Սկիզբը՝ այստեղ
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ
2023թ․ մայիսի 14-ին Թուրքիայում անցկացվեցին նաև նախագահական ընտրություններ, որոնց մասնակցում էր 3 թեկնածու՝ երկրի գործող նախագահ, Cumhur դաշինքի թեկնածու Էրդողանը, Millet դաշինքի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, Ata դաշինքի թեկնածու Սինան Օղանը (մայիսի 11-ին 4-րդ թեկնածու Մ․ Ինջեն ինքնաբացարկ հայտնեց)։ Մայիսի 14-ի նախագահական ընտրություններին մասնակցության արդյունքները պատկերված են հաջորդ աղյուսակում։
Աղյուսակ 14
|
Թուրքիայում |
Արտերկրում |
Մաքսակետերում |
Ընդհանուր |
Ընտրողներ |
60․721․745 |
3․423․759 |
(3․423․759) |
64․145․504 |
Քվեարկողներ |
53․993․683 |
1․691․287 |
148․183 |
55․833․153 |
Վավեր քվեներ |
52․972․934 |
1․676․268 |
146․847 |
54․796․049 |
Անվավեր քվեներ |
1․020․749 |
15․019 |
1336 |
1․037․104 |
Մասնակցություն |
88․92% |
49․40% |
4․33% |
87․04% |
Աղյուսակ 15
|
Էրդողան |
Քըլըչդարօղլու |
Օղան |
Ինջե |
Թուրքիայում |
26․086․102 49.24% |
23․873․749 45.07% |
2․796․613 5.28% |
216․470 0.41% |
Արտերկրում |
967․180 57.70% |
665․111 39.68% |
28․218 1.68% |
15․759 0.94% |
Մաքսակետերում |
80․567 54.86% |
56․318 38.35% |
6408 4.36% |
3554 2.42% |
Ընդհանուր |
27․133․849 |
24․595․178 |
2․831․239 |
235․783 |
Տոկոս |
49․52 |
44․88 |
5․17 |
0․43 |
Այս արդյունքները վկայում են, որ որևէ թեկնածուի չի հաջողվել հավաքել առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ 50%+1 քվե, և որ մայիսի 28-ին կայանալիք երկրորդ փուլին մասնակցելու են ամենաշատ քվեներ հավաքած Էրդողանը և Քըլըչդարօղլուն։ Քանի որ 2023թ․ նախագահական ընտրությունների մասնակիցներից միայն Էրդողանն է մասնակցել նախորդ ընտրություններին (Մ․ Ինջեն չհաշված), ուստի նպատակահարմար ենք համարում չանել 2023թ․ ու 2018թ․ նախագահական ընտրությունների ամբողջական համեմատություն և փոխարենը հանգամանալից անդրադառնալ երկու առանցքային թեկնածուների արդյունքներին։
Ռեջեփ Թայյիփ Էրդողան
Նախևառաջ ցանկանում ենք համեմատել 2018թ․ և 2023թ․ Էրդողանի ցուցանիշները։
Աղյուսակ 16
Էրդողան |
2018թ․ |
2023թ․ |
Թուրքիայում |
25.436.238 |
26․086․102 |
Արտերկրում |
807.974 |
967․180 |
Մաքսակետերում |
86.611 |
80․567 |
Ընդհանուր |
26.330.823 |
27․133․849 |
Տոկոս |
52․59 |
49․52 |
Եթե 2018թ․ ընտրություններում Էրդողանը հաղթել է Թուրքիայի 63 նահանգում, ապա 2023թ․ մայիսի 14-ին՝ միայն 51 նահանգում։ Ընդ որում, 2018թ․ Էրդողանը մյուս թեկնածուներից ՀԺԿ-ական Մ․ Ինջեին պարտվել էր Թուրքիայի ամենաարևմտյան, ծովափնյա նահանգներում (բացառությամբ Բալըքեսիրի), Քըլըչդարօղլուի հայրենի Թունջելի (Դերսիմ) նահանգում, իսկ քուրդ թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշին պարտվել էր հարավ-արևելյան նահանգներում (բացառությամբ Բիթլիսի)։ Այսինքն այն ժամանակ Էրդողանին հաջողվել էր հաղթել Թուրքիայի պաշտոնական, ֆինանսական և զբոսաշրջային մայրաքաղաքներ Անկարայում, Ստամբուլում և Անթալիայում։ Մինչդեռ 2023թ․ մայիսի 14-ին Էրդողանը Քըլըչդարօղլուին զիջել է Ստամբուլում, Անկարայում, Անթալիայում, 3-րդ խոշոր քաղաք Իզմիրում (Թուրքիայի խոշորագույն 5 քաղաքներից նա հաղթել է միայն Բուրսայում)։ Ամեն դեպքում Էրդողանին հաջողվել է մնացյալ շրջաններում ավելի շատ քվեներ ստանալու հաշվին գերազանցել Քըլըչդարօղլուին։ Նշենք, որ մայիսի 14-ին Էրդողանը փոքր-ինչ (գրեթե 200․000 քվեով և 0․06%-ով) գերազանցեց խորհրդարանական ընտրություններում Cumhur դաշինքի ցուցանիշը։
Արձանագրենք, որ Էրդողանին, այնուամենայնիվ, չհաջողվեց հասնել բաղձալի նպատակին՝ մայիսի 14-ին հաղթելուն (մայիսի 14-ը խորհրդանշական օր է, քանի որ դրանից ուղիղ 73 տարի առաջ բազմակուսակցական համակարգի պայմաններում պարտություն է կրել Մ․ Ք․ Աթաթուրքի հիմնած ՀԺԿ-ը, որով վերջակետ է դրվել նրա 27-ամյա միահեծան կառավարմանը)։ Էրդողանի հաղթանակի դեպքում 2023թ. մայիսի 14-ը կարող էր դառնալ նրա «Նոր Թուրքիայի» ծննդյան և հարյուրամյակի մեկնարկի օր։ Սակայն Էրդողանին չբավականացրեց ընդամենը 0.5%, ինչը մեզ համար անսպասելի էր՝ հաշվի առնելով մայիսի 14-ի խորհրդանշական կարևորությունը (ընտրություններից առաջ չէինք բացառել, որ Էրդողանը կհավաքի քվեների 50.14%-ը, ինչն ինքնին կխորհրդանշի 1950թ. մայիսի 14-ը)։ Երկրորդ փուլի համար Էրդողանը գտել է նոր սիմվոլիկա՝ ընդգծելով, որ այն կայանալու է մայիսի 27-ի հաջորդ օրը. 1960թ. մայիսի 27-ին Թուրքիայում տեղի է ունեցել առաջին ռազմական հեղաշրջումը, որի հետևանքով կախաղան է բարձրացվել իսլամին մեծ տեղ տված, Էրդողանի համար կարևոր կերպար, Թուրքիայի նախկին վարչապետ Ադնան Մենդերեսը։ Մայիսի 29-ին էլ Թուրքիայում պետք է նշեին օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհի կողմից Կոստանդնուպոլսի գրավման 570-ամյակը։
Էրդողանի այս հարաբերական ձախողման հիմնական պատճառները հայտնի են՝ սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակ, փետրվարյան երկրաշարժերի հետևանքներ, «մեկ մարդու» ռեժիմ, բռնաճնշումներ, իսլամակենտրոն քաղաքականություն՝ նաև տնտեսական համատեքստում և այլն։ Սակայն չենք բացառում, որ 0.5% չբավականացնելը կարող է պայմանավորված լինել Էրդողանի թիմի նախընտրական թերացումներով/գյուլենականների գործոնով։ Էրդողանի թիմում՝ ընդհուպ մինչև ամենաստորին օղակներ, կարող են լինել բազում քողարկված գյուլենականներ, որոնք թերացել/միտումնավոր խափանել են ընտրական (նաև չարաշահումների) աշխատանքները՝ փոխարենն Էրդողանին ներշնչելով, որ ամեն ինչ կարգին է, որ նա անպայմանորեն հաղթելու է առաջին փուլում։ Գյուլենականները կարող էին մեծ աշխատանքներ իրականացնել նաև արտասահմանաբնակների շրջանում, որտեղ Էրդողանը մայիսի 14-ին ստացել է 3%-ով պակաս քվե՝ 2018թ. համեմատ։ 2023թ․ Էրդողանը կա՛մ թերագնահատեց արտասահմանաբնակ թուրքերին, և/կա՛մ առողջական վիճակի, փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերի (միգուցե նաև եվրոպական երկրների հակազդեցության) պատճառներով չկարողացավ անձամբ նախընտրական արշավ իրականացնել նրանց շրջանում (2023թ. առաջին հինգ ամիսներին Էրդողանը չի այցելել արտերկիր)։
2023թ․ մայիսի 14-ին Էրդողանն արտերկրում քվեարկության արդյունքներով հաղթել է Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրների ճնշող մեծամասնությունում, Իրանում, Կենտրոնական Ասիայի (Ուզբեկստան, Ղրղըզստան, Պակիստան), Հարավ-արևելյան Ասիայի (Մալայզիա) ու Եվրոպայի մի շարք երկրներում (Գերմանիա, Ֆրանսիա)։ Դրա հետ մեկտեղ նա Քըլըչդարօղլուին պարտվել է ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում, Ռուսաստանում, Չինաստանում, Ավստրալիայում, Հարավային Աֆրիկայում, եվրոպական բազմաթիվ երկրներում (Մեծ Բրիտանիա, Իտալիա, Իսպանիա, Արևելյան Եվրոպա), Իսրայելում, ասիական ու աֆրիկյան մի շարք այլ երկրներում (ԱՄԷ, Նիգերիա), նաև Ղազախստանում, Թուրքմենստանում, Վրաստանում (Ադրբեջանում Էրդողանը հավաքել է քվեների 49․42%-ը, իսկ Քըլըչդարօղլուն՝ 41․92%-ը)։
Ինչո՞ւ ամեն դեպքում Էրդողանը քվեների վերջին 10%-ի հաշվարկի ժամանակ չփորձեց 0.5%-ով ավելացնել («նկարել») սեփական ցուցանիշը և հաղթել առաջին փուլում։ Հիշեցնենք, որ մայիսի 14-ին քվեարկության ավարտից որոշ ժամանակ անց, երբ սկսեցին հայտնել առաջին տվյալները, հաշվարկման գործընթացն ընթանում էր բավական արագ․ 2 րոպեն մեկ թարմացվում էին տվյալները։ Դրանք, սակայն, վկայում էին, որ Էրդողանի սկզբնական 60%-անոց ցուցանիշը շարունակ նվազում է, իսկ Քըլըչդարօղլուի ցուցանիշը՝ շարունակ աճում։ Եվ երբ քվեների հաշվարկը հասավ 90%-ի, տվյալ գործընթացը սկսեց բավական դանդաղել, տվյալների թարմացումը ձգձգվեց, ինչն իր գագաթնակետին հասավ վերջին 1%-ի (արտասահմանաբնակների քվեների) հաշվարկի ժամանակ։ Էրդողանն ու նրա թիմը, թերևս, մտորում էին՝ արդյո՞ք արժե սեփական ցուցանիշը (արհեստականորեն) հասցնել, ասենք, 50․02%-ի և հայտարարել գործող նախագահի վերընտրման մասին, թե՞ ոչ։
Էրդողանը, սակայն, չգնաց այդ քայլին․ մայիսի 15-ին ԲԸԽ-ը հայտնեց մայիսի 28-ին երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտության մասին, ինչից հետո Էրդողանը սկսեց շարունակ շեշտել, որ մայիսի 14-ին Թուրքիայում հաղթել է ժողովրդավարությունը (ակնարկելով, որ բռնապետները չեն գնում երկրորդ փուլի)։ Մեր կարծիքով՝ «ժողովրդավարի դիմակ» հագնելը չէր կարող լինել երկրորդ փուլին համաձայնելու հարցում Էրդողանի գլխավոր դրդապատճառը (թեև վերընտրման դեպքում նա սաստկացնելու է հալածանքները, և դրանից առաջ նրան պետք կգա «ժողովրդավարի դիմակը»)։
Երկրորդ փուլին գնալու հարցում նրա գլխավոր մոտիվը, թերևս, կապված էր 2019թ. ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ։ Այն ժամանակ ԱԶԿ-ի թեկնածու Բինալի Յըլդըրըմը Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում մոտ 13.000 քվեով պարտվեց ՀԺԿ-ական թեկնածու Էքրեմ Իմամօղլուին, և Էրդողանը որոշեց 2.5 ամիս անց Ստամբուլում անցկացնել կրկնական ընտրություններ (դրանցում Յըլդըրըմն Իմամօղլուին զիջեց ավելի քան 800.000 քվեով)։ 2023թ․ Էրդողանը չցանկացավ գրանցել տալ 50.02%՝ առաջին փուլում նվազագույն տարբերությամբ հաղթելու համար (և այդպիսով դառնալ որոշակի խոցելի նախագահ)։ Նա գիտակցում էր, որ եթե գնա այդ քայլին, ապա ընդդիմությունն (նաև Արևմուտքը) անմիջապես կշեշտի առաջին փուլի արդյունքների կեղծված լինելը և կհիշեցնի 2019թ. Ստամբուլի ընտրությունների օրինակը՝ նվազագույն տարբերությամբ ընդդիմության հաղթանակի չեղարկումը։ Այդպիսով, Էրդողանը համաձայնեց գնալ երկրորդ փուլին՝ նաև համոզված լինելով դրանում իր հաղթանակի մեջ։
Ամեն դեպքում մայիսի 14-ի արդյունքներն այնքան էլ վատ չէին վարկանիշային համատեքստում իր ամենավատ շրջանում գտնվող Էրդողանի համար (նրա ցուցանիշում որոշակի դեր կարող են խաղացած լինել տարբեր բնույթի, սակայն ոչ զանգվածային ընտրախախտումներ, վարչական ռեսուրսների չարաշահումներ և այլն)։
Փաստենք, որ մայիսի 14-ին Էրդողանը հավաքեց ամենամեծ թվով քվեները, մոտ 2․5 միլիոնով գերազանցեց մոտակա մրցակցին, իշխող դաշինքը խորհրդարանում ստացավ մանդատների կեսից ավելին։ Նկատենք նաև, որ Էրդողանն այս հաջողությանը հասավ 2020թ․ աշխարհը ցնցած կորոնավիրուսի, նրա սոցիալ-տնտեսական և այլ հետևանքների, երկրում տիրող ինֆլյացիայի ու գործազրկության բարձր մակարդակի, 2022թ․ աշխարհը ցնցած Ռուս-ուկրաինական պատերազմի և դրա հետևանքով էներգակիրների և պարենի թանկացումների, 2023թ․ փետրվարի 6-ի Քահրամանմարաշի ավերիչ երկրաշարժերի պայմաններում։
Էրդողանի ուժեղ կողմերն ու առավելությունները մանրակրկիտ վերլուծել ենք մարտյան մեր հոդվածում, ուստի այստեղ կընդգծենք, որ 2023թ․ ապրիլ-մայիսին Էրդողանն իր նախընտրական արշավն ավելի շատ կառուցել էր սոցիալ-տնտեսական բնույթի խոստումների (աշխատավարձերի, թոշակների բարձրացում, գազի ու էլեկտրաէներգիայի սակագների զեղչ), ենթակառուցվածքային (արևային կայաններ, ջրամբարներ, երկաթգծեր, թունելներ), ռազմարդյունաբերական նախագծերի շնորհանդեսների վրա (որոնք կոչված էին ի ցույց դնելու Թուրքիայի հզորությունը, այն կետը, ուր նա հասել է Էրդողանի ու նրա թիմի ջանքերի շնորհիվ)։ Էրդողանի ներկայիս առողջական վիճակը, ըստ ամենայնի, թույլ չի տալիս անել նախկինի նման ընտրարշավներ, ունենալ ամպագոռգոռ ելույթներ՝ սեփական ձայնալարերի վնասմամբ։ Եվ, թեև նախընտրական շրջանում շատ սոցհարցումներ վկայում էին, որ Քըլըչդարօղլուն հաղթելու է առաջին փուլում կամ էլ պարզապես առաջ է անցնելու Էրդողանից, դա տեղի չունեցավ, և Էրդողանը երկրորդ փուլին մոտեցավ բարձր տրամադրությամբ։
Քեմալ Քըլչդարօղլու
2023թ․ ընտրություններում Քըլըչդարօղլուի ցուցանիշը նախևառաջ համեմատենք 2018թ․ նախագահական ընտրություններում այն ուժերի թեկնածուների ընդհանուր արդյունքների հետ, որոնք այսօր մտնում են ընդդիմադիր վեցնյակի մեջ։
Աղյուսակ 17
|
Մուհարրեմ Ինջե |
Մերալ Աքշեներ |
Սելահաթթին Դեմիրթաշ |
Թեմել Քարամոլաօղլու |
Քեմալ Քըլըչդարօղլու |
2018թ․ |
2018թ․ |
2018թ․ |
2018թ․ |
2023թ․ |
|
Թուրքիայում |
14.951.788 |
3.603.858 |
4.039.390 |
434.882 |
23․873․749 |
Արտերկրում |
328.934 |
36.896 |
157.111 |
7730 |
665․111 |
Մաքսակետերում |
59.599 |
8276 |
9293 |
1092 |
56․318 |
Ընդհանուր |
15.340.321 |
3.649.030 |
4.205.794 |
443.704 |
24․595․178 |
Տոկոս |
30․64 |
7․29 |
8․40 |
0․89 |
44․88 |
Այդպիսով, 2018թ․ ընդդիմադիր առաջնորդներն ընդհանուր առմամբ հավաքել են 23․63 միլիոն քվե և 47.22%։ Մայիսի 14-ին Քըլըչդարօղլուի գրանցած արդյունքը համադրելի է դրա հետ՝ հաշվի առնելով, որ Մ․ Ինջեն նախորդ անգամ նախագահի թեկնածու է դարձել հենց ՀԺԿ-ից, իսկ 2023թ․ Դեմիրթաշն իր աջակցությունն է հայտնել Քըլըչդարօղլուին։ Քըլըչդարօղլուի այսօրինակ արդյունքը հնարավոր դարձավ 2023թ․ ընդդիմության միասնության շնորհիվ, ինչը դեռևս 2018թ․ պահանջում էր ընդդիմադիր ընտրազանգվածը (2023թ․ Քըլըչդարօղլուն Էրդողանին քրդաբնակ 14 նահանգում հաղթել է հիմնականում նրա շնորհիվ, որ ի տարբերություն 2018թ․՝ Դեմիրթաշն այս անգամ չի առաջադրել սեփական թեկնածությունը և աջակցել է Քըլըչդարօղլուին)։
2023թ․ Քըլըչդարօղլուն զգալի գերազանցել է խորհրդարանական ընտրություններում Millet դաշինքի ցուցանիշը և գրեթե հավաքել է Millet ու Emek ve Özgürlük դաշինքների ընդհանուր քվեների չափ քվե։ Քըլըչդարօղլուն հաղթել է «3 մայրաքաղաքներում», քեմալական «միջնաբերդ» Իզմիրում, Էգեյան ու Միջերկրական ծովերին սահմանակից մնացյալ նահանգներում (ներառյալ Ադանան ու Մերսինը), իր հայրենի Թունջելիում, արևելյան ու հարավ-արևելյան քրդաբնակ 13 նահանգում, որոնք սահմանակից են Սիրիային, Իրաքին, Իրանին, Նախիջևանին, Հայաստանին, Վրաստանին (Էրդողանի ու Քըլըչդարօղլուի ռեգիոնալ ցուցանիշները կամփոփենք երկրորդ փուլին առնչվող հատվածում)։ Մայիսի 14-ի ընտրությունների այս պատկերը մեզ որոշակի հիշեցնում է 2019թ. ՏԻՄ ընտրությունների արդյունքները, երբ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ը պարտություն կրեց գրեթե բոլոր խոշոր քաղաքներում (Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Ադանա, Մերսին)։ 2023թ. մայիսի 7-ին Էրդողանը Ստամբուլում իր նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ «եթե Ստամբուլը սեփական քվեն տա իրեն, ապա դրանով հարցը կփակվի» (իշխանությունների պնդմամբ՝ հանրահավաքին մասնակցել է 1․7 միլիոն մարդ) [14]։ Սակայն Ստամբուլն իր քվեների մեծ մասը չտվեց նրան, ինչը նույնպես նպաստեց առաջին փուլում Էրդողանի չհաղթելուն։
Թեև Քըլըչդարօղլուն հաղթեց «3 մայրաքաղաքներում» և Իզմիրում, նա չկարողացավ ո՛չ հաղթել առաջին փուլում, ո՛չ էլ առաջ անցնել Էրդողանից։ Նա նվազագույն տարբերությամբ է հաղթել Ստամբուլում (1.88%) ու Անկարայում (1.32%), ինչն էլ էապես կանխորոշել է նրա արդյունքները։ Իրավագիտության պրոֆեսոր Էրսան Շենը նշել է 3 պատճառ, թե ինչու Քըլըչդարօղլուն կարող էր կորցնել որոշ ընտրողների աջակցությունը. «1) Քըլըչդարօղլուն մոռացել է երկրաշարժից տուժած քաղաքացիներին, 2) Սոցցանցերի միջոցով Քըլըչդարօղլուի մեղադրանքներն ընտրություններին Մոսկվայի իբր միջամտության մասին արվել են չափազանց պարզունակ ձևով՝ առանց ապացույցների, եղել են ժամանակավրեպ։ 3) Քըլըչդարօղլուն չկարողացավ համոզել ընտրողներին, որ միանշանակ և խստորեն դատապարտում է PKK-ի ահաբեկչությունը»։ Շենը ՀԺԿ-ական Sözcü («Խոսնակ») հեռուստաալիքի եթերում ընդգծեց, որ ինքն էլ չի քվեարկել Քըլըչդարօղլուի օգտին [15]։
Մեր կողմից կարող ենք հավելել Քըլըչդարօղլուի կողմից փախստականների գործոնն առաջին փուլից առաջ ոչ անհրաժեշտ ձևով շահարկելը․ առաջին փուլից հետո՝ մայիսի 17-ին, նա կոշտացրեց տոնը՝ հայտարարելով երկրում գտնվող բոլոր 10 միլիոն փախստականներին վերադարձնելու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ եթե չանեն այդպես, ապա վաղը նրանց թիվը կհասնի 30 միլիոնի [16]։ Թերևս առավել կարևոր էր մայիսի 10-ին Wall Street Journal-ի հետ զրույցում Քըլըչդարօղլուի արած այն հայտարարությունը, որ իրենք պատրաստ են միանալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին [17]։ Արդեն հաջորդ օրը ՀԺԿ նախագահի արտաքին հարաբերությունների գլխավոր խորհրդական Ունալ Չևիքյոզը հարկադրված էր պարզաբանումներ տալ՝ ընդգծելով, որ Քըլըչդարօղլուն չի արել նման հայտարարություն, որ նրա խոսքերը խմբագրվել են, և Թուրքիան չի փոխելու Ռուսաստանի հանդեպ քաղաքականությունը [18]։ Չնայած այս ամենին՝ նույն օրը՝ մայիսի 11-ին, Քըլըչդարօղլուն Ռուսաստանին մեղադրեց մոնտաժների, ձայներիզների, ապատեղեկատվության (Deep Fake) միջոցով Թուրքիայի ընտրական գործընթացին միջամտելու համար, Ռուսաստանին կոչ արեց ձեռքերը հեռու պահել Թուրքիայից, եթե ցանկանում է, որ մայիսի 15-ից սկսած՝ շարունակվի երկու երկրների միջև բարեկամությունը [19]։
Հայտնի է, որ Ռուսաստանից տարեկան 5-7 միլիոն զբոսաշրջիկ է գալիս Թուրքիա, որ թուրքական գյուղմթերքը մեծ ծավալով արտահանվում է Ռուսաստան, որ թուրքական բեռնատարները նաև Ռուսաստանի տարածքով են գնում դեպի Միջին Ասիա, որ թուրքական շինարարական ընկերությունները լայն գործունեություն են ծավալել Ռուսաստանում և այլն։ Դա նշանակում է, որ Քըլըչդարօղլուն տվյալ հայտարարությամբ կարող էր իրենից վանել հարյուր հազարավոր մարդկանց։ Ընտրություններից 1․5 ամիս առաջ (մարտին) թուրք ընդդիմադիր փորձագետները Քըլըչդարօղլուին կոչ էին անում պատվիրակություն ուղարկել Ռուսաստան և փորձել հանգստացնել նրա նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կապված վերջինիս մտահոգությունների հետ, որոնք, Քըլըչդարօղլուի նախագահ դառնալով, առնչվում են Թուրքիայում Ռուսաստանի իրականացրած ու իրականացվող նախագծերին (Աքքույու ԱԷԿ, գազային հանգույց) և ընդհանրապես երկկողմ սերտ համագործակցությանը (S-400) [20]։ Սակայն Քըլըչդարօղլուն նախընտրեց գնալ հակառակ ուղով։
Նույնը կարելի է ասել Քըլըչդարօղլու-Ադրբեջան հարաբերությունների մասին։ Քըլըչդարօղլուն թերագնահատեց ընտրազանգվածի համար Ադրբեջանի դերը, որը վերջին տարիներին մշտապես ընդգծվել է Էրդողանի կողմից, ինչպես նաև թերագնահատեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակաքայլերի աստիճանը։ Մայիսի 6-ին Քըլըչդարօղլուն Twitter-ում տարածեց «Ո՛չ Արևմուտք, ո՛չ Արևելք, սա է Թ(յ)ուրքական ճանապարհը» խորագրով տեսանյութ, որն արագորեն ունեցավ 22.3 միլիոն դիտում։ Նշելով, որ ներկայացնում է իր կյանքի ամենակարևոր նախագիծը՝ Քըլըչդարօղլուն խոստացավ իշխանության գալու դեպքում վերակենդանացնել պատմական Մետաքսի ճանապարհը․ «Խոսքն ընդհանուր 5500 կմ ավտոճանապարհի ու զույգ երկաթգծի կառուցման մասին է։ Նախագծի երթուղին սկսվելու է թուրք-իրանական սահմանի Գյուրբուլաք ու Քադըքյոյ անցակետերից, ձգվելու է դեպի Թավրիզ ու Թեհրան, ապա Աշգաբադ, Տաշքենդ ու Ալմա Աթա, որտեղից էլ Չինաստան»։
Քըլըչդարօղլուն ցուցադրել է նաև համապատասխան քարտեզը, որում ակնառու է, որ Ադրբեջանը դուրս է մնացել երթուղուց․ «Նախագծի շնորհիվ Չինաստանն արևելք-արևմուտք ուղղությամբ կկապվի Սևծովյան տարածաշրջանի ու Եվրոպայի հետ և բացի այդ հյուսիս-հարավ ուղղությամբ կկարողանա դուրս գալ դեպի Միջերկրական ծով՝ Մերսինի ու Իսքենդերունի նավահանգիստներ։ Նախագիծը կարևոր քայլ կլինի նաև Թուրքիայի ու Թյուրքական աշխարհի երկրների միջև ապրանքաշրջանառության աճի տեսանկյունից։ Այսօր համաշխարհային առևտրի 90%-ն իրականացվում է ծովային ճանապարհով։ Նախագծի շնորհիվ դեպի ծով ելք չունեցող երկրներ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Ղազախստանը դուրս կգան թուրքական նավահանգիստներ, Թուրքիան կվերածվի Թյուրքական աշխարհի ծովային դարպասի։ Չինաստանը նույնպես մեծապես կօգտվի նախագծից, սակայն մեր առաջնահերթ նախապայմանը լինելու է Սինձյանում իրականացվող զուլումին վերջ դնելը։ Այս նախագծից կօգտվեն բոլոր կողմերը»։
Քըլըչդարօղլուն խոստացավ կառուցել «Հորասան-Աղրը-Գյուրբուլաք» երկաթգիծը, որով Իրան-Թուրքիա սահմանը երկաթգծով կմիանա «Կարս-Էրզրում» երկաթգծին և իր շարունակությունը կունենա դեպի Թուրքիայի արևմուտք ու Եվրոպա․ «Կկառուցվեն նոր լոգիստիկ կենտրոններ ու մաքսակետեր, ինչի շնորհիվ դեպի Իրան արտահանումը հնարավոր կլինի իրականացնել 17 ժամում, դեպի Թուրքմենստան՝ 31 ժամում, դեպի Ուզբեկստան՝ 50 ժամում, դեպի Ղազախստան՝ 63 ժամում։ Սա կմեծացնի նաև այս երկրների ու Եվրոպայի միջև ապրանքաշրջանառության ծավալն ու դրանում Թուրքիայի տարանցիկ դերը։ Դա էապես կմեծացնի Թուրքիայի տնտեսական ու ռազմավարական դերն աշխարհում, կմեծանան նախագծի երկրների միջև համագործակցությունն ու տնտեսական ինտեգրումը, նաև պատմամշակութային կապերը։ Թուրքիան կենտրոնական երկիր կդառնա Կովկասի, Միջին Ասիայի ու Չինաստանի միջև գլոբալ ու տարածաշրջանային առևտրի համար» [21]։
Այս նախագծով Քըլըչդարօղլուն փորձում էր նախևառաջ իրենց վրայից հանել ոչ միայն արևմտամետի («ԱՄՆ վասալի») պիտակը, այլև ցույց տալ, որ իրենք մեծ կարևորություն են տալիս Արևելքի (մուսուլմանական) երկրների և հատկապես Թյուրքական աշխարհի հետ կապերի զարգացմանը։ Քըլըչդարօղլուն փորձում էր ցույց տալ, որ ինքը նույնպես մեծ տեղ է տալիս մեգանախագծերի իրագործմանը, Թուրքիայի տնտեսական բարօրությանը, տարանցիկ ու աշխարհաքաղաքական դերի մեծացմանը։ Այն, որ Ադրբեջանն ընդգրկված չէ Քըլըչդարօղլուի ներկայացրած նախագծում, թերևս ուներ 3 հիմնական պատճառ։
1) Թուրքիայի գործող իշխանություններն արդեն իսկ իրագործում են Միջին տրանսպորտային միջանցքի նախագիծը, որի երթուղին սկսվում է Չինաստանից, անցնում է Միջին Ասիայով, Կասպից ծովով հասնում է Ադրբեջան, ապա Վրաստանով` Թուրքիա։ Քըլըչդարօղլուն նախընտրել է ներկայացնել գործող իշխանությունների նախագծից տարբերվող, այլընտրանքային նախագիծ։
2) Խնդրահարույց է համարվում Կասպից ծովով Միջին միջանցքի երթուղին, քանի որ դա առաջացնում է լաստանավային հաղորդակցության անհրաժեշտություն։ Ներկայումս Ադրբեջանի ու Ղազախստանի նավահանգիստները պատրաստ չեն ընդունել մասշտաբային բեռնափոխադրումներ։ Ադրբեջանի փոխարեն Իրանի տարածքն ընտրելու դեպքում լաստանավերի կարիք չի առաջանում․ Քըլըչդարօղլուի ներկայացրած նախագիծը մաքուր ցամաքային նախագիծ է։
3) Սա կարող է առնչվել Ադրբեջանի պահվածքից Քըլըչդարօղլուի ունեցած դժգոհությանը։ Դեռևս 2021թ․ հոկտեմբերին (44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց) նա դժգոհել էր, որ Ադրբեջանն իրեն չի պահում «եղբայրական երկրի» պես և հավելյալ գումարներ է փորձում գանձել (շորթել) իր տարածքով անցնող թուրքական բեռնատարների վարորդներից: Քըլըչդարօղլուի համար ակնհայտ է նաև, որ Ի. Ալիևը բացահայտ աջակցում է Էրդողանի թեկնածությանը։
Քըլըչդարօղլուի առաջարկած նախագիծը Թուրքիայի համար չափազանց կարևոր է թե՛ «Արևելք-Արևմուտք», թե՛ «Արևելք-Հարավ» ուղղություններով տարանցիկ կարևոր երկիր դառնալու համար (այն շրջանցում է Հայաստանը)։ Նախագիծը զգալիորեն կմերձեցներ Թուրքիան ու Իրանը, կմեծացներ նրանց միջև փոխադարձ կախվածությունը և կարող էր հող նախապատրաստել իրանական գազը (Հայաստանի փոխարեն) Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա ուղարկելու համար։
Բնական է, որ Քըլըչդարօղլուի այս նախագիծը հարուցեց ադրբեջանական կողմի դժգոհությունը․ սկզբում այն դատապարտեցին Ադրբեջանի պատգամավորները, քաղաքական գործիչները, որոնք պնդում էին, որ «առանց Ադրբեջանի՝ Թուրքիայի ամենամոտ դաշնակցի, չի կարող լինել թյուրքական ճանապարհ», որ «Ադրբեջանին անտեսելը չի համապատասխանում «մեկ ազգ, երկու պետություն» փիլիսոփայությանը», որ «Քըլըչդարօղլուն դավաճանում է Թյուրքական աշխարհի մեծ իդեալներին» [22]։ Ապա Քըլըչդարօղլուի նախագիծը դատապարտեց Ի․ Ալիևը՝ ափսոսանք հայտնելով, որ «կան մարդիկ, ովքեր ցանկանում են Ադրբեջանը դուրս թողնել «Եվրոպա-Կովկաս-Ասիա» միջազգային (Միջին) տրանսպորտային միջանցքից, որն ունի ռազմավարական կարևորություն» [23]։
Թուրքական իշխանամետ մամուլն անմիջապես ուշադրություն հրավիրեց, որ Քըլըչդարօղլուի ներկայացրած քարտեզում շրջանցվում է ոչ միայն Ադրբեջանը, այլև «Զանգեզուրի միջանցքը»՝ ընդգծելով, որ այդ երկու կետերով է պայմանավորված, որ Քըլըչդարօղլուն նախընտրել է իր նախագծի երթուղին անցկացնել Իրանով [24]։ Իշխանամետ մամուլն ընդգծեց, որ «Թյուրքի ճանապարհն անցնում է Ադրբեջանով, և դա Միջին միջանցքն է» [25]։ Մայիսի 12-ին Էրդողանը Դոլմաբահչե նստավայրում հեռուստաալիքների հետ զրույցում Քըլըչդարօղլուին անվանեց «տգետ»՝ ափսոսանք հայտնելով, որ նա տեղյակ չէ, որ իրենք կառուցել են «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգիծը և Ադրբեջանի տարածքով բեռնատար գնացքներ ուղարկելով դեպի Չինաստան՝ արդեն վերականգնել են պատմական Մետաքսե ճանապարհը․ «Տեղեկացնենք, որ երբ գործի դրվի «Զանգեզուրի միջանցքը», նոր շնչառական խողովակ կբացվի դեպի Միջին միջանցք, որը ներառում է նաև Մետաքսի երկաթուղին։ Սա էլ իմացի՛ր, Քըլըչդարօղլու։ Այդ պատճառով մենք մեծ նշանակություն ենք տալիս Զանգեզուրի միջանցքին, որը Նախիջևանը կապելու է Ադրբեջանին, հետևաբար Թուրքիան՝ Ադրբեջանին։ Եղբայրս՝ Ալիևը, շատ լավ ասաց, որ նրանք, ովքեր ցանկանում են Ադրբեջանին հեռացնել տարածաշրջանից, կկորցնեն իրենց խանդավառությունը։ Իմ ազգը թույլ չի տա որևէ նախագիծ, որը կվնասի Ադրբեջանի հետ մեր եղբայրությանը» [26]։
Մայիսի 24-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անթալիայում հայտարարեց․ «Թյուրքական ճանապարհն անցնում է Թյուրքական պետությունների կազմակերպությունով (ԹՊԿ)։ Ստեղծեցինք ԹՊԿ, միավորեցինք ողջ թյուրքական աշխարհը, և Թյուրքական ճանապարհն անցնում է մեր եղբայրների հետ միասին տասնյակ տարիների ջանքերով ստեղծված Միջին միջանցքով։ «Թյուրքական ճանապարհն» անցնում է Շուշիով, Ջաբրայիլով և Զանգեզուրով։ Քըլըչդարօղլուն դուրս եկավ եթեր՝ ձեռքին մի քարտեզ։ Ի՞նչ է ասում։ Ասում է՝ ահա իմ նոր նախագիծը։ Նայում ենք՝ ջան, Ադրբեջանը շրջանցվել է։ Եղբայրական Ադրբեջանից ի՞նչ ես ուզում հարգարժա՛ն Քըլըչդարօղլու։ Ի՞նչ խնդիր ունես ադրբեջանցի եղբայրների հետ» [27]: Դրանից առաջ էլ Չավուշօղլուն հայտարարել էր, թե «Քըլըչդարօղլուն պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից» [28]:
Նման արձագանքներից հետո Քըլըչդարօղլուն, հյուրընկալվելով յութուբյան BaBaLa TV-ի՝ ազատ խոսափողի ձևաչափով հաղորդմանը, փորձեց մեղմել իրավիճակը։ Նա նշեց, որ ընտրվելու դեպքում պետական ավանդույթներին համապատասխան՝ առաջին քայլը լինելու է այցը դեպի (ինքնահռչակ) Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, ապա Ադրբեջան: Նա շեշտեց, որ Ադրբեջանի նկատմամբ իր կուսակցության վերաբերմունքը չի տարբերվում մյուս բոլոր կուսակցությունների և քաղաքական շրջանակների վերաբերմունքից՝ ընդգծելով, որ «Ադրբեջանի Բաքվի և Թուրքիայի Ստամբուլի միջև որևէ տարբերություն չկա»։ Անդրադառնալով վերջերս իր առաջ քաշած Ադրբեջանը շրջանցող թյուրքական երթուղուն՝ նա տվեց հետևյալ պարզաբանումը. «Մեր հիմնական նպատակը, անշուշտ, Միջին Ասիան Թուրքիային և Եվրոպային միավորելն է՝ կենտրոնական Թուրքիայի նախագիծը մեծացնելը և տնտեսական այնպիսի ենթակառուցվածք ստեղծելը, որն առավել ամուր կապեր կձևավորի Թուրքիայի և թյուրքական պետությունների միջև»:
Ի պատասխան «Զանգեզուրի միջանցքը» շրջանցելու, Ադրբեջանին վերոհիշյալ երթուղուց դուրս թողնելու դժգոհությունների՝ Քըլըչդարօղլուն ասել է. «Գիտեք՝ կա Զանգեզուրի միջանցք։ Այդ միջանցքը պետք է բացվի։ Սակայն այդ միջանցքի բացումը կախված է կողմերի համաձայնությունից և Ադրբեջանին Թուրքիայի՝ առանց պայմանի օգնությունից։ Իրանի և Հայաստանի միջև միասնությունը կարողանում է այս միջանցքի բացումը տեղափոխել փոքր-ինչ դժվար կետ։ Թուրքիան իր տարածաշրջանում ավելի ուժեղ կլինի, եթե կարողանա համոզել, բացատրել, որ այս բացվելիք միջանցքը մեծ նպաստ է բերելու և՛ Թուրքիային, և՛ Իրանին, և՛ Հայաստանին, և՛ թյուրքական պետություններին, որ ստեղծվելիք տնտեսական արդյունքը կարողանալու են կիսել բոլոր երկրները։ Ու մենք այդ միջանցքը պարտավոր ենք ընդարձակել և մեծացնել։ Այն, ինչ ցանկանում եմ ասել, սա է։ Թե չէ Ադրբեջանի դեմ և այլն ․․․ վերցնում, ասում են՝ վա՜յ, ինչո՞ւ սա այսպես չասացիր» [29]։
Ամփոփելով այս ամենը՝ վերստին նշենք, որ մեր կարծիքով՝ Քըլըչդարօղլուն մեծ սխալ գործեց՝ կանխավ ի ցույց դնելով Ռուսաստանի ու Ադրբեջանի հանդեպ իր նման վերաբերմունքը, ինչը Պուտինին ու Ալիևին մղեց է՛լ ավելի մեծ չափով աջակցելու Էրդողանին՝ նրա վերընտրմանն ամեն գնով հասնելու համար։ Դա (գումարային աջակցությունից բացի) կարող էր արտացոլվել նաև Սինան Օղանի կողմից երկրորդ փուլում Էրդողանի թեկնածությանն աջակցություն հայտնելու տեսքով․ մայիսի 22-ին Սինան Օղանը հայտարարեց, որ երկրորդ փուլում աջակցելու է Էրդողանին։
Սինան Օղան և Ումիթ Օզդաղ
Նախագահական ընտրությունների առաջին փուլի ավարտից հետո հեղինակավոր արևմտյան և այլ ԶԼՄ-ում Սինան Օղանը որակվեց որպես «քինգմեյքեր», ով թեկնածուներից մեկին աջակցելու դեպքում «կարող է վճռել» երկրորդ փուլի արդյունքները [30]։ Ընդ որում, երբ Օղանը հայտարարեց, որ երկրորդ փուլում աջակցելու է Էրդողանին, դա զարմացրեց որոշ թուրք փորձագետ/մեկնաբանների, որոնք հիշեցնում էին Օղանի այն խոսքերը, որ նա իրեն համարում է(ր) «աթաթուրքիստ», նախագահի թեկնածու է առաջադրվել Ata դաշինքից, որ Էրդողանին շարունակ անվանել է սուլթան և քանիցս դատապարտել Էրդողանի՝ «մեկ մարդու» ռեժիմը։ Հիշեցվում էր նաև այն, որ Էրդողանի ընտրական դաշնակից Դևլեթ Բահչելին 2015թ․ և 2017թ․ Օղանին երկու անգամ վռնդել է իր գլխավորած ԱՇԿ-ից։ Նրանք տարօրինակ էին համարում ազգայնամոլ Օղանի կողմից այդպիսով քրդական-իսլամական HÜDA PAR-ին աջակցելը, որն ընտրական դաշինքի մեջ է Էրդողանի հետ։
Նկատենք, որ Օղանը, ով վերջին տարիներին պարզապես անհետացել էր Թուրքիայի ներքաղաքական օրակարգից, թուրքական մամուլի էջերից, «հանկարծակի» օրակարգում հայտնվեց մայիսի 14-ի ընտրություններից առաջ և սեփական թեկնածությունն առաջադրելու համար «զարմանալի» հեշտությամբ (ժամկետից շուտ) կարողացավ հավաքել դրա համար անհրաժեշտ 100․000 ստորագրություն․ մի բան, որը չհաջողվեց նույնիսկ Թուրքիայի ներքաղաքական ու արտաքին քաղաքական օրակարգում վերջին տարիներին (և ընդհանրապես) ակտիվություն ցուցաբերող Դողու Փերինչեքին․ նրա ցուցանիշը կազմեց 20.000-25.000 ստորագրություն [31]։
Թուրքական և նաև ադրբեջանական ընդդիմադիր մամուլը հայտնել է, որ Օղանի նման կողմնորոշման վրա ազդել է Ի. Ալիևը, ով Օղանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլն ու համապատասխան ցուցում տվել։ Թուրքական ընդդիմությունն Ի․ Ալիևին այդպիսով մեղադրում է Թուրքիայի ընտրություներին միջամտելու համար։ Ընդդիմադիր փորձագետները նշում են, որ Ալիևը շահագրգռված է Էրդողանի վերընտրությամբ, քանի որ տարիների ընթացքում ավելի քան 10 միլիարդ դոլար է ներդրել Թուրքիայի տնտեսությունում։ Բացի այդ Ալիևը ցանկանում է թուրքական ներդրումներ ներգրավել «ազատագրած տարածքներում»։
Ընդդիմադիր փորձագետներն ընդգծում են նաև Ալիև-Պուտին սերտ հարաբերությունները և հիշեցնում, որ Քըլըչդարօղլուն Ռուսաստանին մեղադրել է Թուրքիայի ընտրություններին (կիբեր հարձակումներով, փափուկ ուժի միջոցներով) միջամտելու համար։ Թուրքական ընդդիմությունը գտնում է, որ Ալիև-Պուտին երկյակն այդպիսով միջամտել է Թուրքիայի ընտրություններին [32]։ Օղանը, սակայն, հերքեց, որ Ալիևը զանգահարել է իրեն՝ ընդգծելով, որ Էրդողանի թեկնածությանն աջակցել է «Քըլըչդարօղլու-քրդամետ ԺԴԿ կապերի» պատճառով [33]։
Համարում ենք, որ երկրորդ փուլի արդյունքները վճռելու մասին Օղանին վերապահվող հնարավորությունները զգալի գերագնահատված են։ Այն, որ Օղանն ու Օզդաղն իրականում չունեն ավելի քան 5% քվե, վկայում է մայիսի 14-ի խորհրդարանական ընտրություններում Ata դաշինքի ցուցանիշը՝ 2.43%։ Դա նշանակում է, որ առաջին փուլում Օղանը ստացել է նաև ազգայնական ընտրազանգվածի այն մասի քվեները, որը չի ցանկացել իր քվեն տալ ո՛չ քրդական HÜDA PAR-ի հետ դաշնակցող Էրդողանին, ո՛չ քրդամետ ԺԴԿ-ի աջակցությունը վայելող Քըլըչդարօղլուին (Թուրքիայում ազգայնականությունն ունի «50 երանգ»՝ աշխարհիկ, պահպանողական, աթաթուրքյան և այլն)։ Նշենք նաև, որ Ս․ Օղանը չի կարողացել հաղթել Թուրքիայի որևէ նահանգում, այդ թվում իր հայրենի Իգդիրում, որտեղ զիջել է թե՛ Քըլըչդարօղլուին, թե՛ Էրդողանին (Օղանը հավաքել է քվեների միայն 11․94%-ը, մինչդեռ Էրդողանի ցուցանիշը կազմել է 25․29%, իսկ Քըլըչդարօղլուինը՝ 62․49%)։ Օղանն այդպիսով չուներ կայուն ընտրազանգված և չէր կարող ուղղորդել իր 5%-անոց ընտրազանգվածին․ առանց նրա ուղղորդման էլ այդ ընտրազանգվածի մի մասը չէր մասնակցելու երկրորդ փուլին, մի մասն ընտրելու էր Էրդողանին, իսկ մյուս մասը՝ Քըլըչդարօղլուին։ Եվ, այնուամենայնիվ, Օղանը ձգտում էր իրեն հնարավորինս թանկ «վաճառել» թեկնածուներից մեկին։
Մեր կարծիքով՝ Ս․ Օղանը և հատկապես Ata դաշինքի դե ֆակտո առաջնորդ Ու․ Օզդաղը, նախընտրական շրջանում մշտապես հանդես գալով փախստականների թեմայով ավելի կոշտ հայտարարություններով, մասնակի թույլ չտվեցին, որ Քըլըչդարօղլուն հավաքի Էրդողանի «բաց դռների քաղաքականությունից» դժգոհ ընտրազանգվածին։ Վերջին շրջանում թե՛ Օզդաղը, թե՛ Օղանն իշխանությունների կողմից հենց այդ նպատակով են «քաղաքական դաշտ նետվել» (փորձագետների կարծիքով՝ Օզդաղը կապված է թուրքական հետախուզության հետ, իսկ Օղանին թուրքական հետախուզությունը հավաքագրել է դեռևս 1990-ականների սկզբներին, երբ նա Ադրբեջանում սկսեց աշխատել որպես TIKA-ի («Թյուրքական համագործակցության և զարգացման գործակալություն») ներկայացուցիչ։
Օղանի ադրբեջանական ծագումը, Ադրբեջանում աշխատած լինելն ու նրա նախագահի կողմից պետական մեդալով պարգևատրվելը վկայում են Ի․ Ալիևի հետ նրա կապերի մասին (ՌԴ-ում ուսանած Օղանը կապեր ունի նաև ռուսական քաղաքական վերնախավի հետ)։ Օղանին առնչվող վերոնշյալ միջամտությամբ աճում է Էրդողանի վրա Ալիևի ազդեցությունը, Էրդողանը վերստին պարտական է մնում Ալիևին, ով կարող էր նախընտրական շրջանում միլիարդավոր դոլարներ տրամադրած լինել Էրդողանին՝ ընտրություններում հաղթելու համար։
Հավելենք, որ 2023թ․ Էրդողանի վրա Ալիևի ազդեցությունն աճել է նաև փետրվարյան ավերիչ երկրաշարժերից հետո Ադրբեջանի մեծ աջակցության (ամենաշատ որոնողա-փրկարարական խմբերի և մեծ ծավալի հումանիտար օգնության ուղարկում), Քահրամանմարաշում «ադրբեջանական թաղամաս» կառուցելու, երկրաշարժերից հետո՝ մարտի 16-ին, Անկարայում ԹՊԿ լիդերների արտակարգ գագաթնաժողով գումարելու, բնական խոշոր աղետների դեպքում միմյանց օգնելու համար նախատեսված Թյուրքական ներդրումային հիմնադրամ (Türk Yatırım Fonu, TYF) ստեղծելու առաջարկների և մի շարք այլ պատճառներով։ Ի դեպ, TYF-ը՝ Ստամբուլ կենտրոնով, ստեղծվեց 2023թ․ մայիսի 31-ին, առաջին փուլում նրա կապիտալը կազմում է 500 միլիոն դոլար, որում ԹՊԿ անդամ 5 երկրներն (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղըզստան) ունեն հավասարաչափ մասնաբաժին։ TYF-ն անվանում են նաև «թյուրքական ԱՄՀ», վերջնական նպատակը լինելու է միացյալ Թյուրքական բանկի ստեղծումը։ TYF-ի հիմնումը պատմական պահ է ԹՊԿ-ի համար [34]։
Այդ ամենն իր հերթին կազդի Էրդողանի «ադրբեջանական» ու «հայկական» (կովկասյան) քաղաքականության վրա, զգալի կբարդացնի ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը։ Վերջինս բարդանալու է նաև նրա համար, որ մայիսի 28-ին հաղթելուց հետո 5 տարով ազատվում են Էրդողանի ձեռքերը, ով աստիճանաբար շեշտակի կոշտացնելու է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը։ Առաջ ընկնելով՝ նշենք, որ ամիսներ անց Ալիևը, ըստ ամենայնի, Էրդողանին կխնդրի 2024թ. մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններում աջակցել Հայաստանին սահմանակից Կարս և Իգդիր նահանգներում իր նախընտրելի թեկնածուների (թերևս հենց Իգդիրում ծնված, հայտնի հայատյաց Ս․ Օղանի) հաղթանակին, որով Ալիևը կփորձի Հայաստանն «օղակել» նաև արևմուտքից։ Այս հարցում հենվում ենք անցյալի փորձի վրա․ 2018թ․ հունիսի 24-ի նախագահական ու խորհրդարանական ընտրություններից առաջ Էրդողանն Ալիևին խնդրեց արագացնել TANAP գազատարի կառուցումը և դրա բացումը կատարել ընտրություններից առաջ։ Մերձավոր Արևելքի ամենաերկար (1850 կմ)՝ 6.5 միլիարդ դոլար արժողությամբ գազատարի բացումը տեղի ունեցավ հունիսի 12-ին։ Տվյալ խնդրանքը բավարարելուց որոշ ժամանակ անց Ալիևը պատասխան խնդրանքով դիմեց Էրդողանին, որպեսզի նրա ԱԶԿ-ը 2019թ․ մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններում սեփական թեկնածուներ չառաջադրի Կարսում ու Իգդիրում, որ փոխարենն առաջադրվեն ԱԶԿ-ի հետ դաշինքի մեջ գտնվող ԱՇԿ-ի ներկայացուցիչները («գորշ գայլեր»)։ Խնդրանքը բավարարվեց, սակայն թե՛ Կարսում, թե՛ Իգդիրում ԱՇԿ-ի թեկնածուները պարտվեցին քրդամետ ԺԴԿ-ի թեկնածուներին։ Վերջիններս հետագայում մեղադրվեցին «PKK-ի հետ կապերի» համար, պաշտոնանկ արվեցին․ նրանց փոխարինեցին իշխանությունների նշանակած հոգաբարձուները։
Երկրորդ փուլում Էրդողանին աջակցելու համար Օղանը կարող է կորզած լինել որևէ բարձր պաշտոն։ Որպեսզի նրանց միջև գործարքն ակնառու չլինի (Էրդողանը հերքել է, թե գործարքի է գնացել Օղանի հետ), Օղանը կարող է պաշտոն չստանալ միանգամից, սպասել մի քանի ամիս, և Ալիևի միջնորդությամբ 2024թ․ մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ընտրվել Իգդիրի քաղաքապետ, ապա ակտիվացնել իր հայատյաց գործունեությունը՝ ներառյալ Մեծամորի ԱԷԿ-ի փակման դեմ նորովի արշավ սկսելը (ընթացքում խոշոր գումարներ ստանալով Ադրբեջանից)։
Ինչ վերաբերում է Ata դաշինքի դե ֆակտո առաջնորդ Ումիթ Օզդաղին, ապա նա 2023թ․ մայիսի 24-ին հայտարարեց, որ երկրորդ փուլում աջակցելու է Քըլըչդարօղլուի թեկնածությանը․ կողմերի միջև ստորագրվեց համապատասխան արձանագրություն, ըստ որի՝ Քըլըչդարօղլուն համաձայնեց, որ չեն փոփոխվելու Սահմանադրության առաջին չորս հոդվածները, որոնք առնչվում են երկրի պետական կարգին, դրոշին, օրհներգին և այլն։ Քըլըչդարօղլուն համաձայնել է պահպանել նաև Սահմանադրության 66-րդ հոդվածը, ըստ որի՝ ԹՀ յուրաքանչյուր քաղաքացի համարվում է թուրք՝ անկախ իր ազգությունից։ Կողմերը պայմանավորվել են արդյունավետ պայքար մղել ահաբեկչության ու կոռուպցիայի դեմ, ինչպես նաև փախստականներին վտարել 1 տարում [35]։
Ստացվում է, որ Ata դաշինքի երկու առաջնորդները նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «աջակցելու են» տարբեր թեկնածուների։ Մեր կարծիքով՝ իրականում թե՛ Օղանը, թե՛ Օզդաղը կապված են թուրքական իշխանությունների հետ և կոչված են ձայներ «փախցնել» հենց Քըլըչդարօղլուից։ Անգամ նրանց դաշինքի (Ata - Atatürk) անվանումն է վկայում այդ մասին։ Եվ նման պայմաններում Քըլըչդարօղլուի կողմից Օզդաղի հետ գործարքի գնալը նման էր «քաղաքական ինքնասպանության»․ գործարքը մեծապես խաթարում է Քըլըչդարօղլուի հանդեպ քրդերի վստահությունը (երկրորդ փուլում Քըլըչդարօղլուն քվեների որոշակի անկում ունեցավ քրդաբնակ նահանգներում)։ Նա պարտավորվել է չփոխել Սահմանադրության 66-րդ հոդվածը, ինչից չեն կարող գոհ լինել քրդերը։ Բացի այդ Քըլըչդարօղլուն ի վերջո համաձայնեց շարունակել (PKK-ին աջակցելու մեղադրանքով) քուրդ քաղաքապետերին պաշտոնանկ անելու ու հոգաբարձուներ նշանակելու իշխանական պրակտիկան, ինչի շուրջ պնդել է Օզդաղը։ Եվ պատահական չէ, որ ԺԴԿ-ը դատապարտեց տվյալ գործարքը՝ ընդգծելով, որ դա դեմ է ժողովրդավարության սկզբունքներին։ Չնայած դրան՝ ԺԴԿ-ը մայիսի 25-ին վերահաստատեց երկրորդ փուլում Քըլըչդարօղլուին իր աջակցությունը՝ ընդգծելով, որ դեմ է Էրդողանի՝ 21-ամյա «մեկ մարդու ռեժիմին» [36]։
Քըլըչդարօղլու-Օզդաղ գործարքը հակասում է նաև ընդդիմադիր վեցնյակի հրապարակած նախընտրական մանիֆեստին և մտահոգություն առաջացրեց նաև նրանում։ Ալի Բաբաջանը փորձել է հանգստացնել ընտրազանգվածին՝ հայտարարելով, որ Օզդաղի հետ համաձայնագիրը չի արտացոլում Քըլըչդարօղլուի իրական մտադրությունները, որ քուրդ քաղաքապետերը չեն հեռացվի. «Մեր դիրքորոշումը չի փոխվել։ Սա [Քըլըչդարօղլուի ազգայնական հայտարարությունները] չկողմնորոշված ընտրողների համար է։ Երկու շաբաթում քաղաքականությունը չի փոխվում» [37]։
Քըլըչդարօղլուի օգտին չէր նաև նրա կտրուկ շրջադարձը մայիսի 14-ի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, երբ նա (մեղմ հայացքներով) «թուրքական Գանդիից» փորձեց վերափոխվել ծայրահեղ ազգայնականի՝ կոշտացնելով տոնը։ Քըլըչդարօղլուի մոտ իդեա-ֆիքս էր դարձել երկրորդ փուլում ամեն գնով ազգայնամոլ ընտրազանգվածի մի մասին Էրդողանից պոկելը և իր շուրջ համախմբելը, ինչը չստացվեց և չէր էլ կարող ստացվել նրա մոտ։
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ
Այս փուլի յուրահատկությունն այն է, որ նրանում հաղթելու համար թեկնածուներից չէր պահանջվում հավաքել 50%+1 քվե, որ հաղթում է զուտ ավելի շատ քվեներ հավաքած թեկնածուն։ 2023թ․ հունիսի 1-ին ԲԸԽ-ն ամփոփեց երկրորդ փուլի վերջնական արդյունքները՝ ընդգծելով, որ Թուրքիայում քվեարկությանը մասնակցել է 52․093․375 մարդ, մասնակցության ցուցանիշը կազմել է 85․72%, իսկ մաքսակետերում ու արտերկրում՝ 1․930․226 մարդ և 56․34%։ Այդպիսով, երկրորդ փուլին մասնակցել է 54․023․601 մարդ, իսկ մասնակցության ցուցանիշը կազմել է 84․15%։ Գրանցվել է 684․288 անվավեր քվե։ Այս ամենը նշանակում է, որ թեև երկրորդ փուլում արտերկրում քվեարկության մակարդակը որոշակի աճել է, Թուրքիայում այն մի փոքր նվազել է, ինչն էլ հանգեցրել է նրան, որ երկրորդ փուլն ընդհանուր մասնակցության ցուցանիշով զիջում է առաջին փուլին։ Աղյուսակ 18-ում պատկերված են երկրորդ փուլում Էրդողանի ու Քըլըչդարօղլուի ցուցանիշները, ինչպես նաև դրանց պարզ համեմատությունն առաջին փուլում նրանց արդյունքների հետ։
Աղյուսակ 18
|
Էրդողան |
Քըլըչդարօղլու |
Էրդողան |
Քըլըչդարօղլու |
|
1-ին փուլ |
2-րդ փուլ |
||
Թուրքիայում |
26.086.102 49․24% |
23.873.749 45.07% |
26.690.447 51.91% (աճ՝ 2․67%) |
24.727.975 48.09% (աճ՝ 3․02%) |
Արտերկրում ու մաքսակետերում |
1.047.747 57․47% |
721.429 39.57% |
1.144.142 59.57% (աճ՝ 2․1%) |
776.749 40.43% (աճ՝ 0․86%) |
Ընդհանուր |
27.133.849 49.52% |
24.595.178 44.88% |
27.834.589 52.18% (աճ՝ 2․66%) |
25.504.724 47.82% (աճ՝ 2․94%) |
Հիշեցնենք, որ 2023թ․ նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո հրապարակած մեր հոդվածում կանխատեսել էինք, որ «Էրդողանը երկրորդ փուլում կհավաքի քվեների առնվազն 51-52%-ը (ինչպես 2014թ. և 2018թ.), միգուցե՝ ավելի շատ» (2014թ․ նախագահական ընտրություններում նրա ցուցանիշը կազմել է 51․79%, իսկ 2018թ․՝ 52․59%) [38]։
Աղյուսակ 19-ում էլ արդեն պատկերված է 1-ին ու 2-րդ փուլերում Էրդողանի ու Քըլըչդարօղլուի արդյունքների համեմատությունը՝ ըստ տարածաշրջանների։
Տարածաշրջան |
Փուլ |
Էրդողան |
Քըլըչդարօղլու |
Տարբերություն (2-րդ փուլում) |
||
Միջերկրածովյան |
1 |
3.059.463 |
46.51% |
3.134.557 |
47.65% |
1.56% |
2 |
3.149.361
|
49.22% (աճ՝ 2․71%) |
3.249.039 |
50.78% (աճ՝ 3․13%) |
||
Էգեյան |
1 |
2.942.683 |
39.96% |
3.974.975 |
53.97% |
15.5% |
2 |
3.026.248 |
42.25% |
4.136.575 |
57.75% (աճ՝ 3․78%) |
||
Մարմարա |
1 |
8.208.338 |
47.58% |
8.075.242 |
46.81% |
0.82% |
2 |
8.323.647 |
49.59% (աճ՝ 2․01%) |
8.461.427 |
50.41% (աճ՝ 3․6%) |
||
Սևծովյան |
1 |
3.255.417 |
61.99% |
1.666.940 |
31.74% |
30.72% |
2 |
3.357.146 |
65.36% (աճ՝ 3․37%) |
1.779.629 |
34.64% (աճ՝ 2․9%) |
||
Ներքին Անատոլիա |
1 |
4.874.602 |
55.62% |
3.267.678 |
37.28% |
18.08% |
2 |
5.014.281 |
59.04% (աճ՝ 3․42%) |
3.478.160 |
40.96% (աճ՝ 3․68%) |
||
Արևելյան Անատոլիա |
1 |
1.580.980 |
50.44% |
1.425.804 |
45.49% |
8.18% |
2 |
1.620.987 |
54.09% (աճ՝ 3․65%) |
1.375.990 |
45.91% (աճ՝ 0․42%) |
||
Հարավ-արևելյան Անատոլիա |
1 |
2.164.614 |
46.78% |
2.328.309 |
50.32% |
1.08% |
2 |
2.198.850 |
49.46% (աճ՝ 2․68%) |
2.247.025 |
50.54% (աճ՝ 0․22%) |
Երկրորդ փուլում Էրդողանի քվեներն աճել են ավելի քան 700․000-ով, իսկ Քըլըչդարօղլուինը՝ ավելի քան 909․000-ով։ Էրդողանը հաղթել է 52, իսկ Քըլըչդարօղլուն՝ 29 նահանգում (առաջին փուլում՝ 51 և 30)։ Առաջին փուլի հետ համեմատ՝ Էրդողանը հաղթել է նաև Հաթայում, որը մեծապես տուժել է փետրվարի ավերիչ երկրաշարժերից։ Մայիսի 14-ին Քըլըչդարօղլուն Հաթայում հավաքել էր քվեների 48․08%-ը, իսկ Էրդողանը՝ 48․03%-ը, մինչդեռ մայիսի 28-ին Էրդողանն այնտեղ հավաքել է 50․14%, իսկ Քըլըչդարօղլուն՝ 49․86%։ Այսինքն, երկու դեպքում էլ պայքարը եղել է բավական թեժ, և թեկնածուներից յուրաքանչյուրն առավելության է հասել նվազագույն տարբերությամբ։
Քըլըչդարօղլուի վերոնշյալ սխալները զգալի կանխորոշեցին նրա պարտությունը, ինչը պայմանավորված է նաև Էրդողանի վարկանիշով, ձեռքբերումներով, տված խոստումներով, բազմաթիվ այլ գործոններով (օրինակ, գլխաշոր կրող կանայք մտահոգ էին, որ Քըլըչդարօղլուի իշխանության գալով՝ իրենք հայտնվելու են լուրջ ճնշումների ներքո): Քըլըչդարօղլուն ու նրա ՀԺԿ-ը հերթական անգամ Էրդողանին ու ԱԶԿ-ին զիջեցին նախագահական ու խորհրդարանական ընտրություններում (Քըլըչդարօղլուն ու Էրդողանը միմյանց դեմ ուղիղ մրցում էին առաջին անգամ)։ Քըլըչդարօղլուն այժմ պատգամավոր էլ չէ, ինչը նվազեցնում է նրա ազդեցությունը ՀԺԿ-ում և կարող է արագացնել նրա հրաժարականի հարցը․ ընտրություններից հետո Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ և շարունակելու է պայքարը [39]։ Քանի որ 2018թ․-ից սկսած նախագահական ու խորհրդարանական ընտրություններն անցկացվում են 5 տարին մեկ անգամ և նույն օրը, ուստի Քըլըչդարօղլուն հնարավորություն չուներ նախագահական ընտրությունները տանուլ տալու դեպքում գոնե պատգամավոր ընտրվել (2018թ․ ՀԺԿ-ից նախագահի թեկնածուն եղել է Մ․ Ինջեն)։ Էրդողանը նաև այդ նպատակով է տվյալ ուղղումը ներառել 2017թ․ ապրիլյան ՍԲՀ-ում։ Հավատացած ենք, որ Մ․ Աքշեները հենց դրա համար չհավակնեց դառնալ ընդդիմության միասնական թեկնածու և նաև ցանկանում էր, որ տվյալ դերում հայտնվի Ստամբուլի կամ Անկարայի ՀԺԿ-ական քաղաքապետը (որով տվյալ պաշտոնը կմնար թափուր և անմիջապես կլցվեր ԱԶԿ-ի կողմից)։
2023թ․ Քըլըչդարօղլուն (դեկտեմբերին կդառնա 75 տարեկան), ըստ էության, զգաց, որ իսկապես ունի Էրդողանին հաղթելու հնարավորություն և առաջադրվեց առաջին անգամ (2014թ․ նախագահական ընտրություններում նա այդ դերը «մեծահոգաբար» զիջել է ԻՀԿ նախկին գլխավոր քարտուղար Էքմելեդդին Իհսանօղլուին, իսկ 2018թ․՝ Մ․ Ինջեին)։ Եվ, թեև շատ փորձագետներ ընդդիմության համար առավել նպաստավոր էին համարում Ստամբուլի կամ Անկարայի քաղաքապետեր Էքրեմ Իմամօղլուի ու Մանսուր Յավաշի թեկնածության առաջադրումը, որոնց կառավարման ունակություններին հասարակությունը ծանոթ է, Քըլըչդարօղլուն թույլ չտվեց նրանց առաջադրումը՝ թերևս համարելով, որ նրանք (հատկապես գրեթե 53-ամյա Իմամօղլուն) ավելի երիտասարդ են և դեռ կհասցնեն առաջադրվել գալիք նախագահական ընտրություններում։
Իր հայտարարություններով ու գործողություններով Էրդողանը նույնպես ցույց էր տվել, որ իր համար ընդդիմությունից ամենացանկալին հենց Քըլըչդարօղլուի առաջադրումն է (ինչի համար էլ նա դատարանի օգնությամբ շարքից հանեց Իմամօղլուին)։ 2023թ․ մայիսի 29-ին իշխանամետ մամուլը գրեց, որ Քըլըչդարօղլուն հրաժարվում է հեռանալ՝ չնայած նրան, որ տանուլ է տալիս Էրդողանի/ԱԶԿ-ի դեմ արդեն 12-րդ ընտրությունները [40] (Քըլըչդարօղլուն ՀԺԿ-ը գլխավորում է 2010թ․ մայիսի 22-ից)։ Քըլըչդարօղլուն 2023թ․ ընտրություններից օրեր անց (նորընտիր պատգամավորների երդմնակալությամբ) կզրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից, կդառնա խոցելի քրեական գործերի համատեքստում և կարող է հայտնվել բանտում (թուրքական մամուլի պնդմամբ՝ Քըլըչդարօղլուի դեմ արդեն պատրաստված է 40 գործ [41])։ Դա բավական վատ վերջաբան կլինի ՀԺԿ-ի ղեկին Քըլըչդարօղլուի պաշտոնավարման ավարտի համար։
Դեռ նախընտրական շրջանում նրա կուսակիցները խիստ դժգոհ էին, որ Քըլըչդարօղլուն համաձայնել է ընդդիմադիր վեցնյակի մեջ մտնող կուսակցությունների ներկայացուցիչներին ՀԺԿ-ի ընտրացուցակներում ընդգրկելուն, ինչի պատճառով շատ ՀԺԿ-ականներ դուրս են մնացել անցողիկ շեմից։ Դժգոհություններն առնչվում են նաև Քըլըչդարօղլուի առաջադրմանը և դրանով Իմամօղլուի կամ Յավաշի թեկնածության առաջադրման խափանմանը։ Ընտրություններից հետո այս դժգոհությունը կարող է ավելի սրվել, եթե ընդդիմադիր դաշինքի տվյալ կուսակցությունները խորհրդարանում ձևավորեն իրենց առանձին խմբակցությունը։ Դրանով ավելի կընդգծվի նոր գումարման խորհրդարանում ՀԺԿ-ի մանդատների կորուստը և կաճի Քըլըչդարօղլուից դժգոհությունը (ընտրություններից հետո ՀԺԿ կենտրոնական գործադիր խորհրդի (MYK) բոլոր 17 անդամները, բացի Քըլըչդարօղլուից, հրաժարական են տվել) [42]։
Ի դեպ, հունիսի 1-ին ԼԿ գլխավոր քարտուղար Ուղուր Փոյրազը հայտարարեց մայիսի 28-ից ընդդիմադիր դաշինքի փլուզման մասին՝ հիշեցնելով, որ ընդդիմադիր վեցնյակը ձևավորվել էր 2023թ․ ընտրությունների համար, իսկ ընտրություններն ավարտվել են [43] (ՀԺԿ-ի հետ համագործակցության հարցը քննարկվելու է հունիսի 25-ին կայանալիք ԼԿ համագումարում)։ Հիշեցնենք, որ մայիսի 28-ի ուշ երեկոյան Աքշեներն ընդդիմությունից առաջինն է շնորհավորել Էրդողանին [44]։ Սա վերահաստատում է մեր տեսակետը, որ Աքշեները, գտնվելով ընդդիմադիր դաշինքում, շատ ավելի մեծ օգուտ է տվել Էրդողանին/ԱԶԿ-ին (2018թ․ նման Աքշեներն այս անգամ էլ խափանեց Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից ընդդիմության միասնական թեկնածու դառնալը, ինչպես նաև ընդդիմադիր դաշինքից որոշակի վանեց քուրդ (ԺԴԿ) ընտրազանգվածին՝ նաև դեմ արտահայտվելով ԺԴԿ-ին նախարարական պորտֆելներ տալու առաջարկին)։
ԱԶԿ-ն այդպիսով շարունակեց իր հաղթարշավը, այն վերջին 20 տարում հաղթել է անխտիր բոլոր ընտրություններում։ Ակնկալում ենք, որ ԱԶԿ-ի հաղթարշավը կշարունակվի, որ նա անպայմանորեն կհաղթի նաև 2024թ․ ՏԻՄ ընտրություններում։
Ներկայացնենք վերջին 20 տարում ԱԶԿ-ի շահած ընտրությունները՝ ներառյալ ՍԲՀ-երը։
Աղյուսակ 20
|
ՏԻՄ |
Խորհրդարանական |
Նախագահական |
ՍԲՀ |
1 |
28.03.2004 |
03.11.2002 |
28.08.2007 |
21.10.2007 |
2 |
29.03.2009 |
22.07.2007 |
10.08.2014 |
12.09.2010 |
3 |
30.03.2014 |
12.06.2011 |
24.06.2018 |
16.04.2017 |
4 |
31.03.2019 |
07.06.2015 |
28.05.2023 |
|
5 |
|
01.11.2015 |
|
|
6 |
|
24.06.2018 |
|
|
7 |
|
14.05.2023 |
|
|
ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Այդպիսով, չնայած զգալի դժվարություններին ու հնչած թերահավատություններին՝ Էրդողանը վերընտրվեց և կշարունակի Թուրքիայի ղեկին գտնվելու 20-ամյա պրակտիկան (2003թ․ Էրդողանը դարձել է Թուրքիայի վարչապետ, իսկ 2014թ․՝ ժողովրդի կողմից ուղիղ ընտրված առաջին նախագահ)։ Էրդողանը Թուրքիայի նախագահի պաշտոնում կմնա մինչև 2028թ․ (եթե ների առողջական դրությունը), որով նրա նախագահական ընդհանուր (անընդմեջ) ժամկետը կկազմի 14 տարի։ Դրանով նա կգերազանցի Թուրքիայի նախկին նախագահներ Իսմեթ Ինենյուի (11.11.1938-22.05.1950 - 11 տարի ու 192 օր) և Ջելալ Բայարի (22․05․1950-27․05․1950 - 10 տարի ու 5 օր) ցուցանիշները, սակայն կշարունակի զիջել Մ․ Ք․ Աթաթուրքին, որի ցուցանիշը կազմում է 15 տարի և 12 օր (29.10.1923-10.11.1938)։ Այն գերազանցելու համար Էրդողանից պահանջվում է առաջադրվել նաև 2028թ․։ Առաջիկայում Էրդողանը մեծ անելիքներ ունի թե՛ ներքին, թե՛ արտաքին ճակատներում։
«Ներքին ճակատ»
Մեր կարծիքով՝ առաջիկա ամիսներին Էրդողանը երկրի ներսում ավելի շատ կենտրոնանալու է փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերի հետևանքները հաղթահարելու, բարեփոխումների միջոցով Թուրքիայի ֆինանսա-տնտեսական դրությունը կայունացնելու, ԹՀ-ի («Հին Թուրքիայի») 100-ամյակն իր «Նոր Թուրքիայի» ծննդով փոխարինելու (քեմալականների տոնը իսլամականների տոնի վերածելու), շարիաթական երանգներով նոր Սահմանադրություն հաստատելու (Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում իսլամի դերն ավելի մեծացնելու) և 2024թ․ մարտի ՏԻՄ ընտրություններում ԱԶԿ-ի հաղթանակը նախապատրաստելու ուղղությամբ։ Այդ համատեքստում Էրդողանի գերխնդիրն է վերադարձնել առնվազն Ստամբուլի ու Անկարայի քաղաքապետերի պաշտոնները։ Դեռևս 2022թ․ դեկտեմբերի 14-ին Է․ Իմամօղլուն ՔՕ 53-րդ հոդվածով դատապարտվեց 2 տարի 7 ամիս 15 օր ժամկետով ազատազրկման և նույնքան ժամանակով «քաղաքականությամբ զբաղվելու արգելքի»՝ ԲԸԽ անդամներին վիրավորելու համար։ Դրանով Էրդողանը ձգտում էր կանխարգելել ընդդիմության կողմից Իմամօղլուին ոչ միայն 2023թ․ նախագահական ընտրություններում միասնական թեկնածու, այլև 2024թ․ Ստամբուլի քաղաքապետ առաջադրելը (2 տարի 7 ամիս 15-օրյա ժամկետը լրանում է 2025թ․)։
ՏԻՄ ընտրություններում Էրդողանի թիրախում լինելու է նաև «Դիարբեքիր-Մարդին-Վան» եռանկյանը տիրելը և նա այդ նպատակով կարող է մինչև ընտրություններ դատական ճանապարհով փակել քրդամետ ԺԴԿ-ը։ «Դիարբեքիր-Մարդին-Վան» եռանկյունում ԱԶԿ-ի հաղթանակին կարող է նպաստել 2023թ․ ընտրություններից հետո ակտիվ քաղաքականությունից ժամանակավոր հեռանալու մասին ԺԴԿ նախկին համանախագահ Ս․ Դեմիրթաշի հայտարարությունը։ 2016թ․ աշնանից բանտում գտնվող Դեմիրթաշն ակնարկում էր, որ վերջին տարիներին չի կարողացել իր դիրքորոշումները հասցնել ԺԴԿ-ին [45]։ Դեմիրթաշի հեռանալը զգայուն հարված կլինի ԺԴԿ-ի համար։
Առողջական վիճակից կախված՝ Էրդողանն անկասկած կցանկանար առաջադրվել նաև 2028թ․ նախագահական ընտրություններում (որպես սուլթան նա պետք է ԹՀ-ի ղեկին մնա ցմահ, կամ էլ այնքան, որքան կցանկանա)։ Ներկա պայմաններում անհրաժեշտ է, որ խորհրդարանն Էրդողանի նախագահական պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտից առաջ (ասենք, 2027թ․) նշանակի արտահերթ ընտրություններ։ Դրա կարիքը կարող է չզգացվել, եթե մինչ այդ Թուրքիայում ընդունվի նոր Սահմանադրություն, որը կզրոյացնի/կչեզոքացնի Էրդողանի նախկին նախագահությունները։ Այդ ընթացքում Էրդողանը կարող է հետնորդ պատրաստել, որի դերում շոշափվում են Baykar ընկերության տեխնիկական տնօրեն, իր փեսա Սելչուք Բայրաքթարի և թուրքական հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանի անունները (թեև Էրդողանը մշտապես աչքի է ընկել իր հետ երկար ճանապարհ անցած թիմակիցներից ձերբազատվելով)։
2028թ․ ընդառաջ ակնկալում ենք Էրդողանի կողմից ՀԺԿ-ի դիրքերի շեշտակի թուլացում, նրա վերնախավի «գլխատում»՝ ընդհուպ մինչև դատական ճանապարհով կուսակցության փակում՝ որպես «ահաբեկչությանը սատարող» ուժ։ Վերջին շրջանում Էրդողանն ու նրա թիմը շարունակ հող են նախապատրաստում դրա համար՝ կանոնավորապես ընդգծելով, որ ՀԺԿ-ը սերտ կապերի մեջ է «ահաբեկչական ԺԴԿ-ի» հետ, վայելում է նրա աջակցությունը։ Այս համատեքստում որպես ցուցիչ կարող է ծառայել վերջին տարիներին Թուրքիայի բանտերի էական ընդլայնումը, որոնք պատրաստ են ընդունել տասնյակ հազարավոր մարդկանց (ՀԺԿ-ականների)։
2021թ․ օգոստոսին ամերիկյան Foreign Policy պարբերականը հայտնեց, որ Էրդողանի կառավարությունը վերջին 5 տարում մոտ 13 միլիարդ լիրա (մոտ 1․5 միլիարդ դոլար) է հատկացրել 131 բանտի կառուցման համար, և որ ներկայումս կառուցման փուլում է գտնվում 64 բանտ։ Հոդվածում ընդգծվում էր, որ բանտերի կառուցման այսպիսի արագությունը կրկնակի գերազանցում է 2016թ․ ռազմական հեղաշրջման փորձից (ՌՀՓ) առաջվա ցուցանիշը։ Թուրքիայում ոչ միայն աճում է բանտերի քանակը, այլև դրանց տարողությունը։ Եթե 2016թ․ (ՌՀՓ-ի տարում) բանտարկյալների թիվը հասնում էր 180․000-ի, ապա 2019թ․՝ 300․000-ի։ 2020թ․ Թուրքիան բանտերի տարողությամբ ԵԽ անդամ 47 երկրների թվում առաջին անգամ զբաղեցրել է առաջին տեղը։ Բուրսայում այժմ կառուցվում է աշխարհի 2-րդ խոշոր բանտը՝ նախատեսված 15․000 բանտարկյալի համար։ Այն զիջում է միայն ույղուրների համար Սինձյան նահանգում Չինաստանի կառուցած բանտին և գերազանցում է Ռիկերս կղզում կառուցված ԱՄՆ-ի խոշորագույն բանտը։ Անկարայից ոչ հեռու ընկած Սինջանի բանտի տարողությունն ավելացվել է 60%-ով՝ 6500-ի փոխարեն 10․900 բանտարկյալ։ Նրա տարածքն այժմ համարժեք է Նյու Յորքի կենտրոնական պարկի տարածքին։ «Ներքին Անատոլիայում» ընկած Աքսարայում կառուցվում է 6000 բանտարկյալի համար նախատեսված նոր բանտ [46]։
Եթե Էրդողանը մոտ ապագայում ջախջախիչ հարված հասցնի աշխարհիկ ՀԺԿ-ին, ապա դա կնպաստի իր «Նոր Թուրքիայի» դարաշրջանի տևական անխափան ընթացքին, նրա «100-ամյակի» հաստատմանը (2023թ․ մայիսի 28-ը կարելի է համարել Էրդողանի «Նոր Թուրքիայի» ծննդյան օր)։ Ներկա պայմաններում Էրդողանը գիտակցում է, որ եթե մոտ ապագայում չառաջադրվի/չկարողանա առաջադրվել, ապա այդ դեպքում ԱԶԿ-ից (իշխող դաշինքից) նախագահի նոր թեկնածուն, ինչպես նաև ԱԶԿ-ը կարող են պարտություններ կրել 2028թ․ նախագահական ու խորհրդարանական ընտրություններում։ Եվ քանի որ ներկայումս հիմնական ընդդիմադիր ուժը ՀԺԿ-ն է, ապա տրամաբանության համաձայն՝ հենց նա է ԱԶԿ-ից (Էրդողանից) հետո Թուրքիայում իշխանության գալու թիվ մեկ հավակնորդը, և հենց նա պետք է լինի Էրդողանի թիվ մեկ թիրախում։
Եթե ՀԺԿ-ը գա իշխանության, ապա սկսելու է «Էրդողանի գործիքներով» արագորեն ապամոնտաժել նրա թողած ժառանգությունը՝ կառավարման նախագահական համակարգը, կրոնա-կրթական համակարգը (Էրդողանի կառուցած մզկիթները կմնան), կփոխի նախարարություններին ու գործակալություններին հատկացվող ֆինանսավորումը, (ինչը զգալի կթուլացնի Թուրքիայի Կրոնական գործերի տնօրինությանը՝ Diyanet), միգուցե կարգելի հիջաբի մուտքը խորհրդարանում, ուժային կառույցներում, նաև համալսարաններում և այլն։ Այլ կերպ ասած՝ իշխանության գալու դեպքում ՀԺԿ-ը կանի տրամագծորեն հակառակը, ինչ Էրդողանը (ԱԶԿ-ը) 21-րդ դարում արել է Թուրքիայում․ Էրդողանն «Աթաթուրքի գործիքներով» ապամոնտաժել է նրա թողած ժառանգությունը։ Եվ, եթե Աթաթուրքի թողած ժառանգությունը նրա մահվանից (1938թ․) հետո պահպանվել է մի քանի տասնամյակ, ապա Էրդողանի ժառանգությունը նրա մահվանից հետո կարող է չպահպանվել անգամ մի քանի տարի։ Այս համատեքստում ՀԺԿ-ը (գյուլենականների հետ մեկտեղ) Էրդողանի համար թիվ մեկ ներքին սպառնալիքն է, և եթե Էրդողանը ցանկանում է «որոշակի հարատևություն» հաղորդել իր ժառանգությանը, իր «Նոր Թուրքիային», ապա պետք է փորձեր ձեռնարկի ՀԺԿ-ից ձերբազատվելու ուղղությամբ։
Դա ավելի կխորացնի Էրդողանի պատմական հետքը ԹՀ պատմության մեջ, ինչին նա մեծ ուշադրություն է հատկացնում։ Մայիսի 28-ին երկրորդ փուլում հաղթելուց անմիջապես անց Ստամբուլում ստեղծվեց Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնադրամ՝ 120․000 լիրա կապիտալով։ Նոր հիմնադրամի նպատակն Էրդողանի թանգարանի ստեղծումն է, որտեղ կցուցադրվեն քաղաքական գործչին պատկանող կամ պաշտոնավարման ընթացքում նրան փոխանցված իրերը։ Բացի այդ հիմնադրամը նախատեսում է ստեղծել Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան գրադարան, ինչպես նաև կազմակերպել ցուցահանդեսներ, գիտական, մշակութային և արվեստի ծրագրեր [47]։
Այս որոշումը վկայում է, որ Էրդողանը չի ցանկանում սեփական թանգարանի ստեղծման գործը թողնել իր ժառանգներին, փոխարենը ցանկանում է տվյալ հարցին լուծում տալ իր կենդանության օրոք։ Հիշեցնենք, որ 2016թ. դեկտեմբերի 4-ին Էրդողանը Քայսերի քաղաքում մասնակցել էր Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի անվան թանգարանի և գրադարանի բացման արարողությունը՝ ընդգծելով Գյուլի կարևոր արժանիքներն ԱԶԿ ստեղծման ու իշխանության գալու մեջ․ «Մեր երկրում քաղաքական պատմությունների թանգարանների ստեղծումը դարձել է լավ ավանդույթ։ Դրա հերթական օրինակը դարձավ Ա. Գյուլի անվան թանգարանի և գրադարանի ստեղծումը։ Հետագա սերունդներին այսպիսի տեղեկություններ հաղորդելը շատ կարևոր է և մեծ ներդրում է մեր պատմության ու մշակույթի մեջ» [48]։
Ընդ որում, Ա. Գյուլի անվան թանգարանի կառուցման աշխատանքները սկսվել են 2013թ., երբ նա դեռ Թուրքիայի նախագահն էր, իսկ Էրդողանը պատրաստվում էր 2014թ․ դառնալ Թուրքիայի 12-րդ նախագահ։ Դա կարող է տարօրինակ թվալ, քանի որ անցյալում նախկին նախագահների թանգարանները բացվել են կա՛մ այն ժամանակ, երբ նրանք վաղուց մահացած են եղել, կա՛մ էլ նրանց նախագահության ժամկետը վաղուց է լրացել (ավելի վաղ Թուրքիայում բացվել են երկրի առաջին երեք նախագահների՝ Մ․ Ք․ Աթաթուրքի, Ի․ Ինենյուի, Ջ․ Բայարի և 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելի թանգարանները)։ Էրդողանի մտահղացմամբ՝ Գյուլի թանգարանի ստեղծումը պետք է խաչ քաշեր նրա քաղաքական կարիերայի վրա։ 11-րդ նախագահի թանգարանի ստեղծումը նշանակում է, որ Էրդողանի համար Գյուլն արդեն «անցյալ» է․ Էրդողանն այդպիսով «հուղարկավորեց» հետագայում նախագահական պաշտոնում մնալու/վերադարձ կատարելու Գյուլի բոլոր հույսերն ու փորձերը։
Ելնելով այս ամենից՝ չենք բացառում, որ Էրդողանի անվան թանգարանի ստեղծումը կարող է նշանակել, որ Էրդողանը վերապրում է նախագահական վերջին ժամկետը։ Սա մենք միայն պայմանավորում ենք նրա առողջական վիճակով․ Էրդողանը ենթադրաբար բժիշկներից իրազեկվել է, թե քանի տարվա կյանք է մնացել իրեն։ Անկասկած ենք համարում, որ առողջական/մտավոր վիճակի նորմալ կենսագործունեության պայմաններում Էրդողանը կառաջադրվի նաև 2028թ․, սակայն 2023թ․ սեփական թանգարանի ստեղծում նախաձեռնելը կարծես թե հուշում է, որ նա չի ապրելու մինչև 2028թ․, այլապես թանգարանի ստեղծման հարցը կթողներ 2028թ․ վերընտրումից հետո (չենք բացառում նաև, որ ներկայումս նա պարզապես կանխավ ապահովագրում է իրեն)։
«Արտաքին ճակատ»
Արտաքին քաղաքական համատեքստում Էրդողանը սկզբնական շրջանում (1-1․5 տարի) կորդեգրի սպասողական վիճակ՝ 3 հիմնական պատճառով․
ա) ներքաղաքական վերոնշյալ հարցերի վրա կենտրոնանալ կարողանալու համար,
բ) հետևելու համար Ուկրաինական պատերազմի զարգացումներին՝ Պուտինի պաշտոնավարման շարունակման/չշարունակմանը։ Հայտնի է, որ Պուտինի հետ սերտ հարաբերությունների շնորհիվ Էրդողանը կարողանում է զգալիորեն մանևրել Արևմուտքի հետ հարաբերություններում, մեծացնել սեփական վարկանիշն ու պահանջարկը, հանդես գալ ավելի կոշտ դիրքերից։
գ) սպասելու համար 2024թ․ նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին՝ Դոնալդ Թրամփի հնարավոր վերադարձին (և/կամ Թրամփի գործով դատավարության ընթացքին)։ Նշենք, որ Էրդողանը Սիրիայի քրդերի դեմ երկու ռազմական գործողություն («Ձիթենու ճյուղ»՝ Եփրատից արևմուտք ընկած գոտում և «Խաղաղության ակունք»՝ Եփրատից արևելք ընկած գոտում) կարողացել է իրականացնել հենց Թրամփի պաշտոնավարման ժամանակ (Բարաք Օբամայի նախագահության ժամանակ նա իրականացրել է միայն «Եփրատի վահանը»՝ պաշտոնապես ընդդեմ ԻՊ-ի), որ Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի կողմից Աստանայի ձևաչափը ստեղծվել է Թրամփի պաշտոնավարման մեկնարկից անմիջապես հետո, որ 44-օրյա պատերազմը գրանցվել է Թրամփի պաշտոնավարման վերջնամասում, որ Թրամփը սերտ կապերի մեջ է Պուտինի հետ (2016թ․ նա ընտրվել էր նաև ընտրություններին Պուտինի միջամտությունների շնորհիվ և պարտական էր մնացել նրան)։ Փորձագետները համարում են, որ Թրամփի իշխանության գալով Պուտինի համար երաշխավորված կարելի է համարել Ուկրաինական պատերազմում հաղթանակը, քանի որ Թրամփը (ընթացիկ ծավալով) չի աջակցի Ուկրաինային։
2023թ․ Էրդողանի վերընտրվելուց հետո Հայաստանի համար ամենածանր դիպաշարը սպասվում է հենց այս դեպքում՝ եթե Պուտինը շարունակի պաշտոնավարել, իսկ ԱՄՆ-ում նախագահ ընտրվի Թրամփը։ Էրդողանը շարունակելու է աջակցել Ադրբեջանին և ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը շաղկապել Ադրբեջանին առնչվող խնդիրներով (մեծապես նրա համար, որ կարողանա օգտվել Հայաստանի տարանցիկ հնարավորություններից)։ Սա ավելի կբարդացնի ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը՝ հաշվի առնելով նաև այն, որ Էրդողանի ձեռքերը 5 տարով ազատվում են։ Եթե մայիսի 14-ի ընտրություններից առաջ նա կարող էր գնալ ՀՀ-ի հետ սահմանի բացմանը՝ հուսալով այդ կերպ իր կողմը գրավել ՀՀ-ին սահմանակից ու հարակից քրդաբնակ նահանգներում ընտրազանգվածի մի մասին (երկու փուլում էլ Էրդողանը պարտվել է տվյալ նահանգներում, ԱԶԿ-ը նույնպես պարտվել է դրանցում՝ բացառությամբ Բիթլիսի), ապա մոտ ժամանակներս նա մեծ հաշվով չունի դրա կարիքը (ամեն դեպքում ՀՀ-ի հետ սահմանի բացումն ԱԶԿ-ի համար դրական արդյունք կունենա 2024թ․ ՏԻՄ ընտրությունների համատեքստում)։
Մյուս կողմից էլ Թուրքիայի տեսանկյունից այլևս որևէ լուրջ խնդիր չկա, ինչն այդ երկրին հետ կպահի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուց․ Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախյան հիմնախնդիրը «լուծված» է, իսկ Հայոց ցեղասպանության ու Կարսի պայմանագրի թեմաները (մեր կարծիքով) Թուրքիայի համար զգալիորեն կորցրել են իրենց արդիականությունը (Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչել են աշխարհի գերտերությունների մեծ մասը, ներկայիս Թուրքիային կարող է ընդհանրապես չհետաքրքրել Կարսի պայմանագրի հարցում Հայաստանի դիրքորոշումը)։ Թուրքիան Միջին տրանսպորտային (նաև էներգետիկ) միջանցքի հարցում ունի Հայաստանի (տարանցիկ) կարիքը, և Էրդողանը կարող է փորձել միջնորդություն իրականացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինչի մասին նշել ենք մեր նախկին հոդվածներից մեկում [49]։
Էրդողանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները կարող են լինել.
1) Թուրքիան միջուկային զենքով երկիր դարձնելը․ Թուրքիան արդեն երկու անգամ (18.10.2022 և 23․05․2023թթ.) փորձարկել է 561 կմ հեռահարությամբ Tayfun կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ (short-range ballistic missile - SRBM) [50] և ծրագրում է մոտ ժամանակներս փորձարկել ավելի քան 1000 կմ հեռահարության Cenk բալիստիկ հրթիռ, որը դասվում է միջին հեռահարության բալիստիկ հրթիռների թվին (medium-range ballistic missile – MRBM)։ Այն առաջին անգամ ցուցադրվել է 2023թ․ ընտրություններից երկու օր առաջ [51]։ Սրանք կարևոր են նաև տիեզերական ոլորտում իր առաջին քայլերը ձեռնարկող Թուրքիայի համար, որն ունի բավական հավակնոտ տիեզերական ռազմավարություն՝ նախատեսված մինչև 2030թ․։ Մեր նախկին հոդվածներում մանրամասն վերլուծել ենք, թե «Էրդողանական Թուրքիան» ինչ քայլեր է ձեռնարկում միջուկային զենքով երկրի [52], ինչպես նաև տիեզերական երկրի վերածվելու ուղղությամբ [53]։ Թուրքիան միջուկային զենքով երկիր դարձնելու Էրդողանի ջանքերը լուրջ հակազդեցության կարժանանան ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից (վերջին տարիներին Թուրքիայում սկսել են հանկարծամահ լինել ատոմային և այլ ոլորտների երիտասարդ գիտնականներ, պայթյուններ են գրանցվել Աքքույուի ԱԷԿ-ի շինհրապարակում)։
2) Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս բերելը, եթե Ռուսաստանը նպաստի Թուրքիան միջուկային զենքով երկրի վերածելուն (միջուկային զենք՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու դիմաց)։ Ի պատասխան ԽՍՀՄ-ի փլուզման՝ Պուտինը, ըստ ամենայնի, տենչում է հասնել ՆԱՏՕ-ի եթե ոչ փլուզմանը, ապա գոնե այդ գործընթացին սկիզբ դնելուն։ Այդ համատեքստում նա ընտրել է ճիշտ թիրախ՝ վերջին տարիներին ՆԱՏՕ-ի ամենախնդրահարույց անդամ դարձած Թուրքիան, որը նաև առանցքային երկիր է դաշինքում (չես համեմատի Ալբանիայի հետ)։ Ստացվում է, որ մեր մոլորակում կա միայն մեկ մարդ՝ Էրդողանը, ով կարող է կատարել Պուտինի ենթադրյալ այդ երազանքը։
Միջուկային զենք ունենալու դեպքում Էրդողանի «Նոր Թուրքիան» չի ունենա ո՛չ ՆԱՏՕ-ի (ԱՄՆ) միջուկային հովանոցի, ո՛չ հավաքական պաշտպանության մասին ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի կարիքը։ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը որոշակի զսպաշապիկ է Էրդողանի համար՝ առավել ինքնուրույն գործելու նպատակով, և նա կձգտի ձերբազատվել դրանից (ամեն դեպքում ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունն անձամբ Էրդողանին հնարավորություն է տալիս մասնակցել կառույցի գագաթնաժողովներին, դրանց շրջանակներում երկկողմ հանդիպումներ ունենալ գերտերությունների լիդերների հետ, հայտնվել ՆԱՏՕ-ի լիդերների ընտանեկան լուսանկարներում և այլն)։ Միջուկային զենքը կարևոր է նաև իսլամական աշխարհի առաջնորդի դերին «Նոր Թուրքիայի» հավակնելու (Պակիստանն ունի միջուկային զենք) և Աթաթուրքի «Հին Թուրքիայից» տարբերվելու համար։
3) Ստամբուլի ջրանցքը կառուցելը և դրանով Մոնտրեի կոնվենցիայի դրույթները վերանայելու հարցը բարձրացնելը։ Խոսքը միայն այն դրույթների մասին է, որոնք առնչվում են նեղուցներով առևտրանավերի անցմանը։ Էրդողանը ձգտելու է անել ամեն հնարավոր բան՝ առևտրանավերը միջազգային կարգավիճակ ունեցող Սևծովյան նեղուցներով անվճար անցնելուց շեղելու համար դեպի Թուրքիայի ինքնիշխանության տակ գտնվելիք Ստամբուլի վճարովի ջրանցք։ Կոնվենցիայի ռազմական դրույթները գոհացնում են Էրդողանին, ով շահագրգռված է Սև ծովը «ռուս-թուրքական լճի» վերածելում և ամենևին շահագրգռված չէ Սև ծովում ափ չունեցող, ՆԱՏՕ-ի անդամ երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա) ռազմանավերը Սև ծովում շատացնելում․ դա գլխացավանք է Սևծովյան նեղուցների պահապան Թուրքիայի համար (Էրդողանի կարծիքով՝ Մոնտրեի կոնվենցիան խախտում է Թուրքիայի ինքնիշխանությունը՝ չնայած նրան, որ մյուս երկրները չունեն նման իրավունքներ՝ իրենց տարածքներում գտնվող միջազգային այլ նեղուցների նկատմամբ)։ Ստամբուլի ջրանցքի կառուցման մանրամասները, դրա հետևանքները վերլուծել ենք մեր նախորդ հոդվածներից մեկում [54]։
4) Զարգացնել կապերը Թյուրքական աշխարհի հետ՝ առաջնորդվելով առաջին հերթին Թուրքիան էներգետիկ (գազային) ու լոգիստիկ (երկաթուղային) միջանցքի վերածելու մղումներով (դա ոչ միայն տնտեսական/տարանցիկ հսկայական օգուտներ կբերի Թուրքիային, այլև շեշտակի կմեծացնի նրա աշխարհաքաղաքական կշիռն ու պահանջարկը)։ Բահչելիի գործոնը նույնպես Էրդողանին կմղի դեպի Թյուրքական աշխարհ։ Եթե չլիներ Պուտինի բարեհաճ դիրքորոշումը, Էրդողանը վերջին տարիներին ոչ մի կերպ չէր համարձակվի Ադրբեջանի հետ զարգացնել «մեկ ազգ, երկու պետություն» թեզը, ինչպես նաև խորացնել կապերը Միջին Ասիայի թյուրքական երկրների հետ (ստեղծել ԹՊԿ․ Թուրքիայում անգամ չեն բացառում, որ մոտ ապագայում Ռուսաստանը կարող է միանալ ԹՊԿ-ին, կարևորվում է նաև ԵԱՏՄ-ԹՊԿ սերտ կապերի զարգացումը)։ Ռուսաստանն ու Թուրքիան այդպիսով փորձում են համատեղ ուժերով նվազեցնել Միջին Ասիայում Արևմուտքի ազդեցությունը, տարածաշրջանը «կիսել միմյանց մեջ» (Հարավային Կովկասի նման)։ Դրան զուգահեռ Թուրքիան լայն ջանքեր է գործադրելու Սև ու Միջերկրական ծովում նավթագազային նոր պաշարներ հայտնաբերելու ուղղությամբ, որը համարվում է նրա գլխավոր խոցելի տեղը (Թուրքիայում կարծում են, որ եթե հաջողվի լուծել էներգակիրների խնդիրը, ապա «իրենց դեմն առնել չի լինի»)։ Այս հարցում մեծ դեր է վերապահվում «Կապույտ հայրենիք» (Mavi Vatan) դոկտրինի իրագործմանը [55]։
5) Իրագործել Ասրիկա նախագիծը, որն առաջացել է Ասիա ու Աֆրիկա բառերի միասնությունից և առնչվում է իսլամական աշխարհի 61 երկրի (Ասիա, Աֆրիկա, Բալկաններ, Հարավային Ամերիկա)։ Էրդողանը ցանկանում է ձևավորել հետմոդեռնիստական խալիֆայություն՝ Ստամբուլ կենտրոնով, և սուլթանից բացի դառնալ նաև խալիֆ։ Վերջին տարիներին Էրդողանի թիմը նախապատրաստական լայն աշխատանքներ է իրականացրել այս ուղղությամբ՝ ներառյալ Ասրիկայի համար Սահմանադրություն մշակելը [56]։ Ակնկալում ենք, որ Էրդողանն Ասրիկայի (հետմոդեռնիստական խալիֆաթի) ստեղծման մասին կհայտարարի 2024թ․ մարտի 3-ին (1924թ․ այդ օրն Աթաթուրքի հրահանգով թուրքական խորհրդարանը որոշում է կայացրել խալիֆայության վերացման օգտին)։ Եթե անգամ Էրդողանին հաջողվի հավաքել իսլամական աշխարհի ոչ բոլոր 61 անդամներին, այլ միայն նրանց մեծ մասին (ասենք, Արաբական աշխարհի կարկառուն ներկայացուցիչները չցանկանան միանալ դրան), ապա միևնույն է դա կլինի Էրդողանի մեծ հաջողությունը, ով այդպիսով կկարողանա գերազանցել իր քաղաքական դաստիարակ, Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանին, ում 1990-ականներին հաջողվել էր ձևավորել միայն «Իսլամական ութնյակ» (D-8)։
6) Փորձել ընդլայնել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը (սա առաջին հերթին կախված է Ուկրաինական պատերազմի արդյունքներից և Թրամփի հնարավոր վերադարձից)։ Էրդողանը կարող է հանրաքվե կազմակերպել Սիրիայի հյուսիս-արևմուտքում (Աֆրինում), որը լեցուն է նրա հանդեպ լոյալ տրամադրված փախստականներով, թուրքմեններով և այդպիսով բռնակցել այն։ Հանրաքվեի մասնակիցները նախ կարող են քվեարկել Սիրիայից անջատվելու, ապա Թուրքիայի կազմ մտնելու օգտին, ինչպես որ 1930-ականների վերջերին եղավ Ալեքսանդրետի սանջակում (վերածվեց Հաթայ նահանգի)։ Էրդողանը կարող է հանրաքվե կազմակերպել նաև Հյուսիսային Կիպրոսում (միգուցե նաև Նախիջևանում) և անգամ փորձել ռազմական ճանապարհով Էգեյան ծովում զավթել 1-2 հունական կղզի։ Եթե Էրդողանը հաջողի այս հարցում, ապա նա Մ․ Ք․ Աթաթուրքին կհավասարվի նաև Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ընդլայնելու առումով («Թուրքիան օկուպացումից փրկելուց» և «նոր պետություն» ստեղծելուց/հռչակելուց զատ)։
Այդպիսով, 2023թ․ վերընտրվելուց հետո Էրդողանն աստիճանաբար շեշտակի կկոշտացնի Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, ինչի համար հիմք կարող է ծառայել նաև վերջին 2-3 տարում Էրդողանի վարած արտաքին քաղաքականությունը, որը մենք անվանում ենք «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության 3-րդ փուլ (առաջին փուլը 2000-ականներին էր, իսկ երկրորդ փուլը՝ 2016թ․, երբ Թուրքիան կարգավորեց հարաբերությունները Ռուսաստանի ու Իսրայելի հետ)։ 2023թ․ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Էրդողանը սկսեց քայլեր ձեռնարկել տարածաշրջանային մի շարք երկրների (Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Եգիպտոս, Իսրայել, Սիրիա, նաև Հայաստան) հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որոնք բոլորն էլ առաջին հերթին միտված էին նրա վերընտրմանը նպաստելուն։ Էրդողանը վերստին (ժամանակավոր) որդեգրել էր «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը, որպեսզի ․․․
1) կարողանա այդ երկրներից
√ ներգրավել տնտեսական խոշոր ներդրումներ (2022թ․ դեկտեմբերի սկզբներին հայտնի դարձավ, որ Սաուդյան Արաբիան շուտով 5 միլիարդ դոլար է ներդնելու Թուրքիայի ԿԲ-ում, ինչն էլ տեղի ունեցավ 2023թ․ մարտին),
√ մեծացնել երկկողմ առևտուրը (2022թ․ ապրիլին Սաուդյան Արաբիան վերացրեց թուրքական ապրանքների հանդեպ գործող դե ֆակտո բեռնարգելքը, ինչի հետևանքով Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանումը նվազել էր ավելի քան 90%-ով),
√ կնքել առևտրային նոր համաձայնագրեր (2023թ․ ԱՄԷ-ի հետ կնքված Համապարփակ տնտեսական համագործակցության (CEPA) համաձայնագիրը կոչված է առաջիկա 5 տարում երկկողմ ոչ նավթային առևտրի ծավալը հասցնել ավելի քան 40 միլիարդ դոլարի),
√ ներգրավել զբոսաշրջային մեծ հոսքեր (2022թ․ հունիսին Սաուդյան Արաբիան վերացրեց դեպի Թուրքիա ճամփորդական արգելքը, ինչի արդյունքում 2022թ․ այդ երկրից Թուրքիա այցելեց 497․914 զբոսաշրջիկ․ 2021թ․ Սաուդյան Արաբիայից Թուրքիա այցելել էր միայն 10․083 մարդ),
√ իրականացնել տնտեսական/էներգետիկ համատեղ նախագծեր (թուրքական կողմը շարունակում է ջանքեր գործադրել «Իսրայել-Թուրքիա» ստորջրյա գազատարի կառուցման ուղղությամբ), այդ թվում նաև շինարարական ոլորտում (2023թ․ մայիսի վերջին Saudi Aramco-ն թուրքական 80 շինարարական ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է մինչև 2025թ․ 50 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ նախագծերի իրագործումը)։
Բնականաբար այս ամենը միտված էր առաջին հերթին շտկելու Թուրքիայում սոցիալ-տնտեսական բարդ դրությունը և մեծացնելու Էրդողանի վարկանիշը երկրի ներսում։
2) կարողանա գտնել թուրքական զենքի նոր (հարուստ) գնորդներ (Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն գնում են թուրքական ԱԹՍ-եր)։ Դրանով կմեծանար Թուրքիայի ազդեցությունը տվյալ երկրների վրա, նրանք ռազմարդյունաբերական ոլորտում որոշակի կախվածության մեջ կընկնեին Թուրքիայից և ընդհանուր առմամբ կաճեր Թուրքիայի ու տվյալ երկրների միջև փոխադարձ կախվածությունը։
3) կարողանա երկրի ներսում ցույց տալ, որ քայլեր է ձեռնարկում սիրիացի փախստականներին իրենց երկիր ուղարկելու ուղղությամբ (Թուրքիայում մեծ դժգոհություն կա պաշտոնական տվյալներով 3․3 միլիոն սիրիացի փախստականների հանդեպ)։ Մայիսի 10-ին (Թուրքիայի ընտրություններից 4 օր առաջ) Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստան, Իրան, Թուրքիա ու Սիրիա քառյակ ձևաչափով արտգործնախարարների ու հետախուզական կառույցների ղեկավարների հանդիպումը, որն ամենաշատը պետք էր հենց Էրդողանին, ով իր ժողովրդին ցույց տվեց, որ քայլեր է ձեռնարկում անգամ Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ (ընտրություններից առաջ Էրդողանը քանիցս հայտարարեց, որ պատրաստ է հանդիպել Բաշար Ասադի հետ, ում տարիներ շարունակ խստապես քննադատել է)։
4) կարողանա ընդդիմությանը զրկել հարևան երկրների հետ Թուրքիայի բարդ հարաբերություններ ունենալը շահարկելու հնարավորությունից։ Եթե Էրդողանը կարգավորման քայլեր չձեռնարկեր վերոնշյալ երկրների ուղղությամբ, ապա Քըլըչդարօղլուն կարող էր հայտարարել (Սիրիայի վերաբերյալ հայտարարում էր), որ «եթե իրենք գան իշխանության, ապա կկարգավորեն հարաբերությունները հարևան ու շրջակա երկրների հետ»։ Իր քայլերով Էրդողանը Քըլըչդարօղլուին զրկեց տվյալ հաղթաթղթից՝ թեման շահարկելուց։
5) կարողանա լռեցնել ԱՄԷ-ում ապաստանած թուրքական մաֆիայի պարագլուխ(ներից) Սեդաթ Փեքերին, ով վերջին տարիներին սկանդալային բազմաթիվ բացահայտումներ է արել Էրդողանի անմիջական շրջապատի (ՆԳ նախարար Սուլեյման Սոյլու, Էրդողանի խորհրդականներ, նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմ) կոռուպցիոն գործունեության, զենքի ու թմրամիջոցների առևտրով զբաղվելու վերաբերյալ, և խոստացել էր Թուրքիայի ընտրություններից երկու ամիս առաջ նման սկանդալային բացահայտումներ անել արդեն Էրդողանի մասին։ Սակայն դա տեղի չունեցավ, բացահայտումներ չեղան, որոնք կարող էին նախընտրական շրջանում լրջորեն վնասել Էրդողանի վարկանիշը և անգամ վճռել նախագահական ընտրությունների ելքը։ Էրդողանին դա հաջողվեց «դրոնային դիվանագիտությամբ»․ 2022թ․ աշնանը հաղորդվեց, որ ԱՄԷ-ն Թուրքիայի հետ բանակցում է 120 միավոր Bayraktar TB2 ԱԹՍ գնելու շուրջ, և որ գործարքը գնահատվում է 2 միլիարդ դոլար (դա կդառնա Թուրքիայի ռազմարդյունաբերական ոլորտի խոշորագույն գործարքը)։
6) կարողանա ստանալ արաբական երկրների և հատկապես Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի բարեհաճությունը՝ իր Ասրիկա նախաձեռնության հանդեպ, որպեսզի նրանք նույնպես միանան դրան կամ առնվազն չփորձեն տորպեդահարել այն։ Արդեն նշել ենք, որ Էրդողանի կողմից Ասրիկայի հռչակումն ակնկալում ենք 2024թ․ գարնանը, և դրան ընդառաջ նա գնաց Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ թերևս հուսալով նաև, որ նրանց միջոցով կարող է ներազդել իսլամական աշխարհի այն երկրների վրա, որոնք վարանում են միանալ Ասրիկային։
7) կարողանա կարգավորել հարևան ու շրջակա երկրների հետ հարաբերությունները, շտկել Թուրքիայի տնտեսական ոլորտը, ամրապնդել իր դիրքերը ներքին ու արտաքին «ճակատներում», արտաքին քաղաքական դաշտում ստանալ մանևրելու լայն դաշտ և վերստին սկսի կոշտացնել արտաքին քաղաքականությունը։ Այս պատկերին ականատես ենք եղել 2000-ականներին, երբ ԱԶԿ-ը հաջողությամբ իրագործեց «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը (1990-ականներին Թուրքիան զգալի խնդիրներ ուներ հարևան ու շրջակա երկրների հետ և անգամ հայտնվել էր միաժամանակ 2․5 պատերազմ մղելու վտանգի առջև՝ հյուսիս-արևմուտքում՝ Հունաստանի դեմ, հարավ-արևելքում՝ Սիրիայի դեմ և երկրի ներսում՝ PKK-ի դեմ)։
2000-ականներին «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը մեծ հաջողություն ունեցավ, Թուրքիան շեշտակի մեծացրեց երկկողմ առևտրի ծավալը տարածաշրջանի երկրների հետ, ստեղծվեցին համատեղ տնտեսական խորհուրդներ, իրականացվեցին բազմաթիվ երկկողմ ու բազմակողմ նախագծեր, վերացվեցին վիզային ռեժիմները, մեծացան զբոսաշրջային հոսքերը, շեշտակի աճեց փոխադարձ ներդրումների ծավալը, կատարվեցին բարձր մակարդակի աննախադեպ փոխայցեր, Թուրքիան սկսեց մեծ միջնորդություն իրականացնել տարածաշրջանում ու նրանից դուրս՝ այդպիսով էականորեն մեծացնելով սեփական հեղինակությունն ու պահանջարկն աշխարհում։
Թուրքիան դրանով դուրս եկավ 1990-ականներին բնորոշ նեղ դրությունից և 2000-ականների վերջերից/2010-ականների սկզբներից անցում կատարեց նեոօսմանիզմի քաղաքականությանը։ Այսինքն, Թուրքիան զգալիորեն կոշտացրեց արտաքին քաղաքականությունը, սկսեց միջամտել տարածաշրջանի երկրների ներքին գործերին, հավակնել տարածաշրջանային գերտերության կարգավիճակին, նաև ցուցաբերել գլոբալ հավակնություններ։ Դա հանգեցրեց նրան, որ Թուրքիան խնդիրների բախվեց տարածաշրջանի երկրների հետ, և որոշ ժամանակ անց ստիպված էր հետքայլ անել, ինչն էլ մենք անվանում ենք «զրո խնդրի» երկրորդ փուլ․ առաջին հերթին նկատի ունենք 2016թ․ հունիսին Ռուսաստանի ու Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը։
Դրանից հետո Էրդողանը վերստին շեշտակի կոշտացրեց արտաքին քաղաքականությունը, սկսեց անդրսահմանային ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայում, նաև Իրաքում, ապօրինի ձևով ռազմական ներկայություն հաստատել/մեծացնել այդ երկրներում, նաև Հյուսիսային Կիպրոսում, Սոմալիում, Կատարում, Լիբիայում և այլն (նման ներուժ կա Սուդանում)։ Այդ ամենը վերստին սրեց Թուրքիայի հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ (և ոչ միայն), և Էրդողանը վերստին հարկադրված էր հետքայլ անել՝ «զրո խնդրի» 3-րդ փուլ։
Վերոնշյալը վկայում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունում մեղմացման («զրո խնդիր») ու կոշտացման («նեոօսմանիզմ/էրդողանիզմ») փուլերը մշտապես նախորդում ու հաջորդում են միմյանց, ինչն իր հերթին հուշում է, որ ներկայիս մեղմացման փուլին որոշ ժամանակ անց կհաջորդի կոշտացման նոր փուլը, որում Էրդողանը կփորձի իրագործել կիսատ մնացած իր վերոնշյալ վերջին երազանքները․ նրան չի բավարարում իր «Նոր Թուրքիայի» ներկայիս կարգավիճակը, որի ամենադիպուկ բնութագիրը հետևյալն է՝ տարածաշրջանային գերտերություն՝ գլոբալ հավակնություններով։ Նա ցանկանում է, որ «Նոր Թուրքիան» լինի գլոբալ խաղացող, մասնակցի գլոբալ մակարդակի խնդիրների լուծմանը, ինչը տրամաբանորեն լրիվ հակասում է Աթաթուրքի «Հին Թուրքիայի» իզոլյացիոնիստական արտաքին քաղաքականությանը։ Այդ ամենը կոչված է առավել մեծացնելու Էրդողանի պատմական հետքը, փառքի նոր դափնիներ բերել նրան և ապացուցել նրա կողմից շրջանառվող այն թեզը, որ «Նոր Թուրքիան» ամենաուժեղն է վերջին շուրջ 300 տարում (թերևս նկատի է առնվում 1683թ․ Վիեննայի պատերից օսմանյան բանակի նահանջը)։
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
[14] Cumhurbaşkanı Erdoğan: İstanbul 'Evet' derse bu iş biter, TRT Haber, 07.05.2023
[15] Ersan Şen: Ben bile Kılıçdaroğlu'na oy vermedim!, Ahaber, 15․05․2023․
[16] Kılıçdaroğlu: Mülteci akınına kılını kıpırdatmayanlara vatanımızı bırakmayacağız, Hürriyet, 17․05․2023․
[17] ABD basınına konuşan Kılıçdaroğlu, seçilirse Rusya'ya yaptırım kararlarına uyacağını söyledi, Sputnik Türkiye, 10․05․2023․
[18] CHP'den Rusya'ya yaptırım düzeltmesi: 'Genel Başkan öyle dememiş, editör öyle aktarmış', soL Haber Portalı, 11․05․2023․
[19] Kılıçdaroğlu'ndan kaset ve şantaj açıklaması! Rusya'ya mesaj verdi, Cumhuriyet, 11․05․2023․
[20] Muhalefet tez zamanda Moskova’ya bir heyet göndermeli, Samanyolu Haber, 29․03․2023․
[21] Kılıçdaroğlu’ndan yeni video: Hayatımın en büyük projesini açıklıyorum, Sözcü, 06․05․2023․
[22] Azerbaycan'dan Kılıçdaroğlu'nun "Tarihi İpek Yolu'nu canlandırma projesi"ne tepki, Anadolu Ajansı, 08․05․2023․
[23] Aliyev’den Kılıçdaroğlu'nun 'tarihi İpek Yolu'nu canlandırma projesi'ne tepki: Hevesleri kursaklarında kalacak, Hürriyet, 11․05․2023․
[24] Kılıçdaroğlu’ndan Azerbaycan’sız ‘Türk Yolu’ projesi: Kullanılan güzergaha ‘Hayatımın projesi’ dedi alay konusu oldu, Yeni Şafak, 07.05.2023.
[25] “Türk’ün Yolu” Azerbaycan’dan geçer!, Yeni Şafak, 25.05.2023.
[26] Cumhurbaşkanı Erdoğan, televizyon kanalları ortak yayınına katıldı, TCCB, 12.05.2023.
[27] Bakan Çavuşoğlu: Can Azerbaycan’dan ne istiyorsun Kılıçdaroğlu?, Milliyet, 24․05․2023․
[28] "Kılıçdaroğlu'nun Azerbaycan'a da bir özür borcu var"|Çavuşoğlu'ndan kritik açıklama, Ulusal, 20.05.2023.
[29] Ըստ Քըլըչդարօղլուի՝ Իրան-Հայաստան միասնությունը խոչընդոտում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը․ Ermeni Haber, 25․05․2023․
[30] Who is Sinan Ogan, Turkey's nationalist 'kingmaker'?, The New Arab, 15.05.2023, տե՛ս նաև Sinan Ogan, the unexpected kingmaker in Turkey's presidential election, Le Monde, 15.05.2023; Andrew Wilks, Turkey run-off vote: Nationalist Sinan Ogan could be ‘kingmaker’, Al Jazeera, 15.05.2023; Nada AlTaher, Who is Sinan Ogan, the far-right 'kingmaker' in Turkey's election?, MENA, 16․05․2023; Erdoğan wins support from Turkey’s election ‘kingmaker’, Politico, 22.05.2023; Turkey's ‘election kingmaker' Sinan Ogan endorses Erdogan, i24NEWS, 22.05.2023; Menekse Tokyay, Ahead of Sunday’s runoff, Erdogan gets ‘kingmaker’ Sinan Ogan’s support, Arab News, 23.05.2023.
[31] Emperyalistler işbaşında: Perinçek yüzde 8,5 oy alacaktı, 20 bin imzada takılı kaldı, Diken, 26․03․2023․
[32] Sinan Oğan'ın ikinci tur kararına ilişkin 'Aliyev' iddiası, soL haber portalı, 22.05.2023.
[33] Sinan Oğan Cumhur İttifakı'na neden destek verdiğini açıkladı, Memurlar.net, 25.05.2023.
[34] Merkezi İstanbul: Türk devletleri kendi IMF'sini kurdu, Aydınlık, 31․05․2023․
[35] 'Kılıçdaroğlu ile Özdağ 7 maddede anlaştı', Rudaw, 24․05․2023․
[36] HDP ve YSP, Kılıçdaroğlu'na desteği sürdürme kararı aldı, BBC, 25․05․2023․
[37] Ali Babacan'dan 'protokol' açıklaması: 'İşin ruhuna uygun ama...', Cumhuriyet, 25․05․2023․
[38] Հայկ Գաբրիելյան, Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը, Անալիտիկոն, 26․05․2023․
[39] 'Kılıçdaroğlu istifa etmeli mi' sorusuna böyle cevap verdi: "Keep going on", OdaTV, 30.05.2023.
[40] 12. kez kaybetti yine gitmiyor, Yeni Şafak, 29.05.2023.
[41] Kemal Kılıçdaroğlu'nun dokunulmazlığı kalkıyor: 40 dosya raftan inecek, Evrensel, 31.05.2023.
[42] CHP'de tüm MYK üyeleri istifalarını sundu, NTV, 01.06.2023.
[43] Altılı Masa resmen dağıldı: İyi Parti'den peş peşe açıklamalar geldi, Ulusal, 01.06.2023.
[44] Meral Akşener: Sayın Recep Tayyip Erdoğan'ı tebrik ediyorum, NTV, 28.05.2023.
[45] Demirtas quits active politics ‘at this stage’, Rudaw, 01.06.2023.
[46] FP: Erdoğan hükümeti hapishane inşaatına 13 milyar lira ayırdı, Kronos, 09.08.2021.
[47] Recep Tayyip Erdoğan Vakfı kuruldu, Anadolu Ajansı, 31․05․2023․
[48] Հայկ Գաբրիելյան, Թուրքիան սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո, Նորավանք ԳԿՀ, 11․05․2017․
[49] Հայկ Գաբրիելյան, Էրդողանը որպես միջնո՞րդ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, Անալիտիկոն, 2022թ․ հոկտեմբեր․
[50] Balistik füze Tayfun ikinci kez test edildi, Hürriyet, 23․05․2023․
[51] CENK Balistik Füzesi ilk kez görüntünlendi, SavunmaSanayiST, 12.05.2023.
[52] Հայկ Գաբրիելյան, Միջուկային Թուրքիայի հեռանկարը, ՄԱՀՀԻ, 30․10․2019․
[53] Հայկ Գաբրիելյան, Թուրքիայի տիեզերական ռազմավարությունը, ՄԱՀՀԻ, 01․11․2022․
[54] Հայկ Գաբրիելյան, Ստամբուլի ջրանցք․ Էրդողանի պատմական կնիքը, ՄԱՀՀԻ, 24․01․2020․
[55] Հայկ Գաբրիելյան, Թուրքիայի «Կապույտ հայրենիքի» դոկտրինը, ՄԱՀՀԻ, 12․10․2021․
[56] Հայկ Գաբրիելյան, Էրդողանի Ասրիկա նախագիծը, ՄԱՀՀԻ, 18․01․2022․
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)