և բնականաբար համաշխարհային շուկայում Հայաստանում արտադրվող ապրանքների ո՛չ մրցունակ լինելու մասին:

Նման մտահոգություններ կարող ենք արձանագրել նաև գյուղատնտեսության ոլորտի հետընթաց կամ աննշան զարգացումից, ինչը կարող է սպառնալիք համարվել պարենային ապահովման անվտանգային ռիսկերից ելնելով[37]:

Այս խորապատկերին անդրադառնանք ուսումնասիրվող ժամանակահատվածում ՀՀ-ում աղքատության հիմնախնդրին:

 

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ 2019-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

 

Բնակչության կենսամակարդակի գնահատման ամփոփ և իրատեսական քանակական ցուցանիշներ են տվյալ երկրում աղքատությունը բնութագրող ցուցանիշների համակարգը: Աղքատության մակարդակն արտահայտվում է բնակչության դրամական եկամուտների, սպառման կառուցվածքի, պարենային անվտանգության, կրթության, մշակույթի, առողջապահության և ծառայությունների մատուցման այլ համակարգերի ծառայություններից օգտվելու համապատասխան ցուցանիշներում:

2019 թվականից Հայաստանում Համաշխարհային բանկի խորհրդատվությամբ փոխվել է աղքատության չափման մեթոդաբանությունը[38], որի հիմքում սպառումն է: Նոր մեթոդաբանությանն համապատասխան սահմանվել են աղքատության վերին,  միջին, ստորին  և պարենային/ծայրահեղ աղքատության գիծ։

2019-2021թ.թ. աղքատության հիմնախնդրի վերլուծությանն անդրադարձել ենք[39] և հանգել այն եզրահանգման, որ աղքատության հիմնախնդիրը դեռևս խիստ անհանգստացնող է և բազում տնտեսական ու սոցիալական ռիսկեր է պարունակում: 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 26,4%, այսինքն ՀՀ յուրաքանչյուր չորրորդ բնակիչն աղքատ է եղել: Ընդ որում, նշենք, որ 2019թ. Հայաստանում գրանցվել է համեմատաբար բարձր տնտեսական աճ, այն է՝ 7,6%, որը 2018թ. համապատասխան ցուցանիշը գերազանցել է 2,4 տոկոսային կետով: Սպառողական գների ինդեքսը (այսուհետ՝ ՍԳԻ) գտնվել է թույլատրելիության սահմաններում, այն 2018թ. նկատմամբ աճել է 1,4%-ով:

Արդեն իսկ 2019թ. մակրոտնտեսական ցուցանիշների հպանցիկ դիտարկումը թույլ է տալիս եզրահանգել, որ ոչ ներառական տնտեսական աճը և հատկապես մակրոտնտեսական միջավայրի բացասական դրսևորումները 2019թ. համար կանխորոշեցին աղքատության մակարդակի բացասական միտումները: Հաջորդ տարիներին, մասնավորապես 2020թ., աղքատության մակարդակը գնահատվել է 27%, որը 0,6 տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա 26,4%-ից: Ընդ որում, 2020թ. պարենային /ծայրահեղ աղքատությունը կազմել է 0,7%, աղքատությունն ըստ ստորին գծի կազմել է 9,7%, աղքատությունն ըստ վերին գծի՝ 47,6%:

2019թ. նկատմամբ վերջին 3 ցուցանիշները գրանցել են և´ բացասական, և´ դրական դինամիկա: Այսպես, նախորդ տարվա համեմատ 2020թ. նվազել է ծայրահեղ աղքատությունը 0,7%-ով, նվազել է նաև աղքատությունն ըստ ստորին գծի՝ 0,5%-ով, և ավելացել է աղքատությունն ըստ վերին գծի՝ 3,8%-ով: Վերջինս վկայում է այն մասին, որ Հայաստանի բնակչության 47,6%-ի սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել ամսական 53641 դրամից[40]:

Իրատեսորեն, եթե պարզապես արձանագրենք այն իրողությունը, որ նշյալ ժամանակահատվածում բարձրացել են էլեկտրաէներգիայի, ջրի և գազի գները, ապա կարծում ենք՝ ակնհայտ է այն անմխիթար վիճակը, որում հայտնվել է Հայաստանի յուրաքանչյուր երկրորդ բնակիչը: Ավելին, համավարակի շարունակականությունը, աշխարհում իշխող անորոշությունը, բացասական սպասումները, ապրանքների համաշխարհային գների աճը և այլ գործոններ պարարտ հող ստեղծեցին աննախադեպ գնաճի համար: Եվ ոչ պատահականորեն 2020թ. հունվար-դեկտեմբերի նկատմամբ 2021թ. հունվար-դեկտեմբերին այն աճեց 7,2%-ով, ինչը, կարծում ենք, լուրջ սպառնալիք էր աղքատության հետագա խորացման տիրույթում:

Նորացված մեթոդաբանությամբ ՀՀ ՎԿ-ը հաշվարկել է միայն 2017-2020թթ. աղքատության մակարդակը: Այդ գնահատման համաձայն՝ նշյալ տարիներին ոչ աղքատ բնակչության թվաքանակը կրճատվել է 0,1%-ով։ Եթե 2017թ. այն կազմել է երկրի բնակչության 52,5%-ը, ապա 2020թ.՝ 52,4%-ը: Կարող ենք արձանագրել, որ այդ ժամանակահատվածում 0,1%-ով ավելացել է աղքատ բնակչության թվաքանակն ըստ աղքատության վերին գծի: Սակայն մինչ համավարակը ոչ աղքատ բնակչության մասնաբաժինն ընդհանուր բնակչության մեջ դրսևորել է աճի միտումներ. այսպես, նախորդ տարվա համեմատությամբ 2018թայն աճել է 2,1%-ով, իսկ վերջինսի հետ համեմատությամբ 2019թ.՝ 1,6%-ով: Սակայն COVID-19 համավարակի ազդեցությամբ 2019թ. համեմատությամբ 2020թ. ոչ աղքատ բնակչությունը նվազել է 3,8%-ով: Գրեթե աննշան փոփոխություններ է կրել աղքատության վերին գիծը այն 2017թ. համեմատությամբ 2020թ. ավելացել է 0,1%-ով: Նույն շրջանակներում 1,3%-ով նվազել է աղքատության ստորին գծում գտնվող բնակչության թվաքանակը, թերևս գերազանցապես պայմանավորված 2020թ. ընթացքում ՀՀ Կառավարության կողմից իրականացված մի շարք սոցիալական ծրագրերի ազդեցությամբ: 2021թ. աղքատության մակարդակն՝ ըստ աղքատության միջին գծի կազմել է 26.5%, որից ծայրահեղ աղքատությունը՝ 1,5%, իսկ 2019թ. և 2020թ. նույն ցուցանիշն, ինչպես արդեն նշեցինք, կազմել է համապատասխանաբար 26,4% և 27%, որից ծայրահեղ աղքատությունն ուսումնասիրվող տարիներին համապատասխանաբար կազմել է 1,4% և 0,7%, (տես՝ գծապատկեր 2):

Գծապատկեր 2-ի վիճակագրությունից ակնհայտորեն հետևում է, որ Հայաստանում աղքատության մակարդակը 2022թ. նախորդ տարվա համեմատ նվազել է 1.7 տոկոսային կետով[41]։ 2022 թ. աղքատության մակարդակն ըստ աղքատության միջին գծի կազմել է 24.8%, որից ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 1,2%-ը։ Մինչդեռ, դրական պետք է գնահատել այն հանգամանքը, որ 2022թ. ծայրահեղ աղքատության ցուցանիշն ըստ ՀՀ ՎԿ-ի հրապարակած տվյալների 2021թ համեմատ նվազել է 0,3%-ով, իսկ 2019թ. համեմատ՝ 0,2%-ով:

Սակայն նշենք, որ ծայրահեղ աղքատ, նշանակում է[42] թերսնված մարդիկ, որոնց սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից, այսինքն՝ սննդի բավարար սպառում ապահովող անհրաժեշտ նվազագույն ծախսից։ Համաձայն նշյալ մեթոդաբանությամբ հաշվարկված վիճակագրության՝ 2022թ. Հայաստանում այն քաղաքացին, ում ամսական ընդհանուր ծախսը ցածր է 52,883 դրամից[43] (իսկ 2021թ․ արձանագրված ծախսը ամսական 48,145 դրամից ցածր է) աղքատության միջին գծում է։

2022թ. աղքատության գծերի հաշվարկման ամսական սպառման ցուցանիշները փոփոխվել են։ Եթե 2021-ին աղքատության պարենային կամ ծայրահեղ աղքատության գծում դիտարկվել են այն քաղաքացիները, որոնց ամսական սպառումը ցածր է եղել 26,500 դրամից, ապա 2022-ին այն հաշվարկվել է 29,934 դրամից ցածր սպառման պարագայում։ 2021թ. աղքատության ստորին գծում են ՀՀ բնակչության այն քաղաքացիները, որոնց ամսական սպառումը 38,548 դրամից ցածր է եղել, իսկ 2022թ.՝ 42,708 դրամից ցածրի դեպքում։  Աղքատության վերին գծում 2021թ. դիտարկվել է ամսական 57,744 դրամից ցածր սպառումը, 2022թ.՝ 63,060 դրամից ցածր սպառումը։  Աղքատության միջին գծի հաշվարկումը 2021թ.  48,145 դրամից ցածր սպառումն է եղել, 2022թ՝ 52,883 դրամից ցածրը։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2022թ ՀՀ բնակչության 11,6%-ը գտնվել է աղքատության ստորին գծում, այսինքն բնակչության 11,6%-ը ամսական սպառել է 42,708 դրամից քիչ, 2021-ին այս ցուցանիշը կազմել է 105%։ 2022թ. ՀՀ-ում բնակչության 41,3%-ը գտնվել է աղքատության վերին գծում՝ ամսական 63,060 դրամից ցածր սպառում է ունեցել, իսկ 2021թ. նշյալ ցուցանիշը կազմել է 45,7%։

Գծապատկեր 2. Աղքատության մակարդակն արտահայտող ցուցանիշները 2019-2022թ.թ. ընթացքում [44]

 

ՀՀ ՎԿ հրապարակումներին համապատասխան ներայացնենք աղքատությունն արտահայտող հիմնական ցուցանիշների փոփոխությունները 2019-2022թ.թ. ընթացքում և նույն ժամանակահատվածում տնտեսական աճի շարժընթացի հետ փոխառնչությունները և փորձենք բացահայտել որոշ հիմնախնդիրներ (Տես՝ աղյուսակ 1):

Աղյուսակ 1.

Տնային տնտեսությունների եկամուտները, ծախսերը և սպառումը ՀՀ-ում 2019-2022թ.թ.[45]

 

2019

2020

2021

2022

1.Դրամական եկամուտները բնակչության 1 շնչի հաշվով, դրամ,

61076

 

71182

76058

74021

2.Դրամական եկամուտները բնակչության 1 շնչի հաշվով, %-ով նախորդ տարվա նկատմամբ

1

1,2

1,1

1

3. Սպառողական ծախսերը բնակչության 1 շնչի հաշվով, դրամ

47324

46803

49999

52679

4. Սպառողական ծախսերը բնակչության 1 շնչի հաշվով, %-ով նախորդ տարվա նկատմամբ

1,3

1

1,1

1,1

5. Ծայրահեղ աղքատությունն ըստ աղքատության պարենային գծի, %,

1,4

0,7

1,5

1,2

6.Աղքատությունն ըստ վերին գծի, %,

43,8

47,6

45,7

41,3

7.Աղքատությունն ըստ ստորին գծի, %,

10,2

9,7

10,5

11,6

8. Աղքատության միջին գիծը, %,

26,4

27

26,5

24,8

9. Աղքատության խորությունը, %

10,1

4,7

4,8

4,7

10.Աղքատության սրությունը, %

3,4

1,3

1,4

1,3

11. Ջինի գործակիցը՝ ըստ սպառման

0,279

0,221

0,232

0,239

12. Ջինի գործակիցը՝ ըստ եկամտի

0,381

0,363

0,364

0,352

13. Իրական միջին աշխատավարձը, %-ով նախորդ տարվա նկատմամբ

5,8

3,9

7,6

15,5

14. ՀՆԱ աճի տեմպը, %

7,6

-7,2

5,8

12,6

 

Թերևս, վերոնշյալ հարցադրումների շրջանակներում ամենավճռորոշ ցուցանիշը բնակչության դրամական եկամուտներն են (տես՝ գծապատկեր 3):

Գծապատկեր 3. Դրամական եկամուտները՝ բնակչության 1 շնչի հաշվով(դրամ) և %-ով՝ նախորդ տարվա նիկատմամբ [46]

 

Ինչպես տեսնում ենք գծապատկեր 3-ից՝ ուսումնասիրվող ժամանակահատվածում դրամական եկամուտները ՀՀ բնակչության մեկ շնչի հաշվով դրսևորել են աննշան փոփոխություններ: Այսպես, 2020թ. և 2021թ. բնակչության մեկ շնչի հաշվով դրամական եկամուտները նախորդ տարվա համեմատ գրանցել են դրական միտումներ՝ համապատասխանաբար աճելով 0,2%-ով և 0,1%-ով:  2022թ. նշյալ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 0,1%ով, իսկ 2020թ. և 2021թ. համեմատ՝ համապատասխանաբար 0,2%-ով և 0,1%-ով, արձանագրելով 2019թ. ցուցանիշը: Նաև, եթե նկատի ունենանք այն փաստը, որ 2022թ. հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների համաթիվն աճել է 8,6%[47]-ով, ապա վստահաբար կարելի է արձանագրել, որ ՀՀ յուրաքանչյուր բնակչի կենսամակարդակը գրանցել է էական անկում՝ տնօրիվող եկամտի օգտագործման տեսանկյունից:

Վերոնշյալ դիտարկումն առավել համոզիչ և իրատեսական է ներկայանում, երբ ուսումնասիրում ենք հետազոտվող ժամանակահատվածում ՀՀ բնակչության մեկ շնչի հաշվով սպառողական ծախսերը (տես՝ գծապատկեր 4): Այսպես, 2019-2022թթ. ընթացքում բնակչության մեկ շնչի հաշվով սպառողական ծախսերը նույնպես էական փոփոխություններ չեն կրել: 2021-2022թթ. ընթացքում նախորդ տարվա համեմատ դրանք աճել են 0,1%-ով, կամ համապատասխանաբար 3196 դրամով և 2680 դրամով: Օրինաչափորեն բնակչության մեկ շնչի հաշվով սպառողական ծախսերը կրճատվել են համավարակի տարում՝ 2020թ. նախորդ տարվա համեմատ նվազելով 0,3%-ով կամ 521դրամով:

Այս խորապատկերին, երբ դիտարկում ենք ՀՀ-ում տնային տնտեսությունների սպառման ծախսերի կառուցվածքը, առավել պատկերավոր է երևում նշյալ տարիներին Հայաստանի բնակչության կենսամակարդակի զգալի անկումը: Մասնավորապես նշենք, որ տնային տնտեսությունների անվանական սպառողական ծախսերի կառուցվածքում (միջին ամսական) 2022թ. ամենաբարձր մասնաբաժինն ունեցել է գնված սննդամթերքը՝ 39,6%, ինչը 5,6%-ով ավելի է 2019թ. ցուցանիշից: Եթե հավելենք, որ նշյալ ցուցանիշում նույն ժամանակահտվածում նվազել է ոչ պարենային ապրանքների և ծառայություններից օգտվելու ցուցանիշները, համապատասխանաբար 4,1%-ով և 3%-ով, ապա միանգամայն տեսանելի է բնակչության կիենսամակարդակի խղճուկ վիճակը հանրապետությունում:

Գծապատկեր 4. Սպառողական ծախսերը՝ բնակչության 1 շնչի հաշվով(դրամ) և %-ով՝ նախորդ տարվա նիկատմամբ[48]

 

Հետազոտվող տարիներին առավել պատկերավոր և իրատեսական եզրահանգումների հնարավորություն է ընձեռում այն տեղեկատվությունը, որը վերաբերում է Ջինի գործակցին՝ ըստ սպառման և ըստ եկամուտների (տես՝ գծապատկեր 5): 2019-2022թթ. ընթացքում Ջինի գործակիցն ըստ սպառման ցուցաբերել է նվազման միտում այն 2022թ. կազմել է 0,239՝ նվազելով 2019թ. համապատասխան ցուցանիշից 0,04 կետով: Անշուշտ, երևույթը պետք է գնահատել դրական: Ինչ վերաբերում է Ջինի գործակցին ըստ եկամտի, ապա նշենք, որ այն 2022թ. կազմել է 0,352՝ նվազելով 2019թ. համապատասխան ցուցանիշից 0,029 կետով: Կարող ենք եզրահանգել, որ ՀՀ բնակչության միջև ուսումնասիրվող տարիներին մասամբ նվազել է եկամուտների անհավասարաչափ բաշխման միջև անհավասարությունը:

 

Գծապատկեր 5. Ջինի գործակիցն ըստ սպառման և ըստ եկամուտների, 2019-2022թ.թ.[49]

 

Սակայն, բնակչության դրամական եկամուտներն ըստ քվինտիլային խմբերի վերլուծելիս նկատում ենք, որ նվազագույն եկամտով առաջին 20 տոկոս բնակչության դրամական եկամուտները 2022թ. գրեթե յոթ անգամ զիջել են առավելագույն եկամուտներով բնակչության 20 տոկոսի եկամուտներին (տես՝ գծապատկեր 6): Չնայած այս ժամանակահատվածում իրական աշխատավարձի ինդեքսը ցուցաբերել է աճի միտումայն 2019թ. համեմատ 2022թ. աճել է գրեթե 1,5 անգամ: Սակայն, իրական աշխատավարձի ինդեքսը ո՛չ այնքան իրատեսորեն է արտացոլում իրավիճակն այն պարզ պատճառով, որ դրա հաշվարկման հիմքում նաև պարգևավճարներն են, աշխատավարձի մակարդակների միջև շոշափելի տարբերությունները տնտեսության տարբեր ոլորտներում, օրինակ՝ սննդի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների միջև:

Գծապատկեր 6. ՀՀ բնակչության դրամական եկամուտներն ըստ քվինտիլային խմբերի, %-ով, 2019-2022թթ.[50]

 

Այսպիսով, ինչպիսի՞ն են 2019-2022թ.թ. ընթացքում ՀՀ տնտեսական աճի և աղքատության մակարդակն արտացոլող ցուցանիշների միջև փոխառնչությունները (տես՝ գծապատկեր 7): 

ՀՀ պաշտոնական վիճակագրության հպանցիկ դիտարկումն իսկ վկայում է, որ գրեթե համամասնություններ չկան բնակչության կենսամակարդակն արտացոլող նշյալ ցուցանիշների միջև: Հետազոտվող տարիներին տնտեսական աճի գրեթե կրկնապատկումը չի ստեղծել արժանապատիվ ապրելու համար կենսապայմաններ: Միայն այն հանգամանքը, որ տարիներ շարունակ ՀՀ բնակչության գրեթե յուրաքանչյուր չորրորդ քաղաքացին գտնվել է աղքատության միջին մակարդակում, արդեն իսկ վկայում է պարենային և ոչ պարենային ապրանքների անբավարար սպառման մասին:

Ասվածի հավաստիացումն են աղքատության խորությունն ու աղքատության սրությունը արտահայտող պաշտոնական ցուցանիշները: Ինչպես գիտենք, աղքատության խորությունը հաշվարկվում է աղքատ բնակչության հաշվով և ցույց է տալիս աղքատության պակասուրդը, այսինքն՝ թե որքանո՞վ է աղքատների միջին սպառումը ցածր աղքատության գծից[51]: Իհարկե, դա գրեթե կրկնակի կրճատվել է 2019-2022թթ. ընթացքում (2019թ. 10,1%-ից նվազել է 4,7%՝ 2022թ.): Այդուհանդերձ, ինչպես արդեն նշեցինք, ըստ Ջինի գործակցի այն նվազել է ընդամենը 0,3կետով:

Գծապատկեր 7. ՀՆԱ-ի աճի տեմպը և աղքատության միջին մակարդակը Հայաստանում 2019-2022թ.թ, տոկոսներով[52]

 

Հավելենք, որ բնակչության մեկ շնչի հաշվով սպառողական ծախսերն ավելացել են ընդամենը 5355 դրամով, ինչը 2022թ. գնաճի բարձր մակարդակի պայմաններում կազմում է 8.6%[53] տարեվերջին, և դա առոչինչ է: Իսկ աղքատության սրությունն արտացոլում է աղքատների միջև եղած սպառման անհավասարությունը: Այն արտացոլում է այն փաստը, որ որոշ աղքատների սպառումը շատ է հեռու աղքատության գծից, իսկ որոշ աղքատներինը՝ շատ մոտ:

Անդրադառնալով գծապատկեր 7-ին, արձանագրենք, որ հետազոտվող ժամանակահատվածում տնտեսական աճին զուգընթաց աղքատության մակարդակը դրսևորել է ոչ համաչափ փոփոխություններ: Եթե, ինչպես արդեն նշեցինք, ՀՆԱ ծավալի ինդեքսը, օրինակ, 2022թ. նախորդ տարվա համեմատ աճել է 6,8%-ով, ապա նույն ժամանակահատվածում աղքատության մակարդակը կրճատվել է 1,7%-ով: Ավելին, նույն ցուցանիշները 2019թ. համեմատ կազմել են համապատասխանաբար 5% և -1,6%:

Միանգամայն նկատելի է, որ սույն հետազոտությունների արդյունքում տնտեսական աճի և աղքատության միջև փոխառնչություններն համաչափ և ներդաշնակ չեն: Այն, որ տնտեսական ակտիվությունը ոլորտային է, տվյալ պարագայում այն շոշափելի աճ է գրանցել մեծածախ, մանրածախ առևտրի, ոչ ներառական ծառայությունների մատուցման, շինարարության ոլորտներում, ակնհայտ է: 

Ուստի և օրինաչափորեն, ևս մեկ անգամ արձանագրենք, որ ուսումնասիրվող ժամանակահատվածում ՀՀ-ում տնտեսական աճը ո՛չ ներառական է և այն գրեթե չի նպաստել բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, առավել ևս՝ աղքատության մակարդակի նվազմանը:

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

Այսպիսով, աներկբա է, որ տնտեսական աճը երկրի տնտեսական զարգացման, առաջընթացի կարևորագույն հենասյունն է, ինչն էլ երկրի բնակչության կենսամակարդակի բարձրացման գրավականն է:

ՀՀ-ում վերջին տարիներին երկրի տնտեսական աճի տեմպերի դրական միտումները պայմանավորված են տնտեսական աճին նպաստող գործոնների կառուցվածքով, մասնավորապես՝ արտաքին գործոնների ազդեցությամբ ներքին պահանջարկի ակտիվացմամբ, ոչ արտահանելի ճյուղերում՝ շինարարություն, առևտուր, ծառայությունների արժեքների գեներացմամբ:

Ավելորդ չենք համարում նշել, որ հետազոտվող ժամանակահատվածում տնտեսական աճին գրեթե չեն նպաստել արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտները:

Մինչդեռ, վերջինս երկրի տնտեսության և ազգային տնտեսական անվտանգության երկարաժամկետ զարգացման տեսանկյունից հղի է բազում ռիսկերով, որոնցից թերևս ամենաանհանգստացնողը համարում ենք երկրի դիմակայունության նվազումը՝ պայմանավորված աղքատության դեռևս բարձր մակարդակի պահպանմամբ, տնտեսական աճի ո՛չ ներառականությամբ:

Ինչպես վկայում են աղքատության մակարդակը բնութագրող ցուցանիշների և երկրում տնտեսական աճի միջև փոխառնչությունների վիճակագրական համալիր վերլուծության արդյունքները, Հայաստանում դեռևս աղքատության մակարդակն անհանգստացնող է և համակարգային լուծումների անհրաժեշտություն է պահանջում:

Մասնավորապես, նոր աշխատատեղերի ստեղծմամբ, փոքր և միջին բիզնեսի խթանման և ներդրումային միջավայրի բարելավման շնորհիվ կձևավորվեն աղքատության մակարդակի նվազեցման իրատեսական հիմքեր:

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ


[1]  La Banque mondiale; «2023 en neuf graphiques : les inégalités se creusent dans le monde»

https://www.banquemondiale.org/fr/news/feature/2023/12/18/2023-in-nine-charts-a-growing-inequality

[2] Data on Poverty in the United States, Աղքատության մասին տվյալներ ԱՄՆ-ում, https://www.americanprogress.org/data-view/poverty-data/

[4] Եվրամիությունում աղքատության մակարդակի հաշվարկման մեթոդաբանությունը հենվում է երեք ցուցանիշների վրա՝ դրամական աղքատություն, նյութական ռիսկեր, ցածր աշխատանքային ինտենսիվություն:

[5] Տես՝ Ջ.Թադևոսյան, հոդված, «Նոր աղքատնե՞ր 21-րդ դարում. ի՞նչ է սպասվում», https://regst.wordpress.com/2022/03/31/inch_e_spasvum/

[6] La Banque mondiale; «2023 en neuf graphiques : les inégalités se creusent dans le monde»

,https://www.banquemondiale.org/fr/news/feature/2023/12/18/2023-in-nine-charts-a-growing-inequality

[7] Տես՝ նույն տեղում

[8] Ջ.Թադևոսյան, «Նոր աղքատնե՞ր 21-րդ դարում..ի՞նչ է սպասվում», հոդված, https://regst.wordpress.com/2022/03/31/inch_e_spasvum/

[9] Տես՝ նույն տեղում։

[10]  WB, 2023 en neuf graphiques : les inégalités se creusent dans le monde, 2023, L’année en données, 2023 թվականը ինը գծապատկերներում. անհավասարություններն աճում են ամբողջ աշխարհում, https://www.banquemondiale.org/fr/news/feature/2023/12/18/2023-in-nine-charts-a-growing-inequality

[11] Տես՝ նույն տեղում։

[12] WB, JANUARY 2024 Global Economic Prospects, Global Economic Prospects -- January 2024 (worldbank.org)

[13] Տես՝ նույն տեղում։

[14] 2019թ. Համաշխարհային բանկի աջակցությամբ Հայաստանում փոխվել է աղքատության մակարդակը բնութագրող ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանությունը և այս տեսանկյունից 2019-2022թ.թ. ուսումնասիրվող ցուցանիշներն համադրելի են ու առավել իրատեսական եզրհանգումների հնարավորություն են ընձեռում:

[15] World Bank, January 2024 Global Economic Prospects, Global Economic Prospects -- January 2024 (worldbank.org)

[16] International Monetary Fund, https://www.imf.org/fr/Home

[17] Pierre-Olivier Gourinchas, L’économie mondiale amorce un atterrissage en douceur, mais des risques persistent, https://www.imf.org/fr/Blogs/Articles/2024/01/30/global-economy-approaches-soft-landing-but-risks-remain

[18] ՀՀ ՎԿ, Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2023թ.Ազգային հաշիվների համակարգ,  https://armstat.am/file/doc/99541093.pdf

[19] Ջ.Թադևոսյան, հոդված, «Հայկական «տնտեսական հրաշքը» 2022թ. և հնարավոր ռիսկերը», https://regst.wordpress.com/2023/04/01/tntesakan_hrashq/

[20] Ջ.Թադևոսյան, Հայաստանյան այս աշունն այնքան էլ խոստումնալից չէ, https://www.1in.am/3038059.html?

[21] ՀՀ ՎԿ, ԱՐՄՍՏԱՏ, Հրապարակումներ , Տարեգիրք 2023, https://armstat.am/file/doc/99541093.pdf

[22] ՀՀ ՎԿ, Հրապարակումներ, ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2023թ. հունվարինhttps://armstat.am/file/article/sv_01_23a_112.pdf

[23] Առավել մանրամասն տե՛ս Ջ. Թադևոսյան, հոդված, «Հայկական «տնտեսական հրաշքը» 2022թ. և հնարավոր ռիսկերը», https://regst.wordpress.com/2023/04/01/tntesakan_hrashq/

[24] ՀՀ ՎԿ (ԱՐՄՍՏԱՏ), Հրապարակումներ, Պարենային ապահովություն և աղքատությունը, 2023թ. հունվար-դեկտեմբեր,   Սոցիալ-տնտեսական    վիճակ,

 https://armstat.am/file/article/f_sec_4_2022_1.pdf

[25] Ջ. Ա. Թադևոսյան ,հոդված, Հայկական «տնտեսական հրաշքը» 2022թ. և հնարավոր ռիսկերը, https://www.1in.am/3249589.html

[26] ՀՀ ՎԿ, ԱՐՄՍՏԱՏ, Հրապարակումներ, ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2023թ.հունվար-դեկտեմբերին, ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ, https://armstat.am/file/article/sv_12_23a_03.pdf

[27] Տես՝ նույն տեղում

[28] ՀՀ ՎԿ, ԱՐՄՍՏԱՏ, Հրապարակումներ, ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2023թ.հունվար-դեկտեմբերին, ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ, https://armstat.am/file/article/sv_12_23a_03.pdf

[29] Տես՝ նույն տեղում։

[30] Տես՝ նույն տեղում։

[32]ԱՐՄԻՆՖՈ  լրատվական գործակալություն, 12 հոկտեմբեր, 2023թ. https://finport.am/full_news.php?id=49010&lang=1

[33] Նասիմ Թալեբ, «Սև կարապներ»,

[34] Համաշխարհային տեխնոլոգիական սահմանը ՝ արհեստական բանականությունն է, իրերի համացանցը, ռոբոտաշինությունը և այլն:

[36] HARVARD Growth LAB, Հարվարդի տնտեսական աճի ուսումնասիրության լաբորատորիա, https://atlas.cid.harvard.edu/rankings

[37] Ջ. Ա. Թադևոսյան, հոդված, ՀՀ պարենային անվտանգության ապահովման որոշ խնդիրների շուրջ, Հայկական բանակ, ԱՀՌԻՀ հանդես, 1 (87) 2016, էջ 78-84,

[38] ՀՀ ՎԿ, ԱՐՄՍՏԱՏ, Հրապարակուներ, Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2020

https://www.armstat.am/file/article/poverty_2020_a_2..pdf

[39] Տես՝ Ջ.Թադևոսյան, Աղքատության հիմնախնդրի նորովի դրսևորումն աշխարհում և Հայաստանում, ՀԱՊՀ,  Լրաբեր, Գիտական հոդվածների ժողովածու, Մաս 2, Երևան, 2023, Էջ 556-571

[40] ՀՀ ՎԿ, ԱՐՄՍՏԱՏ, Հրապարակումներ, Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2021, https://www.armstat.am/file/article/poverty_2021_a_2..pdf, ՀՀ ՎԿ, ԱՐՄՍՏԱՏ, Հրապարակումներ,

[41] ՀՀ ՎԿ, Հրապարակումներ,Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2023

https://www.armstat.am/file/article/poverty_2023_a_2.pdf,

[42] Տես՝ նույն տեղում։

[43] Տես՝ նույն տեղում։

[44] ՀՀ ՎԿ, ԱՐՄՍՏԱՏ, Հրապարակումներ, Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2020, https://www.armstat.am/file/article/poverty_2020_a_2..pdf, ՀՀ ՎԿ, ԱՐՄՍՏԱՏ, Հրապարակումներ, Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2021, https://www.armstat.am/file/article/poverty_2021_a_2..pdf, ՀՀ ՎԿ, ԱՐՄՍՏԱՏ, Հրապարակումներ, Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2022, https://www.armstat.am/file/article/poverty_2022_a_2..pdf,  ՀՀ ՎԿ, ԱՐՄՍՏԱՏ, Հրապարակումներ, Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2023, https://www.armstat.am/file/article/poverty_2023_a_2.pdf

* Աղյուսակը կազմվել է հեղինակի կողմից

[45] ՀՀ ՎԿ, ԱՐՄՍՏԱՏ, Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2023, Կենսամակարդակ, https://armstat.am/file/doc/99541058.pdf

[46] ՀՀ ՎԿ, ԱՐՄՍՏԱՏ, Հրապարակումներ, Տարեգիրք 2023, https://armstat.am/file/doc/99541058.pdf

[47] ՀՀ ՎԿ, ԱՐՄՍՏԱՏ, Հրապարակումներ, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2022 թվականի հունվար-դեկտեմբերին

 sv_12_22a_03 (armstat.am)

[48] [48] ՀՀ ՎԿ, ԱՐՄՍՏԱՏ, Հրապարակումներ, Տարեգիրք 2023, https://armstat.am/file/doc/99541058.pdf

[49] ՀՀ ՎԿ, ԱՐՄՍՏԱՏ, Հրապարակումներ, Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2023, 2022, 2021, 2020,  https://armstat.am/file/article/poverty_2023_a_2.pdf, https://armstat.am/file/article/poverty_2020_a_2..pdf, https://armstat.am/file/article/poverty_2022_a_2..pdf, https://armstat.am/file/article/poverty_2021_a_2..pdf

[50] ՀՀ ՎԿ, ԱՐՄՍՏԱՏ, Հրապարակումներ, Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2023, 2022, 2021, 2020,  https://armstat.am/file/article/poverty_2023_a_2.pdf, https://armstat.am/file/article/poverty_2020_a_2..pdf, https://armstat.am/file/article/poverty_2022_a_2..pdf, https://armstat.am/file/article/poverty_2021_a_2..pdf

[51] ՀՀ ՎԿ, ԱՐՄՍՏԱՏ, Հրապարակումներ, Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2022  https://armstat.am/file/article/poverty_2023_a_2.pdf

[52] ՀՀ ԱՐՄՍՏԱՏ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ  ՏԱՐԵԳԻՐՔ 2023, Ազգային հաշիվների համակարգ, https://armstat.am/file/doc/99541093.pdf, Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2023, 2022, 2021,2020, https://armstat.am/file/article/poverty_2023_a_2.pdf, https://armstat.am/file/article/poverty_2020_a_2..pdf, https://armstat.am/file/article/poverty_2022_a_2..pdf, https://armstat.am/file/article/poverty_2021_a_2..pdf

[53] ՀՀ ՎԿ, ԱՐՄՍՏԱՏ, Հրապարակումներ, ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2022թ.հունվար-դեկտեմբերին, Մակրոտնտեսական ցուցանիշներ, sv_12_22a_03 (armstat.am)

Փորձագետ (ներ)

Ջուլիետա Թադևոսյան