Միջազգային ԵՎ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
05 մյս 2023 261

2023թ ապրիլի 10-ին Ստամբուլում Էրդողանի մասնակցությամբ տեղի ունեցավ TCG Anadolu ունիվերսալ դեսանտանավի/թեթև ավիակրի շահագործման հանձնման ու Milgem (Milli Gemi -Ազգային նավ) ծրագրի շրջանակներում Istif դասի 3 նոր ֆրեգատի կառուցման մեկնարկի արարողությունը (TCG-ը Թուրքիայի ՌԾՈՒ-ին պատկանող նավերի անվանման հապավումն էTürkiye Cumhuriyeti Gemisi - Թուրքիայի Հանրապետության նավ)։ Milgem ծրագրի շրջանակներում ֆրեգատների կառուցումն իրականացվելու է թուրքական STM ու TAIS ընկերությունների համագործակցությամբ։ Anadolu, Sedef և Sefine նավաշինարաններից յուրաքանչյուրում 36 ամսում (ռեկորդային ժամկետում) միաժամանակ կկառուցվի İSTİF դասի մեկական ֆրեգատ։ İSTİF դասի ֆրեգատները, որոնց բոլոր սենսորներն ու զենքի համակարգերը մշակվել են Թուրքիայում, կհամալրվեն հակաօդային պաշտպանության տեղական համակարգերով։ İSTİF դասի ֆրեգատի երկարությունը կազմում է 1132 մ, լայնությունը՝ 144 մ, ջրում ընկղմվածությունը՝ 405 մ, ջրատարողությունը՝ 3000 տ (ողջ բեռնվածությամբ), արագությունը՝ ավելի քան 29 հանգույց (537 կմ/ժամ), ընթացքի պաշարը՝ 5700 ծովային մղոն (14 հանգույց), անձնակազմի թիվը՝ 123 մարդ։

2011-2019թթ Թուրքիան Milgem ծրագրի շրջանակներում կառուցել է Ada դասի 4 կորվետ, որոնք անվանակոչվել են Ստամբուլի մոտ գտնվող կղզիների անուններով՝ 2011թ - TCG Heybeliada (F-511), 2013թ - TCG Büyükada (F-512), 2018թ - TCG Burgazada (F-513) և 2019թ - TCG Kınalıada (F-514)։ Դրանից հետո որոշվել է  Milgem ծրագրի շրջանակներում արտադրել  İSTİF դասի 4 ֆրեգատ, որոնք էլ լինելու են նախագծի 5-րդ, 6-րդ, 7-րդ ու 8-րդ ռազմանավերը։ 2023թ շարք է մտնելու տվյալ դասի առաջին ֆրեգատը՝ TCG İstanbul-ը (F-515), 2024թ՝ երկրորդը՝ TCG İzmir-ը (F-516), 2025թ՝ երրորդը՝ TCG İzmit-ը (F-517), 2026թ՝ չորրորդը՝ TCG İçel-ը (F-518)։ Վերջին 3 ֆրեգատների կառուցման մրցույթները որոշակի ձգձգումներից հետո անցկացվել են 2023թ հունվարին [1]։

Ինչ վերաբերում է TCG Anadolu-ին, ապա այն Landing Helicopter Dock տեսակի դեսանտանավ է, որը ստեղծվել է իսպանական «Խուան Կառլոս I» ֆլագմանի հիման վրա, նախագծվել է իսպանական Navantia ընկերության կողմից և կառուցվել Թուրքիայի Sedef նավաշինարանում: Կառուցման գործընթացում թուրքական կողմի մասնաբաժինը կազմել է 70%, դրան մասնակցել է թուրքական 131 հետազոտական կենտրոն ու համալսարան։ Թուրքական կողմի պնդմամբ՝ TCG Anadolu-ի նման ռազմանավ աշխարհում ունի միայն 12 երկիր։ Նավի երկարությունը կազմում է 231 մ, լայնությունը՝ 32 մ, անձնակազմը՝ 1223 մարդ, ջրատարողությունը՝ 27436 տ, առավելագույն արագությունը (ողջ բեռնվածությամբ)՝ 205 հանգույց (38 կմ/ժամ), սովորական արագությունը՝ 16 հանգույց, ընթացքի պաշարը՝ 9000 ծովային մղոն (նավն ունակ է ջրում ինքնուրույն գտնվել 90 օր՝ առանց ցամաքի հետ կապ հաստատելու): 

Նավի թռիչքի տախտակամածը կազմում է 5440 մ2, նավն ունի 9200 մ2 ավտոկայանատեղի՝ ցամաքային և օդային տրանսպորտային միջոցների համար: Այն կարող է կրել/տեղափոխել ընդհանուր առմամբ 94 միավոր մեքենա, այդ թվում՝ 13 տանկ, 27 զրահապատ երկկենցաղ գրոհային մեքենա (ZAHA), 6 զրահափոխադրիչ, 33 տարբեր տրանսպորտային միջոցներ և 15 կցասայլ։ Նավի թռիչքի տախտակամածում կարող են տեղակայվել 12 մարտական ինքնաթիռ, 21 տարբեր տիպի ուղղաթիռ ու ԱԹՍ՝ 10 ուղղաթիռ և (որոշ տվյալներով՝ կամ) 11 հարվածային ԱԹՍ, իսկ անգարում կարող են տեղավորվել 19 ուղղաթիռ կամ 30 հարվածային ԱԹՍ: 

TCG Anadolu-ի վրա կարող են տեղակայվել հատուկ կարճ թափավազքի համար մշակված Bayraktar TB3 ԱԹՍ-երը, Bayraktar KIZILELMA անօդաչու կործանիչը և Hürjet թեթև հարձակողական ինքնաթիռը, ինչպես նաև ամենամեծ ու ամենածանր ուղղաթիռները (AH-1W Super Cobra, SH-70 Sea Hawk, Boeing CH-47F և այլն)։ Նավում առկա է նաև լիարժեք հիվանդանոց՝ 2 վիրահատարանով: Նավն ունի 4 դեսանտի ափհանման նավ՝ յուրաքանչյուրը մեկական տանկով։ TCG Anadolu-ն ունակ է սեփական ուժերով Էգեյան, Միջերկրական, Կարմիր և Սև ծովերում ճգնաժամային տարածաշրջան տեղափոխել առնվազն 1 գումարտակի չափ զորակազմ: TCG Anadolu-ն կգործի նաև Ատլանտյան ու Հնդկական օվկիանոսներում (այն ունակ է, առանց հավելյալ լիցքավորման, Թուրքիայից հասնել մինչև Ճապոնիա կամ Ավստրալիա)։

Իր ելույթում Էրդողանն ընդգծել է, որ ռազմածովային նավատորմի դրոշակակիր TCG Anadolu դեսանտանավը հպարտություն է ողջ Թուրքիայի համար։  Նրա խոսքով՝ TCG Anadolu-ն աշխարհում առաջին ռազմանավն է, որը նախատեսված է հարվածային ԱԹՍ-եր տեղակայելու համար «TCG Anadolu-ի պայմանագիրը կնքվել է 2015թ հունիսի 1-ին, նախագծի իրագործումը մեկնարկել է 2016թ ապրիլի 30-ին, նավը ջուրն է իջեցվել 2019թ մայիսի 4-ին, իսկ 2022թ հունիսից շարունակվում են փորձարկումները։ Դեսանտանավն ունի բոլոր հնարավորությունները՝ աշխարհի ցանկացած կետում օգտագործվելու համար ռազմական և հումանիտար գործողություններում: TCG Anadolu-ի շնորհիվ Թուրքիան կդառնա տեխնոլոգիաների, համակարգերի և լուծումների համաշխարհային առաջատարներից մեկը, որոնք փոխում են իրավիճակը տեղում»։ 

Էրդողանը նաև նշել է, որ ներքին ռազմարդյունաբերության զարգացումը հեշտ գործ չի եղել «Վերջին երկու տասնամյակների ընթացքում թուրքական ռազմարդյունաբերական համալիրը բեկում է գրանցել, ինչը կարելի է հանգիստ անվանել «տեխնոլոգիական հեղափոխություն»: 20 տարի առաջ, երբ մենք առաջին անգամ եկանք իշխանության, Թուրքիայի ռազմարդյունաբերական նախագծերի բյուջեն կազմում էր 55 միլիարդ դոլար, մինչդեռ այսօր մենք խոսում ենք ավելի քան 60 միլիարդ դոլարի մասին։ Հաշվի առնելով մրցույթի փուլում գտնվող նախագծերը՝ այդ ցուցանիշը կհասնի 75 միլիարդ դոլարի։ Թուրքիայում ռազմարդյունաբերական նախագծերի թիվը 62-ից հասցրել ենք 750-ի, իսկ ռազմարդյունաբերական համալիրում ընդգրկված ընկերությունների թիվը՝ 56-ից 2700-ի։ Ռազմարդյունաբերական ոլորտում հետազոտությունների և զարգացման (AR-GE) համար հատկացվող տարեկան բյուջեն 49 միլիոն դոլարից հասցրել ենք ավելի քան 1.5 միլիարդ դոլարի, իսկ ռազմական արտադրանքի արտահանման ծավալը՝ 268 միլիոն դոլարից մինչև ռեկորդային 44 միլիարդ դոլարի։ Երբ մենք եկանք իշխանության, ռազմական արտադրանքի ներկրումից Թուրքիայի կախվածության աստիճանը կազմում էր 80%, սակայն մենք այն նվազեցրեցինք մինչև 20%, ինչը պատմական հաջողություն է։

Այժմ Թուրքիան աշխարհի այն 10 երկրներից է, որոնք նախագծում, մշակում, կառուցում և շահագործում են սեփական ռազմանավեր։ Մենք չենք բավարարվելու TCG Anadolu-ով և ծրագրում ենք կառուցել լիարժեք ավիակիր։ Մենք կկառուցենք նավ, որը երկու անգամ ավելի մեծ կլինի, քան TCG Anadolu-ն: Թուրքիան այդպիսով է'լ ավելի կավելացնի իր հզորությունը ծովում: Այս ամենը ժամանակակից Թուրքիայի հաջողության ցուցանիշն է։ Այն մակարդակը, որին հասել է ժամանակակից Թուրքիան, անշուշտ, կարևոր է։ Եվ, այնուամենայնիվ, դեռ շատ քայլեր կան անելու մեր երկրի առջև ծառացած թաքնված և բացահայտ բեռնարգելքերի վերացման ուղղությամբ։ 2023թ կդառնա «նոր սկիզբ» թուրքական ռազմարդյունաբերության հաջողության համար» [2]։

Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության նախագահության ղեկավար Իսմայիլ Դեմիրն իր հերթին հայտարարեց, որ TCG Anadolu-ն Թուրքիայի ամենամեծ և ամենաընդգրկուն նավն է, որը կդառնա Թուրքիայի զինված ուժերի հզորության շատ կարևոր բազմապատկիչ [3]։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խոսքով՝ բարձր տեխնոլոգիական համակարգերով հագեցած TCG Anadolu-ն կլինի Թուրքիայի ՌԾՈՒ դրոշակակիրը, նավատորմի «աչքը», իր հզորությամբ և որակյալ հատկանիշներով կավելացնի բանակի և նավատորմի ուժը: Թուրքիայի ՌԾՈՒ հրամանատար, ծովակալ Էրջումենթ Թաթլըօղլուն էլ նշել է․ 

«Մեր ՌԾՈՒ-ն, որն ունի մոտ հազար տարվա պատմություն, միշտ պետք է զսպող և ազդեցիկ լինի այն աշխարհագրության մեջ, որում գտնվում է Թուրքիան։ Դեռ կապիտան Հայրեդդին Բարբարոս փաշան էր ասում, որ «նա, ով ղեկավարում է ծովերը, ղեկավարում է աշխարհը»: Շրջակա ծովերի կարևորությունն ու գրավչությունը վերջին տարիներին զգալիորեն աճել է՝ կապված բնական և հատկապես էներգետիկ ռեսուրսների առատության հետ։ Անվտանգության դասական ըմբռնումը, որը սահմանվում է որպես «ցամաքային երկրի սահմանների պաշտպանություն», այս դարում փոխարինվել է «երկրի սահմաններից դուրս անվտանգություն ապահովելու» հասկացությամբ։ Թուրքիայի ՌԾՈՒ-ի պարտականությունը, որը 21-րդ դարում հստակեցրել է իր ռազմավարական ուղին՝ հայրենիքից դեպի բաց ծովեր, ծովից բխող ռիսկերից և սպառնալիքներից Թուրքիայի Հանրապետությունը և թուրք ազգը պաշտպանելու, երկրի շահերն ու իրավունքներն ազդեցության ու  շահերի գոտիներում պաշտպանելու մեջ է։ 

Մեր TCG Anadolu-ն ունի առանցքային կարևորության կարողություն, ինչն անհրաժեշտ է մեր ՌԾՈՒ-ին՝ վստահված առաջադրանքը կատարելու համար Թուրքիայի ազդեցության և հետաքրքրությունների՝ անընդհատ ընդլայնվող գոտում: TCG Anadolu-ի շնորհիվ Թուրքիան դարձավ այն սահմանափակ թվով երկրներից մեկը, որն ունակ է ծովից իրականացնել օդային գործողություններ։ Խաղաղ պայմաններում TCG Anadolu-ն հիմնականում օգտագործվելու է ազգային և միջազգային (ՆԱՏՕ-ի) զորավարժությունների և վարժանքների, թուրքական դրոշի և ռազմական ներկայության, զսպման, որոնողափրկարարական, հումանիտար օգնություն ցուցաբերելու գործողություններում, ինչպես նաև աղետների և արտակարգ իրավիճակների դեպքում: Ճգնաժամային և պատերազմական իրավիճակներում նրա առաքելությունները հետևյալն են՝ դեսանտային (երկկենցաղ) գործողություններ, օդային գործողություններ, ուժի մատակարարում/փոխանցում, տարհանման գործողություններ, ծովային հսկողության ու կառավարման գործողություններ, հրամանատարական և վերահսկման նավի պարտականություններ, վերջրյա պատերազմներին մասնակցություն, հակաօդային պաշտպանություն, էլեկտրոնային պայքար և հակասուզանավային պայքար» [4]։

Փորձագետների գնահատմամբ՝ TCG Anadolu-ն իր հնարավորություններով գերազանցում է Ավստրալիայի և Իսպանիայի ռազմածովային ուժերի հայտնի դեսանտանավերին՝ «Խուան Կառլոս I», «Կանբեռա» և «Ադելաիդա»: Միևնույն ժամանակ իր ջրատարողությամբ այն զգալի զիջում է ամերիկյան «Նիմից» տիպի ավիակիրներին (106000 տ), ՌԴ-ի միակ ավիակիր/ավիակրային հածանավ «Ադմիրալ Կուզնեցովին» (61000 տ), որը 2019թ-ից գտնվում է վերանորոգման փուլում, ֆրանսիական «Շառլ դե Գոլին» (42000 տ)։ TCG Anadolu-ն համեմատելի է ֆրանսիական «Միստրալ» ունիվերսալ դեսանտանավի հետ, որի ջրատարողությունը կազմում է 21000 տ [5]։

TCG Anadolu-ն այդպիսով կիրականացնի ամֆիբիական խնդիրներ՝      ռազմական և մարդասիրական օգնության գործողություններ։ Ավելին, այն կգործի որպես հրամանատարական կենտրոն և նավատորմի դրոշակակիր, զգալիորեն կբարձրացնի թուրքական նավատորմի հզորությունը և իր հնարավորությունների չափով զինված ուժերին թույլ կտա ընդլայնել օպերատիվ կարողությունների գոտին թուրքական ջրերից շատ հեռու։ Այն մասնավորապես կոչված է դառնալու Թուրքիայի «երկար ձեռքը» հեռավոր տարածաշրջաններում։ Թուրքիայում գտնում են, որ օրինակ, եթե Մյանմարի իշխանությունները վերստին սկսեն ճնշել տեղի ռոհինյա մուսուլմաններին, ապա Թուրքիան կարող է TCG Anadolu-ն գործուղել Մյանմարի ափերի մոտ։ 

Ընդունված է ասել, որ ցամաքային զորքերը (ՑԶ) պաշտպանում են ժողովրդին, գործում են երկրի ներսում, և որ դրանց հիմնական դերը հարձակման ենթարկված երկիրը պաշտպանելն է: Ռազմաօդային ուժերը (ՌՕՈՒ) երկրի սահմաններից դուրս կարող են գործել միջազգային օդային տիրույթում, բաց ծովերում, սակայն պետք է նկատել, որ դա կարող են անել միայն կարճ ժամանակով: Երկրի սահմաններից դուրս տևական ժամկետով ռազմական ներկայություն ապահովել և հեռավոր վայրեր հասնել ի զորու է միայն ՌԾՈՒ-ն: ՌԾՈՒ-ն պետք է ի վիճակի լինի տևական ժամկետով գործել բաց ծովերում, ռազմական ներկայություն ապահովել ճգնաժամային գոտիներում, ինչը միջազգային հարաբերություններում նրան վերածում է վերին աստիճանի կարևոր գործոնի: ՌԾՈՒ-ն նպաստում է հեռավոր վայրերից տնտեսական շահեր ստանալուն, հեռավոր տեղերից եկող սպառնալիքներին դիմագրավելուն, զսպմանը և այլն: ՌԾՈՒ-ն խաղաղ ժամանակ այցելում է բարեկամական երկրների նավահանգիստներ, կարևոր դեր է խաղում բարեկամության ամրագրման հարցում, ճանաչել է տալիս սեփական երկիրը: ՌԾՈՒ-ն կարող է բարեկամների համար բաց, իսկ թշնամիների համար փակ պահել ծովային փոխադրման երթուղիները Թուրքիայի և նաև համաշխարհային առևտրի մոտ 90%-ն իրականացվում է ծովային ճանապարհով։ 

TCG Anadolu-ն կիրականացնի նման գործառույթներ, առաջին հերթին կուժեղացնի Թուրքիայի ռազմական ներկայությունը Միջերկրական ծովում, ինչը կարևոր է թե՛ Արևելյան Միջերկրականի խնդիրների (էներգակիրների հայտնաբերում ու տարանցում, Կիպրոսի հակամարտություն, Հունաստանի հետ ծովային վեճեր), թե՛ Լիբիական հակամարտության (Լիբիա զորակազմ տեղափոխելու), թե՛ տարածաշրջանի թուրքական ռազմաբազաներին (Սոմալի, Կատար) մատակարարելու, թե՛ Թուրքիայի աֆրիկյան քաղաքականության համատեքստում։ TCG Anadolu-ն, թերևս, զգալիորեն մտահոգելու է Թուրքիայի անմիջական ու շրջակա ծովային հարևաններին՝ առաջին հերթին Արևելյան Միջերկրականում սեփական խոշոր շահերն ունեցող Հունաստանին ու Իսրայելին, ինչն էլ, ըստ ամենայնի, կհանգեցնի երկուսի միջև է՛լ ավելի սերտ ռազմական համագործակցության (2023թապրիլի 10-ին Հունաստանը համաձայնել է գնել իսրայելական արտադրության Rafael Spike հակատանկային հրթիռներ և ստորագրել է 370 միլիոն եվրոյի գործարք, ինչը մտահոգել է Թուրքիային)։ Այն կարող է կիրառվել նաև Սև ծովում Ռուսաստանի դեմ հիպոթետիկ պատերազմում։

Բացի այդ TCG Anadolu-ի շնորհիվ Թուրքիան փորձում է նոր էջ բացել ծովային ավիացիայի պատմության մեջ՝ հարվածային ԱԹՍ-երը տեղադրելով թեթև ավիակրի (ռազմանավի) վրա։ Թուրքիայի այս փորձն արդեն արժանացել է Ճապոնիայի ու Հարավային Կորեայի ուշադրությանը, որոնք լրջորեն հետաքրքրված են Bayraktar TB3-ով [6]։ Ներկայացնենք այն ավիամիջոցների տվյալները, որոնց թուրքական կողմը ծրագրել է տեղակայել TCG Anadolu-ի վրա։

 

 

Bayraktar TB3

Bayraktar KIZILELMA

Hürjet

Երկարություն, մ

835

147

136

Թևերի բացվածք, մ

14

10

95

Բարձրություն, մ

26

33

51

Աշխատանքային արագություն, կմ/ժամ

232

735

 

Առավելագույն արագություն, կմ/ժամ

297

1100

1728

Աշխատանքային վերելք, մ

 

10.668

 

Առավելագույն վերելք, մ

 

14000

13716

Առավելագույն թռիչքային քաշ, կգ

1450

6000

 

Օգտակար բեռնվածություն, կգ

280

1500

2721

Օդում մնալու ժամկետ, ժամ

24+

5

 

Ընթացքի պաշար, կմ (ծմ)

 

930 (500)

2222

Առաջին թռիչք

2023թ ապրիլ

23012022

2023թ ապրիլ

Ընկերություն

Baykar

Baykar

TUSAŞ

 

Այս ցուցակից փաստորեն դուրս են մնացել ամերիկյան 5-րդ սերնդի F-35B կործանիչները։ Նախկինում Թուրքիան ծրագրել էր ԱՄՆ-ից գնել մոտ 20 միավոր F-35B՝ ուղղահայաց թռիչք-վայրէջքի հնարավորությամբ։ Սակայն այն բանից հետո, ինչ Էրդողանը Ռուսաստանից գնեց S-400 համակարգեր, ԱՄՆ-ը հրաժարվեց Թուրքիային հատկացնել F-35 կործանիչները, ինչպես նաև նրան դուրս թողեց F-35-երի արտադրման ծրագրից։ Թուրքիան ծրագրել էր ԱՄՆ-ից գնել ընդհանուր առմամբ 100 միավոր F-35A և 20 միավոր F-35B, գործարքը գնահատվել էր մոտ 17 միլիարդ դոլար, ինչն աննախադեպ էր Թուրքիայի պատմության մեջ։ F-35B-երի գնումը ծրագրված էր հենց TCG Anadolu-ի վրա դրանք տեղակայելու նպատակով։ Սակայն F-35B-երից զրկվելուց հետո Թուրքիան հարկադրված էր փնտրել այլընտրանքներ, դիտարկում էր բրիտանական Harrier-ի հիման վրա ստեղծված AV-8 Harrier II գրոհային ինքնաթիռների գնման հնարավորությունը, որոնք նույնպես օժտված են ուղղահայաց թռիչք-վայրէջքի հնարավորությամբ։ 

Սակայն Թուրքիայի ընտրությունը կանգ առավ սեփական նոր ԱԹՍ ստեղծելու վրա, որն էլ դարձավ ներկայումս իր առաջին քայլերը կատարող Bayraktar TB3-ը։ Նման ընտրությունը, թերևս, պայմանավորված էր նաև սեփական ռազմարդյունաբերությունը զարգացնելու, ինչպես նաև F-35B-երից զրկվելուց հետո ի հայտ եկած պարտվողական զգացողությունները ցրելու հանգամանքներով։ Հենց վերջինիս համար թուրքական կողմը սկսեց թմբկահարել, թե TCG Anadolu-ի վրա տեղակայվելու են հարվածային ԱԹՍ-եր, որով այն դառնալու է աշխարհում առաջին դրոնակիրը։ 

Մինչ այս թեզը կասկածի տակ դնելը, նշենք, որ Bayraktar TB3-ն առաջին հերթին Թուրքիայի՝ անելանելի դրության մեջ լինելու արդյունք է, և ակնհայտ է, որ այն իր պարամետրերով որևէ կերպ չի կարող համեմատվել F-35B-ի հետ։ Չնայած դրան՝ ցանկանում ենք համեմատել նրանց արագությունն ու թռիչքային քաշըF-35B-ի առավելագույն արագությունը կազմում է մոտ 2000 կմ/ժամ, մինչդեռ Bayraktar TB3-ի ցուցանիշը չի հասնում անգամ 300 կմ/ժամի։ Եթե Bayraktar TB3-ի առավելագույն թռիչքային քաշը չի հասնում 300 կգ-ի, ապա F-35-ի ցուցանիշը կազմում է գրեթե 30000 կգ։ Այս ամենը լրջորեն սահմանափակում է Bayraktar TB3-ից արձակվող հրթիռների տիպն ու դրանց արագությունը։ Եվ թեև Bayraktar KIZILELMA-ն և Hürjet-ն իրենց պարամետրերով գերազանցում են Bayraktar TB3-ին, սակայն դրանք նույնպես ընդհանրապես համեմատելի չեն F-35B-ի հետ՝ էլ չխոսած այն մասին, որ դրանք նոր են շարք մտնում՝ գտնվելով փորձարկումների փուլում։ Արդյունքում, լրջորեն սահմանափակվում են F-35B-ից զրկված TCG Anadolu-ի հնարավորությունները, ինչն ի ցույց է դնում թուրքական իշխանությունների այն փորձերի սնանկությունը, որոնք միտված են ի ցույց դնելուն, որ TCG Anadolu-ի հարցում նա «չի տուժել» F-35B-երից զրկվելուց։ 

Ռուսական S-400 համակարգեր գնելու մասին Էրդողանի որոշումը մինչ այս շեշտակի վնաս է պատճառել թուրքական ՌՕՈՒ-ին՝ թողնելով այն արդեն հնացած/հնացող ամերիկյան F-4 և F-16 կործանիչների (հիմնականում հին կոնֆիգուրացիաների) մակարդակի վրա։ Արդյունքում, Թուրքիան ռազմաօդային պլանում հետ է ընկել/հայտնվել է տարածաշրջանային երկրներից (Իսրայել, Հունաստան, ԱՄԷ, Կատար, Եգիպտոս և այլն) հետ ընկնելու վտանգի առջև և հարկադրված է ԱՄՆ-ից փորձել գնել 40 միավոր F-16 Viper և արդիականացնել իր օդուժում առկա 79 միավոր F-16։ Անգամ նշվում էր, որ Թուրքիան դիտարկում է բրիտանական Eurofighter Typhoon-ի ձեռքբերումը, եթե ԱՄՆ-ը հրաժարվի F-16-երի գործարքից, սակայն դա խնդրահարույց կլինի Թուրքիայի համար, քանի որ թուրք օդաչուները վարժված են F-16-երով թռիչքների վրա (ռուսական Su-35-ի ու Su-57-ի գնումն ընդհանրապես համարվում է անիրատեսական՝ հաշվի առնելով, որ Թուրքիայի ռազմական ենթակառուցվածքները հարմարեցված են ՆԱՏՕ-ի չափորոշիչներին)։

Ռուսական S-400 համակարգեր գնելու մասին Էրդողանի որոշումը ՌՕՈՒ-ից հետո այժմ էլ սկսել է հարվածել Թուրքիայի ՌԾՈՒ-ի հնարավորությունների ընդլայնմանը։ Զրկվելով F-35B-ից՝ Էրդողանը սկսեց թմբկահարել, թե իրենք TCG Anadolu-ն վերածելու են աշխարհում առաջին դրոնակրի։ Սակայն թուրքական ընդդիմադիր մամուլը հայտնել է, որ TCG Anadolu-ն ամենևին էլ աշխարհի միակ դրոնակիրը չէ։

Գյուլենականներին մոտ կանգնած համարվող Nordic Monitor-ն այս կապակցությամբ գրել է «TGC Anadolu-ն, որն Էրդողանը բազմիցս նկարագրում է որպես ավիակիր, իրականում բազմաֆունկցիոնալ ամֆիբիական գրոհային նավ է։ Որոշ փորձագետների կարծիքով՝ նավը ո՛չ աշխարհի առաջին ռազմանավն է, որի վրա դրոններ են տեղադրված, ո՛չ էլ առաջին ավիակիրը: Նրանք նույնիսկ նշում են, որ TGC Anadolu-ի շատ առանցքային թեստեր դեռ չեն ավարտվել։ Որպեսզի Էրդողանի կառավարությունն ընտրություններից առաջ շոու ցուցադրի, նավը գործարկվել է մինչև ընդունման թեստերի ավարտը, ինչը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ 

Ըստ պաշտոնաթող մայոր Էնգին Բյուքերի՝ ծովային փորձարկումները, որոնք կազմում են նավը շահագործման հանձնելու վերջին փուլը, տևում են մինչև մեկ տարի։ «Այդ գործընթացը նպատակ ունի հավաստելու, որ նավի կառուցման մեջ ներգրավված բոլոր համակարգերն ու սարքավորումները ճիշտ են գործում, որ անվտանգության բոլոր չափանիշները բավարարված են և գտնվում են գործառնական պահանջներին համապատասխանող մակարդակի վրա», - գրել է Բյուքերն իր անձնական բլոգում: Բյուքերը պնդում է, որ իշխանությունները նավի գործարկման հարցում շտապել են՝ ընդգծելով, որ նավատորմը պատրաստ չէ TCG Anadolu-ի օգտագործմանը, ուղեկցմանը և պաշտպանությանը՝ հաշվի առնելով անձնակազմի քանակը, պատրաստվածության մակարդակը և ՌԾՈՒ-ի ներկայիս դրությունը։ «Վաղ գործարկումից հետո հնարավոր է տարբեր խնդիրների հանդիպել նավի պահպանման և օգտագործման հարցերում», - ավելացրել է Բյուքերը:

Մեկ այլ փորձագետ, ով պնդում է, որ TCG Anadolu-ն դեռ պատրաստ չէ, նախկին ռազմածովային սպա Ֆաթիհ Յուրթսևերն է։ Նա ընդգծում է, որ եթե նավը լիներ պատրաստ, ապա այն պետք է մարդասիրական նպատակներով օգտագործվեր փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքին հարվածած երկրաշարժերի ժամանակ։ «Եթե TCG Anadolu-ն շտապ առաքման կարիք ունենար, ապա դա պետք է արվեր փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո: Իր հզորությամբ և բժշկական հնարավորություններով TCG Anadolu-ն կարող էր աղետից անմիջապես հետո ներգրավվել հումանիտար օգնության գործողություններում՝ արդյունավետորեն աջակցելու երկրաշարժից տուժածներին»,- գրել է Յուրթսևերը» [7]։ 

Համակարծիք ենք Բյուքերի հետ, որ ներկա դրությամբ թուրքական նավատորմը պատրաստ չէ TCG Anadolu-ի օգտագործմանը, ուղեկցմանը և պաշտպանությանը, ինչը, մեր կարծիքով, կարող է հանգեցնել նրան, որ TCG Anadolu-ի նման խոշոր ռազմանավը պատերազմական պայմաններում կդառնա հեշտ թիրախ, այդ թվում նաև իրենից շատ ավելի փոքր նավերի կողմից։ Այն կարող է արժանանալ ավստրո-հունգարական SMS Szent István դրեդնոուտի (գծանավի) ճակատագրին152 մ երկարությամբ, ավելի քան 20000 տ ջրատարողությամբ և 12 միավոր 305 մմ տրամաչափի հրանոթներով զինված այդ նավն Առաջին համաշխարհային պատերազմի վերջնամասում (10․06․1918) ջրասույզ է արվել մոտ 15 մ երկարությամբ իտալական MAS-15 և MAS-21 տորպեդային կատերների կողմից։ 

Ինչ վերաբերում է Յուրթսևերի հայտնած կարծիքին, ապա նրա հետ կարելի է համաձայնել մասնակի, քանի որ Էրդողանը կարող էր միտումնավոր չգնալ TCG Anadolu-ի «երկրաշարժային շնորհանդեսին», այսինքն չցանկանար, որ այդ նավը, առանց հնչեղ գովազդի, ուղղակի ներգրավվեր աղետի գոտուց տուժածներին օգնելու գործընթացում։ Էրդողանը TCG Anadolu-ի շնորհանդեսը, ըստ ամենայնի, պահել էր իր զինանոցում՝ մայիսի 14-ին ընդառաջ օգտագործելու համար։ Ակնհայտ է, որ 2023թապրիլին, թերևս, ոչ ամբողջովին պատրաստ TCG Anadolu-ն հապճեպ շահագործման հանձնելը, ապրիլի 17-ին Ստամբուլի Սարայբուրնու նավահանգստում հանրության այցերի համար այն բացելը և ապրիլի 23-ին (Թուրքիայի խորհրդարանի հիմնադրման ու ազգային ինքնիշխանության օրը) 21 թնդանոթային համազարկի ներքո Բոսֆորի նեղուցով դեպի Սև ծով անցնելը, ցամաքից դրան հետևող Էրդողանին ողջունելը պայմանավորված են մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ու խորհրդարանական գերկարևոր ընտրություններով, որոնց արդյունքները վճռելու են թե՛ Աթաթուրքի «Հին Թուրքիայի», թե՛ Էրդողանի «Նոր Թուրքիայի» ճակատագիրը (Էրդողանի ԱԶԿ-ը Թուրքիայում իշխանության է եկել 21 տարի առաջ)։ 5 օրում այն ունեցել է ավելի քան 61000 այցելու (դրա համար գոյացել են երկար հերթեր) [8], ինչը կոչված է ի ցույց դնել «Նոր Թուրքիայի» հզորությունը, այն հանգրվանը, որտեղ երկրին հասցրել է Էրդողանը՝ իր 20-ամյա կառավարմամբ։ TCG Anadolu-ն Էրդողանի համար լավ առիթ էր հանրությանը հիշեցնելու համար ողջ ռազմարդյունաբերական ոլորտում Թուրքիայի գրանցած վիթխարի, աննախադեպ առաջընթացի մասին։

Մեր կարծիքով՝ թուրքական նավատորմի ֆլագման TCG Anadolu-ի հայտնվելը Սև ծովում չափազանց կարևոր իրադարձություն է թե՛ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի համար։ Վերջինս գրեթե ուղիղ մեկ տարի առաջ (13042022) Ուկրաինական պատերազմի ժամանակ է կորցրել իր սևծովյան ֆլագման «Մոսկվա» հրթիռակիր հածանավը, իսկ 2020թԿերչում սկսված «Իվան Ռոգով» և «Միտրոֆան Մոսկալենկո» ունիվերսալ դեսանտանավերի կառուցման ավարտն ակնկալվում է միայն 2027-2028թթ․, ինչը գնալով խստացող պատժամիջոցների պայմաններում կդառնա ավելի բարդ (ռուսական կողմը 40000 տ ջրատարողությամբ այս ռազմանավերի կառուցումը սկսել է այն բանից հետո, ինչ Ֆրանսիան 2015թ․ հրաժարվեց Ռուսաստանին տրամադրել նրա պատվիրած երկու «Միստրալ» դեսանտանավերը՝ արդյունքում դրանք տալով Եգիպտոսին)։ Դա չափազանց շահեկան վիճակ է ստեղծում Թուրքիայի համար Սև ծովում (որտեղր ռուսական նավատորմն ու ռազմածովային ենթակառուցվածքները դեռ կարող են նորանոր կորուստներ/վնասներ կրել շարունակվող Ուկրաինական պատերազմի պայմաններում)։

Թուրքական մամուլն ընդգծել է, որ TCG Anadolu-ն շրջագայելու է Սև ծովով, ինչը Թուրքիայի կողմից ուժի ցուցադրություն է։ Թուրք ռազմական փորձագետները գտնում են, որ TCG Anadolu-ի հայտնվելը Սև ծովում չի հակասում 1936թկնքված Մոնտրեի կոնվենցիային, որը կանոնակարգում է խաղաղ ու պատերազմական ժամանակներում սևծովյան ու ոչ սևծովյան երկրների առևտրանավերի ու ռազմանավերի անցումը նեղուցներով։ Նրանց խոսքերով՝ TCG Anadolu-ն իր դասով երկկենցաղ գրոհային նավ է, իսկ իր հնարավորություններով առանձնանում է որպես ափամերձ գրոհային նավ։ Նշելով, որ Մոնտրեի կոնվենցիայի ստորագրման ժամանակ օգտագործվող ավիակիրների և այսօրվա ավիակիրների տեխնոլոգիաները շատ տարբեր են՝ թուրք փորձագետներն ընդգծում են, որ TCG Anadolu-ն պատրաստվում է առաջին հերթին հանդես գալ որպես դրոնակիր նավ [9]։ 

Թերևս Մոնտրեի կոնվենցիայի դրույթներին չհակասելու մղումով էր պայմանավորված այն, որ Էրդողանն ապրիլի 10-ին խուսափեց TCG Anadolu-ն ավիակիր անվանելուց, այն որակեց որպես դրոնակիր, ամֆիբիական գրոհային նավ՝ ընդգծելով, որ TCG Anadolu-ի շարք մտնելը ճանապարհ կհարթի իրենց ազգային ավիակրի կառուցման առջև (Մոնտրեի կոնվենցիան դե ֆակտո արգելում է ավիակիրների մուտքը Սև ծով)։

Մեր կարծիքով՝ Սև ծովում TCG Anadolu-ի հայտնվելն առաջին հերթին հնարավոր է դարձել Էրդողանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև վերջին 20 տարում ստեղծված անձնական ամուր հարաբերությունների շնորհիվ։ Սա գալիս է վերահաստատելու դեռևս 2017թ մեր կողմից առաջ քաշված այն թեզը, որ երբ Էրդողանը 2016թ՝ Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների խորապատկերին (կապված 2015թ նոյեմբերի 24-ի «ինքնաթիռային միջադեպի» հետ) ՆԱՏՕ-ին կոչ էր անում ավելացնել սեփական ռազմական ներկայությունը Սև ծովում՝ ընդգծելով, որ վերջինս վերածվում է ռուսական լճի, իրականում շահագրգռված չէր Սև ծովում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ուժեղացմամբ (Սև ծովում ՆԱՏՕ-ի ոչ սևծովյան երկրների ռազմական ներկայությունը գլխացավանք է Մոնտրեի կոնվենցիայի «պահապան» Թուրքիայի համար)։ Էրդողանն այդպիսով դիմում էր խորամանկության՝ քաջ գիտակցելով, որ Մոնտրեի կոնվենցիայի պայմաններում ՆԱՏՕ-ի՝ ոչ սևծովյան երկրները չեն կարող մեծացնել իրենց ռազմական ներկայությունը Սև ծովում, և որ նրանք դա կարող են անել միայն ՆԱՏՕ-ի սևծովյան անդամներին և մասնավորապես Թուրքիային զորեղացնելով (դրանից առաջ Գերմանիան հրաժարվել էր Թուրքիային տրամադրել նոր սուզանավեր, իսկ ԱՄՆ-ը՝ ֆրեգատներ)։ Այն ժամանակ ընդգծել էինք, որ իրականում Էրդողանը դեմ չէ Սև ծովը «ռուս-թուրքական լճի» վերածելուն [10], և Սև ծովում TCG Anadolu-ի հայտնվելը դրա ցուցիչն է (Պուտինը դրանով փորձում է բարձրացնել Էրդողանի վարկանիշը մայիսի 14-ից առաջ և նույնպես դեմ չէ Սև ծովը «ռուս-թուրքական լճի» վերածելուն)։

Էրդողանն արդեն հայտարարել է, որ Թուրքիայում չեն պատրաստվում կանգ առնել ձեռք բերածով, որ կառուցելու են նաև ավելի խոշոր (լիարժեք) ավիակիր (դրա կառուցումը մեկնարկելու է այս տարի)։ Ավելի վաղ թուրքական մամուլը հայտնել էր, որ Թուրքիան ծրագրել է կառուցել նաև Trakya անունով ավիակիր։ Արձանագրենք, որ նավերի անունները պայմանավորված են նույնանուն թերակղզիներով։ Թուրք պաշտոնաթող ծովակալ, «Կապույտ հայրենիք» դոկտրինի հեղինակ, Էրդողանի նախկին խորհրդական Ջիհաթ Յայջըն գտնում է, որ իրականում Թուրքիան ծովերով շրջապատված է ոչ թե 3, այլ 6 կողմից, քանի որ նրա տարածքը բաղկացած է ոչ թե մեկ (Փոքր Ասիա/Անատոլիա), այլ երկու (Թրակիա) թերակղզուց։ Յայջըն ուշադրություն էր հրավիրել նրա վրա, որ սովորաբար ավիակիր ունեցող երկրները տիրապետում են նաև միջուկային զենքի։ 

Համակարծիք ենք նրա հետ՝ գտնելով, որ TCG Anadolu-ն և ծրագրված լիարժեք ավիակիրը (TCG Trakya) ևս մեկ անուղղակի ցուցիչ են, որ Էրդողանի «Նոր Թուրքիան» ձգտում է ունենալ միջուկային զենք, համալրել միջուկային զենքով երկրների ցուցակը, ինչը բավական կարևոր է նաև ներքաղաքական համատեքստում (Էրդողանի «Նոր Թուրքիան» նաև դրանով կտարբերվի «Հին Թուրքիայից»)։ Հատկանշական է, որ 2022թ դեկտեմբերի վերջին թուրք ավիացիոն պաշտոնաթող գեներալ Էրդողան Քարաքուշը կարծիք է հայտնել, որ «եթե Թուրքիան առաջիկա երկու տասնամյակում չմտնի խոշոր պատերազմի մեջ, ապա կվերածվի գլոբալ խաղացողի» [11]։

Չհերքելով այն պնդումը, որ TCG Anadolu-ն Թուրքիայի ընթացիկ հզորության ցուցիչ է՝ միևնույն ժամանակ կարծում ենք, որ այդ նավը թուրքական մշակման համարվող մյուս զինատեսակների երկար շարքից է, որոնք կա՛մ նոր են շարք մտնում, կա՛մ նոր են շարք մտնելու և դեռ շատ բան ունեն ապացուցելու։ Խոսքը վերջին տարիներին շահագործման հանձնված Bayraktar Akıncı, ANKA-S, Aksungur, Bayraktar Kızılelma, Bayraktar TB3 և այլ ԱԹՍ-երի, Gökbey բազմանշանակ ուղղաթիռի, Altay տանկի, թուրքական մշակման հինգերորդ սերնդի TF-X կործանիչի և այլնի մասին է։ Թեև այս նախագծերի իրագործումն ինքնին մեծ, աննախադեպ ձեռքբերում է Թուրքիայի համար, սակայն մյուս կողմից էլ դրանք դեռ պետք է իրենց որակներն ապացուցեն ռազմական գործողություններում և անգամ փորձարկումներում (օրինակ, Altay տանկի առաջին միավորը թեև հանձնվել է Թուրքիայի զինված ուժերին, սակայն այն դեռ փորձարկումների կարիք է զգում)։ Էրդողանը սիրում է ուռճացնել Թուրքիայի ոչ միայն տնտեսական, այլև ռազմարդյունաբերական ցուցանիշները։

Ամեն դեպքում Էրդողանը (նրա թիմը) ռազմարդյունաբերական ոլորտում համեմատաբար նորեկ համարվող Թուրքիայի նման երկրի համար ընտրել է ճշմարիտ ուղի՝ առաջնային պլան մղելով անօդաչու (անվարորդ) ցամաքային, օդային ու ծովային մեքենաների զարգացումը։ Նա (նրա թիմը) ընտրում է ռազմարդյունաբերական ոլորտի նոր ճյուղեր, որոնցում Թուրքիան կա՛մ շատ չի զիջում տվյալ ոլորտի ավանդական հսկաներին (ասենք, ԱԹՍ-երի ոլորտում ԱՄՆ-ին ու Իսրայելին), կա՛մ հավասար է նրանց (Չինաստանին), կա՛մ էլ անգամ գերազանցում է նրանց (Իրանին ու Ռուսաստանին)։ Դա Էրդողանին նաև հնարավորություն է տալիս հպարտորեն հայտարարելու, որ իրենք ռազմարդյունաբերական ոլորտի տվյալ՝ ԱԹՍ-երի ոլորտում 3-4-րդ տեղն են զբաղեցնում աշխարհում (որոշ կարծիքներով՝ ԱԹՍ-երի ոլորտում Թուրքիան զիջում է միայն ԱՄՆ-ին ու Իսրայելին, միգուցե նաև Չինաստանինայստեղ կարծիքները կիսվում են), իսկ անօդաչու կործանիչի (Bayraktar KIZILELMA) ոլորտում ընդհանրապես առաջատար է աշխարհում (թուրքական TUSAŞ/TAI ընկերությունն իրագործում է ANKA-3 անվանումը ստացած անօդաչու ռմբակոծիչի նախագիծը)։ 

Թուրքիայի տվյալ մոտեցումն ակնառու է նաև ռազմածովային և մասնավորապես SIDA-ի (Silahlı İnsansız Deniz Aracı - սպառազինված անվարորդ ծովային միջոցի) ու IDA-ի (անվարորդ ծովային միջոցի) համատեքստում։ 2022թդեկտեմբերին Իսմայիլ Դեմիրը, ներկայացնելով որոնողա-փրկարարական և այլ աշխատանքների համար նախատեսված Albatros-S IDA-ն, հայտարարեց, որ իրենք նպատակադրվել են առաջամարտիկ լինել ինչպես IHA-ի (İnsansız Hava Aracı - ԱԹՍ), այնպես էլ IDA-ի ոլորտում [12]: Եվ Թուրքիան վերջին շրջանում իսկապես զգալի առաջընթաց է գրանցել SIDA/IDA-ի ոլորտում (Albatros-SIDA նախագծի երրորդ փուլն է)։

2022թսեպտեմբերին թուրքական կողմը ներկայացրել է (իր) Aselsan ընկերության և Sefine Shipyard նավաշինարանի համագործակցությամբ կառուցված MARLIN SİDA-ն՝ ընդգծելով, որ այն աշխարհում առաջին անվարորդ ծովային զինված մոտորանավակն է՝ օժտված ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համակարգով։ Այն որակվեց որպես «Կապույտ հայրենիք» ծովային դոկտրինի «անվարորդ/անօդաչու պահակ» [13]։ 2023թ մարտի վերջին էլ Թուրքիայի MARLIN-ը փորձնական ռեժիմով արձակեց KUZGUN-KY (կոշտ վառելիքով) հրթիռ, որով դարձավ թևավոր հրթիռ (կառավարվող զինամթերք) արձակած առաջին անվարորդ նավն աշխարհում։ 15 մ երկարությամբ այս նավն ունակ է զարգացնել մինչև 36 հանգույց արագություն և գործել ու մանևրել անգամ 5 բալանոց փոթորիկի պայմաններում [14]։ 

2023թ ապրիլին էլ թուրքական ASELSAN ընկերության ու SEFİNE նավաշինարանի կառուցած MİR İDA-ն արձակեց թեթև տորպեդ, ինչն աննախադեպ էր Թուրքիայի պատմության մեջ (MIR-ն առաջին անգամ ներկայացվել է 2022թհունիսին)։ MIR-ը կարող է տեղորոշել սուզանավերը՝ շնորհիվ իր ինքնավար նավիգացիոն հնարավորության ու իր վրա տեղադրված սոնարով և թեթև տորպեդներով ոչնչացնել դրանք։ Այն կարող է աշխատել և փոխգործակցել այլ անօդաչու մեքենաների հետ ցամաքում, օդում և ջրի տակ՝ անօդաչու սուզանավերի հետ, որոնց զարգացմամբ նույնպես զբաղվում է Թուրքիան [15]։ Նշենք, որ իշխանամետ Yeni Şafak թերթի ռուսալեզու տելեգրամյան էջը MIR-ի կողմից տորպեդ արձակելու նույն օրը շտապեց հայտնել, որ Թուրքիան դարձավ դա արած առաջին երկիրն աշխարհում [16]։ Չնայած դրան՝ իշխանամետ Yeni Akit թերթը հայտնեց, որ Թուրքիան այդպիսով դարձավ Իսրայելից հետո երկրորդ երկիրն աշխարհում [17]։ 

SIDA/IDA-ի այս օրինակները, ինչպես նաև TCG Anadolu-ն (թուրքական կողմի պնդմամբ) աշխարհում առաջին դրոնակրի վերածելը հիմք են ծառայում 2022թ Իսմայիլ Դեմիրի արած այն հայտարարությունների, որ «Թուրքիան այնպիսի երկիր է, որը ոչ թե հետ է ընկնում, այլ առաջ է անցնում մյուսներից», որ «Թուրքիան օրեցօր մոտենում է ռազմարդյունաբերական ոլորտում աշխարհի առաջատար տասնյակում ընդգրկվելու իր նպատակին» [18]: SIDA/IDA-ի նախագծերը (օդային պատերազմի մարտավարությունը փոխած ԱԹՍ-երի նման) կարող են փոխել ծովային պատերազմի վարման մարտավարությունը, լինելով ԱԹՍ-երի նման ոչ թանկարժեք/մատչելի՝ կարող են էապես նպաստել Թուրքիայից ռազմական արտադրանքի արտահանման աճին, որը 2022թկազմել է 4.3-44 միլիարդ դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է (դրա 1.18 միլիարդ դոլարը բաժին է ընկել Baykar ընկերությանը) 2023թ. էլ Թուրքիայում ծրագրել են այդ ցուցանիշը հասցնել մինչև 6 միլիարդ դոլարի [19]: 

 

            Օգտագործված աղբյուրներ

[1] Anıl Şahin, İ (İSTİF) Sınıfı Fırkateyn Özellikleri, Savunma SanayiST, 23012023

[2] Cumhurbaşkanı Erdoğan: TCG Anadolu'yu Türkiye Yüzyılı'nda dünyada konumumuzu perçinleyecek bir sembol olarak görüyoruz, Anadolu, 10.04.2023

[3] Dünyanın ilk SİHA gemisi TCG Anadolu hizmete girdi, Anadolu, 10.04.2023

[4] Milli Savunma Bakanı Akar: TCG Anadolu şanlı ordumuzun ve bahriyemizin gücüne güç katacak, Anadolu, 10.04.2023

[5] Турция ввела в строй первый в мире «легкий авианосец» с ударными дронами, Ведомости, 10.04.2023.

[6] Japonya ve Güney Kore, Bayraktar TB3'ü şimdiden takibe aldı, Haber 7, 03.02.2023.

[7] Levent Kenez, Turkey’s largest warship has become Erdogan’s propaganda tool in the election campaign, Nordic Monitor, 19.04.2023.

[8] TCG Anadolu’yu 5 günde 61 bin kişi ziyaret etti, Sabah, 22.04.2023.

[9] Türkiye'den gövde gösterisi: TCG Anadolu, Karadeniz'i turlayacak, TRT Haber, 17.04.2023.

[10] Հայկ Գաբրիելյան, Թուրքիան ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև, ՄԱՀՀԻ, 24052017

[11] Erdoğan Karakuş: "Türkiye büyük bir savaşa girmezse 20 seneye küresel güç olacak", CNN Türk, 31.12.2022.

[12] Demir: Hedefimiz İDA’larda da İHA’lardaki gibi öncü olmak, Hürriyet, 13.12.2022.

[13] Mavi Vatan'ın "insansız muhafızı" MARLIN SİDA, NATO tatbikatında yeteneklerini sergiledi, Anadolu Ajansı, 27.09.2022.

[14] Yerli SİDA'dan ilk defa güdümlü mühimmat atışı, TRT Haber, 28.03.2023.

[15] Türkiye’de ilk gerçekleştirildi! MİR SİDA’dan torpido atışı, TGRT Haber, 19042023

[16] Yeni Şafak на русском, Telegram, 19.04.2023.

[17] Türkiye'nin yeni silahı Yunanistan'ı ayağa kaldırdı: Ciddi bir güç çarpanı, Yeni Akit, 22042023

[18] “Türkiye sanayi alanında en gelişmiş 10 ülke arasına girme hedefine yaklaştı”, 08122022

[19] 'Güçlenen Türkiye'nin yükselen yıldızı' savunma sanayisinden 6 milyar dolarlık ihracat hedefi, Anadolu Ajansı, 08.01.2023.

 «Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

 

Փորձագետ (ներ)

Հայկ Գաբրիելյան