Միջազգային ԵՎ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
21 մյս 2023 84

 

 

Սկիզբը՝ այստեղ:

 

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄՆ ԻՐ ՋՐԱՄԲԱՐԱՇԻՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Պաշտոնական Անկարան, արձագանքելով Իրանի և Իրաքի դիրքորոշմանը, այն է՝  Թուրքիայի անկանոն ամբարտակաշինությանը (այն խիստ բացասական ազդեցություն ունի այդ երկրներում փոշեհատիկների ճգնաժամի առաջացման հարցում), այն գնահատել է ոչ գիտական։ Երկրի ԱԳ նախարարության խոսնակը շեշտել է, որ փոշեհատիկների առաջացման աղբյուրն Աֆրիկայի ու Միջին Արևելքի անապատներն են։ Բնականաբար Թեհրանի ու Բաղդադի համար անընդունելի է նման պատասխանը, որին հակադարձել են տարբեր մակարդակներով։

Հատկանշական են Իրանի «Մաքա» ուսումնասիրությունների կենտրոնի գործադիր տնօրեն, շրջակա միջավայրի հարցերի փորձագետ Մոհամեդ Սաբեր Բաղխանիփուրի տեսակետները։ Նա նշել է, թե Թուրքիայի ջրամբարաշինությունը չի սահմանափակվում GAP-ով, այլ 20 տարի առաջ սկսել է կյանքի կոչվել ամբարտակաշինության 10 գերնախագիծ, իսկ GAP-ի ավարտին կառուցված ամբարտակներում Եփրատի ու Տիգրիսի տարողությունների 5-ապատիկը ջուր է կուտակվելու։ Հետևաբար կասկածից վեր է, որ այդօրինակ հաշվից դուրս քայլերը պատճառ կդառնան, որ հիշյալ գետերի ներքին հոսանքների ավազանի երկրներում առաջանա փոշեհատիկների աճի հետ կապված ճգնաժամ։ Նա շեշտել է, որ Թուրքիան շատ լուրջ ծրագրեր ունի՝ ջուրը որպես քաղաքական ու անվտանգության գործիքակազմ հարևան երկրների դեմ կիրառելու հարցում։

Բաղխանիփուրը մատնանշում է, որ վերջին 18 տարվա (2003-2021թթ) ընթացքում գետերի վրա կառուցվել է 585 ամբարտակ, մինչդեռ մինչ այդ՝ 56 տարվա ժամանակահատվածում, այդ երկրում կառուցվել էր 276-ը։ Նա, անդրադառնալով փոշեհատիկների մշուշների առաջացման վերաբերյալ Թուրքիայի գնահատականին, ինչը միանգամայն մերժելի է համարում, միաժամանակ այդօրինակ արձագանքը մասամբ պայմանավորում է Իրանի ոչ ճիշտ ու հստակ քայլերով։ Նա ընդգծում է, որ եթե Թուրքիան ոչ գիտական է համարում Իրանի պնդումն առ այն, որ այդ երկրի ամբարտակաշինությունը մեծ ազդեցություն ունի փոշեհատիկների մշուշների հարցում, ապա ինչ-որ տեղ բնական է, քանի որ ԻԻՀ-ը պետք է իր ջրային դիվանագիտությունում ունենա կայուն ու հստակ դիրքորոշում։ Եթե Աֆղանստանի դեպքում Իրանը գտնվում է ներքին հոսանքում, թող կարողանա պահանջատեր լինել իրեն հասանելիք ջրի բաժնի հարցում, իսկ Իրաքի դեպքում, որը գտնվում է վերին հոսանքում, ապահովի վերջինիս փայաբաժինը։ Բաղխանիփուրը հավելել է, որ Իրանը պետք է բողոք ներկայացնի միջազգային ատյաններին Թուրքիայի ամբարտակաշինության մասին։ Ապա նա նշել է, թե Իրանը միակ երկիրն է, որը գետերի վերին հոսանքի քաղաքականության մասին հայտարարել է, թե պետք է քաղցրահամ ջրերի ելքը երկրից բացառել, որի պատճառով դատարաններում պարտվող կողմ է լինելու, ուստի անհրաժեշտ է բարեփոխել այդ օրենքը։[1]

Դիվանագիտությունը քաղաքականության կարևորագույն միջոցներից է, ինչին տիրապետելը հաջողության հասնելու գլխավոր գրավականներից է, իսկ թուրքերը շատ լավ տիրապետում են այդ արվեստին։ Ահավասիկ, Էրդողանը նույն բանը հայտարարել է դիվանագիտորեն։ Նա Իլիսուի բացման արարողության ժամանակ հայտարարել է «Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր երկրի ջրի պաշարներից անգամ մեկ կաթիլ իզուր տեղը վատնվի», ինչը նշանակում է, որ Իրաքն ու Սիրիան հենց այնպես ոչ մի կաթիլ ջուր չեն ստանալու[2]։

Թուրքիան, պայմանավորված GAP-ի նախագծով, նաև ձգտում է նոր դիսկուրս ձևավորել ընդհանուր ջրերի բաշխման վերաբերյալ։ Այս առումով նա աշխարհի մակարդակով գործընկերների կարիք ունի, որպեսզի այդ դիսկուրսով միջազգայնորեն պայքար սկսի 1997թ կոնվենցիայի հոդվածների դեմ։ Ուստի նա ջանքեր է գործադրում հզորացնել փափուկ ուժի կիրառումը և ընդհանուր դիվանագիտությունը, այդ թվում՝ ջրի օգտագործման վերաբերյալ միջազգային համաժողովներ ու սեմինարներ կազմակերպել[3]։

Այս առումով հատկանշական է նաև թալիբական Աֆղանստանը, որտեղ Թուրքիան իր ազդեցությունը տարածելու համար ջանք չի խնայում՝ կիրառելով նաև փափուկ ուժ, ինչը, թվում է, թե առնվազն այս դեպքում արդյունավետ է։ Այժմ արդեն միջազգային գետերի հարցում թալիբներն իրականացնում են Թուրքիայի հիդրոքաղաքականությունն Իրանի նկատմամբ։

Ի պատասխան միջազգային գետերի ջրերի չարաշահման վերաբերյալ Իրանի քննադատությունների՝ Թուրքիան քարոզչական հմուտ մարտավարություն է կիրառում։ Այդ շրջանակներում պետական Անադոլու գործակալության պարսկերեն բաժնում իշխանությունների տեսակետները հաճախ հրապարակվում են թուրք իրանագետների, ինչպեսև իրանցի՝ այդ երկրում համաթյուրքականության գաղափարներով սնված «մասնագետների» հոդվածների ու հարցազրույցների միջոցով՝ հաշվի առնելով, որ մասնագետների քննադատություններն Իրանի իշխանությունների հասցեին ավելի ազդեցիկ կլինեն։ Այս համատեքստում ջանք չի խնայվում քարոզչության (ԶԼՄ-ների միջոցով), Իրաքի ու Սիրիայի դեմ «ջրի զենքի» կիրառման քողարկմամբ սլաքն ուղղել դեպի Իրան։ 

Եվ ահա 2021թ հուլիսի 27-ին Անադոլու գործակալությունը պարսկերենով հրապարակել է Թուրքիայի Մետրոպոլիտեն համալսարանի միջազգային իրավունքի դոկտորանտ Ռեզա Թալեբիի հեղինակած «Ջրի կառավարման դերն Իրանում և Միջին Արևելքում» հոդվածը, որտեղ հեղինակը խիստ քննադատում է Իրանի իշխանություններին ջրի վատ կառավարման համար գյուղատնտեսության ոլորտից մինչև կենցաղ՝ նշելով, որ 2025թ.-ից Իրանը դասվելու է քրոնիկ սակավաջրություն ունեցող երկրների թվին։ Նա նշում է, որ ջուրը Բասրա տեղափոխելը, ջրի աղազտման ոլորտում ներդրումներ չկատարելը խոսում են Թեհրանի ջրի ոչ ճիշտ կառավարման ու դիտավորության մասին։

Թալեբին միաժամանակ անուղղակիորեն մեղադրում է Իրանին Հայաստանի «հանցավոր քայլի» հանդեպ աչք փակելու համար՝ նշելով, թե Թեհրանը լռում է Երևանի կողմից Արաքսի ջրերի աղտոտման հարցում։ Նման քննադատությունը ևս լիովին անհիմն է, քանի որ այս առնչությամբ Թեհրանը մեղադրել է Երևանին և բանակցել հարցի շուրջ, մինչդեռ առ այսօր Թուրքիան կտրականապես չի ցանկանում բանակցել առկա խնդիրների մասին։

Նա, թվարկելով երաշտի կամ ջրամբարաշինության հետևանքով չորացած որոշ գետերի անուններ Խուզեստան և Արևելյան ու Արևմտյան Ադրբեջան նահանգներում, նշել է, թե արդոք դա իշխանությունների կողմից բռնաճնշում չէ արաբների ու ադրբեջանցիների նկատմամբ։ Սա այն դեպքում, երբ ջրամբարտակները հենց տվյալ շրջանների համար ջուր ապահովելու նպատակով են կառուցվել։ Մինչդեռ հոդվածի հեղինակն այն մեկնաբանել է ազգությունների դեմ կենտրոնական իշխանությունների բռնություն, երբ իսլամական վարչակարգում գլխավորը կրոնն է, ոչ թե ազգությունն ու այլ գործոններ[4]։

Նշենք, որ Իրանում ջրի ոչ արդյունավետ կառավարումը, ի տարբերություն Թուրքիայի, շարունակաբար սուր քննադատության է ենթարկվել ու ենթարկվում իրանցի փորձագետների ու անգամ պաշտոնյաների կողմից, մասնավորապես ստորգետնյա ջրային պաշարները, բայց դա չի նշանակում, թե պետք է արդարացնել Թուրքիայի ճնշումները հարևան երկրների նկատմամբ, ինչը փորձում է անել հոդվածագիրը։

Իրանի նախկին նախագահ ԱԱ Ռաֆսանջանին երկրի ջրի խնդրի լուծումը տեսնում էր բազմաթիվ ամբարտակներ կառուցելու մեջ և այդ ուղղությամբ բավական ակտիվություն էր դրսևորել, ինչն ավելի ուշ արժանացավ հաջորդ կառավարությունների սուր քննադատություններին, թեև նրա սկսած գործերը հետագայում ավարտին հասցրեցին։ Քննադատները շեշտում են, թե փորձը ցույց է տվել, որ դա ոչ միայն արդյունավետ լուծում չէ, այլև ունի բնապահպանական բացասական, երբեմն էլ աղետալի հետևանքներ, մասնավորապես գետերի ներքին հոսանքներում։[5] Թալեբին Ռաֆսանջանիի քայլերը գնահատել է անհաշիվ ու մեծածավալ, շեշտել, թե դրանք պատճառ են դարձել, որ Ադրբեջանն[6] ու Խուզեստանը վերածվեն  անապատի։

Մինչդեռ 2003-2020թթ Թուրքիան 585 ջրամբարտակ է կառուցել իր 10 գերնախագծերի շրջանակում, իսկ 2020թ սեպտեմբերի դրությամբ Իրանի ջրամբարտակների թիվը եղել է 188։ Բացի այդ Իրանի բոլոր ջրամբարտակների տարողությունը միասին վերցրած 50,5 խմ է[7], ինչը գրեթե հավասար է «Աթաթուրքի»  տարողությանը՝ 48,5-50 միլիարդ խմ։

Այսուհանդերձ, Թալեբին Հուր ալ Ազիմ ճահճադաշտի չորացման հարցում (այն գլխավորապես սնվում է Եփրատից ու Տիգրիսից) մեղադրում է Իրանին՝ իր «մտքերը» միահյուսելով համաթյուրքականության գաղափարախոսությանը։ Հեղինակը հոդվածն ավարտում է Էրդողանի նեոօսմանականության, համաթյուրքականության տեսակետներով՝ շարադրելով իր բառերով։

Նա նշել է, որ Իրանի պատասխանատու պաշտոնյաները, ջրի կառավարման հարցում իրենց անկարողությունը խոստովանելու փոխարեն, մեղքը գցում են Եփրատի ու Տիգրիսի վրա Թուրքիայի ջրամբարաշինության «վզին»։ Նա, անդրադառնալով տվյալ ժամանակահատվածում երկրի հարավում ջրի անբավարարության դեմ տեղի ունեցած բողոքի ցույցերին, նշել է, թե դրանց ընթացքում առնվազն 10 մարդ է զոհվել՝ ընդգծելով, թե իշխանությունները սենտիմենտալիստական՝ հանքային ջուր ուղարկելուց զատ որևէ քայլ չկատարեցին։ Ապա շարունակել է, թե այժմ ականատեսն ենք 100 տարի առաջ սկսված Ադրբեջանի նահանգային միության դիսկուրսի, որը պայքար է հանուն լեզվական, մշակութային, ռասայական, շրջակա միջավայրի, հող ու ջրի խտրականության։ Նա հավելել է, որ թեև դժվար է թվում, սակայն պետք է ընդունել, որ հող ու ջրից առանձնացած ինքնություն չկա, և հեռանկարում կեղեքվածների համար կարելի է տեսնել երրորդ ուղղություն ու դիսկուրս։

Թալեբին շեշտել է, որ Ղարաբաղի թուրքերի հաղթանակն ու Քիրքուքի թուրքմենների պարտությունը հենց այս երևույթի արգասիքն են, ու հենց այս ջուրը կփրկի Քիրքուքը, ուրեմն այն ինքնություն ու գաղափարախոսություն է։ Ջուրն է որոշելու տարածաշրջանի ճակատագիրը, իսկ այս հարցում Թուրքիան վճռորոշ դեր է ունենալու։ Նման եզրակացությունը, թերևս, նշանակում է, որ GAP-ի իրականացմամբ Թուրքիան նպատակամղված է «ջրի զենքով» Իրաքին ծնկի բերել ու ստանալ նավթով հարուստ Քիրքուքի նահանգը, իսկ DAP-ով՝ Իրանի թուրքախոս նահանգները։

Թուրքիայի իշխանությունների նպատակներն ու տեսակետներն արտահայտող հաջորդ վկայությունը ջրի և շրջակա միջավայի փոփոխությունների փորձագետ, Անկարայի իրանյան ուսումնասիրությունների «Իրամ» (IRAM[8]) կենտրոնի արտաքին քաղաքականության համակարգողի տեղակալ Արեֆա Դիլբաշի՝ Անադոլու գործակալության պարսկերեն բաժնին տված էքսկլյուզիվ, բավական ծավալուն հարցազրույցն է, որը հրապարակվել է 2021թ դեկտեմբերի 26-ին։

Դիլբաշը հարցազրույցում ջանք չի խնայում Իրանին մեղադրել Իրաքում ջրի խնդրի, երաշտի կապակցությամբ, ինչպեսև քննադատում է Թեհրանին երկրի ներսում ոչ ճիշտ վարած ջրային քաղաքականության հետևանքով շրջակա միջավայրի և այլ խնդիրների առաջ հայտնվելու համար։ Հարցազրույցը պետք է գնահատել Անկարայի քարոզչական և փափուկ զենքով իր նպատակներն առաջ տանելու համատեքստում և ոչ թե դիտարկել որպես մասնագետի կարծիք։

Դիլբաշը շեշտում է, թե Թուրքիայի վերսահմանային ջրային քաղաքականությունը հիմնված է իրավունքի, խելամտության ու արդյունավետ օգտագործման վրա։ Թուրք պաշտոնյաները բարիդրացիական սկզբունքների հիման վրա անցյալ դարի 50-ականներից՝ Սիրիայի, իսկ 80-ականներից նաև՝ Իրաքի հետ հարցի շուրջ քննարկումներ են ունեցել, արդյունքում ստորագրվել են երկկողմ համագործակցության համաձայնագրեր։ Այսօր էլ մասնավորապես Բաղդադի հետ համագործակցությունը շարունակվում է։ Նա, խոսելով Իլիսու ամբարտակի մասին, շեշտում է, թե դրա կառուցման բոլոր փուլերում համագործակցել է Տիգրիսի ներքին հոսանքի երկրների հետ, հաշվի է առնվել հարցի մարդասիրական կողմը։ Օրինակ, նշյալ ամբարտակի ջրալցումը պետք է տեղի ունենար 2018թ մարտից, սակայն նկատի ունենալով երաշտը և Իրաքի ջրի պահանջարկը՝ դա տեղի է ունեցել երեք փուլով։ Ավելին, Թուրքիան հանուն Իրաքի կարիքների դադարեցրել է ՀԷԿ-երի աշխատանքն ու տնտեսական վնասներ կրել։ Նա կարևորել է Իլիսուի կառուցման դրական ազդեցությունը Տիգրիսի ներքին հոսանքում գտնվող երկրների համար՝ հավելելով, որ դա երաշտների դեպքում շատ լավ հնարավորություն կընձեռի Սիրիային և Իրաքին[9]։ Սա ևս չպետք է դիտարկել որպես փորձագետի տեսակետ, այլ թուրքական դիվանագիտություն, քանի որ Իլիսուի կառուցմամբ 50-56 տոկոսով կրճատվել է Տիգրիսի ջրերի հոսքը դեպի Իրաք, իսկ դա լավ հնարավորություն գնահատելը, մեղմ ասած, ճիշտ չէ։

Դիլբաշը, հերքելով իրանցի փորձագետների տեսակետները, Թուրքիայի GAP-ի նախագծի հետ կապված շեշտել է, որ հակառակ դրանց՝ Թուրքիան Ֆալկոն Մարկի[10] ցուցիչով 1340 խմ-ով այն երկրների թվին է դասվում, որոնք սակավաջրության խնդիր ունեն։ Նա հավելում է, որ Թուրքիայի ջրի պաշարների 40 տոկոսն ապահովվում է վերսահմանային ջրերից, հետևաբար դրանց օգտագործումը սակավաջրության պայմաններում Թուրքիայի համար խիստ կարևոր է։ Նա միաժամանակ ընդգծում է, որ Իրանի ներկայացմամբ խնդիրը ոչ թե Թուրքիայի հիդրոքաղաքականությունը և գետերի վերին հոսանքում գտնվելն է, այլ ներքին հոսանքի երկրների, այդ թվում՝ Իրանի ու Իրաքի ջրի սխալ կառավարումն ու քաղաքականության հետևանքը:

Նա շեշտել է, որ Իլիսուի կառուցման առաջին օրվանից այն իրանյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է, ինչի նպատակը միջազգային հանրության ուշադրությունը շեղելն է ընդդեմ Թուրքիայի, որպեսզի Իրան-Իրաք ջրի հարցի շուրջ ճգնաժամը հանրության օրախնդիր չդառնա, ինչը լուրջ հարված է Իրաքին։ Սա այն դեպքում, երբ Իրաքի ջրի պաշարները 80-90 տոկոսով կախված են Եփրատի ու Տիգրիսի ջրերից։ Անշուշտ, Իրանի Զագրոս լեռնաշղթայից սկիզբ առնող և դեպի Իրաք հոսող Դիյալե գետի վրա կառուցված ջրամբարները ևս բացասաբար են ազդում Իրաքի վրա, սակայն դա համեմատելի չէ Եփրատի ու Տիգրիսի կենսական նշանակության հետ։

Բավական ծավալուն հարցազրույցի ընթացքում Դիլբաշը խոսել է Թեհրան-Բաղդադ ջրային տարաձայնությունների մասին՝ այն խիստ կարևորելով, թերևս չափազանցեցնելով և մանրակրկիտ բացատրելով, որ Իրաքի սակավաջրության գլխավոր մեղավորն Իրանն է։ Սա այն դեպքում, երբ Իրաքի ջրի պաշարների այժմյան նախարար Աուն Դայաբը հայտնել է, թե Իրաքն այլևս երկու գետերի «Միջագետք» երկիր չէ, քանի որ Թուրքիան, Եփրատի ու Տիգրիսի վրա 104 ամբարտակ կառուցելով, դրանք վերածել է ջրանցքի: Ի հետևանք դրա՝ երկիրը հայտնվել է ջրի մահացու ճգնաժամի առաջ, երկրի տարբեր նահանգների միջև բախումներ են տեղի ունենում նշյալ գետերի ջրերից օգտվելու շուրջ[11]։

Նա, այնուհետև քննադատաբար անդրադառնալով Իրանի սակավաջրության հարցին ու այն լուծելու Թեհրանի քայլերին, շեշտել է, թե Իրանն իր «ջրի սնանկության» խնդիրը ցանկանում է լուծել ոչ ավանդական ուղիներով՝ մատնանշելով Պարսից Ծոցի ջրերի աղազտման ուղղությամբ Թեհրանի կատարած քայլերը։ Նա մոռանում է, որ  Պարսից Ծոցի ավազանի երկրները վաղուց արդեն դա կիրառում են որպես ջրի պահանջարկի գլխավոր միջոց, ինչը թեև ունի բնապահպանական ոչ ցանկալի հետևանքներ, այսուհանդերձ, գնահատվում է առավել արդյունավետ միջոց։

Դիլբաշը ներկայացնում է նաև Սպահան և Խուզեստան նահանգներում գյուղացիների բողոքի ցույցերը, ինչը կրկին համարվում է ջրի ոչ արդյունավետ կառավարման հետևանք։ Սա իրականություն է, ինչի մասին խոսում են իրանցի փորձագետները  և նույնիսկ՝ պաշտոնյաները։ Թուրքիայի ջրի կառավարումն ու քաղաքականությունը լավագույն գնահատականներով ներկայացնելուն զուգահեռ՝ Իրանի դեպքում գույներն առավել խտացնելը պետք է համարել քարոզչական հնարք, մանավանդ որ Ուրմիա լճի զգալի հատվածի չորացման հարցում նա մեղադրել է Իրանին ոչ միայն սխալ հիդրոքաղաքականության, այլև դիտավորության համար, ինչը պայմանավորում է լճի շրջակայքում թուրքերի ապրելով։ Ապա նա հավելում է, որ չորանալու դեպքում աղի քամիների պատճառով ապրելն անհնար է դառնալու, ուստի բնակչությունը հարկադրված գաղթելու է։ Դիտավորության հաջորդ վարկածով, ինչը, թերևս, ուշագրավ կլինի նաև միջազգային հանրության համար, նա շեշտում է, թե ենթադրվում է, որ այդտեղ կան ուրանի հանքեր, որոնք կարելի է շահագործել միայն լճի չորացման դեպքում։

Համեմատելով տարբեր փորձագետների տեսակետները՝ համաթյուրքականությունն ու Իրանին ամեն ինչում մեղադրելու տեսանկյունից ակնհայտ է, որ դրանք լիովին համընկնում են, ինչը խոսուն փաստ է, այլապես Թալեբին ու Դիլբաշը նկատի կունենային Թուրքիայի մարդու իրավունքների խորհրդի 2012 և 2013թթ. GAP-ի հումանիտար վնասների վերաբերյալ երկու ծավալուն զեկույցի հրապարակումը,[12] ինչը, բնականաբար, իշխանությունների սրտով չէր, թեև իրականության համեմատ առավել մեղմ էր։ Բացի այդ Թուրքիայում Էրդողանի սուլթանությունը դեռևս չէր հաստատվել և չէին պատժվում այլակարծության համար։

 

ԻՐԱՆԻՆ ԽԻՍՏ ՄՏԱՀՈԳԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՆԱՏՈԼԻԱՅԻ ՆԱԽԱԳԻԾԸ (DAP)

Նախքան DAP-ին անդրադառնալը նշենք, որ Թուրքայի, Հայաստանի, Ադրբեջանի ու Իրանի տարածքներով հոսող, միջազգային կարգավիճակ ունեցող Արաքսի միջին տարողությունը վերջին 30 տարվա վիճակագրական տվյալներով 10,5 միլիարդ խմ է, ըստ թուրքական տվյալների՝ 13 միլիարդ խմ, ընդ որում, 4 միլիարդ խմ՝ Թուրքիայից, 2-ական միլիարդ՝ Հայաստանից  ու Ադրբեջանից, 2,5 էլ՝ Իրանից[13]։ Արաքսի ջրհավաք ավազանում կառուցված ջրամբարներն են՝ Թուրքիայում՝ 5, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2 և  Իրանում՝ 8, սակայն ներքին հոսանքի երեք երկրների ջրամբարների տարողությունը միասին վերցրած հավասար է Թուրքիայի գրեթե միայն Սոյլմեզ ամբարտակի տարողությանը։ DAP-ի շրջանակներում ընդամենը երկուսն է գործարկվել՝ հիշյալն ու Կարակուրտը, մինչդեռ նախագծով նախատեսված է 14-ը[14]։

Ինչպես նշում են իրանական ԶԼՄ-ներն ու փորձագիտական շրջանակները, DAP-ով Արաքսի ու դրա վտակների վրա կառուցվելու է, ըստ տարբեր աղբյուրների, 10-14 մինչև 10-90 ջրամբար և 100 ոռոգման համակարգ։ Այդ գաղափարը ծնվել է ավելի քան 20 տարի առաջ, և շուրջ մեկ տասնամյակ է, ինչ գաղտնիության պայմաններում կյանքի է կոչվել՝ առանց նախագծի մասին որևէ տեղեկություն հրապարակվելու։ Ավելին, DAP-ի վերաբերյալ ցանկացած տեղեկություն հրապարակվում է Թուրքիայի ԱԳ նախարարության խիստ վերահսկողության ներքո, ինչը պատճառաբանվում է GAP-ի օրինակով միջազգային հանրությունում դրա դեմ մթնոլորտ չձևավորելու նկատառումով։

Արաքսի ավազանում իրականացվող DAP-ը խիստ մտահոգել է Իրանին։ Եթե GAP-ը փոշեհատիկների մշուշի տեսքով անուղղակիորեն է հարվածում շրջակա միջավայրին (ինչը երբեմն ներառում է Իրանի շուրջ 24 նահանգները), ապա DAP-ի պարագայում Իրանը գետի ներքին հոսանքում գտնվողի կարգավիճակում է, ինչը նշանակում է, որ Թուրքիան ցանկանում է այն որպես ճնշման լծակ կիրառել նաև Իրանի նկատմամբ։ Վերջինս այժմ լուրջ ջանքեր է գործադրում հարցը բանակցությունների միջոցով լուծելու ուղղությամբ։ Նման բանակցությունները սովորաբար որոշ չափով արդյունավետ են լինում, եթե ներքին հոսանքի երկրները հզոր են, ուստի բացառված չէ ինչ-որ փոխզիջումային տարբերակ, մանավանդ, եթե Հայաստանը ևս միանա Իրանի տեսակետին։

Որպես հարցի լուծում իրանցի փորձագետներն առաջարկում են նաև Իրան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով հակադրվել DAP-ի իրականացմանը, սակայն հաշվի առնելով Բաքվի վասալային կարգավիճակը` հազիվ թե վերջինս բողոքի ստեղծված իրավիճակից։ DAP-ի իրականացումն Իրանի գործադիր, օրենսդիր, երբեմն դատական իշխանության ներկայացուցիչների՝ գլխավոր դատախազության, ինչպեսև փորձագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում է։

Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներին, կարելի է ասել, որ DAP-ի իրականացումը նրանց ամենօրյա օրակարգում է թե՛ վերլուծությունների և թե՛ տեղեկատվության տրամադրմամբ։ Հարցը լայն արձագանք ստացավ նաև արտերկրի հարյուրավոր պարսկալեզու կայքերում, պարբերականներում ու հեռուստաալիքներում։ Թուրքիան առաջ է մղում իր ազգային ծրագիրը՝ ջուրը որպես ճնշման լծակ կիրառելով, թերևս ձգտում է հասնել «նավթ ջրի դիմաց» բանաձևին՝ ուղղակիորեն և անուղղակիորեն ակնարկելով այդ մասին։

Ահավասիկ, միջազգային Եփրատ և Տիգրիս գետերից Իրաքի փայաբաժնի կրճատման մասին Իրաքի նախկին վարչապետ Նուրի ալ Մալեքիի դժգոհությանն ի պատասխան Անկարան հայտարարել էր «Դուք էլ ձեր նավթի պաշարները մեզ հետ կիսեք»[15]։ Փորձագետները նման պատասխանը համարում են վտանգավոր՝ ընդգծելով, որ նավթը տնտեսական ապրանք է, իսկ ջուրը՝ կենսական։ Նրանք նշում են, որ դա միջազգային օրենքներով դատապարտելի է, և կարելի է դատական գործ հարուցել։

Բացի այդ GAP-ի կապակցությամբ Իրաքի, Սիրիայի և Իրանի բողոքներին պատասխանելով՝ Թուրքիան պատճառաբանում է նաև էլեկտրաէներգիայի իր կարիքներով, ինչը դարձյալ նշանակում է ջուր նավթի կամ գազի դիմաց։ Ահա թե ինչու որոշ փորձագետներ առաջարկում են հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով՝ Թուրքիային հատուկ զեղչերով էներգակիրներ տրամադրելով։[16] 2023թ մարտի 21-23-ին Իրաքի վարչապետ Մոհամեդ Շիյա ալ Սուդանիի այցի ընթացքում Թուրքիայի հետ ստորագրված համաձայնությունն էլ հենց այս համատեքստում պետք է դիտարկել։ Այնուհետև Ալ Սուդանին մարտի 28-ին հայտարարել է, որ ջրի խնդիրը պետական խնդիր է և պետք է այդ մակարդակով քննարկման առարկա դառնա և ոչ թե տեխնիկական։ Կառավարության խոսնակը հայտնել է, թե Թուրքիայում Ալ Սուդանին հարցը նշյալ մակարդակով է օրակարգ բերել[17]։

Եվրասիական հարցերի փորձագետ դոկտոր Ահմադ Քազեմին նույնպես ընդգծում է, որ Թուրքիան DAP-ը գաղտնի է իրականացնում, այդ երկրի ԶԼՄ-ներում որևէ տեղեկություն չկա կառուցվող ջրամբարների քանակի մասին։ Նա հավելում է, որ ըստ առկա տեղեկությունների՝ ավելի քան 10 ջրամբարտակ պետք է կառուցվի, որոնցից երկուսը՝ Կարակուրտն ու Սույլմազը, արդեն գործարկվել են, և նախագիծն ամբողջական դառնալու պարագայում Արաքսի ջրերը 50 տոկոսով պակասելու են։ Նա շեշտում է, որ DAP-ի իրականացումն Իրանի համար բազմակի վտանգավոր է բնապահպանական և մարդու իրավունքների տեսանկյունից[18]։

Ինչպես նշվեց, իրանցի փորձագետներն ու օրենսդիրի ներկայացուցիչները, խստիվ դատապարտելով Թուրքիայի՝ «ջրի հեգեմոն» դառնալու ջանքերն ու DAP-ի իրականացմամբ ուղղակի Իրանին հարվածի տակ դնելու փաստը, միաժամանակ սուր քննադատության են ենթարկում երկրի գործադիրին՝ մեղադրելով համապատասխան  քայլեր չկիրառելու համար։

Թեհրանի Թարբիաթ Մոդարես համալսարանի գիտխորհրդի անդամ Հոջաթ Միյանաբադին շեշտում է, որ արտաքին քաղաքականության հետ սերտ կապված Թուրքիայի գերնախագծերի մասին տեղեկությունները կառավարությունը խիստ սահմանափակել է, այդ երկրի համալսարաններում չեն կարող ուսումնասիրություն կատարել այդ նախագծերի վերաբերյալ առանց իշխանությունների թուլատվության։

Նա նաև քննադատում է Իրանի իշխանություններին, մատնանշում նրանց թերացումները՝ շեշտելով, որ երկար տարիներ է, ինչ DAP-ն իրականացվում է, սակայն այդ երկրի դիվանագիտական կառույցների՝ էներգետիկայի, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարությունների, ինչպեսև անվտանգության կառուցների տեղեկությունները դրա մասին խիստ սահմանափակ են, հետևաբար եզրակացությունն էլ խիստ ընդհանրական է։

Մինչդեռ 1999-2000թթ ԱՄՆ ծովուժի ինստիտուտը լուրջ ուսումնասիրություն է կատարել Իրանի վրա GAP-ի իրականացման հետևանքների մասին, իսկ Իրանում հարցը զուտ գիտականորեն է ուսումնասիրվել։ Ավելին, նա հավելել է, որ արևմտյան բազմաթիվ երկրներում Իրանի վրա GAP-ի հնարավոր ազդեցությունները հետազոտությունների առարկա են դարձել, այդ թվում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում և Կանադայում, իսկ Իրանում անգամ 2022թ չգիտեին, թե դրա հետևանքները չեզոքացնլու համար ինչ քայլեր են անհրաժեշտ։ Միյանաբադին նշել է նաև, որ 2009թ Գերմանիայում Իլիսուի կառուցման դեմ ցույցերը պատճառ դարձան, որ ԵՄ-ը հրաժարվի դրա կառուցման համար մեկ միլիարդ դոլար ներդրում կատարելուց[19]։ Նրա կարծիքով՝ DAP-ի իրականացման դեպքում հետևանքներն անհամեմատ մեծ են ու աղետաբեր, քանի որ հարվածի տակ են հայտնվում երկրի մի զգալի հատվածի գյուղատնտեսությունը, շրջակա միջավայրը, արտադրությունը, մի քանի քաղաքների խմելու ջրի անվտանգությունը։

Իրանի օրենսդիրների դիրքորոշումը DAP-ի մասին չի սահմանափակվում  Թուրքիայի որդեգրած քաղաքականության դատապարտմամբ, այլ գործադիրից պահանջվում է լուրջ քայլեր կատարել խնդիրը լուծելու ուղղությամբ։

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ դոկտոր Վահիդ Ջալալզադեհը, ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, նշել է, թե Արաքսի ջրհավաք ավազանում DAP գերնախագծի իրականացումն ընթացքի մեջ է, ինչի նպատակը ջուրը դեպի երկրի արևելք տեղափոխելը, գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը զարգացնելն է։ Մինչդեռ այդ ջրամբարաշինությունը կոչնչացնի Իրանի առնվազն չորս՝ Արևելյան ու Արևմտյան Ադրբեջան, Արդաբիլ ու Գիլան նահանգներում  գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը։ Բացի այդ Կասպից ծովի հասանելիք ջուրը ևս կկրճատվի իր բնապահպանական բացասական հետևանքներով[20]։

Ջալալզադեհը խոսել է նաև ԱԳ ու էներգետիկայի նախարարներին այդ առիթով խորհրդարան հրավիրելու և պատգամավորների հարցերին պատասխանելու մասին՝ նշելով, որ նրանցից պահանջվել է պատասխանել GAP-ի ու DAP-ի շրջանակներում Թուրքիայի ջրամբարաշինության շուրջ թուրք-իրանական բանակցությունների վերաբերյալ հարցերին։ Նա, անդրադառնալով Իրանում ջրի խնդրի ճգնաժամին, շեշտել է, որ Իրանում խնդիրն ավելի շուտ ոչ թե սակավաջրությունն է, այլ պատասխանատվության բացակայությունն ու ջրի ոչ ճիշտ կառավարումը։ Նա քննադատել է նաև երկրի գիտահետազոտական, վերլուծական կենտրոնների և ոլորտի պատասխանատուներին արդյունավետ չաշխատելու համար, շեշտել, թե դրանք իրավիճակից դուրս գալու որևէ հստակ տեսակետ չեն ներկայացրել, երկարաժամկետի առնչությամբ չկա մշակված տեսակետ, ջրի կառավարման վերաբերյալ էլ բացակայում է ապագային ուղղված ծրագիրը, ինչը հանգեցրել է այսօրվա իրավիճակին[21]։

Ոլորտի մեկ այլ փորձագետ, վերլուծելով Թուրքիայի հիդրոքաղաքականությունը, միաժամանակ խիստ գնահատականներ է տվել գործադիրի կողմից իրականացվող քաղաքականությանը։ Հիդրոքաղաքագիտության ավագ փորձագետ Զահրա Ղորեյշին նշում է, որ Թուրքիան ներկա դրությամբ ձգտում է ջրի պաշարներից առավելագույնս օգտվել և բնությունը վերաձևավորել իր ճաշակով։ Նա հավելում է, որ Թուրքիայի բռնած ճանապարհը տանում է դեպի հարևան տարածքների հիդրոլոգիական ու հասարակական համակարգի փոփոխության։ Ղորեյշին շեշտում է, որ DAP-ի վերաբերյալ թուրքերենով հրապարակված բոլոր փաստաթղթերը թարգմանվել են պարսկերեն, բայց այդ նախագծի մասին շատ ընդհանրական տեղեկություններ են ձեռքբերվել։ Միայն պարզվել է, որ դա գլխավորապես գյուղատնտեսությունը զարգացնելու ու ոռոգման նպատակ է հետապնդում՝ ի տարբերություն GAP-ի, որտեղ գլխավորը ՀԷԿ-երն են։ Հայտնի է նաև, որ DAP-ի շրջանակներում կառուցվելու է 90 ջրամբար[22] և 100 ոռոգման ցանց։ Սակայն դրանց տեղակայման կոնկրետ վայրի, տարողության և ոռոգվող տարածքների չափի մասին որևէ բան հայտնի չէ[23]։ Նա ևս ընդգծում է, որ այդ մասին ցանկացած հրապարակում գտնվում է ԱԳ նախարարության վերահսկողության տակ, որպեսզի GAP-ի օրինակով խիստ բացասական մթնոլորտը չկրկնվի միջազգային հասարակության շրջանում։ Հիդրոքաղաքագետը, անդրադառնալով Թուրքիայի ջրամբարաշինությանը, ընդգծում է, թե դրա գլխավոր նպատակը երկրի արևելյան հատվածում (որն առնչվում է քրդական հարցին) ժողովրդագրական ինքնությունը փոփոխության ենթարկելն  է՝ թուրքացնելը։

Հատկանշական է, որ նախկինում Թուրքիայի տվյալ տարածաշրջանում դիտավորությամբ ներդրումներ չկատարելով՝ կենսամակարդակը երկրի միջինին զիջում էր մի քանի անգամ։ Անկարան հույս ուներ, որ ավելի լավ ապրելու համար քրդերը կտեղափոխվեն զարգացած շրջաններ, որտեղ կենսամակարդակը զգալիորեն բարձր է: Սա մասամբ իրականացավ։ Այժմ իշխանությունները նպատակամղված են ջրի ոլորտում ներդրումներ կատարել, աշխատատեղեր ստեղծել ու այլ վիլայեթներից թուրքերին բերել, ինչպես ասում են՝ «եթե սարը չի գալիս Մոհամեդի մոտ, Մոհամեդն է գնում սարի մոտ»։ Դրանով, փաստորեն, «մի կրակոցով երկու նապաստակ է խփելու»՝ և՛ քրդերի հարցն է լուծելու, և՛ գետերի ներքին հոսանքներում գտնվող երկրների դեմ «ջրի զենքը» կիրառելու է որպես ճնշման լծակ։

Ղորեյշին նշել է, որ թե՛ ներքին և թե՛ միջազգային տեսանկյունից DAP-ի մանրամասների հրապարակումն անհրաժեշտ է։ Նա նշել է, որ պետք է Թուրքիայից պահանջել դա, որպեսզի Իրանը կարողանա հետամուտ լինել միջազգային գետերի վերաբերյալ իր իրավունքներին։ Նա, պատասխանելով հարցին, թե Թուրքիայի նման գործողությունները կասեցնելու համար ինչ քայլերի կարելի է դիմել, նշել է, թե ներկա դրությամբ Թեհրանը վերսահմանային ջրերի և շրջակա միջավայրի հարցերի վերաբերյալ  որդեգրել է «որոշում չընդունելու ռազմավարությունը»։ Պետական այրերը շարունակաբար հետաձգում են խնդիրը լրջորեն օրակարգ բերելու հարցը, որպեսզի հարևան երկրների հետ հարաբերություններում նոր մարտահրավերներ չառաջացնեն, չմտնեն խնդրահարույց հարցերի մեջ։ Հետևաբար հարցը չի բարձրացվում իրավաբանական՝ իրավունքների ապահովման մակարդակի, փաստորեն դրա լուծումը հետաձգելու քաղաքականություն է իրականացվում, ինչը, մեղմ ասած, ճիշտ չէ, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ DAP-ը վտանգում է Իրանի ներդրումները Խոդաֆերինի ջրամբարի հարակից շրջանների ոռոգման նախագծերում։

Մյուս կողմից էլ  գործադիրը շեշտում է, որ խնդիրը լուծելու ուղղությամբ ջանք չի խնայում։ 2022թ օգոստոսի 6-ին ԱԳ նախարար Ամիրաբդոլահյանը խորհրդարանի գյուղատնտեսության հանձնաժողովում  ներկայացրել էր իր պաշտոնավարման ընթացքում կատարված քայլերը, նշել, որ ձևավորվել է ջրի հարցերով Իրան-Թուրքիա համատեղ հանձնաժողով։ Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ նա շեշտել է, որ Արաքսից Իրանի ժողովրդի պատմական փայաբաժնից անգամ մեկ կաթիլի կորուստ թույլ  չեն տա[24]։

2022թ մայիսի 10-ին Ամիրաբդոլահյանը հրավիրվել է խորհրդարան՝ պատասխանելու միջազգային գետերի ջրերի մասին թուրք-իրանական բանակցությունների ու դիվանագիտական քայլերի կապակցությամբ հարցերին։ Նա նշել է, որ վերջին 8 ամիսների ընթացքում երկու անգամ ուղղակիորեն բանակցել են թուրքական կողմի հետ և հարցը բազմիցս քննարկել հեռախոսազրույցների ընթացքում։ Նա հավելել է, որ թեև երկկողմ որևէ համաձայնագիր ջրի ոլորտում համագործակցության վերաբերյալ չկա, սակայն վերջին 4 ամիսների խորհրդակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռքբերվել ջրի խնդրի համատեղ կոմիտե ստեղծելու շուրջ։ Միաժամանակ Ամիրաբդոլահյանը շեշտել է, թե թուրքական կողմը պնդում է, որ ջրամբարները կառուցվում են լեռնային շրջաններում ու բացառապես էլելտրաէներգիա արտադրելու նպատակով։ Ապա նա շարունակել է, որ Էներգետիկայի նախարարությունում փորձագետների հետ հարցի քննարկումից պարզ դարձավ, որ Թուրքիայի ջրամբարաշինության հարցում բազում լուրջ ու մութ կողմեր կան: Մասնագետները նշել են, որ ՀԷԿ-երն աշխատեցնելու համար շատ խոր ջրամբար անհրաժեշտ չէ, հարկավոր է այնքան, որ տուրբիններն աշխատեն։ Նրա խոսքերով՝ երբ այդ մութ կողմերի համար պարզաբանում են պահանջել թուրքական կողմից, պատասխանել են, թե իրենք այդ ջրերի կարիքը չունեն, ձմեռը կուտակելու են, իսկ ամառը բաց են թողնելու[25]։

Ինչպես նշել ու նշում է իրանական կողմը, Անկարան մշտապես խուսափել է ջրի խնդիրը բանակցությունների օրակարգում զետեղել, իսկ ներկայացված հարցերին էլ խուսափողական պատասխան է տալիս։ Թուրքիայի հիշյալ պատասխանից կարելի է  ենթադրել, որ այդ երկիրը միլիարդավոր դոլարներ է ծախսում, որ «ձմեռը կուտակած ջուրն ամառը բաց թողնի» գետի ներքին հոսանքի երկրներին «աջակցելու» նպատակով, միաժամանակ էլ հայտարարում, որ ոռոգման համակարգերի ավարտին շուրջ երկու միլիոն նոր աշխատատեղ է ստեղծելու։

Ավելին, 2017թ Թեհրանում շրջակա միջավայրի թեմայով հերթական 9-րդ միջազգային գիտաժողովին Իրանի նախկին նախագահ Հասան Ռուհանին բացման խոսքում անդրադարձել էր GAP-ի շրջանակներում Եփրատի ու Տիգրիսի վրա ջրամբարաշինությանն ու դրանցից բխող բնապահպանական աղետին, Իրաքին ու Իրանին հասցված վնասներին, շեշտել դրանց ներքին հոսանքում գտնվող երկրների ջրի փայաբաժնի կարևորությունը։ Թուրքիայի հակազդեցությունը չէր ուշացել, ժամանակի ԱԳ փոխնախարար Ֆազլի Չուրմանը հայտարարել էր, թե Թուրքիան որևէ երաշխիք չի տա Իրանին ջրամբարաշինության ու ջրի չափաբաժնի կապակցությամբ[26]։ Սա նշանակում է, որ Թուրքիան իր ռազմավարական նպատակներին հասնելու ճանապարհին չի պատրաստվում նահանջի որևէ քայլ կատարել, ինչը կարող է Թեհրան-Անկարա փոխհարաբերություններում լուրջ լարվածություն առաջացնել, թեև Իրանը ջանքեր է գործադրում դրանք կառավարելի դարձնելու ուղղությամբ:

20-րդ դարի երկրորդ կեսից բնապահպանության և քաղցրահամ ջրի ոլորտի մասնագետներն ու քաղաքական հայտնի գործիչներն արդեն նախազգուշացումներ էին հնչեցնում առ այն, որ ջրի խնդիրը 21-րդ դարի պատերազմների գլխավոր մղիչ ուժն է լինելու, մասնավորապես ի սկզբանե սակավաջուր MENA-ի երկրներում, որտեղ առկա է նավթի համաշխարհային պաշարների 60, իսկ գազի 45 տոկոսը: 20-րդ դարում այդ տարածաշրջաններում ջուրը պատերազմների ու ճգնաժամերի պատճառ էր։ Այդ նախազգուշացումները, կարելի է ասել, այսօր արդեն միս ու արյուն են դարձել։

ՄԱԿ-ը և դրան կից ջրի ոլորտին առնչվող հանձնաժողովներն ու կազմակերպությունները դեռևս անցյալ դարի 70-80-ականներից ջանքեր են գործադրել ու գործադրում միջազգային կոնվենցիաներով ու համաձայնագրերով քաղցրահամ ջրի պատճառով առաջացած ճգնաժամերն ու տարաձայնությունները կառավարելի դարձնելու ուղղությամբ։ Դա ոչ միշտ է հաջողվում, քանի որ որոշ երկրներ խուսափում են դրանց միանալ, երբեմն էլ, միանալով հանդերձ, հարժարվում են ստանձնած պարտավորություններից։ Այդպիսի երկրներից է Թուրքիան։

Խիստ սակավաջուր Մեջին Արևելքում Թուրքիան այս առումով համեմատաբար առավել բարվոք վիճակում է, ինչը ձգտում է կիրառել որպես լծակ, տարածաշրջանում ջրի պաշարները վերահսկելով՝ դառնալ հիդրոգերտերություն։ Այդ նպատակով Թուրքիան նախ օրակարգ է բերել GAP-ը, որը, թուրքական աղբյուրների համաձայն, դեռևս Աթաթուրքի օրոք է մշակվել։ Թուրքիան 21-րդ դարում դրան ավելացրել է ևս 9 գերնախագիծ։

GAP-ի պարագայում Անկարան երկու նպատակ է հետապնդում: Ա) Նա ցանկանում է այն կիրառել որպես լծակ Սիրիայի ու Իրաքի դեմ, մասնավորապես վերջինիս, քանի որ այդ երկրի ջրի պաշարների 80-90 տոկոսը կախված է Տիգրիս և Եփրատ գետերից, Բաղդադին կամք, այդ թվում՝ տարածքային հավակնություններ թելադրելով, առաջին հերթին նավթով հարուստ Քիրքուք նահանգին։

2023թ մարտին՝ Բաղդադի հետ էներգետիկայի և տնտեսական այլ ոլորտներում համագործակցության խոշոր համաձայնություն ստորագրելուց շուրջ մեկ ամիս անց, թուրքական Հուրիյեթ օրաթերթը գրել է, որ Թուրքիայի ռազմական գործողությունների թերախ է դարձնելու նաև Սոլեյմանիեն, ներառյալ եզդիների կենտրոն Շենգալ ու Ղանդիլ քաղաքները։[27]Սա այն դեպքում, երբ Թուրքիան ճահճադաշտերի պահպանման Ռամսարի միջազգային կոնվենցիայի անդամ է։ Այն ստորագրվել է 1960թ Իրանի Ռամսար քաղաքում, որին այժմ անդամակցում է 171 երկիր։ Թուրքիան խախտել է այդ կոնվենցիան, քանի որ Հուր ալ Ազիմ, Հուր ալ Մարքազ և Հուր ալ Համար ճահճադաշտերի չորացման պատճառը Եփրատից ու Տիգրիսից Իրաքի ջրի չափաբաժնի առնվազն 50-56 տոկոսով կրճատումն է։ Այս կապակցությամբ Իրաքը կարող է դիմել միջազգային ատյաններին, որոնց որոշումների հետ հազիվ թե Անկարան հաշվի նստի։ Այսուհանդերձ, բացառված չէ, որ Թուրքիայի ախորժակի բացվելը բախումները կդարձնի անխուսափելի։

Բ) Ջրամբարները կառուցվում են քրդաբնակ վիլայեթներում, որտեղ քաղաք ու մեծ թվով բնակավայրեր են անցել և անցնելու են ջրի տակ, բնակչությունն էլ տեղահանվելու է։ Բացի այդ վիլայեթների ժողովրդագրական դիմանկարը փոխվելու է նշված տարածքներում գյուղատնտեսական խոշոր ծրագրերի իրականացմամբ։ Թեև միջազգային ԶԼՄ-ներն ու փորձագետները շեշտում են, թե այդպիսով քրդական մշակույթն է թիրախավորվել, սակայն դրանով վերացվում են նաև հայկական հետքերը։

GAP-ի շրջանակում Աթաթուրքի անվան ու Իլիսուի ջրամբարտակների գործարկմամբ կտրուկ կրճատվել է Եփրատի ջրի հոսքը դեպի Սիրիա և Իրաք, ինչի հետևանքով Իրաքում չորացել են ճահճադաշտերը՝ լուրջ հարված հասցնելով նաև Իրանի շրջակա միջավայրին, առաջին հերթին դրա հետևանքով առաջացած փոշեհատիկների մշուշների տեսքով, որոնք տարածվում են Իրանի շուրջ 24 նահանգներում։ Այսուհանդերձ, GAP-ի վնասները բնապահպանական են, բացի այդ Իրանն էլ Եփրատի ու Տիգրիսի ավազաններում չի գտնվում, հետևաբար, թեև իշխանություններն այդ հարցում լուրջ քայլեր չկատարելու համար սուր քննադատությունների են ենթարկվել, սակայն տարաձայնությունները փոխադարձ մեղադրանքներից այն կողմ են անցել։ Մինչդեռ DAP-ի դեպքում Իրանը գտնվում է գետի ներքին հոսանքում, և դրա իրականացումը ոչ միայն կհարվածի շրջակա միավայրին, այլև ըստ իրանցի մասնագետների՝ Արաքսի ջրերը կնվազեն 30-50 տոկոսով, սպառնալիքի տակ կհայտնվեն Իրանի 4 նահանգների գյուղատնտեսության, արդյունաբերության, ինչպես նաև Արաքսի վրա գործող ու կառուցվող ջրամբարների աշխատանքները։ Ուստի այս դեպքում Անկարային հազիվ թե հաջողվի խույս տալ հարցը փոխհարաբերությունների օրակարգից դուրս թողնելուց։

Ահավասիկ, ընթացիկ տարվա հունվարի 17-ին, երբ Ամիրաբդոլահյանը մեկօրյա այցով Անկարայում էր, որի գլխավոր նպատակը նախագահ Ռայիսիի՝ Թուրքիա կատարվելիք այցի նախապատրաստումն էր, նա Էրդողանի ու Չավուշօղլուի հետ հանդիպմանը բանակցել է նաև այդ հարցի շուրջ։ Իր պաշտոնակցի հետ մամուլի ասուլիսին անդրադառնալով խնդրին՝ նա անհրաժեշտ է համարել երկու երկրների սերտ համագործակցությունը բնապահպանության ոլորտում՝ խիստ կարևորելով Արաքսի ջրերի արդարացի օգտագործումը ջրի իրավական, պատմական օրենքների և ավանդույթի ուժով, հաշվի առնելով ներքին հոսանքում գտնվողներին վերապահվող չափաբաժինը։

Ռայիսիի այցի օրակարգում առանցքային էր լինելու խնդրո առարկան, սակայն երկրաշարժի պատճառով այն տեղի չունեցավ։ Արդեն ակնհայտ է, որ Անկարան չի կարող հրաժարվել բանակցություններից՝ ասելով, թե ինչպես կուզի, այնպես էլ կվարվի իր ջրի պաշարների հետ։ Նա պետք է ընդունի, որ DAP-ի հարցը զետեղվելու է երկու երկրների դիվանագիտական փոխհարաբերությունների օրակարգում։

Միաժամանակ գուցե Թուրքիան փորձի Իրանի հանդեպ ավելի «բարեկամաբար» թելադրել «էներգակիրներ ջրի դիմաց» քաղաքականությունը, մանավանդ որ 2025թ ավարտվում է Իրանից գազ գնելու համաձայնագրի ժամկետը։ Ուստի Անկարան կձգտի ավելի նպաստավոր պայմաններով երկարաձգել այն, ինչի հավանականությունը փոքր է, սակայն սահմանափակումների պայմաններում բացառված չէ: Սրա այլընտրանքն առնվազն երկու երկրների փոխհարաբերություններում լարվածության մեծացումն է՝ ընդհուպ վերածվելով ճգնաժամի:

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

[6] Նա Ադրբեջանն առանց նահանգ բառի է կիրառում, մինչդեռ Իրանում կան Արևելյան ու Արևմտյան Ադրբեջան նահանգներ: Փաստորեն նա նկատի է ունեցել ֆեյք Հարավային Ադրբեջանը։

[8] Թուրքիայի իրանագիտության խոշորագույն կենտրոնն է, որը նաև մասնաճյուղ ունի տարբեր քաղաքներում։

[10]  Ֆալկոն Մարկի ցուցիչը հետևյալն է եթե մի երկրում տարեկան կտրվածքով վերականգնվող ջրերը մեկ շնչի հաշվով 1700 խմ են կազմում, և այդ երկիրը սակավաջրության շեմին է հայտնվել, ապա դրանից ավելին խնդիր չունի, իսկ 1000-1700 խմ դեպքում այդ երկիրը կանգնած է ջրի մարտահրավերի առաջ, 500 խմ և դրանից պակասի դեպքում սակավաջրության լուրջ ճնշման ներքո է գտվում։ ՄԱԿ-ի ցուցիչի համաձայն՝ եթե մի երկրում օգտագործվող ջրի քանակը վերականգնվող ջրերի 40 տոկոսն է կազմում, ապա այդ երկիրը ջրի խորը ճգնաժամի մեջ է,  իսկ եթե 20-40 տոկոս է, ճգնաժամը միջին մակարդակի է, 10-20 տոկոսի դեպքում ճգնաժամի շեմին է, իսկ 10 և դրանից պակասը խնդիր չունեցող երկիր է։

[16] Նույն տեղում:

[19] Նույն տեղում։

[21]  Նույն տեղում։

[22]  Որոշ աղբյուրներում էլ ջրամբարների թիվը 10 է նշվում:

[27] Սոլեյմանիեն ավելացել է Թուրքիայի ռազմական գործողությունների ցանկին

 

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Փորձագետ (ներ)

Էմմա Բեգիջանյան