ՄԱՀՀԻ ավագ փորձագետ
Կարծում եմ՝ Ռուսաստանի լռությունը միանգամայն տրամաբանական է, որովհետև կարծես թե, առաջին անգամ ԱԳ նախարարների միջև կանգնած չէր պարոն Լավրովը, և դա այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանն ամեն ինչ արեց, որպեսզի Ղարաբաղյան կարգավորման և ընդհանրապես, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մոդերացիան միանձնյա պահի և այդ կարգավորումը լինի միայն իր մոդերացիայի տակ: Հիմա կարծես առաջին անգամ նախարարները հանդիպեցին առանց Լավրովի, և պարզ է, որ Ռուսաստանում այդ ամենին նայում են խանդով: Ընդհանուր առմամբ, այն փաստը, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ողջունեցին այդ հանդիպումը, շատ բանի մասին է խոսում: Դա հերթական քայլն է Ռուսաստանի մեկուսացման, այդ թվում Հարավային Կովկասում: Դժվար է ասել՝ ինչով կվերջանա այս պրոցեսը, որովհետև Ռուսաստանն այստեղ շատ հարցեր ունի, որոնք կարող է օգտագործել: Ես միանշանակ ողջունում եմ այդ պրոցեսը: Ես միշտ եմ դա ասել, նույնիսկ մ ինչև 44-օրյա պատերազմը, որ ճիշտ է, ճանապարհը դեպի կարգավորում շատ դժվար է, շատ խութեր կան, բայց եթե մենք ուզում ենք, որ այդ ճանապարհը հնարավորինս կրճատվի, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ամեն ինչ անեն, որ այդտեղ միջնորդներ չլինեն: Խոսքը միայն Ռուսաստանի մասին չէ, որովհետև ցանկացած միջնորդ այս պրոցեսում առաջ է մղում իր սեփական շահերը: Հետևաբար, ինչքան քիչ միջնորդ, այնքան կարճ է լինելու ճանապարհը: Այդ առումով այս հանդիպումը կարելի է ողջունել:
Այս տետ-ա-տետ հնդիպման մեջ Ռուսաստանը վտանգ տեսնո՞ւմ է:
Ռուսաստանը վտանգ տեսնում է շատ իրադարձություններում, որոն վերջերս են տեղի ունենում մեր տարածաշրջանում, այդ թվում ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրենի այցը, Իրանի ազգային անվտանգության քարտուղարի այցը Հայաստան: Հայաստանը կարծես վերածվել է ինչ-որ լրտեսական հակամարտության դաշտի, և միանշանակ Նարիշկինի այցը Հայաստան այդ անհանգստության արտացոլումն էր, ինչքան էլ ասի, թե դա կապ չի ունեցել ԿՀՎ տնօրենի այցի հետ: Այո, միանշանակ Ռուսաստանում անհանգստանում են և չեն էլ փորձում դա թաքցնել:
Տեսակետ կա, որ Վրաստանի ձեռքերով ԵՄ-ն իր նախաձեռնությունն է կյանքի կոչում և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այցը Երևան ու Բաքու հենց այդ նպատակն ուներ: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը:
Այո, կիսում եմ այդ տեսակետը, Վրաստանը բազմիցս փորձել է դառնալ հարթակ Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության համար, սակայն այստեղ ինչպես միշտ, առաջ են ընկել մեծ տերությունների շահերը, տվյալ դեպքում Ռուսաստանի, որին դա պետք չէր: Դրա համար մինչ այսօր Վրաստանում այդ հանդիպումները չէին ստացվում: Եվ այո, այն, որ այդ հանդիպումը տեղի ունեցավ, այդտեղ շատ մեծ է ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ավանդը:
Առաջիկայում ի՞նչ կարելի է սպասել Վրաստանի միջնորդությունից ու Արևմուտքի ներգրավվածությունից:
Շատ դժվար է կանխատեսումներ անել: Եթե Ռուսաստանը շարունակի խրված մնալ Ուկրաինայում և եթե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունները ընդառաջ գնան այն առաջարկություններին, որոնք նրանց արվում եմ ԱՄՆ-ից և ԵՄ-ից, Ռուսաստանը շարունակելու է կամաց-կամաց թուլանալ նաև մեր տարածաշրջանում: Բայց մենք պետք է միշտ հաշվի առնենք, որ երբ հայտնվեց անկյունում, այսինքն էլ նահանջելու տեղ չունեցավ, ընդունակ է շատ բաների, այդ թվում նաև ամենավատ սցենարի, կարող է փորձել նորից այստեղ գործի դնել 44-օրյա պատերազմի նման սցենար՝ ավելի փոքր մասշտաբներով: Եթե նա տեսնի, որ ուրիշ ձև հնարավոր չէ պահել իր ազդեցությունը, կարող է փորձել ընդհուպ մինչև սադրանքների միջոցով այստեղ պատերազմ հրահրել: Դա է ամենամեծ վտանգը: Մենք պետք է հաշվի առնենք, որ Ռուսաստանն ընդունակ է ամեն ինչի: Հիմա պրոցեսները գնում են այդ տրամաբանությամբ, բայց ինչ կլինի վերջում, դժվար է հասկանալ, որովհետև Ռուսաստանը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ որպես թիվ մեկ խաղացողը և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ և Հայաստանի և Արցախի տարածքում ունի ռազմական կոնտինգենտ, որևէ այլ երկրի ուժեր մեր տարածաշրջանում չկան, այդ թվում Ադրբեջանում:
Նյութի աղբյուրը՝ Առաջին լրատվական