Միջազգային ԵՎ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
Ստյոպա Սաֆարյան

ՄԱՀՀԻ հիմնադիր և տնօրեն


Ադրբեջանը գիտակցում է, որ այս պահին ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ եվրոպացիները, ո՛չ էլ անգամ ռուսներն իրենց հավանությունը չեն տալիս ուժային եղանակով որևէ խնդիր լուծելուն։

Վերակենդանացնել այն, ինչը մահացել էր պատերազմից առաջ․ ինչի մասին են վկայում սադրանքից հետո ամերիկյան հեռախոսազանգերը:

Օրեր շարունակ Ադրբեջանn ապատեղեկատվություն էր տարածում Հայաստանի կողմից սահմանների իբր պարբերական գնդակոծությունների մասին, որին հաջորդեց նախօրեին սահմանային լարվածությունն Արցախի տարբեր ուղղություններով։

Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով Արցախի ՊԲ-ն ունի մեկ վիրավոր, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հայկական կողմը դիրքային կորուստներ չունի՝ հայտարարում է Արցախի պաշտպանական գերատեսչությունը։

Ի՞նչ նպատակ ունի ադրբեջանական հերթական սադրանքը, հատկապես տարածաշրջանի ապաշրջափակման և «խաղաղության պայմանագրի» կնքման մասին միջազգային հանրության պնդումների ֆոնին։ Վարկածները, թե ինչի հետ այս անգամ կարող է կապ ունենալ Ադրբեջանի ագրեսիան, քաղաքական-վերլուծական դաշտում տարբեր են։

«Խաղաղության պայմանագրի» ճանապարհին ադրբեջանական կրակոցների հիմնական նպատակը նոր պահանջներն են, որոնք հայկական կողմին առաջադրում է Ադրբեջանը։ ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը երկու հիմնական պահանջ է մատնանշում։  Առաջինն առնչվում է Արցախի տարածքից Հայաստանի զինված ուժերի դուրսբերմանը, երկրորդ խնդիրը, որն Ադրբեջանում առաջնային օրակարգ են համարում, ՀՀ-ի տարածքով դեպի Նախիջևան միջանցք ստանալն է։

«Առաջին հարցի հետ կապված 2020-ից հետո զորակոչ չի եղել, և պարտադիր ժամկետային զինծռայողները արդեն այս ամսին ծառայությունն ավարտում են, և Հայաստանից Արցախում զինծառայողներ չեն լինելու։ ՊԲ-ում ծառայելու են միայն Արցախի գրանցում ունեցող քաղաքացիները։ Այս հարցը մեծ առումով լուծված է, բայց Ադրբեջանը փորձում է մինչև վերջ այնպես անել, որ ժամանակը դեռ չլրացած պարտադիր ժամկետային զինծառայողները դուրս գան։ Երկրորդը միջանցքի հետ կապված գաղափարն է։ Ադրբեջանը սպառնում է ընդհուպ մինչև շանտաժի միջոցով ուժ կիրառել և հասնել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան միջանցքի գաղափարի իրագործմանը։ Հակառակ դեպքում՝ սպառնում է անցակետ դնել Լաչինի միջանցքում, ինչը հակասում է նոյեմբերի 9-ի փաստաթղթին»։

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանն այլ վարկած է առաջ քաշում, ըստ որի՝ օգոստոսի 5-ին Սոչիում հանդիպելու են Պուտինն ու Էրդողանը. այս պահին մշակվում է հանդիպման օրակարգը, հստակեցվում են քննարկվելիք հարցերը:

Ֆեյսբուքյան գրառմամբ պատգամավորը ենթադրում է, որ թուրքերն ինչ-որ հարց են ցանկանում բերել քննարկման օրակարգ, որին ռուսները դեմ են: Ըստ Ղազինյանի՝ հենց այս պատճառով էլ Ալիևը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակն ապակայունացնելու հրաման է ստացել: Նախկին պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանի ղեկավարը  թույլ է տալիս ճակատագրական սխալներ, հատում է թույլատրելի բոլոր գծերը և խաղում կրակի հետ։

Քաղաքական-վերլուծական դաշտում, սակայն, գերակշռում է կարծիքը, որ Ադրբեջանն օր առաջ ցանկանում է զինաթափել Արցախը։ Պաշտպանության բանակի լուծարման մասին, իհարկե, խոսք լինել չի կարող, քանի որ նաև միջազգային հանրությունն է Ադրբեջանի գործողություններից հասկացել այդ պահանջի անթույլատրելիրությունը․ քաղաքագետ Արմեն Վարդանյանն է ասում.

«Երբեք այդպիսի հարց չի բարձրացվել, ընդհակառակը՝ իրենց համար դա միանգամայն լեգիտիմ է, իրենք հասկանում են, որ Արցախի ժողովուրդը կարող է կանգնել գոյաբանական, ֆիզիկական բնաջնջման վտանգի առջև, եթե չունենա պաշտպանական կարողություններ, զինված ստորաբաժանումներ։ Որևէ ճնշումներ՝ ոչ հրապարակային, ոչ էլ այլ կերպ Հայաստանի վրա չի եղել։ Բոլորի համար էլ պարզ է, որ Արցախի ՊԲ լուծարումն ուղղակի ինքնաոչնչացման ինչ-որ մի բան է։ Այս մասով Հայաստանի վրա որևէ ճնշում չկա»։

Այս դեպքում ինչո՞ւ է Հայաստանն ինքնակամ օրակարգային հարց դարձնում «ԼՂ հակամարտության դեմիլիտարիզացիայի հարցը», ինչի մասին իր վերջին հարցազրույցում ակնարկել էր Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Ռադիոլուր»-ի հարցին քաղաքագետը պատասխանում է․

«Խոսքը վերաբերում է նրան, որպեսզի կողմերը պատերազմական գործողությունների չդիմեն և փորձեն քաղաքական ճանապարհով լուծել հակամարտությունը։ Խոսքը այն մասին չէ, որ գնում են Արցախի ՊԲ լուծարմանը»։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ադրբեջանական ստրատեգիայում այս պահին տեսնում է կիսատ և անավարտ գործը հնարավորիս իր օգտին շրջելու փորձեր․

«Քանի դեռ աշխարհի հզորները կամ անտարբերության չեն մատնում իր ռազմական ավանտյուրայի փորձերը կամ չեն թույլատրում դրանք , գնալ սողացող անեքսիայի ճանապարհով։ Այսինքն՝ դիրքային առաջխաղացում ունենալ։ Երեկ այդպիսի մի փորձ կասեցվել է Արցախի հյուսիս-արևելքում , նաև բերել լարվածության Արցախի արևմտյան հատվածում՝ Քարվաճառի հետ սահմանագծին։ Ուղղակի փորձեր են․ եթե չկարողանալ ստանալ ամբողջը, գոնե մաս-մաս, այսպես ասած «Փառուխ առ Փառուխ» նվաճել ու փորձել դիրքավորվել հայկական բնակավայրերի համար ստրատեգիական նշանակության դիրքերում։ Կրակոցներով կամ այլ մեթոդներով հասնել տարածաշրջանի բնակչության սարսափեցմանը, որպեսզի իրենք լքեն իրենց բնակավայրերը։ Ադրբեջանը գիտակցում է, որ այս պահին ոչ ԱՄՆ-ն, ոչ եվրոպացիները, ոչ էլ անգամ ռուսները իրենց հավանություն չեն տալիս ուժային եղանակով որևէ խնդիր լուծելու, բայց նաև չի կարող համակերպվել, որ կիսատ է մնացել խնդրի լուծումը»։

Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանին զայրացնելու է նաև միջազգային արձագանքը։ Փաստը, որ սահմանային լարմանն անմիջապես արձագանքեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը՝ զրուցելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, վկայում է նոր գործընթացների մասին։ Սաֆարյանի կարծիքով՝ ԱՄՆ ակտիվացումը որպես ՄԽ համանախագահ երկիր, ընդ որում առանց կոլեկտիվ ջանքերի՝ առանց Ռուսաստանի և Ֆրանսիայի, ցույց է տալիս, որ փորձում է վերականգնել այն, ինչը մահացել էր դեռևս պատերազմից առաջ։ Քաղաքագետն այս դեպքում խսում է ՄԽ մանդատի մասին։

«ԱՄՆ-ի փորձերն ակնհայտորեն զայրացնելու են Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանն է, որ հայտարարել է, թե հակամարտություն այլևս գոյություն չունի, ըստ էության լուծարել  է նախկին ԼՂ մարզը՝ այն դարձնելով զուտ տնտեսական գոտի, հետևաբար այս կտրվածքով Ադրբեջանն ամենևին ուրախ չի կարող լինել բանակցային գործընթացն ակտիվացնելու ԱՄՆ ջանքերից։ Մեկ այլ երկիր կա, որը նույնպես այդքան էլ ուրախ չէ ՄԽ մանդատի վերագործարկումով, առավել ևս ԱՄՆ նախագահության հովանու ներքո, դա Ռուսաստանն է, որը հայտարարել է պատերազմից հետո, որ, ըստ էության, մյուսները պետք է ճանաչեն անվտանգության այն ճարտարապետությունը, որը ստեղծվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»։

Վերլուծաբանները չեն շրջանցում նաև Բալկաններում և Ուկրաինայում թեժ կետերի շուրջ կատարվող իրադարձությունները՝ ակնարկելով, որ այդ ամենի ֆոնին Ադրբեջանը փորձում է լարել իրավիճակը նաև այստեղ և ցանկալի արդյունքների հասնել։ Նույն վերլուծաբանների կարծիքով ՝ակնհայտ է, որ այս դեպքում միջազգային հանրությունը փորձում է զսպել հնարավոր նոր լարվածությունը։  Ընդ որում վերջին օրերին հեռախոսային կապն առավել ակտիվ է հենց ԱՄՆ-ի ուղղությամբ։ Քերըն Դոնֆրիդից առաջ ԱՄՆ պետքարտուղար  Էնթոնի Բլինքենն էր հեռախոսազրույցներ ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Իսկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը: Միջնորդական նմանատիպ առաքելություն մինչ այդ առաջարկում էր նաև Ռուսաստանը։  

 

Նյութի աղբյուրը՝ Հայաստանի հանրային ռադիո