Միջազգային ԵՎ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
16 սպտ 2024 616

 

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Վերջին տարիներին համաշխարհային տնտեսությունն իր զարգացումներում մշտապես բախվում է և՛ տնտեսական, և՛ քաղաքական աննախադեպ իրադարձությունների հետ: Covid-19 համավարակը, զինված հակամարտություններն աշխարհի տարբեր անկյուններում, մասնավորապես ռուս-ուկրաինական պատերազմը՝ պատժամիջոցների և դրանից բխող ծանր տնտեսական հետևանքների ողջ ծավալով, արտաքին պարտքի և աղքատության հիմնախնդիրների  նոր դրսևորումները և՛ զարգացած և՛ զարգացող երկրներում, «թրամփոնոմիկայի» սպասվող արձագ անքներն է՛լ ավելի են սրում ու խորացնում անորոշությունների չդադարող շղթան համաշխարհային տնտեսության մեջ: Բնականաբար, աշխարհի գրեթե բոլոր երկրներն «ստիպված» են  վերանայել հատկապես տնտեսական զարգացման առաջնահերթությունները՝ ելնելով երկրի ազգային տնտեսական անվտանգության ապահովման շահերից:

 

Այս տիրույթում Հայաստանի Հանրապետության համար (այսուհետ՝ ՀՀ) առավել կարևորվում է երկրի տնտեսական դիմակայունության ամրապնդման անհրաժեշտությունը, ելնելով հատկապես այն իրողությունից, որ Հայաստանն այն երկրների շարքում է, որ բնական ռեսուրսների սակավության, աշխարհագրական դիրքի, փոքր տարածքի, դեպի ծով ելքի բացակայության, առևտրային և տրանսպորտային հանգույցներից և հաղորդակցության կարևոր ուղիներից զրկված լինելու պատճառով, չի կարող տնտեսական զարգացման առավել իրատեսական ու շահութաբեր աղբյուր ունենալ, քան գիտության զարգացումն է, մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը[1]:

Գիտությունը Հայաստանում - Science in Armenia

 

Մեր կողմից կատարված հետազոտության հիմնական նպատակը ՀՀ–ում գիտության ոլորտը բնութագրող ցուցանիշների շարժընթացի վերլուծությունն է և աշխարհատնտեսական ու աշխարհաքաղաքական նոր իրողություններով պայմանավորված հիմնախնդիրների բացահայտումը:

 

Հետազոտության նպատակից բխում եմ մի շարք խնդիրներ.

 

Ուսումնասիրել վերջին մի քանի տարիների ընթացքում (2018-2022[2]թթ.) ՀՀ-ում գիտության ոլորտը բնութագրող ցուցանիշների շարժընթացը, (տարիների ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախկինում մեր կողմից կատարվել է գիտության ոլորտի վերլուծություն՝ 2009-2016թթ․ ընթացքում[3],

 

Բացահայտել նույն ժամանակահատվածում ՀՀ տնտեսական աճի և գիտության ոլորտը բնութագրող հիմնական ցուցանիշների միջև փոխառնչությունները՝ներկայացնելով  տնտեսական աճի շարժընթացի և գիտության միջև փոխառնչությունները,

 

Բացահայտել հետազոտվող տարիներին համաշխարհային տնտեսության զարգացումներով պայմանավորված ՀՀ  գիտության ոլորտում առկա նոր հիմնախնդիրները և ներկայացնել դրանց լուծման հնարավորությունները:

 

Խնդրի լուծման նորույթը նրանում է, որ ՀՀ-ում, ինչպեսև՝ ամբողջ աշխարհում, հետազոտվող տարիներին գիտության ոլորտում ի հայտ են եկել նոր հիմնախնդիրներ, որոնց հետազոտությունն ու բացահայտումը  բխում է երկրի ազգային տնտեսական անվտանգության ապահովման շահերից:

 

Հետազոտության տեսական և մեթոդաբանական հիմք են ծառայել հետազոտվող թեմայի շրջանակներում միջազգային կազմակերպությունների՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության, (UNESCO), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD), Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) զեկույցները, արտերկի տնտեսագետների գիտական հրապարակումները, փորձագիտական հանրույթի կարծիքները: Որպես տեղեկատվական հիմք օգտագործվել են ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տեղեկատվական զեկույցների, վիճակագրական ժողովածուների և տեղեկագրերի, միջազգային կազմակերպությունների պաշտոնական վիճակագրական հրապարակումները, ինչպես նաև ՀՀ օրենքներն ու այլ իրավական ակտերը: Հետազոտության  մեջ կիրառվել են վիճակագրական վերլուծության համալիր մեթոդներ, այն է` գրաֆիկական և աղյուսակային, բացարձակ, հարաբերական  ցուցանիշների, փոխկախվածությունների վերլուծության տարբեր մեթոդներ:

 

ՀՀ-ում գիտության ոլորտի վերաբերյալ որոշակի տվյալներ հրապարակում է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ Հայաստանի սոցիալական վիճակը տարբեր տարիներին զեկույցներում (Գիտատեխնիկական գործունեություն) և Հայաստանի ամենամյա վիճակագրական տարեգրքում (Գիտություն):

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Գիտության զարգացումը կարևոր է մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտում՝ ապահովելով առաջընթաց, բարեկեցություն և անվտանգութուն: Գիտության միջոցով հաղթահարվում են ժամանակակից գլոբալ մարտահրավերները և ամրապնդում ցանկացած երկրի դիմակայունություն:

 

Սակայն վերջին տարիներին ոլորտի զարգացումը բախվել է բազմաթիվ հիմնախնդիրների, պայմանավորված աշխարհում տեղի ունեցող տարաբնույթ ռազմական, քաղաքական, տնտեսական իրադարձություններով: Ուստի և համաշխարհային տնտեսության մեջ հետկովիդյան ժամանակաշրջանում է՛լ ավելի կարևորվեց արդյունաբերական չորրորդ հեղափոխության իրականացումը, նոր տեխնոլոգիաների զարգացումը, ինչը երաշխավորում է ո՛չ միայն տնտեսական առաջընթաց, այլ նաև՝ բազում անհավանական ռիսկերից խուսանավումը: Միանգամայն օրինաչափորեն, նշյալ իրողություններում համաշխարհային տնտեսական վերականգնվող աճին զուգընթաց շարունակվում է հետազոտությունների և մշակումների վրա կատարված ծախսերի ավելացումը, ինչը 2021թ.կազմել է համաշխարհային ՀՆԱ-ի 2,62%[4]-ը: Առաջադիմում են հատկապես զարգացած երկրները: Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության՝ WIPO–ի կողմից հրապարակված «Նորարարությունների գլոբալ ինդեքս 2023» զեկույցում առաջին հորիզոնականում Շվեյցարիան է, հաջորդում են Շվեդիան, ԱՄՆ-ը[5]:

 

Հայաստանն անմասն չէ նման զարգացումներից:

 

Հայաստանի գիտության ոլորտը միշտ ունեցել է մեծ ներուժ՝ շնորհիվ երկրում առկա մարդկային կապիտալի: Սակայն, վերջինիս անարդյունավետ օգտագործումը երկրում հանգեցրել է բազմաթիվ հիմնախնդիրների՝ ո՛չ ներառական տնտեսական աճ, աղքատության բարձր մակարդակ, արտաքին պարտք, ցածր կենսամակարդակ և այլն, որոնց լուծման բանալին գիտության ոլորտի համակարգային զարգացման և որակապես նոր մակարդակի ձևավորման մեջ է: Համաշխարհային բանկի տեղեկատվության համաձայն, 2022թ. հետազոտությունների և մշակումների վրա կատարված ծախսերը ՀՀ-ում կազմել են ՀՆԱ-ի 0,21%[6], ինչը 12,5 անգամ պակաս է համաշխարհային տնտեսության մեջ համանման ցուցանիշից:

 

Արձանագրենք, որ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը ձեռնարկել է որոշ միջոցառումներ իրավիճակի բարելավման ուղղությամբ: Թերևս արդյունքը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության՝ WIPO-ի կողմից հրապարակված 2023թ. զեկույցում Հայաստանի առաջադիմումն է 132 երկրների շարքում: Հայաստանը 72-րդ[7] հորիզոնականում է, 2022-ի՝ 80-րդի փոխարեն։ Թուրքիան զբաղեցնում է 39-րդ, Վրաստանը՝ 65-րդ, Ադրբեջանը՝ 89-րդ, Իրանը՝ 62-րդ հորզոնականը: Անշուշտ, իրավիճակը գոհացուցիչ չէ և կայուն և բարեկեցիկ միջավայր կառուցելու նպատակով հարկ է, որ Հայաստանում է՛լ ավելի կարևորվի գիտության ոլորտի զարգացումը՝ ի դեմս պետության բազմակողմանի աջակցության:

 

ՀՀ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՇԱՐԺԸՆԹԱՑԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

 

Արդ, ուսումնասիրենք ՀՀ գիտության ոլորտի զարգացումը բնութագրող ցուցանիշները 2018-2022թվականների ընթացքում և փորձենք վերհանել ոլորտում առկա հիմնախնդիրները՝ պարզաբանելով այն ռիսկերը, որոնք լուրջ և խոցելի են տնտեսության մոտակա տարիների զարգացման համատեքստում:

 

Արձանագրենք, որ ՀՀ –ում գիտության ոլորտն իր մեջ ընդգրկում է գիտատեխնիկական գործունեության այնպիսի կարևորագույն ենթաոլորտներ, ինչպիսիք են հետազոտությունները և մշակումները, հիմնարար գիտական հետազոտությունները, նախագծա-կոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքները, արտադրանքի փորձնական օրինակների (խմբաքանակի) պատրաստումը, նախագծային աշխատանքները շինարարության համար, գիտատեխնիկական ծառայությունները: Նշյալ շրջանակներում անչափ կարևոր է նաև հետազոտություններ և մշակումներ կատարող կազմակերպությունների քանակը, հետազոտություններ և մշակումներ կատարող կազմակերպություններում  աշխատողների թվաքանակն ըստ համապատասխան գիտական աստիճանի, ինչպես նաև` բարձրագույն ուսումնական հաստատությունների թիվը:

Launching an R&D Center: An Expert Addresses Key Questions - nCube

Համաշխարհային տնտեսության մեջ կարևոր ցուցանիշ է գիտության վրա ծախսերը ՀՆԱ-ից, որը ցույց է տալիս, թե որքանո՞վ է տվյալ երկիրն աջակցում գիտությանը և տեխնոլոգիաների զարգացմանը: Անշուշտ, COVID-19 համավարակն իր զգալի դերակատարումն ունեցավ նաև նշյալ ոլորտի զարգացման վրա, նույնիսկ առաջադեմ երկրներում նկատվեցին ծախսերի նվազում, մասնավորապես Գերմանիայում՝ -4,9%, Ճապոնիայում՝ -2,7%[8]: 2020թ. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ՝ՏՀԶԿ) շրջանակներում հետազոտությունների և մշակումների վրա կատարված ծախսերի աճը հիմնականում պայմանավորված էր ԱՄՆ-ում այդ ծախսերի աճով՝ +6,4%: Արդեն 2021թ. վերոնշյալ ծախսերը ՏՀԶԿ-ում վերադարձել են նախահամաճարակային մակարդակին, կազմելով մոտովորապես 4,5%:  Ինչպես վկայում է ՏՀԶԿ գիտության վերաբերյալ 2023թ. զեկույցը, ՀՆԱ-ից գիտության ոլորտին կատարվող էական հատկացումներ են կատարվում Իսրայելում (5,6%) և Կորեայի Հանրապետությունում (4,9%), հետ չի մնում Եվրամիությունը՝ 2,2%, ԱՄՆ-ը՝ 3,5%, Չինաստանը՝ 2,4%[9]:

 

Միաժամանակ, ավելորդ չենք համարում նշել, որ աշխարհում գիտահետազոտական և փորձնա-կոնստրուկտորական աշխատանքների  վրա կատարվող ծախսերն առավել ակտիվացել են ցածր եկամտով այնպիսի երկրներում, ինչպիսիք են օրինակ աֆրիկյան երկրներից Եթովպիան: Նման միտումներ նկատվում են Մալավիում, Ուգանդայում, Քենիայում, Կամերունում և աֆրիկյան այլ երկրներում: Բանն այն է, որ աֆրիկյան նշյալ երկրներում ժամանակակից ենթակառուցվածքների արագ զարգացումն սպասարկում է այդ երկրներում տնտեսության արդյունաբերականացմանն ու դիվերսիֆիկացմանը, ինչն էլ անհրաժեշտություն է դարձնում գիտահետազոտական ոլորտում ներդրումների ավելացումը և համապատասխան որակյալ կադրերի պատրաստումը:

 

Նշենք մեկ հետաքրքիր փաստ ևս: Աֆրիկյան երկրներում գիտահետազոտական և փորձնակոնստրուկտորական աշխատանքների ոլորտում աշխուժացումը բացատրվում է նաև եվրոպական երկրներից աֆրիկացի բարձր որակավորում ունեցող մասնագետների վերադարձով՝ ներգաղթով, ինչը պայմանավորված էր զարգացած երկրներում 2008թ. ֆինասատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ՝ տնտեսական աճի ցածր տեմպեր, գործազրկության բարձր մակարդակ և այլն[10]:

 

Այսպիսով, գիտության ոլորտի ֆինանսավորման ծավալների մեծացումն այսօր բազմարկչի դերակատարում ունի տնտեսության ներկա և ապագա զարգացումների համատեքստում: Ստորև ավելի ու ավելի կհիմնավորենք ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությունն ու հրատապությունը:

 Գիտության պետական ֆինանսավորումը Հայաստանում և այլ երկրներում - ACSES

Ինչպիսի՞ն է գիտության ֆինանսական աջակցությունը Հայաստանում:

 

Գծապատկեր 1-ում արտացոլված տվյալները բացահայտում են են այն իրողությունը, որ 2018-2022թ.թ. ընթացքում հետազոտությունների և մշակումների վրա կատարված համախառն ծախսերը կազմել են ՀՆԱ-ի չնչին մասը: Ուսումնասիրվող ժամանակահատվածում դրանք աճել են 0,19%-ից մինչև 0,2%, այլ կերպ 5 տարիների ընթացքում գիտության վրա կատարվող ծախսերը ՀՆԱ-ից աճել են ընդամենը 0,01%-ով:  Կարծում ենք, անվանական ՀՆԱ-ի գրեթե կրկնակի աճը հետազոտվող տարիներին, ամենևին ներդաշնակ չէ գիտության ֆինանսավորման ծավալների աճին, ինչը լուրջ մտահոգությունների շարժառիթ է:

 

Գծապատկեր 1[11]. Հետազոտությունների և մշակումների վրա կատարված ծախսերի մասնաբաժինը ՀՆԱ-ում, %, 2018-2022թ.թ.[12]

 

Աղյուսակ 1. ՀՀ-ում գիտության ոլորտը բնութագրող ցուցանիշները 2018-2022թ.թ.[13]  

Անդրադառնանք հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին և համախառն ծախսերի շարժընթացին և այդ ծախսերի մեջ ֆինանսավորման մեկ այլ վճռորոշ աղբյուրից՝ պետական բյուջեից կատարվող հատկացումներին:

 

Ինչպես երևում է աղյուսակ 1-ի տվյալներից, 2018-2022թ.թ. ընթացքում գիտության ոլորտը բնութագրող ամփոփ ցուցանիշներից մեկը՝ հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին ֆինանսական ծախսերը 2022թ. ավելացել են 5494.7 մլն դրամով՝ 2018թ. համեմատ կամ 52%-ով: Բնականաբար, ուսումնասիրվող ժամանակահատվածում ավելացել են նաև հետազոտությունների և մշակումների վրա կատարված համախառն ծախսերը՝ 6456.8մլն դրամով կամ 56,8%-ով[14]: Ընդ որում, նշենք, որ ֆինանսական միջոցները գերազանցապես ուղղվել են գիտական ենթակառուցվածքների արդիականացմանը, մասնավորապես 2018թ. համեմատ 2022թ. ֆինանսական ծախսերն ավելացել են նոր սարքավորումների ձեռքբերման գծով՝ 5 անգամ, շենքերի ձեռքբերման գծով՝ 4 անգամ և մասամբ՝ աշխատանքի վարձատրությունը գիտական կազմակերպություններում բարձրացել է գրեթե 1,5 անգամ: Այդ ամենի արդյունքը, թերևս, նպաստումն է Հայաստանի դիրքի առաջընթացին՝ գլոբալ նորարարությունների համաթվով: Հայաստանը 2023թ. առաջադիմել է 8 կետով՝ 132 երկրների շարքում զբաղեցնելով 72-րդ հորիզոնականը:

 

Սակայն, հաջորդիվ կարձանագրենք փաստ, որ չնայած գիտության վրա կատարված ֆինանսավորման ծավալների աճին, ծախսերը դեռևս անբավարար են, ինչն ստեղծում է բազմաթիվ խոչընդոտներ՝ ոլորտի հետագա արգասաբեր զարգացումների ընթացքում:

 R&D department manufacturing testing test laboratory products

 

Մինչդեռ, ժամանակի հրամայականն է՝ է՛լ ավելի մեծ ծավալներով ֆինանսներն ուղղել տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում մեծ պահանջարկ ունեցող գիտական ծրագրերի ֆինանսավորմանը, արհեստական բանականության, ռոբոտաշինության, թվային տեխնոլոգիաների, նանոտեխնոլոգիաների և գիտության ժամանակակից այլ ոլորտներում  հետազոտությունների իրականացմանը: Եվ գաղտնիք չէ, որ գիտության ոլորտի զարգացման առանձնահատկությունը շուկայական տնտեսության պայմաններում շարունակում է մնալ պետության ակտիվ ֆինանսական և օրենսդրական միջամտությունը:

 

Այս խորապատկերին, ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, ուսումնասիրվող ժամանակահատվածում հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին ֆինանսական ծախսերի մեջ պետական բյուջեի մասնաբաժինը (տես՝ գծապատկեր 2) 2022թ. նվազել է 3%-ով՝ 2018թ. համեմատ:

 

Գծապատկեր 2. Հետազոտությունների և մշակումների (ՀՄ) վրա կատարված համախառն և ներքին ծախսերը (մլն դրամ) և ներքին ծախսերի մեջ պետական բյուջեից ծախսերը (%) (2018-2022թ.թ.)[15]

 

Ավելին՝ 2022թ. նախորդ՝ 2021թ. համեմատ գիտական կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին ծախսերն ըստ ֆինանսական աղբյուրների՝ պետական բյուջեից կրճատվել են 6%-ով[16], ինչը կարծում ենք լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Սակայն, միաժամանակ նշենք, որ 2018թ. համեմատ հետազոտությունների և մշակումների վրա պետական բյուջեից հատկացումները 2022թ. ավելացել են 4105.1 մլն դրամով կամ մոտ 53%-ով: Մինչ պետական բյուջեից գիտության վրա ծախսերի նվազմանն անդրադառնալը, նշենք որ նույնիսկ նման սուղ միջոցների պարագայում դրանք թերակատարվում են: Փորձագետների կարծիքով[17] թերակատարումը հիմնականում պայմանավորված է ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական և փորձնակոնստրուկտորական աշխատանքների և գիտատեխնիկական թեմատիկ ծրագրերի ծախսերի թերակատարմամբ: 

 

Այս համադրության տիրույթում նշենք, որ գիտության ոլորտում վերջին տարիներին պետական բյուջեից ֆինանսավորման մասնաբաժնի համեմատական նվազումը պայմանավորված է ոլորտի ֆինանսավորման այլ աղբյուրների՝ դրամաշնորհների, օտարերկրյա միջոցների, այլ միջոցների ակտիվացմամբ:

 

Ուշագրավ է այն իրողությունը, որ ՀՀ ՎԿ տեղեկատվությամբ վերջին՝ 2022թ. պաշտոնական վիճակագրության մեջ առանձին տողով ներառված են նաև դրամաշնորհները: Միայն 2022թ. դրամաշնորհների ծավալը կազմել է 805.3 մլն դրամ, ինչը գրեթե հավասար է 2018թ. հետազոտությունների և մշակումների վրա կատարված արտաքին ծախսերին՝ ներառյալ դրամաշնորհները՝ 825.4մլն դրամ[18]: Այս փաստը վկայում է միջազգային գիտական համագործակցության տիրույթում Հայաստանի ակտիվացմամբ:

 

Մեր կողմից կատարված հետազոտության շրջանակներում առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում նաև հետազոտությունների և մշակումների վրա կատարված համախառն ծախսերի, պետական բյուջեից ծախսերի և նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ի ֆիզիկական ծավալի ինդեքսի միջև փոխառնչությունները:

 

Գծապատկեր 3-ում բերված տվյալներից կարող ենք եզրահանգել, որ 2018-2022թթ. ընթացքում հետազոտությունների և մշակումների վրա կատարվող համախառն ծախսերի ավելացմանը զուգընթաց ավելացել են նաև նույն շրջանակներում պետական բյուջեից կատարվող ծախսերի ծավալները: Այսպես, 2022թ.պետական բյուջեից ծախսերն ավելացել են 4105.1 մլն դրամով՝ 2018թ. համեմատ, սակայն հետազոտությունների և մշակումների վրա կատարված համախառն ծախսերի մեջ դրանց մասնաբաժինը 2022թ. ՝66,8%-ից նվազել է 1,9%-ով՝ 2018թ. արձանագրված 68,7%-ի համեմատ: Ինչպես արդեն վերևում նշեցինք, ավելորդ չենք համարում հետազոտությունների և մշակումների վրա կատարված համախառն ծախսերի տիրույթում էլ, ինչպես ներքին ծախսերի, ներկայացնել փաստացի պաշտոնական վիճակագրությունը և ևս մեկ անգամ նշել, որ հետազոտությունների և մշակումների վրա թե՛ ներքին ծախսերը, թե՛ համախառն ծախսերը հետազոտվաղ տարիներին բացարձակ թվերով աճ են գրանցել, սակայն այդ ծախսերի մեջ պետական բյուջեի մասնաբաժինը գրանցել է նվազման միտում:

 

Գծապատկեր 3. Հետազոտությունների և մշակումների (ՀՄ) վրա կատարված համախառն ծախսերը, պետական բյուջեից ծախսերը (մլն դրամ) և ՀՆԱ ֆիզիկական ծավալի ինդեքսը(%) (2018-2022թ.թ)[19]

 

Հետազոտության այս հատվածում հակիրճ անդրադառնանք նաև ՀՀ ՀՆԱ նախորդ տարվա համեմատ ֆիզիկական ծավալի ինդեքսի շարժընթացին: Բացառությամբ 2020թ., մնացած տարիներին զգալի աճ է գրանցվել նախորդ տարվա համեմատ ՀՆԱ ֆիզիկական ծավալի ինդեքսի շարժընթացում: 2022թ. ՀՆԱ ֆիզիկական ծավալի ինդեքսի «աննախադեպ» աճին անդրադարձել ենք մեր նախորդ հետազոտություններում[20]: Այս համատեքստում արձանագրենք, որ 2022թ. տնտեսական աճը 7,4%-ով ավելի է, 2018թ. համապատասխան ցուցանիշից, այլ կերպ` երկու անգամից ավելի գերազանցել է 5 տարի առաջվա ցուցանիշը: Մինչդեռ պետական բյուջեից հետազոտությունների և մշակումների վրա կատարված ծախսերը նույն ժամանակահատվածում ավելացել են 1,5 անգամ: Ի դեպ, նույն պատկերն է նաև հետազոտությունների և մշակումների վրա կատարված համախառն ծախսերի համադրման մեջ. այստեղ 2022թ. կատարված ծախսերը 1,3 անգամ են գերազանցում 2018թ. համապատասխան ցուցանիշը:

 

Ինչու՞ ենք նման համեմատություն կատարում:

 

Իրատեսական  է կարևորել այն հարցադրումը, որ համաշխարհային տնտեսության զարգացման ներկա փուլում գիտության ոլորտն անչափ բացառիկ է նաև Հայաստանի Հանրապետության համար: Ընդ որում, երկրի ռազմավարական զարգացման տեսանկյունից, ազգային տնտեսական  և առհասարակ ազգային անվտանգության ապահովման շահերից ելնելով, հարկ է, որ ոլորտը զբաղեցնի ՀՀ Կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության  առաջին հորիզոնականը, ինչը շղթայաբար կապահովի և կգեներացնի փոխկապակցված գրեթե բոլոր ոլորտների զարգացման հնարավորություններն ու արդյունքները: Ոլորտային հիմնախնդիրները, որոնք առավել ամբողջական կներկայացնենք հաջորդիվ, պայմանավորված են գերազանցապես պետական բյուջեից ֆինանսական միջոցների սահմանափակությամբ, ինչն էլ իր հերթին անդրադառնում է որակյալ գիտատեխնիկական գործունեություն ծավալելու գործընթացների վրա:

Ի՞նչ խնդիրներ է տեսնում Գիտուժը վարչապետին կից Հայաստանի գիտության և  տեխնոլոգիաների զարգացման խորհրդի հետ կապված | NEWS.am TECH - Ինովացիա եւ ...

Անառարկելի է, որ որակյալ գիտատեխնիկական գործունեություն ծավալողները մարդիկ են` գիտնականները: Այս տեսանկյունից ևս առկա են մի շարք խնդիրներ, որոնցից ամենակարևորը կրթություն-աշխատաշուկա փոխհարաբերությունների անկատարությունն է: Համաշխարհային տնտեսության ներկա զարգացումներում, արդյունաբերական չորրորդ հեղափոխության պահանջներից ելնելով առաջանում են ու շարունակում են առաջանալ նոր մասնագիտություններ, որոնք չեն կարող հետադարձ ազդեցություններ չկրել կրթության, գիտության վրա կատարվող ծախսերի ծավալներից:

 

Ներկայացնենք և վերլուծենք գիտության ոլորտում մարդկային ռեսուրսները ներկայացնող վիճակագրությունը:

 

 

Գծապատկեր 4. Հետազոտություններ և մշակումներ իրականացնող կազմակերպությունների քանակը, աշխատողների քանակը՝ գիտության դոկտորներ, գիտության թեկնածուներ (2018-2022թ.թ.)[21]

 

Գծապատկեր 4-ի վիճակագրությունից կարող ենք արձանագրել, որ հետազոտվող տարիներին հետազոտություն և մշակումներ իրականացնող կազմակերպությունների քանակը 2022թ. ավելացել է 28-ով, ինչը նախորդ՝ 2009-2016թ.թ. ընթացքում դրսևորել էր անկման միտում. 2016թ. գործել են 69 կազմակերպություններ[22]: Կազմակերպությունների քանակի նման աճը գերազանցապես պայմանավորված է միջազգային համագործակցության որոշակի ակտիվացմամբ և հատկապես ստարտափների զարգացմամբ:

 

Բանն այն է, որ տեխնոլոգիական ստարտափների թվի աճը բերեց նոր գիտական և տեխնոլոգիական կազմակերպությունների ստեղծմանը, որոնք ներգրավված էին նորարարական և հետազոտական նախագծերում: Օրինաչափորեն, ավելացել է նաև նշյալ կազմակերպություններում աշխատողների քանակը, մասնավորապես գիտության դոկտորներինը՝ 27-ով, և գիտության թեկնածուներինը՝ 190-ով: Երևույթը հարկ է գնահատել խիստ դրական այն պարզ պատճառով, որ գիտության ոլորտում դեռևս առկա հիմնախնդիրները, հատկապես աշխատանքի վարձատրության ցածր մակարդակը չի խրախուսում երիտասարդներին զբաղվել գիտությամբ: Բավական է միայն արձանագրել, որ ասպիրանտների թվաքանակը 2018-2022թթ. նվազել է 248 մարդով, գիտության այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են տնտեսագիտական, բանասիրական, պատմական, մանկավարժական և ցավոք՝ ֆիզիկամաթեմատիկական ճյուղերում:

 

Այս հարթության մեջ չենք կարող չանդրադառնալ մի այնպիսի կարևորագույն հիմնախնդրի, ինչպիսին գիտահետազոտական աշխատանքներ և մշակումներ իրականացնող մասնագետ-հետազոտողների թվաքանակի տոկոսային բաշխվածությունն է ըստ տարիքային խմբերի:

 

59 և ավելի բարձր տարիքի մասնագետ-հետազոտողները 2022թ կազմել են ընդհանուր զբաղվածների 47,6%-ը: Կարծում ենք, առանձնահատուկ հետազոտության կարիք չկա բարձրաձայնելու այն հիմնախնդիրը, որ մեր կողմից ուսումնասիրվող ոլորտում առկա է համապատասխան կադրերի խիստ պակաս: Ավելին, համաշխարհային տեխնոլոգիական շուկայում մեծ պահանջարկ է ձևավորվել ժամանակակից այնպիսի մասնագիտությունների նկատմամբ, որոնց կրողները միայն ու միայն կարող են լինել երիտասարդ գիտնականները:

 

Վերջինս առավել սրությամբ դրսևորվում է ՀՀ աշխատաշուկայում: Շղթայաբար, այստեղ խնդիրներ են առաջանում կրթական համակարգում, գիտության ոլորտում միջազգային համագործակցության ակտիվացման, ինչու՞ չէ, նաև նոր մտածողության ձևավորման հետ կապված:

 

Գծապատկեր 5. Գիտատեխնիկական աշխատանքների ծավալը (արտադրանքը),մլն դրամ և դրանից՝ գիտահետազոտական աշխատանքները, մլն դրամ,(2018-2022թ.թ)[23]

 

Հաջորդիվ վերլուծենք գիտության ոլորտի այնպիսի համակարգագոյացնող գործունեություն, ինչպիսին գիտատեխնիկական գործունեությունն է՝ իր ենթաոլորտներով:

 

Գծապատկեր 5-ի վիճակագրությունն ակնհայտորեն փաստում է, որ ուսումնասիրվող տարիներին ՀՀ գիտատեխնիկական գործունեության (արտադրանքի) ծավալներն աճել են, այսպես 2022թ. 5834.1 մլն դրամով 2018թ. նույնանուն ծախսերի համեմատ կամ դրանք նշյալ ժամանակահատվածում աճել են 1,5 ամգամ՝ 53%-ով:

 

Գիտատեխնիկական աշխատանքների ծավալից զգալի միջոցներ են հատկացվել գիտահետազոտական աշխատաննքերին, որոնք իրենց մեջ ներառում են հիմնարար հետազոտությունները, նախագծա-կոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքները, արտադրանքի փորձնական օրինակների (խմբաքանակի) պատրաստումը, նախագծային աշխատանքները շինարարության համար և գիտատեխնիկական ծառայությունները:

 

Ինչպե՞ս են բաշխվել գիտահետազոտական աշխատանքներին հատկացված ֆինանսական միջոցները:

 

 

Գծապատկեր 6. Գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորումն ըստ ենթաոլորտների, մլն դրամ, (2018-2022թթ․)[24]

 

Գծապատկեր 6-ից ակնհայտորեն տեսանելի է, որ գիտահետազոտական աշխատանքների ֆինանսական միջոցներից 2022թ. զգալի ծավալ է հատկացվել հիմնարար հետազոտություններին: Վերջինս 2018թ. հատկացված միջոցների համեմատ ավելացել է 4088.2մլն դրամով, կամ` 4 անգամից ավելի:

 

Անշուշտ, սա հուսադրող ցուցանիշ է այն պարզ պատճառով, որ համաշխարհային տեխնոլոգիական շուկայում առաջացել են միանգամայն նոր տեխոլոգիաներ՝ պայմանավորված գիտության զարգացման նոր պահանջներով: Բնականաբար, նոր գիտելիքների ձևավորումը, համաշխարհային տեխնոլոգիական սահմանին մոտենալու Հայաստանի պատրաստակամությունը պահանջում են նոր ներդրումներ գիտության ոլորտում:

 

Գծապատկեր 6-ում բերված վիճակագրությունից արձանագրում ենք նաև, որ որ գրեթե կրկնակի անգամ 2018-2022թ.թ. ընթացքում պակասել են նախագծա-կոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների ֆինանսավորման ծավալները: Մինչդեռ դրանք իրենց մեջ ամփոփում են  գիտության շոշափելի և կիրառական  արդյունքները: Երևույթը խոսում է այն մասին, որ Հայաստանի տեխնոլոգիական շուկայում շարունակվում են չլուծված մնալ այն հիմնախնդիրները, որոնք կապված են մտավոր սեփականության հետ: Կատարվում են  հետազոտություններ, որոնք չեն բխում շուկայական պահանջարկից, և տրամաբանորեն  դրանց ֆինանսավորման և առևտրայնացման ճանապարհին հանդիպում են լուրջ խոչընդոտներ:

 

Ինչ վերաբերում է արտադրանքի փորձնական օրինակների (խմբաքանակի) պատրաստմանը, ապա այս հատվածում նկատելի է զարգացման որոշակի կայունություն, մասնավորապես 2018թ. 187,8 մլն դրամից նշյալ ծախսերը 2022թ.  աճել են 154,1 մլն դրամով կամ ավելի քան երկու անգամ:

 

Հետաքրքիր շարժընթաց է նկատվում շինարարության համար նախագծային աշխատանքների ֆինանսավորման ծավալներում 2022թ. այդ ծախսերը նվազել են 78,2 մլն դրամով: Մինչդեռ, 2021թ. գրանցվել է նշյալ ծախսերի աննախադեպ աճ՝ 2020թ. համեմատ, մոտ 13 անգամ ավելացել է շինարարությանն ուղղված նախագծային աշխատանքների ֆինանսավորումը: Հասկանալի է, որ նման աճի հիմնական պատճառը հետհամավարակային տրամադրություններն էին, սակայն հետագա անկման պատճառը, կարծում ենք, միօրինակ բնակարանային շինարարության հսկայական ծավալներն են և նորարարական մտածողություն պահանջող նախագծերի նկատմամբ պահանջարկի գրեթե բացակայությունը: Այստեղ ևս մեկ անգամ բարձրաձայնենք, որ հայաստանյան տնտեսական աճը վերջին տարիներին ներառական չէ, որից էլ բխում են բազմաթիվ ու բազմաբնույթ տնտեսական ու սոցիալական ռիսկեր: Եվ ինչպես արդեն բազմիցս նշեցինք, այդ ռիսկերի հաղթահարման հիմնական ուղին նոր մտածողությամբ ու որակական նոր պահանջներով գիտական միջավայրի ձևավորումն է:

 

Ի լրումն ասվածի, փաստենք, որ վերջին տարիներին Հայաստանի գիտության շուկայում նկատելի է որոշ առաջխաղացում, ինչ մասին վկայում են ոչ միայն գիտական ենթակառուցվածքների կատարելագործումն ու համալրումը, այլ նաև գիտատեխնիկական ծառայությունների ծավալների ավելացումը: Այսպես, 2018-2022թ.թ. գիտատեխնիկական ծառայություններն ավելացել են 520.9 մլն դրամով կամ որ նույնն է՝ 1,7 անգամ:

 

Այսպիսով, 2018-2022թ.թ. ընթացքում Հայաստանում գիտության ոլորտում նկատելի է որոշակի առաջընթաց, գիտական նոր կազմակերպութունների թվաքանակի, գիտական կոչումների՝ գիտության դոկտորների և գիտության թեկնածուների թվաքանակի, ներքին և համախառն ֆինանսական ծախսերի որոշակի ավելացման շնորհիվ:

 

Սակայն, գլոբալ մարտահրավերներին դիմակայելու անհարժեշտությունը օրվա հրամայականն է դարձնում գիտության ոլորտին հատկապես ֆինանսական հատկացումների չափերի ավելացումը, պետության կողմից համակարգված և ճկուն գիտատեխնիկական քաղաքականության իրականացումը:

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

Գիտատեխնիկական գործունեությունն ամբողջ աշխարհում ակտիվ զարգանում է՝ շնորհիվ բազմաթիվ առաջընթացների գիտության և տեխնոլոգիայի ոլորտում: Ոլորտի առանձնահատկությունները հատկապես պայմանավորված են ոլորտում գլոբալ ներդրումներով, միջազգային համագործակցության ակտիվացմամբ, թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության «հաղթարշավով», գիտության նոր ճյուղերի առաջացմամբ: Այս ամենն ուղղված է մարդկության առջև ծառացած մարտահրավերների լուծմանը և կյանքի մակարդակի բարձրացմանը:

 

Հայաստանում գիտատեխնիկական գործունեությունը կարևորագույն դեր է կատարում երկրի զարգացման և առաջընթացի գործում: Այն 2018-2022 թվականներին անցավ մի շարք կարևոր փուլերով: Հիմնական զարգացումները ներառում են պետական ֆինանսավորման որոշակի ավելացում, միջազգային համագործակցության ընդլայնում և կրթական բարեփոխումների իրականացում:

Հայաստանում 16 դպրոցում ներդրվել է «Արհեստական բանականություն» դասընթաց.  ԿԳՄՍ նախարար - Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Չնայած որոշակի ձեռքբերումներին, ոլորտում դեռ կան մի շարք հիմնախնդիրներ, որոնք խոչընդոտում են ոլորտի արդյունավետ զարգացմանը, մասնավորապես ֆինանսական միջոցների անբավարարությունը, միջազգային համագործակցության պասիվությունը, (միջազգային գիտաժողովներին, վերապատրաստումներին մասնակցության ֆինանսական խոչընդոտները և այլն), կադրերի պակասը, նորագույն սարքավորումների բացակայությունը, ինստիտուցիոնալ խնդիրները:

 

Այս հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ են համալիր և համակարգված մոտեցումներ, որոնք կներառեն տարբեր ոլորտների և դերակատարների մասնակցությունը, մասնավորապես.

 

Þ Ֆինանսավորման ավելացում. պետական բյուջեի և միջազգային դրամաշնորհների միջոցով գիտական հետազոտությունների և տեխնոլոգիական զարգացման ֆինանսավորումը պետք է ավելացվի։

 

Þ Հետազոտական ենթակառուցվածքների բարելավում. նոր սարքավորումների ձեռքբերումը և լաբորատորիաների արդիականացումը պետք է առաջնահերթություն լինի։

 

Þ Կադրային խնդիրների լուծում. կրթական բարեփոխումների միջոցով պետք է խթանել նոր մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը։

 

Þ Ինստիտուցիոնալ բարեփոխումներ. գիտական հաստատությունների կառավարման համակարգը պետք է բարելավվի, և պետք է խթանվի նրանց միջև համագործակցությունը։ Գիտությունների Ազգային Ակադեմիայի բարեփոխումները,  Ակադեմիական քաղաքի նախագիծը խոստումնալից որոշումներ են, որոնք հեռանկարային են  ձեռքբերումների տեսանկյունից, սակայն կարծում ենք, դրանց ինտեգրումը  խիստ երկարաժամկետ զարգացումների տիրույթում է։

 

Þ Միջազգային ինտեգրացիայի խթանում հայ գիտնականների մասնակցությունը միջազգային գիտական ծրագրերում պետք է ընդլայնվի, և պետք է դյուրինացվի նրանց հետազոտությունների հրապարակումը միջազգային ամսագրերում։

 

Þ Իրավական և կարգավորող բարեփոխումներ գիտական հետազոտությունների ոլորտում անհրաժեշտ կանոնակարգեր և օրենսդրական ակտեր պետք է մշակվեն և ներդրվեն։

             

Այսպիսով, Հայաստանում գիտատեխնիկական գործունեության զարգացման համար առկա հիմնախնդիրների լուծումը պահանջում է համալիր մոտեցումներ և բոլոր մասնակիցների համատեղ ջանքեր։ Միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի ապահովել գիտության ոլորտի շարունակական և կայուն զարգացումը, ինչը կնպաստի երկրի տնտեսական աճին և հասարակության բարօրությանը։

  

ՀՂՈՒՄՆԵՐ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


[2] 2023թ պաշտոնական ցուցանիշները հրապարակվելու են 2024թ աշնանը, որով էլ պայմանավորված է հետազոտությանը սահմանափակվածությունը 2022թ տվյալներով-ՄԱՀՀԻ

[5] WIPO, Global Innovation Index 2023,  p.19   

[8] OECD Science, Technology and Innovation Outlook 2023 ENABLING TRANSITIONS IN TIMES OF DISRUPTION, OECD 2023, պ.19

[9] OECD Science, Technology and Innovation Outlook 2023 ENABLING TRANSITIONS IN TIMES OF DISRUPTION, OECD 2023, պ.19

[10] ДОКЛАД ЮНЕСКО ПО НАУКЕ ,На пути к 2030 году, ЮНЕСКО / Издательский Дом МАГИСТР-ПРЕСС, Москва,  Россия.2017,էջ28

[11] Գծապատկերները կազմել է հեղինակը: Աղբյուրը՝ աղյուսակ 1-ի տվյալները:

[14] Հաշվարկները կատարվել են հեղինակի կողմից

[22]  Տես՝ նույն տեղում 

Հայաստանի սոցիալական վիճակը 2021թ.

Հայաստանի սոցիալական վիճակը 2020թ.

Հայաստանի սոցիալական վիծակը 2019թ.

Հայաստանի սոցիալական վիճակը 2018թ.

 

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

 

Փորձագետ (ներ)

Ջուլիետա Թադևոսյան