Միջազգային ԵՎ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
Դավիթ Ստեփանյան

ՄԱՀՀԻ ավագ փորձագետ


Ալիևն իր քաղաքականությամբ վերջին տարիներին ցույց է տալիս, որ ոչ մեկին էլ չի փորձում հաճոյանալ, ուղղակի պահում է իր ազգային շահը: Ցույց է տալիս, որ սուվերեն պետության ղեկավար է և որոշում է կայացրել չգնալ Պուտինի մոտ:


Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսին կարելի է արդյունավետ համարել մի դեպքում, եթե դրա արդյունքում լինեն պայմանավորվածություններ Ռուսաստանի և Հայաստանի միջև, որոնք կպաշտպանեն մեր պետական շահը:

«Որովհետև Ռուսաստանն այսօր «իզգոյ» պետություն է, նաև հաշվի առնելով, որ այնտեղ հավաքվել էին դիկտատորական ակումբի ներկայացուցիչները: Միակը, որը դիկտատորական ակումբից չէր, Նիկոլ Փաշինյան էր»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Ինչ վերաբերում է նույն միջոցառումներին Ադրբեջանի նախագահի չմասնակցելուն, ըստ Ստեփանյանի, այդ քայլով Ալիևն ավելի շատ բան կշահի, քան Հայաստանը մասնակցելով:

«Կա թյուր կարծիք, թե եթե գնում ես, մասնակցում պուտինյան միջոցառումներին, իսկ Մայիսի 9-ի միջոցառումները, ցավոք, պուտինյան միջոցառումներ են, կարող է քեզ օգնել: Ես կարծում եմ՝ հակառակը՝ Ալիևը չգնալով՝ դիրք է ցույց տվել և կարող է Ռուսաստանից ստանալ որոշակի արտոնություններ: Իսկ այդ արտոնությունները Ռուսաստանը Ադրբեջանին տալիս է Հայաստանի և Արցախի հաշվին»,- ասում է նա:

Զրուցակցի դիտարկմամբ՝ Ալիևն իր քաղաքականությամբ վերջին տարիներին ցույց է տալիս, որ ոչ մեկին էլ չի փորձում հաճոյանալ, ուղղակի պահում է իր ազգային շահը. «Ցույց է տալիս, որ սուվերեն պետության ղեկավար է և որոշում է կայացրել չգնալ Պուտինի մոտ: Եթե դու՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, ուզում ես, որ ես գամ, ուրեմն դրա դիմաց պիտի վճարես՝ քաղաքական գին: Ցավոք, նորից պիտի նշեմ, որ ցանկացած քաղաքական գին Արցախի և Հայաստանի հաշվին է արվում»:

Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ այս քայլը Հայաստանի համար Արևմուտքի կողմից առարկայական ոչ մի հետևանք չի ունենա, առարկայական հետևանքը լինելու է լրիվ հակառակ կողմից, որտեղից, որ ընդհանրապես չենք սպասում, այսինքն՝ ՌԴ-ից:

Նա դժվարանում է հստակ ասել, թե որն է լինելու այդ քաղաքական գինը, սակայն ենթադրում է, որ կարող է լինել հերթական սադրանքի տեսքով: «Եվ այդ պրոցեսն արդեն Արցախից դուրս է եկել ու անեցել Հայաստանի Հանրապետություն: Տեղ գյուղի օրինակով, երբ ռուսները երկու օր շուտ դուրս եկան, եղավ ընդհարում, մենք ունեցանք զոհեր և կորուստներ: Այս տրամաբանության մեջ կարող է լինել հերթական քայլը: Ես հուսով եմ, որ դա չի լինի»,- նշում է զրուցակիցը:

Ստեփանյանը շարունակում է մնալ այն համոզմանը, որ Ռուսաստանը Հայաստանի համար բացարձակ չարիք է, որից կախումը նվազեցնելու փոխարեն շարունակում ենք մեծացնել:

«Ռուսաստանը մեզ անհրաժեշտ է այս տարածաշրջանում՝ որպես աշխարհաքաղաքական բալանսի՝ Իրան-Թուրքիա-Ռուսաստան եռանկյունու մի մաս: Նրան այդ բալանսից հանելը դեռ շուտ է, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ բալանս բերենք նոր խաղացողներ, Արևմուտքի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի տեսքով, ցանկացած երկրի և ուժի, որը մեզ հետ ունի ընդհանուր շահեր»,- նկատում է քաղաքագետը:

Ըստ նրա՝ մենք պետք է վատագույնին սպասենք, քանի դեռ խելքի չենք եկել:

«Ի՞նչ է նշանակում խելքի գալ. բացառել մեր հույսերը կապել փրկիչների հետ: Միջազգային հարաբերություններում չկա նման ինստիտուտ՝ փրկիչների: Կա ուժերի բալանս, որը խախտվել է 2010 թվականից Ռուսաստանի կողմից: Փաստացի ՌԴ-ն էլ մեր դաշնակիցը չի եղել, իսկ մենք դա չենք հասկացել և շարունակել ենք մեր անվտանգությունը կառուցել՝ գոյություն չունեցող դաշնակցի վրա հենվելով: Պետք է այդ տրամաբանությունից դուրս գանք»,- ընդգծում է նա:

Հերմինե Կարապետյան

Աղբյուրը՝ Հայկական ժամանակ