Միջազգային ԵՎ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
04 մրտ 2024 666

 

Ամփոփագիր

 

♦Մոլդովայի Հանրապետության (այսուհետ՝ Մոլդովա) և Եվրոպական Միության (այսուհետ՝ ԵՄ) երկկողմ հարաբերությունները 2014 թվականից հիմնված են ԵՄ-Մոլդովա Ասոցացման համաձայնագրի (ԱՀ) վրա, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA), որը հիմք է ստեղծում ԵՄ-ի և Մոլդովայի միջև ավելի ուժեղ քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման համար:

♦ԵՄ-Մոլդովա հարաբերությունները մտել են նոր ռազմավարական փուլ այն բանից հետո, երբ Եվրոպական խորհուրդը ճանաչեց Մոլդովայի եվրոպական հեռանկարը և 2022 թվականի հունիսի 23-ին նրան ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհեց, իսկ դեկտեմբերի 14-ին ԵՄ առաջնորդները պատմական և խորհրդանշական համաձայնության եկան Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները սկսելու վերաբերյալ։

♦ԵՄ աջակցությունը տարիների ընթացքում Մոլդովայի քաղաքացիներին շոշափելի օգուտներ է բերել, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումները, առևտրի աճը, Շենգենյան տարածք առանց վիզայի ճանապարհորդության հնարավորությունը 2014 թվականից ի վեր:

♦Հետխորհրդային տիրույթում Ռուսաստանը կարող է սառեցված կոնֆլիկտներից անցնել թեժ կոնֆլիկտների մարտավարության։

♦Հայաստանը «Արևելյան գործընկերություն» ծրագրում պայմանական 4-րդ հորիզոնականից կարող է առաջիկայում բարձրանալ միանգամից 1-ին հորիզոնական։

♦Մոլդովայի օրինակը լավ հնարավորություն է նաև հասկանալու Հայաստանի եվրաինտեգրման ներկա փուլում Ռուսաստանի հակազդեցության ձևերն ու աստիճանը։

 

Ներածություն

2014 թվականի հունիսի 27-ին ԵՄ-ն և Մոլդովան ստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը (ԱՀ), ներառյալ՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA): Համաձայնագիրը կարևոր հիմք ստեղծեց ավելի ուժեղ քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման համար, և այսօր էլ շարունակում է խթանել ընդհանուր արժեքները և ընդլայնված համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Առևտրի առումով DCFTA-ը հեշտացնում է արտահանումը և ներմուծումը Մոլդովա, նվազեցնում է սակագները և մաքսային ընթացակարգերն ավելի արդյունավետ ու արագ դարձնում: Բացի այդ, համաձայնագիրը նպաստում է առևտրի հետագա զարգացմանը՝ ԵՄ-ի հետ մոլդովական օրենսդրության, կանոնների, ընթացակարգերի և ստանդարտների աստիճանական մերձեցման միջոցով: Համաձայնագիրը ժամանակավորապես կիրառվել է 2014 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև վավերացման գործընթացի ավարտը, ինչը թույլ է տվել ԱՀ-ի ամբողջական կիրառումը 2016 թվականի հուլիսի 1-ից։

ԵՄ-Մոլդովա ԱՀ-ն շարունակում է Մոլդովայի  համար մնալ բարեփոխումների և ԵՄ օրենսդրության հետ համապատասխանեցման շարժիչ ուժը։

ԵՄ-ն շարունակում է իր օգնությունը Մոլդովային՝ տրամադրելով ավելի քան 1,09 միլիարդ եվրո աջակցություն 2021 թվականի հոկտեմբերից՝ ներառյալ դրամաշնորհներն ու վարկերը։ ԵՄ-ի ուշադրությունը կենտրոնացած է Մոլդովայի դիմադրողունակության ամրապնդման վրա՝ ներառյալ էներգետիկ անվտանգությունը, ընդլայնելով համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում և աջակցելով երկրում բարեփոխումների ուղուն: Բնականաբար, ԵՄ-ն այս քաղաքականությունը վարում է Մոլդովայի քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման ամրապնդման ճանապարհով՝ ԵՄ-Մոլդովա ԱՀ-ի ողջ ներուժն օգտագործելով։ 

ԱՀ-ի կատարումը պարբերաբար մշտադիտարկվում է «Ասոցացման իրականացման հաշվետվությունների» միջոցով (վերջին զեկույցը հրապարակվել է 2023 թվականի փետրվարի 6-ին) և վերանայվում է ԱՀ-ով նախատեսված մի քանի երկկողմ երկխոսության ձևաչափերով:

2022 թվականի օգոստոսի 22-ին ընդունվել է ԵՄ-Մոլդովա Ասոցացման նորացված օրակարգը 2021-2027 թվականների համար: Այն ներառում է համաձայնագրի հետագա իրականացման համատեղ համաձայնեցված առաջնահերթությունները և սահմանում է բարեփոխումների հավակնոտ ծրագիր:

Մոլդովան, լինելով աշխարհագրորեն Ուկրաինայի հարևանությամբ գտնվող երկիր, խիստ ազդվել է 2022 թվականի փետրվարի վերջին սկսված ռուս-ուկրաինական պատերազմից: Երկիրը հյուսիսից, արևելքից և հարավից սահմանակից է Ուկրաինային և ուղիղ սահման ունի Ռումինիայի հետ, հետևաբար նաև՝ ԵՄ-ի հետ արևմուտքում: Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր, Մոլդովան բախվել է ճգնաժամերի երկար շղթայի, այդ թվում՝ էներգակիրների լուրջ դեֆիցիտը, երբ Մոսկվան կտրուկ նվազեցրեց գազի մատակարարումները, և սա որակվեց անկախությունից ի վեր ամենավատ էներգետիկ ճգնաժամը երկրում,[1] աճող գնաճը և Ռուսաստանին բարեկամ քաղաքական կուսակցության հակակառավարական ցույցերը: 2023թ. փետրվարին Մոլդովայի նախագահ Մ. Սանդուն մեղադրեց Մոսկվային նաև կառավարությանը տապալելու դավադրության մեջ՝ ազգը «Ռուսաստանի տրամադրության տակ» դնելու և նրան ԵՄ անդամակցության ճանապարհից շեղելու մեջ, ինչը, ռուսները, բնականաբար, հերքեցին: Ավելի ուշ Մոլդովայում որոշեցին եռակի կրճատել երկրում գտնվող ռուս դիվանագետների թիվը ռուսական դեսպանատան հետ կապվող լրտեսական սկանդալից հետո։ [2]

President Maia Sandu, Moldova, 13 Feb 23

Ուկրաինայում մարտերի հետևանքով հրթիռակոծության բեկորները մի քանի անգամ հայտնվել են նաև Մոլդովայում։ Լարվածությունը երկրում աճեց նաև 2022թ. ապրիլին Մերձդնեստրի մի շարք պայթյուններից հետո, որտեղ Ռուսաստանը մոտ 1500 զինվոր է տեղակայում: Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևը և մի շարք այլ շրջաններ շատ հաճախ մնացել են առանց էլեկտրականության Ուկրաինայի դեմ ՌԴ-ի հարվածներից հետո, որովհետև մատակարարումներն իրականացվում էին Ուկրաինայից։  ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցներն էլ իրենց հերթին են վնասել Մոլդովայի տնտեսությունը, որովհետև դեպի ՌԴ արտահանումը, դրամական փոխանցումները զգալիորեն տուժել են դրանց պատճառով (ներառյալ ՌԴ տարածքում մոլդովացի միգրանտների գործունեության սահմանափակումը)։ Առանց այն էլ վերջին տարիներին ՌԴ-ն հիբրիդային պատերազմ է վարում Մոլդովայի դեմ՝ խափանելու նրա առաջընթացը դեպի ԵՄ։ Մեթոդները գրեթե նույնն են, ինչ մյուս հետխորհրդային պետությունների դեպքում՝

ա) «Սառեցված հակամարտություն»՝ ի դեմս Մերձդնեստրի,

 բ) տնտեսական վնասներ և դրանցով պայմանավորված բողոքի ալիքներ երկրի ներսում,

 գ) ապատեղեկատվության տարածում,

 դ) ռազմավարական և հովանավորվող կոռուպցիա։ [3]

Հաշվի առնելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիան և դրա վնասակար ազդեցությունը նաև Մոլդովայի տնտեսական և ֆինանսական կայունության վրա՝ Եվրոպական Խորհուրդը 2022 թվականի ապրիլի 4-ին որոշում կայացրեց 150 միլիոն եվրոյի չափով նոր մակրոֆինանսական աջակցության գործողություն տրամադրել Մոլդովային՝ վարկերի և դրամաշնորհների տեսքով:[4] 2023 թվականի մայիսին Խորհուրդն ավելացրեց այս գումարը 145 միլիոն եվրոյով, ինչը նշանակում է, որ Մոլդովային հասանելի կլինի ընդհանուր առմամբ 295 միլիոն եվրո:[5]

 

Թեկնածու երկրի կարգավիճակից մինչև անդամության շուրջ բանակցություններ

ԱՀ-ի նախաբանում ԵՄ-ն ընդունել է Մոլդովայի եվրոպական ձգտումները և եվրոպական ընտրությունը, ներառյալ խորը և կայուն ժողովրդավարություն և շուկայական տնտեսություն կառուցելու նրանց հանձնառությունը: 

2022 թվականի մարտի 3-ին Մոլդովան ներկայացրեց ԵՄ անդամակցության իր դիմումը։ 2022 թվականի հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը ներկայացրեց իր կարծիքը Մոլդովայի դիմումի վերաբերյալ, որից հետո՝ 2022 թվականի հունիսի 23-ին, Եվրոպական խորհուրդը ճանաչեց Մոլդովայի եվրոպական հեռանկարը և նրան շնորհեց ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ։

Հանձնաժողովի կարծիքը ներկայացնում էր ինը քայլ, որոնք Մոլդովան պետք է կատարեր ընդլայնման ճանապարհին հետագա առաջընթացի համար: Այս ինը քայլերից ակնկալվում էր, որ Մոլդովան կշարունակի առաջ գնալ արդարադատության համապարփակ բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի կողմից հայտնաբերված թերությունների վերացման, ակտիվների վերականգնման, հանրային ինստիտուտների բարեփոխման, օլիգարխների ազդեցության վերացման ուղղություններով, ինչպես նաև կշարունակի ուժեղացնել կազմակերպված հանցավորության դեմ պայքարը։

Նշենք, որ Մոլդովայից բացի, նույն օրը թեկնածու երկրի կարգավիճակ շնորհվեց նաև Ուկրաինային, իսկ ահա Վրաստանի պարագայում դա ձգձգվեց։ Վրաստանը դա ստացավ միայն 2023 թվականի դեկտեմբերի 14-ին։ Ֆիքսենք, որ նույն օրը ԵՄ առաջնորդները որոշեցին Մոլդովայի ու Ուկրաինայի հետ սկսել անդամակցության վերաբերյալ բանակցությունները։ Այդպիսով, ԱլԳ առաջատար եռյակը (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան) որոշակի ճեղքվածք տվեց, և Վրաստանը հետ մնաց Ուկրաինայից ու Մոլդովայից, ինչը նաև պայմանավորված էր ԵՄ-ի պահանջած բարեփոխումներն ուշացնելու հանգամանքով։ Նկատելի է, որ ԱլԳ առաջատար այս եռյակը, որը ձգտում է դեպի Արևմուտք, ունի տարածքային ամբողջականության լուրջ խնդիրներ, որոնք ուղիղ ու անուղղակի կերպով առնչվում են Ռուսաստանին։

ԵՄ-ն նաև համագործակցում է Մոլդովայի հետ արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում։ ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին Մոլդովայի մասնակցության շրջանակ ստեղծելու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2012 թվականի դեկտեմբերի 13-ին (ուժի մեջ է մտել 2013 թվականի հուլիսին): 2014 թվականից Մոլդովան մասնակցում է ԵՄ ճգնաժամային կառավարման առաքելություններին (EUTM Mali, EUMAM RCA) սպաներով, որոնք ներկայումս տեղակայված են EUTM Mali-ում: 

Անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունները Մոլդովայի հետ հաստատվել են 2014 թվականին և վերսկսվել 2021 թվականին՝ քննարկելու համագործակցությունը հիբրիդային սպառնալիքների, կիբերանվտանգության, ռազմավարական հաղորդակցության, ուսուցման և ՀԱՊՔ (Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականություն, CSDP) առաքելությունների համար կարողությունների զարգացման, անվտանգության ոլորտի բարեփոխումներին աջակցելու ուղղությամբ: Անվտանգության և պաշտպանության հարցերով ԵՄ-Մոլդովա 6-րդ խորհրդակցությունները տեղի են ունեցել 2022 թվականի նոյեմբերի 28-ին Քիշնևում։ 

2022 թվականի մարտի 18-ին մեկնարկեց ԵՄ-Մոլդովա բարձր մակարդակի քաղաքական և անվտանգության երկխոսությունը՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում համագործակցությունն ամրապնդելու նպատակով։

2023 թվականի փետրվարի 2-ին Հանձնաժողովը հրապարակեց Մոլդովայի՝ ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու վերլուծական զեկույցը (ընդհանուր իրավունքների և պարտավորությունների հավաքածու, որոնք կազմում են ԵՄ օրենսդրությունը): Վերլուծական զեկույցը գնահատել է երկրի իրավական համապատասխանեցումը, ինչպես նաև Մոլդովայի պատրաստվածության վիճակը ԵՄ օրենսդրությունը կիրառելու համար: Այս գնահատումը կատարվել է երեք դիմորդ երկրների (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան) հարցաթերթիկների պատասխանների հիման վրա, ինչպես նաև ԱՀ-ների շրջանակներում ինտենսիվ երկխոսությունների շրջանակներում երկար տարիների ընթացքում հավաքագրված համապատասխան տեղեկատվության հիման վրա (ներառյալ DCFTA-ը)։

2023 թվականի մարտի 23-ին Եվրոպական խորհուրդը վերահաստատեց, որ Եվրամիությունը կշարունակի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Մոլդովայի Հանրապետությանը՝ ամրապնդելու երկրի ճկունությունը, անվտանգությունը, կայունությունը և տնտեսությունը և օգնելու նրան ԵՄ անդամակցության ճանապարհին:

2023 թվականի ապրիլի 24-ին Եվրամիությունը մեկնարկեց ԵՄ քաղաքացիական առաքելությունը Մոլդովայում (EUPM Moldova)՝ ՀԱՊՔ շրջանակներում:

Եվրոպական հանձնաժողովը 2023 թվականի սեպտեմբերի 1-ին առաջարկ ընդունեց ռոումինգը ԵՄ-Մոլդովա ԱՀ-ում ներառելու վերաբերյալ։ Երբ բոլոր անհրաժեշտ քայլերն ավարտվեն, մոլդովացի այցելուները ԵՄ-ում կկարողանան օգտագործել իրենց բջջային հեռախոսները նույն գնային պայմաններով, ինչ իրենց հայրենի երկրում, ԵՄ-ից ճանապարհորդները Մոլդովա այցելելիս կօգտվեն նույն իրավունքներից: Մոլդովային ԵՄ-ում «թափառել, ինչպես տանը» (roam like at home) տարածք բերելը ԵՄ-Մոլդովա առաջնահերթ գործողությունների ծրագրի առանցքային գործողություններից մեկն է, որը համաձայնեցվել է 2023 թվականի հունիսին: Այս ծրագիրը ճանապարհային քարտեզ է ԵՄ-Մոլդովա DCFTA-ի ամբողջական իրականացման և ԵՄ միասնական շուկայում Մոլդովայի հետագա ինտեգրման համար։ Եվրամիությունը աջակցում է այս նպատակներին մասամբ EU4Digital Initiative-ի միջոցով:

2023 թվականի սեպտեմբերի 30-ին Եվրամիությունը և Մոլդովան ստորագրեցին այդ Հանրապետությունում եվրոպական առաքելության կարգավիճակի մասին փաստաթուղթ, որի հիմնական խնդիրն է լինելու պայքարել արտաքին միջամտության դեմ և նախապատրաստել Մոլդովային ԵՄ մտնելուն։ Փաստաթուղթը Քիշնևում ստորագրեցին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և երկրի ներքին գործերի նախարար Ադրիան Էֆրոսը։  Քիշնև կատարած այցի ընթացքում Բորելը հանդիպեց նաև նախագահ Մայա Սանդուի հետ և քննարկեց ԵՄ-ին Մոլդովայի անդամակցության աջակցության հարցը։ [6]

2023 թվականի դեկտեմբերի 14-ին ԵՄ առաջնորդները պատմական և խորհրդանշական համաձայնության եկան Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները սկսելու, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու և Բոսնիա և Հերցեգովինայի հետ անդամակցության բանակցությունները սկսելու վերաբերյալ, երբ վերջինները լիովին համապատասխանեն անդամակցության չափանիշներին։ Հունգարիան, ի դեմս վարչապետ Վ Օրբանի, մինչ այս պահն արտահայտած դիրքորոշմամբ, դեմ է Ուկրաինայի անդամակցության բանակցությունների մեկնարկին, ինչպես նաև Ուկրաինային 50 միլիարդ աջակցություն տրամադրելու ծրագրին։ Օրբանն իր դիրքորոշումն արդարացնում է Ուկրաինայում կոռուպցիայի հետ կապված մտահոգություններով։ Սակայն Եվրամիության պաշտոնյաներն ու դիվանագետները կասկածում են, որ նա սակարկությունների է գնում, քանի որ Եվրամիությունը սառեցրել է շուրջ 10 միլիարդ եվրո աջակցությունը Հունգարիային՝ այդ երկրում օրենքի գերակայության խնդիրների պատճառով։[7] Հունգարիայի վարչապետն ավելի ուշ (իր տարեվերջյան ասուլիսին) դեմ է արտահայտվել նաև ՆԱՏՕ-ին միանալու Ուկրաինայի մտադրությանը, քանի որ, ըստ նրա, դա կարող է դաշինքի երկրներին ներքաշել ռազմական հակամարտության մեջ:[8]

EU leaders approve accession talks with Ukraine, Moldova, bypassing Hungary  – Euractiv

Դեկտեմբերի 14-ի անսպասելի որոշման վերաբերյալ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ասել է, որ պատիվ է Ուկրաինայի հետ կիսել ԵՄ-ին անդամակցելու ճանապարհը. «Մենք այսօր այստեղ չէինք լինի առանց Ռուսաստանի դաժան ներխուժման դեմ Ուկրաինայի խիզախ դիմադրության»։ Սանդուն նաև հավելել է, որ մոլդովացիներն այժմ զգում են Եվրոպայի «ջերմ գրկախառնությունը» և շնորհավորել է իր հայրենակիցներին՝ համարելով որոշումը «մրցանակ ամբողջ հասարակության համար, բոլոր նրանց, ովքեր ընտրում են ժողովրդավարությունն ու բարգավաճումը»: [9]

Մոլդովայի արևմտամետ վարչապետ Դորին Ռեյսինը կրկնեց Սանդուին՝ ասելով, որ «Մոլդովան եվրոպական է», և «մեր ապագան ԵՄ-ում է»: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասաց, որ «Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան օրինակներ են, թե ինչ է նշանակում պայքարել հանուն ազատության, պայքարել հանուն Եվրոպայի, այն ընդհանուր արժեքների համար, որոնք մենք կիսում ենք Եվրոպայի հետ և հավատարիմ ենք մնում դրանց»։ «Բացելով Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները և Վրաստանին թեկնածուի կարգավիճակ առաջարկելով՝ ԵՄ-ն «շատ կարևոր ուղերձ է հղել Ռուսաստանին»,- ասել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Անվտանգության հետազոտությունների տարածաշրջանային ինստիտուտի տնօրեն Նատիա Սեսկուրիան. «Թեև լիիրավ անդամակցության ճանապարհը կարող է տևել տասնամյակներ, այդ քայլը «շատ սիմվոլիզմ ունի: Եթե երկրները մերժվեին, դա Ռուսաստանի համար ևս մեկ նշան կլիներ, որ նրանք հիմնականում կարող են անել այն, ինչ ուզում են»:[10]

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ողջունեց ԵՄ-ի «պատմական» քայլը Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ այն անվանելով «որոշիչ քայլ դեպի եվրաատլանտյան ձգտումների իրականացում»: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ևս գովաբանեց իր գործընկեր առաջնորդներին «աջակցության ուժեղ նշան» ցուցաբերելու համար՝ հավելելով, որ պարզ է, որ և՛ Ուկրաինան, և՛ Մոլդովան պատկանում են «եվրոպական ընտանիքին»։[11]

Արձագանքներն արդարև բուռն են, քանի որ, ինչպես հայտնի է, և՛ Մոլդովան, և՛ Վրաստանը տասնամյակներ շարունակ եղել են Խորհրդային Միության կազմում, և երկուսն էլ պայքարել են Մոսկվայի ստվերից դուրս գալու համար: Եվ պատահական չէր նաև ՌԴ կոշտ արձագանքը Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի միջոցով առ այն, որ այդ քայլը «բացարձակապես քաղաքականացված է» և որ դա պայմանավորված է դաշինքի՝ «Ռուսաստանին ավելի զայրացնելու և այդ երկրներին Ռուսաստանի դեմ թշնամացնելու ցանկությամբ»: Պեսկովն ասել է նաև, որ անդամակցության բանակցությունները կարող են տևել «տարիներ և տասնամյակներ»՝ հավելելով, որ «նման նոր անդամները կարող են ապակայունացնել ԵՄ-ն»։ [12]

Դեռևս 2023թ. նոյեմբերի 15-ին, անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու հնարավոր տրամաբանական քայլերին, Մոլդովայի հանրային ռադիոյով հեռարձակվող շոուում Մ. Սանդուն նշել էր. «Վատագույն սցենարի դեպքում Մոլդովան կմիանա Եվրամիությանը երկու քայլով՝ նախ՝ Դնեստրի աջ ափով, ապա՝ ձախ կողմից՝ հակամարտությունը կարգավորելուց հետո»: Նա պնդում է, որ անդամակցության նման երկքայլ սցենարի բացառումը Ռուսաստանին դե ֆակտո վետոյի իրավունք կտա ԵՄ անդամակցության գործընթացում: Ըստ Սանդուի՝ իր հերթին, ԵՄ-ին միանալը նախ Դնեստրի աջ ափով կհամոզի անջատողականներին (Մերձդնեստրի բնակչությանը, որը կազմում է 400 000 մարդ) ԵՄ անդամակցության հարցում «Այն պահին, երբ ձախ ափի մարդիկ կտեսնեն, թե ինչպես է բարձրանում կենսամակարդակը, ինչպես են բարձրանում թոշակներն ու աշխատավարձերը, ինչպես է բարելավվում կյանքը մեր բնակավայրերում, իհարկե, նրանք նույնպես կցանկանան գնալ նույն ճանապարհով»:[13]

Սանդուի այս խոսքերը մեզ հիշեցնում են ավելի քան մեկ տասնամյակ առաջ վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեի հայտնած այն միտքը, որ Վրաստանը պետք է ներկա փուլում աշխատի, ասենք, ոչ թե Աբխազիան (տարածքը), այլ աբխազներին (մարդկանց) վերադարձնելու, նրանց ձուլումից փրկելու ուղղությամբ։ Որպես տվյալ պնդման հիմնավորում՝ Արեշիձեն կողմ էր արտահայտվում ԵՄ-ին Վրաստանի անդամակցությանը՝ դրանից բխող դրական զարգացումներով, ինչի արդյունքում Վրաստանը կդառնար գրավիչ երկիր աբխազների համար, և նրանք կցանկանան ընդունել Վրաստանի քաղաքացիություն՝ օգտվելու համար դրա համապատասխան բարիքներից։[14]

Աստիճանական անդամակցության հնարավորության մասին նշել է նաև ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը, ով ասել է, որ Մերձդնեստրի խնդիրը չի խանգարի Մոլդովային, որը 2022 թվականին ԵՄ անդամակցության թեկնածու է դարձել։ Նա վկայակոչել է Կիպրոսը, որը անդամակցել է ԵՄ-ին՝ չնայած տարածքային վեճի: [15]

 

Տաք ու սառը կոնֆլիկները՝ որպես ԵՄ անդամության խոչընդոտնե՞ր

2023 թվականի նոյեմբերի 24-ին ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Պիտեր Ստանոն չբացառեց, որ Մոլդովան ու Վրաստանը կարող են ԵՄ-ին անդամակցել առանց այն շրջանների, որոնց նա համարում է տվյալ պետության մասեր (Մերձդնեստր, Աբխազիա, Օսիա)։ Նա ընդգծեց, որ Մոլդովայի ու Վրաստանի եվրոպական ապագան չի կարող լինել տվյալ կոնֆլիկտների պատանդը։[16]

Transnistria-map

Նշենք, որ Բորելի ու Ստանոյի այս հայտարարությունները բավական տրամաբանված ու խելամիտ են, և անգամ զգալի ուշացած։ Այն, որ Ռուսաստանը նախկինում հետխորհրդային տիրույթում ստեղծել է ձգձգվող կոնֆլիկտներ, նպատակներից մեկը եղել է ոչ միայն սեփական ռազմական ներկայության հաստատումը, սեփական ազդեցության մեծացումը, այլև հետխորհրդային տիրույթի երկրների եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման փորձերի վրա խաչ քաշելը/զգալի ձգձգելը (Ռուսաստանում թերևս համոզված են, որ ԵՄ-ին անդամակցելը լինելու է հետխորհրդային երկրների միայն առաջին քայլը, որին ժամանակի ընթացքում անխուսափելիորեն հաջորդելու է ՆԱՏՕ-ին նրանց անդամակցումը)։ 

Եթե ԵՄ-ը որդեգրի Բորելի ու Ստանոյի հայտնած դիրքորոշումները, սկսի այս փուլում որպես խոչընդոտ չդիտարկել Մոլդովայի ու Վրաստանի ձգձգվող կոնֆլիկտները, ապա դրանով որոշակի կիմաստազրկի Ռուսաստանի կողմից հետխորհրդային տիրույթում նոր ձգձգվող հակամարտություններ հրահրելը։  Թվում է, թե ԵՄ-ը վերջապես ճիշտ ուղու վրա է, սակայն, մեր տպավորություններով, ԵՄ-ն այս պահին է՛լ ավելի լուրջ սխալ թույլ տալու շեմին է։

Նկատի ունենք այն, որ վերջին շրջանում ԵՄ-ը կոնֆլիկտների համատեքստում խոսում է միայն Մոլդովայի ու Վրաստանի անդամակցության հնարավորության մասին, սակայն նույնը չի անում Ուկրաինայի պարագայում։ Կա տպավորություն, որ ԵՄ-ն ԱլԳ առաջատար եռյակում հիմա էլ տարանջատում է իրականացնում ըստ տաք ու սառը կոնֆլիկտների։ Ուկրաինայի տարածքում ռազմական թեժ գործողություններ են ընթանում, մինչդեռ Մոլդովայի ու Վրաստանի տարածքում՝ ոչ։ Եվ եթե ԵՄ-ը դա է որպես հիմք վերցրել՝ կոնֆլիկտների համատեքստում առաջնային պլան մղելով թեժ կոնֆլիկտ չունեցող Մոլդովային ու Վրաստանին, ապա դա Ռուսաստանի համար կարող է ծառայել որպես ազդանշան, որպեսզի նա «լրացնի տվյալ բացը»՝ Մոլդովայի ու Վրաստանի տարածքներում սկսի թեժ կոնֆլիկտ (ռազմական գործողություններ), փորձի լիովին օկուպացնել այդ երկրները կամ էլ կազմակերպի իշխանափոխություններ։

Սրա նախանշաններն արդեն կարծես թե տեսանելի են Մոլդովայի պարագայում, որի համար  2024 թվականը վճռորոշ տարի է լինելու. հետխորհրդային այս փոքր հանրապետությունը, որը գտնվում է դեպի ծով ելք չունեցող Ուկրաինայի և Ռումինիայի միջև, պատրաստվում է աշնանը կայանալիք նախագահական քվեարկության, որը կորոշի նրա տեղը Եվրոպայում: Նախ, մինչ Բրյուսելում ուշադրությունը կարող է կենտրոնացված լինել Եվրախորհրդարանի առաջիկա (հունիսյան) ընտրությունների վրա, Մոլդովան պայքարում է իր ժողովրդավարական ապագայի համար՝ որպես ԵՄ անդամության ձգտող երկիր:

Բացի այդ, 2024 թվականի փետրվարի վերջին ԶԼՄ-ները հայտնել էին, թե Մերձդնեստրը պատրաստվում է դիմել Ռուսաստանին՝ նրա կազմի մեջ ընդգրկվելու համար։ Դրա համար հիմք էր ծառայել այն, որ փետրվարի 28-ին Մերձդնեստրում ծրագրում էին վերջին 18 տարում առաջին անգամ անցկացնել բոլոր մակարդակի պատգամավորների համագումար, իսկ փետրրվարի 29-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է ուղերձ հղեր ՌԴ Դաշնության խորհրդին (2006 թվականին Մերձդնեստրում անցկացվել է հանրաքվե հանրապետության անկախության և Ռուսաստանի կազմ նրա հետագա մուտքի վերաբերյալ, որի մասնակիցների 97%-ը կողմ է արտահայտվել տվյալ սցենարին)։[17]

State flags of Russia and Transnistria in Tiraspol.

Փետրվարի 28-ին իսկապես տեղի ունեցավ Մերձդնեստրի պատգամավորների համագումար, սակայն արդյունքում որոշվեց դիմել Ռուսաստանին, որպեսզի նա չճանաչված պետությունը Մոլդովայից «պաշտպանի դիվանագիտական միջոցներով»։[18]

Ուկրաինայում թեժ մարտերով տարված Ռուսաստանի պատասխանն առայժմ զուսպ է։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ միշտ ուշադրությամբ է քննարկում նման դիմումները։ «Մերձդնեստրի բնակիչների՝ մեր հայրենակիցների շահերի պաշտպանությունը մեր առաջնահերթություններից է։ Բոլոր հարցումները միշտ ուշադիր քննարկվում են Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների կողմից»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի պատասխանում։ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն ասել է, որ Մերձդնեստրի դիմումը կքննարկվի ըստ էության, երբ այն կհասնի Դումա, և Դումայի խորհուրդը դա կքննարկի նախագահի և ԱԳՆ-ի հետ խորհրդակցությունների հիման վրա։[19]

Մեր կարծիքով՝ թեև Բորելն ու Ստանոն չեն բացառել, որ Վրաստանն ու Մոլդովան կկարողանան անդամակցել ԵՄ-ին՝ իրենց տարածքային ամբողջականության խախտված վիճակով, այնուամենայնիվ, դեռ վաղ է ասել, որ ԵՄ-ի անդամ բոլոր երկրները (ասենք, Հունգարիան) կողմ կարտահայտվեն դրան։ Մոլդովայի եվրոպական ճակատագիրը մեծապես կախված է լինելու Ուկրաինական ռազմաճակատում ընթացող ռազմական գործողությունների ընթացքից՝ ներառյալ Մոլդովայի տարածքին դրանց մոտենալու հեռանկարը։ Հենց Մոլդովայում էլ ընդունում են, որ «ջրի երեսին» են Ուկրաինայի դիմադրողականության շնորհիվ (Մոլդովան էլ որոշակի կապող օղակ է դարձել Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև)։

 

Ամփոփում և հետևություններ Հայաստանի համար

ԱլԳ առաջատար եռյակի եվրոպական ինտեգրման փորձերը, գրանցած հաջողությունները, դրանց Ռուսաստանի հակազդեցությունը լավ հիմք են ծառայում Հայաստանի եվրոպական ինտեգրման փորձերի դեպքում հետագա սցենարները հասկանալու համար։ Այս թեման ներկայումս բավական արդիական է Հայաստանում։ 2024 թվականի փետրվարի 29-ին Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամության թեկնածու դառնալ ու շարժվել այն ուղղությամբ, որը Հայաստանի համար կապահովի առավելագույն անվտանգություն։ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով քննարկում, ըստ Սիմոնյանի, չի եղել։ «Ազատություն» ռադիոկայանն ուշադրություն է հրավիրում նրան, որ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարից Երևանը մինչ այդ պահը ուղիղ չէր խոսել՝ հիշեցնելով, որ 2023 թվականի հոկտեմբերի 17-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրամիությանն այնքան, որքան Միությունը թույլ կտա։ [20] [21]

Source: X(former Twitter) account of PM Nikol Pashinyan

Արդեն հաջորդ օրը հայկական մամուլը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը լայն կազմով հանդիպում է ունեցել Ազգային ժողովում։ Փակ քննարկմանը ներկա են եղել ոչ միայն ՔՊ խմբակցության պատգամավորները, այլ նաև նախարարներ, Անվտանգության խորհրդի քարտուղարը ու կուսակցության վարչության անդամները։ Factor.am-ին վարչապետի հետ հանդիպումից որոշակի մանրամասներ են հայտնի դարձել, նրա աղբյուրի փոխանցմամբ՝ օրակարգում եղել են ՀՀ-ի կողմից Եվրամիության անդամի թեկնածու դառնալու գործընթաց սկսելուն առնչվող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է այս թեմայի շուրջ պատգամավորների դիրքորոշումներին։[22]

Եթե Հայաստանը հիրավի պատրաստվում է ստանալ ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ, ապա դա լիովին իրատեսական սցենար է։ Հավատացած ենք, որ ԵՄ-ում հասկացել են անցյալում գործած սխալը, երբ ԱլԳ առաջատար եռյակի պարագայում տվյալ գործընթացը ձգձգվել է տարիներ վեր։ ԵՄ-ում թերևս հասկանում են, որ նման դեպքերում պետք չէ հապաղել, և որ Ռուսաստանի (ավտորիտար/տոտալիտար վարչակարգերի) առավելությունը ժողովրդավարական համակարգերի նկատմամբ արագ որոշումներ կայացնելու ու գործելու ունակությունն է։

Եթե Հայաստանն արագորեն ստանա ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ, ապա դա կարող է «գլխիվայր շրջել իրավիճակը»։ Նկատի ունենք այն, որ Հայաստանը չի գտնվել ԱլԳ առաջատար եռյակում և, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) ստորագրելով, (ԱՀ-ն և DCFTA-ը չստորագրելով) պայմանականորեն զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Ադրբեջանից ու Բելառուսից։ Եթե Հայաստանը, ենթադրենք, ի հեճուկս ՌԴ-ի (Պեսկովի) վերոնշյալ ակնկալիքների, ամիսների ընթացքում ստանա ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ (ԵՄ-ի համար նախընտրելի կլինի, որ ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը նույնպես դառնա իր անդամ), ապա Հայաստանը միանգամից կբարձրանա առաջին հորիզոնական։

Նկատի ունենք այն, որ, ի տարբերություն Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի, Հայաստանը թեկնածու երկրի կարգավիճակ ստացածների թվում կլինի միակը, որը մեծ հաշվով չի ունենա տարածքային ամբողջականության լուրջ խնդիր (չհաշված 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի թույլտվությամբ ու արտոնությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանից որոշ տարածքներ (մոտ 200 կմ2) օկուպացնելը)։ Այսինքն, Հայաստանը տեսականորեն կարող է ԱլԳ անդամ երկրներից առաջինն անդամակցել ԵՄ-ին։

Եվ ակնհայտ է, որ Ռուսաստանը փորձելու է կանխարգելել նման զարգացումը, լրացնել «տարածքային ամբողջականության բացը», որն առկա է Հայաստանի պարագայում։ Նկատի ունենք Ռուսաստանի կողմից Հայաստանին տարածքային ամբողջականության լուրջ խնդիր պարտադրելը, բնականաբար, Ադրբեջանին մղելով Հայաստանի դեմ մասշտաբային ռազմական ագրեսիայի։ Դրա հիմնական թիրախում, ըստ ամենայնի, կլինի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գոտին, որի շուտափույթ բացումը պահանջում է Ռուսաստանը («Զանգեզուրի միջանցքով» մասշտաբային առևտրի, բեռնափոխադրումներ իրականանցնելու օրակարգ ներկայումս գոյություն չունի, դրանք հնարավոր են միայն տարիներ (տասնամյակներ) անց, ուստիև անիմաստ է խոսել այդ միջանցքի հնարավորինս շուտ բացվելու անհրաժեշտության մասին)։ 

Uncertain Peace

Ռուսաստանում միգուցե համոզված են, որ Հայաստանը սկսում է գնալ ոչ միայն դեպի ԵՄ, այլև ՆԱՏՕ՝ «հիմք ընդունելով» այն, որ Ռուսաստանն իրեն գրեթե լիովին դուրս է թողել Հայաստանին զենքի մատակարարումների շղթայից։ Ինչպես  2024 թվականի մարտի 1-ին նշել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, 2020 թվականի տվյալներով՝ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցության 96 տոկոսը Ռուսաստանի հետ էր, սակայն 2021 թվականի հունվարից հետո տարբեր երկրների հետ մի քանի միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքվել, որոնց մեջ Ռուսաստանի ծավալը 10 տոկոսից էլ ցածր է։ [23]

Ամփոփելով կարող ենք նշել, որ միայն տարածքային/անվտանգային խնդիրները չեն, որ մտահոգում են ՌԴ-ին, այլ նաև  Հայաստանի համեմատաբար բարձր ցուցանիշները միջազգային վարկանշային աղյուսակներում։ Պետք է հաշվի առնել, որ մի շարք չափանիշներով Հայաստանն արդեն իսկ գերազանցում է ԱլԳ առաջատար եռյակի երկրներին, ինչը նույնպես կարող է արագացնել ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալը։ Այս մասին են վկայում ստորև ներկայացվող մի շարք միջազգային հանրահայտ կառույցների տարեկան զեկույցները ԱլԳ անդամ բոլոր երկրների մասով։ Ի դեպ, Բելառուսի և Ադրբեջանի տվյալների ներկայացումը միտված է հատկապես ընդգծում են նրանց հետնապահ լինելը ԱլԳ ծրագրում։

Transparency international, Corruption Perceptions Index, Թրանսփարենսի ինթերնեշնլ, Կոռուպցիայի ընկալման համաթիվ 2023 [24] 

 

Երկիրը

Միավորը

Տեղը/հորիզոնականը

1

Վրաստան

53

49

2

Հայաստան

47

62

3

Մոլդովա

42

76

4

Բելառուս

37

98

5

Ուկրաինա

36

104

6

Ադրբեջան

23

154

 

Reporters without borders, Press freedom index, Լրագրողներ առանց սահմանների, Մամուլի ազատության համաթիվ 2023 [25] 

 

Երկիրը

Միավորը

Տեղը/հորիզոնականը

1

Մոլդովա

77.62

28

2

Հայաստան

76.1

49

3

Վրաստան

61.69

77

4

Ուկրաինա

61.19

79

5

Ադրբեջան

39.93

151

6

Բելառուս

37.17

157

 

Freedom House, Global freedom scores, «Ազատությունն աշխարհում» զեկույց (Քաղաքացիական ազատություններ և քաղաքական իրավունքներ)[26] 

 

Երկիրը

Ընդհանուր միավոր և կարգավիճակ

Քաղաքական իրավունքներ

Քաղաքացիական ազատություններ

1

Մոլդովա

61

մասնակի ազատ

26

35

2

Վրաստան

58

մասնակի ազատ

22

36

3

Հայաստան

54

մասնակի ազատ

23

31

4

Ուկրաինա

49

մասնակի ազատ

21

28

5

Բելառուս

8

անազատ

2

6

6

Ադրբեջան

7

անազատ

0

7

 

Freedom House, Internet freedom scores, Համացանցի ազատության համաթիվ 2023[27] 

 

Երկիրը

Ընդհանուր միավորը

Կարգավիճակը

1

Վրաստան

76

ազատ

2

Հայաստան

72

ազատ

3

Ուկրաինա

59

մասնակի ազատ

4

Ադրբեջան

37

անազատ

5

Բելառուս

25

անազատ

6

Մոլդովա

Տվյալները բացակայում են

-

 

Freedom House, Democracy scores, Ժողովրդավարության համաթիվ [28] 

 

Երկիրը

Միավորը

Կարգավիճակը

1

Ուկրաինա

39

Անցումային կամ հիբրիդ

2

Հայաստան

35

Անցումային կամ հիբրիդ

3

Վրաստան

34

Անցումային կամ հիբրիդ

4

Մոլդովա

36

Անցումային կամ հիբրիդ

5

Բելառուս

2

Կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ

6

Ադրբեջան

1

Կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ

 

Աղյուսակներից պարզ է դառնում, որ Հայաստանը ԱլԳ երկրների շարքում հիմնականում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։

 

Աղբյուրներ


[6] ԵՄ-ը և Քիշնևը ստորագրել են Մոլդովայում եվրոպական առաքելության կարգավիճակի մասին փաստաթուղթ, https://www.azatutyun.am/a/32616994.html, 30092023

[19] Նույն տեղում։

[28] Democracy scores, Ժողովրդավարության համաթիվ, 2023

 

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Փորձագետ (ներ)

Անի Եղիազարյան