ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1918թ․ Օսմանյան կայսրության՝ Հարավային Կովկասում Իրանի Ադրբեջան երկրամասում համանուն պետություն ստեղծելու նպատակը այդ երկրամասը գրավելն էր։ Այլ կերպ ասած, նորաստեղծ գոյացումն իր էությամբ հակաիրանական է եղել և է։ Իսկ ԽՍՀՄ-ը ոչ միայն նույն նպատակով ընդունելի համարեց այդ անվամբ երկիրը, այլև Երկրորդ աշխարհամարտից հետո քայլեր կատարեց դա կյանքի կոչելու ուղղությամբ։
Հօգուտ ԽՍՀՄ-ի Իրանի թուրքախոս այդ տարածքներում Ադրբեջանական ԽՍՀ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Միրջաֆար Բաղիրովի աջակցությամբ անջատողական տրամադրություններ հրահրվեցին, ինչն Իրանի ողջ պատմության ընթացքում հայրենասիրությամբ աչքի ընկնող այդ երկրամասում աննախադեպ էր։ ԽՍՀՄ-ը, հրաժարվելով պատերազմի ավարտից հետո, պայմանավորվածության համաձայն զորքերը դուրս բերել Իրանի հյուսիսից, ստեղծեց «ինքնավարություն», որը շատ կարճ կյանք ունեցավ։ ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի ճնշումների ու այդ երկրի վարչապետ, հմուտ դիվանագետ Ահմադ Ղավամոլսաթանեի ջանքերով զորքերը դուրս բերվեցին, վերջ դրվեց այդ պատմությանը։ Սակայն շահագրգիռ ուժերի՝ ԽՍՀՄ-ի ու նկրտումների պատճառով, այդ գաղափարը լիովին չմարեց երկրամասում։
Հավելենք նաև, որ Իրանի Ազարբայեջան աշխարհամասը նախաիսլամական ժամանակաշրջանում հնչել է Աթուրփաթաքան (Āturpātākān), Ազարբադըգան(Ād̲h̲arbād̲h̲agān), Ազարբայագան (Ād̲h̲arbāyagān), իսկ այսօր՝ Ազարբայեջան (Āzerbāydjān) տարբերակով, հայերենով՝ Ատրպատական։ Ազայբայեջան տարբերակը, որը տարածվել է հետիսլամական շրջանում, Ազարբայեգանի արաբացված տրաբերակն է։ Քանի որ արաբերենում «գ» հնչյուն չկա պարսկերենից արաբերեն անցած բառերում «գ» հնչյունը դարձել է «ջ», օրինակ թագ՝ թաջ, թարգման՝ թարջոման և այլն այդպես էլ Ազարբայեգանը դարձել է Ազարբայեջան։ Ազերբադժանն էլ ռուսացված տարբերակն է։
Օսմանյան կայսրության ծավալապաշտական նկրտումների ծնունդ, և ըստ էության՝ շինծու այդ երկիրը, ինչպես հայտնի է, իր ծննդյան «փուչ օրից» զուգահեռաբար թիրախ է դարձրել Հայաստանը։ Ադրբեջան կոչված երկրի բնակչությունը դաստիարակվում է Իրանի և Հայաստանի նկամամբ թշնամական ոգով, տարածքային հավակնություններով՝ Հայաստանն անվանելով «Արևմտյան Ադրբեջան», և որ Ադրբեջանին են «պատկանում» նաև Իրանի մի շարք նահանգներ։ Պարզապես եթե խոհրդային շրջանի դասագրքերում Բաքվի համար մեկ թշնամին Իրանն էր, իսկ Հայաստանը երկրորդ տեղում էր, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ «պատվավոր» կոչումն ստացել է Հայաստանը, իսկ Իրանը երկրորդ տեղում է։ Այսօր արդեն թուրքերը մտացածին «Զանգեզուրի միջանցքի» պատրվակով թիրախավորել և սպառնում են հնամյա երկու երկրներին, թերևս՝ նույն հարթության վրա։
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԵՀՐԱՆԻ ՍԽԱԼ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Թեև Իրանի Իսլմական Հանարապետությունը (ԻԻՀ) ևս ի սկզբանե տարածաշրջանում նորագոյացման շարժառիթը գիտակցել է, սակայն,ս ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված, ձգտել է սերտ հարաբերություններ հաստատելու Ադրբեջանի հետ։ Արցախյան հիմնախնդրում, հակառակ իր շահերին, առավելապես հակված է եղել Բաքվի կողմը՝ պաշտպանելով նրա «տարածքային ամբողջականությունը», անգամ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Ըստ երևույթին Թեհրանը չէր պատկերացնում, որ, Հայաստանից զատ, նաև Իրանն է այդ պատերազմի թերախը, ինչի համար Հայաստանի «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանը կանաչ լույս էր վառել Թուրքիայի առաջ, որը նպատակամղված էր իրականացնելու իր նեոօսմանական ծրագրերը։
Ավելին, 2020 թ․ նոյեմբերի 9-ի ՀՀ-ԱՀ-ՌԴ հայտարարության առիթով պաշտոնական Թեհրանը, ողջունելով հրադադարը, շնորհավորել էր Բաքվի հաղթանակը, միաժամանակ նշել, որ եռակողմ հայտարարության որոշ դրույթներ առկա են եղել նաև Թեհրանի առաջարկած նախագծում: ԻԻՀ-ը կրկին կարևորել էր տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անփոփոխ լինելու սկզբունքները, փախստականների վերադարձը, ինչպեսև՝ փոքրամասնությունների իրավունքները հարգելը և օտարերկրյա (թուրքական) ուժերի ու թաքֆիրական (դաիշական) ահաբեկիչների դուրսբերումը տարածաշրջանից։
Մինչդեռ ԻԻՀ-ի փորձագիտական շրջանակների արձագանքը գլխավորապես համապատասխան էր իրականությանը: Տարածաշրջանի հարցերով փորձագետ Էբրահիմ Ֆարահանիի վերլուծությունները, մասնավորապես «Թուրքիան ղարաբաղյան պատերազմի հիմնասյուներից է» վերնագրով վերլուծականի, հոդվածի, հարցազրույցի և այլ ձևաչափերով, տեղ էին գտել իրանական բազմաթիվ ԶԼՄ-ներում, այդ թվում՝ mashreghnews.ir, khabarfarsi.com, khabarpu.com, jahannews.com և այլն, որտեղ նա անդրադառնում է եռակողմ հայտարարությանը: Նշյալ հրապարակումներում փորձագետը շեշտել է, որ, փոխհամաձայնությամբ իրականություն են դարձել Ռուսաստանի ռազմավարական նպատակները՝ տարածաշրջանում նրա զորքերը տեղակայելով, ինչը ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր նրան չէր հաջողվում: Ապա նա շեշտել է, որ Իրանն ու նրա առաջարկած նախագիծը համաձայնության հարցում որևէ դերակատարություն չեն ունեցել, քանի որ Թեհրանը Միջին Ասիայում և Կովկասում չունի ռազմավարական այն կշիռը, որը պետք է ունենար[1]: Ֆարահանին, խոսելով Թուրքայի դերի մասին, կարեւորել է նաեւ, որ վերջինս պատերազմը հրահրող ու ստորագրված համաձայնության գլխավոր դերակատարներից է, հավելելով, որ եթե Պուտինն ու Էրդողանը համաձայնության չգային այդ հարցում, Հայաստան-Ադրբեջան համաձայնություն չէր լինի: Նա նշել է, որ Թուրքիան, հրահրելով ազգայնական բնույթ կրող պատերազմը, նաև նպատակ ուներ երկրում առաջացած ճգնաժամը տեղափոխել երկրի սահմաններից դուրս: Պատերազմի արդյունքներն էլ զգալիորեն հօգուտ Թուրքայի են[2]: Հավելենք նաև, որ տվյալ հայտարարության 9-րդ կետի առնչությամբ այն ժամանակ Իրանի ԱԳ առաջին փոխնախարար Արաղչին Իրնա գործակալությանը տված հարցազրույցում շետել էր, թե Իրան-Հայաստան սահմանը պահպանվում է, և որ Թեհրանը բանակցել է ռուսական կողմի հետ, իսկ ճանապարհի կառուցման հարցում առկա են բազմաթիվ հարցականներ[3]:
2020 թ․ դեկտեմբերին 10-ին, երբ, Էրդողանի մասնակցությամբ Ադրբեջանը մեծ շուքով տոնում էր «հաղթանակը», պաշտոնական Թեհրանը հասկացավ, որ թուրքերի հաջորդ նշանակետը ԻԻՀ-ն է։ Այդ օրն Էրդողանը, ոգևորված «հաղթանակով», ինչը համարում է Թուրքիայի նվաճումը, անզգուշաբար սրտի խոսքն է ասում ԻԻՀ-ի թուրքախոս տարածքների նկատմամբ ծավալապաշտական իր նկրտումների մասին։ Սա՝ այն դեպքում, երբ Հայսատանի պարտությունը նաև ԻԻՀ-ին էր լուրջ հարված, ինչը վերջինս առաջին անգամ իր մաշկի վրա զգաց պատերազմի ավարտից թերևս անմիջապես հետո, երբ Մեղրի-Երևան ավոտճանապարհի մի հատվածը Բաքվի պահանջով դարձավ այդ երկրի տարածք, որի վրա վերահսկողություն հաստատելով՝ իրանցի վարորդներից մաքսային տուրք պահանջվեց։ Այնուհետև Ալիևն ու Էրդողանն օրակարգ բերեցին «Զանգեզուրի միջանցքի» հարցը, ինչը թերևս վերջնականապես սթափեցրեց Իրանին, այն է՝ դա լուրջ սպառնալիք է վերջինիս ազգային անվտանգության՝ տարածքային ամբողջականության, տնտեսական որոշակի շահերի ու աշխարհաքաղաքականության համար։
Նախքան անդրադառնալը հոդվածի բուն թեմային՝ «Զանգեզուրի» չարաբաստիկ «միջանցքի» հարցին, հարկ է նշել, որ դրան առնչվող հիշյալ 9-րդ կետի վտանգը ակնհայտ էր ի սկզբանե և նկատելի՝ անզեն աչքով։ Քանզի քաղաքական որևէ ոլորտի ու տարածաշրջանի, և ոչ միայն, խնդիրների վերաբերյալ ճիշտ գնահատական տալու և դրա բացասական ու դրական կողմերը ճիշտ ընկալելու համար գուշակության ընդունակություն ու մեծ տաղանդ հարկավոր չեն։ Դրա համար ընդամենը անհրաժեշտ է տիրապետել տվյալ խնդրին առնչվող բազմակողմանի տեղեկատվությանը, ճանաչողականությանն ու փազլի տարաձև բեկորները ճիշտ տեղադրելուն։
Օրինակ՝ երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, շատերի կարծիքով՝ այն ավարտվելու էր առավելագույնը մեկ ամսվա ընթացքում, մինչդեռ իրականում ենթադրելի էր, որ դա տեղի է ունենալու ԽՍՀՄ-ի և Արևմուտքի մասնավորապես ԱՄՆ-ի՝ Աֆղանստանում պրոքսի ուժերի մասնակցությամբ պատերազմի սցենարով, որտեղ հաղթեց ԱՄՆ-ը։ Տասնամյա (1979-1989թթ․) այդ պատերազմում ԽՍՀՄ-ի կրած տնտեսական մեծ վնասները և կենդանի ուժի մեծ կորուստները դարձան դրա փլուզման գլխավոր պատճառներից։ Ահա թե ինչու ի սկզբանե տեսանելի էր, որ ռուս-ուկրաինական պատերազմը ևս երկարատև է լինելու․ եթե ոչ 10, ապա առնվազն 3-4 տարի, ինչի ընթացքում Ռուսաստանը տնտեսապես խիստ թուլանալու է, հաշվի առնելով նաև այդ երկրի դեմ տնտեսական սահմանափակումները։ Նույն կերպ էլ կանխատեսելի էր Իսրայել-Պաղեստին պատերազմի ընթացքը։ Հենց նման սկզբունքով տեսանելի էր նաև, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ 9-րդ կետը Հայաստանի համար ամենավտանգավորն է, որին տողերիս հեղինակը, սկզբից ևեթ, բազմիցս անդրադարձել է։ Դրանում նշված է․
«9. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:
Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը[4]»։
Թեպետ վերջին պարբերությունը ևս որոշ չափով վտանգ է պարունակում, սակայն իրական լուրջ վտանգը՝ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմիններին հանձնելն է։ Քանի որ 4-րդ կետում նշվում է, որ Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի զորակազմը մնալու է 5 տարի, որից հետո միայն երկու կողմի համաձայնությամբ դա պիտի երկարաձգվեր։ Մինչդեռ առավել քան ակնհայտ էր, որ Բաքուն բնավ էլ չէր համաձայնի երկարաձգմանը, ուստի Ռուսաստանը պետք է ձգտեր զորակազմ ունենալու Հայաստանի հարավում 5 տարի տրանսպորտային հաղորդակցության «անվտանգությունն ապահովելու» պատրվակով։ Իսկ դա, բնականաբար, հարված էր լինելու Հայաստանի ինքնիշխանությանն ու առիթ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի համար, որպեսզի պահանջեն հետագայում իրենք վերահսկել այն։
Բացառված չէր նաև, որ պայմանավորվածություն լիներ վերահսկումն իրականացնելու Սիրիայի Իդլիբ նահանգի, ինչո՞ւ ոչ՝ նաև Լաչինի միջանցքի օրինակով, իսկ նման համագործակցության փորձ Ռուսաստանն ու Թուրքիան ունեին։ Սիրիայի Իդլիբ նահանգը, մինչև նախագահ Բաշար Ասադի տապալումը, վերահսկում էին թուրքերն ու նրանց հովանու ներքո գտնվող ահաբեկչական տարբեր խմբավորումները՝ «Հայաթ ալ թահրիր ալ Շամի» (Սիրիայի ազատագրության կազմակերպություն) գլխավորությամբ, որին ՄԱԿ-ը և տասնյակ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ը, Ճապոնիան, թեև զավեշտական է հնչում՝ Թուրքիան, ներառել էին ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։ Սակայն այդտեղ Ռուսաստանի հետ առճակատումից հետո Էրդողանի պնդմամբ 2020 թ․ մարտի 5-ին Մոսկվայում տեղի ունեցավ Պուտին-Էրդողան հանդիպում, որտեղ կողմերը համաձայնության եկան M4[5] ռազմավարական նշանակությամբ մայրուղու՝ Իդլիբով անցնող 70 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր կողմում 6-ական կմ խորությամբ համատեղ պարեկություն իրականացնելու մասին, ընդ որում՝ հյուսիսային հատվածը ռուսական ուժերն էին վերահսկում, իսկ հարավայինում թուրքական ուժերն էին։
Ինչպես գրել էր MDEAST NEWS-ը՝ այդ մայրուղին, Սիրիայում դիրքերն է՛լ ավելի ամրապնդելու նպատակով չափազանց կարևոր նշակություն ուներ Ռուսաստանի համար։ Այլ կերպ ասած, Թուրքիան «Հայաթ ալ թահրիր ալ Շամի» կազմը ընդլայնում է միջինասիական «կամավորներով», որոնց զորավարժությունները, փաստորեն, իրականացվել են Ռուսաստանի իմացությամբ, նրա զինվորների աչքի առաջ, հետևաբար՝ բացառված չէ նաև, Սիրիայում տեղի ունեցածը ռուսական կողմի հետ համաձայնեցված է եղել։ Ինչևէ, թուրք-ռուսական հիշյալ պայմանավորվածությունը գրեթե հավասարազոր է ԱՄՆ-ի «Կեսարի օրենքին[6]»։ Ըստ նշյալ աղբյուրի՝ «Կեսարի օրենքի» հաստատմամբ՝ Վաշինգտոնի նպատակը Սիրիայի վերականգնման առնչությամբ վերջին խոսքն ասելն էր [7]։ Ի դեպ, բացառված չէ նաև, որ հենց այդ համաձայնությամբ էր պայմանավորված արցախյան 44-օրյա պատերազմի առնչությամբ Թուրքիայի առաջ կանաչ լույս վառելը։
Այսուհանդերձ, Հայաստանում եղան կարծիքներ, որոնց համաձայն այդ փաստը՝ հաղորդակցուղիների բացումը, գնահատվեց որպես հայտարարության դրական կետ։ Ավելին․ լիովին ենթադրելի էր, որ 2025 թ․, երբ Ադրբեջանի պահանջով, ռուսական զորքերը դուրս կբերվեին Արցախի Հանրապետությունից, Մոսկվան իր ռազմական, և ընդհանրապես՝ ներկայությունը Հայաստանում ամրապնդելու նպատակով առաջ էր քաշելու չարաբաստիկ «միջանցքի» հարցը։ Մյուս կողմից՝ ակնհայտ էր, որ առաջին հերթին Անկարան «Զանգեզուրի միջանցքը» դիտում է որպես իր նեոօսմանական քաղաքականությունը կյանքի կոչելու ուղղությամբ կարևորագույն քայլ, անտեսելով, որ Հայաստանը չի համաձայնելու օտար ուժերի կողմից վերահսկվելիք միջանցք տրամադրելուն։ Բայց և այնպես, հանուն արդարության, նշենք, որ մինչև 2024 թ․ օգոստոսը Ռուսաստանն այս հարցի կապակցությամբ գրեթե կրավորական վերաբերմունք ուներ, սակայն, վերջին 2-3 տարիների զարգացումներով ու սեփական շահերով պայմանավորված կանգնեց թուրքերի կողքին։ Թերևս հենց «միջանցքի» գաղափարով ոգևորված Էրդողանը, Բաքվում կազմակերպված «հաղթանակի» ճոխ տոնին իր ելույթում, չկարողանալով զսպել ուրախությունը, ակամա խոսեց նաև համաթյուրքական նպատակների հաջորդ քայլի մասին՝ Իրանի թուրքախոս տարածքների նկատմամբ տարածքային հավակություններ ներկայացնելով, ինչը հանգեց երկու երկրների փոխհարաբերությունների լարվածության։
Ինչպես նշել էինք՝ Թուրքիայի համաթյուրքական, նեոօսմանական նկրտումները, 44-օրյա պատերազմին անմիջական մասնակցությունը ուղղված էին ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի ազգային անվտանգությանը: Հետևաբար, կարելի է նշել, որ թուրք-ադրբեջանական նախահարձակման հետևանքով մեր անհաջողությունը նաև Իրանի ձախողումն էր, ինչը, ի տարբերություն պաշտոնական Թեհրանի, բարձրաձայնվեց Իրանի որոշ ԶԼՄ-ներում ու վերլուծական շրջանակներում՝ խիստ քննադատելով Թուրքիային՝ որպես պատերազմ հրահրողի ու կրակի վրա յուղ լցնողի:
ՀԱՅԱՍՏԱՆ
Երբ Բաքուն ու Անկարան սկսեցին խոսել իրենց երազած թյուրքական աշխարհը միասնական դարձնող «Զանգեզուրի միջանցքի» մասին, հղում անելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, պաշտոնական Երևանը, հերքելով նման տեսակետը տվյալ կետի առնչությամբ, շեշտել է, որ դա վերաբերում է ճանապարհների վերաբացմանը, որի իրականացմանը պատրաստ է։ Հայկական կողմը միաժամանակ ընդգծել է, որ Բաքվի և Անկարայի խոսույթում շահարկվող «միջանցքի» հարցը Հայաստանի համար կարմիր գիծ է, և որ չի պատրաստվում իր տարածքով վերազգային «միջանցք» տրամադրելու՝ որևէ օտար երկրի վերահսկողությամբ։
Իրականում հիշյալ հայտարարությունը, ինքնաբերաբար ուժը կորցրած պետք է համարել, քանի որ հայտարարության օբյեկտը փաստորեն, կողմերի վկայությամբ, վերացել է, այլևս չկա Արցախի Հանրապետությունը, իսկ այն վերաբերում է Արցախի Հարապետություն-Ադրբեջան պատերազմի հրադադարին։ Պատերազմ, որն սկսվեց Թուրքիա-Ադրբեջան տանդեմի ներխուժմամբ, ընթացավ՝ շուրջ 70 տոկոսով Իսրայելից ներմուծված արդիական զենքերի կիրառմամբ, որոնք պատերազմում որոշիչ դեր ունենցան։ Բացի դրանից Ադրբեջանին աջակցում էր Պակիստանը, իսկ Թուրքիան, նաև ԻԻՀ-ի տարածքով, իր աճեցրած սիրիական ահաբեկինչերին Ադրբեջան էր բերել դեռևս 2020 թ. օգոստոսին[8]: Այսօր արդեն Արցախի Հանրապետությունը փաստացի գոյություն չունի՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի ստանձնած պարտականությունները չկատարելու պատճառով, իսկ Հայաստանը ոչ միայն կատարել է հայտարարության իրեն վերաբերող բոլոր կետերը, այլև պատրաստակամ է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տրամադրելու:
Այս առնչությամբ հատկանշական են ոչ միայն իրանցի փորձագետների, այլև պաշտոնյաների տեսակետները։ Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ, համակարգի նպատակահարմարությունը բնորոշող վեհաժողովի իսկական անդամ Քամալ Խարազին, ի պատասխան «Զանգեզուրի միջանցքի» կապակցությամբ Բաքվի և Անկարայի հավակնություններին, ընդգծել է, որ այդ միջանցքը, ինչպես Բաքուն էր նշում, տրվելու էր Լաչինի միջանցքի դիմաց, իսկ հիմա երբ արդեն «լուծվել է» «Ղարաբաղի հարցը», այլևս Լաչինի «միջանցքը» իմաստը կորցրել է։ Բնականաբար, նման պահանջն անհեթեթ է և չունի որևէ տրամաբանական արդարացում[9]։
Ավելին․ անգամ ադրբեջանամետ կողմնորոշմամբ «Ռադիո ֆարդան» («Ազատություն» ռադիոկայանի պարսկերեն ծառայություն), այս հարցին անդրադառնալով, նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի միջնորդությամբ 9 կետից կազմված հրադադարի համաձայնագիր է ստորագրվել, որի 9-րդ կետի համաձայն՝ Ադրբեջանը բացում է Հայաստանը «Խանքենդիին»[10] կապող Լաչինի միջանցքը՝ իսկ Երևանը վերաբացում է Զանգեզուրի ճանապարհը, որպեսզի Ադրբեջանը հաղորդակցվի Նախիջևանի հետ՝ պայմանով որ այդ ճանապարհները վերահսկեն ռուս խաղաղապահներն ու թուրք դիտորդները[11]։ «Ռադիո ֆարդան» շարունակել է՝ սակայն 2023 թ․ աշնանը Ադրբեջանի Հանրապետությունը «որոշ գործողությունների» արդյունքում Լեռնային Ղարաբաղը «հետ վերցրեց»։ Հետևաբար, խաղաղապահների մնալու անհրաժեշտությունը վերացավ, և ռուս խաղաղապահները Ղարաբաղից ու Լաչինից հեռացան։ Ուստի Զանգեզուրի միջանցքի հարցը կարող է լուծվել, երբ կողմերի միջև կկնքվի խաղաղության համաձայնագիր, միջանցքը կբացվի և այն կվերահսկի և անվտանգությունը կապահովի Հայաստանը։
Բացի այս ամենից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թ․ հունիսի 20-ին, ելույթ ունենալով 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում, մասնավորապես շեշտել է, որ նոյեմբերի 9-ի առավոտյան ստորագրել է փաստաթուղթ, սակայն, այդ փաստաթուղթը եղել էր եռակողմ հայտարարության նախնական տարբերակը միայն, որտեղ խոսք չի եղել Շուշիի հանձնման, Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվել է միայն ռազմական գործողությունների դադարեցման, 7 շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին։ Ըստ Փաշինյանի՝ ինքը ստորագրել է այդ տարբերակը, սակայն Ադրբեջանը դրանում փոփոխություններ է առաջարկել, որոնք արդեն հայկական կողմի համար են անընդունելի եղել։ Նա ասել է, թե այդ պատճառով էլ փաստաթուղթը ուժը կորցրած է համարվել։ Ապա շարունակել է․ «Ի վերջո բարդ, տևական քննարկումներից հետո ես ստորագրեցի այն փաստաթուղթը, որը հայտնի է բոլորիդ, որն, իհարկե, ավելի վատն էր՝ քան առավոտյան տարբերակը, բայց ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, որոնցից մեկը Մեղրիի միջանցք էր նախատեսում, մյուսը՝ Տավուշի մարզի անկլավների վերադարձը[12]»։ Նշվածից կարելի է, ենթադրել, որ Բաքուն «միջանցքի» խնդիրն օրակարգ է բերել վերադասի՝ Էրդողանի պահանջով, ինչը, բնականաբար, նաև համահունչ է իր համաթյուրքական ընկալումներին։
ՏԱՆՈՒԼ ՏՐՎԱԾ ԿՈԳՆԻՏԻՎ ԵՎ ՊԱՏՈՒՄԱՅԻՆ (ՆԱՌԱՏԻՎԱՅԻՆ) ՊԱՏԵՐԱ՞ԶՄ
30 տարի սեփական դիտարկումների հիման վրա, բազմիցս շեշտել ենք, որ Հայաստանը քարոզչական ոլորտում տանուլ է տալիս․ իր հնարավորությունների սահմաններում որևէ հակազդեցություն ընդդեմ Բաքվի հակահայ բուռն քարոզչության կամ որևէ քայլ չէր կատարում։ Մինչդեռ թշնամին ոչ միայն քաղաքական հարցերի վերաբերյալ միջազգային հանդիպումներում ու հավաքներում, այլեւ բոլոր հարթակներում, այդ թվում՝ գիտական, անգամ նեղ մասնագիտական սեմինարներում ու համաժողովներում, տարբեր ցուցահանդեսներում՝ գրքի, մամուլի և այլն, ճշմարտությունը խեղաթյուրելու, Հայաստանը «զավթիչ, ցեղասպան» ներկայացնելու համար որևէ առիթ բաց չէր թողնում։ Սա՝ այն դեպքում, երբ Հայաստանը ճշմարտությունն ասելու բազմակի շատ փաստեր ուներ, սակայն հնարավորությունները չօգտագործվեցին, իսկ արդյունքն ավելի քան ակնհայտ է։ Այսօր էլ իրողությունների ու փաստերի խեղաթյուրումը նույն կեպ շարունակվում է, երբ Անկարայի և Բաքվի օրակարգում «Զանգեզուրի միջանցքի» հարցն է։
Այս հարցում, ինչպես Հայաստանը, Իրանը նույնպես տանուլ է տվել՝ հակառակ Բաքվի հետ իր «եղբայրական» փոխհարաբերություններին, ինչի մասին վկայում են իրանցի փորձագետների վերլուծությունները։ 2024թ․ սեպտեմբերի 12-ին իրանյան Didarnews վերլուծական կայքը Ռուսաստանի հարցերով հայտնի երկու փորձագետի՝ դոկ․ Էլահե Քուլաիի և դոկ․ Հասան Բեհեշթիփուրի մասնակցությամբ «Զանգեզուրի միջանցք» թեմայով բացառիկ Կլոր սեղան էր հրավիրել։ Դոկ․ Բեհեշթինփուրը, անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք» անվանը, խոսել է Ադրբեջանի քարոզչության ոլորտում հսկայական ջանքերին մասին, որոնք արդյունավետ է գնահատել, ապա նշել է, որ Իրանը այդ ոլորտում լուրջ խնդիր ունի։ Նա ընդգծել է, որ Ալիևը, Արցախյան երկրորդ պատերազմից հետո հաղթանակով արբեցած, տարածքային հավակություններ է դրսևորել Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ՝ պատճառաբանությամբ, թե դա երբևէ Ադրբեջանի մաս է կազմել, և Սյունքն անվանում է Զանգեզուր։ Այնուհետև Ալիեւը ջանք չի խնայել միջազգային մակարդակով այդ անունը ընդունելի դարձնելու ուղղությամբ՝ «ֆինանսավորելով» բազմաթիվ փորձագետների, ԶԼՄ-ների։ Կարճ ասած՝ Ադրբեջանը քարոզչության զենքով կարողացել է այն ընդունելի դարձնել աշխարհի մակարդակով․ հիմա արդեն բոլորը Սյունքով անցնող ճանապարհը, ինչպես Ադրբեջանն է անվանում, կոչում են «Զանգեզուրի միջանցք»[13]։ Նշենք նաև, որ եթե իրանական որոշ վերլուծական կենտրոններ երբեմն-երբեմն նաև որոշ ԶԼՄ-ներ այն անվանում են «Մեղրիի միջանցք», իսկ ընդհանուր առմամբ՝ «ՆԱՏՕաթուրանական», թեև չակերտներով, բայց Հայաստանում էլ «Զանգեզուրի միջանցքը» լիովին համատարած է դարձել։
Իրանցի փորձագետը շեշտել է նաև, որ Բաքվի ու Անկարայի բուն նպատակը Սյունիքի մարզը գրավելն է, որպեսզի ցամաքով միասնություն ապահովվի թյուրքական աշխարհի համար, ինչը Թուրքիայի ռազմավարական նպատակն է։ Բեհեշթիփուրը միաժամանակ ցուցադրել է եռակողմ հայտարարության պարսկերեն ու անգլերեն տարբերակները, շեշտելով, որ հայտարարության մեջ տվյալ կետում «միջանցք» եզրույթը ընդհանրապես բացակայում է, մինչդեռ քարոզչությամբ թուրքերին հաջողվել է միջազգային մակարդակով այն օրակարգային դարձնել։
Այժմ, երբ նաև Մոսկվայի օրակարգում է հայտնվել չարաբաստիկ «միջանցքի» հարցը, իսկ վերջինս, ինչպես միշտ, հանուն իր ավելի խոշոր կամ հրատապ շահերի, զոհաբերել է համեմատաբար փոքրերը, որտեղ մեծիմասամբ զոհասեղանին են հայտնվում Հայաստանի շահերը, ինչում նաև մենք ունենք մեր մեղքի բաժինը, սակայն այս պարագայում Հայաստանի համար դա գոյաբանական նշանակություն ունի, քանի որ թուրքերը նպատակամղված են դրանով Հայաստանին մահացու, իսկ Իրանին` աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական(geoeconomics) հարված հասցնելու:
Ահա թե ինչու Բաքուն ու Անկարան, և՛ պաշտոնական շրջանակների, և՛ գիտա-փորձագիտական ու ԶԼՄ-ների մակարդակով, եռակողմ հայտարարությունը ներկայացնում են որպես համաձայնություն, որով իբր թե Հայաստանը պարտավորվել է իր տարածքով նման «միջանցք» տրամադրել, սակայն չի կատարում ստանձնած պարտավորությունը։ Զարգացումների նման ընթացքին Հայաստանի արձագանքը ոչ միայն քարոզչական ոլորտում համարժեք չէ, այլև անհամեմատ թույլ է։ Հայաստանը հազվադեպ է պատասխանում Ալիևի սադրիչ, պարտադրող, իրականությունը խեղաթյուրող հայտարարություններին։ Այս առումով կարող ենք մատնանշել ՀՀ ԱԳ նախարարության 2021թ․ դեկտեմբերի 16-ի հայտարարությունը, որը հրապարակվել էր ի պատասխան Ալիևի բարբաջանքների առ այն, որ Հայաստանի կառավարությունից պահանջել էր հստակ ժամկետ նշանակել «Զագեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ։ ԱԳ նախարարության հայտարարության մեջ նշվել էր, որ Ալիևի հայտարարությունները հակասում են եռակողմ հայտարարությանը, ադրբեջանական կողմից պահանջվել էր հրաժարվել սադրիչ գործողություններից ու հայտարարություններից և քայլեր կատարել եռակողմ փաստաթղթի իրականացման ուղղությամբ՝ բացել առևտրատնտեսական հաղորդակցության ուղիները։ Սակայն դրան զուգընթաց Երևանի կողմից ջանքեր չգործադրվեցին կանխելու Բաքվի այդօրինակ ապօրինի պահանջներն օտարերկրյա ԶԼՄ-ներում, միջազգային ատյաններում քննարկման առարկա դարձնելը կանխելու ուղղությամբ։ Հայտարարությունն էլ թերևս միայն շահագրգիռ իրանյան որոշ ԶԼՄ-ներում էր տեղ գտել։
Եվ այս ամենը՝ այն դեպքում, երբ եռակողմ հայտարարության մեջ միջանցք եզրույթը կիրառվել է միայն 3-րդ կետում Լաչինի միջանցքի մասին՝ «3. Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ»։ 9-րդ կետում, ինչպես արդեն նշվել է, խոսքը հաղորդակցությունների վերաբացման մասին է։ Անգամ դրանում ևս շահագրգիռ արևմտյան որոշ երկրների՝ մասնավորապես Մեծ Բրիտանիայի, ԶԼՄ-ները պարզապես այդ կետը դիտարկում են որպես ԽՍՀՄ-ի օրոք գործած երկաթուղի վերաբացում, ինչին Հայաստանը պատրաստակամություն էր հայտնել։ BBC-ն այս առնչությամբ նշել է, որ, նախքան ԽՍՀՄ-ի փլուզումը, Ադրբեջանի Հանրապետությունը Նախիջևանի հետ հաղորդակցվում էր «Զանգեզուրի» երկաթուղով, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին պատերազմի սկզբին՝ 1988թ․, այն դադարեց աշխատել[14]։ Այլ կերպ ասած, խոսքը հենց նման ճանապարհի մասին է՝ առնվազն BBC-ի ընկալմամբ։ Թերևս նման տեսակետ է հայտնում նաև «Գերմանիայի ձայնը» (Deutsche Welle)՝ նշելով, որ դա հին «միջանցք» է և անցյալում՝ Խորհրդային Միության օրոք, գործել է երկաթուղային մի գծով, սակայն, Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած հակամարտության պատճառով, այդ երկաթուղու հարցը վերածվել է լուրջ տարաձայնությունների[15]։
Թերևս առավել ուշագրավ է ԱՄՆ «The American Enterprise Institute-AEI» մտակենտրոնի ավագ փորձագետ Մայքլ Ռուբինի՝ 2021 թ․ նոյեմբերի 9-ին հրապարակած «Թուրքիան և Ադրբեջանը ինչո՞ւ Հայաստանի տարածքով միջանցք չեն ստանա» հոդվածը, որտեղ նա գրել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները ջանք չեն խնայում հրադադարի եռակողմ համաձայնագրում (հայտարարություն) հաղորդակցման ուղիների շրջափակումը վերաբացելու կետը յուրովի մեկնաբանելու՝ որպես Հայաստանի տարածքային ամբողջականության հաշվին միջանցքի տրամադրում, անտեսելով նշյալ կետի առաջին հատվածը՝ ապաշրջափակել ողջ տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային ճանապարհները։ Ռուբինը Էրդողանի ու Ալիևի նման մեկնաբանությունը համարել է անընդունելի և ապօրինի[16]։
Հայաստանի բարձրաստիճան, և ոչ միայն, պաշտոնյաները, ի տարբերություն Թուրքիա-Ադրբեջան տանդեմի, որոնք որևէ պատեհ առիթ բաց չեն թողնում միջազգային հանրությանը «տեղեկացնելու» իրավիճակի մասին, գրեթե միայն այն դեպքում են խոսում, երբ օտարներն են այդ հարցը բարձրացնում։
Միաժամանակ Հայաստանի Կառավարությունը ձգտել է հարցի այլընտրանքային լուծում գտնելու թուրքերի պահանջած «Զանգեզուրի միջանցքի» համար։ Եվ ահա, 2023թ․ հոկտեմբերին ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որին դրական են արձագանքել մի շարք երկրներ,օրինակ՝ ԻԻՀ-ը, ինչը նաև ԶԼՄ-ներում է տեղ գտել։ Վրաստանի խորհրդարանը ողջունել է այն, ԱՄՆ-ի վերաբերմունքը դրական է․ ըստ Արմենպրեսի՝ այս մասին նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպմանն ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ[17]։
Սակայն Ադրբեջանի պատասխանը եղել է բացասական, այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետը։ Նա նշել է․ «Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առնչությամբ Ադրբեջանի առաջին արձագանքն այն է, որ իրենք, կարծես, այլևս հետաքրքրված չեն այդ նախագծով, որովհետև հաղորդակցությունների բացման նախագիծն իրականացնում են Իրանի հետ»: Ռուսաստանի տեսակետը ևս բացասական է։ ՌԴ ԱԳՆ-ի խոսնակ Զախարովան հայտարարել է, որ չի կարծում, թե «Խաղաղության խաչմերուկը» այլընտրանք է Մեղրիին կամ այլ երթուղու, այն ուղղակի տարածաշրջանային հաղորդակցության ապագայի մասին ավելի լայն պատկերացում է[18]։ Բացասական արձագանքներն, անշուշտ, սպասելի էին, հաշվի առնելով, որ այն համհունչ չէ, Մոսկվայի շահերին և թուրքերի թուրանական նկրտումներին։
ԱԴՐԲԵՋԱՆ
Ինչպես արդեն նշվեց, թուրքադրբեջանական տանդեմն արցախյան երկրորդ պատերազմից հետո, նպատակամղված օրակարգային դարձրեց «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Ավելին․ անգամ Ալիևն իր մամուլի ասուլիսներից մեկում խոստովանել է, որ եռակողմ հայտարարության մեջ բնավ կիրառված չէ «միջանցք» եզրույթը, այլ Ադրբեջանը Նախիջևանի կապող ճանապարհները «միջանցք» է անվանել սեփական նախաձեռնությամբ[19]։ Անշուշտ, «նախաձեռնությունը» ինքնանպատակ չէ, այլ հեռուն գնացող նպատակներ է հետապնդում, ինչի մասին արդեն քողարկված ու երբեմն էլ անթաքույց խոսում են Թուրքիան ու Ադրբեջանը՝ իրենց առաջին դեմքերը, բարձրաստիճան պաշտոնյաները, ԶԼՄ-ներն ու փորձագետները։
2020 թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունը ստորագրելուց ի վեր «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելու որևէ առիթ բաց չեն թողնում ոչ միայն թուրք և ադրբեջանցի պաշտոնյաները, այլև՝ ԶԼՄ-ներն ու փորձագետները, որոնք թերևս անթաքույց ակնարկում են իրենց պետությունների նպատակների ու երազանքների մասին, շեշտում, որ այդպիսով վերահսկելու են նաև Հայաստանը։ Ինչպես նշվեց՝ Ադրբեջանի ղեկավարությունը ոչ միայն որևէ առիթ բաց չի թողնում խոսելու չարաբաստիկ «միջանցքի» մասին, այլև շատ հաճախ մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին, մանավանդ որ հակազդեցությունը գրեթե բացակայում է․ հանգամանք, ինչը երբեմն ընկալվում է որպես «լռությունը համաձայնության նշան է»։ Հակազդեցություն կարող է լինել տարբեր առիթներով, միջազգային տարբեր ատյաններում կամ երկկողմ հանդիպումների ժամանակ բարձրաձայնելով Բաքվի՝ ճշմարտությունը խեղաթյուրելու, ապօրինի պահանջներ ներկայացնելու մասին, և այլն։ Ահավասիկ, Ալիևը դեռևս 2022թ․ սեպտեմբերի 16-ին Սամարղանդում տեղի ունեցած Շանհայի համագործակցություն կազմակերպության գագաթնաժողովում հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը կտրուկ մեծացնելու է տարածաշրջանի երկրների միջև փոխադրումների ծավալը և օգտավետ է բոլոր այն երկրների համար, որոնք գտնվում են այդ երթուղու վրա։ Միաժամանակ նա Հայաստանին մեղադրել է սադրիչ գործողությունների համար՝ շեշտելով, որ 2022թ․ սեպտեմբերի 13-ին Հայաստանի զինված ուժերն ընդդեմ Ադրբեջանի սադրիչ գործողությունների էին դիմել, որոնց Ադրբեջանի զինված ուժերը «վճռական ու համարժեք պատասխան են տվել»[20]։
2022թ․ դեկտեմբերի 31-ին, «Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության» օրվա կապակցությամբ իր ելույթում Ալիևը սպառնալով հայտարարել է․ «Հայերը ուզեն, թե չուզեն, «Զանգեզուրի միջանցքը» բացվելու է», ապա հավելել, որ այդ նպատակով իրականացվում են հսկայական աշխատանքներ, և շարունակել՝ «Միջանցքը» ավտոմայրուղի և երկաթուղի է ունենալու։ Նա մեկ անգամ ևս շեշտել է, թե դա անկասկած բացվելու է՝ Հայաստանն ուզի թե չուզի, ընդգծելով, որ իրենք վճռական են այդ հարցում, և աշխատանքները, ըստ ծրագրի, ընթանում, որ իրենց պահանջը արդարացի ու տրամաբանական է, պետք է ճանապարհ բացվի դեպի Նախիջևան, որը Ադրբեջանի անքակտելի մասն է[21]։ Բաքվի բռնապետը կրկին նույն սպառնալիքներն է հնչեցրել 2025թ․ հունվարի 7-ի հայտնի հարցազրույցում՝ Հայաստանին պիտակավորելով որպես «ֆաշիստական» երկիր, ինչից ավելի մեծ խաբեություն հնարավոր չէ։ Սակայն եթե Երևանը ցանկացած պատեհ առիթ, և ոչ միայն, չօգտագործի միջազգային հարթակներում՝ ՄԱԿ-ում և այլուր, դժգոհություն չարտահայտի, չմեղադրի նման պիտակավորման համար, ապա շուտով աշխարհում դա ևս ընդունելի կդառնա։ Եվ բնավ էլ անհրաժեշտ չէ Ալիևին պատասխանել, այլ շարունակ պետք է միջազգային հանրությանը հիշեցնել նման անհեթեթությունների ու սպառնալիքների մասին, որոնք նա հնչեցում է Հայաստանի հասցեին։ Ինչպես Բաքուն է արել ու անում 35 տարի շարունակ, ընդ որում՝ շրջանառելով գլխավորապես հորինվածքներ ու ստեր, որոք միջազգային հանրության կողմից ընդունվել են որպես ճշմարտություն։
Ի դեպ, իրանցի փորձագետների կարծիքով, Ալիևի նման ելույթների հասցեատերը հաճախ ակնհայտորեն Իրանն է, որը 44-օրյա պատերազմից հետո շարունակ պնդել է, որ Հարավային Կովկասի սահմանները փոփոխության ենթակա չեն։ Ըստ ամենայնի, Ալիևի հունվար 7-ի հոխորտանքը «Զանգեզուրի միջանցքի» մասին նաև այս համատեքստում պետք է դիտարկել, հաշվի առնելով, որ այն տեղի է ունեցել Իրանի կրոնական ու ռազմաքաղաքական առաջին դեմք հանդիսացող, հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի (այսուհետ՝ հեղափոխության առաջնորդ) ներկայացուցիչ և Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախագահ Ալի Աքբար Ահմադյանի այցի նախօրեին, որտեղ, անկասկած, Ալիևի հետ հանդիպանը քննարկվել է նաև այդ հարցը։ Կովկասյան հարցերի ավագ փորձագետ Էհսան Մովահեդյանը «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում նախազգուշացրել է, որ եթե հանկարծ Իրանը մի պահ անգամ անուշադրության մատնի Ալիևի ցնորամիտ «Զանգեզուրի միջանցքի» հարցը, իսկ Էրդողանն ու Ալիևը զգան, որ ԻԻՀ-ն երևակայական այդ «միջանցքի» բացման նպատակով իրենց քայլերին ի զորու չէ համարժեք պատասխանել, ապա վայրկյան անգամ չեն հապաղի՝ կհարձակվեն Հայաստանի վրա[22]։
Խոսելով Ադրբեջանի փորձագետների ու ԶԼՄ-ների տեսակետների մասին՝ պետք է նշել, որ բռնապետական այդ երկրում դրանք, բնականաբար, արտահայտում են հիմնականում իշխանության տեսակետները։ Բայց և այնպես, հաշվի առնելով, որ այդ երկրի քաղաքացիները կրթվել ու դաստիարակվել են համաթյուրքականության ու հայատյացության ոգով, ինչը վկայում են նրանց դպրոցական ու բուհական դասագրքերը, անգամ եթե երկիրը ժողովրդավարական լիներ, նրանցից օբյեկտիվություն սպասելը թերևս անտրամաբանական կլիներ։ Ահավասիկ, թուրքական ռադիոհեռուստատեսության (TRT) արաբերեն ծառայության մի հարցազրույց ադրբեջանցի հայտնի փորձագետ, ըստ երևույթին նաև՝ արաբագետ Ահմեդ Շահիդովի հետ, որտեղ թե՛ հարցերը, թե՛ պատասխանները խեղաթյուրում են ճշմարտությունը և արաբախոս դիտողին ու ունկնդրին հրամցնում որպես «աներկբայելի» իրողություն և ճշմարտություն։ Հաղորդավարը հարցնում է, թե, ըստ նախատեսվածի ե՞րբ է բացվելու Ադրբեջանի ու Թուրքիայի միջև «Զանգեզուրի միջանցքը», որ անցնելու է Հայաստանով, և ինչու՞է նախագծին դեմ Իրանը։ Շահիդովը, ի պատասխան հարցի, շեշտում է, թե Հայաստանը պարտավոր է համաձայնել, քանի որ այդ մասին հստակ նշված է 2020թ․ համաձայնագրում, սակայն մինչ այժմ դա իրականացված չէ։ Նա հավելում է, որ այս հարցում Իրանը բացասական դեր է կատարում, և, ինչպես տեսնում ենք, Իրանի պաշտպանության նախարարությունը թույլ չի տալիս քաղաքական քարտեզում փոփոխություն տեղի ունենա։
Փաստորեն Շահիդովը հստակ ասում է, որ թուրքերի նպատակը քարտեզի փոփոխությունն է, չնշելով, որ Ադրբեջանը 9-րդ կետին նախորդող կետերից ոչ միայն ոչ մեկը չի կատարվել, ավելի ստույգ՝ Բաքուն ու Մոսկվան այդ բոլոր կետերը խախտել են, մասնավորապես՝ Ադրբեջանը ռուս խաղաղապահների ներկայությամբ փակեց Լաչինի միջանցքը, իսկ վերջիններս ոչ միայն չապահովեցին Արցախի Հանրապետության բնակչության անվտանգությունը, այլև թույլ տվեցին նրանց էթնիկ զտման ենթարկել։ Մինչդեռ Հայաստանն իրականացրել է իրեն վերաբերող բոլոր կետերը։ Սրանք փաստեր են, որոնց մասին Երևանը պետք է անդադար, տեսանելի ձևով, առիթներ ստեղծելով, բարձրաձայնի միջազգային ատյաններում ու ԶԼՄ-ներում։ Այդ հարցին երբեմն անդրադառնում են անգամ միջանցքով շահագրգիռ երկրների ԶԼՄ-ները, այդ թվում՝ ավելի շատ դեպի Ադրբեջանի կողմը հակվածները։ Մասնավորապես՝ բրիտանական BBC-ն, որը նշել է, թե «համաձայնագրում» որևէ ակնարկ չկա «Զանգեզուրի միջանցքի» մասին, այլ պարզապես խոսվում է Ադրբեջանը Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ կապող ցամաքային ճանապարհի մասին։ Սակայն Ադրբեջանի Հանրապետությունը համառորեն դա «Զանգեզուրի միջանցք» է անվանում, որը հակասում է Հայաստանի ինքնիշխանությանը, մինչդեռ վերջինս պատրաստ է երաշխավորել իր տարածքով բեռների ու ուղևորների անվտանգ տեղափոխումը[23]։ Ավելին, BBC-ն ընդգծել է, որ 2020 թ․ եռակողմ՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան համաձայնագրում (հայտարարություն) ակնարկ չկա նաև ինքիշախության փոփոխության վերաբերյալ, և բացառապես նշվել է հաղորդակցության ուղիների վերաբացման մասին[24]։
Շահիդովը, պատասխանելով հարցին, թե Իրանը ի՞նչ առնչություն ունի «միջանցքի» հետ, որ դեմ է դրա բացմանը, նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» Իրանի համար տնտեսական ու քաղաքական մեծ նշանակություն ունի։ Ապա հավելել է, որ խնդրո առարկա միջանցքը Թուրքիան միացնելու է Ադրբեջանին, Կենտրոնական Ասիային և Կասպից ծովին։ Այդ միացումը սկսվելու է Չինաստանից և հասնելու է մինչև Լոնդոն։ Ուստի Իրանը չի ցանկանում, որպեսզի այլ երկրներ այդօրինակ ակտիվ դեր ունենան տարածաշրջանում, քանի որ զարգացումների նման ընթացքը ոչնչացնում է այդ երկրի աշխարհաքաղաքական նշանակությունը և երկրորդ պլան մղում դրան։ Շահիդովը շեշտել է նաև, որ եթե այսօր «Զագեզուրի միջանցքը» գործարկվի, ապա 5-10 տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությունը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո, և կձևավորվի մեկ տնտեսություն։ Իսկ սա նշանակում է՝ վե՛րջ Հայաստան-Իրան սահմանին, ինչը վերջինս երբեք չի ցանկանա։ Սա նշանակում է, որ Իրանը սահմանակից է լինելու միայն Ադրբեջանի հետ, քանի որ Հայաստան-Իրան սահմանը վերանալու է[25]։ Փաստորեն Շահիդովը խոսում է Ադրբեջանում տարածված այն տեսակետի մասին, որ Հայաստանը գրավելու են անգամ առանց պատերազմի։ Երևանը, իրավամբ, բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով տարբեր երկրներում ու միջազգային ատյաններում հայտարարել է, որ նման պահանջը Հայաստանի կարմիր գիծն, է և եթե այդպես է, ուրեմն պետք է անզիջում պահպանել և պայքարել հանուն դրա, բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով։
«Եվրանյուսը» ներկայացրել է ադրբեջանական մի մտակենտրոնի տեսակետները, որն Իրան-Ռուսաստան տարաձայնությունները «Զանգեզուրի միջանցքի» առնչությամբ ողջունել է և այդ խորապատկերին վրա հնարավոր է համարել հարցի դիվանագիտական լուծումը, որն ամփոփ ներկայացնում ենք ստորև։
Ադրբեջանական «Հայացք դեպի արևելք» (մտակենտրոն) հետազոտությունների կենտրոնի կարծիքով՝ Իրան-Ռուսաստան տարաձայնությունները «Զանգեզուրի միջանցքի» առնչությամբ հնարավոր է, որ կվերածվեն երկու երկրների միջև դիվանագիտական լուրջ տարաձայնությունների։ Կենտրոնի փորձագետները շեշտում են, որ նման իրավիճակը նպաստավոր է Ադրբեջանի համար։
Փաստորեն, ըստ նշյալ կենտրոնի` Բաքուն ողջունում է (Ադրբեջանի դասագրքերի համաձայն) որպես թշնամի Հայաստանից հետո երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Իրանի և երրորդ հորիզոնականում հայտնված Ռուսաստանի միջև տարաձայնությունները, այլ ոչ թե «Միջանցքի» առնչությամբ Մոսկվայի ադրբեջանամետ դիրքորոշումը, ում ադրբեջական հանրությունը գնահատել է որպես վտանգավոր հարևանի։ Ըստ նշյալ կենտրոնի փորձագետների՝ Ռուսաստանի համար Արևմուտքի միջնորդությամբ խաղաղություն հաստատելը կարմիր գիծ է, ուստի Մոսկվան, օրակարգ բերելով «միջանցքի» հարցը, ձգտում է կանխել Արևմուտքի գլխավորությամբ խաղաղության գործընթացը կամ առնվազն հետաձգել այն։ Թեև դա ևս կարևորել է Ռուսաստանը, սակայն վերջինս ունի նաև ավելի առաջնային նպատակներ․ նախ՝ իր զինվորական ներկայությունը ապահովվել Հայաստանի հարավում, ապա Ադրբեջանով ավելի շատ գազ արտահանել Եվրոպա։ Ընդ որում՝ Բաքուն դա բացատրում է հետևյալ կերպ․ ներքին սպառման համար Ռուսաստանից է գազ ներմուծում, որ կարողանա Եվրոպա ավելի շատ գազ արտահանել։
«Հայացք դեպի արևելքը» հետազոտությունների կենտրոնի կարծիքով՝ Ռուսաստանի կողմից «Զանգերզուրի միջիանցքի» հարցը կրկին օրակարգ բերվելը հօգուտ Ադրբեջանի է այլ տեսանկյուններից․ նախ՝ Իրան-Ռուսաստան տարաձայնությունները տարածաշրջանի հարցերի շուրջ Ադրբեջանի օգտին են, քանի որ երկու գործընկերների, միաժամանակ՝ վտանգավոր հարևաների միջև Բաքվի համար մանևրելու ավելի շատ հնարավորություններ կստեղծվեն։ Կենտրոնի փորձագետները շեշտում են նաև, որ Իրանի դիրքորոշումը հավասարակշռելու են Ռուսաստանի ճնշումները, իսկ Ռուսաստանինը՝ կսանձահարի Իրանի սպառնալիքները։ Ապա Ռուսասատանի առաջարկը դեպի Նախիջևան տարանցիկ երթուղի կառուցելու համար պարզ ու հասկանալի է, եթե Ադրբեջանը դա ներկայացնի Արևմուտքին, որն ստանձնել է խաղաղության գործընթացի ղեկավարումը․ հնարավոր է, որ արևմտյան երկրներն ավելի շատ արտոնություններ կապահովեն Բաքվի համար։ Օրինակ, կարող են չեղարկել Ադրբեջանից ուղևորների ու բեռների՝ սահմանին վերահսկումն ու մաքսատուրքերը։ Հիշյալ կենտրոնի փորձագետները շեշտում են նաև, որ կարելի է դիվանագիտական համապատասխան հնարքներով և արդյունավետ բանակցություններով, առանց ռազմական բախումների, հասնել դեպի Նախիջևան տարանցիկ երթուղու գործարկման[26]։
Նման երթուղու կառուցմամբ Ռուսաստանը ցանկանում է, այն վերահսկելով, իր ռազմական ներկայությունն ամրապնդել, ինչը ռազմավարական պարտություն է լինելու Իրանի համար, որը չի ցանկանում տեսնել այդօրինակ տարանցիկ երթուղի։ Հայաստանը պետք է դեմ հանդես գա սահմանի մաքսային վերահսկողությունը չեղարկելուն, եթե բանը դրան հասնի։ Սակայն հարկ է նշել նաև, որ ԻԻՀ-ի գլխավոր մտահոգությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների հնարավոր փոփոխությունն է։ Ավելին․ Թեհրանը Հայաստանի վերահսկողությամբ երթուղուն դեմ չէ և, ի սկզբանե, բազմիցս հայտարարել է այդ մասին։ 2023թ․ հոկտեմբերին Իրանի արտաքին փոխհարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազին շեշտել է, որ հարևան երկրները փոխանցիկ ճանապարհների համագործակցության շրջանակներում կարող են միմյանց երթուղիներ տրամադրել։ Հայաստան-Ադրբեջան այդօրինակ համագործակցությունը Թեհրանի համար լիովին ընդունելի է, սակայն դա չպետք է լինի սպառնալիքներով ու զավթողական, ինչը բնավ էլ ընդունել չէ[27]։ Բաքվի ու Անկարայի նման պահանջը լուրջ հարված է ԻԻՀ-ին աշխարհաքաղաքական և տնտեսական առումով, միաժամանակ Իրանին զրկելու է նրա համար դեպի Ռուսաստան ու Եվրոպա ամենահուսալի ու վստահելի այլընտրանքային ճանապարհից։ Մյուս կողմից՝ Անկարա-Բաքու տանդեմի նման պահանջը Հայաստանի համար էկզիստենցիալ սպառնալիք է, ինչում շահագրգիռ են նաև որոշ այլ երկրներ։ Ահա թե ինչու, առայժմ միմիայն ԻԻՀ-ն է պատրաստակամ դրա դեմ պայքարում համագործակցելու, աջակցելու Երևանին։
ԹՈՒՐՔԻԱ
«Զանգեզուրի միջանցքի» գլխավոր «պահանջատերն» ու հեղինակն Անկարան է, ավելի հստակ՝ նեոօսմանականության գաղափարակիրը, այդ երազանքը իրականություն դարձնելու ուղղությամբ ջանք չխնայողը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, որը թերևս, Ալիևի համեմատությամբ, առավել շահագրգիռ է այդ հարցում, ինչ համար ունի ծրագիր ու նախագծեր։ Նա որևէ առիթ բացի չի թողնում արծածելու այդ հարցը։ Էրդողանն այդ հարցի մասին խոսել է անգամ ՄԱԿ-ի վեհաժողովի բարձր ամբիոնից՝ 2023 թ․ սեպտեմբերի 19-ին, ապա նույն թվականի սեպտեմբերի 25-ին Նախիջևանում, ուր մեկնել էր շնորհավորելու Ալիևին սեպտեմբերի 19-20-ին կազմակերպված «հակաահաբեկչական գործողություններում» ձեռք բերած «հաջողության» համար։ Ըստ թուրքական «Էվրենսել» օրաթերթի, նա ասել է. «Մենք ի սկզբանե պաշտպանել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացի ծավալումը, սակայն Հայաստանը չկարողացավ օգտվել պատմական այդ հնարավորությունից: Դրա համար, անշուշտ, սպասում ենք, որ Հայաստանը կատարի իր տված խոստումները՝ հատկապես «Զանգեզուրի միջանցքի» բացմանն առնչվող[28]»:
2023 թ․ սեպտեմբերի 23-ին, Արցախը հայաթափելուց անմիջապես հետո, ըստ միջազգային ԶԼՄ-ների, Բաքուն նախապատրաստվում էր հարձակվել Հայաստանի վրա ու գրավել «Զանգեզուրի միջանցքը[29]»։ Այս առնչությամբ թուրքական «Թուրքիյե» օրաթերթը (turkiyenewspaper) գրել էր, որ հայկական մի քանի խումբ, նոր սադրիչ գործողություններ իրականացմելու նպատակով, ուղարկվել են «Զանգեզուրի միջանցք[30]»։ Ապա պարբերականը հավելել է, թե Ֆրանսիա-Հայաստան-Իրան եռյակը ամրապնդվել է Զանգելան-Կուբաթլի-Քելբաջար ուղղությամբ և նախապատրաստվել նոր պատերազմի[31]։ Ահա ստի վրա հիմնված ևս մեկ քարոզչություն։ Turkiyenewspaper-ը գրել է, որ, ինչպես հայտնի է, գլխավոր մարտը տեղի է ունենալու Զանգելան-Զանգեզուր առանցքում։ Հիշյալ պարբերականը այնուհետև վկայակոչել է Արցախյան առաջին պատերազմի հաշմանդամ, զորացրված գնդապետ Ջալիլ Խալիլովին, որը շետել է, թե Ադրբեջանի բանակն ու հետախուզությունը լիովին իրազեկված են տեղի ունեցող զարգացումների մասին և իրականացրել են անհրաժեշտ գործողություններ։ Նա նաև հավելել է, թե այսուհետ գլխավոր պայքարը «Զանգեզուրի» շուրջն է լինելու ու այդ «միջանքը» բոլոր դեպքերում բացվելու է[32]։ Սա նշանակում է, որ թուրքերն առ այսօր հասել են իրենց առաջ դրած նպատակներին, այժմ հերթը «Զանգեզուրի միջանցքինն» է, ուստի նպատակամղված խեղաթյուրում են իրողությունները, հորինում, ինչ անհրաժեշտ են համարում, սադրում են և այլն։ Կարճ ասած, նրանք, ինչպես միշտ, գործում են «նպատակը արդարացնում է միջոցները» սկզբունքով, հետևաբար, Հայաստանը իր հայտարարած կարմիր գծերը պահպանելու համար պետք է առնվազն համարժեք և շարունակական պատասխանի թշնամու հորինվածքներին, միջազգային մակարդակով բարձրաձայնի դրանց մասին, որտեղ և երբ հնարավոր է։
Լոնդոնից հեռարձակվող «Iran International» հեռուստաալիքը 2023 թ․ սեպտեմբերին 27-ին «Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» մասին» վերնագրով հաղորդում էր պատրաստել, որտեղ արտացոլում էին գտել նաև նրա տեսակետները Իրանի ու Հայաստանի մասին։ Նյութի հեղինակը նշել է, որ Ղարաբաղում տեղի ունեցած դեպքերից օրեր անց Ալիևը Էրդողանին հրավիրել էր Նախիջևան, դրանից հետո նա երկու անգամ իր տեսակետներն է արտահայտել «Զանգեզուրի Միջանցքի» մասին․ նախ՝ Նախիջևանից վերադառնալիս, օդանավի մեջ, ապա՝ կառավարության նիստից հետո։ Երկու դեպքում էլ Էրսողանը շեշտել է, թե դրա գործարկումն առաջնային է, ու շուտով գործընթացը կակտիվանա։ Էրդողանը միաժամանակ հայտնել է, թե Իրանից էլ այս առնչությամբ դրական ազդանշաներ են ստացել[33], հավելելով, որ Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունները ևս դրական ընթացք ունեն։ Նա ընդգծել է նաև, որ Իրանի հետ համատեղ նախագծեր և ծրագրեր են իրականացնելու, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն ու անվտանգություն հաստատվեն։ Ապա նշյալ վերլուծականի հեղինակն անդրադառնում է ադրբեջանական ԶԼՄ-ներին, շեշտելով, որ Բաքուն ավելի շատ հակված է Իրանի տարածքով անցնող ճանապարհի կողմը և առավելապես քննարկել է այդ տարբերակը։ Այսուհանդերձ, արդրբեջանական պարբերականները նշել են, որ կարևորում են «Զանգեզուրի միջանցքը», քանի որ այն Նախիջևանը միացնում է Ադրբեջանին, իսկ Թուրքիայի համար դա առաջնային նշանակություն ունի՝ Նախիջևան-Թուքիա 18կմ-անոց սահմանի առկայությամբ։ Այդպիսով Ադրբեջանը կմիանա Թուրքիային, Էրդողանի խոսքերով՝ նաև Միջին Ասիային, ինչին նա անդրադարձել էր ԶԼՄ-ների հետ հիշյալ առիթներով հաղորդակցվելու ժամանակ։ Նա մեծ նշանակություն տալով «Զանգեզուրի միջանցքին» եկաթգծային ու ավտոմայրուղային տարանցիկության առումով, միաժամանակ դրանից առավել կարևոր է համարել թյուրքալեզու երկրների կազմակերպության անդամներին միասնական դարձնելու տեսանկյունից։ Հատկանշական է նաև, որ Թուրքիան «Զանգեզուրի միջանցքի» իրականացման գլխավոր արգելքը համարում է ԻԻՀ-ի դիրքորոշումը։ Ուստի Էրդողանն այն ստանալու համար ձգտում է ամեն գնով համոզել Թեհրանին։ Նա 2023թ․ հուլիսին հայտարարել էր, թե «միջանցքի» բացման գլխավոր պատնեշը ոչ թե Հայաստանի կառավարությունն է, այլ ԻԻՀ-ն։ Իսկ նույն թվականի հոկտեմբերին Էրդողանը, արձագանքելով նախագծի վերաբերյալ Իրանի փորձագետների ու երկրի նախագահի խիստ բացասական դիրքորոշումներին, գրավոր դիմում էր հղել ԻԻՀ-ի կառավարություն, որտեղ շեշտել էր՝ ցանկանում եմ, որ «Զանգեզուրի միջանցքի» խոշոր նախագծի հարցում, որն ավետում է տարածաշրջանին խաղաղություն, անվտանգություն և բարօրություն, կողք կողքի շարժվենք առաջ»[34]։
2024թ․ հուլիսի 12-ին Էրդողանը Ստամբուլում կրկին խոսելով «Զանգեզուրի միջանցքի», դրա կարևորության մասին, սա համարել է ռազմավարական «միջանցք», որը հօգուտ բոլոր երկրների է, մասնավորապես՝ Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի։ Չհաշված դևանից Ադրբեջանի ու Թուրքիայի ստանալիք օգուտը, ինչը հասկանալի է և դա վկայում է Էրդողանը, այդուհանդերձ զավեշտ է մյուսների օգուտի մասին խոսելը, քանզի դրանից տուժելու են Իրանն ու Հայաստանը։ Ավելին․ իրանցիներից շատերը դա հավասարազոր են որակում Թուրքմենչայի ու Գյուլիստանի պայմանագրերին, որոնք համարվում են Իրանի պատմության ամենախայտառակ, նվաստացուցիչ էջերը։ Պետք է կրկնել, որ «միջանցքը» առաջին հերթին ծառայելու է Էրդողանի նեոօսմանական նախագծին՝ թուրանական կայսրություն ստեղծելուն։ Այն «թյուքական աշխարհը» միասնական է դարձնելու Ադրբեջանից մինչև Չինաստան։ Էրդողանը սա ասել է այն ժամանակ, երբ, Ահմեդ Շարայի և նրա գլխավորած ահաբեկչական «Հայաթ Թահրիր ալ Շամին» բազմակողմանի աջակցությամբ նախապատրաստում էր Բաշար Ասադի դեմ ապստամբության։
Էրդողանն այդ օրը անդրադարձել է նաև Սիրիայի հարցին, շեշտել, որ Սիրիայում արդարացի խաղաղությունը բոլորից առավել Թուրքիայի օգտին կլինի։ Միաժամանակ հավելել է, որ ԱՄՆ-ն ու Իրանն էլ պետք է ողջունեն նման դրական տեղաշարժերը և, հանուն սիրիացիների տառապանքների նվազեցնելու հովանավորեն նման գործընթացը։ Այլ կերպ ասած, թող ԱՄՆ-ը չհովանավորի քրդական ուժերին, իսկ Իրանը՝ Ասադի կողմնակիցներին։ Եվ ահա, 2024թ․ դեկտեմբերի 8-ին Ահմեդ Շարայի գլխավորած ուժերը Անկարայի համար բաղձալի «արդար խաղաղությունը» Սիրիայում իրականություն են դարձրել, որտեղ, բնականաբար, գլխավոր հաղթողը Թուրքիան է։ Իրանը փաստորեն դուրս է մղվել Սիրիայից, ինչը չի կարելի ասել Ռուսաստանի մասին, նույնիսկ բացառված չէ, որ, դարձյալ Թուրքիայի հետ պայմանավորվածությամբ Սիրիայում նրա ռազմաբազաները կպահպանվեն։ Ահմադ Շարայի իշխանությունը քարկոծում է թերևս միայն Իրանին։
Այս կապակցությամբ հավելենք, որ Սիրիայի իշխանությունների ներքին և արտաքին քաղաքականության հարցում Թուրքիայի ազդեցությունը, չափազանցություն չի լինի ասել, որոշիչ դեր ունի, ուստի Իրանի դեմ նման քաղաքականության հարցում Թուրքիան անմասն չէ։ Ահավասիկ, 2025թ․ հունվարի 20-ին Դամասկոսը ոչ միայն Իրանի անձնագրով մարդկանց մուտքն է արգելել այդ երկիր, այլև՝ իրանական բոլոր ապրանքների ներմուծումը։ Թուրքիան անգամ «տանտիրոջ իրավունքով» Իսրայելին Սիրիայից զորքերը դուրս բերելու վերջնագիր է ներկայացնում։ Անկարայի այդօրինակ հաջողությունը կարող է խաթարել միայն իր ռազմավարական գործընկեր Իսրայելը, քանի որ Սիրիայում նրանց շահերն արդեն համընթաց չեն։ Իսրայելը մշտապես հովանավորել է քրդերին, շեշտել, որ նրանք պետք է անկախ պետություն ունենան։ Իսրայելը միակ երկիրն էր, որը ժամանակին դրական էր արձագանքել Իրաքի քրդական ինքնավարության անկախության հանրաքվեին։ Թուրք-իսրայելական փոխառնչությունների հարցում ուշագրավ է Իսրայելի կառավարության կազմում 2024թ․ ամռանը ձևավորված կոմիտեի զեկույցը, որ լայն արձագանք է գտել միջազգային ԶԼՄ-ներում։ Հիշյալ կոմիտեն ձևավորվել է երկրի, հասարակության և բանակի կարիքները ներկայիս և ապագայի գոյաբանական սպառնալիքների ու վտանգների պայմաններում ուսումնասիրելու նպատակով։ Այն կոչվում է «Նեգելի կոմիտե»՝ դրա ղեկավար, ազգային անվտանգության խորհրդի նախկին նախագահ, պահեստի գեներալ, պրոֆեսոր Յակով Նեգելի անունով։ 2025թ․ հունվարի 7-ին «Նեգելի կոմիտեն» երկրի վարչապետին, պաշտպանության և ֆինանսների նախարարներին ներկայացրած զեկույցում լրջորեն նախազգուշացրել է Թուրքիայի հետ հնարավոր առճակատման մասին։ Այսուհանդերձ, թեեւ Էդրողանը, ի պաշտպանություն պաղեստինցիների, Իսրայելին խիստ քննադատում է, սակայն երկու երկրների առևտրատնտեսական փոխհարաբրությունները շարունակվում են նախկին մակարդակով, անգամ որոշ ոլորտներում աճ է արձանագրվել։
Թուրքիայի կառավարության անդամներն ու բարձրաստիճան պաշտոնյաները ևս, հետևելով Էրդողանի օրինակին, առիթը բաց չեն թողնում խոսելու նեոօսմանական երազանքն իրականացնելու, «Մեծ Թուրան» ստեղծելու ուղին հարթելու, որոնցից՝ «Զանգեզուրի միջանցքը» կառուցելու մասին։
2023թ․ հունիսի 19-ին Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «Զանգեզուրի միջանցքի» բացման գործընթացի վերաբերյալ հայտարարություն էր հրապարակել, որտեղ, անդրադառնալով դրա կարևորությանը, նշել է, որ այն նաև զգալիորեն կմեծացնի Թուրքիայի ռազմավարական նշանակությունը[35]։ Հայտարարությունում նա նաև շեշտել է, որ «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը կտրուկ կմեծացնի բեռնատար մեքենաներով ու երկաթուղով բեռնափոխադրման ծավալները, ինչը կնպաստի Պեկինից մինչև Լոնդոն ձգվող Արևելք-Արևմուտք առևտրատնտեսական դրական աճին։
Փաստորեն, Պեկին-Լոնդոն երթուղուն միակցվելը Բաքու-Անկարա տանդեմի համաթյուրքական նպատակն է, սակայն առայժմ պաշտոնյաների մակարդակով շեշտը դրվում է դրա տնտեսական նշանակության վրա, մինչդեռ, ըստ ամենայնի, գլխավորը «Մեծ Թուրան» կայսրություն ձևավորելն է, ինչ մասին խոսում են թուրք և ադրբեջանցի վերլուծաբանները։
Ապա Ուրալօղլուն շարունակել է, որ, «միջանցքով» բեռնափոխադրման ակտիվացմանը զուգահեռ, ձեռնամուխ են լինելու Կասպից ծովի, Ադրբեջանի, ինչպեսև Նախիջևանի ու Ռուսաստանի համագործակցությամբ էներգակիրների տեղափոխման նախագծերի իրականացման գործընթացին, ինչն է՛լ ավելի կբարձրացնի Թուրքիայի ռազմավարական դիրքն ու նշանակությունը տարածաշրջանում։
Հայտարարությունում հավելվել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը Հարավային Կովկասում առևտրատնտեսական համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծելու, նշելով, որ մինչև Հայաստանի սահմանը դրա կառուցումն ընթացքի մեջ է, հընթացս կառուցվում է նաեւ Հորադիզից մինչև Օրդուբադ 166կմ երկարությամբ նոր երկաթգիծ։ Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարը հիշյալ հայտարարության մեջ ընդգծել է, որ Ռուսաստան-Ադրբեջան բանակցությունները շարունակվում են «Զանգեզուրի միջանցքի»՝ Հայաստանի տարածքով անցնող 44 կիլոմետրանոց հատվածի գործարկման շուրջ։ Դրանում շեշտվել է, որ ծրագրում երկաթգծին զուգահեռ նախատեսված է նաև ավտոմայրուղի[36]։
Եվ ահա, Հայաստանի «ռազմավարական» դաշնակիցը, որին ռազմավարական նշանակությամբ այլ կառույցներից զատ հանձնվել են նաև Հայսաստանի երկաթուղին, ըստ երևույթին, հենց այդ հանգամանքով հնարավոր է դարձրել փափագված գործընթացը, եթե, իհարկե, նախօրոք դա չի համաձայնեցվել Հայաստանի իշխանությունների հետ։
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄՆԵՐԸ
Թուրքիայի ԶԼՄ-ները, վերլուծաբաններն ու գիտական կենտրոնները ոչ միայն հիմնականում համաձայն են Էրդողանի նեոօսմանյան գաղափարներին, այլև «գիտականորեն» մեկնաբանում, վերլուծում, ապացուցում են դրա «հույժ կարևոր» նշանկությունը երկրի համար, ինչը ամրագրված է ղեկավարության ծավալապաշտական ծրագրերում։
Թուրքիայի իրանյան ուսումնասիրությունների կենտրոնի (IRAM) փորձագետ, այդ երկրում հայտնի իրանագետ դոկտոր Մեհմեթ Քուչի հեղնակած հոդվածների ընթերցումն ու դիտածս տեսանյութերը վկայում են նրա համաթյուրքական կողմնորոշման մասին։ «Իրանի թուրքերը և այն, ինչ պետք է իմանալ Թեհրան-Անկարա փոխհարաբերությունների մասին» հոդվածում՝ հրապարակված ինստիտուտի «Ռազմավարական միտք» պարբերականում, նա քննադատում է ԻԻՀ-ի թուրքախոսների հանդեպ խտրականություն կիրառելը, ինչը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը։ Ահավասիկ, թեև ԻԻՀ-ի առաջին դեմք՝ հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին, երկրի նախագահ՝ համաթյուրքական հակումներով Մաասուդ Փեզեշքյանն ու էլի շատ բարձրաստիճան պաշտոնյաներ թուրքախոս են, սակայն Քուչը շեշտում է․ «Իրանի ռեժիմը մտադրիր է վերացնել թուրքերի տեղն ու դերը, ինչպեսև՝ ներթափանցումը այդ երկրի քաղաքական ոլորտներ»[37]։
Նա ԻԻՀ-ին մեղադրում է նախաիսլամական Իրանը վերականգնելու մեջ, մինչդեռ իրանցիները հաճախ իշխանություններին խիստ քննադատում են այն անտեսելու և նախաիսլամական շրջանին քննադատաբար վերաբերվելու կամ ժողովրդական դարավոր ավանդույթները հակաիսլամական գնահատելու համար, նշելով, որ նրանք միտված են դրանք վերացնելուն, ինչն այնքան էլ անհիմն չէ։ Քուչը գրել է, որ թուրքերի հազարամյա գերիշխանությունից հետո, երբ ֆարսերը[38] իշխանության ղեկին հայտնվեցին, նկատելի է դարձել, որ նախաիսլամական պատմության վերակենդանացման գործընթաց են սկսել․ նրանք այս փուլում ձգտում են արաբների ու թուրքերի հետքերը վերացնել։ Իրանագետը, սակայն, մոռանում է, որ սելջուկ թուրքերի՝ ույղուրների, պետական, պաշտոնական ու գրականության լեզուն եղել է պարսկերենը, իսկ բանակինն ու արքունիքինը՝ թուրքերենը։ Երկրի կառավարման հարցում խիստ կարևոր դեր են ունեցել այնպիսի իրանցի գործիչները, ինչպիսիք են Ամիդ ալ Մոլք-ե Քոնդորին ու Խաջեհ Նեզամ-ալ Մոլքը։ Նշենք նաև, որ պատմաբանների նկարագրությամբ ույղուրները ուզբեկների ու ղրղզների (կիրգիզ) նման եղել են նեղ աչքերով, կարճահասակ, սակայն լավ կռվողներ[39]։Այլ կերպ ասած, այսօրվա թուրքերն ու ադրբեջանցիները նման չեն իրենց նախահայրերին, որոնցով պարծենում են։
Քուչը Իրանի ադրբեջանցիներին թուրք անվանելով, շեշտել է․ «Վարչակարգը իրանցի թուրքերին համարում է ձուլված ազերիներ, իսկ մենք նրանց թուրք ենք համարում, ըստ ռեժիմի Իրանում միլիոնավոր թուրքեր չկան, նրանք ձուլված ազերիներ են։ Ուստի իշխանությունների քաղաքականությունը ադրբեջանցիներին իրենց բնիկ ինքնությանը վերադարձելն է, այն դեպքում, երբ ադրբեջանցի թուրքերը խիստ զայրանում են, երբ իրենց ազերի են անվանում>[40]։
Նշենք, որ Քուչի հոդվածներին առավել հանգամանորեն անդրադառնալու պատճառը այդ երկրի ակադեմիական շրջանակների պաշտոնական Անկարայի տեսակետներին հար ու նման լինելն է, մասնավորապես «Զանգեզուրի միջանցքի» հարցում։
Թուրքիայի պաշտոնական ու կիսակառավարական «Անադոլու» գործակալությունը 2023թ․ սեպտեմբերին 27-ին հրապարակել է Մեհմեթ Քուչի հեղինակած «Ինչո՞ւ է Իրանը դեմ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը» հոդվածը, որտեղ տարբեր տեսանկյուններից խիստ կարևորվել է դրա բացումը Թուրքիայի և թուրքական աշխարհի համար, այդ թվում՝ թուրքական աշխարհի միասնության, աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական և այլ առումներով։ Միաժամանակ նա, անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքին» Իրանի դեմ լինելու պատճառներին, կրկին ընդգծել է Իրանում «թուրքերի» դերակատարությունը և Թեհրանի մտավախությունն այդ առիթով։ Նա իր այդ հոդվածում ակնհայտորեն արտահայտում է իշխանության տեսակետները, եթե վերջիններդ անգամ պաշտոնապես հերքեն էլ դա։
Նա շեշտում է, որ «Զանգեզուրի միջանցքը» նվազեցնում է Իրանի աշխարհաքաղաքական Նշանակությունը․ «Միջանցքի կառուցումը մեծ հավանականությամբ բացասաբար է անդրադառնալու տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքականության վրա։ Մինչդեռ դա հաղորդակցության առումով լուրջ արտոնություններ ունի Թուրքիայի համար՝ Միջին Ասիայի և Կովկասի թուրքական երկրների հետ կապի առումով։ Իրանը միաժամանակ թուրքական երկրների համար ևս կկորցնի իր աշխարհաքաղաքական նշանակությունը[41]»։
Ըստ Քուչի՝ հավանական է, որ Արևելք-Արևմուտք միջանցքը, որը Չինաստանը միացնելու է Եվրոպային, նույնպես կանցկացվի Սյունիքով (Զանգեզուրի տարածքով)․ հանգամանք, ինչի պաատճառով Իրանի աշխարհառազմավարական նշանակությունը ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի մակարդակով լուրջ մարտահրավերների առջև է հայտնվելու[42]։
Նա «Իրանի թուրք բնակչությունը» ենթավերնագրով հատվածում անդրադառնում է դեպի թուրքական աշխարհ նրանց հակվածությանը ու այդ առնչությամբ Իրանի մտավախություններին։ Այս կապակցությամբ հարկ է նշել, որ եթե իրանցի թուրքախոսների ինչ-որ հատված նման հակումներ ունի, ապա դա Թեհրանի, Անկարայի ու Բաքվի համաթյուրքական հուժկու ալիքին համարժեք հակազդեցություն չցուցաբերելու հետևանք է։ Իսկ այժմ, երբ Իրանը փորձում է խոսել պատմական ճշմարտություններից, Ադրբեջան երկրամասի՝ թուրք ույղուրների գրավման ու իրանցի բնակչության մասին, որոնք, բնականաբար բազմապատիկ ավելին էին, քան՝ եկվոր իշխանությունը, որը պարտադրել է իր լեզուն, Թեհրանին մեղադրում են ձուլումից խոսելու մեջ։
Թուրք իրանագետն ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ, անկասկած, տարբեր ոլորտներում Միջին Ասիայի, Կովկասի ու Անատոլիայի թուրքալեզու երկրների փոխհարաբերությունների մակարդակը կտրուկ բարձրանալու է[43]։ Քուչը հավելել է, որ թուրքերը, որոնք Իրանի բնակչության մի զգալի մասն են կազմում, ապագայում կձգտեն օգտվելու թուրքական երկրներին առավել ինտեգրվելու արտոնություններից, ինչը Թեհրանի գլխավոր մտավախություններից է։ Ապա շարունակել է, որ այդ իսկ պատճառով ԻԻՀ-ն խորապես մտահոգված է իր տարածքային ամբողջականության ու միասնականության առնչությամբ, քանի որ ժամանակի ընթացքում այդ սպառնալիքը իրականություն կդառնա։ Ահա թե ինչու Թեհրանը «Զանգեզուրի միջանցքը» չի դիտում միայն դրա տնտեսական նշանակության տեսանկյունից և իր ենթագիտակցական մտավախությունն արտահայտում է երբեմն խոսքերով, երբեմն էլ գործողություններով, շեշտել է Քուչը[44]։
Հոդվածի հեղինակը նշել է, որ ըստ երևույթին գործնականում Իրանը չունի այն ուժն ու հզորությունը, որ ի զորու լինի ձախողելու այն նոր գործընթացները, որոնք տեղի են ունենում Հարավային Կովկասում։ Վերջին ամիսներին «սահմանների անխախտելիության» առանցքի շուրջ Իրանի պաշտոնյաների հակազդեցություններն ու աղմկարար հայտարարությունները, հաշվի առնելով Ռուսաստանի դիրքորոշումը, լիովին կորցրել են իրենց նշանակությունը։ Մյուս կողմից՝ «միջանցքի» կառուցման հարցում Թեհրանը միջամտելու լուրջ հնարավորություններ չունի, եթե Ռուսաստանն ու Հայաստանը համաձայն լինեն։ Նա հավելել է, որ թեև Իրանը մշտապես ձգտել է Արցախի և «զավթված տարածքների» վերադարձման հարցում Ռուսաստանին համահունչ դիրքորոշում ունենալ, սակայն թվում է, թե Թեհրանը հարավկովկասյան վերջին զարգացումների հարցում այնքան էլ համաձայն չէ Ռուսաստանի տեսակետներին[45]։
Քուչը շեշտում է նաև, որ Իրանի իշխանությունն ու ԶԼՄ-ները ջանքեր են գործադրում հասարակության շրջանում հոռետեսություն տարածել «Զանգեզուրի միջանցքի» առնչությամբ, սակայն Թուրքիան այդ երկրին 3+3-ի ձևաչափով համագործակցության հնարավորություններ է ընձեռնել:
Ի դեպ, թեև տարբեր առիթներով նշել ենք, որ այդ ձևաչափն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, սակայն ԻԻՀ-ն դա, յուրովի մեկնաբանելով, առ այսօր կարևորում է, մինչդեռ բանակցությունները տվյալ ձևաչափով, որին Վրաստանը երբեք չի մասնակցել, իրականում եղել է 2+3-ի՝ Իրանն ու Հայաստանն ընդդեմ Ռուսաստանի, Թուրքայի ու Ադրբեջանի։
Հետազոտության 2-րդ մասը՝ հաջորդիվ
[1] Էբրահիմ Ֆարահանի, Թուրքիան ղարաբաղյան պատերազմի հիմնասյուներից է, MashreghNews
[2] Նույն տեղում:
[3] Է. Բեգիջանյան, Իրանը Ղարաբաղում խոշոր պարտվող, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 30.11.2020
[4] Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական էջ, 10.11.2020
[5] Սիրիայի M4 ավտոմայրուղին այդ երկրի՝ ռազմավարական նշանակությամբ ամենակարևորն է, որն սկսվում է արեւելքից՝ Իրաքի սահմանից, և ձգվում դեպի արևմուտք՝ Միջերկրական ծովի առափնյա տարածքներ։
[6] Այն ԱՄՆ կոնգրեսը հաստատել է 2020թ․ հունվարի 20-ին «Սիրիայում Կեսարի օրենքը հանուն քաղաքացիական հովանավորության» վերտառությամբ, որը կիրարկվել է նույն թվականի հուլիսի 17-ից։ Գլխավորապես առնչվում է տնտեսական ու ֆինանսական սահամանափակումներին, որոնք վերաբերում են Սիրիայի վերականգնման գործընթացին։
[9] Էրդողանի հատուկ դիմումն Իրանին հասանելի դարձավ ԶԼՄ-ներին, Ettelaat Online
[10] «Ազատությունը» Ստեփանակերտի համար այդ անունն է կիրառում, ինչը ևս դրա ադրբեջանամետության մասին է վկայում։
[12] Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի առավոտյան ստորագրել է հայտարարության նախնական տարբերակը․ Նաիրի Հոխիկյանը մանիպուլացնում է, Infocom, 20.06.2023
[13] Զանգեզուրի միջանցք, բացառիկ կլոր սեղան՝ Ռուսաստանի հարցերով երկու փորձագետի մասնակցությամբ, Didarnews, 12.09.2024
[16] Մայքլ Ռուբին, Ինչո՞ւ Հայաստանի տարածքով միջանցք չեն ստանա Թուրքիան և Ադրբեջանը, The National Interest, 09․11․2021
[17] Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի Հանրապետության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Արմենպրես, 05․04․2024
[18] ՌԴ-ն չի կարծում, թե «Խաղաղության խաչմերուկը» այլընտրանք է Մեղրիի կամ այլ երթուղու. Զախարովա, Հայկական ժամանակ, 28․02․2024
[21] Ադրբեջանի նախագահի ամանորյա բլեֆը, Iranian Diplomacy
[22] Նույն տեղում։
[24] Նույն տեղում։
[26] Ադրբեջանական Think tank-ների գնահատականները․ «Զանգեզուրի միջանցքը» հնարավոր է գործարկել առանց ռազմական միջամտության, Euronews
[28] Հայոբ Չաքրյան, «Ջումհուրիյեթ» թերթի հոդվածում ուշագրավ դիտարկումներ են արվում, Ազգ օրաթերթ, 27․10․2023
[29] Թուրքերը «Զանգեզուրի միջանցքի» մասին իրենց ելույթներում ու ԶԼՄ-ներում խոսում են որպես իրականություն։
[31] Նույն տեղում։
[32] Նույն տեղում։
[33] Ըստ երևույթին` Էրդողանի ակնարկն Իրանի տարածքով կառուցվող Արասի միջանցքի մասին է։
[36] Նույն տեղում։
[38] Իրանում այդպիսի ազգություն չկա, բնակչության գերակշիռ մասը խոսում է իրանական լեզվաընտանիքին պատկանող տարբեր բարբառներով, այդ թվում՝ լոռերեն, քրդերեն, որոնք հիմնականում հասկանալի են միմյանց։ Համաթյուրքականները ֆարսեր ասելով, հակադրում են թուրքախոսներին։
[39] Արաբ պատմաբան, գրող, աշխարհագրագետ Աբու ալ Հասան բին ալ Հոսեյն բին Ալի ալ Մաասուդի (896-957թթ․), որը հայտնի է նաև արաբների Հերոդոտոս անվամբ։
[42] Նույն տեղում։
[43] Նույն տեղում։
[44] Նույն տեղում։
[45] Նույն տեղում։
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)