Միջազգային ԵՎ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
08 սպտ 2024 447

 

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ անկախությունից ի վեր աշխատանքային միգրացիան էական ազդեցություն ունի ՀՀ տնտեսության վրա:

 

Սեզոնային աշխատանքային միգրացիան վաղուց արդեն դարձել է ՀՀ -ի սոցիալ-տնտեսական վիճակի և գործազրկության մեղմման գործոն։

 

2013-2019թթ իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ  արտագնա աշխատանքներն ապահովել են երկրի բնակչության աշխատանքային զբաղվածության շուրջ 10- 15%-ը[1]։

 

ՀՀ-ից Աշխատանքային միգրացիոն հոսքերը պայմանականորեն կարելի է բաժանել չորս փուլի՝

 

  1. 1990-ականներից մինչև 2008թ. (համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի սկիզբը)

 

  1. 2008թ.-ից  մինչև 2015թ. (ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին)

 

  1. 2015 թվականից  2022թ(մինչև ռուս-ուկրաինական պատերազմ և դեպի ՀՀ իմիգրացիոն հոսքերի ակտիվացում)

 

  1. 2022թ-ից հետո

 

ԽՍՀՄ փլուզման, Ղարաբաղյան 1-ին պատերազմի, պլանային տնտեսությունից շուկայական տնտեսության անցման և էներգետիկ ճգնաժամի հետևանքով առաջացած քաղաքական, տնտեսական ճգնաժամի արդյունքում 90-ականներին  ՀՀ-ից սկսվեց աշխատուժի հոսք:

 

1991-1995 թթ. ՀՀ-ից անվերադարձ հեռացել է  600 հազար մարդ[2]:

 

Միգրացիոն հոսքի մեջ գերակշռում էին աշխատունակ տարիքի ակտիվ, բարձր կրթական մակարդակ ունեցող երիտասարդները: Միգրացիայի ալիքն ամենից շատ ազդեց տղամարդկանց վրա (66%): Տեղի  ունեցավ այսպես կոչված միգրացիա «մասկուլինիզացիա» (маскулинизация):

 

1993թ.-ից սկսեց նկատվել կարճաժամկետ աշխատանքային միգրացիայի փոխարինում երկարաժամկետ/մշտական  միգրացիայի:

 

Հետազոտողների կարծիքով հանրապետությունից հեռացածների մեջ գիտնականները, ուսուցիչները, ինժեներները և այլ բարձր որակավորում ունեցող մասնագետները կազմում էին մոտ 30%[3]։

 

Բավականին մտահոգիչ էր կին աշխատանքային միգրանտների շրջանում ստեղծված իրավիճակը։ 90-ականներին կանայք ՀՀ-ից մեկնում էին աշխատելու Լեհաստան, Թուրքիա, ՌԴ:

Բնակչության միգրացիոն շարժի մեջ սկսեց ի հայտ գալ նոր երևույթ՝ մարդկանց թրաֆիքինգը:

 

1990-ականներից ի վեր միգրացիոն հոսքերի ֆեմինիզացիան ճանաչվել է որպես միջազգային աշխատանքային միգրացիայի զարգացման վերջին փուլին բնորոշ հատկանիշ, թեև ավանդաբար համարվում էր, որ աշխատանքային միգրանտների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են[4]:

 

2008-2015թթ 2-րդ փուլն սկսվեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով: Տնտեսական ճգնաժամի հիմնական հետևանքներից մեկը գործազրկության աճն էր՝ 2008-2013 թթ. ՀՀ-ում  այն կազմում էր 16-19%[5]։

 

Որպես ճգնաժամի մեղմման գործոն հանդես էր գալիս մարդկային կապիտալի կամ աշխատուժի արտահանումը, որը վերադառնում էր երկիր տրանսֆերտների տեսքով։

 

Երրորդ փուլն սկսվեց 2015թ.-ին՝ ՀՀ-ի ԵԱՏՄ-ին անդամակցելով, երբ ՀՀ-ից ՌԴ մեկնող աշխատանքային միգրանտների համար սահմանվեցին աշխատանքային այլ պայմաններ:

 

ԵԱՏՄ համաձայնագրով սահմանվեց, որ անդամ պետությունների աշխատանքային միգրանտների  ներգրավումը աշխատանքի տեղավորման պետության գործատուների կողմից իրականացվում է առանց ազգային աշխատաշուկայի պաշտպանության նկատառումներով սահմանափակումների կիրառման, իսկ աշխատանքային միգրանտներից չի պահանջվում անդամ պետությունների տարածքներում աշխատանքային գործունեության իրականացման նպատակով թույլտվություն:

 

Սահմանվեցին աշխատանքային միգրանտների իրավունքներն ու պարտականությունները, մասնավորապես՝ մասնագիտական աշխատանքով զբաղվելը, սոցիալական պաշտպանությունը, անհետաձգելի բժշկական օգնությունը, ունեցվածքի տնօրինումը, արհմիություններին անդամակցությունը և այլն[6]։

 

2022թ. ՀՀ-ն բախվեց նոր իրականության՝ ՀՀ-ն առաջին անգամ ընդունեց աննախադեպ քանակի իմիգրացիոն հոսքեր։ Պետությունը պատրաստ չէր նման հոսքերի:

 

2022թ. առաջին անգամ ՀՀ սկսեցին գալ իմիգրացիոն հոսքեր ՌԴ-ից և Բելոռուսից՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով և, որպես դրա արդյունք,  ՌԴ-ի նկատմամաբ կիրառված սանկցիաներով: Եկողները մեծ մասամբ IT ոլորտի մասնագետներ կամ կազմակերպություններ էին, որոնք ԵՄ երկրների և ԱՄՆ-ի իրենց գործատուներից գումարներ ստանալու հետ կապված խնդիրներ ունեին: Այստեղ տեղափոխվեցին նաև իրավաբանական անձինք, բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք գրանցվեցին ՀՀ-ում:

 

Հաջորդ մեծ խումբը, որը 2022թ.-ից սկսեց Հայաստան գալ, Հնդկաստանի քաղաքացիներն էին: Այս ներհոսքը պայմանավորված էր վիզային ռեժիմի դյուրացմամբ, այն է՝ Հնդկաստանի քաղաքացիների համար մինչև 21 օր տևողությամբ հրավերով վիզան փոխարինվեց 120 օր տևողությամբ և 60 օր երկարացնելու հնարավորությամբ էլեկտրոնային վիզայով:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՀՈՍՔԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Որպես աշխատանքային էմիգրացիայի հիմնական երկիր ՀՀ-ի համար հանդիսանում է ՌԴ-ն՝ 93-96 %: Աշխատանքային միգրացիայի արդյունքում արտերկրից դրամական փոխանցումները կազմել են ՀՀ ՀՆԱ-ի 10- 19%-ը (համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների՝ ֆիզիկական անձանց կողմից կատարված դրամական փոխանցումների շուրջ 60%-ը միշտ եղել է Ռուսաստանից)[7]՝ փաստացի աշխատանքային միգրացիան դարձնելով ՀՀ տնտեսության ոչ ֆորմալ ճյուղերից մեկը։

 

2023թ. արտերկրից դրամական փոխանցումները կտրուկ նվազել են անկախությունից ի վեր առաջին անգամ ՀՆԱ-ի համեմատ միանիշ թվով տոկոս ունենք` 7,2%, համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների՝ ֆիզիկական անձանց կողմից կատարված դրամական փոխանցումների շուրջ 70% -ը եղել է ՌԴ-ից)[8]:

 

Ուսումնասիրությունները նաև ցույց են տալիս, որ ՀՀ մտնող դրամական միջոցների նվազման արդյունքում էականորեն սահմանափակվել է նաև դրանց ծախսման ոլորտը: Այն բացառապես գնում է կենցաղային հարցերի լուծմանը, նվազել է կրթության, առողջության, հանգստի վրա ծախսվող գումարի չափը, իսկ բիզնեսի կամ տնտեսության մեջ ներդնելու մասին խոսելն ավելորդ է:

 

Թվերի այս շարժը հիմնականում պայմանավորված է արտաքին գործոններով, որոնք են՝ ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացումները (2021-2024թթ), ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված ՌԴ-ի նկատմամբ սանկցիաները, որը խիստ բացասական ազդեցություն ունեցավ ՌԴ տնտեսության վրա, և ռուբլու կուրսի կտրուկ անկումը:

 

2015թ.-ից ՌԴ օրենսդրությունը պարբերաբար խստացվում է 2021թ. նոյեմբերի 29-ին ուժի մեջ մտած փոփոխությունները 2 տարվա ընթացքում գրեթե կրկնապատկեցին մուտքի արգելք ունեցողների թիվը: (Եռամսյակը մեկ ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ՌԴ Միգրացիոն հարցերի գերատեսչությունից ստանում է ՌԴ մուտքի արգելք ունեցողների ցանկը՝ եռամսյակը մեկ 15-16 հզ. անձ):

 

Մյուս կողմից ՌԴ իշխանությունները տարեցտարի խստացնում են միգրանտների նկատմամբ տարվող քաղաքականությունը։

 

ՌԴ Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը 2024թ. ապրիլին գերատեսչական կոլեգիայի ընդլայնված նիստում հայտնել էր, որ 2023թ Ռուսաստանից արտաքսված միգրանտների թիվը եղել է ռեկորդային։ Խոսքը գրեթե 110 000 օտարերկրացիների մասին է, որոնք անօրինական կերպով գտնվել են ՌԴ-ում։ Սա 65 %-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։ Կոլոկոլցևը հավելել է, որ Ռուսաստանում միգրանտների ժամանակավոր գտնվելու ժամկետը կրճատելու վերաբերյալ 35 000 որոշում է կայացվել, իսկ ապօրինի միգրացիայի կազմակերպման բացահայտված փաստերի թիվն աճել է 90%-ով։ Սակայն, ըստ ՆԳՆ ղեկավարի՝ ընդհանուր առմամբ միգրանտների կողմից կատարված հանցագործությունների տեսակարար կշիռը նվազում է[9]։

 

Քանի որ ՀՀ-ից մեկնող աշխատանքային միգրացիոն հոսքերի շուրջ 95%-ը միշտ մեկնել է ՌԴ, ուստի ՌԴ-ում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն՝ օրենսդրության խստացում, տնտեսական կամ քաղաքական իրադարձություն, ուղիղ ազդեցություն է ունենում ՀՀ-ից ՌԴ միգրացիոն հոսքերի վրա:

 

2019-2023թթ  ՀՀ-ից մեկնող աշխատանքային միգրանտների ամենամեծ թիվը եղել է 2021թ.՝ աշխատելու նպատակով ՌԴ է մեկնել է 389,809 ՀՀ քաղաքացի, աշխատանքային կամ քաղ.իրավական պայմանագրով աշխատել է՝ 138,946  ՀՀ քաղաքացի (հետքովիդյան հետևանք): 2023-ին եղել է ամենափոքր թիվը. աշխատելու նպատակով ՌԴ է մեկնել է 234,541  ՀՀ քաղաքացի,  աշխատանքային կամ քաղ.իրավական պայմանագրով աշխատել է 82,421 ՀՀ քաղաքացի[10] :

 

2023թ.  թվերը օբյեկտիվորեն կապված են ՌԴ-Ուկրաինա պատերազմի, ՌԴ-ի նկատմամբ սանկցիաների, ռուբլու կուրսի անկման և միգրացիոն օրենսդրության խստացման հետ:

 

Քանի որ ռուբլին որոշակի առումով իր գնողունակությունը պահպանել է ՌԴ-ում, իսկ ՀՀ ուղարկելու պարագայում այն խիստ արժեզրկված է հասնում, ուստի բազմաթիվ աշխատանքային միգրանտներ սկսել են ՌԴ տեղափոխել իրենց ընտանիքներին, քանի որ այլևս դժվարացել էր նույն աշխատավարձով  ՌԴ-ում իր և ՀՀ-ում իր ընտանիքի կենսակերպն ապահովելը: Այսպիսով կարճաժամկետ աշխատանքային միգրանտները դառնում են երկարաժամկետ կամ մշտական միգրանտներ: Սա պատճառներից մեկն է, թե ինչու են նվազել ՀՀ փոխանցվող դրամական հոսքերը:

 

2024թ. հուլիսի 23-ին ՌԴ պետդուման ընդունեց «Ռուսաստանի Դաշնություն օտարերկրյա քաղաքացիների մուտքի (ելքի) և գտնվելու (բնակության) պայմանների մասին» օրենքում [11] փոփոխությունները, որոնք էական ազդեցություն են ունենալու ՀՀ-ից ՌԴ միգրացիոն հոսքերի վրա:

 

Համաձայն այդ փոփոխությունների՝

 

1) այսուհետ Ռուսաստանում տարեկան գումարային 30 օրից ավել գտնվող միգրանտից կպահանջվի ստորագրել «Ռուսաստանին լոյալության համաձայնագիր»՝ պարտավորություն ոչ միայն հետևելու ռուսաստանյան օրենքներին, սովորույթներին ու ավանդույթներին, նաև չչարաշահել ՌԴ պետական ծառայողների գործողությունները բողոքարկելու իրավունքը: Փաստացի միգրանտները զրկվելու են ՌԴ պետական ​​ծառայողների կողմից իրենց իրավունքների ցանկացած խախտում օրինական կերպով բողոքարկելու իրավունքից:

 

2) Ներդրվում է «Վերահսկվող գտնվելու ռեժիմ»  (режим контролируемого пребывания), որը բաղկացած է միգրանտի պարտավորությունից՝ առանց ոստիկանության թույլտվության չլքել իր գրանցման վայրը, այսինքն տնից դուրս չաշխատել, չսովորել, հիվանդանոցում չբուժվել, խանութից մթերք չգնել, խախտված իրավունքները դատախազությունում և դատարանում չբողոքարկել:

 

 «Վերահսկվող գտնվելու ռեժիմ» կիրառվելու է այն միգրանտների նկատմամբ, ովքեր կասկածվում են

 

ü  քրեական հանցագործություն կատարելու մեջ (բայց Ռուսաստանում հանցագործությունների միայն 0,4%-ն է կատարվում միգրանտների կողմից, սա պաշտոնական վիճակագրություն է),

 

ü  միգրացիոն իրավախախտում կատարելու մեջ (ռուսաստանյան օրենսդրությամբ արգելվում է անձին կասկածել վարչական իրավախախտման մեջ և կիրառել իրավունքների ցանկացած սահմանափակում, քանի դեռ խախտումն ապացուցված չէ, այսպիսով Ռուսաստանում միգրանտներին զրկում են անմեղության կանխավարկածի սահմանադրական իրավունքից),

 

ü  վտանգավոր վարակիչ հիվանդությունների կրող լինելու մեջ (հայտնի են հարյուրավոր կեղծ ախտորոշումների դեպքեր, պարտադիր բժշկական զննումների ժամանակ բոլոր հիվանդությունների, այդ թվում՝ ՄԻԱՎ-ի հարկադիր «բուժման» նպատակով, ցեֆտրիաքսոնի 20 ներարկում կատարելու և դրա դիմաց 42000 ռուբլի գանձելու դեպքեր),

                                                           

ü  եթե միգրանտը գտնվում է հիվանդանոցում ստացիոնար բուժման համար (պատիժ հիվանդ լինելու համար),

 

ü  եթե գործատուն ժամանակին չի վճարել միգրանտի համար հարկերը կանխավճարով (պատիժ այն բանի համար, որ գործատուն խախտել է միգրանտի իրավունքները), և նաև այլ պատճառներով:

 

3) Ներդրվում է «Միգրացիոն հետախուզում» (миграционный розыск) հասկացություն: Ի՞նչ է սա. ենթադրություն, որ հանդիպած ցանկացած միգրանտ գտնվում է «Վերահսկվող գտնվելու ռեժիմում», սակայն հաշվառման վայրից հեռացել է առանց ոստիկանության թույլտվության: Ոստիկանությանը փաստացի իրավունք է տրվում «միգրացիոն հետախուզման կասկածանքով» մինչև 48 ժամով կալանավորելու ցանկացած անձի:

 

4) Վարչական վտարման (արտաքսման) փոխարեն, որը թույլատրվում է միայն դատարանի որոշմամբ իրական միգրացիոն իրավախախտումների համար, և ի հավելումն Ռուսաստանի 16 պետական ​​տարբեր գերատեսչությունների կողմից ներկայումս կիրառվող մուտքի արգելքների, իրականացվելու է վտարում ոստիկանության որոշումով (высылка), որի համար այլ հիմքեր, քան ոստիկանության որոշումն է, ընդհանրապես չի պահանջվելու, և միգրանտն իրավունք չի ունենալու բողոքարկել այն:

 

5) Ներդրվում է անօրինական միգրանտների իրավունքների արտադատական ​​սահմանափակում և արգելք կազմակերպություններին (այդ թվում՝ պետական ​​մարմիններին)` մատուցել ցանկացած ծառայություն միգրացիոն օրենսդրությունը խախտողներին։ Մասնավորապես, գտնվելու օրինականության էլեկտրոնային հաստատումն անհրաժեշտ կլինի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համար, ամուսնության, երեխայի ծննդյան գրանցման, բուհերում, քոլեջներում, դպրոցներում գրանցվելու համար։

 

Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների գտնվելու (բնակության) նկատմամբ վարչական վերահսկողությունը, ըստ նոր փոփոխությունների, կլինի ոստիկանության գործառույթներից մեկը:

 

Ակտիվ քննարկվում են և առաջին ընթերցումն անցել են հետևյալ նախատեսվող փոփոխությունները՝

 

1) Բոլոր միգրանտների՝ ներառյալ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների և նույնիսկ Ռուսաստանում բնակության թույլտվություն ունեցողների համար, կներդրվի արտոնագրի պես մի բան, բայց շատ ավելի խտրական պայմաններով՝ «Օտարերկրյա աշխատողների ռեեստր», որում գրանցումը վավեր է լինելու ընդամենը 1 տարի ժամկետով՝ ընդամենը 1 տարածաշրջանի համար և 1 կոնկրետ մասնագիտության ու պաշտոնի համար, որի համար պետք է միգրանտն իր հաշվին ռուսաց լեզվի թեստ հանձնի, անցնի բժշկական զննություն և մատնահետք հանձնի:

 

Այսպիսով, ո՛չ երկարաժամկետ աշխատանքային պայմանագրերը, ո՛չ կարիերայի աճը, ոչ էլ նույնիսկ գործուղումները հասանելի չեն դառնա միգրանտներին, իսկ աշխատանքի տարածաշրջանը փոխելիս բոլոր փաստաթղթերը նորից պետք է ձևակերպվի։

 

Այս ամենն ուղղակիորեն հակասում է ԵԱՏՄ մասին պայմանագրին:

 

Եվրասիական տնտեսական միության մասին  պայմանագրի[12] (որը կնքվել է 2014թ. մայիսի 29-ին և ուժի մեջ է մտել 2015թ հունվարի 2-իցб և որի անդամ երկրներն են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը)  XXVI  բաժինը կոչվում է  «Աշխատանքային միգրացիա» և նրա 3 հոդվածները վերաբերվում են աշխատանքային միգրանտներին և նրանց ընտանիքի անդամներին։

 

Հոդված 96 Աշխատանքային միգրացիայի ոլորտում անդամ պետությունների համագործակցությունը

 

Հոդված 97   Անդամ պետությունների աշխատավորների աշխատանքային գործունեությունը

 

Հոդված 98   Անդամ պետության աշխատավորի իրավունքները և պարտականությունները

 

ԵԱՏՄ համաձայնագրով սահմանվում է, որ աշխատանքային միգրանտների ներգրավումը աշխատանքի տեղավորման պետության գործատուների կողմից իրականացվում է առանց ազգային աշխատաշուկայի պաշտպանության նկատառումներով սահմանափակումների կիրառման, իսկ աշխատանքային միգրանտներից չի պահանջվում Կողմերի պետությունների տարածքներում աշխատանքային գործունեության իրականացման նպատակով թույլտվություն:

 

Փաստաթուղթը երկու հիմնական հարցերի է առնչվում, որոնցով սահմանվում են այլ նորմեր, քան օտարերկրացիների համար ԵԱՏՄ անդամ պետություններում սահմանված նորմերն են:

 

Դրանք են`

 

ա) աշխատանքային միգրանտներից չի պահանջվում Կողմերի պետությունների տարածքներում աշխատանքային գործունեության իրականացման նպատակով թույլտվություն

 

բ) աշխատող միգրանտները և նրանց ընտանիքի անդամները ազատվում են աշխատանքի տեղավորման պետության իրավասու մարմիններում գրանցման/հաշվառման կանգնելուց աշխատանքի տեղավորման պետություն մուտք գործելու պահից 30 օրվա ընթացքում[13] (միգրացիոն հաշվառման պետք է կանգնել, եթե անձը պատրաստվում է 30 օրից ավել գտնվել ՌԴ-ում)[14]:

 

ԵԱՏՄ պայմանագրի 97-րդ հոդվածը սահմանում է աշխատանքային միգրանտների իրավունքներն ու պարտականությունները, մասնավորապես` մասնագիտական աշխատանքով զբաղվելը, սոցիալական պաշտպանությունը, անհետաձգելի բժշկական օգնությունը, ունեցվածքի տնօրինումը, արհմիություններին անդամակցությունը։

 

Փաստորեն, ԵԱՏՄ պայմանագրի 96-րդ և 97-րդ հոդվածների դրույթները կվերացվեն, քանի որ չի լինի աշխատանքի շուկայում հավասարություն, աշխատուժի ազատ տեղաշարժ, աշխատանքային պայմանագրի ժամկետի երկարաձգման հնարավորություն:

 

2) Բայց նույնիսկ «Օտարերկրյա աշխատողների ռեեստրում» հաջողությամբ գրանցված միգրանտին ռուս գործատուների համար անհնար կլինի աշխատանքի ընդունել, քանի որ նրանք էլ պետք է գրանցվեն «Օտարերկրացի աշխատողներ ներգրավող գործատուների միասնական ռեեստրում», որտեղ հանձնաժողովը (նշված չի ինչ հանձնաժողով), ինչ-որ չափանիշներով, ինչ-որ ժամկետում ներկայացնելու է հատուկ թափուր աշխատատեղեր միգրանտների համար՝ կոնկրետ մասնագիտություններով, կոնկրետ քաղաքացիությամբ և որոշակի աշխատավարձով, 1 տարուց ոչ ավելի գործողության ժամկետով:

 

Գործատուն, որն ընդգրկված կլինի այս «Օտարերկրացի աշխատողներ ներգրավող գործատուների միասնական ռեեստրում», եթե կնքի աշխատանքային պայմանագիր օտարերկրացու հետ, պետք է նախապես վճարի բոլոր հարկերը յուրաքանչյուր միգրանտի համար առնվազն մեկ ամիս առաջ՝ դեռ չաշխատած ժամանակի և դեռ չստացված եկամտի համար:

 

Ակնհայտ է, որ գործատուները պարզապես չեն կատարի այդ պահանջները և ապօրինի աշխատանքի կընդունեն միգրանտներին, նրանց մշտապես ​​արտաքսման («վարչական վտարման») վտանգի տակ դնելով, իսկ իրենք՝ կաշառք վճարելով։

 

3) Օտարերկրացիների համար կստեղծվի թվային պրոֆիլ, որը կմիավորի քաղաքացու մասին պետական ​​մարմինների և կազմակերպությունների տեղեկատվական համակարգերում առկա տվյալները։ Բացի այդ, կներդրվի Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացու ինքնությունը հաստատող մեկ միասնական փաստաթուղթ: Այն կփոխարինի բոլոր տրված միգրացիոն փաստաթղթերին, որոնք հաստատում են երկրում ապրելու և աշխատելու իրավունքը։

 

Սա օտարերկրացու համար լինելու է ունիվերսալ անձը հաստատող փաստաթուղթ,  որը պետք է ստանա յուրաքանչյուր միգրանտ, ով ցանկանում է Ռուսաստանում մնալ տարեկան գումարային  30 օր և ավելի ժամկետով: Այդ փաստաթուղթը պետք է պարունակի միգրանտի մասին բոլոր տեղեկությունները` անձնագրի տվյալները, հասցեն և գրանցման ժամկետը, աշխատանքի թույլտվությունը և աշխատանքային պայմանագիրը, միգրանտի համար վճարված հարկերը և առողջության մասին տեղեկատվությունը: Սակայն այդ ամենը ոչ թե փաստաթղթի վրա է գրված լինելու, այլ ինչ-որ չիպի վրա, որին հասանելիություն կունենա միայն ոստիկանության աշխատակիցը[15]:

 

Ստացվում է, որ միգրանտը երբեք չի կարող իմանալ` ինքը օրինակա՞ն է  ՌԴ-ում, թե՞ ոչ: Անբարեխիղճ ոստիկանները միշտ կկարողանան խաբել միգրանտին, իսկ միգրանտը հնարավորություն չի ունենա ապացուցել իր իրավացիությունը։

 

Ներկայումս միգրանտները կարող են դիմել դատարան և փաստաթղթերով ապացուցել, որ իրենց ապօրինի են տուգանել, իսկ եթե այս օրենքն ընդունվի, նրանք ուղղակի կկորցնեն իրենց իրավացիությունը փաստաթղթերով ապացուցելու հնարավորությունը։

 

Այս ամենը կբերի միգրանտների մասսայական անօրինական կարգավիճակի և արտաքսումների ու մուտքի արգելքների կտրուկ աճի:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՀՈՍՔԵՐԸ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 

 

2022թ. առաջին անգամ ՀՀ սկսեցին գալ իմիգրացիոն հոսքեր ՌԴ-ից և Բելոռուսից՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով, Հնդկաստանից՝ պայմանավորված վիզային ռեժիմի դյուրացմամաբ:

 

Որպեսզի օտարերկրացիները կարողանան ՀՀ-ում աշխատել, պետք է ստանան աշխատանքի թույլտվություն:

 

Աշխատանքի թույլտվության համար գործատուն գրանցվում է https://workpermit.am/am/home  կայքում[16], այնուհետև լրացնում է այն աշխատանքի նկարագիրը, որի համար ցանկանում է օտարերկրացուն ներգրավել և նշում է աշխատավարձի չափը։ Միգրացիոն ծառայությունն այդ տեղեկությունն ուղարկում է ՄՍԾ զբաղվածության բաժին հարցումով՝ արդյո՞ք ՄՍԾ-ում կա գրանցված ՀՀ քաղաքացի գործազուրկ կամ աշխատանք փնտրող, որը կարող է համալրել տվյալ թափուր աշխատանքը։ Բացասական պատասխան ստանալուց հետո, միգրացիոն ծառայությունը գործատուին տալիս է թույլտվություն՝ վարձելու օտարերկրացի աշխատողին։ Ապա գործատուն աշխատանքային պայմանագիր է կնքում օտարերկրացու հետ ու ներբեռնում այդ պայմանագիրը համակարգ, դրանից հետո օտարերկրացին կարող է աշխատանքի հիմքով ստանալ ժամանակավոր կացություն։

 

Կան նաև աշխատանքի թույլտվություն ստանալու բացառություններ

 

Առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում կարող են աշխատել`

 

ա) Հայաստանի Հանրապետության մշտական և հատուկ կացության կարգավիճակ ունեցողները, ինչպես նաև սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված հիմքերով Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցողները.

 

բ) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված հիմքերով Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցողները` կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով. ժամանակավոր կացություն + մերձավոր հարազատներ

 

գ) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների և դրանց ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքի անդամները` փոխադարձության սկզբունքի հիման վրա.

 

դ) մերձսահմանային շրջանների աշխատողները, ինչպես նաև կարճ ժամկետով ժամանող մշակութային և սպորտային մասնագիտություն ունեցող անձինք.

 

ե) օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների հիմնադիրները, տնօրենները կամ լիազորված ներկայացուցիչները.

 

զ) օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունների աշխատակիցները՝ Հայաստանի Հանրապետությունում տեղակայված այդ կազմակերպությունների ներկայացուցչություններում աշխատելու նպատակով.

 

է) օտարերկրյա առևտրային կազմակերպության կողմից իր մասնաճյուղ կամ ներկայացուցչություն առաքվող կամ օտարերկրյա առևտրային կազմակերպություններից գնված մեքենաները, սարքավորումները, հաստոցները տեղադրելու, վերանորոգելու և դրանք շահագործելու համար աշխատողներին որակավորելու նպատակով 6 ամսից ոչ ավել ժամկետով ժամանող օտարերկրյա մասնագետները.

 

ը) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա ժամանող մասնագետները կամ այլ անձինք.

 

թ) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում դասախոսություններ կարդալու նպատակով հրավիրված օտարերկրյա ուսումնական հաստատությունների դասախոսները.

 

ժ) լրատվական գործունեություն իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների հավատարմագրված ներկայացուցիչները.

 

ժա) փախստականի կարգավիճակ ունեցող, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան ստացած օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք` կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով.

 

ժբ) համապատասխան միջազգային պայմանագրերի հիման վրա արձակուրդների ժամանակ աշխատանքային փոխանակումների շրջանակներում աշխատանք կատարող ուսանողները[17]:

 

ՌԴ-ից և Բելառուսից եկող աշխատանքային միգրանտները, որպես ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներ ՀՀ-ում աշխատելու համար աշխատանքի թույլտվության կարիք չունեն: Նրանց համար սահմանվում է այլ ռեժիմ՝ https://workpermit.am կայքում գրանցում են իրենց աշխատանքային պայմանագիրը և իրենց ու իրենց ընտանիքի անդամների համար տրամադրվում է Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք, որն անվճար է:

 

Ըստ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության 2022-2023թթ և 2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ-ում աշխատանքային կամ քաղ.իրավական պայմանագրով աշխատանքային գործունեություն ծավալած ՌԴ և Բելառուսի քաղաքացիների վիճակագրությունը[18]՝

 

Երկիր

2022թ.

2023թ.

2024-ի առաջին կիսամյակ

ՌԴ

4575

7773

2828

Բելոռուս

109

146

54

 

Ի տարբերություն ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացիների՝ ոչ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները պետք է ստանան աշխատանքի թույլտվություն, որպեսզի կարողանան աշխատել ՀՀ-ում:

 

Համաձայն ՀՀ ՆԳՆ ՄՔԾ տվյալների՝ ՀՀ-ում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրացիների մեջ առաջին տեղում Հնդկաստանի քաղաքացիներն են, երկրորդում՝ Իրանի:

 

Երկիր

2022թ

2023թ

2024 առաջին կիսամյակ

Հնդկաստան

332

1437

538

Իրան

478

757

389

 

 

Հնդկաստանի քաղաքացիները ՀՀ են գալիս վիզայով, որի ժամկետը 120 օր է՝ 60 օր երկարացնելու հնարավորությամբ, իսկ Իրանի քաղաքացիները ՀՀ են գալիս առանց վիզայի և կարող են ՀՀ-ում գտմվել տարվա մեջ յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում 90 օր։

 

Մուտքի պահից Հնդկաստանի քաղաքացիները 120 օրվա, իսկ Իրանի քաղաքացիները 90 օրվա ընթացքում անձնագրային ծառայության ցանկացած բաժին են դիմում ՀԾՀ (հանրային  ծառայությունների համարանիշ՝ սոցքարտ) ստանալու նպատակով, ապա գործատուն դիմում և 5-8 աշխատանքային օրվա ընթացքում ստանում է նրանց համար աշխատանքի թույլտվություն (սովորաբար դա խնդիր չի առաջացնում, քանի որ այն աշխատավարձը, որով համաձայնում են աշխատել հատկապես Հնդկաստանի քաղաքացիները բավականին ցածր է, այդ աշխատավարձով նշված աշխատանքը ՀՀ քաղաքացիները չեն ցանկանում կատարել)։

 

Աշխատանքի թույլտվությունն ստանալուց հետո գործատուն կնքում է աշխատանքային պայմանագիր և այն ներբեռնում է համակարգ։ Աշխատանքի հիմքով օտարերկրացին ստանում է մինչև 1 տարի ժամկետով ժամանակավոր կացության կարգավիճակ, յուրաքանչուր անգամ ևս մեկ տարով երկարացնելու հնարավորությամբ, եթե աշխատանքային պայմանագիրը երկրացվի։ (Կացության կարգավիճակ ստանալու համար վճարվում է 105 000 ՀՀ դրամ պետտուրք[19]։ Հիմնականում այդ գումարը վճարում է գործատուն՝ հետագայում պահելով աշխատողի աշխատավարձից)։

 

ՀՀ եկող հոսքերը առերևույթ կառավարելի են աշխատանքի թույլտվության ինստիտուտի միջոցով, սակայն այս գործիքը չի կանոնակարգում բոլոր հարցերը, և խնդիրներն էականորեն ավելին են, քան լուծումները: ՀՀ-ում աշխատաշուկան պաշտպանված չէ, երբ մեծ ծավալով աշխատուժ է գալիս ՀՀ, աշխատանքի թույլտվության համակարգը գործատուին առաջարկում է տվյալ թափուր տեղը համալրել ՀՀ քաղաքացի գործազուրկով, սակայն դա պարտադիր պայման չէ, և որպես կանոն գործատուն հրաժարվում է ՀՀ քաղաքացի աշխատող վերցնել և աշխատանքի է վերցնում օտարերկրացուն: 

 

ՀՀ մուտք գործող Հնդկաստանի քաղաքացիների թիվը և աշխատանքի թույլտվություն ստացածների թիվը էականորեն տարբերվում են միմյանցից, ՀՀ-ում կան մեծ թվով արդեն իսկ անօրինական գտնվող Հնդկաստանի  քաղաքացիներ, որոնք չեն կարող օրինական դաշտում աշխատել, ուստի հաճախ աշխատում են ոչ օրինական դաշտում և բնականաբար, հարկեր չեն վճարում, մեծանում է շահագործման ռիսկը:

 

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից 2023 թվականի ընթացքում առանց վավերական վիզայի կամ կացության կարգավիճակի ՀՀ տարածքում բնակվելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել Հնդկաստանի 8284 քաղաքացի, 2024թ. 7 ամիսների ընթացքում՝  Հնդկաստանի 441 քաղաքացի[20]:

 

Օգտվելով նրանց խոցելի վիճակից, գործատուները հաճախ աշխատավարձի դեմփինգ են անում (ինչի արդյունքում միևնույն աշխատանքը չի կարողանում անել ՀՀ քաղաքացին, որը հետո ստիպված է լինում մեկնել ՌԴ) մեկ այլ լուրջ խնդիր է աշխատանքի հիմքով կացություն ստանալու համար բժշկական տեղեկանքի պահանջի բացակայությունը: Ցավոք, արդեն ունենք տուբերկուլյոզով հիվանդ Հնդկաստանի քաղաքացիներ, որոնք գտնվում են ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոնում և նույնիսկ մահվան 1 դեպք: (Հնդկաստանը տուբերկուլյոզով հիվանդությամբ աշխարհում առաջին տեղում է):

 

 

ԱՄՓՈՓՈՓՈւՄ

 

Այսպիսով մենք ունենք անկանոն և ոչ կառավարելի աշխատանքային միգրացիոն հոսքեր, ինչպես ՀՀ-ից, այնպես էլ դեպի ՀՀ:

 

Մյուս կողմից իրավունքների պաշտպանության առումով ինչպես ՀՀ-ից մեկնող, այնպես էլ ՀՀ եկող  աշխատանքային միգրանտները խիստ անպաշտպան են, նրանց խախտված իրավունքները բացառապես իրավապաշտպանների և ՀԿ դաշտի տիրույթում են: ՀՀ-ից մեկնող ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների խնդիրներով որևէ պետական մարմին չի զբաղվում:

 

44-օրյա պատերազմից և Արցախի կորստից հետո սահմանամերձ բնակավայրերի թիվը կտրուկ աճել է: Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերի բազմաթիվ գյուղերի բնակիչներ չեն կարողանում զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով, քանի որ դաշտ դուրս գալիս ադրբեջանցիները կրակում են գյուղտեխնիկայի վրա: Այս մարդիկ ևս իրենց ապրուստը հոգալու համար ստիպված են կամ աշխատանք գտնել Երևանում և երևանամերձ համայնքներում կամ մեկնել ՌԴ՝ աշխատանքային միգրացիայի:

 

Գաղտնիք չէ, որ ՀՀ գործատուների 90% տեղակայված են Երևանում և երևանամերձ մարզերում սա էականորեն ազդում է հատկապես սահմանամերձ համայնքներից դեպի Երևան աշխատուժի հոսքի վրա: Մյուս կողմից, իմիգրացիոն հոսքերի և Արցախի բնակչության տեղահանությունից հետո Երևանում և հարակից մարզերում կտրուկ բարձրացել է բնակարանների վարձակալության գինը, բերել է նրան, որ սահմանամերձ, հեռավոր մարզերի բնակիչները, որոնք չեն կարող ամեն օր գալ Երևան աշխատելու, ուղղակի չեն կարող իրենց ստանալիք աշխատավարձով և՛ բնակարան վարձել, և՛ իրենց ընտանիքիների հոգսերը հոգալ:

 

Հնդկաստանից էժան աշխատուժի ներհոսքը բերել է գործատուների կողմից աշխատավարձի դեմփինգի և, սա ևս նպաստել է, որպեսզի այս մարդիկ մեկնեն ՌԴ աշխատելու:

 

Արդեն իսկ նկատվում է նաև Արցախից տեղահանվածների կողմից ՌԴ մեկնելու տենդենց:

 

ՀՀ-ից աշխատանքային էմիգրացիոն հոսքերի դիվերսիֆիկացիայի հարցը հրատապ լուծման կարիք ունի։

 

Մինչ օրս ՀՀ-ի կողմից կնքվել են հետևյալ պայմանագրերը և համաձայնագրերը աշխատանքային միգրացիայի վերաբերյալ

ü  «ՀՀ և ՌԴ միջև Ռուսաստանի Դաշնության տարածքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող ՌԴ քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» պայմանագիր- 1998թ.

 

ü  «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների աշխատող միգրանտների և նրանց ընտանիքների անդամների իրավական կարգավիճակի մասին» Կոնվենցիա -2010

 

ü  « Եվրասիական տնտեսական միության մասին »  պայմանագիր -2014

 

ü  «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին» համաձայնագիր-2018թ.  վերաբերում է կարճաժամկետ (մինչև երեք տարի կացության իրավունքով) և սեզոնային (մինչև ինը ամիս) աշխատողներին և ներառում է դրույթներ հավաքագրման և ընտրության, աշխատանքային պայմանների և սոցիալական իրավունքների, աշխատանքային միգրանտների վերադարձի վերաբերյալ։

 

 

Քննարկվող

 

ü  2010թ. քննարկվում էր «Կատարի տարածքում աշխատուժի օգտագործման մասին» համաձայնագիր

ü  2022թ.-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարության միջև աշխատուժի օգտագործման մասին» փոխըմբռնման հուշագրի կնքմանը։

 

Միակ գործող փաստաթուղթը ԵԱՏՄ համաձայնագիրն է: «ՀՀ և ՌԴ միջև Ռուսաստանի Դաշնության տարածքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող ՌԴ քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» պայմանագիրը բացառապես կիրառվում է ՀՀ-ի կողմից, ՌԴ-ի կողմից ոչ մի օր այն չի կիրառվել։

 

Առաջարկներ

 

1) Մշակել մեխանիզմներ ազգային աշխատաշուկան պաշտպանելու համար: Օրինակ՝այլ հավասար պայմաններում, եթե գործատուն պետք է աշխատանքի վերցնի օտարերկրացուն, ապա օրենքով ստիպված լինի օտարերկրացուն վճարել ավելի շատ (այս դեպքում գործատուն կմտածի ՀՀ քաղաքացուն մերժելիս):

 

2) Դիվերսիֆիկացնել և կառավարել ՀՀ-ից մեկնող աշխատանքային միգրացիոն հոսքերը: Օրինակ՝ Ղրղզստանի[21] կամ Ուզբեկստանի[22] նման կնքել միջպետական պայմանագրեր աշխատուժի կարիք ունեցող եվրոպական կամ ասիական զարգացած երկրների հետ, կազմակերպել մասնագիտական վերապատրաստման կամ վերաորակավորման դասընթացներ, ճանաչել միմյանց կողմից տրված մասնագիտական սերտիֆիկատները, կազմակերպել լեզվի դասընթացներ և այլն՝ նվազեցնելով ՌԴ-ից գրեթե 100 % կախվածությունը:

 

3) Կամ լիցենզավորել մասնավոր աշխատանքի տեղավորման գործակալություններին, որոնք ավելի ճկուն են և կարող են առանց միջպետական պայմանագրերի գտնել արտերկրում գործատուներ և միջնորդ հանդիսանալ ՀՀ-ից աշխատուժի և արտերկրում գնտվող գործատուի միջև:

 

4) Ունենալ աշխատանքային կցորդներ կամ աշխատանքային միգրանտների իրավունքներով զբաղվող ներկայացուցիչներ այն երկրներում, որտեղ կլինեն առավել մեծ քանակի աշխատանքային միգրանտներ և զբաղվել աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանությամբ ՀՀ-ից դուրս:

 

 

ՀՂՈՒՄՆԵՐ ԵՎ ԾԱՆՈԹԱԳՐՈւԹՅՈՒՆՆԵՐ

[1] «Հայաստանի արտաքին միգրացիայի գնահատումը», հայ-ռուսական համալսարան, 2018

[3] Аракелян И.А., Погосян Р.М.б Динамика и струкрура трудовой миграции из Армении, Sciences of Europe # 87, 2022

[4] Аракелян И.А., Погосян Р.М.б Динамика и струкрура трудовой миграции из Армении, Sciences of Europe # 87, 2022

[5] Գործազրկությունը և աշխատավարձի անհավասարությունը ՀՀ-ում,  Ամբերդ ՀՊՏՀ հետազոտական կենտրոնի հետազոտություն, 2014

[6] Договор о Евразийском экономическом союзе, (Подписан в г. Астане 29.05.2014) (ред. от 25.05.2023) (с изм. и доп., вступ. в силу с 24.06.2024,

[10] ՌԴ ՆԳՆ տվյալների բազա

[13] 30 օրից ավել մնալու պարագայում պարտավոր են 30-րդ օրը ունենալ միգրացիոն հաշվառում, հակառակ դեպքում, կարող են հայտնվել անօրինական միգրանտի կարգավիճակում (Հեղ․)

[14] Ոչ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները միգրացիոն հաշվառման տետք է կանգնեն մուտքի պահից սկսած 7 աշխատանքային օրվա ընթացքում:

[15] Մոսկվայում այն արդեն կրառվում է պատենտով աշխատող օտարերկրացիների համար

[22] Министерство занятости и сокращения бедности республики Узбекистан

 

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Փորձագետ (ներ)

Տաթևիկ Բեժանյան