Միջազգային ԵՎ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
14 սպտ 2024 3108

 

ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ

 

◊ Ընդհանուր պատկերը. ջրի խնդիր Ադրբեջանում առկա է, սակայն այդ խնդիրն ուռճացված է Ալիևի վարչակազմի կողմից՝ Հայաստանի ու Արցախի նկատմամբ ագրեսիան արդարացնելու նպատակով:

 

◊ Իրական խնդիրը. բարձիթողի վիճակ, ապօրինի ջրօգտագործում, պատասխանատու կառույցների անարդյունավետ աշխատանք, հին ենթակառուցվածքներ, ներդրումային միջոցների վատնում, ջրային պաշարների նկատմամբ ադրբեջանցի օլիգարխների մենաշնորհ, ինչպես նաև՝ կլիմայի փոփոխություն:

 

◊ Գետերի ցամաքեցման պատճառներ. ջրի բավարար պաշար Ադրբեջանը, փաստացի, ունի, սակայն այն միտումնավոր չի հասնում բնակիչներին: Ադրբեջանում մեղավոր են հռչակել հարևաններին, սակայն գետերի ցամաքեցման իրական մեղավորը Թուրքիան է:

 

◊ «Ջրային խաբկանքի ռազմավարությունը»՝ օրակարգում. 2013թ.-ից Ալիևը ջրի խնդիրը հռչակել է անվտանգության սպառնալիք, և հետևողականորեն միջազգային հարթակներում իրականացվում են Հայաստանի և Արցախի ջրային պաշարների յուրացման լեգիտիմացման միջոցառումներ:

 

◊ Ջուրը՝ որպես ագրեսիան արդարացնող միջոց. Ադրբեջանն Արցախի վրա հարձակման արդարացման հարցում օգտագործել է ԵԽԽՎ 2016թ. բանաձևը և շարունակում է վարել նույն քաղաքականությունը՝ աչք ունենալով Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող սահմանամերձ ջրային պաշարների վրա (Տավուշ, Վայոց Ձոր և Սյունիք), բայց հեռահար թիրախում Սևանա լիճն է:

 

◊ COP29-ին Ադրբեջանը լրջորեն է պատրաստվում՝ արդարացնելու համար դրա միջոցով հետագա ագրեսիան: Անհրաժեշտ է ձեռնարկել դիմակայող գործողություններ՝ իրականությունը միջազգային կառույցներին պատշաճ կերպով մատուցելու նպատակով:

 

ՆԱԽԱԲԱՆ

 

2024թ. մարտի 14-ին Բաքվում ավարտվել է «Ջրի շաբաթ» երկօրյա միջազգային համաժողովը, որը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, նվիրված էր ջրային ռեսուրսների կառավարմանը, ջրամատակարարմանը, կլիմայի փոփոխությանը և ջրային ռեսուրսների վրա դրա ազդեցությանն ու ջրի արդյունավետ օգտագործմանը: Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Ադրբեջանում առաջին անգամ կազմակերպված և Բաքվի Էքսպո Կենտրոնում մարտի 12-14-ն անցկացված «Ջրային տնտեսություն» միջազգային ցուցահանդեսը: «Ջրային շաբաթ» միջոցառմանը մասնակցել են ոլորտի մասնագետներ և գիտնականներ Ադրբեջանից և աշխարհի տարբեր երկրներից, որոնք հանդես են եկել զեկույցներով ու վերլուծություններով՝ նվիրված ջրի համաշխարհային պակասուրդի և կլիմայի փոփոխության, Ադրբեջանի և Կասպյան տարածաշրջանի ջրային ռեսուսների արդյունավետ օգտագործման, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում նորարարական տեխնոլոգիաների, գյուղատնտեսությունում ջրի օգտագործման, էկոլոգիայի բնագավառում նորարարությունների, հանրության կողմից ջրի կայուն օգտագործման և այլ թեմաներին: «Ջրի շաբաթը», ինչպես նշվել է, նպատակ ունի խթանել Ադրբեջանի ջրային ոլորտի զարգացմանը և նպաստել նոր լուծումների որոնմանը[1]:

 

Նույն խորագրով հերթական համաժողովը Բաքվում նախատեսվում է անցկացնել 2025թ. ապրիլին, ինչի վերաբերյալ արդեն իսկ հայտարարություն է տեղադրված համաժողովի կայքում: Ընդ որում՝ Ադրբեջանում հենց մարտ ամսին (մարտի 22-ը ջրի համաշխարհային օրն է) ջրին նվիրված տարբեր միջոցառումներ են իրականացվել, սակայն այս շրջանում դրանք առավել հնչեղ են մատուցվում: Սա վկայում է միջոցառումը շարունակական դարձնելու և առավել մեծ հնչեղություն ապահովելու Բաքվի մտադրությունների մասին: Այս նախաձեռնությունը և Ադրբեջանում մեկնարկած մի շարք ծրագրեր, այդ թվում՝ աշնանն այդ երկրում կայանալիք COP29 գագաթնաժողովը, բնապահպանական և շրջակա միջավայրի պահպանությանն ու հատկապես ջրային խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների աշխուժացումը, զինված ուժերում էկոլոգիական միջոցառումների անցկացումը, աննախադեպ են թվում Ադրբեջանի դեպքում, որի տնտեսության ավելի քան 90 տոկոսը հենված է չվերականգնվող էներգետիկայի բնագավառի վրա, և որը լրջագույն էկոլոգիական խնդիրներ ունի ինչպես Կասպից ծովի հատվածում, այնպես էլ այդ երկրի առանձին շրջաններում:

 

Այսօրինակ ձեռնարկումները, դրանց նկատմամբ միջազգային արձագանքները, այս փաթեթներով միջազգային հանրության հետ Բաքվի երկխոսությունների աշխուժացումը և ահա, «Ջրի շաբաթվա» կազմակերպումն ու դրա շարունակականության մասին հայտարարաթյունները տպավորություն են ստեղծում, թե Ադրբեջանը էկոլոգիայի ոլորտում և, մասնավորապես, ջրային քաղաքականության բնագավառում որդեգրել է աշխարհին ներկայանալու նոր դրսևորում՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությունը և դրանով պայմանավորված համաշխարհային մտահոգությունները: Սակայն քաջատեղյակ լինելով Ադրբեջանական Հանրապետության «աճպարարական» և մոլորեցնող քաղաքականությանը, ագրեսիվ գործողությունների համար հիմքերի նախապատրաստման կամ հիմնավորման համար գործիքակազմի ընտրության հարցում չվարանելու նախադեպերը՝ ակնհայտ է, որ Բաքուն այս անգամ ևս ջրի խնդիրը և ընդհանրապես էկոլոգիական «պատումները» գեղեցիկ փաթեթավորմամբ պիտի մատուցի միջազգային այն հանրությանը, որն ի թիվս սեփական մի շարք շահերի, իսկապես մտահոգ է երկրագնդի հետագա ճակատագրով և ողջունում է կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունների մեղմմանն ուղղված նախաձեռնությունները:

 

Հաշվի առնելով, որ մարտի 22-ին աշխարհում նշվում է Ջրի համաշխարհային օրը, իսկ 2024թ. օրվա կարգախոսն է՝ «Ջուր խաղաղության համար (Water for Peace), ակնառու է ադրբեջանական կողմից գործի դրվող խաբկանքը, ըստ որի՝ խաղաղության բացակայությունը պայմանավորված է եղել և շարունակում է մնալ ջրի խնդիրը: Տասնամյակներ ի վեր Հայաստանին և Արցախին ջրային ռեսուրսներն արգելափակելու մեջ մեղադրող Ադրբեջանը, փաստորեն, այս ուղղությամբ ուժգնացրել է գործողությունները, որոնք չեն կարող չբացատրել նախորդ շրջանում տեղի ունեցածը և հնարավոր իրադարձությունները, որոնք կրկին կարող են փաթեթավորվել «ջրի խնդրով» և, ցավոք, ընդունելի դառնալ միջազգային հանրության համար: Պատկերավոր ասած՝ հայկական կողմին մեղադրելով հատկապես Արցախի, Տավուշի ու Սյունիքի հատվածներում ջրային ռեսուրսները դեպի Ադրբեջան «արգելափակելու», ադրբեջանական բնակավայրերն «առանց ջրի թողնելու» և, որ առավել ուշագրավ է, աշխարհի ու տարածաշրջանի մասշտաբով խմելու ջրի խոշորագույն աղբյուր Սևանա լիճը «միայնակ օգտագործելու» մեջ՝ Բաքուն համաշխարհային կլիմայական հարցերով մտահոգ հանրության (այդ թվում՝ պետությունների ու կազմակերպությունների) մոտ արդարացում է բանեցրել և, դատելով նախաձեռնվող միջոցառումներից ու հայտարարություններից, դեռ պիտի բանեցնի արգեսիվ քաղաքականության, հարձակումների ու օկուպացիայի համար: Հայաստանի ու Արցախի համար բացասական իմաստով լավագույն օրինակն այս հարցում դեռևս 2016թ. հունվարի 26-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ընդունած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» բանաձևն է, որով, ի թիվս այլ ուշագրավ ձևակերպումների, վեհաժողովը հիշեցնում էր, որ 2014թ. մայիսի 20-ի իրենց հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս են հայտնել, որ կողմերը համաձայնության կգան համատեղ կառավարել ջրային ռեսուրսները՝ ի շահ տարածաշրջանի, և հայկական կողմին կոչ էր արվում ջրային ռեսուրսները չօգտագործել «քաղաքական նպատակներով՝ ընդդեմ Ադրբեջանի»[2]:

 

Ուստի սույն հետազոտությունը նպատակ ունի վեր հանել ջրային խնդրով ու դրա շահարկմամբ պայմանավորված ադրբեջանական այն կեղծ օրակարգերը, իրական միտումները և շահագրգռությունները, որոնք ուղղակի կապ ունեն Ադրբեջանի նախորդ տասնամյակի տարածաշրջանային ռազմաքաղաքական վարքագծի, Հայաստանի ու Արցախի դեմ հարձակումների և հատկապես սահմանային՝ ջրային ավազանների տարածքներում հնարավոր գործողությունների հետ՝ ակնկալիքով, որ այս համատեքստում հնարավոր կլինի գնահատել ադրբեջանական գործոնով պայմանավորված և Հայաստանի շուրջ նախորդ տասնամյակում արձանագրված ու ներկայումս տեղի ունեցող զարգացումները, կանխատեսելու էկոլոգիական քողի ներքո հիմնավորվող և հիմնավորվելիք ու հատկապես արտաքին դերակատարների կողմից փոխըմբռնման ռիսկեր պարունակող այն գործողությունները, որոնք Բաքուն կարող է գործի դնել՝ արդարացնելու տարածքային պահանջներն ու ագրեսիան: Հետազոտությունը նպատակ ունի «ադրբեջանական ջրային խնդրի հիմնավորումների» բացահայտմամբ ահազանգել ագրեսիայի այդ բաղադրիչի կեղծության, սին և հորինված օրակարգերի մասին՝ փորձելով նաև առաջարկել դիմագրավմանն ուղղված գործողություններ՝ տուրք չտալու ջրի խնդրով փաթեթավորվող այդ օրակարգերին, միաժամանակ՝ պատշաճ կերպով արձագանքելու միազգային հանրության մոտ այս խնդրի համատեքստում ի հայտ եկող հարցերին ու տպավորություններին:

 

1. ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՆԴԻՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԿԵՐԸ

 

Հայտնի է, որ ջրային ռեսուրսների պաշարով Ադրբեջանն աշխարհում զբաղեցնում է ընդամենը 140-րդ հորիզոնականը: Միայն այս ցուցանիշից ակնհայտ է, որ այդ երկիրը լրջագույն խնդիրներ ունի հատկապես խմելու ջրի անբավարարության առումով: Նախորդ տարիներին հաճախակի են դարձել ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններն այս մասին, որոնք թեև ուղեկցվում են հարևանների հասցեին հնչեցվող մեղադրանքներով, պայմանավորվում են կլիմայի փոփոխությամբ ու Ադրբեջանի սահմաններից անդին սկիզբ առնող, այդ երկրի ջրի 70 տոկոսի աղբյուր հանդիսացող գետերի աղտոտվածությամբ, սակայն լավագույնս ցույց են տալիս Բաքվի իշխանությունների՝ ջրի խնդրով պայմանավորված մտահոգությունները:

 

Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Վուգար Քերիմովի խոսքով՝ բնակչության մեկ շնչին բաժին հասնող ջրի քանակությամբ Ադրբեջանն աշխարհում 90-րդն է[3]: Փոխնախարարը 2023թ. «Ջրի անբավարարության պատճառները» խորագրով քննարկման շրջանակներում անհրաժեշտություն է համարել երկրի ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը՝ փաստորեն հաստատելով, որ այդ երկրում ջրի պակասի թիվ մեկ խնդիրը ոչ թե Հայաստանն ու Վրաստանն են, այլ՝ ջրային ռեսուրսների ոլորտի անարդյունավետ օգտագործումը: Քերիմովը նշել է, որ ներկայումս Ադրբեջանի ջրային ռեսուրսները գնահատվում են շուրջ 25 մլրդ խմ, որից 16.5 մլրդ-ը՝ ստորգետնյա, 8.5 մլրդը՝ մակերեսային ջրերն են: Երաշտի դրսևորումները նկատելի են հատկապես վերջին 7-8 տարիների ընթացքում՝ պայմանավորված քիչ տեղումներով և անդրսահմանային գետերի հոսքի նվազմամբ: Փոխնախարարը մատնանշել է, որ միայն վերջին 5 տարում Մինգեչաուրի ջրամբարում ջրի ծավալը կրճատվել է 50 տոկոսով:

 Вугар Керимов: Биоразнообразие Охчучая находится на грани исчезновения -  АЗЕРТАДЖ

Քերիմովը, հավանաբար վկայակոչելով ՄԱԿ-ի համապատասխան զեկույցը, ընդգծել է, որ 2050թ. Ադրբեջանում սպասվում է ջրային ռեսուրսների նվազում 15-20 տոկոսով: Էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարար Մուխտար Բաբաևն իր հերթին առավել վաղ հանդես էր եկել նույնաբովանդակ հայտարարությամբ՝ Ադրբեջանի բնակչությանը կոչ անելով ջուրը ռացիոնալ օգտագործել: Նրա խոսքով՝ օդի ջերմաստիճանն Ադրբեջանում բարձր է կլիմայական նորմայից, ինչը խմելու ջրի օգտագործման հանդեպ պատասխանատու վերաբերմունքն էլ ավելի արդիական է դարձնում[4]:

 

Ջրի սակավության և իրավիճակի հետագա վատթարացման մասին Ադբեջանում խոսվել է դեռևս 1990-ականներից ի վեր՝ պայմանավորված խորհրդային ընդհանուր տարածքի համակարգի փլուզմամբ և հատկապես Արցախյան առաջին պատերազմի արդյունքներով, սակայն ահազանգող հրապարակումներն ու հայտարարությունները նոր թափ են առել 2010-ականներից, իսկ գագաթնակետին հասել՝ 2020թ.՝ Արցախի դեմ պատերազմի նախաշեմին: Ադրբեջանական մամուլը 2020թ. ամռան ամիսներին հեղեղվեց ջրի սակավության մասին լուրերով: Պատճառը, ըստ աղբյուրների, այդ տարի արձանագրված տեղումների ցածր մակարդակն էր, Ադրբեջանի մի շարք շրջաններում գրանցված բարձր ջերմաստիճանը և անդրսահմանային գետերի հոսքի անկումը:

 

2020թ. ամռանը, ի թիվս գյուղատնտեսական նշանակություն ունեցող շրջանների, դժգոհություններ սկսվեցին նաև Ադրբեջանի ամենազարգացած հատվածում՝ Ապշերոնում և հատկապես մայրաքաղաք Բաքվում: Որոշ տեղեկություններով՝ մայրաքաղաքի մի շարք հատվածներում (օրինակ՝ Ռամանի թաղամասում) ջրամատակարարում իրականացվել է օրական 2-3 ժամով, Ապշերոնի Ֆաթմաի գյուղում 2017թ.-ից հետո ջրի հոսքը սկսել է նվազել, իսկ 2020թ.-ից սկսած շաբաթվա որոշ օրերին ընդհանրապես չի մատակարարվել, իսկ Բաքվից հեռու գտնվող բազմաթիվ բնակավայրեր տասնամյակներ շարունակ ընդհանրապես զրկված են խմելու և ոռոգման ջրից: Հայաստանի հետ սահմանակից Կարախանլը գյուղը նախկինում ջրանցքով սնվել է Կուր գետից, սակայն 10 տարվա ընթացքում ջրանցքն ամբողջությամբ չորացել է: Թեև 2017 և 2018 թթ. հորատանցքեր են փորվել, պոմպեր են տեղադրվել, սակայն ջուրը մատակարարվում է օրական 2 ժամով: Տեղի տնտեսվարողները հարկարդված են հերթ կանգնել, ջուր գնել և տեղափոխել՝ դաշտերը ոռոգելու համար: Նեֆթչալա քաղաք ևս ջուրը մատակարարվում է բեռնատարներով:

 

Հանրային դժգոհությունները մեղմելու նպատակով այդ ժամանակահատվածում քաղաքական բուռն տեղաշարժեր սկիզբ առան, խորհրդարանում քննարկումներ ու լսումներ նախաձեռնվեցին[5], ադրբեջանցի պաշտոնյաները սկսեցին խնդիրը կարգավորելու վերաբերյալ տարաբնույթ խոստումներ հնչեցնել, պատճառներ ու արդարացումներ փնտրել, որոնց շարքում առաջինը, անշուշտ, հարևան պետություններին ուղղված մեղադրանքներն էին: 2020թ. ամռանն Ադրբեջանում գրանցված ջրի սակավության առանցքային պատճառ համարվեց ջրի հիմնական աղբյուր հանդիսացող Կուր գետի ջրի մակարդակի նվազումը: Թուրքիայից սկիզբ առնող և Վրաստանի տարածքով անցնող այս գետի ջուրն այդ երկրներում գյուղատնտեսական նպատակներով նախորդ տարիների համեմատ առավել շատ է օգտագործվել, ինչի հետևանքով դեպի Ադրբեջան արդեն քիչ թողունակությամբ է մուտք գործել: Ուշագրավ է, որ այդ ժամանակահատվածում Կուր գետի մակարդակը գետաբերանում արդեն այնքան է նվազել (2.6 մ), որ ոչ թե նրա ջուրն է հոսել դեպի Կասպից ծով, այլ՝ հակառակը: Գետից սնվող Մինգեչաուրի ջրամբարում ջուրը նվազել է 16 մ-ով: Մեծությամբ երկրորդ գետը՝ Արաքսը, սահմանակից է Իրանին և համատեղ է օգտագործվում վերջինի հետ: 2020թ. Արաքսի հոսքը նույնպես նվազել է՝ հիմնականում սպասարկելով հին ու նոր ջրամբարները, այդ թվում՝ թուրքական կողմում կառուցված: Հունիս ամսին Ադրբեջանն իրանական կողմին դժգոհություն է հայտնել մեծ քանակությամբ ջուր օգտագործելու առիթով, ինչից հետո Իրանը համաձայնել է մեծացնել համատեղ օգտագործվող ջրամբարներում ջրի ծավալը:

 Azerbaijan faces growing water shortage | Eurasianet

Արդյունքում, 2020թ. ջրի խնդիրն Ադրբեջանում դարձել է իշխանությունների օրակարգի թիվ մեկ խնդիր: Հուլիսի 23-ի կառավարության նիստում Ադրբեջանի նախագահն առաջին անգամ անդրադարձել է երաշտին ու ջրի սակավությամբ պայմանավորված ճգնաժամին՝ դրանում մեղադրելով «համապատասխան մարմիններին»: Ալիևը խոստովանել է, որ ջրի սակավությունը խնդիրներ է առաջացրել գյուղատնտեսության, և հատկապես բամբակագործության ոլորտում, ինչի զարգացմանն ուղղված կառավարության բազմաթիվ ծրագրեր արդյունքում ապարդյուն են դարձել: Նրա խոսքով՝ 10-ից ավելի շրջանների տնտեսվարողներ ու գործարարներ ամեն օր նամակներ են ուղարկում ջրի բացակայությամբ պայմանավորված խնդիրների վերաբերյալ:

 

Նույն օրն Ադրբեջանի նախագահը, արձանագրելով, որ երկիրն անապատացման գործընթացում է, ինչը կարող է ահագնանալ 2030թ., խմելու և ոռոգման ջրի վերաբերյալ ծրագրերը կառավարության համար օրակարգային ամենակարևոր հարցեր է հռչակել՝ կարիքները բավարարելու ուղղությամբ առաջիկա տարիներին լրջագույն քայլեր ձեռնարկելու կոչով: Արդյունքում՝ ընդունվել է «Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման մասին 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը», որը ենթադրում էր ադրբեջանական ջրային ռեսուրսների կառավարման «Ազերսու» ընկերության կողմից թվով 10 նոր ջրամբարների, ջրամատակարարում չունեցող որոշ քաղաքաներում ջրատարների և ոռոգման ցանցերի կառուցում, հորատանցքերի փորում և այլն[6]: 2022թ. էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը հայտարարել է, որ Ադրբեջանի ներդրումային ընկերության և իսրայելական I.D.E. Water Assets Ltd ընկերության կողմից նախատեսվում է Կասպից ծովի ջրի աղազերծման (խմելու համար պիտանի դարձնելու) գործարանի կառուցում: Նախագծի վերաբերյալ մանրամասները, սակայն, մինչ օրս գաղտնի են պահվում[7]:

 

Ադրբեջանի ջրային ռեսուրսները կազմում են 32 մլրդ խմ, որի 70 տոկոսը ձևավորվում է հարևան երկրներում (հիմնականում՝ Կուր և Արաքս գետերից), իսկ 30 տոկոսը՝ երկրի ներսում: Կուր գետում ջրի մակարդակն առավելագույնի է հասնում ապրիլին, նվազագույնի՝ սեպտեմբերին: Արաքսի ջրերն առավելագույնի են հասնում մայիսին, նվազագույնի՝ օգոստոսին: Բնական ռեսուրսների միջազգային ինստիտուտի (WRI) տվյալներով՝ Ադրբեջանն ունի բավարար ջրային ռեսուրսներ, սակայն դրանք չեն ապահովում բնակչության խմելու ջրի և գյուղատնտեսական պահանջարկը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված նորմաների համաձայն՝ մեկ շնչին անհրաժեշտ խմելու և կենցաղային ջրի օրական ծավալը 450լ է: Ըստ այդմ՝ Ադրբեջանի բնակչությունը տարվա ընթացքում պետք է ապահովվի 1.6 մլրդ խմ խմելու և կենցաղային ջրով, սակայն ջրամատակարարումն այդ երկրում 5.3 անգամ քիչ է՝ 306 մլն խմ: Այսինքն՝ մեկ շնչին բաժին է ընկնում 83լ ջուր՝ միջազգային նորմայից 5.3 անգամ քիչ:

 

  Աղյուսակ 1. Ջուրն Ադրբեջանում՝ 1990-2018թթ.

1990թ.

2000թ.

2010թ.

2018թ.

Ջրի ընդհանուր ծավալը բնական ռեսուրսներից

16176

11110

11566

12847

Ջրի ընդհանուր օգտագործումը

12477

6588

7715

9205

Խմելու և կենցաղային նպատակներով

402

449

405

306

Արտադրական նպատակներով

3418

2316

1742

2111

Միայն խմելու նպատակով

317

82

54

44

Միայն ոռոգման և գյուղատնտեսական նպատակներով

8627

3819

5497

6722

Ջրի կորուստը փոխադրման ընթացքում

4206

3053

3851

3643

Ջրի կորուստը տոկոսով

   

33,2

28,3%

 

Ադրբեջանում մշակվող հողատարածքի մակերեսը 1.4 մլն հա է: Հաշվի առնելով, որ ոչ միայն Ադրբեջանում, այլև Հայաստանում և Վրաստանում վերջին տարիներին ընդլայնվել են մշակվող հողատարածքները, գյուղատնտեսությունում ջրի պահանջարկն էլ ավելի է մեծացել: Հայաստանում, օրինակ, (ըստ ադրբեջանական աղբյուրի) ջրի պահանջարկը մեծացել է 1 մլրդ խմ-ով, Ադրբեջանում՝ 1.2 մլրդ խմ-ով, Վրաստանում՝ 2 մլրդ խմ-ով: Այսինքն՝ տարածաշրջանում 4.2 մլրդ խմ լրացուցիչ պահանջարկ է ձևավորվել: Սակայն ամբողջ աշխարհում վերջին 20 տարում գրանցված 1 աստիճանով ջերմաստիճանի տաքացման հետևանքով ի հայտ եկած կլիմայական խնդիրները գյուղատնտեսական ամբողջ պահանջարկն ապահովելն անհնար են դարձրել նաև մեր տարածաշրջանում[8]:

 

Ադրբեջանում ջրի անբավարարության իրական և հորինված պատճառներին դեռ մեծ ուշադրությամբ կանդրադառնանք, սակայն այստեղ նշենք, որ այդ երկրում ջրամբարների ընդհանուր ծավալը 21 խկմ է, գետերի ջրային ռեսուրսը՝ 28-30.3 խկմ: Խմելու ջրի ծավալն Ադրբեջանում 2022թ. նոյեմբերին կազմել է 0.90 խկմ: Տարանցիկ գետերը 21-ն են: 2022թ. տվյալներով՝ հարևան երկրներից Ադրբեջան մուտք գործող ջրային ռեսուրսները կազմում են 19-20.3 խկմ: Ջրի տարեկան միջին ծավալն այդ երկրում 36 մլրդ խմ է[9]: Այս ամբողջ ծավալից, սակայն, օգտագործվում է շուրջ 12 մլրդ-ը: Փաստորեն, ինչպես և արձանագրում են հենց ադրբեջանական աղբյուրները և պաշտոնյաները, ջուրն իրականում անարդյունավետ է օգտագործվում ոչ միայն «հարևանների», այլև հին ու մաշված համակարգերի, կառավարման թերությունների և անպատասխանատու տնտեսվարման պատճառներով[10]: 2021թ. Ադրբեջանի նախագահն է նույնիսկ անդրադարձել ջրային ոլորտում հետամնաց և կորստաբեր տեխնոլոգիաների կիրառմանը՝ ընդունելով, որ ջրի սակավության պատճառներից մեկը հողային ջրանցքներն են, որոնք կազմում են երկրի ջրանցքների 70 տոկոսը: Ալիևի խոսքով՝ դրանք հանգեցնում են աղակալման և ջրի մեծ կորստի, ուստի անհրաժեշտ է համարել ձերբազատվել այդպիսի ջրանցքներից: Նա կոչ է արել ուսումնասիրել նորագույն և լավագույն փորձի վրա հենված տեխնոլոգիաները, փնտրել մասնագիտացված գործընկերներ: Այստեղ հավանաբար Իսրայելին է նկատի ունեցել՝ նշելով, որ պետք է համագործակցել առաջատար փորձ ունեցող երկրների հետ, որոնք կլիմայով մոտ են Ադրբեջանին, ջրային քիչ ռեսուրսներ ունեն, սակայն՝ բարձր բերքատվություն[11]:

 

Փաստորեն, դատելով առկա տվյալներից և հայտարարություններից, Ադրբեջանի ջրային ռեսուրսների վերաբերյալ կարող ենք եզրակացնել, որ Ադրբեջանը, չնայած կլիմայական խնդիրներին, ջրային ռեսուրսների բավարար պաշար ունի, մինչդեռ ադրբեջանցիներին՝ երկրի հասարակ բնակչությանը, այդ ռեսուրսները հասանելի չեն: Միջազգային տվյալների և ադրբեջանցի պաշտոնյաների ու մասնագետների հավաստմամբ՝ ներկայումս արձանագրված ջրի սակավությունը կարող է Ադրբեջանում լրջագույն խնդիրներ առաջացնել մոտ երկու տասնամյակ հետո, սակայն, ամեն դեպքում, մինչ օրս ջրային ոլորտում առկա խնդիրներն արդյունավետ և հետևողական կառավարման արդյունքում հնարավոր կլիներ լուծել: Ադրբեջանական իշխանությունները, փաստացի, անտեսել են բնակչության կարիքներն այն աստիճան, որ ոչ միայն հեռավոր գյուղերն ու շրջանների քաղաքները խմելու և ոռոգման ջրով ապահովված չեն եղել, այլև նույնիսկ մայրաքաղաք Բաքվում է ջուրը «ժամով» մատակարարվել: Ուստի տպավորություն է ձևավորվում, թե ջրի խնդիրն այդ երկիրը շահարկել է և դեռ պիտի շահարկի ռազմաքաղաքական նպատակների համար՝ ԵԽԽՎ բանաձևերի և նույնաբովանդակ զեկույցների օրինակով արդարացնելու ինչպես Արցախի դեմ ռազմական գործողությունները, այնպես էլ հիմնավորելու Հայաստանի սահմանամերձ՝ ջրային ռեսուրսներով հարուստ հատվածների նկատմամբ իրականացված և ծրագրված ագրեսիան: Հետազոտության մյուս բաժիններում փորձենք հաստատել այս տպավորությունը:

 

2. ՋՐԻ ԻՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

 

Ներադրբեջանական խնդիրները. բարձիթողի վիճակ և ապօրինի ջրօգտագործում

 

Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի տվյալներով՝ ջրի կորուստը տեղափոխման ընթացքում այս երկրում կազմում է 28 տոկոս, ինչը ԱՊՀ երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշն է: Հայաստանում, օրինակ, ջրի կորուստը կազմում է 20 տոկոս, Ղազախստանում՝ 13, Ուկրաինայում՝ 12, Ռուսաստանում՝ 10, Մոլդովայում՝ 7, Բելառուսում՝ 5: Ադրբեջանում ջրի կորստի հիմնական պատճառներից են դեռևս խորհրդային տարիներին կառուցված ոռոգման հնացած ցանցերը: Վերին Ղարաբաղի (որն իրականում շրջանցում է Ղարաբաղը (Արցախը), սկիզբ է առնում Մինգեչաուրի ջրամբարից և հասնում է մինչև Արաքս գետը) և Վերին Շիրվանի ջրանցքները շահագործման են հանձնվել 1958թ., Սամուր-Աբշերոնի ջրանցքը՝ 1940թ., Բաշ-Մուղանի ջրանցքը՝ 1960թ., Բաշ-Միլի ջրանցքը՝ 1976թ.: Դրանք ոչ միայն մինչ օրս չեն վերանորոգվել, այլև երկրում չեն կառուցվել նաև անձրևաջրերի հավաքման համակարգեր: Սրանց անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ գետերի ջրի հիմնական աղբյուր հանդիսացող բարձունքներում վերջին տարիներին ձյան շերտը և տեղումներն էականորեն նվազել են: Փոխարենը՝ առավել ինտենսիվ են դարձել անձրևները, որոնք ջրի կենտրոնացումն անհնար են դարձնում:

 Azerbaijan successfully copes with water scarcity thanks to reservoirs in  Garabagh

Ադրբեջանում առկա են մի շարք ջրամբարներ ու լճեր, սակայն, ինչպես պնդում են տեղական աղբյուրները, դրանք յուրացված են օլիգարխ պաշտոնյաների կողմից և ծառայում են մասնավոր շահերի: Տնտեսվարողներին և գյուղացիներին արգելված է օգտագործել այդ լճերում ու ջրամբարներում հավաքվող ջուրը: Խորհրդային ժամանակների ներտնտեսական պահուստարանները, որոնք օլիգարխների տիրապետության ներքո չեն, այլևս պիտանի չեն շահագործման համար, քանի որ տասնամյակներ շարունակ չեն բարեկարգվել[12]:

 

Ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները ջրային խնդրի առանցքային պատճառ են համարում անարդյունավետ և անպատասխանատու կառավարումը պետական կառավարման մարմինների կողմից, երկրի ջրային ռեսուրսների կառավարման միասնական համակարգման բացակայությունը: Այս ոլորտում առանձին գործառույթներ են իրականացնում Ադրբեջանի էկոլոգիայի և բնական ռեսուրսների, արտակարգ իրավիճակների նախարարությունները, «Ազերէներժի» ԲԲԸ-ն, «Մելիորացիա և ջրային տնտեսություն» ԲԲԸ-ն, «Ազերսու» ԲԲԸ-ն, որոնց ներկայացուցիչները պարբերաբար հայտարարում ու գյուղացիներին վստահեցնում են երկրում ջրային ռեսուրսների ու անհրաժեշտ ցանցերի առկայության մասին, ոլորտում ծախսված հսկայական միջոցների (ներդրումների) մասին, սակայն բնակիչները շարունակում են մնալ առանց խմելու և ոռոգման ջրի: Կառավարման ոլորտի խնդիրներից են նշվում՝

●ջրային ռեսուրսների կառավարման համակարգերի կատարելագործման պետական, մասնագիտորեն մշակված ծրագրերի բացակայությունը,

●կառավարությունը, այդ թվում՝ վարչապետը, փոխվարչապետերը, ուղղակիորեն պատասխանատու չեն ջրային ոլորտի համար,

●հողային ջրանցքների գործածությունը դաշտերում, որոնք ջրի կորստի հիմնական պատճառ են համարվում, և մետաղական ու պլաստիկ խողովակներով ոռոգման ցանցերի կառուցման ուղղությամբ աշխատանքներ չիրականացնելը,

●ոռոգման նորագույն համակարգերի, դրանց զարգացման ու խթանման տնտեսական միջոցառումների բացակայությունը:

 

Փաստորեն, դատելով պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկատվությունից, Ադրբեջանում առկա են բավարար չափով ջրային պաշարներ, սակայն դրանք անհասանելի են տնտեսվարողների ու գյուղացիների համար: Սրա վկայություն է, օրինակ, Իսրայելի փորձը, որը տարեկան 1.12 մլրդ խորոնարդ մետր ջուր օգտագործելով բավարարում է գյուղատնտեսական ապրանքների ներքին պահանջարկը և նույնիսկ տարեկան շուրջ 1.5 մլրդ դոլարի արտահանում է իրականացնում: Մինչդեռ ավելի քան 12.8 մլրդ խորոնարդ մետր ջուր ունեցող Ադրբեջանը չի կարողանում նույնիսկ ներքին պահանջարկն ապահովել:

 

Ջրի խնդրի մասին վերջին տարիներին սկսել են բարձրաձայնել նաև պաշտոնյաները՝ կրկին խոսելով անարդյունավետ կառավարման մասին, սակայն որպես լուծում հիմնականում առաջարկվում է ջրի սակագնի բարձրացումը, ինչն Ադրբեջանում պարբերական է դարձել: «Ազերսու» ընկերության տնօրենի տեղակալ Էթիբար Մամեդովի պնդմամբ, օրինակ, ջրի սակագինն անհրաժեշտ է բարձրացնել՝ Բաքվում և հարակից շրջաններում նորման գերազանցող ջրօգտագործումը մեղմելու նպատակով: Նրա խոսքով՝ Բաքվի մի շարք թաղամասերում (Սաբունչին, Սուրախան, Բինագադին) և Աբշերոնի շրջանում խմելու ջուրն անխնա օգտագործվում է մասնավոր այգիները ջրելու և մեքենաները լվանալու համար, ուստի ջրի սակագնի հերթական բարձրացումն անհրաժեշտություն է: Ջրային ոլորտի այս պաշտոնյան չի թաքցրել նաև, որ ջրային խնդրի պատճառներից են շինարարական նորմերի խախտումները, ապօրինի կառուցապատումը, անորակ ջրատարների կառուցումը, ապօրինի ջրօգտագործման մեծ ծավալները[13]:

 Price of water doubles in Azerbaijan – but what about the quality? - JAMnews

Նույն խնդիրների մասին ավելի ուշ՝ 2023թ. մայիսին, բարձրաձայնել է նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռուֆաթ Գուլիևը՝ նախազգուշացնելով ջրի սակագնի հերթական բարձրացման մասին: Նրա խոսքով՝ ջուրն անխնա է օգտագործվում ավտոլվացման կետերում, Բաքվում կառուցվող բնակելի համալիրներում՝ կասկածի տակ դնելով ջրաչափերի առկայությունը: Ադրբեջանցի պատգամավորն ընդգծել է, որ 2023թ. ամռանը կրկին սպասվում է երկրում ջրի անբավարարություն, և ջրանջատումներն արդեն պարբերական են դարձել, ուստի անհրաժեշտ է ուսումնասիրություններ կատարել ջրօգտագործողների մոտ: Ջրաչափերի բացակայության մասին տեղեկություններն ադրբեջանական մամուլում նույնպես քիչ չեն: Ջրային ռեսուրսների պետական գործակալությունը, օրինակ, պարբերաբար հայտարարություններ է տարածում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված «Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ապահովող միջոցառումների ծրագրի» շրջանակներում իրականացված ապօրինի ջրօգտագործման (առանց ջրաչափերի ու հաշվառման) դեպքերի բացահայտումների մասին: Միայն Բաքվում, օրինակ, 2023թ. հունվար-ապրիլ ժամանակահատվածում 4817 նման դեպք է բացահայտվել, որից 50-ի պարագայում քրեական գործեր են հարուցվել: Ընդ որում՝ ակնհայտ է դառնում, որ բացահայտվելուց և տուգանվելուց հետո նույն կազմակերպությունները (սրճարաններ, հյուրանոցներ, խանութներ) հաճախ շարունակում են ապօրինի ջրօգտագործումը, խափանված ջրաչափերը չեն փոխարինվում, ջրաչափերը շրջանցող խողովակներ են անցկացվում:

 

«Ազերսուի» ներկայացուցչի խոսքով՝ խորհրդային տարիներին Բաքվում կանաչ տարածքները ոռոգվել են առանձին համակարգով, սակայն ներկայումս այն շարքից դուրս է եկել, և թե´ կանաչ տարածքներում, թե´ մասնավոր այգիներում ու լվացման օբյեկտներում խմելու ջուր է օգտագործվում՝ այն դեպքում, երբ քաղաքացի բաժանորդների համար այդ ջուրը «ժամով» է հասանելի: Այս տեղեկությունները հաստատել է նաև Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Վուգար Քերիմովը՝ նշելով, թե այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են և մի հատվածում սկսել են տեխնիկական ջուր օգտագործել՝ կանաչ տարածքները ջրելով Խոջասան լճի մաքրված ջրով: Սակայն ուշագրավ է, որ փոխնախարարի կարծիքով՝ «կարևոր չէ, թե ինչ նպատակով է խմելու ջուրն օգտագործվում, կարևորը՝ դրա համար վճարեն»[14]:

 

Դեռևս 2020թ. Ադրբեջանում ջրի խնդրի հանդեպ պետական մարմինների անպատասխանատու վերաբերմունքի մասին ազդարարել էր նախագահ Ալիևը՝ նշելով, որ ջրի անբավարարության պատճառով տուժում է գյուղատնտեսությունը և հատկապես բամբակագործության ոլորտը, ինչը զարգացնելու վերաբերյալ այդ երկրի կառավարությունը ռազմավարական ծրագրեր է փորձում իրականացնել, սակայն՝ չի հաջողում: Ու թեև Ադրբեջանի նախագահն այս համատեքստում պարբերաբար թվարկում է «իր ջանքերով» կատարված աշխատանքների մասին, սակայն նույն ադրբեջանական աղբյուրները պնդում են, թե ծախսված հսկայական միջոցներն, իրականում, ոչ մի արդյունք չեն ապահովել, և որ նախորդ 15 տարիների ընթացքում ջրի ոլորտում կատարվածը, այդ թվում՝ կառուցված ջրագծերը, ջրամբարները և այլն, շատ հեռու է կարիքները բավարարելուն նպաստող միջոցառում համարելուց[15]:

Addressing global water crisis: Azerbaijan's strategic response to resource  depletion 

Օրինակ, դեռևս 2013 և 2014 թվականներին շահագործման են հանձնվել Բաքուն և հարակից շրջանները ջրամատակարարմամբ ապահովելու նպատակով հսկայական ներդրումներով կառուցված Տախտաքյորփուի և Շամքորի ջրամբարները, սակայն իրավիճակում էական բարելավում չի արձանագրվել: Շամքորի ջրամբարի կառուցման համար, մասնավորապես, ծախսվել է 700 մլն մանաթ (մոտ 412 մլն դոլար), իսկ 50 հազար հա տարածք ոռոգելու և մայրաքաղաքը մշտական ջրով ապահովելու նպատակով կառուցված Տախտաքյորփուի ջրանցքի համար ծախսվել է ավելի քան 1 մլրդ մանաթ (588 մլն դոլար)[16]: Նույն պատկերն է նաև Նեֆթչալա քաղաքում և հարակից բնակավայրերում. Կուր գետի ափին գտնվող, լճերով ու ջրանցքներով շրջապատված այս բնակավայրեր ջուրը մատակարարվում է հատուկ այդ նպատակով ձեռք բերված տրանսպորտային միջոցներով, քանի որ այստեղ ջրագծերը կառուցվել են 1950-1970-ականներին և դարձել են անպիտան: Ու թեև 2020թ. հայտարարվել է Նեֆթչալա քաղաքը և հարակից բնակավայրերը ջրամատակարարմամբ ապահովելու համար հսկայական շինարարության մեկնարկի մասին (44 կմ երկարությամբ և 560 մմ տրամագծով նոր գլխավոր ջրագծի անցկացում, Շիրվան-Մուղանի ջրամբարի նորոգում, Կուր գետի վրա մաքրող կայանի, 7500 խմ ծավալով ջրամբարի կառուցում, հարակից բնակավայրերը սնուցող 118 կմ երկարությամբ ջրամատակարարման և 116 կմ երկարությամբ ջրահեռացման ցանցերի անցկացում), սակայն այդ աշխատանքները տվյալ տարածքում առկա խնդիրներն ամբողջովին չեն լուծել և ավելի քան 80 հազար բնակիչ շարունակում է բախվել խմելու ջրի անբավարարության խնդրին:

 

«Ազերսուի» ղեկավար Գորխմազ Հուսեյնովն Ադրբեջանի խորհրդարանում, պատասխանելով պատգամավորների հարցերին, որպես ջրի անբավարարության հիմնական պատճառ էր նշել ջրաչափերի բացակայությունը, անպատասխանատու ջրօգտագործումը, կանաչ տարածքների՝ խմելու ջրով ոռոգումը, նորմերին ու չափանիշներին չհամապատասխանող մասնավոր ցանցերի անցկացումը: Ընդհանրապես Ադրբեջանում ջրի խնդրի կարևոր պատճառներից այս պաշտոնյան ընդգծել էր նաև բնակչության աճը[17]: Փաստորեն, ջրի անբավարարության ներադրբեջանական պատճառները, ըստ տարբեր պաշտոնյաների, նույնական են ամբողջ երկրում և հիմնականում վերաբերում են անպատասխանատվությանը, իսկ պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրները, այդ թվում՝ Ալիևի և մյուս պաշտոնյաների հայտարարությունները, վկայում են, որ խնդիրները ոչ միայն չեն լուծվել, այլև՝ շարունակում են խորանալ: Բնականաբար՝ այստեղ ադրբեջանական ղեկավարությանն օգնության են հասնում հարևան երկրներին և հատկապես Հայաստանին ու Արցախին ուղղված մեղադրանքները, որոնց կանդրադառնանք հաջորդ բաժնում:

 

Կլիմայի փոփոխության ազդեցությունն Ադրբեջանի ջրային ռեսուրսների վրա

 

2012թ. փետրվարին Միացյալ Նահանգների ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը «Համաշխարհային ջրային անվտանգություն» վերտառությամբ ուշագրավ զեկույց է հրապարակել՝ ահազանգելով առաջիկա տասնամյակներում կլիմայական փոփոխություններով պայմանավորված հակամարտությունների անխուսափելիության մասին: ԱՄՆ պետդեպարտամենտի պատվիրած այս հետազոտությունում, մասնավորապես, մատնանշվում են ջրի հետ կապված այն խնդիրները (անբավարարություն, վատ որակ), որոնք կարող են մինչև 2040թ. անդրադառնալ ԱՄՆ ազգային անվտանգության վրա: Թեև զեկույցի հրապարակային մասում խոսվում է Միացյալ Նահանգներին ռազմավարական առումով առավել հետաքրքրող տարածաշրջանների մասին (Նեղոս, Տիգրիս-Եփրատ, Մեկոնգ, Հորդանան, Ինդոս, Բրահմապուտրա, Ամուդարյա գետերի ավազաններ), սակայն մտավախությունները խիստ համեմատական են Հայաստանն ու Ադրբեջանն ընդգրկող միջավայրի համար, հատկապես այն դեպքում, որ այս զեկույցին հղումներ են արել նաև ադրբեջանցի պաշտոնյաները, իսկ որոշակի տեղեկություններ ընդհանուր բնույթի են:

 

Այսպես, ԱՄՆ ազգային հետախուզությունը եզրակացրել է, որ առաջիկա 30 տարվա ընթացքում ջրային ռեսուրսները կառավարող տեխնոլոգիաները, ոլորտում իրականացվող ներդրումներն ու քաղաքականությունն իրավիճակի բարելավման ուղղությամբ էական զարգացում չեն արձանագրի: Շեշտվում է, որ առանձին ժողովուրդների մշակութային վարքագիծը շարունակելու են պայմանավորել տվյալ երկրի ջրային քաղաքականությունը: Հետազոտողներն ընդգծում են, որ առաջիկա 10 տարիների ընթացքում (2012-2022թթ.) ԱՄՆ-ի համար կարևոր մի շարք երկրներ բախվելու են ջրի խնդրին. «Ջրի անբավարարությունը, վատ որակը կամ ջրհեղեղները կարող են հանգեցնել որոշ երկրներում անկայունության և նույնիսկ՝ կործանման, կուժգնացնեն տարածաշրջանային լարվածությունները, իսկ մինչև 2040թ. խմելու ջրի հասանելիությունն անբավարար կդառնա»,- նշված է զեկույցում: Համարվում է, որ ջրի հետ կապված խնդիրները կխոչընդոտեն արդյունագործությանը և էներգայի ստացմանը, ինչը համաշխարհային պարենային շուկայի համար ռիսկեր կառաջացնի՝ հապաղելով տնտեսական աճը: Այդ ամենի հետևանքով, ինչպես նշվում է, Հյուսիսային Աֆրիկան, Մերձավոր Արևելքը և Հարավային Ասիան կբախվեն ժողովրդագրական և տնտեսական լրջագույն խնդիրների: Իսկ ընդհանրապես՝ աղքատությունը, սոցիալական լարվածությունը, շրջակա միջավայրի դեգրադացիան նույնպես կարող են տարածվել աշխարհում և մի շարք երկրներ ի վիճակի չեն լինի դիմակայել մարտահրավերներին:

 

Ամերիկյան հետախուզական զեկույցը դեռ 2012թ. ընդգծել է, որ ֆինանսական ռեսուրսներ և տեխնոլոգիական հնարավորություններ չունեցող որոշ երկրների դեպքում ջրի անբավարարությունն ապակայունացնող գործոն է դառնալու, հարուստ երկրները կարող են  ստիպված լինել ջրի խնդրի լուծման համար հսկայական միջոցներ ծախսել, իսկ գետերի ջրերից կախում ունեցող երկրները լրացուցիչ խնդիրների են բախվելու: Այստեղ շեշտվում են հատկապես հարևան այն պետությունները, որոնք գետերի համատեղ օգտագործելու վերաբերյալ պայմանավորվածության չեն եկել:

 

Հետազոտողները վստահեցրել են, որ ջրային ռեսուրսներով պայմանավորված միջպետական հակամարտությունները մինչև 2022թ. քիչ հավանական են, սակայն դրանից հետո ջուրը կարող է առանձին պետությունների համար սպառնալիքի և բռնություն գործադրելու միջոց դառնալ՝ հակառակ կողմի վրա ճնշում գործադրելու նպատակով, հանգեցնելով տարածաշրջանային հակամարտությունների սրման: Հետախուզական տվյալները վկայում են, որ մինչև 2022թ. որոշ երկրներ կարող են տարբեր (այդ թվում՝ միջազգային հարթակներում բարձրաձայնումների, ներդրումային ծրագրեր տապալելու) մեթոդներով ճնշում գործադրել հարևան երկրների վրա՝ պահպանելու իրենց ջրային ռեսուրսները և ձեռք բերելու տարածաշրջանային ազդեցություն: Հետազոտողների գնահատմամբ՝ իրենց նպատակներին հասնելու համար ջրի խնդիրը կարող են շահարկել նաև ահաբեկչական կազմակերպությունները, ծայրահեղականները կամ ոչ պետական այլ միավորներ:

 

Զեկույցում նշվել է, որ մի շարք երկրներ մեծ ծավալով օգտագործում են ստորգետնյա ջրային ռեսուրսները: Արդյունքում՝ գրունտային ջրերը սպառվում կամ դեգրադանում են, ինչը պարենային անվտանգության և սոցիալական խաթարման վտանգ է պարունակում՝ հանգեցնելով գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիների աղքատության, գործազրկության, արտադրողականության անկման, ինչպես նաև պարենային անբավարարության: Հետազոտողներն ուղիղ կապ են տեսնում ջրի և ՀՆԱ միջև՝ նշելով, որ ջրի նվազումը կհանգեցնի նաև ՀՆԱ նվազմանը: Ըստ հետախուզական տվյալների՝ մինչև 2040թ. Միացյալ Նահանգների մի շարք կարևոր տնտեսական գործընկերներ ջրի անբավարարության պատճառով կարող են տնտեսական ճգնաժամ ունենալ հատկապես էներգետիկայի ոլորտում: Զեկույցի հեղինակների պնդմամբ՝ որոշ երկրներում ջրի խնդրի պատճառով կմեծանան նաև հասարակական ճնշումներն իշխանությունների նկատմամբ[18]:

 

2023թ. ՄԱԿ-ը զեկույց է հրապարակել՝ նշելով, որ վերջին 4 տասնամյակներում ջրի սպառումն աշխարհում յուրաքանչյուր տարի ավելանում է 1 տոկոսով: Զեկույցում շեշտվում է, որ, չնայած ձեռնարկվող միջոցառումներին, բնակչության աճի և սոցիալ-տնտեսական զարգացման հետևանքով այդ միտումը կպահպանվի մինչև 2050թ.-ը: Հեղինակների պնդմամբ՝ ջրի սպառման հիմնական ծավալը բաժին է ընկնելու միջին և ցածր եկամուտ ունեցող երկրների վրա: Դրանցից շատերը և ներկայումս ջրի պակասուրդ չունեցող երկրները շուտով բախվելու են դրա անբավարարության խնդրին:

 

Զեկույցում շեշտվում է, որ առավել բարդ իրավիճակ է տիրելու այն երկրներում, որոնք այսօր արդեն խմելու ջրի հետ կապված խնդիր ունեն: Նույնն է նաև ջրի անբավարար որակի հարցում, որին կբախվեն աշխարհի գրեթե բոլոր երկրները: Այս խնդիրները, ըստ զեկույցի հեղինակների, ունենալու են լրացուցիչ հետևանքներ, այդ թվում՝ սանիտարական պայմաններ, հիվանդություններ, էներգետիկ ճգնաժամեր և այլն: Ուշադրություն է հրավիրվում անդրսահմանային համագործակցության անհրաժեշտության վրա, ինչն այսօր առաջընթացի աննշան դրսևորումներ ունի, և որպես իրավիճակի բարելավմանն ուղղված լուծում առաջին հերթին հենց համագործակցությունն է դիտարկվում[19]:

 Irrigated zones and water shortage scenarios for 2040 in the South Caucasus  | GRID-Arendal

Բնական պաշարների միջազգային ինստիտուտի (WRI) կանխատեսումների համաձայն՝ կլիմայի փոփոխության հետևանքով աշխարհի երկրների 1/5-ում մինչև 2040թ. ի հայտ կգան ջրի հետ կապված խնդիրներ: Կազմակերպության տվյալներով՝ Ադրբեջանն այդպիսի երկրների շարքում է, որի տարածքին նույնպես չորացման վտանգ է սպառնում[20]: Նույնաբովանդակ պնդմամբ տարբեր ժամանակներում և հատկապես 2020թ.-ից սկսած հանդես են եկել նաև ադրբեջանցի պաշտոնյաները՝ հաստատելով, որ իրենց երկիրը ջրի անբավարարության լրջագույն խնդրի առաջ է կանգնած: 2020թ. հուլիսի 1-ին Ադրբեջանի խորհրդարանում անցկացված լսումներին ելույթով է հանդես եկել «Ազերսու» ընկերության ղեկավարը՝ նշելով, որ ջրամատակարարումն աշխարհին սպառնացող խնդիրներից է, և որ կլիմայի փոփոխությունն ու երաշտը լրջագույն ազդեցություն են ունենում ջրային պաշարների վրա: Գորխմազ Հուսեյնովի խոսքով՝ վերջին տարիներին տեղումների նվազումը և տարեկան միջին ջերմաստիճանի բարձրացումը հանգեցնում են ջրային պաշարների, այդ թվում՝ խմելու և ոռոգման ջրի նվազմանը, տուժում են բնակչությունը և գյուղատնտեսության ոլորտը[21]: Այդ երկրի էկոլոգիայի և բնական պաշարների փոխնախարար Քերիմովն իր հերթին 2023թ. մայիսին էր նշել, որ Ադրբեջանի ջրային պաշարները 2050թ. կնվազեն մինչև 20 տոկոսով[22]:

 

Ադրբեջանական մամուլը 2024թ. ընթացքում, հղումներ անելով միջազգային հետազոտական տվյալներին, շարունակում է ահազանգել հատկապես մայրաքաղաք Բաքվում և հարակից շրջաններում ջրի խնդրի առկայությանը: Հաղորդվում է, որ ներկայումս Բաքվում ջրամատակարարումն իրականացվում է օրական 6 ժամ, ինչը հետագա տարիների ընթացքում բարելավման միտում չի կարող արձանագրել. ընդհակառակը՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային զեկույցի համաձայն՝ կանխատեսվում է, որ Ադրբեջանի ջրային պաշարները մինչև 2050թ. նվազելու են 23 տոկոսով: Շեշտվում է, որ Ապշերոնի հատվածում սպառվում է երկրի ջրային պաշարների 6 տոկոսը, մինչդեռ թերակղզին սեփական աղբյուրները չունի, և ջուրը մայրաքաղաք ու հարակից տարածքներ մատակարարվում է երկրի մյուս շրջաններից[23]:

 

3. ՋՐԻ ԽՆԴՐԻ ՇԱՀԱՐԿՈՒՄՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ. «ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ», ԲԱՅՑ ՈՉ՝ ԹՈՒՐՔԻԱՆ

 

Ըստ էության՝ 2013թ.-ից սկսած, երբ Իլհամ Ալիևը ջրի խնդիրը հռչակեց ռազմավարական և իր օրակարգում գտնվող ամենակարևոր հարց, Ադրբեջանը դրան հաղորդել է քաղաքական երանգ՝ ջրի խնդիրը շահարկելով ներքին ու արտաքին բոլոր հարթակներում: Ինչի՞ մասին է խոսքը: Հայկական տիրույթում, ինչպես սկզբում նշեցինք, ադրբեջանական ջրային քաղաքականությունը պատշաճ ուշադրության չի արժանացել ո´չ պետական, ո´չ փորձագիտական ու մասնագիտական շրջանակների կողմից: Սակայն Ադրբեջանը ջրի անբավարարության շուրջ իրական անհանգստությունները հնարամտորեն համադրել է ներքին և արտաքին լսարանների մոտ այդ հարցը շահարկելու քաղաքականության հետ:

 Samur (river) - Wikipedia

Այսպես, դեռևս 2013թ. Ադրբեջանի նախագահը, խոսելով Արաքս, Կուր և Սամուր գետերի մասին, իրավացիորեն նշել էր, որ դրանք Ադրբեջանի տարածքում չեն սկիզբ առնում, ինչը, Ալիևի պնդմամբ, «ռազմավարական խնդիր է և ջրային անվտանգության սպառնալիք»: Գանք վերջից. Սամուր գետն իր հոսքի միջին հատվածում է սահմանակից Ադրբեջանի հետ, բայց սկիզբ է առնում և Կասպից ծովն է թափվում Ռուսաստանի տարածքում: Ոչ պատահականորեն՝ հենց նրա գետաբերանի հետ կապված սահմանային բազմաթիվ խնդիրներ են պարբերաբար ակնարկվել ադրբեջանական կողմից[24], սակայն դրանք, փաստորեն, մարել են գետի վրա՝ ռուս-ադրբեջանական սահմանին, նոր կամուրջի կառուցումից հետո, որը նախանշվել էր դեռևս երկու երկրների միջև 2013թ. ստորագրված համաձայնագրով: Սրանով Ադրբեջանն ու Ռուսաստանը վերահաստատել էին իրենց «սահմանները». Ադրբեջանը դրանով, ըստ էության, ընդունել էր, թե որտեղով է անցնում իր սահմանը՝ զերծ մնալով սահմանամերձ և գետափին գտնվող գյուղերի նկատմամբ հավակնություններից, իսկ ռուսական կողմը չէր առարկել Սամուր գետի ավազանից դեպի Բաքու խմելու և ոռոգման ջրի տեղափոխման համար նախատեսված Տախտաքյորփուի ջրանցքի կառուցմանը:

 

Ադրբեջանի խմելու և ոռոգման ջրի հիմնական աղբյուր հանդիսացող Կուր գետի պարագայում ադրբեջանական պաշտոնական և ոչ պաշտոնական շրջանակները մշտապես են դժգոհել Հայաստանից և Վրաստանից՝ վերջիններին մեղադրելով գետն աղտոտելու համար: Ուշագրավ են հատկապես Ադրբեջանի հետ «բարիդրացիական հարաբերություններ» ունեցող Վրաստանին ուղղված մեղադրանքները: Վերջին անգամ Կուր գետը վրացական կողմից աղտոտելու վերաբերյալ հայտարարություն է արել այդ երկրի խորհրդարանի բնական պաշարների, էներգետիկայի և էկոլոգիայի հարցերով կոմիտեի նախագահը՝ նշելով, որ Հարավային Կովկասի ջրային պաշարների 62 տոկոսը բաժին է ընկնում Վրաստանին, 28 տոկոսը՝ Հայաստանին, և միայն 10 տոկոսն է հասնում Ադրբեջան: Սադիք Գուրբանովի պնդմամբ՝ Կուր գետը Ադրբեջան է մուտք գործում արդեն աղտոտված վիճակում՝ ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի հանքարդյունաբերական գործունեության հետևանքով: Ադրբեջանը, նրա խոսքով, միացել է Շրջակա միջավայրի պահպանության միջազգային կոնվենցիային, մինչդեռ Վրաստանն ու Հայաստանը՝ ոչ[25]: Ադրբեջանական կողմի դժգոհությունները Վրաստանից պայմանավորված են նաև ջրօգտագործման ծավալների մեծացման և վերջին տարիներին գյուղատնտեսական ծրագրերի զարգացման պատճառով Վրաստանի կողմից Կուր և որոշ հատվածում երկու երկրների սահման հանդիսացող և Մինգեչաուրի ջրամբար թափվող Ալազանի (Գանըխ) գետերից ավելի շատ ջրառ իրականացնելու հետ[26]:

 

Հայաստանի դեմ Կուր գետի առումով մեղադրանքները կապված են հիմնականում Ալավերդիի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ, որն, իբր, աղտոտում է Կուրի վտակ Դեբեդ գետը: Պարբերաբար թիրախավորվում է նաև Տավուշից դեպի Ադրբեջան հոսող Աղստև գետը, որի վերաբերյալ ադրբեջանական քարոզչամեքենային օգնության են հասնում նաև հայկական որոշ աղբյուրներ[27]: Թեև հայկական կողմը բազմիցս հակադարձել է՝ ներկայացնելով չաղտոտելու վերաբերյալ նաև գիտական հիմնավորումներ[28], այնուամենայնիվ, Ադրբեջանից հնչող մեղադրանքները մշտական բնույթ են կրում, երբ խոսք է գնում այդ երկրի ջրային պաշարների սակավության և աղտոտվածության վերաբերյալ:

 

Արաքս գետի դեպքում խնդիրը նույնն է. ըստ ադրբեջանական պնդումների՝ Հայաստանի Հանրապետությունն այն աղտոտում է իր սահմանի ամբողջ երկայնքով (Արմավիրի (Մեծամորի ԱԷԿ), Արարատի (արտադրական այլ օբյեկտներ) և Սյունիքի (Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ) մարզերում) և իրականացնում է սահմանված չափից ավելի շատ ջրառ: Արաքսի աղտոտման և ջրառի մեծ ծավալների մասին խոսելիս ադրբեջանական կողմը պարտադիր կերպով նախկինում (մինչև 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը) ընդգծել է Արցախի հատվածում գետի ձախափնյա վերահսկողությունը հայկական ուժերի կողմից: Ըստ ադրբեջանական պնդումների, որոնք ամրագրվել են նաև միջազգային կառույցներին տրամադրված զեկույցներում, Կուր և Արաքս գետերի ավազաններ Հայաստանի կողմից տարեկան շուրջ 350 մլն խմ աղտոտված ջուր է թափվում, իսկ Վրաստանի կողմից՝ 330: Այդ ջուրն, ինչպես ներկայացվել է բազմիցս, աղտոտված է ծանր մետաղներով, ֆենոլով, նավթամթերքով: Ադրբեջանական զեկույցներում տեղ գտած ձևակերպումների համաձայն՝ հայկական կողմից աղտոտվելու հետևանքով Արաքս գետում պղնձի, մոլիբդենի և այլ ծանր մետաղների քանակության նորման գերազանցում է 100 անգամ, ինչի հետևանքով, ըստ այդ պնդումների, գետում ոչնչանում է միկրոֆլորան և ֆաունան, գետի ինքնամաքրման գործընթացը կանգ է առել, գետի ավազանը վերածվել է «մեռյալ գոտու»: Եվ այստեղ, ի շարունակություն, խոսվում է բնակչության առողջության վրա այդ ամենի բացասական ազդեցության մասին[29]:

 

Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես պարբերաբար հայտնվում է ադրբեջանական մեղադրանքների կիզակետում: Արաքս գետի մակարդակի էական անկման թեժ շրջանում՝ 2020թ. ամռանը, Բաքուն նույնիսկ պաշտոնապես է դիմել իրանական կողմին՝ վերջինի տարածքում ջրառը նվազեցնելու և Նախիջևան-Իրան սահմանաբաժան հանդիսացող Արաքսի ջրամբարի թողքն ավելացնելու առաջարկով, ինչին Թեհրանը դրական է արձագանքել[30]՝ որոշակիորեն մեղմելով Ադրբեջանի հարավային շրջանների բնակիչների դժգոհությունները: Իրանի հետ ջրային հարցերում անհամաձայնություններն ավելի վաղ պատմություն ունեն, սակայն մեզ հետազոտության համատեքստում հիշենք դեռևս 2016թ. փետրվարին («ապրիլյան պատերազմից» ամիսներ առաջ) Ադրբեջանի և Իրանի միջև կնքված համաձայնագիրը՝ Խուդաֆերինի ջրամբարի համատեղ շահագործման վերաբերյալ[31]:

Iran, Azerbaijan to inaugurate major water project soon - Tehran Times

Ուշագրավն այն է, որ այդ ջրամբարն ադրբեջանական վերահսկողության ներքո է անցել միայն 2020թ. Արցախի դեմ ծավալված պատերազմի ընթացքում: 2016թ. ստորագրված փաստաթղթում նշվում է, որ Իրանը կապահովի հիդրոհանգույցների ու հիդրոէլեկտրակայանների շինարարության ավարտը, հիդրոհանգույցներում ու հիդրոէլեկտրակայաններում ջրային ու էներգետիկ ռեսուրսների պահպանումն ու շահագործումը մինչև Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը, ինչը վերահաստատում է, որ Ադրբեջանն Իրանի հետ ջրային հարաբերությունները նույնպես հաջողությամբ քաղաքականացրել է՝ կորզելով հնարավորը:

 

Արաքսն ու Կուրը ցամաքեցնող Թուրքիան, սակայն, «մեղավոր չէ»

 

Կուր և Արաքս գետերի վրա խոշոր ջրամբարներ կառուցելու թուրքական ծրագրերի մասին հայտնի է դեռ 2010թ.-ից: Անհանգստացնող էին հատկապես Կուր գետի հունը փոխելու թուրքական մտադրությունները, ըստ որի՝ կառուցվելիք նոր ջրանցքից հետո հոսքն ուղղվելու էր ոչ թե Վրաստան, Ադրբեջան, ապա՝ Կասպից ծով, այլ՝ Թուրքիայի տարածքով դեպի Ճորոխ գետ ու Սև ծով[32]: Թուրքիայի տարածքում սկիզբ առնող Կուր գետը համարվում է ադրբեջանական խմելու և ոռոգման ջրի հիմնական աղբյուրը, սակայն ուշագրավ է, որ գետի հետագա ցամաքեցման թուրքական ծրագրերն ադրբեջանական տիրույթում քննադատության այդպես էլ չարժանացան, փոխարենը՝ մեղադրվեցին Հայաստանն ու Վրաստանը[33]: Ակնհայտորեն՝ ադրբեջանական պետական քաղաքականությունն է ուղղորդում այդ դժգոհությունները, սակայն քարոզչական տեղեկատվությունը մատուցվում է նաև սեփական ժողովրդին: Ադրբեջանցի որոշ մերձիշխանական բնապահպաններ նույնպես, հատկապես 2020թ.-ից հետո, Կուր գետի մակարդակի աննախադեպ անկման պարագայում, շարունակեցին արդարացնել Թուրքիային[34]: Իրականում՝ գետի հունը դեռևս չի փոխվել, բայց այս ընթացքում թուրքական իշխանությունները Կուրի վրա մի շարք ջրամբարներ են կառուցել՝ ինչպես ոռոգման, այնպես էլ հիդրոէլեկտրակայանների կառուցման նպատակով, ինչի հետևանքով Կուր գետի մակարդակն արդեն իսկ, մինչև Վրաստան հասնելը, էականորեն նվազում է (քանակը հայտնի չէ): Դրան գումարվում է վրացական կողմում ջրի սպառումը, ինչն արդեն ադրբեջանական տարածքում հանգեցնում է գրեթե չորացմանը՝ երբեմն նույնիսկ չհասնելով Կասպից ծով:

 

Առավել վատ իրավիճակ է Արաքս գետի դեպքում, որն այսօր արդեն Ադրբեջանի կողմից չի դիտարկվում որպես իր ջրային ապահովման կարևոր աղբյուր: Արաքս գետի և նրա վտակների վրա կառուցվել, կառուցվում և ծրագրված է կառուցել ընդհանուր առնվազն 14 ջրամբար։ Չնայած սեփական ջրային պաշարների առկայությանը՝ Թուրքիան մինչև 2016-2017թթ. էլեկտրաէներգիան հիմնականում ներկրում էր հարևաններից և հատկապես Ադրբեջանից: Սակայն որոշ ջրամբարների և հէկ-երի կառուցումից հետո՝ 2017թ.-ից, զարկ է տվել էլեկտրաէներգիայի տեղական աղբյուրների կառուցմանը՝ մեծ թափով ջրամբարաշինական ծրագրեր իրականացնելով: Արդյունքում՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը շուրջ 60 տոկոսով նվազել է: Ադրբեջանից, օրինակ, Թուրքիան 2017թ. ներկրել է 285998000 կվտ/ժամ էլեկտրաէներգիա և դրա դիմաց վճարել է 17688389 $, մինչդեռ 2016թ. ներկրվել է 359635000 կվտ/ժամ հոսանք։ Փաստորեն՝ տարեկան միլիոնավոր դոլարներ Ադրբեջանին վճարող Թուրքիան ձգտում է նվազեցնել այդ երկրից էներգետիկ կախվածությունը՝ առնվազն ջրի հաշվին, և խնայել դրամական միջոցները[35]:

Perspectives | Dam building on the Kura-Aras and water tensions in the  Caucasus | Eurasianet

Այդ ծրագրերի շրջանակներում, բացի Կուր գետի վրա կառուցված ջրամբարներից, թուրքական կողմը վերջին տարիներին կառուցել է 2 խոշոր ջրամբար, և դեռ նորերն են կառուցվում՝ ոռոգման և հէկ-երի նպատակով: Խոշորագույնը Կարսի նահանգի Սարիղամիշի շրջանում Արաքսի գետի վրա կառուցված Քարաքուրթի ջրամբարն է։ Մյուս ջրամբարը Հայաստանի հետ սահմանից ոչ հեռու՝ Իգդիրի նահանգի Թուզլուջա (Կողբ) շրջանում է։ Այս երկու ջրամբարների կառուցումը, փաստորեն, էականորեն կրճատել է Արաքսի հոսքը՝ մտահոգություններ առաջացնելով Հայաստանում և Իրանում, սակայն Ադրբեջանում դրանց մասին խոսելը, կարծես, արգելված է։ Արաքսի վրա կառուցված ջրամբարներն ամբողջությամբ լցնելու դեպքում Թուրքիան հնարավորություն կունենա ամբարել մոտ 1.4 մլրդ խմ ջուր, մինչդեռ Սուրմալու հիդրոլոգիական դիտակետում 1964-2013թթ. ժամանակահատվածի համար Արաքսի գետի հոսքի ծավալը կազմել է 2.54 մլրդ. խմ: Ջրամբարների կառուցումից հետո այդ մեծությունը կարող է կազմել 1.1 մլրդ խմ, որի 50 տոկոսը կրկին պատկանելու է Թուրքիային՝ համաձայն 1927թ. Կարսի համաձայնագրի: Արդյունքում՝ Հայաստանին բաժին կհասնի ընդամենը 0.57 մլրդ խմ ջուր՝ ներկայիս 1.3 մլրդ խմ-ի փոխարեն, և բացասաբար կազդի Արարատյան դաշտի ջրային պաշարների ու ոռոգման կազմակերպման վրա: Սակայն եթե Հայաստանը ջրային ապահովության տեսանկյունից որոշակի բարվոք վիճակում է, ապա թուրքական ջրամբարներն առավել խոցելի են դարձրել Ադրբեջանի (այդ թվում՝ Նախիջևանի) և Իրանի՝ Արաքսից սնվող տարածքները: Հավանաբար հենց սա էլ հանգեցրել է վերջինների միջև ջրային ոլորտում համագործակցության խորացմանը, որպես նույն աղբյուրից տուժած երկրներ, բայց եթե Իրանը Թուրքիայի հետ այդ հարցը բազմիցս քննարկել է, ապա ադրբեջանական տեղեկատվությունն այս քննարկումների մասին խիստ սուղ են[36]:

 

Այստեղ չբացառելով Ադրբեջանի և Թուրքիայի միջև ջրային հակասությունների առկայությունը (չնայած որոշակի «լռությանը»)՝ հիմքեր կան պնդելու, թե իրականում տեղի ունեցող զարգացումները հիմնականում համագործակցային են: Պատկերավոր եթե ներկայացնենք, կստացվի, որ Թուրքիան Հայաստանին և Իրանին զրկում է ջրային պաշարների մի զգալի մասից, բայց դրանից նույնպես տուժող Ադրբեջանն իր այդ՝ ջրի անբավարարության հարցում մեղադրում է Հայաստանին ու Արցախին և ձեռնարկում հայկական ջրային պաշարները յուրացնելու ռազմաքաղաքական գործողություններ՝ այդ հարցում ստանալով թուրքական աջակցությունը (օրինակ՝ Արցախի դեպքում՝ սկզբում՝ Իրանի «տարածքային ամբողջականության» կորզում՝ Խուդաֆերինի ջրամբարի հարցում, ապա՝ Սարսանգի և Մատաղիսի ջրամբարների հարցի շահարկում):

 

4. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՋՐԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԸ»՝ ԽԱԲԿԱՆՔԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Բաքվին և հարակից շրջաններին՝ անտեսելով հատկապես ծայրագավառները և գյուղական բնակավայրերը: Անհանգստություն ունենալով Բաքվում բնակչության աճով և տնտեսական զարգացմամբ պայմանավորված ջրի պահանջարկի հնարավոր անբավարարության վերաբերյալ՝ մայրաքաղաքը ջրով ապահովելու նպատակով դեռևս Հեյդար Ալիևի օրոք մեկնարկել է Տախտաքյորփուի ջրամբարի կառուցումը, որը շահագործման է հանձնվել միայն 7 տարի անց՝ 2013թ.: Ռուսաստանի հետ որոշ հատվածում սահմանակից Սամուր գետի ավազանից սկիզբ առնող այս ջրանցքի բացման արարողության ժամանակ Իլհամ Ալիևը, փաստացի, սկիզբ դրեց Ադրբեջանի «ջրային օրակարգին»՝ այն փաթեթավորել հարևաններին ուղղված տարածքային պահանջ-մեղադրանքներով: Ալիևի հայտարարության այդ կարևոր հատվածը, որը հետահայաց կերպով լավագույնս բնորոշում է պաշտոնական Բաքվի վարքագիծը ջրի խնդրի համատեքստում, նպատակահարմար ենք համարում մեջբերել.

Perspectives | Don't water it down: The role of water security in the  Armenia-Azerbaijan war | Eurasianet 

«Մեր ջրերը սկիզբ են առնում Կուր, Արաքս և Սամուր գետերից, որոնց սկզբնաղբյուրները գտնվում են այլ երկրներում: Այդպիսով, ջրային անվտանգությունը մեզ համար ռազմավարական նշանակության հարց է, և ապագայում ջրային ռեսուրսները ռազմավարական արժեք են ունենալու բոլոր երկրների համար: Այսօր աշխարհում պայքար է ընթանում առաջին հերթին նավթագազային ռեսուրսների համար, և Ադրբեջանը, բարեբախտաբար, ռացիոնալ է օգտագործում այդ պաշարները հանուն երկրի զարգացման և ժողովրդի բարեկեցության: Սակայն կգա ժամանակ, երբ ջրային ռեսուրսների համար պայքարն առավել կսրվի: Մենք արդեն տեսնում ենք այդ պայքարի դրսևորումները: Այդ պարագայում Ադրբեջանում ջրային անվտանգությունը պետք է լիարժեք ապահովվի: … Ջրային անվտանգությունը ռազմավարական նշանակության հարց է…»[37]:

 

Փաստորեն, միջազգային մի շարք կառույցների զեկույցներն ու հայտարարությունները, սկսած առնվազն 2012թ.-ից, ահազանգել են առաջիկա տասնամյակներում երկրագնդին և դրա առանձին տարածաշրջաններին սպառնացող վտանգի մասին, և Ադրբեջանը, որպես ռիսկային գոտում գտնվող երկիր, ընդունելով, որ ունի ջրի խնդիր և այն առաջիկայում խորանալու է, խնդրի «լուծման» համար որդեգրել է յուրահատուկ քաղաքականություն՝ արդարացնելու և հիմնավորելու ինչպես ագրեսիան Արցախի ու Հայաստանի դեմ, այնպես էլ՝ տարածքային պահանջներ ներկայացնելու Վրաստանին (Կուր գետի հատվածում) ու Ռուսաստանին (Սամուր գետի հատվածում):

 

2020թ. Արցախի վրա հարձակման «ջրային հիմնավորումներին» դեռ կանդրադառնանք, սակայն այստեղ բերենք Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունները, որոնք արվել են Արցախի նկատմամբ ագրեսիայից առաջ և հետո: Այսպես, օրինակ, Ադրբեջանում ջրի խնդրի վերաբերյալ բարձր մակարդակով սկսեցին խոսել հատկապես 2020թ. գրանցված աննախադեպ երաշտի ու տապի պայմաններում: Նույն թվականի ամռանը Իլհամ Ալիևի մասնակցությամբ ջրի խնդրին նվիրված մի շարք քննարկումներ են անցկացվել կառավարությունում, որոնցից մեկի ժամանակ Ադրբեջանի նախագահը նշել է. «Այսուհետ խմելու և ոռոգման ջրի հետ կապված ծրագրերը մեր օրակարգում են լինելու որպես ամենակարևոր հարցեր: Քննարկման նպատակներն են սխալների ուղղումը և առաջիկա տարիների ընթացքում այս ոլորտում առկա թերությունների կարգավորումը»[38]: 2020թ. պատերազմում Մատաղիս բնակավայրը և նույնանուն ջրամբարը վերահսկողության տակ վերցնելուց և դրանք անվանափոխելուց («Սուղովուշան») հետո, 2022թ. Ալիևը կրկին խոսել է «ջրային անվտանգության» մասին՝ նշելով, որ «Սուղովուշանի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի»[39]:

 

Դեռևս պատերազմից առաջ՝ 2020թ. հուլիս 27-ին, Ալիևը հաստատել էր «Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը, որը ենթադրում էր թվով 10՝ Ալինջաչայի, Քուդյալչայի, Վյալաչայի, Ղարաչայի, Գուսարչայի, Աղսուչայի, Թուրյանչայի, Ենգիջայի, Վելաչայի և Զեյամչայի ջրամբարների, Շոլլարի ջրանցքի կառուցման ուղղությամբ աշխատանքների մեկնարկում (տեխնիկատնտեսական հիմնավորումներ, նախագծային հաշվարկներ և այլն), Մուղանի գլխավոր, Բոզթեփե, Ռասուլարխ, Ղըզըլարխ, Նոր Հարավմուղան, Հին Հարավմուղան, Սաբիր, Ներքին Մուղան, Ակուշ, Թուրիանչայի աջափնյա և ձախափնյա, Խանարխ, Թարթառի ձախափնյա, Պ-Օ, Հին Խանղըզ, ՉՏԶ, Ղըզլըղ, Ռ-15, Վերին Զեյխուր ոռոգման ցանցերի, Բահրամթափայի հէկ-ի նորոգում և այլ միջոցառումներ[40]: Մեկ այլ առիթով նույն Ալիևը՝ Ադրբեջանի նախագահը, խոսելով ջրի խնդրի մասին, նշել էր, որ անապատացման գործընթաց է սկսվել երկրում, ինչն ահագնանալու է մինչև 2030թ.[41]:

 

Ջրային օրակարգին մեծ հնչեղություն հաղորդելու նպատակով Ալիևի հրահանգով խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի նախաձեռնությամբ 2020թ. հուլիսի 1-ին Ադրբեջանի խորհրդարանի (Միլլի Մեջլիս) բնական պաշարների, էներգետիկայի և էկոլոգիական հարցերի կոմիտեում երկրի ջրային խնդրին նվիրված լսումներ են կազմակերվել, որին մասնակցել են նաև մյուս կոմիտեների պատգամավորները և այլ պաշտոնատար անձինք: Օրենսդիր մարմինը պատրաստակամություն է հայտնել աջակցել կառավարությանը՝ ջրային խնդրի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների համար օրենսդրական անհրաժեշտության փոփոխություններ կատարելու առումով՝ հիշեցնելով, որ օրենսդիր և գործադիր մարմինների համագործակցության մասին Ադրբեջանի նախագահն է հրահանգել: Լսումների ընթացքում մասնակիցները խոսել են համաշխարհային ջրային պաշարների, խմելու ջրի ծավալների մասին՝ ընդգծելով, որ ջրային պաշարներն ամբողջ աշխարհում են պակասում բնակչության աճի, տնտեսական զարգացման, նոր ձեռնարկությունների հիմնադրման պատճառով: Անդրադառնալով Ադրբեջանի ջրային խնդրին՝ մասնակիցները շեշտել են, որ երկիրը ջրային պաշարների առումով Կովկասում ամենավատ վիճակում է, ինչի պատճառը ջրի աղբյուրների աշխարհագրական տեղադիրքն է, դրանց բաշխվածությունը և ջրի հիմնական պաշար հանդիսացող Կուր և Արաքս գետերի աղտոտվածությունը[42]:

 

Բացի վերոնշյալ միջոցառումներից՝ ադրբեջանական իշխանությունների կողմից ընդունված մի շարք պետական ծրագրեր, այդ թվում՝ «Ադրբեջան 2020. հայացք դեպի ապագան» ռազմավարությունը, «Բաքվի 2040թ. գլխավոր հատակագիծը» և ոլորտային այլ փաստաթղթեր նախանշել են տարբեր շրջափուլերում ձեռնարկելիք միջոցառումները, որոնք, իբր, ենթադրում են այդ երկրի ջրամատակարարման բարելավում, ենթակառուցվածքների արդիականացում, նոր համակարգերի կառուցում և այլն: Այդպիսի ծրագրեր և հսկայական ներդրումներ ոլորտում իրականացվել են (օրինակ՝ Իսրայելի հետ համատեղ ձեռնարկված Կասպից ծովի ջրի վերամշակման ծրագիրը, որի մանրամասներն այդպես էլ գաղտնի մնացին)[43], սակայն դատելով ջրի սակագնի պարբերական բարձրացումներից (2021թ.՝ երկու անգամ, 2023թ.) և քաղաքացիների շարունակվող դժգոհություններից՝ ակնհայտ է, որ մի կողմից՝ ներդրումներն անարդյունավետ են, մյուս կողմից՝ «ջրային խաբկանքի» քաղաքականությունն այդ երկրի գործող վարչախմբին ծառայում է ագրեսիան արդարացնող և սեփական բնակիչներին հակահայկական տրամադրություններով համախմբելու միջոց:

 

Այս համատեքստում հարկ է ընդգծել այն հաջողությունները, որոնց հասել է Ադրբեջանը՝ միջազգային կառույցներում փոխըմբռնում առաջացնող զեկույցների, հայտարարությունների ու ձևակերպումների հասնելով: «Ջրային խաբկանքի» օրակարգն Ալիևի վարչախումբը կարողացել է լեգիտիմացնել միջազգային իրավական փաստաթղթերին հղումներով, մեջբերումներով, դրանց՝ ադրբեջանանպաստ դրույթներով, որոնք հաճախ առանձին զեկույցներում կիրառվել են միակողմանիորեն: Բերենք օրինակներ.

 

1) Վերոնշյալ հանրային լսումների ընթացքում հնչած հայտարարությունների օրինակով՝ արտաքին լսարանին ուղղված հրապարակումներում ադրբեջանական կողմը ջրի խնդիրը ներկայացրել է տարածաշրջանային ընդհանուր պաշարների համատեքստում՝ նշելով, թե Հարավային Կովկասի ջրային պաշարները կազմում են 310 մլրդ խմ, որից Ադրբեջանին ամենափոքր մասն է բաժին ընկնում: Այս ձևակերպման վտանգավորությունն այն է, որ տարածաշրջանի խմելու ջրի ամենախոշոր աղբյուրը Սևանա լիճն է, ըստ այդմ՝ ձևակերպումն առանց վարանելու ենթադրում է նկրտումներ Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող լճի նկատմամբ, սակայն այդ «տարածքային պահանջը» միջազգային հարթակներում մատուցվում է որպես «տարածաշրջանային արժեք»՝ շատ առումներով արժանանալով արտաքին հավանության կամ, առնվազն, առարկությունների բացակայության: Այստեղ Բաքուն ծանրակշիռ հիմնավորում է բերում այն, որ Ադրբեջանը ջրային ռեսուրսների վերաբերյալ ավելի շատ միջազգային կոնվենցիաների է միացել, քան՝ Հայաստանն ու Վրաստանը[44]:

 

2) Միավորված ազգերի կազմակերպության եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE), եվրոպական կառույցների և արտաքին ազդեցիկ հարթակներում աշխատանքների շրջանակներում Ադրբեջանի կողմից պարբերաբար տարաբնույթ զեկույցներ են հրապարակվել, որոնցում առկա են շեշտադրումներ Հայաստանի կողմից դեպի Ադրբեջան հոսող գետերի ու ջրանցքների հոսքը արգելափակելու և դրա հետևանքով Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում ի հայտ եկած խնդիրների մասին: Այդօրինակ փաստաթղթերը հիմնավորվում են միջազգային իրավական ակտերի (Convention on “Protection and use of trans-boundary water flows and international lakes” (March 17, 1992, Helsinki), Water problems and health Protocol of the Convention on “Protection and use of trans-boundary water flows and international lakes” - London, Convention “On Environmental Impact Assessment in transboundary context” (February 25, 1991, Espo), Convention on Trans-boundary Impact of Industrial Accidents, UN Convention on the “Access to information related to environment, community participation in decision making and openness of justice court” (June 25, 1998 Denmark, Orkhus) և ուրիշ) այնպիսի արտահայտություններով, ինչպիսիք են՝ «մարդու իրավունքներ, հավասար հնարավորություններ, հավասար հասանելիություն» և այլն[45]: Դրանց մեջ, սակայն, առանձնանում է ԵԽԽՎ 2016թ. բանաձևը, որի արձանագրումները լավագույնս ի ցույց դրեցին բանակցային գործընթացի էությունը, դրա համատեքստում շեշտադրված ջրային խնդրի հարցում ադբեջանական քաղաքականության հանդեպ միջազգային կառույցների ըմբռնումը:

 

5. ԱՐՑԱԽԻ ԴԵՄ ԱԳՐԵՍԱՅԻ «ՋՐԱՅԻՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ». ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԿՅԱՆՔՈՒՄ, ՍԱԿԱՅՆ, ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ

 

Ջրային պաշարների շահարկմամբ Արցախի հարցի «լուծման» ադրբեջանական քաղաքականության սկիզբն իրավացիորեն կարող ենք համարել 2013թ.-ը, քանի որ դրանից հետո Բաքուն սկսեց թե´ իր հանրության առաջ, թե´ միջազգային հարթակներում ակտիվորեն առաջ մղել հակահայկական քարոզչությունը, ըստ որի՝ «հայերը փակել են դեպի Ադրբեջան հոսող ջրի ճանապարհը»: Խոսքն ի սկզբանե վերաբերել է Արցախին և հատկապես Սարսանգի ու Մատաղիսի ջրամբարներին, և Բաքուն այս ուղղությամբ արդեն 2014թ. կարողացել է հասնել շոշափելի արդյունքների՝ Արցախի հարցի կարգավորման շրջանակներում հիմնավոր առավելություններ արձանագրելով: Ինչպես նկատելի է ստորև բերված քարտեզում՝ Կուր և Արաքս գետերի մի շարք վտակներ սկիզբ են առնում հենց Արցախի տարածքից, Հայաստանից և Հայաստանի հետ սահմանամերձ շրջաններից[46], ուստի պատահական չէ այդ տարածքների նկատմամբ «ադրբեջանական հետաքրքրությունը» և հետևողականորեն հիմնավորվող ռազմավարությունը: 

 The unrecognizable Sarsang and the winter no one will ever forget in  Artsakh - Mediamax.am

Այսպես, 2016թ. հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունեց «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերտառությամբ թիվ 2085 բանաձևը (այսուհետ՝ Բանաձև): Բանաձևի 5-րդ կետը, մասնավորապես, հղում էր անում դեռևս 2014թ. մայիսի 20-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը[47], ըստ որի՝ «համանախագահները հույս էին հայտնում, որ կողմերն այդ ջրային պաշարների  համատեղ կառավարման հարցում կգան համաձայնության՝ ի բարօրություն տարածաշրջանի»: Այստեղ նկատի են առնվում Սարսանգի և Մատաղիսի ջրամբարները, որը, ըստ 2016թ. ընդունված Բանաձևի հեղինակի, արգելում է ջրի հոսքը դեպի ադրբեջանաբնակ տարածքներ: Անդրադառնալով Բանաձևի մյուս կարևոր դրույթներին՝ հիշեցնենք, որ ի թիվս հակահայկական մի շարք ձևակերպումների, Հայաստանը դրանով մեղադրվում էր Ադրբեջանի տարածքներն օկուպացնելու, էկոլոգիական ագրեսիայի դիմելու, միտումնավոր կերպով ադրբեջանցիներին խմելու ջրից զրկելու, ջրային պաշարները որպես քաղաքական ճնշում բանեցնելու մեջ: Նշվում է նաև, որ Սարսանգի ջրամբարը երկարատև շահագործման ընթացքում չի վերանորոգվել և վթարային վիճակում է, ինչը սպառնալիք է ադրբեջանական բնակավայրերի համար: Ըստ այդմ՝ Հայաստանին կոչ է արվում զինված ուժերը դուրս բերել Ադրբեջանի տարածքից, չխոչընդոտել անկախ ինժեներների և հիդրոլոգների մուտքը՝ տեղում մանրամասն ուսումնասիրություններ կատարելու համար, և վերջապես՝ դադարեցնել ջրային պաշարները որպես քաղաքական ճնշման միջոց կիրառելը[48]:

 

Բանաձևի ընդունումը նոր թափ հաղորդեց ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից Սարսանգի և Արցախի մյուս ջրային պաշարների հարցի շահարկմանը: Ջրի թեմայով հրապարակումները, ոչ պատահականորեն, ներառում էին նաև տվյալներ «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի օկուպացիայի, ջուրը քաղաքական նպատակներով հօգուտ հակամարտության մի կողմի կիրառելու» և այլնի մասին՝ շատ դեպքերում հիմնվելով ոչ միայն նախորդ շրջանի ադրբեջանական մտացածին ձևակերպումների, այլև արդեն՝ 2013-2016թթ. ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններում տեղ գտած արտահայտությունների վրա, որտեղ, ինչպես հայտնի է, կիրառվել են բացառապես ադրբեջական տեղանուններ, «գրաված շրջանները վերադարձնելու» մասին և այլ մտքեր (որքան էլ հայկական իշխանություններն այդ տարիների բանակցային գործընթացը համարեն «հաջողված»): Չխորանալով բանակցային քաղաքական առանձնահատկություններում՝ միայն ընդգծենք, որ ջրի հարցն ադրբեջանական կողմը հաջողությամբ «խցկել է» բանակցային փաստաթղթերում՝ հետագա քաղաքականությունն առաջ մղելու նպատակով, և, փաստորեն, հաջողել է:

 

2016թ. և դրանից հետո տարբեր հարթակներում պարբերաբար հրապարակումներ են արվել այն մասին, որ «1994թ. հրադադարի արդյունքներով Ադրբեջանը ոչ միայն տարածքներ է կորցրել, այլև՝ ջրային պաշարներ, այդ թվում՝ 1976թ. կառուցված և 560 մլն խմ ծավալով ջրամբարը, որը վերահսկում են հայ անջատողականները՝ ջրազրկելով ադրբեջանական Թարթառի և հարակից շրջանները (շուրջ 480 հազար բնակչություն)»[49]:

 

Դատելով 2016թ. Բանաձևում և դրա դրույթների հիմնավորումներում միջազգային փաստաթղթերին արվող հղումներից՝ ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական կողմը մեծ ջանքեր է գործադրել՝ ընդդեմ Հայաստանի գործի դնելով իրավական ու քաղաքական այնպիսի միջոցներ, որոնք, փաստորեն, 2014 և 2016 թվականներին արդեն Ադրբեջանին մի կողմից «օրինական» իրավունք են վերապահել Հայաստանին համարել ագրեսոր (ռազմական և «էկոլոգիական» իմաստներով)՝ այդ հիմքով արդարացնելու հետագա (2016թ. և 2020թ.) հարձակումները, մյուս կողմից՝ սեփական հանրությանը համախմբելով հակահայկական տրամադրությունների շուրջ, ըստ որի, իբր, «ադրբեջանցիները ջուր չունեն, քանի որ հայերն են փակել ջրի հոսքը»: Սակայն 2020թ. պատերազմի ընթացքում Մատաղիսի ջրամբարն ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց և ավելի ուշ Սարսանգի ջրամբարի համատեղ օգտագործման վերաբերյալ Արցախի իշխանությունների հետ պայմանավորվածություններից հետո ադրբեջանական գյուղերի բնակիչների ջրի խնդիրն այդպես էլ չլուծվեց: Հարկ է նշել, որ Արցախի ներկայացուցիչները մշտապես՝ մինչև 2020թ. (2013, 2016, 2019) և դրանից հետո (2021, 2022) պատրաստակամություն են հայտնել Սարսանգի ջրամբարը համատեղ օգտագործելու հարցում, սակայն պայմանավորվածություն այդպես էլ ձեռք չի բերվել: Համարվել է, որ այդ պայմանավորվածությունը կորակվի Ադրբեջանի կողմից Արցախի սուբյեկտայնության ընդունում[50] և ենթադրվել է, թե հենց այդ պատճառով է Բաքուն մինչև 2020թ. խուսափել Սարսանգի հարցում պայմանավորվածություններից, սակայն ադրբեջանցի մասնագետները պնդել են, թե դրանք չեն կարող ենթադրել «ճանաչում», իսկ Թարթառի ու հարակից շրջանների բնակիչներն իրենց հերթին պարզապես ակնկալել են «ջրի հարցի լուծում» և հակամարտության խաղաղ կարգավորում: Հետագայում ակնհայտ դարձավ, որ Բաքուն նաև ջրի խնդիրը լուծելու քողի ներքո ռազմական գործողությունների դիմեց Արցախի դեմ, իսկ մինչև 2020թ. «ջրազրկումը» պարզապես հետագա գործողությունների արդարացման նախապատրաստություն էր՝ ինչպես սեփական հանրության, այնպես էլ՝ արտաքին դերակատարների հետ խոսույթում:

 

Եվ այսպես, 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Արցախի ջրային պաշարների մի մասն (այդ թվում՝ 9 ջրամբար և 30 հէկ) անցան Ադրբեջանի վերահսկողության տակ: Ռուս խաղաղապահների հսկողության գոտում մնաց միայն Սարսանգի ջրամբարը: 2022թ. դրությամբ Արցախի հարևանությամբ գտնվող ադրբեջանական գյուղերի բնակիչները, սակայն, շարունակեցին դժգոհել ջրի սակավությունից, իսկ հազարավոր հեկտարներ՝ մնալ անջրդի: Գլխավոր պատճառ հռչակվեց Սարսանգի նկատմամբ հայկական վերահսկողությունը, և հերթական ագրեսիան արդարացնելու համար գործի դրվեց ավանդական՝ ջրային քաղաքականությունը: Ադրբեջանական տեղեկատվական տիրույթում առավել հաճախ սկսեցին հայտնվել հրապարակումներ բնակիչների դժգոհությունների մասին, ըստ որոնց՝ ձմռան ամիսներին հայկական կողմը (Արցախ) Սարսանգի ջուրն օգտագործում է էլեկտրաէներգիայի ստացման համար՝ ջուրն արձակելով դեպի ադրբեջանական գյուղերը, որտեղ այդ ընթացքում գյուղատնտեսական աշխատանքներ և ոռոգում չեն իրականցվում, փոխարենը, Ադրբեջանի նախագահի պնդմամբ, ձմռանն այդ ջուրը ջրհեղեղներ ու ավերածություններ է առաջանցում, իսկ մասնագիտական շրջանակները սկսեցին պնդել, թե Սարսանգն «ազատագրելու» դեպքում հնարավոր կլինի ջրով ապահովել ադրբեջանական Թարթառի, Բարդայի, Եվլախի և Գերանբոյի շրջանները:

 

Ուշագրավ է մեկ այլ հանգամանք. Մատաղիսի ջրամբարը գրավելուց հետո Ադրբեջանի նախագահը 2021թ. հայտարարեց, թե այդպիսով կլուծվի բազմաթիվ գյուղերի ջրի հարցը, և ընդգծեց, թե ջրամբարը «ռազմավարական նշանակություն» ունի Ադրբեջանի համար և դրա շնորհիվ «կամրապնդվի ադրբեջանցիների ջրային անվտանգությունը»[51]: Սակայն դրանից մեկ տարի անց Թարթառի շրջանի բնակիչները դեռևս «ջուր չէին տեսել» և նրանց սպասումները չէին արդարացել: 2022թ. հունիսին Բաքվի և Արցախի ներկայացուցիչները բանավոր կերպով համաձայնել են Սարսանգի ջրամբարից ջրի մի մասը բաց թողնել դեպի Ադրբեջան[52]: Հաղորդվում է, որ ըստ այդ գործարքի՝ հէկ-ը սկսել է էլեկտրաէներգիա արտադրել ամռանը՝ ջուրը բաց թողնելով դեպի ադրբեջանական տարածքներ: Եվ ահա՝ պարզվեց, որ այսկերպ նույնպես հնարավոր չէ գյուղատնտեսական աշխատանքներ տանել, քանի որ դաշտերը ոռոգվում են հողային ջրանցքներով (սա հաստատել է նաև Ալիևը[53]), որոնք ներծծում են ջուրը, ու տեղ է հասնում ջրի չնչին մասը միայն: Փաստորեն՝ Սարսանգի ջրամբարից թողքի ավելացումը նույնպես չլուծեց Թարթառի և հարակից շրջանների գյուղատնտեսների խնդիրը: Փոխարենը՝ ջրի ոլորտի պատասխանատուներն այժմ սկսեցին պատճառաբանել, թե տարածքում հնարավոր չէ նորոգման աշխատանքներ տանել, քանի որ՝ «ականապատված է»[54]:

 

Ստացվում է՝ ադրբեջանական իշխանությունները տարիներ շարունակ իրենց քաղաքացիներին տրամադրել են, որ ջրի սակավության և դրանով պայմանավորված սանիտարական վատթար իրավիճակի պատճառը «հայերի կողմից իրենց ջրային պաշարների օկուպացիան է», մինչդեռ այդ տարածքների և հատկապես ջրամբարների նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո էլ իրավիճակը շարունակում է նույնը մնալ: Ընդ որում՝ ադրբեջանական իշխանությունները ջրի հետ կապված տնտեսական այլ հարցերում իրենց ձախողումներն են տեղավորել այդ տրամաբանության մեջ: Օրինակ՝ 2016թ. սեպտեմբերին Իլհամ Ալիևը բամբակագործությանը նվիրված խորհրդաժողով է հրավիրել՝ հիշեցնելով խորհրդային տարիներին այդ ոլորտի զարգացվածությունն ու նշանակությունն Ադրբեջանի համար («սպիտակ ոսկի»): Խորհրդաժողովի արդյունքներով ընդունվել է Ադրբեջանի բամբակագործության զարգացման 2017-2022թթ. պետական ծրագիրը, որը ենթադրում էր 2015թ. 35 հազար տոննա բամբակի արտադրությունը 2022թ. հասցնել 500 հազարի: Սակայն շուտով ակնհայտ դարձավ, որ ծրագիրն անիրատեսական է, և կրկին գործի դրվեց «հայերի կողմից ջրի արգելքի» պատճառով բամբակի դաշտերի չորացման վարկածը: Ջրի բացակայությամբ պայմանավորվեցին բամբակի դաշտերում պարբերաբար տարածվող հիվանդությունները, որոնց հետևանքով հարյուրավոր աշխատակիցներ պարբերաբար հայտնվեցին հիվանդանոցներում: Թեև պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ թունավորման հիմնական պատճառը թունաքիմիկատներն են, սակայն դրան ածանցվող մեկնաբանություններում կան պնդումներ, թե իրականում ջրի սակավությունն է հանգեցնում սանիտարական խնդիրների և թունաքիմիկատներից թունավորման[55]: Սակայն նույն ադրբեջանական աղբյուրներում որոշ դեպքերի վերաբերյալ զուգահեռաբար շեշտվել է, որ չեն պահպանվել տեխնիկական անվտանգության կանոնները: Ուշագրավ է, որ բամբակի դաշտերի մեծ մասը պատկանել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարին՝ Քյամալեդդին Հեյդարովին, և նրա մերձավոր պաշտոնակիցները փորձել են կամ մեղմ ներկայացնել ստեղծված իրավիճակի հետևանքները կամ սլաքներն ուղղել դեպի «ջուրը»:

 

Այս շարքն Արցախի պարագայում ամբողջացվեց 2022թ. դեկտեմբերի 12-ին՝ այսպես կոչված «էկոակտիվիստների» կողմից Լաչինի միջանցքի փակմամբ և դրան հաջորդած դեպքերով: Սակայն «էկոլոգիական» անհանգստություններն Արցախով բնավ չավարտվեցին (շարունակվեցին Արարատում ամերիկյան ներդրումներով մետաղաձուլական գործարանի հետ կապված իրավիճակով), քանզի սեփական հանրությանը ջրի սակավության և աղտոտվածության կեղծ պատճառներով կերակրելու և միջազգային հանրության մոտ ըմբռնում առաջացնելու ադրբեջանական քաղաքականության հետաքրքրության թիրախում ի սկզբանե եղել են նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի՝ առաջին հերթին ջրային պաշարներով հարուստ տարածքները: Եվ բնավ պատահական չէ, որ 2020թ.-ից հետո ադրբեջանական զորքերն օկուպացրեցին հատկապես Սև լճի, Ալ լճերի, Ջերմուկի, Սևանա լիճը սնուցող աղբյուրների ակունքների հատվածները, հաջորդ «նպատակ» հայտարարեցին Սևանա լիճը, իսկ 2024թ. արդեն նշանավորվեց Տավուշի մարզին սահմանակից «հայկական ուժերի կողմից օկուպացված 4 գյուղերի» պահանջով. շեշտենք, որ հենց այդ գյուղերի տարածքում ու դրանց հարևանությամբ կան խոշոր ջրամբարներ և ջրանցքներ…

 

6. ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ «ՋՐԱՅԻՆ ԱԳՐԵՍԻԱՆ» ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2024թ. ընթացքում Ադրբեջանում ջրի խնդրին և էկոլոգիական հարցերին նվիրված միջոցառումների աշխուժացումը խիստ անհանգստացնող է՝ հաշվի առնելով «ջրային խաբկանքի օրակարգի» վտանգավորությունը Հայաստանի անվտանգության տեսանկյունից: Պարբերաբար հրապարակելով Տավուշին սահմանակից ադրբեջանական Թովուզի շրջանի բնակիչների՝ ջրի սակավության ու աղտոտվածության մասին դժգոհությունների մասին լուրեր՝ ադրբեջանական պաշտոնական շրջանակներն այդ հարցը նույնպես փորձ են անում տեղավորել հայերի կողմից «էկոլոգիական ագրեսիայի» տիրույթում՝ պահանջելով գյուղեր, որոնց հարևանությամբ գտնվող ջրային պաշարները կարևոր նշանակություն պիտի ունենան մինչև 2050թ. Ադրբեջան պետության գոյության համար: Հիշենք սույն հետազոտության նախորդ բաժիններում բերված միջազգային տեղեկատվությունը, ըստ որոնց՝ Ադրբեջանի տարածքը նույնպես ռիսկային գոտում է ջրի անբավարարության տեսանկյունից, և որ մինչև 2050թ. իրավիճակն էլ ավելի է ահագնանալու: Ըստ այդմ՝ հասկանալի է, որ ի թիվս ռազմաքաղաքական այլ շարժառիթների, Ադրբեջանն այսօր փորձում է լուծել իր հետագա գոյության խնդիրը, զսպել ժողովրդական հնարավոր և նախանշվող հուզումները, քանի որ մշտապես հնարավոր չի կարող լինել ջրից կախում ունեցող բնակչությանը լռեցնել «հայերն են մեղավոր» պնդումներով:

 

«4 գյուղերի» մասով, կրկին չմանրամասնելով մյուս առաջնահերթությունները, պարզապես նշենք, ադրբեջանական ձեռագիրը հուշում է, որ Ադրբեջանն ամենայն հավանակությամբ փորձում է կյանքի կոչել նախ՝ դեպի Թովուզի դաշտերը ձգվող ջրանցքների ջրալցման, Տավուշի ջրային պաշարների յուրացման, ապա նաև՝ Սևանա լիճը հյուսիսից օղակելու հեռահար ծրագրերը: Կարևոր է տեղեկատվությունը, որ ներկայումս Բաքուն ջրամատակարարմամբ ապահովելու համար հարյուրավոր կիլոմետրերով ջրագծեր են անցկացվում Գյանջայի շրջանից, իսկ Տավուշը, փաստորեն, կարող է դառնալ այդ ջրի սկզբնաղբյուրը, քանի որ Գյանջան ևս հարուստ չէ խմելու ջրի պաշարներով:

 

«Զանգեզուրի միջանցքի» թեման վերհիշելով՝ պետք է ենթադրենք, որ Ադրբեջանին այդ միջանցքը պետք է նաև ջրային պաշարներով հարուստ Նախիջևանից դեպի Հորադիզ ձգվող ջրագիծ և ջրանցք կառուցել՝ այնտեղից կրկին կենտրոնական և արևելյան շրջաններ խմելու և ոռոգման ջուր տեղափոխելու համար: Սա կապված է մի կողմից՝ թուրքական հատվածում Արաքսի ջրերի զգալի մասի օգտագործման հետևանքով մինչև Ադրբեջանի տարածք հասնելը գետի ծանծաղեցման հարցը լուծելու մտադրության հետ, որով հնարավոր կլինի Արաքսի ջրամբարից անմիջապես ջուրը միանձնյա տեղափոխել, ինչպես նաև Նախիջևանի և Հայաստանի սահմանամերձ հատվածի խմելու ջրի աղբյուրներից վերցված ջուրը պաշարել՝ թույլ չտալով դրանց մուտքը Արաքս, մյուս կողմից՝ դրանով իրանական կողմի վրա «ջրային» ճնշում գործադրելու հնարավոր ծրագրերի հետ՝ լրացնելու հարևաններին ջրազրկելու թուրքական քաղաքականությունը: Բացի այդ՝ «միջանցքի» շնորհիվ Հայաստանը Սյունիքի հատվածում կզրկվի Արաքսի և նրա վտակների ջրից օգտվելու հնարավորությունից։

 

Հեռահար ծրագրերում ունենալով Սևանա լիճն առնվազն համատեղ օգտագործելուն հասնելու վարքագիծ՝ ադրբեջանական կողմը, ինչպես արդեն նշել ենք, արտաքին լսարանին մատուցում է դրա տարածաշրջանային նշանակությունը՝ միաժամանակ այս ընթացքում ռազմական ագրեսիա ցուցաբերելով դեպի լիճը տանող ուղիների վրա՝ Սոթքի և Վարդենիսի հատվածում: Այս մասին հետազոտության տարբեր հատվածներում բաց տեքստով մեջբերումներ, հղումներ և ակնարկներ արվել են, սակայն որպես «ջրային ագրեսիայի» շարունակություն՝ անհրաժեշտ հետևությունների թվում առաջնայինը հայկական քաղաքական և փորձագիտական օղակներում պետք է դառնա Սևանա լիճը միջազգային կառույցներում «պաշտպանելու» մարտավարական և ռազմավարական աշխատանքը:

 

Անհրաժեշտ հետևություններից առանձնացնենք միջազգային հարթակներում Ադրբեջանի ջրային ոլորտում տիրող իրական վիճակի մասին հանգամանալից տեղեկանքների և զեկույցների պատրաստման հարցում հայկական անտարբեր վարքագիծը, մինչդեռ այս ուղղությամբ հսկայական աշխատանք պետք է և հնարավոր է կատարել: Մասնավորապես, կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանն իրականում ունի բավարար ջրային պաշարներ, ինչպես հաստատում են նաև հենց ադրբեջանական աղբյուրները[56], սակայն շեշտադրմամբ, որ այդ երկրի իշխանությունները շատ դեպքերում միտումնավոր են իրենց բնակիչներին զրկում ջրից՝ հակահայկական տրամադրություններ տարածելով և արտաքին լսարանի առաջ Հայաստանի ու Արցախի դեմ ագրեսիան արդարացնող միջոցառումներ կազմակերպելով:

 

2016թ. ԵԽԽՎ բանաձևի օրինակով՝ այսօր էլ Ադրբեջանը «ջրի շաբաթ» կոչվող միջոցառմամբ և հատկապես COP29-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ուժգնացնում է հետագա ագրեսիայի հիմնավորման քաղաքականությունը: Վստահաբար՝ 2024թ. նոյեմբերին այդ երկրում կայանալիք կլիմայական համաժողովին Ադրբեջանը մեծ ուշադրություն է հրավիրելու «հայերի պատճառով» տարածաշրջանում առաջացող ջրային ճգնաժամի արհեստածին հարցին՝ այդ ցուցադրական ներկայացումը ողողելով միջազգային իրավական հիմնավորումներով, հեղինակավոր կառույցների ու փորձագետների հավաստիացումներով, հրավիրյալ և մասնակից հյուրերի շրջանում քարոզչական ահռելի աշխատանքով:

 

Ըստ այդմ՝ անհրաժեշտ է նախապատրաստվել՝ նախապես ներկայացնելով հակազդող հիմնավորումներ, հակընդեմ փաստեր, որոնք, անշուշտ, քիչ չեն: Բավական է մեկ փաթեթում ներառել նույն ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններն ու տեղեկատվությունն այդ երկրում ջրային անարդյունավետ քաղաքականության, չարաշահումների, ապօրինությունների, տեղի օլիգարխների կողմից ջրային պաշարները յուրացնելու, ոչ նպատակային ներդրումների և վատնումների, հողային ջրանցքների, անբարեկարգ ենթակառուցվածքների և շատ ու շատ այլ երևույթների մասին: Ի վերջո՝ դժվար չէ ապացուցել, որ զարգացած մայրաքաղաք որակվող Բաքվում օրական ընդամենը մի քանի ժամ ջրամատակարարումը ոչ մի կերպ կապ չունի Հայաստանից ու Արցախի հետ, այն դեպքում, երբ նույնիսկ խորհրդային տարիներին Բաքվում խմելու ջուրը բնավ «հիացմունքի արժանի» չի եղել: Պակաս կարևոր չէ աշխատել թուրք-ադրբեջանական հակասությունների վրա՝ դրանցում փաստարկված կերպով տեղավորելով Թուրքիայի կողմից դեպի Ադրբեջան հոսող գետերի ջրի էական նվազեցումն ու նույնիսկ չորացման սպառնալիքները՝ այդ տեղեկատվությունը ներարկելով ադրբեջանական հասարակության շրջանում:

 

 

ՀՂՈՒՄՆԵՐ



[1] "Bakı Su Həftəsi" konfransı: İqlim dəyişikliyi və su ehtiyatlarının idarə edilməsi problemlərinin həlli, 14.03.2024, BakuWaterWeek

[2] Inhabitants of frontier regions of Azerbaijan are deliberately deprived of water, 26.01.2016, Resolution 2085 (2016), PACE

[3] По объему водных ресурсов Азербайджан занимает 140-е место в мире, 10.03.2023, Azertac

[4] В обход счетчика: почему в Азербайджане усугубляется ситуация с дефицитом питьевой воды, 25.05.2023, SputnikАзербайджан

[5] Milli Məclisdə su təchizatı ilə bağlı dinləmələr keçirilib, 01.07.2020, Trend

[6] Azerbaijan faces growing water shortage, 21.08.2020, Eurasianet

[7] Куда исчезает питьевая вода, или Как спасти Азербайджан от опустынивания? – РЕШЕНИЕ НАЙДЕНО, 18.10.2022, 1News.az

[8] Причины нехватки воды и пути выхода, 10.07.2020, Turan

[9] Водные ресурсы Азербайджана, 30.11.2022, SputnikАзербайджан

[10] Azerbaijan faces growing water shortage, 21.08.2020, Eurasianet

[11] Ալիևի ելույթը, ապրիլ, 2021թ., President.az

[12] Причины нехватки воды и пути выхода, 10.07.2020, Turan

[13] Тарифы на питьевую воду предлагают пересмотреть в Азербайджане, 10.03.2023, SputnikАзербайджан

[14] В обход счетчика: почему в Азербайджане усугубляется ситуация с дефицитом питьевой воды, 25.05.2023, SputnikАзербайджан

[15] Azerbaijan faces growing water shortage, 21.08.2020, EurasiaNet

[16] Причины нехватки воды и пути выхода, 10.07.2020, Turan

[17] Azersu builds new main water supply pipeline in Neftchala, 03.07.2020, AzerNews

[18] Report Warns that Water Shortages Could Threaten Regions' Stability, Global Water Security, Intelligence Community Assessment, DNI

[19] Доклад ООН: преодолеть водный кризис можно только сообща, 21.03.2023, News UN

[20] Причины нехватки воды и пути выхода, 10.07.2020, Turan

[21] Milli Məclisdə su təchizatı ilə bağlı dinləmələr keçirilib, 01.07.2020, Trend

[22] В обход счетчика: почему в Азербайджане усугубляется ситуация с дефицитом питьевой воды, 25.05.2023, SputnikАзербайджан

[23] Azerbaijan's capital city, Baku, are at risk of water shortage, 08.01.2024, Azernews

[24] Азербайджан предложил РФ совместное управление рекой Самур, 02.07.2009, Кавказский Узел

[25] У Азербайджана меньше всего водных ресурсов, 28.02.2024, Haqqin

[26] Даже после войны азербайджанские фермеры продолжают испытывать дефицит воды, 18.08.2022, EurasiaNet

[27] Աղստև. գե՞տ, թե՞ աղբավայր, 27.07.2010, Hraparak

[28] Հայաստանը չի աղտոտում Կուր գետը, 20.07.2011, Ecolur

[29] Краткий доклад соответствии с протоколом по проблемам воды и здоровья, Азербайджан. Զեկույցը ներկայացվել է UNECE և WHO կազմակերպություններին

[30] Иран не оставил Азербайджан без воды, 11.07.2020, Haqqin

[31] Recent Azerbaijan-Iran MoUs ‘momentous’ – Azerbaijani ambassador, 29.02.2016, Trend

[32] Թուրքիան փոխում է Քուռ գետի ուղղությունը, 06.07.2010, Armenpress

[33] Азербайджан опровергает сообщение об изменении русла реки Кура, 29.12.2011, Радио Азатутюн

[34] Կուր գետի աննախադեպ ծանծաղում Ադրբեջանում. բնապահպաններն ահազանգում են, 10.03.2023, JamNews

[35] Թուրքիայի հիդրոնախագծերը Արաքսի վրա և Հայաստանը. Հայկ Գաբրիելյան, 27.19.2019, ANIARC

[36] Azərbaycan və Türkiyə su qıtlığına qarşı mübarizə yollarını müzakirə edib, 28.09.2023, Report

[37] Речь Президента Ильхама Алиева, 28.09.2013, Azertag

[38] Azerbaijan faces growing water shortage, 21.08.2020, EurasiaNet

[39] Даже после войны азербайджанские фермеры продолжают испытывать дефицит воды, 18.08.2022, EurasiaNet

[40] Azerbaijan to build 10 reservoirs, water pipeline, 28.07.2020, AzerNews

[41] Куда исчезает питьевая вода, или Как спасти Азербайджан от опустынивания? – РЕШЕНИЕ НАЙДЕНО, 18.10.2022, 1news.az

[42] Milli Məclisdə su təchizatı ilə bağlı dinləmələr keçirilib, 01.07.2020, Trend

[43] Куда исчезает питьевая вода, или Как спасти Азербайджан от опустынивания? – РЕШЕНИЕ НАЙДЕНО, 18.10.2022, 1News.az

[44] Milli Məclisdə su təchizatı ilə bağlı dinləmələr keçirilib, 01.07.2020, Trend

[45] Права человека на воду и санитарию на практике, 2019, UNECE

[46] National Water Strategy of Azerbaijan Republic, Rafig Verdiyev, Water expert, Geneva, 2 july 2012

[47] Համանախագահները ամփոփեցին այցելության արդյունքները, 20.05.2014, Ազատություն ռադիոկայան

[48] Inhabitants of frontier regions of Azerbaijan are deliberately deprived of water, Resolution 2085 (2016), 26.01.2016, PACE

[49] Azerbaijan: Can a Water Reservoir Help Resolve the Karabakh Conflict?, 22.03.2016, EurasiaNet

[50] Կառուցողական և կարևոր առաջարկ. Սարսանգի ջրամբարը կարո՞ղ է համատեղ օգտագործվել Արցախի ու Ադրբեջանի կողմից, 12.04.2019, 1in.am

[51] Благодаря ему укрепилась водная безопасность азербайджанцев, President.az

[52] Արցախի ջրային կոմիտեի նախագահի պարզաբանումը՝ Սարսանգի ջրամբար ադրբեջանցի փորձագետների այցի վերաբերյալ, 24.08.2022, ArtsakhTVnews, Aysor

[53] Конечно, земляные каналы не позволяют доставлять необходимое количество воды, President.az

[54] Даже после войны азербайджанские фермеры продолжают испытывать дефицит воды, 18.08.2022, EurasiaNet

[55] Mass poisonings reported in Azerbaijan's cotton fields, 20.06.2018, EurasiaNet

[56] Причины нехватки воды и пути выхода, 10.07.2020, Turan

 

 

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Փորձագետ (ներ)

Վահրամ Հովհաննիսյան