Միջազգային ԵՎ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
16 հկտ 2025 136

2025թ․ հունիսի 17-ին ռուսաստանահայ օլիգարխ, միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո նրա ու իր հարազատների ստեղծած «Մեր ձևով» շարժումը օրեցօր հարցազրույցներում կամ հանդիպումներում արվող հայտարարություններով կամա թե ակամա բացում է այն «քաղաքական տեքստը» և խնդիրը, որի համար էլ ՌԴ, Կիպրոսի քաղաքացիություններ ունեցող գործարարը գործուղվել է Հայաստան՝ 2026թ․ խորհրդարանական ընտրություններից ուղիղ մեկ տարի առաջ ներքաղաքական գործընթացներում իշխող «փոքր քաղաքական խմբակին»՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը իշխանազրկելու առաքելությամբ։ 

Բայց իշխանափոխությունը նրանց համար ինքնանպատակ չէ․ Սամվել Կարապետյանին, և ավելի շատ՝ Ռուսաստանին այս պահին մտահոգում է, որ վերջին տարիներին թուլանում է Մոսկվայի ազդեցությունը Հայաստանի վրա, ավելին՝ Կրեմլը չի կարողանում կասեցնել Հայաստանի դիվերսիֆիկացման քաղաքականությունը, որի պայմաններում թափ են ստանում Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ու ամերիկյան ուժագծերը։ Որքան էլ Սամվել Կարապետյանի նորամուտը Հայաստանի ներքին քաղաքականություն համեմվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իշխող «փոքր քաղաքական խմբակի հարձակումներից պաշտպանելու» սոուսով, նրա և իր գեներացրած շարժման արտաբերած տեքստերը մատնում են ավելի մեծ խաղը։

Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու  եկեղեցու դեմ արշավին. Սամվել Կարապետյան

Չափազանց դժվար է երբևէ քաղաքականության մեջ փորձ չունեցած, իսկ այժմ քաղաքական հայտ ներկայացրած անձանց ապաքաղաքական տեքստերի վերլուծությունը։ Սակայն վերջին ամիսներին նրանց բանավոր ու գրավոր խոսույթների ու շրջանառած նառատիվների վերլուծությունը ոչ միայն մեծագույն ընդհանրություններ է բացահայտում Կրեմլի հետ, այլ նաև Վրաստանի ներկայիս իշխանության՝ «Վրացական երազանքի» հետ․․․

Սակայն այդ ամենը խնամքով թաքցվում է արցախասիրության ու արցախահայության իրավունքների պաշտպանության, հայ ինքնության հենասյուների՝ Եկեղեցու, խորհրդանիշների, պատմության պաշտպանության քողածածկույթի ներքո։ Չնայած՝ նառատիվների ու խոսույթների վերլուծությունը թույլ է տալիս շերտ առ շերտ հանել քողարկիչ թաղանթներն ու վեր հանել դրանց տակ թաքնվող նպատակը։

Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած «Մեր ձևով» շարժման հաշվետու հավաքին արդեն 2 ամիս կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ այդ նախաձեռնության ղեկավար Նարեկ Կարապետյանը Արցախյան պատերազմի դասերի առումով երկու հանգամանք է շեշտել՝ 1)Արցախյան հաղթանակը կորցրել ենք, իսկ 2)ազգային ինքնագիտակցությունը գտնվում է վտանգի տակ:

Առաջինի պատճառների ու երկրորդի դրսևորումների մասին Ն․Կարապետյանը բառացիորեն ասել է «44-օրյա պատերազմը մեր հաղթանակից հետո մի կարևոր դաս է, որ մենք պետք է սերտենք, որ հետագայում այդ նույն խնդրին չանդրադառնանք։  Մի վատ հատկություն ունենք, որը մեր վատ հատկություններից է, գրական բառը չեմ գտել, դրա համար խոսակցականն եմ ասում՝ արխային ենք ընկնում։ Հաղթում ենք՝ քաջաբար, դժվար, Ստեփանակերտի ապաստարաններում և նկուղներում, տարիներով պաշտպանվում ենք, կռվում ենք, հաղթում ենք և արխային ենք ընկնում։ 30 տարվա արխային ընկնելու արդյունքում մեր հակառակորդը, ավելի երկարաժամկետ թշնամություն ունենալով, նայելով ավելի հեռուն, ուժեղանում էր, իսկ մենք հանգստացել էինք։ Նարեկ Կարապետյանը նաև հայտարարել է, թե «Բոլոր կողմերից մեր ինքնությունը ենթարկվում է պասիվ հարձակումների։ Պաշտոնապես չեն ասում, բայց մենք տեսնում ենք, որ վերանում են մեր ազգային սիմվոլները», ակնարկելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններ նորմալացնելու ուղղությամբ ՀՀ իշխանությունների՝ երբեմնի «սիմվոլների պատերազմից կամ սիմվոլներով պահանջատիրությունից» հրաժարվելու քաղաքականությունը, նաև Եկեղեցու հետ դիմակայությունը որպես Արցախի, Հայաստանի ու նրա ինքնությունը կազմող ինստիտուտների, արժեքների և խորհրադնիշների ու հայկականության դեմ «ակտիվ հարձակման» «պասիվ» շարունակություն, որն իրականացվում է ներսից ու դրսից։ Դեհ, եթե ամեն հայկականի՝ այդ թվում արցախահայության, եկեղեցու, ինքնության վրա շարունակվում են «պասիվ հարձակումները», ուրեմն դրանք պետք է «պաշտպանել ներսում և դրսում»՝ այդ կերպ հիմնավորելով շահավետ ու եկամտաբեր գործարարությունից կտրվելու ու իբրև թե հանուն ազգային ինքնության պաշտպանության հարկադրված քաղաքականություն մտնելու իրենց որոշումը։ 

Նույն հավաքում շարժման նախաձեռնող խմբի անդամներից Արեգա Հովսեփյանը հայտարարել է «Արցախցիների իրավունքների պաշտպանությունը և միջազգային ատյաններում նրանց իրավունքների պաշտպանությունը, Մայր Հայաստանում նրանց արժանապատիվ կյանքի ապահովումը մեր թիմի համար սակարկման ենթակա չէ և այլընտրանք չունի։ Արցախ վերադարձի հարցը մեզ համար փակ չէ», հավելելով, որ իրենք չեն սկսելու իրենց «զրոյական» կետից։

Հայաստանի համար խաղաղության ապահովման առումով էլ Արեգա Հովսեփյանը ձևակերպել է «Մեր առաջարկած խաղաղության երաշխիքները ոչ թե հեռախոսահամար, ձեռքսեղմում կամ լուսանկարն են, այլ հզոր պետությունը, տնտեսությունը, համերաշխ հասարակությունը և բազմակենտրոն արտաքին քաղաքականությունը։ Մենք առաջարկում ենք արտաքին քաղաքականության նոր բովանդակություն՝ արժանապատիվ դիրքավորումներ համաշխարհային քաղաքական, տնտեսական ինտեգրացիոն գործընթացներում։ Մենք համոզված ենք՝ Հայաստանը կարող է դառնալ տնտեսական միջազգային նախագծերի հանգույց եւ բարձր տեխնոլոգիաների հաբ, բայց առանց սակարկելու ինքնիշխանությունն ու ազգային շահերը։ Զսպումների եւ հավասարակշռության ռազմավարության մշակումն ու ներդրումը և մեր համազգային համախմբումն են բոլոր տեսակի խաղաղությունների երաշխիքը»։

Արցախի կորստի ու արցախցիների իրավունքների մասով ասվածները, հանուն արդարության, կա՛մ բոլորիս հայտնի հանրահայտ ճշմարտության սոսկ մի մասն են, կա՛մ ավելի շատ բաժակաճառ են, ըստ որում՝ առանց առարկայական և իրատեսական լուծումներ առաջարկելու, բայց այդ ամենից առաջ ու առաջին հերթին՝ արցախցիների հայրենատենչության վրա նրանց իրենց կողմը գրավելու ու քվե ստանալու անազնիվ քարոզչական հնարք։ Մի կողմ թողնելով այս ամենի բարոյական կողմը փորձենք հասկանալ, թե ասվածն անվտանգային քաղաքականության ինչպիսի՞ վեկտոր է ենթադրում Հայաստանի համար։


Արցախի փակ հարցը և արցախցիների վերադարձի իրավունքի բաց հարցը


Որքան էլ «Մեր ձևով» շարժման համար արցախցիների՝ Արցախ վերադարձի հարցը փակ չէ, այդուհանդերձ, մինչ օրս նրանց կողմից ոչինչ չի ասվել Արցախ
յան խնդրի ու Արցախի մասին։ 2025թ․ հունիսի 17-ին իր կալանավորումից հետո մեկուսարանից տարածած երկրորդ հայտարարության մեջ Սամվել Կարապետյանն ընդամենը արձանագրել էր, որ այս իշխանություններին միայն հաջողվեց նախ «ամբողջովին քանդել երկրի արտաքին անվտանգությունը, ամբողջովին փչացնել հարաբերությունները գլխավոր դաշնակցի հետ, ամբողջովին փչացնել հարաբերությունները ռազմական բոլոր դաշնակիցների հետ», իսկ դրա «արդյունքում մի քանի կացին կախեց մեր երկրի գլխին (Թուրքիա, Ադրբեջան, նույնիսկ արդեն Պակիստան)։ Կորցրեցինք հազարամյակների բացառիկ արժեքավոր պատմություն ունեցող և արյան գնով պահած հայկական Արցախը»։

Սակայն, 2021թ սեպտեմբերի 20-ին, 44-օրյա պատերազմից մեկ տարի անց, ռուսական Սպուտնիկ Արմենիային տված հարցազրույցում Սամվել Կարապետյանը մի փոքր այլ կերպ էր վերլուծել 44-օրյա պատերազմը «Վերջին պատերազմը ցույց տվեց, որ դա ընդհանուր առմամբ հարուստի և աղքատի կռիվ էր, քանի որ ադրբեջանցիները գնալով հարստանում էին և կարող էին իրենց թույլ տալ գնել ժամանակակից սպառազինություն, իսկ մենք գնում էինք, ինչ որ կարողանում էինք, դրա համար էլ չկարողացանք հավասարը հավասարի հետ պայքարել»,– ասել էր Կարապետյանը` կարևորելով երկրի տնտեսությամբ զբաղվելու անհրաժեշտություն «Գլխավոր խնդիրն այն է, որ պետք է շատ լուրջ զբաղվենք Հայաստանի տնտեսությամբ»։

Գործարար Սամվել Կարապետյանի երևանյան տունը խուզարկվել է եկեղեցու թեմայով  Փաշինյանին քննադատելուց հետո – Armenia Today

Բուն Արցախյան երկրորդ պատերազմի առաջին օրերին՝ սպետեմբերի 29-ին, Սամվել Կարապետյանն իր հիմնադրած «Հայ ձեռներեցների ասոցիացիայի» ու «Տաշիր» ընկերությունների խմբի անունից այնպիսի հայտարարություն էր տարածել, որը հնարավոր է շփոթել հակամարտության երրորդ կամ դիտորդ կողմ հանդիսացող մեկի, կամ ինչպես Հայաստանում են կատակում՝ հակամարտության կողմերից մշտապես հավասարահեռություն պահպանած ԵԱՀԿ մինսկի խմբի հետ։ Այդ հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր «Այս օրերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները մեծ մտահոգություն են առաջացնում։ «Հայ ձեռներեցների ասոցիացիայի» անունից կոչ ենք անում կողմերին վերադառնալ բանակցությունների սեղան ու նոր զոհերից, այդ թվում նաև խաղաղ բնակչության շրջանում, խուսափելու համար հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակներ գտնել» (իսկ բանակցային սեղանի վրա դրված էր ռուսական՝ Լավրովի պլանը)։ Ապա Սամվել Կարապետյանը դիմել էր Ռուսաստանի հայկական ու ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներին՝ կոչ անելով «փոխադարձ հարգանք դրսևորել ու դադարեցնել սադրանքները, որոնք հանգեցնելու են Ռուսաստանի ներսում հակամարտության էսկալացիային»։ Այսինքն, այդ օրերին Սամվել Կարապետյանին ավելի շատ մտահոգում էին Ռուսաստանում հնարավոր հայ-ադրբեջանական բախումները, որոնք Կրեմլի ուշադրության կենտրոնում հայտնվեցին հատկապես «ծիրանային պատերազմից» ի վեր, երբ  Ռուսաստանի ադրբեջանցիները իրենց պատկանող մրգի և բանջարեղենի շուկաներից դուրս մղեցին Հայաստանից Ռուսաստան արտահանվող ծիրանը, և դա լուրջ լարվածություն ստեղծեց երկու համայնքների միջև։  

Այն ժամանակ՝ մինչև 2021թ ՀՀ իշխանությունները և վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020թ․ նոյեմբերի 9-ի ու դրան հաջորդած  եռակողմ հայտարարություններով կատարելապես գտնվում էին ռուսական ուղեծրում, հայ-ադրբեջանական խնդիրների լուծման արևմտյան հարթակներ չկային, որոնք գրգռեին Կրեմլին, խոշոր առումով Հայաստանն ու նրա իշխանությունները չէին առաջադրել ռազմաքաղաքական, տնտեսական և այլ քաղաքականությունները դիվերսիֆիկացնելու, ընդհուպ՝ ԵՄ ինտեգրվելու նպատակներ, հետևաբար Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը չէր մեղադրում երկրի արտաքին անվտանգությունը, գլխավոր դաշնակցի հետ հարաբերությունները ամբողջովին փչացնելու ու այդ ամենի արդյունքում Արցախը կորցնելու մեջ, այլ մեղադրում էր Ադրբեջանից Հայաստանի ետ և աղքատ մնալու, թերզինված լինելու համար։ Ոչ ավելին։

Նրա հրապարակային դիրքորոշումների «փոփոխությունը» Արցախի կորստի պատճառահետևանքային հարցերում սերտորեն կոռելացվում են Հայաստանի՝ դեպի Արմուտք թեքվելու հետ, ինչպես որ դա դրսևորվեց Ռուսաստանի իշխանությունների դեպքում, որոնք Արևմուտքին մեղադրում էին իրենց ստեղծած անվտանգային ճարտարապետությունը խաթարելու, տարածաշրջանն ապակայունացնելու և իրենց միջնորդական նախաձառնությունները սեփականելու ու զավթելու մեջ։   

Ո՛չ Սամվել Կարապետյանը, ո՛չ «Մեր ձևով» շարժման համակարգողները այդ ժամանակներից ի վեր երբեք ավելին չեն ասել, բացի կրեմլյան հայտնի նառատիվի կրկնությունը, թե «Արցախին ու Հայաստանին պատուհասած աղետը Թավշյա հեղափոխությամբ իշխանության եկածների կողմից գլխավոր դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու ու նրան դավաճանելու արդյունք է»։

Սամվել Կարապետյանը, որ հայտարարել է, թե hայաստանյան քաղաքականություն է ներխուժում նաև «գլխավոր դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու» նպատակով, այդ նույն տրամաբանությամբ չի շարունակել իր միտքը, թե «Ռուսաստանի հանդեպ Հայաստանի դավաճանությունը չեղարկելու կամ վերացնելու» արդյունքում վերադաձնելու են կամ Ռուսաստանն իրենց օգնելու է վերադարձնել Արցախը․․․ Հետևաբար, ասված ու չասված մտքերից հնարավոր չէ այլ եզրակացություն անել, քան այն, որ նրանց համար էլ Արցախյան խնդիրը փակ է։  Ի վերջո, իշխանությունն էլ ոչ թե հայտարարել է, թե արցախցիների վերադարձի իրավունքն է փակ, այլ ղարաբաղյան շարժման էջը։

«Մերձևիստները» գտնում են, որ պետք է սոսկ դասեր քաղել պարտությունից, արցախցիներին ինտեգրել, տնավորել Հայաստանում՝ նրանց համար ապահովելով արժանապատիվ կյանք։ Նրանք պարզապես փորձում են «հարցը փակ չէ» ձևակերպումով իշխանությունների հետ էական, արմատական տարբերության պատրանք ստեղծել և արցախցիներին որպես «ռադիկալ հումք» օգտագործել իշխանափոխության իրենց ծրագրերում։ Չնայած այս դեպքում էլ չեն հստակեցնում՝ այդ ի՞նչ երաշխիք են պատկերացնում կամ ստեղծելու իրենք, որ արցախցիները վերադառնան Արցախ։

Նախորդ անգամ՝ 2020թ 44-օրյա պատերազմից հետո արցախցիները Արցախ ու իրենց տներ վերադարձել էին բացառապես ռուսական երաշխիքի հույսով, ինչպես որ դա հայտարարվեց 2023թ Արցախի Աանվտանգության Խորհրդի հայտարարության մեջ ՝ չթաքցնելով այդ երաշխիքից արցախցիների հասունացող հիասթափությունը արդեն իսկ հայաբնակ տարածաշրջանի շրջափակման պայմաններում։ Իսկ այդ հայտարարությանը թիվ մեկ հասցեատերը հենց Մոսկվան էր, որը անտեսել ու անպատասխան էր թողել դրանից ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին ուղարկված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակ-խնդրագիրը։ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակի անդրադարձն այդ նամակին՝ «մենք նման պաշտոնյա չենք ճանաչում» բովանդակությամբ մատնում էր այն հանգամանքը, որ մինչ օրս չհրապարակված նամակում այն նույն շեշտադրումներն էին, ինչ քիչ անց Արցախի Անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։

Արցախի համար ճակատագրական այս շրջանում եթե հրապարակային տեղեկատվության դաշտում հայտնի չէ, թե կոնկրետ Սամվել Կարապետյանն ինչ է արել կամ փորձել անել Արցախի փրկության համար՝ մոտ լինելով Ռուսաստանի իշխանություններին ու ունենալով հսկայական ռեսուրսներ, ապա արցախցի քաղաքական գործիչները հետագայում իրենց հարցազրույցներում բարձրաձայնեցին, որ սեպտեմբերյան նախագահափոխության ճամբարում, որի բարձրաձայնված նպատակներից մեկն ըստ այն համակարգած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմերի, «Հայաստանի գլխավոր դաշնակցին Արցախի վստահելի դաշնակից ու կատարյալ երաշխավոր դարձնելն էր», եղել է նաև Սամվել Կարապետյանը։

Իսկ Արայիկ Հարությունյանի նախագահության հանդեպ Ռուսաստանի «անվստահության» պատճառը ոչ միայն ՌԴ Պուտինին գրված նրա նամակում, իսկ հետագայում՝ ԱԽ հայտարարության մեջ ռուսական երաշխիքների կապակցությամբ հայտնված հիասթափությունն էր, այլ նաև Արցախ-Ադրբեջան բանակցությունները արևմտյա՞ն, թե ռուսական հարթակում վարելու հարցը, որը պայմանականորեն ձևակերպվեց «արևմտյան Բրատիսլավան ընդդեմ ռուս-ադրբեջանական Եվլախի»։ Եթե եվլախյան հարթակի կողմնակիցների ճամբարի հետ Սամվել Կարապետյանին կապող այլ բան էլ չլիներ, միայն այն, որ Կրեմլը թշնամաբար էր վերաբերում բանակցություններն արևմտյան հարթակ տեղափոխելուն (որի մեջ մեղադրում էին թե Հայաստանի վարչապետին, թե Արցախի նախագահին), և տարբեր եղանակներով, այդ թվում՝ Արցախի շրջափակումը որպես գործիք օգտագործելով ճնշում էր գործադրում, որպեսզի Ստեփանակերտը հակադրվի պաշտոնական Երևանին ու ապավինի բացառապես ռուսական հրամանատարության մոդերատորությամբ Եվլախում բանակցություններին, արդեն իսկ այդ հանգամանքը բավարար էր դառնում, որ Սամվել Սարապետյանը հեռակա համախոհություն ունենար սեպտեմբերյան նախագահափոխության գործընթացին։ Ինչպես հայտնի է, դրանք ողբերգական հետևանքներ ունեցան Արցախի համար, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դա անելու դեպքում կանխավ զգուշացրել էր «հակատեռորիստական» և «հակաանջատողական» գործողություններով, մանավանդ որ 2022թ․ փետրվարի 22-ին՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից 2 օր առաջ, Պուտինը և Ալիևը ստորագրել էին ռազմավարական փոխգործակցության մասին պայմանագիր, որով կողմերը պարտավորվել էին միմյանց աջակցել սեփական տարածքում այդ երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության, անջատողականության ու արմատականության դեմ պայքարում։ Հետևաբար, կանխավ էլ պարզ էր, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտը որևէ միջամտություն չէր էլ ունենալու սեպտեմբերի 19-ի ագրեսիոն հարձակման ժամանակ, որի պատրվակ դարձավ նախագահափոխության գործընթացը․․․

«Մարդիկ, ովքեր պաշտպանել են ժողովրդի խաղաղ կյանքի իրավունքը, այսօր ունեն մեր աջակցության կարիքը»․ Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանը երբևէ չի անդրադարձել այս ճակատագրական զարգացումներին, գնահատականներ չի տվել դրանց, ավելին՝ իրեն չի դիստանցավորել դրանից, մանավանդ որ իր անունը արցախցի գործիչների կողմից նույնպես շոշափվել է որպես այդ վտանգավոր դիպաշարի հետ հեռակա առնչություն ունեցած մեկը։ Հասկանալի է, որ ինչպես շատերը, նա իրեն չի դարձնի պատասխանատու, մանավանդ որ առաջին պլանի պատասխանատու չէ։    

Այս ամենից հետո Կարապետյանենք ու ցանկացած այլ մեկը քաջ գիտակցում են, որ եթե անգամ կրկին խոսեն Արցախ վերադարձի ռուսական երաշխիքի մասին, ապա արցախցիների մեծամասնությունը այս անգամ դժվար թե հավատա կամ վստահի դրան, մանավանդ որ Մոսկվան երկրորդ անգամ նման երկաշխիք տալու ոչ պլաններ, ոչ էլ հնարավորություններ ունի, ինչի մասին նրանք նույնպես լավ գիտեն։ Ուստի, «Մեր ձևով» շարժումը գիտակցված լռում է այդ մասին․․․

Այդուհանդերձ, մեկ տարբերություն գործող իշխանության քաղաքականության թեզերից «մերձևիստները» մոտ առկա է եթե վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախի հարցը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում չի լինելու, ապա «մերձևիստները» հայտարարում են, թե արցախցիների վերադարձի իրավունքը դարձնելու են ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի մաս ու պահանջ՝ շեշտելով  Հայաստանում ու միջազգային կառույցներում այդ իրավունքների պաշտպանությունը։ Կրկին, մի կողմ թողնելով Հայաստանում հաստատված ու ՀՀ ընտրող դարձած և/կամ հանդիսացող արցախցիների քվեն գրավելու տեսանելի նպատակը, այսպիսի թեզ առաջ քաշողները պետք է պատրաստ լինեն Հայաստանում ընդդիմախոսների կողմից հակընդեմ հարցի ու ավելի կարևոր է՝ Ադրբեջանի կողմից հակընդեմ պահանջի՝ «ուզո՞ւմ եք վերադառնալ Արցախ՝ ընդունե՛ք Ադրբեջանի քաղաքացիությունը, բայցև ճանաչեք Հայաստանից ժամանակին «փախստական» դարձած ադրբեջանցիների վերադարձի իրավունքն ու ապահովեք այն»։ Ի վերջո, Ադրբեջանի բռնապետը պատահական չէ ստեղծել «Արևմտյան Ադրբեջանի ու այնտեղ ապրած 150000-30000 հազար ադրբեջանցի փախստականների» թեզը դա միայն պատերազմում պարտված Հայաստանի նկատմամբ հերթական պահանջը չէ՝ «կպնդենք ու կապրտադրենք, կստացվի՝ կստացվի» տրամաբանությամբ, այլ Արցախյան հարցը երկարաժամկետ փակելու ու արցախցիների վերադարձը կանխարգելելող-զսպող քայլ։

Իսկ ո՞րն է «մերձևիստների» կոնտր քայլը դրան Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացնե՞լ միակողմանի պահանջ ու մերժե՞լ կամ չտեսնելու տա՞լ Ադրբեջանի «սիմետրիկ» պահանջը․․․ Այդ դեպքում ինչո՞ւ չեն խոսում դրա մասին։ Չէ՞ որ այս հարցը օդում կախված է, և գործող իշխանությունը որդեգրել է «պահանջ չդնելու ու նմանատիպ պահանջ չընդունելու» (մի կողմ թողնենք դրա արդյունավետության հարցը) ռազմավարությունը, ու եթե նրանք հակադրվում են իշխանության այդ ռազմավարությանը, ապա պետք է հստակ ասեն, թե ո՞րն է իրենց ռազմավարությունը ի վերջո, «պարահրապարակում Հայաստանը միայնակ չէ, որ միայն դիտարկես սեփական խորեոգրաֆիան․․․ Այդպիսի պահանջի դեպքում Ադրբեջանն էլ պարելու է․․․»։ Դժվար է հավատալ, թե այս ամենը նորաստեղծ շարժման քաղաքական հեռատեսության կամ պատասխանատվության տոտալ բացակայության՝ հետևանքների մասին չմտածելու ու կարճաժամկետ օգուտի՝ արցախցիների քվեն ստանալու անազնիվ նպատակի մասին է․․․

Եթե այս խնդրի լուծման միակ ակնարկվող ուղին «Հայաստանում ու միջազգային կառույցներում վերադարձի իրավունքի պաշտպանությունն է», այն է՝ պարբերաբար Երևանում վարչապետի կամ ԱԳ նախարարի գրասենյակից «արցախցիները վերադառնալու իրավունք ունեն» անվիճելի ճշմարտության բարձրաձայնումը կամ այդ հարցում միջազգային կառույցներին ապավինելը, ապա, այդ դեպքում չի ստացվո՞ւմ, որ ընդամենը բարձրաձայնում են առնվազն Ադրբեջանին անատամ «կծմծելու» մասին, եթե ոչ ավելի վատ բան․․․

Ի վերջո, հայտարարվի, թե չհայտարարվի՝ արցախցիները իրենց բնակության վայր վերադառնալու միջազգային իրավունքն ունեն ու ունենալու են միշտ, ինչպես ցանկացած փախստական։ Իսկ դա գործնականում հնարավոր է դառնալու միայն միջազգային իրավիճակի և/կամ Ադրբեջանում իրավիճակի ռադիկալ փոփոխության որոշակի սցենարի դեպքում, երբ հնարավոր կլինի կա՛մ վերանայել տարածաշրջանի «քաղաքական քարտեզը», կա՛մ ունենալ որևէ խոշոր աշխարհաքաղաքական կենտրոնի՝ այնտեղ ռազմական, խաղաղապահ ներկայություն ունենալու շահագրգռություն, հետևաբարև՝ միջազգային անվտանգություն ապահովելու հնարավորություն։ Չգիտակցել այս ճշմարտությունը, կնշանակի ոչ միայն ոչինչ չհասկանալ քաղաքականությունից, այլ նաև ուղղակի պատերազմում «աղքատացած, արխային ընկած, ապա՝ պարտված» Հայաստանի վրա դնել իրենից ավելի շատ հզորացած, հարստացած հարևանին (ինչպես Սամվել Կարապետյանն   է արձանագրում տասնամյակների ընթացքում Հայաստանից Ադրբեջանի առաջ անցնելը) պարբերաբար գրգռելու իրավիճակում:

Putin's war in Ukraine may cost him control of the south Caucasus

Իսկ այս ամենը, տեսանելիորեն, այլ տեղ է տանում դեպի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաթեժացում, արդեն իսկ կայացված համաձայնությունների («Խաղաղության պայմանագիր», Հայաստան-Ադրբեջան սահմանազատում և սահմանագծում Ալմա Աթիի պայմանագրի սկզբունքով, «Թրամփի երթուղի» և այլն) չեղարկում ու ետ շրջում․ հետևանք, որը չափազանց պահանջված է Ռուսաստանի համար Ադրբեջանի ու Հայաստանի վրա իր ազդեցության հզորագույն լծակը վերաստեղծելու առումով։ Իսկ դա Կրեմլը կորցրել է երկուսի վրա էլ․․․

Եթե անգամ Սամվել Կարապետյանի ու «Մեր ձևով» շարժման համար այս ամենից միակ կարճաժամկետ օգուտը արմատական ու հակաիշխանական տրամադրութուններով արցախցիների հատվածին իրենց կողմը գրավելն է, ապա հետևանքները, որոնք միգուցե նույնիսկ մինչև վերջ չեն էլ պատկերացնում, ամենևին Հայաստանի օգտին չեն, այլ Ռուսաստանի․․․

Բայց սա նրանց նշմարվող հակաարևմտյան դիրքորոշման ու դիրքավորման միակ պահը չէ․․․

 

Շարունակելի

Փորձագետ (ներ)

Ստյոպա Սաֆարյան