Միջազգային ԵՎ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
Դավիթ Ստեփանյան

ՄԱՀՀԻ ավագ փորձագետ


Բրյուսելյան բանակցությունները սեփական օրակարգ չունեն, դա Վաշինգտոնի բանակցությունների տրամաբանության շարունակությունն է, այստեղ ԱՄՆ-ը և ԵՄ-ը մեծ հաշվով ունեն նույն կարծիքը, սրան պետք է գումարենք նաև Քիշնևում Փաշինյան-Ալիև հանդիպումը:


«Ադրբեջանի առաջին նպատակն է վիժեցնել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վաշինգտոնում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով վաղ առավոտյան Սոթքում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիային՝ ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:

Ստեփանյանի խոսքով՝ հունվարից սկսած, հայ-ադրբեջանական հարաբերությունների բանակցային գործընթացում կա մեկ մոդերատոր և դա ԱՄՆ-ն է. «ԱՄՆ-ը շատ հետևողականորեն փորձում է տանել բանակցային գործընթացը դեպի վերջնական արդյունք, այսինքն՝ խաղաղության հաստատում մեր երկրների միջև, Ադրբեջանը հիմնականում չի ողջունում այդ փորձերը և դրա մասին բացահայտ ասվում է, և Բայրամովն է դժգոհություն հայտնել, և՝ Ալիևը: Այն առաջարկությունները, որոնք ներառված են այս բանակցային գործընթացում՝ առաջին հերթին Արցախի հարցը, այս մասին ինչ է ասում հավաքական Արևմուտքը, Վաշինգտոնը և Բրյուսելն Ադրբեջանին․ նրանք ասում են, որ Արցախի հարցը փակված չէ, Արցախի հարցը շարունակում է մնալ օրակարգում, իսկ Արցախը շարունակում է մնալ վիճելի տարածք և Արցախում ապրող մարդկանց ճակատագիրը պետք է լուծվի, այսինքն՝ պետք է նրանք ստանան ինչ-որ կարգավիճակ, որը նրանց թույլ կտա անվտանգ ապրել իրենց տներում: Ադրբեջանն այդպես չի կարծում, Ալիևը հերթական անգամ ասում է, որ իրենց համար հարցը փակված է»:

Ստեփանյանի խոսքով՝ Ադրբեջանը չի կարողանում իր այս դիրքորոշումն արտահայտել Վաշինգտոնում. «Ալիևը մի կողմից այս օրակարգը չի ընդունում, երկրորդ կողմից Ալիևն այդքան չկա, որ Վաշինգտոնին դա բացահայտ կերպով ասի, Բայրամովը չուներ այդ հնարավորությունը, որ Վաշինգտոնում ասեր, որ մենք սրան դեմ ենք, մենք գնում ենք կա՛մ պատերազմով մինչև վերջ և Արցախը վերցնում ենք, կա՛մ դուք ճանաչում եք Արցախն Ադրբեջանի տարածքային մաս: Աշխարհում կա երեք պետություն, որոնք Արցախը ճանաչել են Ադրբեջանի տարածքային մաս՝ դա Ադրբեջանն է, Թուրքիան ևՊակիստանը: Այստեղ կարևոր է նշել, որ մեծ հաշվով նույնիսկ Ռուսաստանն է դրան դեմ, որովհետև Ռուսաստանի շահերից չի բխում, որ արցախյան հարցը վերջնականապես փակվի: Այսքանը հնարավորություն չունենալով ասել Վաշինգտոնում՝ Ալիևը եկել է և փորձում է բանակցային գործընթացը վիժեցնել հերթական սադրանքներով, կրակոցներով և  սպանություններով և դրանով ցույց է տալիս, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ, ինքն Ալիևն է և կարող է իրավիճակ փոխել: Շատ կարևոր է, որ առաջիկայում լինելու են բանակցություններ Ռուսաստանում, սա ևս լինելու է քայլ, որը միտված է լինելու վաշինգտոնյան բանակացությունների միջանկյալ արդյունքները վիժեցնելուն»:

Անդրադառնալով այսօրվա Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինքը չի հրաժարվելու մայիսի 14-ին Բրյուսելում Ալիևի հետ սպասվող հանդիպմանը մասնակցելուց՝ քաղաքագետն ասաց. «Բրյուսելյան բանակցություններից չհրաժարվելը միանշանակ ճիշտ է: Բրյուսելյան բանակցությունները սեփական օրակարգ չունեն, դա Վաշինգտոնի բանակցությունների տրամաբանության շարունակությունն է, այստեղ ԱՄՆ-ը և ԵՄ-ը մեծ հաշվով ունեն նույն կարծիքը, սրան պետք է գումարենք նաև Քիշնևում Փաշինյան-Ալիև հանդիպումը, որը պետք է լինի հունիսի 1-ին և որը լինելու է Մակրոնի և Շոլցի միջնորդությամբ․ այս ամենը մեկ գործընթացի ընդհանուր մաս է, մեկ գործընթաց, որը գնում է Արևմուտքի մոդերացիայի տակ՝ Վաշինգտոնի գլխավորությամբ, որպես երկիր, որն ունի ռեալ լծակներ ազդելու կողմերի վրա և առաջին հերթին Ադրբեջանի վրա: Այստեղ տրամաբանական է Փաշինյանի ասածը՝ մեծ սխալ կլինի նրա կողմից, եթե նա Բրյուսել չգնա, մեծ սխալ կլինի, եթե նա հրաժարվի Շոլցի և Մակրոնի միջնորդությամբ իր ու Ալիևի հանդիպումից, մենք պետք է շարունակենք մեր դիրքորոշումն առաջ տանել, մենք պետք է ոչ մի դեպքում չընկրկենք, ընկրկել նշանակում է կորցնել ամեն ինչ և կապիտուլացիայի ենթարկվել: Կարծում եմ՝ պարոն Փաշինյանն այդ որոշմանը հետևողական կլինի, բանակացությունները պետք է շարունակվեն, և մենք այդ բանակցություններում պետք է ցույց տանք, որ պատրաստ ենք խաղաղության, ոչ մի բան չի կարող մեզ այդ ճանապարհին խանգարել»:

Այս ամենի համատեքստում խոսելով Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման և այնտեղ անցակետ տեղադրելուց հետո ադրբեջանցիների կողմից Արցախից ՀՀ հիվանդների տեղափոխում թույլ չտալու մասին՝ Դավիթ Ստեփանյանը նշեց. «Ադրբեջանը ձգտում է Արցախի հայաթափմանը, ոչ մի նոր բան չկա, նրանք բացահայտ ասում են այդ մասին: Միջազգային հանրությունը կարող է այդ ամենին ռեակցիա տալ, այն դեպքում, երբ Արցախում սկսվեն անդառնալի գործընթացներ, անդառնալի գործընթացը մարդկանց մահն է: Ես հիմա այս ամենին նայում եմ քաղաքական տեսանկյունից․ մենք առաջին հերթին պետք է ցույց տանք այն իրավիճակը, որն Արցախում կա, այսինքն՝ ցանկացած մահ, որը գրանցվեց Արցախում, պետք է տեղում փաստաթղթավորվի և ներկայացվի միջազգային դատարան՝ որպես Ադրբեջանի բլոկադայի, Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի հետ կապված դրսևորում: Եթե մենք ուզում ենք, որ Լաչինի միջանցքը բացվի, առաջին հերթին դրա համար պետք է աշխատեն բլոկադայի մեջ գտնվող մարդիկ, նրանք ոչ թե պետք է Ստեփանակերտի հրապարակում հավաքվեն, այլ շարժվեն դեպի այդ անցակետը, տեսախցիկներ են պետք, լրագրողներ են պետք, պետք է ամբողջ աշխարհից հրավիրել, մարդիկ պետք է դուրս գան, ձեռքերը բարձրացնեն ու խաղաղ ակցիա անեն՝ առանց որևէ զենքի: Բոլոր փաստաթղթերը, որ կան՝ 1991 թվականից սկսած, որևէ տեղ չի նշվում, որ Ադրբեջանն ունի այդտեղ հսկողության իրավունք, որևէ տեղ չի նշվում, որ դա Ադրբեջանի տարածք է, իսկ նոյեմբերի 9-ի համաձայնագրի մեջ նույնիսկ նշվում է, թե ով պետք է վերահսկողություն իրականացնի և դա Ադրբեջանը չէ: Այդ բոլոր փաստաթղթերը պետք է վերցնեն մարդիկ և պահանջեն, որ ճանապարհը բացվի, այսինքն՝ պետք է ստեղծվի իրավիճակ, որ Ադրբեջանին մնա միայն մեկ երկընտրանք՝  կա՛մ կրակել մարդկանց վրա, ինչին կարծում եմ՝ նրանք չեն գնա, որովհետև այդ դեպքում կհանդիպեն միջազգային հանրության կողմից կոշտ արձագանքի, կա՛մ պետք է ընդունեն, որ իրենք սխալ են և այդ միջանցքը բացեն: Եթե մենք լինենք վճռական՝ դրան կհասնենք: Պայքարը միայն զենքի ուժով չէ, աշխարհում կան պայքարի շատ տեխնոլոգիաներ»:

Աննա Բզնունի

Աղբյուրը՝ Զարկերակ-zarkerak.am