Երևան-Վաշինգթոն։ Ապրիլի 30-ին Վաշինգթոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտի և Երևանում գործող Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի միջև ստորագրվեց համագործակցության մտադրության մասին հուշագիր։
Ամերիկյան հեղինակավոր հետազոտական ինստիտուտի ու հայկական մտակենտրոնի միջև համագործակցությունը ենթադրում է փորձագիտական փոխանակումներ, մասնակցություն միմյանց միջոցառումներին կամ այդպիսի համատեղ միջոցառումների կազմակերպում և այլն։
1946 թվականին հիմնադրված Մերձավոր Արևելքի ինստիտուտը Վաշինգտոնում գործող ամենահին հաստատությունն է, որի գործունեությունը բացառապես ուղղված է Մերձավոր Արևելքի ուսումնասիրությանը: Այն տրամադրում է քաղաքականության փորձագիտական վերլուծություն, կրթական և մասնագիտական զարգացման ծառայություններ, ինչպես նաև հանդիսանում է տարածաշրջանի արվեստի և մշակույթի ներգրավվման հանգուցային կենտրոն:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը Երևանում գործող անկախ հետազոտական ինստիտուտ է, որի նպատակ է խթանել մարդու իրավունքների, քաղաքական ազատությունների և ազատ շուկայի ընդհանուր արժեքների վրա խարսխված Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության անկախ վերլուծություններ։
Երկու հաստատությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության հուշագիրը Մերձավոր Արելքի ինստիտուտի կողմից ստորագրել է նրա Սևծովյան ծրագրի ղեկավար Լուլիա-Սաբինա Ջոյան, իսկ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի անունից՝ վերջինիս հիմնադիր և տնօրեն Ստյոպա Սաֆարյանը։
ՄԱՀՀԻ լրատվական ծառայություն