Ամփոփ կետեր
1. Ապրանքաշրջանառության նախկին և ներկա ցուցանիշներով Հայաստանը 2003թ.-ից ի վեր Թուրքիայից գերազանցապես ներմուծում է իրականացրել, որի ծավալները վերջին տարիներին աճում են, մինչդեռ արտահանումը դեպի Թուրքիա չնչին աճ է արձանագրել,
2. Տնտեսական «միջնորդավորված» հարաբերություններ Վրաստանով․ համաձայն մի շարք միջազգային փորձագետների գնահատումների՝ Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացումը Հայաստանի համար կունենա ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություններ,
3. Սահմանը փակ պահողը Թուրքիա՛ն է, թեպետ նախկին՝ «Արցախյան նախապայմանն» այլևս արդիական չէ․ գործընթացի հետ կապված նոր դրական զարգացումների խոչընդոտը, ինչպես նախկինում, այժմ էլ Թուրքիան է, բայց ոչ՝ Հայաստանը, քանի որ ի սկզբանե հենց Թուրքիան է փակել սահմանը, իսկ հետագայում պարբերաբար նորանոր նախապայմաններ առաջ քաշել,
4. Արտաքուստ սահմանը բացելու ցանկություն Անկարայում կա. «հապա՝ ինչո՞ւմն է բանը» կամ չբարձրաձայնվող նոր նախապայմաններ․ Թուրքիայի «ավանդական» առաջնահերթ և երկրորդական պատճառներից բացի ակնհայտորեն կան նաև այլ խնդիրներ կամ մտադրություններ, որոնք փակ սահմանների պայմաններում միջնորդավորված առևտուրը դեռևս նախընտրելի են պահում Անկարայի համար, քան բաց սահմաններով չմիջնորդավորված հարաբերությունները։
1. Ապրանքաշրջանառության նախկին և ներկա ցուցանիշները
Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական հարաբերությունները 1990-ականներից սկսած կրել են մշտական բնույթ, սակայն տարբեր ժամանակահատվածներում ունեցել են որոշակի առանձնահատկություններ։ Այս հատվածում ամենայն խորությամբ չմանրամասնելով այդ հարաբերությունների ընթացքը՝ պարզապես ներկայացնենք առկա որոշ տվյալներ՝ ցույց տալու համար երկու երկրների միջև տնտեսական քաղաքականության զարգացումը և դրանք դիտարկելով տարածաշրջանային ընդհանուր տնտեսական գործընթացների համատեքստում։
Այսպես, դեռևս 1995թ.-ից ի վեր, մինչև 2002թ. ներառյալ, Հայաստանը Թուրքիայից ներմուծում չի իրականացրել, փոխարենը տնտեսական հարաբերություններն աչքի են ընկել արտահանման տարբեր ցուցանիշներով։ Այդ տարիներին Հայաստանից Թուրքիա է արտահանվել ընդհանուր առմամբ շուրջ 24 մլն դոլարի ապրանք։ Թուրքիայից ներմուծումը սկիզբ է առել 2003թ.-ից՝ երկնիշ թվերով, իսկ 2007-ից՝ արդեն եռանիշ։ Ընդ որում, մինչ օրս ներմուծման առավելագույն ծավալը գրանցվել է 2023թ․՝ 337․1 մլն դոլար: Այդ թվին նախորդող հաջորդ ցուցանիշը եղել է 2008թ.՝ 268.2 մլն դոլար, որին մոտ է եղել նաև 2019թ.-ը՝ կազմելով 268.1 մլն դոլար։ Արտահանման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2022թ.՝ 61.2 մլն դոլար։ Նախկին բարձր ցուցանիշներն արձանագրվել են 1997 և 1996 թվականներին՝ համապատասխանաբար 7.2 և 6 մլն դոլար։ Սակայն ընդհանուր պատկերից ակնհայտ է դառնում, որ Հայաստանը 2003թ.-ից ի վեր Թուրքիայից գերազանցապես ներմուծում է իրականացրել, մինչդեռ արտահանումը դեպի Թուրքիա չնչին տվյալներ է արձանագրել[1]։ Ստորև բերենք վիճակագրական տվյալները։
Տարի |
Արտահանում Թուրքիա (մլն ԱՄՆ դոլար) |
Ներմուծում (ըստ ծագման երկրի) Թուրքիայից (մլն ԱՄՆ դոլար) |
2023 |
6․4 |
337․1 |
2022 |
61.2 |
263.4 |
2021 |
0.4 |
73.0 |
2020 |
0.5 |
231.5 |
2019 |
2.2 |
268.1 |
2018 |
2.5 |
252.6 |
2017 |
0.9 |
222.9 |
2016 |
0.5 |
163.6 |
2015 |
1.5 |
137.0 |
2014 |
1.5 |
232.3 |
2013 |
1.6 |
210.7 |
2012 |
0.9 |
213.5 |
2011 |
1.0 |
240.2 |
2010 |
1.3 |
210.4 |
2009 |
1.2 |
177.6 |
2008 |
1.9 |
268.2 |
2007 |
3.0 |
130.6 |
2006 |
2.4 |
95.4 |
2005 |
2.5 |
66.9 |
2004 |
2.0 |
44.8 |
2003 |
1.2 |
40.9 |
2002 |
1.4 |
0.0 |
2001 |
1.1 |
0.0 |
2000 |
1.5 |
0.0 |
1999 |
1.1 |
0.0 |
1998 |
3.0 |
0.0 |
1997 |
7.2 |
0.0 |
1996 |
6.0 |
0.0 |
1995 |
2.6 |
0.0 |
Դիտարկելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական տեղեկատվությունը՝ 2019-2020թթ. և 2021-2022թթ. Հայաստան-Թուրքիա արտաքին առևտրի 4-նիշ բացվածքով ապրանքատեսակների ցանկը[2]՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանից դեպի Թուրքիա արտահանվող 4-նիշ բացվածքով 33 ապրանքատեսակների շարքում գերակշռում են «կենդանական ծագում ունեցող նյութերը» (2022թ. Թուրքիա արտահանման 94.5%-ը), «չորացրած պտուղները»՝ 4.2%-ը, թեյ, սուրճի, թեյի և մատեյի խտանյութը՝ 0.5%: Թուրքիայից ներմուծվող 4-նիշ բացվածքով 801 ապրանքների ցանկում գերակշռում են «նավթ և նավթամթերքը» (2022թ․ Թուրքիայից ներմուծման ընդհանուր ծավալի 3.9%), «տրիկոտաժե այլ պաստառ մեքենայական և ձեռքի հյուսքով»՝ 3.4%, «ալյումինե ձող և պրոֆիլ»՝ 3.1%, «մանվածք սինթետիկ մանրաթելից»՝ 2.9%, «ցիտրուսային պտուղներ»՝ 2.8%։
Էկոնոմիկայի նախարարության դիրքորոշմամբ՝ վերոնշյալ ցուցանիշներն արտացոլում են պահանջարկի պատմականորեն ձևավորված միտումները՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ուղղակի արտաքին առևտրի բացակայության պայմաններում։ Ընդ որում, նույն գերատեսչության համոզմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի հնարավոր բացման, հետևապես և՝ ուղղակի առևտրային գործընկերության հնարավոր հաստատման դեպքում ապրանքների նկատմամբ երկկողմանի պահանջարկը կարող է փոփոխվել[3]։
2. Տնտեսական «միջնորդավորված» հարաբերություններ
Հայաստանի արտահանման և ներմուծման գերակշիռ մասը, ըստ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության, իրականացվել է ցամաքային ճանապարհով՝ Վրաստանի տարածքով, քանի որ Հայաստան-Թուրքիա պետական սահմանը շարունակում է փակ մնալ։ Ըստ էության՝ երկու երկրների միջև առևտուրն իրականացվում է միջնորդավորված՝ «ըստ ապրանքի ծագման երկրի» կանոններով[4]՝ տարանցիկ երկրով։
Համաձայն մի շարք միջազգային փորձագետների գնահատումների՝ Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացումը Հայաստանի համար կունենա ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություններ։ Ասիական զարգացման բանկի (ADB) գնահատմամբ[5]՝ սահմանային խնդիրների լուծումը կխթանի ուղղակի օտարերկրյա ներդրումների աճն ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ Կովկասի համար։ Համաձայն Համաշխարհային բանկի գնահատականի[6]՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ճանապարհային համակարգերի առկայությունը, բացի ծախսերի կրճատումից, կբարձրացնի բեռնափոխադրումների հասանելիությունը, կանխատեսելիությունը և ծառայությունների մատուցման հուսալիությունը։
Էկոնոմիկայի նախարարության մոտեցմամբ՝ ընդհանրապես ծով չունեցող ցանկացած երկրի համար հարևան երկրները հանդիսանում են ոչ միայն արտաքին շուկաներ, այլ նաև՝ դեպի երրորդ երկրներ տարանցիկ ուղիներ։ Այս պարագայում Հայաստանի համար հարևան երկու երկրների (Թուրքիա և Ադրբեջան) փակ սահմանները որոշ չափով նվազեցնում են Հայաստանի արտաքին առևտրի հնարավորությունները՝ սահմանափակելով բեռնափոխադրումների ուղիների այլընտրանքները։ Այդպիսի ուղիների բացակայությունը հանգեցնում է նաև բեռնափոխադրումների շուկայում մրցակցության նվազման, հետևապես և՝ բեռնափոխադրումների բարձր ծախսերի[7]։
Համաձայն Ասիական զարգացման բանկի (ADB) գնահատականի[8]՝ երկրների միջև փակ սահմանները հանգեցնում են տրանսպորտային ծախսերի զգալի աճի՝ նվազեցնելով միջազգային առևտրի հնարավորությունները, ինչպես նաև բեռնափոխադրումների ոլորտի սահմանափակ զարգացման, ինչը բերում է երկաթուղու դերի նվազման և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման սահմանափակման։ Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ճանապարհային համակարգերի առկայությունը, բացի ծախսերի կրճատումից, կբարձրացնի բեռնափոխադրումների հասանելիությունը, կանխատեսելիությունը և ծառայությունների մատուցման հուսալիությունը։
Հայաստանի պարագայում բեռնափոխադրումների ծախսերը բավականին բարձր են, ինչը բացասաբար է անդրադառնում արտահանման մրցունակության վրա։ Համաշխարհային բանկի «Լոգիստիկայի արդյունավետության ինդեքսի» համաձայն[9]՝ Հայաստանը 2022թ. 2.6 միավորով (ինդեքսի առավելագույն դրական 5 միավորի դեպքում) 186 երկրների շարքում զբաղեցնում է 96-րդ հորիզոնականը։ Ընդ որում, «մրցունակ գներով բեռնափոխադրումներ կազմակերպելու հեշտության» ցուցիչի միավորը 2.2 է, ինչը 2018թ. համեմատ կրճատվել է 0.45, իսկ լավագույն՝ 2014թ. համեմատ՝ 0.55 կետով։ «Արտահանման միջին տևողության» ցուցիչը 7 օր է այն դեպքում, երբ դեպի ծով ելք ունեցող երկրների համար այն կազմում է 2-3, իսկ զարգացած այլ երկրների համար՝ 3-4 օր։
3. Սահմանը փակ պահողը Թուրքիա՛ն է
Թեև Թուրքիայի Հանրապետությունն առաջիններից մեկն է ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը՝ 1991թ. դեկտեմբերի 24-ին, սակայն Հայաստանի և Թուրքիայի միջև չեն հաստատվել դիվանագիտական հարաբերություններ: Ընդհակառակը, 1993թ. Թուրքիան միակողմանիորեն փակել է Հայաստանի հետ օդային և ցամաքային սահմանները, իսկ 1995թ. վերաբացել է միայն օդային սահմանը: Այս ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն, ինչպես նշեցինք, իրականացվել է միջնորդավորված՝ երրորդ երկրների տարածքով։
Հայաստանը ու Թուրքիան, միջազգային գործընկերների աջակցությամբ, մի քանի փորձ են կատարել երկկողմ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Նախորդ երեք անհաջող փորձերից հետո Հայաստանի Կառավարությունը վերստին վերադարձել է այդ խնդրին՝ Հայաստան-Թուրքիա տնտեսական հարաբերությունների հարցը բարձր մակարդակով ուշադրության արժանացնելով նույնիսկ Կառավարության 2021-2026թթ. ծրագրում, ըստ որի՝ «Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը բացասական ազդեցություն են ունենում տարածաշրջանի խաղաղության և կայուն զարգացման վրա»։ Կառավարության դիրքորոշման համաձայն՝ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը՝ այն համարելով տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերից բխող գործընթաց: Կառավարության ծրագրով Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնում ջանքեր գործադրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ «Առաջ գնալով առանց նախապայմանների՝ կողմերը պետք է գործակցեն՝ ձևավորելու փոխվստահության մթնոլորտ՝ աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով»,- նշված է Կառավարության ծրագրում[10]։
Այդ ծրագրի ընդունումից հետո, սակայն, ՀՀ կառավարությունը մի շարք պատճառներով հարկադրված է եղել ընդունել որոշումներ՝ փորձելով ազդել թուրքական կողմի մոտեցումների վրա և գուցե դրդելու՝ փոխել վերաբերմունքը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Այսպես, Կառավարության 2020թ. հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» N 1708-Ն որոշմամբ 2021թ. հունվարի 1-ից 6 (վեց) ամիս ժամկետով արգելվեց թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը (ուժը կորցրել է 01.07.2021թ․)։ Այնուհետև, Կառավարության 2021թ. հունիսի 24-ի N 1048-Ն որոշմամբ այդ արգելքը երկարաձգվեց ևս 6 (վեց) ամսով[11]։
Կառավարության ընդունած իրավական ակտերի հիմնավորումների համաձայն՝ տնտեսական բնույթ կրող նման որոշումների կայացման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել «նախևառաջ անվտանգային բաղադրիչով»։ Շեշտվել է Թուրքիայի բացահայտ աջակցությունը և սատարումն Ադրբեջանին՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմական և ահաբեկչական գործողություններում: «Թուրքիայի իշխանություններն, իրենց հրահրող կոչերով, Ադրբեջանին սպառազինության մատակարարմամբ, տարածաշրջան վարձկան-ահաբեկիչների տեղափոխմամբ, խարխլում են տարածաշրջանում կայունությունը և տապալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ու դրան ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը»,- նշվել է հիմնավորումներում: Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով Կառավարությունը, փաստորեն, ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է փորձել կիրառել Թուրքիայի նկատմամբ, այլև «անվտանգության տեսանկյունից դադարեցրել է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը»: Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված նախագծում, որ առավել ուշագրավ էր, շեշտվում էր թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման կանխարգելման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը[12]:
«Թշնամական տրամադրված» ձևակերպումը, վստահաբար պիտի նշենք, ոչ միայն Ադրբեջանին աջակցություն է ենթադրում, այլև «Զանգեզուրի միջանցքի» պահանջ կամ նախապայման: Թեև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացքում այս հարցը որպես բացահայտ նախապայման չի հնչեցվել, սակայն թուրքական կողմից հնչող մյուս նախապայմանը, ըստ որի՝ Երևանի հետ հարաբերությունները կարող են կարգավորվել Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման պարագայում, հուշում է, որ «միջանցքը» թուրքական կողմից առաջարկվող գործարքի առանցքային կետն է՝ բացել սահմանը՝ «միջանցքի» դիմաց: Այսինքն՝ վերացնել Հայաստանի շրջափակումը՝ «Նախիջևանի և թյուրքական աշխարհի կապուղու շրջափակման» վերացման (Հայաստանի տարածքով միջանցքի) դիմաց: Թուրքիայի շահագրգռությունն այս հարցում պիտի բացատրենք թյուրքական աշխարհում «առաջնորդի» իր դիրքն ընդգծելու հակմամբ, ըստ որի՝ «միջանցքը», Ադրբեջան-Նախիջևան և Միջին Ասիա-Եվրոպա կապի «հովանավորը», «երաշխավորը» հենց Թուրքիան կլինի՝ ազդեցության մեծացման արդյունքով[13], իսկ հակառակ դեպքում՝ Հայաստանի շրջափակումը պահպանելու և խորացնելու սպառնալիքով: Սա լավագույն բացատրում է Հայաստանի կառավարության «թշնամական տրամադրված» ձևակերպումը:
Չնայած այսօրինակ, կարելի է ասել՝ ծանրակշիռ հիմնավորմանը՝ արգելքի վերաբերյալ Կառավարության որոշումը, սակայն, այլևս չի երկարաձգվել, ինչի պատճառն, ըստ էության, ոչ միայն թուրքական կողմի համար դրա նվազագույն նշանակությունն էր, այլև հայկական շուկայում թուրքական մի շարք «անփոխարինելի» ապրանքատեսակների անհրաժեշտությունը։ Հնարավոր է՝ այդ որոշումները և հատկապես դրանց չեղարկումը, այնուամենայնիվ, որոշակի քաղաքական ազդեցություն ունեցել են՝ հաշվի առնելով, որ այդ ժամանակահատվածում՝ 2021թ. վերջին, մեկնարկել է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման չորրորդ գործընթացը։ Այդ հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի և Թուրքիայի նշանակած հատուկ ներկայացուցիչները հանդիպել են չորս անգամ, համապատասխանաբար՝ 2022թ. հունվարի 14-ին, փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին։ 2022թ. հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվածություն են ձեռք բերել հնարավոր ամենասեղմ ժամկետներում ապահովել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Նույն հանդիպման ընթացքում կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում սկսել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները[14]:
2022թ. փետրվարից վերականգնվել է երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը, իսկ 2023թ. հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ իրականացնելու բոլոր խոչընդոտները։ Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո հայ-թուրքական սահմանային անցակետը գործարկվել է միայն 2023թ. փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո. փետրվարի 11-ին հարյուր տոննա մարդասիրական օգնությամբ բեռնված հայկական հինգ բեռնատարները, հատելով հայ-թուրքական Մարգարա-Ալիջան (Իգդիր) ցամաքային սահմանը, ուղևորվել են Թուրքիա: Փետրվարի 15-ին նույն ճանապարհով երկու բեռնատարով Ադըյաման է տեղափոխվել Հայաստանից Թուրքիա տասներկու տոննա մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակը: Դրանից հետո ցամաքային սահմանը դեռևս այլ նպատակներով չի կիրառվել, բայց «Մարգարա» անցակետն արդիականացվել է և պատրաստ է շահագործման[15]։
Եվ չնայած 2023թ. հոկտեմբերի 23-ին Թեհրանում տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպման շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները վերահաստատել են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու պատրաստակամությունը, սակայն էական առաջընթացը դեռևս հապաղում է։ Ակնհայտ է, որ գործընթացի հետ կապված նոր դրական զարգացումների խոչընդոտը, ինչպես նախկինում, Թուրքիան է, և ոչ՝ Հայաստանը, քանի որ ի սկզբանե հենց Թուրքիան է փակել սահմանը, իսկ հետագայում պարբերաբար նորանոր նախապայմաններ է առաջ քաշել։
4. Սահմանը բացելու ցանկություն կա. «հապա՝ ինչո՞ւմն է բանը»
Արցախի դեմ 2020թ. պատերազմից և այդ պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած աջակցության մասին հաճախակի բարձրաձայնումներից հետո թուրքական իշխանությունները որդեգրեցին Հայաստանի հետ սահմանի բացման «խոչընդոտների բացակայության» հայտարարությունների և Երևանին «մեկնված ձեռքն» ընդունելու առաջարկությունների քաղաքականություն։ Թուրքական կողմն այս ընթացքում բազմիցս է ընդգծել, որ նախկինում առկա խնդիրները, մասնավորապես՝ հայկական ուժերի կողմից «Ղարաբաղի օկուպացիան» և Ադրբեջանի հետ հակամարտությունը, այլևս արդիական չեն, ուստի պատրաստ են քննարկել Հայաստանի հետ սահմանի բացման հարցը։ Թուրք պաշտոնյաների խոսքով՝ նախկին խնդիրները լուծված են, և Անկարան ձգտում է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը[16]։
Փաստորեն, համաձայն թուրքական պաշտոնական հին ու նոր մեկնաբանությունների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և սահմանի բացմանը խոչընդոտել է Արցախի հարցը, և կարծես՝ Հայաստանի հետ Թուրքիան երկկողմ խնդիրներ չի ունեցել և կողմ է եղել սահմանի բացմանը, ինչի մասնակի վկայություն կարելի է համարել 1995թ.-ից ի վեր իրականացվող միջնորդավորված առևտուրը երկու երկրների միջև։ Ըստ էության՝ տնտեսական հարաբերություններ գոյություն են ունեցել, սակայն դրանք «իրավունք չեն ունեցել» համարվելու հարաբերությունների կարգավորման առանցքային պայման։ Այստեղ հարկ է առանձնացնել մի քանի պատճառ, որոնք խոչընդոտել են տնտեսական ուղղակի և ընդհանրապես՝ քաղաքական հարաբերությունների կարգավորմանը.
1. Արցախի հարցը՝ որպես հայ-թուրքական սահմանի բացման «խոչընդոտ»,
2. Հարաբերությունների կարգավորումը ձգձգելու թուրքական պատճառները,
3. Այլ՝ չբարձրաձայնվող հանգամանքներ։
Առաջինի դեպքում պետք է հիշել մի քանի դրվագներ, որոնք ակնհայտորեն ցուցադրում են Արցախի հարցի անմիջական կապը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը թույլ չտալու հետ։ Ի սկզբանե, դեռևս 1993թ., ինչպես արդեն նշել ենք, Թուրքիան միակողմանիորեն փակեց Հայաստանի հետ սահմանը՝ այն մեկնաբանելով որպես պատասխան «Ղարաբաղի օկուպացիայի»։ Հայտնի է, որ խոսքը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից դուրս գտնվող Քարվաճառի շրջանի ազատագրման մասին էր, որից հետո միայն սահմանը փակվեց, սակայն չենք կարող պնդել, թե Քարվաճառը հայկական վերահսկողության տակ չվերցնելու դեպքում դա տեղի չէր ունենա։ Ամեն դեպքում՝ սահմանը փակվեց հենց այդ օրերին։
Հետագայում սահմանի հնարավոր բացման շուրջ խոսակցություններն ընդհատվեցին Ադրբեջանի կոշտ դիրքորոշման պատճառով. ըստ էության՝ Բաքվից ամբողջ ընթացքում Անկարային պահանջագիր է ներկայացվել՝ «Ղարաբաղի հարցի չլուծման» պայմաններում Հայաստանի հետ սահմանը չբացել։ Բաքուն, ակնհայտորեն, ունեցել է այդպիսի «վերջնագիր» ներկայացնելու կարողություն, իսկ թե հատկապես ինչով է սպառնացել, քննարկման այլ թեմա է։ Այստեղ հիշեցնենք, որ 2009թ. ապրիլին, Հայաստան-Թուրքիա հերթական երկխոսության շրջանում, Թուրքիայի ադրբեջանաբնակ բնակավայրերում զանգվածային ցույցեր սկիզբ առան՝ ընդդեմ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանի բացման վերաբերյալ Անկարայի մտադրության: Հուզումները մարեցին, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ռ.Թ. Էրդողանը հայտարարեց, որ «հայ-թուրքական բանակցություններում Ադրբեջանի շահերը և Լեռնային Ղարաբաղի գործոնը չեն կարող երկրորդային լինել»[17]: Այսպիսով, Հայաստանի հետ սահմանի բացման հարցում Թուրքիան տուրք է տվել ադրբեջանական «վերջնագրերին», հատկապես երբ դրանք ուղեկցվել են Տավուշի ու Արցախի ուղղությամբ կրակոցներով[18]:
Սակայն «ադրբեջանական տարածքների ազատագրումը», փաստորեն, դեռևս չի կարողանում նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը և սահմանի բացմանը, քանի որ մի կողմից՝ Ադրբեջանը շարունակում է տարբեր մեթոդներով խոչընդոտել դրանց, մյուս կողմից՝ Թուրքիան սեփական պատճառներն ունի, տվյալ դեպքում՝ նախապայմանները։ Եվ եթե Բաքվի նոր պահանջը Նախիջևանի հետ ուղիղ կապն է, ապա Անկարան, չնայած «առանց նախապայմանների» կարգավորման պատրաստակամության մասին հայտարարություններին, ձգձգում է գործընթացը՝ կրկին պնդելով նախ Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրմանը։ Որպես թուրքական ցանկություն՝ խոսքը ոչ միայն ադրբեջանական պահանջների կատարման մասին է, այդ թվում և առաջին հերթին՝ «Զանգեզուրի միջանցքի», այլև՝ դրանց միջոցով արդեն թուրքական նպատակներին հասնելու։ Այստեղ առաջին տեղում Հայաստանի Հանրապետության տարածքի ամրագրումն է՝ փաստացի Հայաստանի և Թուրքիայի միջև այսօրվա սահմանների արձանագրմամբ՝ վերջնականապես լռեցնելով այլ՝ հայանպաստ պայմանագրերի մասին հիշատակումները, այսպիսով նաև՝ թոթափելով Հայոց ցեղասպանության ճանաչում պարտադրող ճնշումները։
Կարող ենք թուրքական խուսափողականության պատճառ դիտարկել նաև սահմանամերձ բնակչության հնարավոր շփումները, որպես սպառնալիք թուրքական վարչակարգի համար. փաստ է, որ Թուրքիայի արևելյան նահանգներում մեծ թիվ են կազմում ծպտյալ հայերը, որոնք այսօր մեկուսացած են հիմնականում թյուրքական միջավայրում։ Այս խնդրի անհանգստության մասին է վկայում Կարսի և Իգդիրի նահանգներում ադրբեջանցիների աճող թիվը (ըստ որոշ տվյալների՝ արդեն գերազանցում է 600 հազարը), այդ տարածքներում ադրբեջանական հսկայական ներդրումները, որոնք ծառայում են նաև Թուրքիայի գործող իշխանությունների համար անհրաժեշտ ձայների ապահովմանը, այդ թվում՝ այնտեղ ադրբեջանական քարոզչական միջոցառումների կազմակերպմամբ: Սրանք սահմանի հնարավոր բացման դեպքում արևելահայերի և արևմտահայերի անմիջական շփումը բացառող մեթոդների շարքում են։ Ի վերջո՝ հայ առևտրականների հետ կարող է Արևելյան Թուրքիա ներթափանցել նաև քաղաքակրթական նոր ալիք, հատկապես՝ ժողովրդավարական, ուստի սահմանը բացել պետք կլինի, երբ շփումը բացառող մեթոդներն ամբողջական կլինեն, իսկ Հայաստանը և հայերը կգտնվեն ավելի վատ վիճակում: Բացի այդ, ինչպես գիտենք, թուրքական արևելյան նահանգները, որտեղ ազգությամբ թուրքերը փոքր թիվ են կազմում, բավականին հետամնաց են և հաճախ ոգևորությամբ են արձագանքում հնարավոր առևտրային նոր հնարավորության ստեղծմանը[19], իսկ Հայաստանի հետ սահմանի բացումը կարող է և ձեռնտու չլինել կենտրոնական իշխանություններին՝ տեղի բնակչության կենսամակարդակի բարձրացում թույլ չտալու:
Թուրքիայի այս առաջնահերթ և երկրորդական այլ պատճառներից բացի, մեր համոզմամբ, կան նաև այլ խնդիրներ, որոնք պայմանավորում են առևտրի իրականացումը փակ սահմանների պայմաններում: Այստեղ խոսքն արտաքին ազդեցության մասին է: Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման չբարձրաձայնվող հակառակորդ կարող ենք համարել Ռուսաստանին, որի զինված ուժերը վերահսկում են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանները, և հայ-թուրքական սահմանի ցանկացած հատվածի, թեկուզև՝ մեկ անձի անցման համար բացումը պետք է համաձայնեցվի Մոսկվայի հետ[20]: Չենք բացառի, որ ադրբեջանական դժգոհության թիկունքում նույնպես Մոսկվան կանգնած լինի՝ ուժեղացնելով Բաքվի վերոնշյալ «վերջնագրերի» դիրքերը՝ նաև թույլ չտալու վերոնշյալ թուրքական «առաջնորդությամբ» միջանցքի ու արևելք-արևմուտք ընդհանուր կապի հաստատումը:
Ուսումնասիրելով նախորդ երեսնամյակի ընթացքում Անկարայի և Երևանի միջև շփումների նկատմամբ Մոսկվայի ակնհայտ բացասական դիրքորոշումները՝ հասկանալի է դառնում, որ դա հակասում է ռուսական շահերին։ Առաջին հերթին խոսքը տարածաշրջանում ազդեցության նվազման անհանգստության մասին է. Հայաստանին Թուրքիայից իբր պաշտպանող ռուսական զորախումբը երկու երկրների միջև կարգավորված հարաբերությունների (այդ թվում՝ տնտեսական, բացի սահմանով առևտրի) հաստատման դեպքում այլևս չի ունենա «պաշտպանի» դերակատարման հիմնավորումը՝ կորցնելով Հայաստանի տարածքում ռազմաբազա և սահմանապահներ ունենալու անհրաժեշտությունը։
Բացի այդ, անմիջական հարաբերությունները, հասկանալիորեն, կնշանակեն Հայաստանի ինքնիշխանության որոշակի մակարդակ, ինքնուրույնություն, հատկապես այն պայմաններում, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման թիկունքում, դրական իմաստով, կանգնած է Արևմուտքը՝ ի դեմս Վաշինգտոնի։ Որպես հայ-թուրքական սահմանի գործարկման ձևաչափ՝ հավանաբար Մոսկվային ձեռնտու կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստանը Ռուսաստանին կվերապահի իր տարածքով Թուրքիայի հետ իրականացվող առևտրաշրջանառության ընթացակարգերն ու վերահսկողությունը, սակայն կրկին պայմանով, որ Թուրքիան որևէ համաձայնագիր կկնքի Եվրասիական տնտեսական միության հետ (ինչպես, օրինակ, Իրանը, Չինաստանը, Ուզբեկստանը, Սինգապուրը, Սերբիան և այլն)։
Որպես ամփոփում՝ շեշտենք, որ սահմանը բացելու ցանկություն երկու կողմում էլ առկա է, սակայն Վաշինգտոնի դրդմամբ[21] Անկարայի ներգրավվածությունն այդ գործընթացին և վերջինի կողմից իրականացված որոշակի քայլերը[22], այնուամենայնիվ, հապաղում են մի կողմից՝ Մոսկվայի ու Բաքվի դիմադրության, մյուս կողմից՝ թուրքական կողմի «վախերի» ու ավելի հարմար պահի սպասելու հանգամանքներով՝ ավելին ստանալու անկնկալիքներով պայմանավորված։
[1] Արտաքին առևտրի տվյալների բազա, Վիճակագրական կոմիտե
[3] Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի 2023թ. օգոստոսի 30-ի N 09/16790 գրություն՝ ի պատասխան սույն հոդվածի համար արված հարցման
[5] Armenia’s Transport Outlook: Transport Sector master plan (2011), Asian Development Bank
[6] “Polyakov, Evgeny. 2001. Changing Trade Patterns after Conflict Resolution in the South Caucasus. Policy Research Working Paper;No. 2593. © World Bank, Washington, DC
[7] Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի 2023թ. օգոստոսի 30-ի N 09/16790 գրություն՝ ի պատասխան սույն հոդվածի համար արված հարցման
[8] Armenia’s Transport Outlook: Transport Sector master plan (2011), Asian Development Bank
[9] Logistics performance index: Quality of trade and transport-related infrastructure (1=low to 5=high) – Armenia, World Bank
[12] «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ, e-draft
[13] Թուրքիայի շահագրգռվածության պատճառները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում. Վահրամ Հովհաննիսյան, 06.04.2022, REGST
[15] Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ, 02.12.2023, SputnikԱրմենիա
[16] Ինչո՞ւ 1992-ին փակեցինք Հայաստանի հետ սահմանը. Էրդողանի մամուլի քարտուղարը՝ Արցախյան հիմնախնդրի և հայ-թուրքական կարգավորման մասին, 27.06.2022, Թերթ
[17] «Փափուկ կլանման» մտադրությունը. Ինչո՞ւ է Թուրքիան շահագրգռված Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում. Վահրամ Հովհաննիսյան, 06.04.2022, Առավոտ
[19] Предприниматели в Карсе надеются на скорое открытие границы с Арменией, 11.02.2022, Anadolu Ajansı
[20] «Միայն թուրքական ու հայկական կողմերի թույլտվությունը, սակայն, բավարար չէր, որ փակ դարպասները բացվեին։ Անհրաժեշտ էր նաև Մոսկվայի համաձայնությունը», 29.05.2023, Ազատություն
[21] Հռոմում Բայդենն Էրդողանին կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը․ Bloomberg, 14.12.2021, Ազատություն