«Վազգեն Գալստանյանը 1995-ին մահացել է, ես Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն եմ։ Գիտեմ դատական կարգը, բայց իմ առաջարկն ու հորդորն է ինձ Վազգեն Գալստանյան չդիմել։ Հասկանում եմ, որ կարող եք պատճառաբանել, թե դա քաղաքացիական դիմում է, բայց ես 1995-ից Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն եմ»,- այս տողերը դատարանում 2025թ․ օգոստոսի 19-ին արտաբերել է 2001թ․ օգոստոսի 1-ին մինչ այժմ "Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի" կրոնական կազմակեպության տնօրեն հանդիսացող Վազգեն Պետրոսի Գալստանյանը։
Համայն հայության ու մարդկության առաջ դատարանին այս "առաջարկն" ու "հորդորն" արած անձը, որը պնդել է "Վազգեն Գալստանյանի՝ 1995թ․ մահացած լինելու" ու, ըստ էության, այլևս "հանգուցյալ լինելու" մասին, ՀՀ մի շարք գործիչների, քաղաքացիների, այդ թվում իմ դեմ դատական հայցեր է ներկայացրել ոչ ավել, ոչ պակաս որպես Վազգեն Պետրոսի Գալստանյան։ 1995թ․-ից "հանգուցյալի" անունից 09․12․2024թ․ լիազորագիր է տվել ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Անժելիկա Հարությունի Հարությունյանին։ Ավելին, խմբի մեկ այլ փաստաբան՝ Հովհաննես Խուդոյանը 09․07․2025թ․ ՀՀ ՊԵԿ-ից տեղեկատվություն է հայցել քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում "հանգուցյալ Վազգեն Գալստանյանի" ստացած եկամուտների ու որպես "Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու տնօրեն 2001թ․-ից ստացած աշխատավարձի մասին։ ՊԵԿ-ն էլ տրամադրել է բոլոր պահանջվող տեղեկությունները, որոնց դեռ առանձին թողարկամբ կանդրադառնանք, քանի որ դրանք մեր որոշ հգոևորականների, եկեղեցական վերնախավի համար միանգամայն այլ բարոյականության հեռանկարներ են բացում։
"Հանգուցյալ" եզրույթի օգտագործումն իմ կողմից ամենևին հեգնանք, քաղաքական սատիրա չեն, այլ այդ անձի հորդորից և առաջարկից բխող քայլ, իսկ կյանքից հեռացածների համար ստիպված ես օգտագործել երջանկահիշատակ կամ հանգուցյալ բառը։
Երբ այս ամենը շարադրեցի, ակամայից ժապավենով աչքիս առաջ եկավ Տավուշում մեր գյուղերը "փրկող" "Սրբազան շարժման" առաջնորդի վիզուալ տեխնոլոգիաներից մեկը՝ գառնուկին գրկած քայլելիս, որը շատերը հեգնանքով նմանեցրեցին Հիսուս Քրիստոսի հետ "ասոցացվելու" մանիայի ու կասկած հայտնող պնդումներ արեցին առկա հոգեվիճակի վերաբերյալ։
Ոչ, ոչ մեկ տարի առաջ մայիս-հունիս ամիսներին, ոչ էլ դատարանում հանգուցյալ ինքնահռչակվելու պահին դեռևս Տաշիր արենան, կամ որ նույնն է՝ ցիրկը դեռ չէր բացվել․․․ Ոչ, այս ամենը նաև Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի որևէ ներկայացումից հատված էլ չէ։ Խոսքը նաև նրա մասին չէ, որ պետական մարմինները, տվյալ դեպքերում ձերդ փաստաբանական գերազանցություն Խուդոյանի հարցմանը պատասխանած ՊԵԿ-ը կամ հայցադիմումը վարույթ ընդունած դատավոր Անի Քարահեյանը չէին առաջնորդվելու անձի հոգեբանական անբացատրելի ու անըմբռնելի դրսևորումներով ու մերժեին տեղեկություններ տրամադրել հանգուցյալ անձի մասին այն էլ նրա երկնային կյանքի ժամանակահատվածի համար, կամ մերժեին վարույթ ընդունել մի անձի հայցադիմում, ով վաղուց հանգուցյալ է։
Խոսքը հանրության առջև ցուցադրված երկակի բարոյականության մասին է։ Միայն։ Դատարանում ու հավատացյալ հոտի առջև հանդես գալ մի դերով ու կերպարով, բայց երբ պետք է ստորագրել թղթերի տակ, սուսուփուս ստորագրում ես այնպես, որը դեմ է դատարանում քո ինքնահուղարկավորությանը կամ հռչակած "սկզբունքներին ու արժեքներին"։ Մի խոսքով՝ որ պահին ոնց "ճիշտ է", այդպես ես վարվում։ Պե՞տք է ներկայանալ ազգի/մարդկության փրկչի դերով, խաղա Հիսուսի դերը․․․ Պե՞տք է խուսափել հայցադիմումի համար պետք տուրք վճարելուց, որովհետև գիտակցում ես, որ դատարանում մեծ հավանականությամբ պարտվելու ես, քանզի հայցադիմումդ թույլ է, ուրեմն "հանգուցյալի" անունից դիմիր ՊԵԿ-ին, դատարան․․․
Այսպես են ապրել ու ապրում․ թղթերով եկամուտ չունեն կամ դրանք այնքան համեստ են, որ սրտից թույլ մարդը ձեռքն արագ գրպանն է տանում, որ մի բան տա, թեպետ թանկարժեք Լեքսուս են քշում, անգամ կարող են թույլ տալ այն նվիրել ԼՂՀ "նախագահին", ումից կառավարությունը ծառայողական ավտոմեքենան ետ էր վերցնում։ Կարող են իրենց թույլ տալ ապրել բավական թանկ առանձնատանը, որովհետև ընկերները "շատ շռայլ են", կարող են համեստ աշխատավարձով ու քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում եկամուտ ստացած չլինելով ամսիներով վարձել Երևանի Անի գրանդ հյուրանոցի մի համար, թող որ՝ ամենաէժանը, այդտեղ վարձակալել սրահներ ամենատարբեր քննարկումների համար մեծ ու փոքր դահլիճներ, էլ չասած՝ առաջնորդել զանգվածային ակցիաներ, որոնց կազմակերպական ու ֆինանսական ասպեկտը հազարապատիկ գերազանցում են Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու տնօրենի պաշտոնում տասնամյակներով ստացածդ համեստ աշխատավարձների ամբողջ հանրագումարը․․․ Ի վերջո՝ Հանրապետության հրապարակում մեծագույն բեմեր են տեղադրվել, ձայնային տեխնիկա վարձակալվել ու այսպես շարունակ։ Բայց այս ամենի կողքին թղթերի վրա տեսնում ես այլ աշխարհ՝ ճիշտ և ճիշտ նման "հանգուցյալ Վազգենի" ու "հիսուսացող Բագրատ սրբազանի" հակադիր աշխարհները․․․
Ու այս ամբողջը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ողջ հոգևոր դասի աչքի առաջ ու անունից․․․ Դեհ, այս ամենն արձանագրող ու տեսնող հավատացյալ քրիստոնեաներիս աչքերը դեռ հեչ․․․ Որովհետև նրանք բոլորը գիտեն, թե ո՞վ և ինչպե՞ս է ապրել ու ապրում, անկախ նրանից թե որքան "սրբազան", "վեհափառ" ու "ճաճանչափայլ" է տվյալ անձի հոգևոր սանը․․․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ասած՝ "կարևորը թղթերով ամեն ինչ կարգին լինի"․․․ Իսկ թղթերով նրանք մի համեստ, մի ժուժկալ, մի սուրբ, մի հավատավոր մարդիկ են․․․ Բայց կյանքում՝ թանկագին լեքսուսներով, առանձնատներում ու հյուրանոցներում ապրող և ձետքի հետ ազգի փրկության զանգվածային միջոցառումների վրա ծախսող․․․
Երևի հռետորական հարցիս պատասխանը, որը կարող էի տալ եկեղեցու վերնախավին ու անձամբ Կտրիճ Ներսիսյանին, բայց անպատասխան մնալ /ինչպես որպես կուսակրոն զավակ և ընտանիք ունենալու ու նրան(ց)ից հրաժարվելու մասին մինչ այժմ անպատասխան հարցերը/ այնտեղ է, որ որևէ մեկին կուսակրոն քահանա կարգելիս իսկաես նրա մեջ մեռցնո՞ւմ են "Վազգեններին, Գևորգներին" ու նրանց հոգին․․․ Միգուցե՞ այդ ծիսականացված հուղարկավորության ու առաջացված դատարկության մեջ է հայտնվում "փրկիչը"՝ գառան մորթով կամ Հիսուսի վիժուալներով․․․ Եվ վերջապես, եթե անգամ նման փիլիսոփայական հարցեր էլ ուղղեի Կտրիճ Ներսիսյանին, լավագույն դեպքում ինձ էլ ամոթանք կտար, թե ինչու եմ ակնարկում Վազգեն Գալստանյանի համեստ աշխատավարձն ու իմ համեստագույն մեքենայից տասնյակ անգամներ թանկ նրա Լեքսուսը, ինչպես որ ամոթանք էր տվել Կճոյանի բենթլիի մասին հարցին․․․
Կամ էլ սա ինչ-որ իռացիոնալ ֆենոմեն է, բայց դա արդեն հոգեբուժների, հոգեբանների, դատահոգեբան-փորձագետների տիրույթի հարց է․․․
Իսկ մենք սկսում ենք եկեղեցականների, եկեղեցու շրջանակներում ստեղծված կազմակերպությունների կամ դրանց միջոցով բիզնեսների, գործարարության, ներկրման-արտահանման ու նմանատիպ գործունեության ուսումնասիրությունների, դրանցում ներգրավված եկեղեցականների մասին հետաքնությունների շրջանը․․․
Հանուն արդարության, Կտրիճ Ներսիսյանը այս ամենի համար պետք է շնորհակալություն հայտնի Վազգեն Գալստանյանին ու նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանին․․․ Չլիներ նրանց հայցադիմումը, դժվար այսքան մոտիվացվեի դուրս գալ ծուլության գոտուց․․․
Շրջանը թեժ է լինելու։